Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Եզրաս 1 ։ 1–10 ։ 44
  • Եզրաս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եզրաս
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Եզրաս

ԵԶՐԱՍ

1 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության առաջին տարում* Եհովան մղեց նրան* մի հռչակագիր կազմել, որպեսզի կատարվի իր՝ Եհովայի խոսքը, որ հաղորդել էր Երեմիայի միջոցով:+ Այդ հռչակագրով Կյուրոսը իր ողջ թագավորությունով մեկ ազդարարեց+ հետևյալը.

2 «Պարսկաստանի թագավոր Կյուրոսն ասում է. «Եհովան՝ երկնքի Աստվածը,* ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները+ և հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում,+ որը գտնվում է Հուդայում: 3 Բոլոր նրանք, ովքեր նրա ժողովրդից են, թող գնան Հուդա՝ Երուսաղեմ, և թող իրենց Աստվածն իրենց հետ լինի: Թող նրանք գնան ու վերակառուցեն Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Աստծու տունը, որ Երուսաղեմում է:* 4 Անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում,*+ թող հարևանները* օգնեն նրանց՝ տալով արծաթ, ոսկի, անհրաժեշտ ապրանքներ և անասուններ, ինչպես նաև կամավոր ընծաներ՝ ճշմարիտ Աստծու տան համար,+ որ Երուսաղեմում է»»:

5 Այդ ժամանակ Հուդայի և Բենիամինի նահապետական տների գլուխները, քահանաները, ղևտացիները և առհասարակ բոլոր նրանք, ում սրտում ճշմարիտ Աստված ցանկություն արթնացրեց,* պատրաստվեցին գնալ ու վերակառուցել Եհովայի տունը, որ Երուսաղեմում է: 6 Իսկ շրջապատի բոլոր մարդիկ օգնեցին նրանց՝* տալով արծաթե իրեր, ոսկի, անհրաժեշտ ապրանքներ, ընտանի կենդանիներ և այլ արժեքավոր բաներ՝ չհաշված բոլոր կամավոր ընծաները:

7 Կյուրոս թագավորը նաև հրամայեց վերադարձնել Եհովայի տան բոլոր պիտույքները, որ Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից բերել ու դրել էր իր աստծու տանը:+ 8 Պարսկաստանի թագավոր Կյուրոսը այդ գործը հանձնեց գանձապահ Միթրիդատի վերահսկողությանը, որն էլ ցուցակագրեց այդ ամենը և տվեց Հուդայի իշխան Սասբասարին:*+

9 Ցուցակագրված պիտույքներն էին՝ 30 ոսկե և 1 000 արծաթե զամբյուղանման անոթ, 29 այլ նույնանման անոթ՝ փոխարինման համար, 10 30 փոքր ոսկե թաս, 410 արծաթե փոքր թաս և 1 000 այլ պիտույքներ: 11 Ոսկե և արծաթե իրերի ընդհանուր թիվը 5 400 էր: Սասբասարը այդ ամենը վերցրեց իր հետ, երբ գերեվարված+ ժողովուրդը Բաբելոնից վերադարձավ Երուսաղեմ:

2 Սրանք են մարզի* բնակիչները, որոնք վերադարձան Բաբելոնի գերությունից,+ ուր Բաբելոնի+ Նաբուգոդոնոսոր թագավորը գերի էր տարել հրեաներին: Այդ մարդիկ վերադարձան Երուսաղեմ և Հուդա, ամեն մեկը՝ իր քաղաք:+ 2 Նրանք եկան Զորաբաբելի,+ Հեսուայի,+ Նեեմիայի, Սարայիայի, Ռեիլիայի, Մուրթքեի, Բալսանի, Մասփարի, Բագուեի, Ռեումի և Բաանահի առաջնորդության ներքո:

Ահա թե որքան էր վերադարձած իսրայելացի տղամարդկանց թիվը.+ 3 Փարոսի որդիները* 2 172 հոգի էին, 4 Սափատիայի որդիները՝ 372, 5 Արահի որդիները՝+ 775, 6 Փաաթ-Մովաբից+ սերած Հեսուայի և Հովաբի որդիները՝ 2 812, 7 Էլամի որդիները՝+ 1 254, 8 Զաթուի որդիները՝+ 945, 9 Զաքքայի որդիները՝ 760, 10 Բանիի* որդիները՝ 642, 11 Բեբայիի որդիները՝ 623, 12 Ազգադի որդիները՝ 1 222, 13 Ադոնիկամի որդիները՝ 666, 14 Բագուեի որդիները՝ 2 056, 15 Ադինի որդիները՝ 454, 16 Եզեկիայից սերած Ատերի* որդիները՝ 98, 17 Բեսեեի որդիները՝ 323, 18 Հորայի* որդիները՝ 112, 19 Հասումի որդիները՝+ 223, 20 Գիբարի* որդիները՝* 95, 21 Բեթլեհեմի բնակիչները՝ 123, 22 Նետոֆայի բնակիչները՝ 56, 23 Անաթոթի+ բնակիչները՝ 128, 24 Ազամոթի բնակիչները՝ 42, 25 Կարիաթարիմի, Կեֆիրայի և Բեերոթի բնակիչները՝ 743, 26 Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ 621, 27 Մաքմասի բնակիչները՝ 122, 28 Բեթելի ու Գայիի բնակիչները՝+ 223, 29 Նաբավի բնակիչները՝+ 52, 30 Մակեբիսի բնակիչները՝* 156, 31 մյուս Էլամի որդիները՝ 1 254, 32 Հարիմի որդիները՝ 320, 33 Լոդի, Ադիդի և Օնոյի բնակիչները՝ 725, 34 Երիքովի բնակիչները՝ 345, 35 Սենաայի բնակիչները՝* 3 630:

36 Ահա թե որքան էր քահանաների թիվը.+ Հեսուայի+ տոհմից Հեդայիայի+ որդիները 973 հոգի էին, 37 Եմմերի+ որդիները՝ 1 052, 38 Փասուրի որդիները՝+ 1 247, 39 Հարիմի+ որդիները՝ 1 017:

40 Ահա թե որքան էր ղևտացիների թիվը.+ Օդավիայից սերած Հեսուայի և Կադմիելի որդիները+ 74 հոգի էին: 41 Երգիչները՝+ Ասափի+ որդիները, 128 հոգի էին: 42 Դռնապանները՝*+ Սեղումի որդիները, Ատերի որդիները, Տելմոնի+ որդիները, Ակկուբի+ որդիները, Ատիտայի որդիները և Սուբայի որդիները, բոլորը միասին 139 հոգի էին:

43 Տաճարի սպասավորներից*+ վերադարձան Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները, 44 Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները, 45 Լաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները, 46 Ագաբի որդիները, Սալամեի որդիները, Հանանի որդիները, 47 Գեդդելի որդիները, Գաարի որդիները, Ռեայիայի որդիները, 48 Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները, 49 Օզայի որդիները, Փասեի որդիները, Բասիի որդիները, 50 Ասենայի որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուսիմի որդիները, 51 Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները, 52 Բազլութի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները, 53 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, 54 Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները:

55 Սողոմոնի ծառաների որդիներից վերադարձան Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարուդայի որդիները,+ 56 Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները, 57 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները:

58 Տաճարի սպասավորները և Սողոմոնի ծառաների որդիները բոլորը միասին 392 հոգի էին:

59 Ահա թե ովքեր էին Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից եկողները, որոնք, սակայն, չկարողացան փաստել, որ իրենք կամ իրենց նահապետական տունը իսրայելական ծագում ունեն.+ 60 Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները և Նեկոդայի որդիները, որոնք ընդհանուր 652 հոգի էին, 61 իսկ քահանաների որդիներից՝ Աբաիայի որդիները, Ակկուսի+ որդիները և Բերզելիի որդիները (Բերզելին ամուսնացել էր գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից մեկի հետ և վերցրել նրանց տոհմի անունը): 62 Նրանք փնտրեցին իրենց տոհմագրական մատյանները, որ հաստատեն իրենց ծագումը, բայց չգտան, ուստի քահանայական ծառայության համար անհամապատասխան համարվեցին:*+ 63 Կառավարիչը* նրանց ասաց, որ չեն կարող ուտել ամենասուրբ բաներից,+ մինչև որ չլինի քահանա, ով կկարողանա ուրիմով և թումիմով*+ հարցում անել:

64 Վերադարձածների* ընդհանուր թիվը 42 360 էր՝+ 65 չհաշված նրանց ստրուկներին (տղամարդ թե կին), որ 7 337 հոգի էին, և երգիչներին ու երգչուհիներին, որ 200 հոգի էին: 66 Ձիերը 736-ն էին, ջորիները՝ 245, 67 ուղտերը՝ 435, էշերը՝ 6 720:

68 Գալով Երուսաղեմ ու հասնելով այն տեղը, որտեղ Եհովայի տունն էր՝ նահապետական տների գլուխներից ոմանք կամավոր ընծաներ+ տվեցին ճշմարիտ Աստծու տան համար, որ այն վերակառուցվի նույն տեղում:+ 69 Ամենքը տվեցին, ինչքան կարող էին. ընդհանուր հաշվով՝ 61 000 ոսկե դրախմա,* 5 000 արծաթե մնաս*+ և 100 երկար զգեստ՝ քահանաների համար: 70 Քահանաները, ղևտացիները, երգիչները, դռնապանները, տաճարի սպասավորներն ու մնացած ժողովուրդը բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում: Եվ այսպես՝ բոլոր իսրայելացիները բնակվեցին իրենց քաղաքներում:+

3 Յոթերորդ ամսում+ իսրայելացիները,* որոնք արդեն իրենց քաղաքներում էին ապրում, մեկ մարդու պես հավաքվեցին Երուսաղեմում: 2 Հովսեդեկի որդի Հեսուան+ և մյուս քահանաները, Սաղաթիելի+ որդի Զորաբաբելը+ և նրա եղբայրները գործի անցան ու վերաշինեցին Իսրայելի Աստծու զոհասեղանը, որպեսզի ողջակեզներ մատուցեն դրա վրա, ինչպես որ գրված է ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսի օրենքում:+

3 Չնայած շրջակա երկրների+ ժողովուրդների հանդեպ ունեցած վախին՝ նրանք զոհասեղանը կանգնեցրին իր նախկին տեղում և սկսեցին դրա վրա ողջակեզներ մատուցել Եհովային՝ թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան ողջակեզները:+ 4 Հետո, ըստ գրվածի, նշեցին+ Տաղավարների* տոնը և ամեն օր+ մատուցեցին սահմանված քանակով ողջակեզներ: 5 Այդուհետ նրանք սկսեցին մատուցել ամենօրյա ողջակեզները,+ ամեն նորալուսնի ժամանակ+ մատուցվող զոհերը ու Եհովայի բոլոր սուրբ տոների+ ժամանակ մատուցվող զոհերը, ինչպես նաև կամավոր ընծաներ,+ որ ամեն մարդ իր ցանկությամբ բերում էր Եհովայի համար: 6 Նրանք սկսեցին ողջակեզներ մատուցել Եհովային յոթերորդ ամսվա առաջին օրվանից,+ թեև Եհովայի տաճարի հիմքը դեռ չէր գցվել:

7 Քարհատներին+ ու արհեստավորներին+ նրանք փողով էին վճարում, իսկ սիդոնացիներին ու տյուրոսցիներին, ովքեր Պարսկաստանի Կյուրոս թագավորի+ լիազորությամբ նավերով Լիբանանից մայրու գերաններ էին բերում Հոպպե,+ ուտելիք, ըմպելիք և յուղ էին տալիս:

8 Երուսաղեմ՝ ճշմարիտ Աստծու տուն հասնելուց հետո՝ երկրորդ տարվա երկրորդ ամսում, Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուան իրենց եղբայրների՝ քահանաների, ղևտացիների և գերությունից+ Երուսաղեմ վերադարձած մյուս բոլոր մարդկանց հետ սկսեցին աշխատանքը: 20 տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիներին նրանք նշանակեցին ծառայելու որպես Եհովայի տան վերակառուցման գործը վերահսկողներ: 9 Այսպիսով՝ Հեսուան իր որդիների ու եղբայրների հետ և Կադմիելը իր որդիների հետ, որոնք բոլորն էլ Հուդայի* սերունդներն էին, ինչպես նաև Ենադադի որդիներն+ իրենց որդիների ու ազգականների հետ, որոնք ղևտացիներ էին, միասին վերահսկում էին ճշմարիտ Աստծու տան վերակառուցման գործն անողներին:

10 Երբ շինարարները Եհովայի տաճարի հիմքը գցեցին,+ քահանայական զգեստներ հագած քահանաները, շեփորները ձեռքներին,+ և ղևտացիները՝ Ասափի որդիները, ծնծղաները ձեռքներին, կանգնեցին իրենց տեղերում, որ գովաբանեն Եհովային՝ համաձայն Իսրայելի Դավիթ թագավորի սահմանած կարգի:+ 11 Նրանք սկսեցին գովաբանել+ ու շնորհակալություն հայտնել Եհովային՝ հաջորդաբար երգելով այս կրկներգը՝ «Որովհետև բարի է նա, որովհետև Իսրայելի հանդեպ նրա հավատարիմ սերը հավերժական է»:+ Իսկ ամբողջ ժողովուրդը բարձր բացականչություններով փառաբանում էր Եհովային, քանի որ Եհովայի տան հիմքը գցվել էր: 12 Քահանաներից, ղևտացիներից և նահապետական տների գլուխներից շատերը՝ տարեց մարդիկ, ովքեր տեսել էին նախորդ տունը,+ բարձր ձայնով դառնագին լաց էին լինում՝ տեսնելով այս մյուս տան գցված հիմքը, ուրիշ շատերն էլ ուրախությունից ողջ ձայնով բացականչություններ էին անում:+ 13 Այնպես որ հնարավոր չէր լացի ձայնը տարբերել ուրախության բացականչություններից: Ժողովրդի ձայնը այնքան բարձր էր, որ լսելի էր անգամ շատ հեռվից:

4 Երբ Հուդայի և Բենիամինի+ թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձածները+ տաճար են կառուցում Իսրայելի Աստված Եհովայի համար, 2 անմիջապես եկան Զորաբաբելի ու նահապետական տների գլուխների մոտ և ասացին. «Մենք էլ ենք ուզում ձեզ հետ կառուցել, քանի որ ձեզ նման մենք էլ ենք ձեր Աստծուն պաշտում*+ ու նրան զոհեր ենք մատուցում՝ սկսած այն ժամանակվանից, երբ Ասորեստանի թագավոր Ասարհադոնը+ մեզ այստեղ բերեց»:+ 3 Սակայն Զորաբաբելը, Հեսուան և Իսրայելի նահապետական տների մյուս գլուխները պատասխանեցին. «Դուք իրավունք չունեք մեզ հետ տուն կառուցել մեր Աստծու համար:+ Մենք այն ինքներս կկառուցենք Իսրայելի Աստված Եհովայի համար, ինչպես որ հրամայել է Պարսկաստանի թագավոր Կյուրոսը»:+

4 Դրանից հետո այդտեղ ապրող մարդիկ շարունակ ընկճում էին* Հուդայի ժողովրդին, որ էլ սիրտ չունենան կառուցելու:+ 5 Նրանք վճարում էին պետական խորհրդականներին, որ քայլեր ձեռնարկեն կառուցողների դեմ և խափանեն նրանց ծրագրերը.+ այդպես էին անում Պարսկաստանի Կյուրոս թագավորի իշխանության օրերից մինչև Պարսկաստանի Դարեհ+ թագավորի իշխանության գալը: 6 Ասուերոսի* իշխանության սկզբում նրանք գրավոր մեղադրանք ներկայացրին Հուդայի ու Երուսաղեմի բնակիչների դեմ: 7 Իսկ Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսի* իշխանության օրոք Բեսելամը, Միթրիդատը, Տաբեելը և իր մյուս համախոհները նամակ գրեցին Արտաքսերքսես թագավորին: Նամակը թարգմանվեց արամերեն+ ու գրվեց արամերեն տառերով:*

8 * Բարձրաստիճան պետական պաշտոնյա Ռեումը և դպիր Սամսան նամակ գրեցին Արտաքսերքսես թագավորին ընդդեմ Երուսաղեմի ժողովրդի: 9 (Նամակը գրվեց բարձրաստիճան պետական պաշտոնյա Ռեումի, դպիր Սամսայի և նրանց մյուս համախոհների՝ դատավորների, ենթակառավարիչների, քարտուղարների, Արեքի+ բնակիչների, բաբելոնացիների, Սուզայի*+ բնակիչների, այսինքն՝ էլամցիների+ անունից, 10 և մյուս ազգերի անունից, որոնց մեծ ու պատվարժան Ասենափարը* վերաբնակեցրել էր Սամարիայի քաղաքներում,+ ինչպես նաև Անդրգետքի* մյուս բնակիչների անունից): 11 Սա է նրանց ուղարկած նամակի բովանդակությունը.

«Արտաքսերքսես թագավորին՝ Անդրգետքի բնակիչների՝ քո ծառաների կողմից: 12 Թող հայտնի լինի թագավորին, որ ձեր մոտից այստեղ եկած հրեաները Երուսաղեմում են: Նրանք վերակառուցում են ապստամբություններով ու չարագործություններով հայտնի այդ քաղաքը. կանգնեցնում են պարիսպներն+ ու նորոգում հիմքերը: 13 Թող թագավորն իմացած լինի, որ եթե այս քաղաքը վերակառուցվի, և դրա պարիսպները վերականգնվեն, ապա այդ մարդիկ ո՛չ գլխահարկ կտան, ո՛չ մաքսահարկ,+ ո՛չ էլ անցահարկ, ինչի պատճառով թագավորական գանձարանը կորուստներ կունենա: 14 Մենք մեր վարձը պալատից ենք ստանում* ու չենք կարող անտարբեր նայել, թե ինչպես է թագավորի շահերին վնաս հասցվում, դրա համար էլ նամակ ենք ուղարկում, որ տեղյակ պահենք թագավորին, 15 որպեսզի քննվեն քո նախորդների* թողած արձանագրությունները:+ Այդ արձանագրություններից կտեսնես, որ այդ քաղաքի բնակիչները հայտնի են իրենց ըմբոստությամբ, միշտ էլ անախորժություններ են պատճառել թագավորներին ու մարզերին, և հնուց ի վեր այնտեղ խռովարարներ են եղել: Ահա թե ինչու այդ քաղաքը կործանվեց:+ 16 Թագավորին տեղեկացնում ենք, որ եթե այն վերակառուցվի, և դրա պարիսպները վերականգնվեն, ապա Անդրգետքը+ դուրս կգա քո վերահսկողությունից»:*

17 Թագավորն էլ պատասխան ուղարկեց բարձրաստիճան պետական պաշտոնյա Ռեումին, դպիր Սամսային, Սամարիայում ապրող նրանց մյուս համախոհներին ու Անդրգետքի բնակիչներին: Այնտեղ ասվում էր.

«Ողջո՛ւյն: 18 Ձեր ուղարկած պաշտոնական նամակը հստակ կարդացվեց* իմ առաջ: 19 Ուստի իմ կարգադրությամբ քննություն արվեց ու պարզվեց, որ այդ քաղաքի բնակիչները դեռ վաղեմի ժամանակներից ըմբոստացել են թագավորների դեմ, և այնտեղ ապստամբություններ ու խռովություններ են եղել:+ 20 Երուսաղեմը հզոր թագավորներ է ունեցել, որոնք կառավարել են ողջ Անդրգետքը, և նրանց գլխահարկ, մաքսահարկ ու անցահարկ է վճարվել: 21 Եվ հիմա կարգադրեք, որ այդ մարդիկ դադարեցնեն աշխատանքները ու չվերակառուցեն քաղաքը, մինչև որ իմ կողմից այլ հրաման չտրվի: 22 Հետևողական եղեք և աչքաթող մի՛ արեք այս հարցը, որ թագավորի շահերին ավելի շատ վնաս չհասցվի»:+

23 Երբ Արտաքսերքսես թագավորի պաշտոնական նամակի կրկնօրինակը կարդացվեց Ռեումի, դպիր Սամսայի ու նրանց համախոհների առաջ, նրանք շտապ գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և բռնի ուժով կանգնեցրին աշխատանքները: 24 Այսպիսով՝ Երուսաղեմում Աստծու տան վերակառուցման գործը կանգ առավ, և չվերսկսվեց մինչև Պարսկաստանի թագավոր Դարեհի+ իշխանության երկրորդ տարին:

5 Այդ ժամանակ Անգե մարգարեն+ և Ադդովի+ թոռ Զաքարիա մարգարեն,+ դիմելով Երուսաղեմի և ողջ Հուդայի հրեաներին, սկսեցին մարգարեանալ Իսրայելի Աստծու անունից, ով նրանց հետ էր: 2 Եվ Սաղաթիելի որդի Զորաբաբելն+ ու Հովսեդեկի որդի Հեսուան+ սկսեցին վերակառուցել Աստծու տունը,+ որ Երուսաղեմում էր: Աստծու մարգարեները նրանց հետ էին և թիկունք էին կանգնում նրանց:+ 3 Այդ ժամանակ Անդրգետքի* կառավարիչ Թաթանան ու Սաթրաբուզանը իրենց համախոհների հետ եկան նրանց մոտ և հարցրին. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և կանգնեցնեք այս կառույցը»:* 4 Ապա ավելացրին. «Ասեք այս շինությունը կառուցողների անունները»: 5 Բայց քանի որ Աստված հրեաների երեցների հետ էր,+ Թաթանան ու իր համախոհները չկանգնեցրին նրանց աշխատանքները, այլ որոշեցին նախ զեկույց ուղարկել Դարեհին և սպասել մինչև նրանից պաշտոնական նամակ կստանան այդ հարցի վերաբերյալ:

6 Անդրգետքի կառավարիչ Թաթանան, Սաթրաբուզանն ու նրանց համախոհները՝ այդ շրջանի ենթակառավարիչները, Դարեհ թագավորին զեկուցագիր ուղարկեցին, 7 որի բովանդակությունը հետևյալն էր.

«Դարեհ թագավորին.

Խաղաղությո՛ւն քեզ: 8 Թող հայտնի լինի թագավորին, որ մենք գնացինք Հուդայի մարզ՝ մեծն Աստծու տուն: Այն կառուցում են հսկայական քարերով և պատերի մեջ գերաններ են դնում: Մարդիկ աշխատում են մեծ եռանդով, և գործն առաջ է գնում: 9 Մենք հրեաների երեցներին հարցրինք. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և կանգնեցնեք այս կառույցը»:*+ 10 Նաև հարցրինք նրանց անունները, որ գրի առնենք ու քեզ տեղեկացնենք, թե ովքեր են ղեկավարում գործը:

11 Նրանք մեզ հետևյալ պատասխանը տվեցին. «Մենք երկնքի ու երկրի Աստծու ծառաներն ենք և վերակառուցում ենք այն տունը, որ կառուցվել էր շատ տարիներ առաջ: Այն կառուցել էր Իսրայելի մեծ թագավորներից մեկը:+ 12 Սակայն քանի որ մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն,+ նա նրանց Բաբելոնի թագավորի՝ քաղդեացի Նաբուգոդոնոսորի+ ձեռքը մատնեց, որն էլ քարուքանդ արեց այս տունը+ և ժողովրդին գերեվարեց Բաբելոն:+ 13 Բայց իր իշխանության առաջին տարում Բաբելոնի թագավոր* Կյուրոսը հրաման արձակեց, որ Աստծու տունը վերակառուցվի:+ 14 Դեռ ավելին՝ Կյուրոս թագավորը կարգադրեց վերադարձնել այն ոսկե ու արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմի տաճարից՝ Աստծու տնից, ու տարել էր Բաբելոնի տաճար:+ Դրանք տրվեցին Սասբասար*+ անունով մի մարդու, որին Կյուրոսը կառավարիչ նշանակեց:+ 15 Կյուրոսն ասաց նրան. «Վերցրու այս անոթները ու տար Երուսաղեմ, որ դնես տաճարում՝ Աստծու տանը, և թող այն վերականգնվի իր նախկին տեղում»:+ 16 Սասբասարն էլ եկավ Երուսաղեմ ու դրեց Աստծու տան հիմքը:+ Այդ ժամանակվանից շինարարությունը սկսվել է, բայց դեռ չի ավարտվել»:+

17 Ուստի եթե թագավորին հաճելի է, թող քննվեն Բաբելոնում՝ արքունի գանձատանը պահվող արձանագրությունները՝ պարզելու համար, թե արդյոք Կյուրոս թագավորն իսկապես հրաման է տվել վերակառուցել Աստծու տունը Երուսաղեմում,+ և թող մեզ ուղարկվի այս հարցի վերաբերյալ թագավորի որոշումը»:

6 Այդ ժամանակ Դարեհ թագավորի հրամանով փնտրտուքներ արվեցին Բաբելոնի գանձատներում եղող արխիվներում: 2 Հետո Եկբատանայի ամրոցում, որը Մարաստանի մարզում է, գտնվեց մի ձեռագիր,* որում գրված էր հետևյալ հրամանը.

3 «Կյուրոս թագավորն իր իշխանության առաջին տարում հրաման արձակեց Աստծու տան վերաբերյալ, որ Երուսաղեմում է.+ «Թող այդ տունը վերակառուցվի, որպեսզի այնտեղ զոհեր մատուցվեն. դրա հիմքը պետք է ամրացվի, բարձրությունն ու լայնությունը պետք է 60 կանգուն* լինեն:+ 4 Պատերը պետք է կանգնեցնեն՝ դնելով երեք շարք մեծ քարեր ու մի շերտ գերան:+ Ծախսերը կփակվեն թագավորի գանձարանից:+ 5 Աստծու տան ոսկե ու արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից ու բերել Բաբելոն,+ թող վերադարձվեն Երուսաղեմի տաճար՝ Աստծու տուն, և դրվեն իրենց տեղը»:+

6 Ուստի ձեզ՝ Անդրգետքի* կառավարիչ Թաթանային, Սաթրաբուզանին և ձեր համախոհներին՝ այդ շրջանի ենթակառավարիչներին,+ հրամայում եմ, որ հեռանաք այդտեղից: 7 Մի՛ խանգարեք Աստծու տան վերակառուցման աշխատանքներին: Հրեաների կառավարիչն ու նրանց երեցները պետք է կանգնեցնեն Աստծու տունն իր նախկին տեղում: 8 Ես նաև հրամայում եմ, որ Աստծու տունը վերակառուցելու հարցում հրեաների երեցներին հետևյալ օգնությունը տրամադրեք. արքունի գանձարանից,+ մասնավորապես Անդրգետքից հավաքվող հարկերից անմիջապես միջոցներ տրամադրեք նրանց ծախսերի համար, որ գործը չկանգնի:+ 9 Երուսաղեմում գտնվող քահանաներին էլ ամեն օր առանց վերապահումների տրամադրեք այն, ինչ անհրաժեշտ է երկնքի Աստծուն ողջակեզներ մատուցելու համար՝ մատղաշ ցլեր,+ արու ոչխարներ+ ու գառներ,+ նաև ցորեն,+ աղ,+ գինի+ և յուղ՝+ ամեն բան, ինչ որ ասեն, 10 որպեսզի նրանք երկնքի Աստծուն շարունակ մատուցեն նրան հաճելի ընծաներ և աղոթեն թագավորի ու իր որդիների բարօրության համար:+ 11 Եթե որևէ մեկը խախտի այս հրամանը, կարգադրում եմ, որ այդ մարդու տնից մի գերան հանեն ու նրան վեր բարձրացնելով՝ գամեն դրան, իսկ նրա տունը հասարակաց արտաքնոց* դարձնեն: 12 Ամեն թագավոր կամ ժողովուրդ, որ կհանդգնի դեմ գնալ այս հրամանին ու կփորձի ավերել Աստծու տունը, որ Երուսաղեմում է, թող կործանվի Աստծու ձեռքով, ով ընտրել է այդ վայրն իր անվան համար:+ Ես՝ Դարեհս եմ արձակում այս հրամանը: Անհապաղ իրագործե՛ք»:

13 Ուստի Անդրգետքի կառավարիչ Թաթանան, Սաթրաբուզանն+ ու նրանց համախոհները անհապաղ արեցին այն ամենը, ինչ Դարեհ թագավորը հրամայել էր: 14 Իսկ հրեաների երեցները, Անգե մարգարեի+ և Ադդովի թոռ Զաքարիայի+ մարգարեություններից քաջալերված, շարունակեցին շինարարությունը: Գործը հաջողությամբ առաջ գնաց,+ ու նրանք ավարտին հասցրին շինարարությունը՝ Իսրայելի Աստծու կարգադրության+ և Կյուրոսի,+ Դարեհի+ ու Պարսկաստանի մյուս թագավորի՝ Արտաքսերքսեսի*+ տված հրամանների համաձայն: 15 Տան շինարարությունը ավարտին հասցվեց Դարեհ թագավորի իշխանության վեցերորդ տարում՝ ադար* ամսվա երրորդ օրը:

16 Իսրայելացիները՝ քահանաները, ղևտացիները+ և գերությունից վերադարձած մյուս մարդիկ, ուրախությամբ նշեցին Աստծու տան հանդիսավոր բացումը:* 17 Աստծու տան հանդիսավոր բացման առթիվ նրանք բերեցին 100 ցուլ, 200 արու ոչխար, 400 գառ, ինչպես նաև Իսրայելի ցեղերի թվին համապատասխան՝ 12 արու այծ՝ որպես մեղքի զոհ ամբողջ Իսրայելի համար:+ 18 Քահանաներին ու ղևտացիներին ըստ իրենց խմբերի նշանակեցին, որ Երուսաղեմում ծառայություն մատուցեն Աստծուն,+ ինչպես որ գրված է Մովսեսի գրքում:+

19 Առաջին ամսվա 14-րդ օրը գերությունից վերադարձածները նշեցին Պասեքը:+ 20 Քահանաներն ու ղևտացիները՝ բոլորն անխտիր, մաքրագործվել էին,+ ուստի Աստծու աչքին մաքուր էին: Նրանք մորթեցին Պասեքի զոհը գերությունից վերադարձած բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ մյուս քահանաների և իրենց համար: 21 Այդ զոհից կերան գերությունից վերադարձած իսրայելացիները և բոլոր նրանք, ովքեր ձերբազատվել էին այդ տարածքում ապրող ազգերի անմաքուր սովորություններից ու միացել էին իսրայելացիներին, որ պաշտեն* Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 22 Ժողովուրդը նաև յոթ օր ցնծությամբ նշեց Անթթխմոր հացերի տոնը,+ քանի որ Եհովան նրանց ուրախություն էր պատճառել և մղել էր Ասորեստանի թագավորին,* որ բարեհաճ լինի նրանց հանդեպ+ և աջակցի նրանց* ճշմարիտ Աստծու՝ Իսրայելի Աստծու տան վերակառուցման գործում:

7 Այս ամենից հետո՝ Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսի+ իշխանության օրոք, Եզրասը*+ դուրս եկավ Բաբելոնից: Նա Սարայիայի որդին+ էր, Սարայիան՝ Ազարիայի, նա՝ Քեղկիայի,+ 2 նա՝ Սեղումի, նա՝ Սադոկի, նա՝ Աքիտոբի, 3 նա՝ Ամարիայի, նա՝ Ազարիայի,+ նա՝ Մարիոթի, 4 նա՝ Զարիայի, նա՝ Օզիի, նա՝ Բոկկիի, 5 նա՝ Աբիսուայի, նա՝ Փենեհեսի,+ նա՝ Եղիազարի,+ նա էլ՝ ավագ քահանա Ահարոնի:+ 6 Եվ այսպես՝ Եզրասը դուրս եկավ Բաբելոնից: Նա գրագիր* էր և լավ գիտեր Մովսեսի օրենքը,*+ որը տվել էր Իսրայելի Աստված Եհովան: Եվ քանի որ Եհովան՝ Եզրասի Աստվածը, նրա հետ էր,* թագավորը տվեց նրան այն ամենը, ինչ նա խնդրեց:

7 Արտաքսերքսեսի իշխանության յոթերորդ տարում Եզրասը Իսրայելի ժողովրդից, քահանաներից, ղևտացիներից,+ երգիչներից,+ դռնապաններից+ ու տաճարի սպասավորներից*+ ոմանց հետ մեկնեց Երուսաղեմ: 8 Նա տեղ հասավ թագավորի իշխանության յոթերորդ տարվա հինգերորդ ամսում: 9 Բաբելոնից իր ուղևորությունը նա սկսեց առաջին ամսվա առաջին օրը և հինգերորդ ամսվա առաջին օրը հասավ Երուսաղեմ: Ողջ ուղևորության ընթացքում նրա Աստվածը նրա հետ էր:*+ 10 Եզրասը սրտով տրամադրվել էր* քննելու Եհովայի Օրենքը, կատարելու այն+ և Իսրայելի ժողովրդին սովորեցնելու դրա կանոններն ու սկզբունքները:+

11 Արտաքսերքսես թագավորը հետևյալ նամակը տվեց քահանա ու գրագիր Եզրասին, ով գիտակ էր Եհովայի պատվիրանները և Իսրայելին տված նրա կանոնները ուսումնասիրելու հարցում:

12 * «Թագավորների թագավոր Արտաքսերքսեսը՝+ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու Օրենքի գրագրին. խաղաղությո՛ւն քեզ: 13 Ես հրաման եմ արձակում, որ իմ տերության մեջ ապրող իսրայելացիներից, ինչպես նաև նրանց քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է քեզ հետ գնալ Երուսաղեմ:+ 14 Ես՝ թագավորս, ու իմ յոթ խորհրդականները ուղարկում ենք քեզ՝ պարզելու, թե Երուսաղեմում և ողջ Հուդայում մարդիկ արդյոք պահում են քո Աստծու Օրենքը, որը քեզ է վստահված:* 15 Քեզ հետ տար այն արծաթն ու ոսկին, որ թագավորն ու նրա խորհրդականները հոժարակամորեն նվիրաբերել են Իսրայելի Աստծուն, որի բնակավայրը Երուսաղեմում է, 16 նաև այն ողջ արծաթն ու ոսկին, որ քեզ կհանձնեն Բաբելոնի մարզում, և ժողովրդի ու քահանաների նվերները, որ հոժարակամորեն կտան իրենց Աստծու տան համար, որը Երուսաղեմում է:+ 17 Այդ փողով առանց հապաղելու կգնես ցլեր,+ արու ոչխարներ,+ գառներ,+ ինչպես նաև այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրանց հետ մատուցվող հացի ընծաների+ և ըմպելիքի ընծաների+ համար: Այդ ամենը կմատուցես քո Աստծու տան զոհասեղանի վրա, որ Երուսաղեմում է:

18 Մնացած արծաթն ու ոսկին դու և ծառայակիցներդ կօգտագործեք այնպես, ինչպես հարկ կհամարեք՝ համաձայն ձեր Աստծու կամքի: 19 Իսկ քեզ տրված բոլոր այն անոթները, որ Աստծու տանը մատուցվող ծառայությունների համար են, կհասցնես Երուսաղեմ ու կդնես Աստծու տանը:+ 20 Քո Աստծու տանը անհրաժեշտ այլ բաների համար միջոցներ կվերցնես թագավորի գանձարանից:+

21 Ես՝ Արտաքսերքսես թագավորս, Անդրգետքի* բոլոր գանձապահներին այսպիսի հրաման եմ տվել. «Երկնքի Աստծու Օրենքի գրագիրը՝ Եզրաս+ քահանան, ինչ էլ խնդրի ձեզնից, առանց հապաղելու կտաք, 22 մինչև իսկ 100 տաղանդ* արծաթ, 100 քոռ* ցորեն, 100 մար* գինի,+ 100 մար յուղ+ և անսահմանափակ քանակությամբ աղ:+ 23 Ինչ որ երկնքի Աստվածը կարգադրել է իր տան հետ կապված, թող նախանձախնդրությամբ արվի,+ որ Աստծու ցասումը չգա թագավորի ողջ տերության և նրա որդիների վրա:+ 24 Նաև տեղեկացնում եմ, որ չի թույլատրվում հարկ, տուրք+ կամ մաքս գանձել քահանաներից, ղևտացիներից, երաժիշտներից,+ դռնապաններից, տաճարի սպասավորներից+ և Աստծու տան մյուս աշխատողներից»:

25 Դու, Եզրա՛ս, քո Աստծու կողմից տրված իմաստությամբ նշանակիր դատական պաշտոնյաներ ու դատավորներ, որ արդարադատություն գործադրեն Անդրգետքի ողջ ժողովրդի համար՝ այն բոլոր մարդկանց, ովքեր գիտեն քո Աստծու օրենքները: Իսկ չիմացողներին սովորեցրեք:+ 26 Ով չհնազանդվի քո Աստծու Օրենքին կամ թագավորի օրենքին, պետք է անհապաղ պատժի ենթարկվի՝ լինի մահ, արտաքսում, տուգանք, թե բանտարկություն»:

27 Փա՜ռք Եհովային՝ մեր նախահայրերի Աստծուն, ով մղեց թագավորին բարեկարգել Եհովայի տունը, որ Երուսաղեմում է:+ 28 Հավատարիմ սեր դրսևորելով իմ հանդեպ՝ նա այնպես արեց, որ թագավորը,+ նրա խորհրդականներն+ ու հզոր իշխանները բարեհաճ լինեն իմ հանդեպ: Զգալով իմ Աստված Եհովայի աջակցությունը՝ քաջությամբ լցվեցի: Ես կանչեցի իսրայելացիների առաջնորդներից ոմանց, որ գան ինձ հետ:

8 Սրանք են նահապետական տների գլուխները, որ ինձ հետ դուրս եկան Բաբելոնից Արտաքսերքսես*+ թագավորի իշխանության օրոք: Նրանք ցուցակագրված էին ըստ իրենց տոհմերի: 2 Փենեհեսի+ տոհմից* Գերսամն էր, Իթամարի+ տոհմից՝ Դանիելը, Դավթի տոհմից՝ Քետտուսը, 3 Փարոսից սերած Սեքենիայի տոհմից՝ Զաքարիան, և նրա հետ՝ 150 ցուցակագրված տղամարդ, 4 Փաաթ-Մովաբի տոհմից՝+ Ելիոենային՝ Զարիայի որդին, և նրա հետ՝ 200 տղամարդ, 5 Զաթուի տոհմից՝+ Սեքենիան՝ Հաազիելի որդին, և նրա հետ՝ 300 տղամարդ, 6 Ադինի տոհմից՝+ Աբեդը՝ Հովնաթանի որդին, և նրա հետ՝ 50 տղամարդ, 7 Էլամի տոհմից՝+ Հեսայիան՝ Գոթողիայի որդին, և նրա հետ՝ 70 տղամարդ, 8 Սափատիայի տոհմից՝+ Զաբադիան՝ Միքայելի որդին, և նրա հետ՝ 80 տղամարդ, 9 Հովաբի տոհմից՝ Աբդիան՝ Հեիելի որդին, և նրա հետ՝ 218 տղամարդ, 10 Բանիի տոհմից՝ Սալոմիթը՝ Հոսեփիայի որդին, և նրա հետ՝ 160 տղամարդ, 11 Բեբայիի տոհմից՝+ նրա որդին՝ Զաքարիան, և նրա հետ՝ 28 տղամարդ, 12 Ազգադի տոհմից՝+ Հոհանանը՝ Ակատանի որդին, և նրա հետ՝ 110 տղամարդ, 13 Ադոնիկամի տոհմից՝+ Ելիֆալետը, Հեյելը ու Սեմայիան՝ այդ տոհմից վերջինները, որ վերադարձան գերությունից, և նրանց հետ՝ 60 տղամարդ, 14 Բագուեի տոհմից՝+ Ութան ու Զաբբուդը, և նրանց հետ՝ 70 տղամարդ:

15 Ես նրանց հավաքեցի դեպի Ահավա*+ հոսող գետի մոտ: Մենք այնտեղ ճամբար դրեցինք ու մնացինք երեք օր: Ժողովրդի ու քահանաների մեջ ստուգում անցկացնելիս պարզեցի, որ նրանց մեջ ոչ մի ղևտացի չկա: 16 Ուստի մարդ ուղարկեցի ու կանչեցի առաջնորդներ Եղիեզերին, Արիելին, Սեմայիային, Ելնաթանին, Հարիբին, Ելնաթանին, Նաթանին, Զաքարիային ու Մեսուլամին, ուսուցիչներ Հոարիբին ու Ելնաթանին 17 և պատվիրեցի, որ գնան Ադդովի մոտ, ով Քասիֆիա կոչվող վայրում առաջնորդ էր, և նրան ու Քասիֆիայում ապրող իր ծառայակիցներին՝* տաճարի սպասավորներին,* ասեն, որ մարդիկ ուղարկեն մեր Աստծու տանը ծառայելու համար: 18 Եվ մեր Աստծու օրհնությամբ* մեզ մոտ ուղարկվեցին Սարաբիան՝+ Իսրայելի որդի Ղևիի թոռան՝ Մոողիի տոհմից+ մի խոհեմ մարդ, նրա որդիներն ու եղբայրները, ընդհանուր՝ 18 հոգի, 19 ինչպես նաև Ասաբիան, և նրա հետ՝ Հեսայիան՝ Մերարիյաններից,+ նրա եղբայրներն ու նրանց որդիները, ընդհանուր՝ 20 հոգի: 20 Ուղարկվեցին նաև 220 հոգի տաճարի սպասավորներից, որոնց Դավիթն ու իշխանները նշանակել էին ղևտացիներին օգնելու. այս 220 հոգին անուն առ անուն գրանցվեցին ցուցակում:

21 Ապա Ահավա գետի մոտ ծոմ հայտարարեցի, որպեսզի խոնարհությամբ մեր Աստծուն խնդրենք, որ առաջնորդի մեր ճամփորդությունը և պաշտպանի մեզ, մեր երեխաներին ու ողջ ունեցվածքը: 22 Ես ամաչեցի թագավորին խնդրել, որ զինվորներ ու ձիավորներ տա ճանապարհին թշնամիներից մեզ պաշտպանելու համար, քանի որ մինչ այդ թագավորին ասել էինք. «Մեր Աստվածն աջակցում է բոլոր նրանց, ովքեր ապավինում են իրեն,*+ և իր զորությունն ու ցասումը ուղղում է բոլոր նրանց դեմ, ովքեր թողնում են իրեն»:+ 23 Ուստի մենք ծոմ պահեցինք ու խնդրեցինք մեր Աստծուն, որ առաջնորդի մեզ, և նա լսեց մեր աղաչանքները:+

24 Դրանից հետո քահանաների գլխավորներից 12 մարդ առանձնացրի՝ Սարաբիային, Ասաբիային+ և նրանց ազգականներից տասը հոգու: 25 Ես կշռեցի ու նրանց տվեցի մեր Աստծու տան համար նվիրաբերված արծաթը, ոսկին ու բոլոր իրերը, որ տվել էին թագավորը, նրա խորհրդականները, իշխանները և այնտեղ բնակվող իսրայելացիները:+ 26 Այսպիսով՝ կշռեցի ու նրանց հանձնեցի 650 տաղանդ* արծաթ, 100 արծաթե իրեր, որոնց ընդհանուր քաշը 2 տաղանդ* էր, 100 տաղանդ* ոսկի, 27 ոսկե 20 փոքր գավաթ՝ ընդհանուր հաշվով 1 000 դարիկ* արժողությամբ, և 2 իր՝ լավորակ փայլուն պղնձից, որ ոսկու պես արժեքավոր էր համարվում:

28 Ապա ասացի նրանց. «Դուք սուրբ եք՝ առանձնացված Եհովայի համար:+ Այս իրերն էլ են սուրբ, և այս արծաթն ու ոսկին կամավոր ընծա են ձեր նախահայրերի Աստված Եհովայի համար: 29 Զգուշորեն պահպանեք դրանք, մինչև որ հասցնեք Երուսաղեմ ու Եհովայի տան սենյակներում* քահանաների, ղևտացիների գլխավորների և Իսրայելի նահապետական տների իշխանների առաջ կշռեք դրանք ու հանձնեք նրանց»:+ 30 Քահանաներն ու ղևտացիները վերցրին արծաթը, ոսկին և այն իրերը, որ կշռվել ու իրենց էր հանձնվել, որպեսզի դրանք բերեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տուն:

31 Առաջին ամսվա 12-րդ օրը+ Ահավա+ գետից ճանապարհ ընկանք, որ գնանք Երուսաղեմ: Մեր Աստված մեզ հետ էր և ճանապարհին փրկեց մեզ թշնամիներից ու դարանակալ ավազակներից: 32 Մենք եկանք Երուսաղեմ+ ու երեք օր հանգիստ առանք: 33 Չորրորդ օրը մեր Աստծու տանը+ կշռեցինք արծաթը, ոսկին և իրերը ու հանձնեցինք Ուրիայի որդի Մերամոթ+ քահանային, Փենեհեսի որդի Եղիազարին և ղևտացիներ Հոզաբադին՝+ Հեսուայի որդուն, ու Նովադիային՝ Բանուիի+ որդուն: 34 Ամեն ինչ հաշվվեց ու կշռվեց, և դրանց քաշը գրանցվեց: 35 Գերությունից վերադարձածներս ողջ Իսրայելի համար որպես ողջակեզ 12 ցուլ+ մատուցեցինք Իսրայելի Աստծուն: Մենք նաև մատուցեցինք 96 արու ոչխար+ ու 77 արու գառ որպես ողջակեզ և 12 արու այծ՝+ որպես մեղքի զոհ. այս ամենը ողջակեզ էր Եհովայի համար:+

36 Այնուհետև թագավորի հրամանները փոխանցեցինք+ նրա սատրապներին* և Անդրգետքի*+ կառավարիչներին, նրանք էլ աջակցեցին ժողովրդին ու տվեցին ճշմարիտ Աստծու տան համար անհրաժեշտ ամեն բան:+

9 Այդ ամենից հետո իշխանները եկան ինձ մոտ ու ասացին. «Իսրայելի ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները հեռու չեն մնացել այս տարածքի ժողովուրդների՝ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների+ և ամորհացիների+ գարշելի սովորույթներից:+ 2 Նրանք իրենց և իրենց որդիների համար կնության են առել այդ ժողովուրդների աղջիկներից:+ Այդպիսով սուրբ ժողովուրդը*+ խառնակվել է այս տարածքի ժողովուրդների հետ,+ ընդ որում՝ այդ անհավատարմության մեջ առաջինը իշխաններն ու փոխկառավարիչներն են եղել»:

3 Դա լսելով՝ ես պատռեցի հագուստս, մազերս ու մորուքս փետեցի և այդ ամենից ցնցված՝ քարացած նստեցի: 4 Այդպես վշտահար նստած մնացի մինչև երեկոյան հացի ընծայի մատուցվելը,+ իսկ այդ ընթացքում շուրջս հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր ակնածանքով* էին վերաբերվում Իսրայելի Աստծու խոսքերին և մտահոգված էին գերությունից վերադարձած ժողովրդի անհավատարմության պատճառով:

5 Իսկ երբ հասավ երեկոյան հացի ընծայի ժամանակը,+ ես վեր կացա այն տեղից, որտեղ նստած սուգ էի անում: Ապա, պատառոտված հագուստը հագիս, ծնկի եկա ու ձեռքերս դեպի վեր տարածելով՝ աղոթեցի իմ Աստված Եհովային: 6 Ես ասացի. «Ո՜վ իմ Աստված, ամոթից չգիտեմ՝ ինչ անել: Չեմ համարձակվում երեսս վեր բարձրացնել դեպի քեզ, ո՜վ իմ Աստված, քանի որ ոտքից գլուխ թաղված ենք մեր հանցանքների մեջ, մեր մեղքերը մինչև երկինք են հասել:+ 7 Մեր նախահայրերի օրերից մինչև հիմա կռացած ենք մեր բազում մեղքերի ծանրության տակ:+ Մեր հանցանքների պատճառով մենք, մեր թագավորներն ու քահանաները այլ երկրների թագավորների ձեռքն ենք տրվել, սրի,+ գերության,+ թալանի+ ու խայտառակության ենք մատնվել և մինչև օրս էլ այդ վիճակում ենք:+ 8 Բայց հիմա դու, ո՜վ մեր Աստված Եհովա, մի ակնթարթ բարեհաճություն ես դրսևորել մեր հանդեպ՝ թույլ ես տվել, որ մեր ժողովրդից վերապրողներ լինեն, և մեզ ապահով հանգրվան ես տվել քո սուրբ վայրում,+ որ մեր աչքերը փայլեն ուրախությունից, և որ գեթ մի փոքր կենդանություն տաս ստրկության մեջ եղողներիս, ո՜վ մեր Աստված: 9 Թեև մենք ստրուկներ ենք,+ բայց դու, մեր Աստվա՜ծ, մեզ չես լքել մեր ստրկության մեջ, այլ մեր հանդեպ հավատարիմ սեր ես դրսևորել՝ Պարսկաստանի թագավորների բարեհաճությունը շնորհելով մեզ:+ Կենդանություն ես տվել մեզ, ո՜վ մեր Աստված, որ վերակառուցենք քո տունը+ և ավերակներից վեր բարձրացնենք այն, դու պաշտպանության պարիսպ* ես տվել մեզ Հուդայում ու Երուսաղեմում:

10 Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, էլ ի՞նչ կարող ենք ասել այս ամենից հետո: Մենք անտեսել ենք քո պատվիրանները, 11 որ տվել ես քո ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով. «Այն երկիրը, որին պատրաստվում եք տիրանալ, պղծվել է այդ տարածքի ժողովուրդների անմաքրության պատճառով: Նրանք պղծել են երկիրը՝ ծայրից ծայր լցնելով այն իրենց գարշելի սովորույթներով:+ 12 Ձեր աղջիկներին նրանց որդիներին կնության չտաք և նրանց աղջիկներին ձեր որդիների համար հարս չբերեք:+ Երբեք նրանց խաղաղությանն ու բարգավաճմանը չնպաստեք,+ որպեսզի հզորանաք ու օգտվեք այդ երկրի բարիքներից, և այն ընդմիշտ ձեր ու ձեր որդիների սեփականությունը դառնա»: 13 Այն ամենից հետո, ինչ եկավ մեր գլխին մեր վատ գործերի և բազմաթիվ մեղքերի պատճառով (թեև դու, ո՜վ մեր Աստված, մեր հանցանքներին արժանի պատիժ չես տվել մեզ+ և այստեղ եկածներիս փրկություն ես շնորհել),+ 14 ինչպե՞ս ենք հիմա նորից խախտում քո պատվիրանները և ամուսնական կապեր հաստատում գարշելի բաներ անող այդ ժողովուրդների մարդկանց հետ:+ Չէ՞ որ դու այնպիսի ցասումով կլցվես մեր հանդեպ, որ իսպառ կոչնչացնես մեզ, ու ոչ ոք կենդանի չի մնա, վերապրող չի լինի: 15 Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, դու արդար ես,+ դու թույլ ես տվել, որ մեզնից վերապրողներ լինեն առայսօր: Եվ ահա մենք՝ հանցավորներս, քո առաջ ենք, թեև մեր արածներից հետո իրավունք չունենք քո առաջ կանգնելու»:+

10 Մինչ Եզրասը, ճշմարիտ Աստծու տան առաջ ծնկի եկած ու մինչև գետին խոնարհված, լացելով աղոթում էր+ և խոստովանում ժողովրդի մեղքերը, իսրայելացի տղամարդկանց, կանանց ու երեխաների մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը. բոլորը դառնագին լաց էին լինում: 2 Այդ ժամանակ Էլամի սերնդից+ Հեիելի+ որդի Սեքենիան Եզրասին ասաց. «Այս տարածքի ժողովուրդներից մեզ համար կին առնելով՝ անհավատարիմ ենք գտնվել մեր Աստծու հանդեպ:+ Այդուհանդերձ, Իսրայելի համար դեռ հույս կա: 3 Հիմա թող ամենքս մեր Աստծուն երդում տանք,*+ որ բոլոր այդ կանանց իրենցից ծնված երեխաների հետ միասին իրենց ժողովուրդների մոտ կուղարկենք, որպեսզի ամեն բան լինի համաձայն այն առաջնորդության, որ տալիս են Եհովան ու նրա պատվիրաններին ակնածանքով վերաբերվողները:+ Եկեք ամեն ինչ անենք ըստ Օրենքի: 4 Հիմա վե՛ր կաց. սա քո պատասխանատվությունն է, իսկ մենք կաջակցենք քեզ: Վճռակա՛մ եղիր ու գործի՛ անցիր»:

5 Եզրասը ոտքի ելավ և քահանաների գլխավորներին, ղևտացիներին ու ողջ Իսրայելին երդվել տվեց, որ կվարվեն ասվածի համաձայն:+ Եվ նրանք երդվեցին: 6 Եզրասը, որ կանգնած էր ճշմարիտ Աստծու տան առաջ, գնաց տաճարի այն սենյակը,* որը Ելիասիբի որդի Հովհանանինն էր: Նա գնաց այնտեղ, բայց ո՛չ հաց կերավ, ո՛չ էլ ջուր խմեց, քանի որ դեռ սգի մեջ էր գերությունից վերադարձածների անհավատարմության պատճառով:+

7 Այնուհետև Երուսաղեմում և ողջ Հուդայում հայտարարվեց, որ գերությունից վերադարձած բոլոր մարդիկ հավաքվեն Երուսաղեմում: 8 Իշխանների ու երեցների վճռի համաձայն, եթե որևէ մեկը երեք օրվա ընթացքում չգար, նրա ողջ ունեցվածքը պետք է բռնագրավվեր, իսկ նա պետք է հեռացվեր գերությունից վերադարձածների ժողովից:+ 9 Ուստի Հուդայի և Բենիամինի բոլոր տղամարդիկ երեք օրվա ընթացքում հավաքվեցին Երուսաղեմում: Իններորդ ամսվա 20-րդ օրը բոլորը նստած էին ճշմարիտ Աստծու տան գավիթում:* Նրանք հորդ անձրևի տակ դողում էին ցրտից ու այդ հարցի հետ կապված տագնապներից:

10 Եվ ահա Եզրաս քահանան ոտքի ելավ ու ասաց. «Դուք անհավատարիմ եք գտնվել՝ օտարազգի կանանց հետ ամուսնանալով,+ և այդպես ավելի եք ծանրացրել Իսրայելի մեղքը: 11 Հիմա խոստովանեք ձեր մեղքերը ձեր նախահայրերի Աստված Եհովային և կատարեք նրա կամքը: Զատվեք այս երկրի ժողովուրդներից և բաժանվեք ձեր օտարազգի կանանցից»:+ 12 Այդ ժամանակ բոլոր հավաքվածները բարձր ձայնով պատասխանեցին. «Մեր պարտքն է անել ճիշտ այնպես, ինչպես ասացիր: 13 Սակայն մենք շատ ենք, հիմա էլ անձրևային եղանակներ են, ու հնարավոր չէ դրսում կանգնել: Այս հարցն էլ մեկ կամ երկու օրվա բան չէ, քանի որ շատերս ենք ներգրավված այս հանցանքի մեջ: 14 Խնդրում ենք, թող մեր իշխանները լինեն մեր ներկայացուցիչները և զբաղվեն ամենքիս գործով:+ Իսկ օտարազգի կանանց հետ ամուսնացած յուրաքանչյուր տղամարդ թող իր համար նշանակված ժամանակ ներկայանա իր քաղաքի երեցների ու դատավորների հետ, մինչև որ այս հարցը լուծվի, և մեր Աստծու բորբոքված բարկությունն անցնի»:

15 Դրան դեմ էին Ասայելի որդի Հովնաթանն ու Թեկուայի որդի Հազիան, և ղևտացիներ Մեսուլամն ու Սաբեթան+ համակարծիք էին նրանց հետ: 16 Բայց գերությունից վերադարձածներն արեցին այնպես, ինչպես որոշվեց: Տասներորդ ամսվա առաջին օրը Եզրաս քահանան և նահապետական տների գլուխները, որոնք անուն առ անուն նշված էին, առանձին հավաքվեցին այս հարցը քննելու: 17 Առաջին ամսվա առաջին օրը նրանք արդեն ավարտել էին օտարազգի կանանց հետ ամուսնացած բոլոր տղամարդկանց գործերի քննությունը: 18 Պարզվել էր, որ քահանաներից* ոմանք էլ էին օտարազգի կանանց հետ ամուսնացել.+ Հովսեդեկի որդի Հեսուայի+ որդիներից և եղբայրներից՝ Մաասիան, Եղիեզերը, Հարիբը և Գոդողիան: 19 Բայց նրանք խոստացան,* որ հետ կուղարկեն իրենց կանանց, և ամեն մեկն իր հանցանքի համար մեկ արու ոչխար կմատուցի:+

20 Մեղք գործած մյուս քահանաներն էին՝ Եմմերի+ սերնդից՝ Հանանին ու Զաբադիան, 21 Հարիմի+ սերնդից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեիելն ու Օզիան, 22 և Փասուրի սերնդից՝+ Ելիոենան, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հոզաբադն ու Ելեասան: 23 Ղևտացիներից մեղք գործածներն էին Հոզաբադը, Սեմեին, Կոլիան (այսինքն՝ Կոլիտան), Փեթայիան, Հուդան և Եղիեզերը, 24 երգիչներից՝ Ելիասիբը, դռնապաններից՝ Սեղումը, Տելեմը և Ուրին:

25 Մյուս իսրայելացիներից մեղք գործածներն էին՝ Փարոսի սերնդից՝+ Ռամիան, Եզիան, Մելքիան, Միամինը, Եղիազարը, Մելքիան ու Բանեան, 26 Էլամի սերնդից՝+ Մաթանիան, Զաքարիան, Հեիելը,+ Աբդին, Հերեմոթն ու Եղիան, 27 Զաթուի սերնդից՝+ Ելիոենան, Ելիասիբը, Մաթանիան, Հերեմոթը, Զաբադն ու Ազիզան, 28 Բեբայիի սերնդից՝+ Հովհանանը, Հանանիան, Զաբբան ու Աթալին, 29 Բանիի սերնդից՝ Մեսուլամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաալն ու Հերեմոթը, 30 Փաաթ-Մովաբի սերնդից՝+ Եդնան, Քալելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին ու Մանասեն, 31 Հարիմի սերնդից՝+ Եղիեզերը, Եսյան, Մելքիան,+ Սեմայիան, Շմավոնը, 32 Բենիամինը, Մալուքն ու Սեմարիան, 33 Հասումի+ սերնդից՝ Մաթանան, Մատաթան, Զաբադը, Ելիֆալետը, Հերեմին, Մանասեն ու Սեմեին, 34 Բանիի սերնդից՝ Մաադան, Ամրամը, Ուելը, 35 Բանեան, Բադայիան, Քելուհան, 36 Վանիան, Մերամոթը, Ելիասիբը, 37 Մաթանիան, Մաթանան ու Հաասուն, 38 Բանուիի սերնդից՝ Սեմեին, 39 Սելեմիան, Նաթանը, Ադայիան, 40 Մաքնադբան, Սասային, Սարային, 41 Ազարիելը, Սելեմիան, Սեմարիան, 42 Սեղումը, Ամարիան ու Հովսեփը, 43 Նաբավի սերնդից՝* Հեյելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելն ու Բանեան: 44 Այս բոլոր մարդիկ ամուսնացել էին օտարազգի կանանց հետ:+ Նրանք ուղարկեցին իրենց կանանց նրանց ծնած զավակների հետ, որ ամեն մեկը վերադառնա իր ժողովրդի մոտ:+

Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի վրա իշխելու առաջին տարվա մասին է:

Բռց.՝ «արթնացրեց Կյուրոսի ոգին»:

Բառարանում տես «Երկնքի Աստված»:

Կամ հնարավոր է՝ «ով Երուսաղեմում է»:

Կամ՝ «ապրում որպես պանդուխտ»:

Բռց.՝ «իր տեղանքի մարդիկ»:

Բռց.՝ «ում ոգին Աստված արթնացրեց»:

Բռց.՝ «զորացրին նրանց ձեռքերը»:

Հավանաբար, խոսքը 2:2 և 3:8 համարներում հիշատակված Զորաբաբելի մասին է:

Հնարավոր է՝ խոսքը Բաբելոնի կամ Հուդայի մարզի մասին է:

Այս գլխում «որդիներ» բառը կարող է վերաբերել նաև սերունդներին:

Նեեմիա 7:15-ում՝ Բանուի:

Կամ հնարավոր է՝ «Ատերից սերած Եզեկիայի»:

Նեեմիա 7:24-ում՝ Արիֆ:

Նեեմիա 7:25-ում՝ Գաբաոն:

Կամ հնարավոր է՝ «Գիբարի բնակիչները»:

Կամ հնարավոր է՝ «Մակեբիսի որդիները»:

Կամ հնարավոր է՝ «Սենաայի որդիները»:

Բռց.՝ «Դռնապանների որդիները»:

Կամ՝ «Նաթանայիմներից»: Բռց.՝ «Տրվածներից»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Կամ՝ «նրանք՝ որպես անմաքուրներ, հեռացվեցին քահանայական ծառայությունից»:

Կամ՝ «Թարսաթան», «Աթարսաթան»: Մարզի կառավարչի պարսկական տիտղոս:

Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:

Բռց.՝ «Ժողովի»:

Մոտ 512,4 կգ: Որպես կանոն, դրախման հավասար էր պարսկական ոսկե դարիկին, որը կշռում էր մոտ 8,4 գ: Սա Հուն. Գրվածքներում հիշատակված դրախման չէ: Տես հավելված Բ14:

Մոտ 2,9 տ: Եբր. Գրվածքներում հիշատակված մնասը կշռում էր մոտ 570 գ: Սա Հուն. Գրվածքներում հիշատակված մնասը չէ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «Իսրայելի որդիները»:

Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:

2:40-ում՝ Օդավիա, Նեեմիա 7:43-ում՝ Օդևա:

Բռց.՝ «փնտրում»:

Բռց.՝ «թուլացնում էին ձեռքերը»:

Հնարավոր է՝ խոսքը Կամբյուսես II-ի մասին է:

Սա Եզրաս 6-8-րդ գլուխներում հիշատակված Արտաքսերքսեսը չէ:

Կամ հնարավոր է՝ «գրվեց արամերենով և հետո թարգմանվեց»:

Այս համարից մինչև 6:18-ը բնագրային տեքստը գրվել է արամերենով:

Կամ՝ «Շուշանի», «Շոշի»:

Այսինքն՝ Աշուրբանիպալը:

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:

Բռց.՝ «պալատի աղն ենք ուտում»:

Բռց.՝ «քո նախնիների»:

Բռց.՝ «քեզ համար բաժին չի լինի»:

Կամ հնարավոր է՝ «թարգմանվեց ու կարդացվեց»:

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:

Կամ՝ «տեղադրեք այս հեծանները»:

Կամ՝ «տեղադրեք այս հեծանները»:

Ըստ ամենայնի, Պարսկաստանի թագավոր Կյուրոսը այս տիտղոսը վերցրեց Բաբելոնը նվաճելուց հետո:

Հավանաբար, խոսքը 2:2 և 3:8 համարներում հիշատակված Զորաբաբելի մասին է:

Կամ՝ «գլանաձև ձեռագիր»:

Մոտ 26,7 մ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:

Կամ հնարավոր է՝ «աղբանոց», «գոմաղբ լցնելու տեղ»:

Այսինքն՝ Արտաքսերքսես I-ի:

Տես հավելված Բ15:

Կամ՝ «նվիրումը»:

Բռց.՝ «փնտրեն»:

Սա պարսից Դարեհ I-ին տրված տիտղոս էր, ով այդ ժամանակ իշխում էր նախկին Ասորեստանյան կայսրության տարածքում:

Բռց.՝ «զորացնի նրանց ձեռքերը»:

Նշանակում է «օգնություն»:

Կամ՝ «դպիր»:

Կամ՝ «Նա Մովսեսի օրենքի հմուտ գրագիր էր»:

Բռց.՝ «նրա Աստված Եհովայի ձեռքը նրա վրա էր»:

Կամ՝ «նաթանայիմներից»: Բռց.՝ «տրվածներից»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Բռց.՝ «նրա Աստծու բարի ձեռքը նրա վրա էր»:

Կամ՝ «իր սրտում վճռել էր»:

Այս համարից մինչև 7:26-ը բնագրային տեքստը գրվել է արամերենով:

Բռց.՝ «քո ձեռքին է»:

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:

Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:

Մոտ 22 000 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 2 200 լ: Տես հավելված Բ14:

Արտաքսերքսես I:

Այս և հաջորդ համարներում՝ բռց.՝ «որդիներից»:

Այս անունով էր կոչվում և՛ գետը, և՛ մոտակա տեղանքը:

Բռց.՝ «եղբայրներին»:

Կամ՝ «նաթանայիմներին»: Բռց.՝ «տրվածներին»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Բռց.՝ «Քանի որ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա էր»:

Բռց.՝ «Մեր Աստծու ձեռքը բոլոր իրեն փնտրողների վրա է ի բարին»:

Մոտ 22,2 տ: Տես հավելված Բ14:

Մոտ 68,4 կգ:

Մոտ 3,4 տ:

Պարսկական ոսկե մետաղադրամ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «ճաշասրահներում»:

Այս տիտղոսը նշանակում է «թագավորության պահապան»: Այստեղ այն վերաբերում է Պարսկական կայսրության մարզերի կառավարիչներին:

Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:

Կամ՝ «սերունդը»:

Կամ՝ «խորին հարգանքով»:

Բռց.՝ «քարե պարիսպ»:

Բռց.՝ «մեր Աստծու հետ ուխտ կապենք»:

Կամ՝ «ճաշասրահը»:

Այսինքն՝ ցանկապատված բակում: Բառարանում տես «Գավիթ»:

Բռց.՝ «քահանաների որդիներից»:

Բռց.՝ «տվեցին իրենց ձեռքերը»:

Կամ հնարավոր է՝ «Նաբավի բնակիչներից»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը