ԵՍԹԵՐ
1 Ասուերոսի* իշխանության օրերն էին (այն Ասուերոսի, որի տերությունը ձգվում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա* և ընդգրկում էր 127 մարզ):+ 2 Երբ նա գտնվում էր իր արքայական նստավայրում՝ Շուշանի*+ ամրոցում,* 3 խնջույք կազմակերպեց իր բոլոր իշխանների և ծառաների համար: Դա իր իշխանության երրորդ տարում էր: Հավաքվեցին Պարսկաստանի+ ու Մարաստանի+ զորահրամանատարները, ազնվականներն ու մարզերի իշխանները, 4 և Ասուերոսը նրանց ցույց տվեց իր փառահեղ թագավորության հարստությունը, ճոխությունը և իր մեծափառությունը: Այդ ամենը նա ցույց տվեց օրեր շարունակ՝ 180 օր: 5 Այնուհետև թագավորական պալատի բակ-պարտեզում յոթնօրյա խնջույք արեց Շուշանի ամրոցում գտնվող բոլոր մարդկանց համար՝ թե՛ մեծամեծների, թե՛ հասարակ մարդկանց: 6 Բակ-պարտեզը զարդարված էր կտավից, բարձրորակ բամբակից ու կապույտ մանվածքից պատրաստված վարագույրներով, որոնք նրբահյուս ժապավեններով և մանուշակագույն բրդյա պարաններով կապված էին մարմարե սյուների վրա ամրացված արծաթե օղակներին: Ծիրանաքարով, սադափով, սպիտակ մարմարով ու սև մարմարով սալահատակված գետնին դրված էին ոսկե և արծաթե թախտեր:
7 Արքայական գինին մատուցվում էր ոսկե գավաթներով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի էր: Գինին մատուցվում էր թագավորին վայել առատությամբ: 8 Խմելու վերաբերյալ թագավորը կանոն էր սահմանել, որ ոչ ոքի ոչինչ չպետք է պարտադրվի,* և իր պալատականներին կարգադրել էր, որ բոլորին թույլ տան վարվել իրենց ուզածի պես:
9 Վաշթի+ թագուհին էլ Ասուերոս թագավորի պալատական շինության մեջ կանանց համար էր խնջույք կազմակերպել:
10 Յոթերորդ օրը, երբ գինի խմելուց հետո թագավորը զվարթ տրամադրության մեջ էր, նա անձամբ իրեն սպասարկող յոթ պալատականներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային,+ Բիգթային, Աբագթային, Զեթարին ու Քարքասին, պատվիրեց, 11 որ Վաշթի թագուհուն՝ արքայական գլխադիրը* գլխին, բերեն թագավորի առաջ, որպեսզի տարբեր ազգերի մարդկանց ու իշխաններին ցույց տա նրա գեղեցկությունը, քանի որ նա շատ գեղեցիկ էր: 12 Բայց Վաշթի թագուհին համառորեն հրաժարվում էր ներկայանալ՝ դեմ գնալով պալատականների միջոցով հաղորդված թագավորական հրամանին: Ուստի թագավորը խիստ բարկացավ ու ցասումով լցվեց:
13 Թագավորը խոսեց իր իմաստունների հետ, ովքեր քաջածանոթ էին անցյալում եղած նման նախադեպերին* (թագավորը ամեն հարցում խորհրդակցում էր օրենքից ու իրավական հարցերից լավատեղյակ մարդկանց հետ, 14 ու նրա ամենամտերիմ խորհրդականներն էին Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ Պարսկաստանի ու Մարաստանի յոթ իշխանները,+ որոնք ելումուտ ունեին թագավորի մոտ և տերության մեջ ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնում): 15 Թագավորը հարցրեց. «Ըստ օրենքի՝ ինչպե՞ս է հարկավոր վարվել Վաշթի թագուհու հետ, ով չի հնազանդվել այն հրամանին, որը ես՝ Ասուերոս թագավորս, հաղորդել եմ պալատականներիս միջոցով»:
16 Մեմուքանը թագավորի և իշխանների առաջ ասաց. «Վաշթի թագուհին ոչ միայն Ասուերոս թագավորի դեմ է հանցանք գործել,+ այլև նրա տերության բոլոր մարզերի իշխանների ու ժողովուրդների դեմ: 17 Բոլոր կանայք կիմանան թագուհու արարքի մասին, ու իրենք էլ կսկսեն արհամարհել իրենց ամուսիններին՝ ասելով. «Ասուերոս թագավորը հրամայեց, որ Վաշթի թագուհուն բերեն իր մոտ, բայց նա չգնաց»: 18 Եվ այսօրվանից Պարսկաստանի ու Մարաստանի իշխանների կանայք էլ, լսելով թագուհու արարքի մասին, նույն ձևով կպատասխանեն իրենց ամուսիններին, և ամենուրեք անհարգալից վերաբերմունք ու զայրույթի պոռթկումներ կլինեն: 19 Ուստի եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրաման արձակվի և ամրագրվի Պարսկաստանի ու Մարաստանի անբեկանելի օրենքներում,+ որ Վաշթին այլևս երբեք չի կարող ներկայանալ Ասուերոս թագավորին, և թող թագավորը նրա փոխարեն թագուհի դարձնի նրանից ավելի լավ մեկին: 20 Երբ թագավորի այդ հրամանը հայտնի դառնա նրա լայնածավալ տերության ամեն անկյունում, բոլորի կանայք՝ թե՛ մեծամեծների, թե՛ հասարակ մարդկանց, կպատվեն իրենց ամուսիններին»:
21 Մեմուքանի առաջարկը դուր եկավ թագավորին ու իշխաններին, և թագավորը հենց այդպես էլ արեց: 22 Նա նամակներ ուղարկեց բոլոր մարզեր,+ ամեն մարզին ու ժողովրդին՝ իր լեզվով ու գրով, որոնցում ասվում էր, որ տան գլուխը* ամուսինը պետք է լինի, և տնեցիները պետք է խոսեն նրա մայրենի լեզվով:
2 Որոշ ժամանակ անց, երբ Ասուերոս+ թագավորի բարկությունն արդեն հանդարտվել էր, նա նորից անդրադարձավ Վաշթիի արածին+ ու նրա դեմ կայացված որոշմանը:+ 2 Այդ ժամանակ թագավորի անձնական սպասավորները ասացին նրան. «Հարկավոր է թագավորի համար փնտրել երիտասարդ, գեղեցիկ կույսերի: 3 Թող թագավորը հանձնակատարներ նշանակի իր տերության բոլոր մարզերում,+ որ հավաքեն բոլոր երիտասարդ, գեղեցիկ կույսերին ու բերեն Շուշանի ամրոց: Թող նրանք մնան հարեմում՝* թագավորի ներքինի* ու կանանց պահապան Հեգեի+ հոգածության տակ, և գեղեցկության խնամք* ստանան: 4 Այն օրիորդը, որն ամենաշատը դուր կգա թագավորին, կփոխարինի Վաշթիին ու կդառնա թագուհի»:+ Առաջարկը դուր եկավ թագավորին, և նա հենց այդպես էլ արեց:
5 Շուշանի+ ամրոցում ծառայում էր Մուրթքե+ անունով մի հրեա, որը Բենիամինյան+ Կիսի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին էր: 6 Նա* այն մարդկանց թվում էր, ովքեր Հուդայի թագավոր Հեքոնիայի*+ հետ միասին Երուսաղեմից գերեվարվել էին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից: 7 Մուրթքեն իր հորեղբոր աղջկա՝ Ադասսայի՝* Եսթերի խնամակալն էր,+ քանի որ նա ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր: Եսթերի հոր ու մոր մահից հետո Մուրթքեն որդեգրել էր նրան: Աղջիկը բարեկազմ էր ու հմայիչ: 8 Երբ հայտարարվեց թագավորի հրամանն ու օրենքը, շատ երիտասարդ աղջիկների հավաքեցին Շուշանի ամրոցում՝ թագավորի պալատում,* և հանձնեցին Հեգեի հոգածությանը:+ Նրանց թվում էր նաև Եսթերը:
9 Աղջիկը դուր եկավ Հեգեին և արժանացավ նրա բարեհաճությանը,* ուստի Հեգեն շտապ միջոցներ ձեռնարկեց, որ նա գեղեցկության խնամք* ստանա,+ հոգ տարավ նրա սննդակարգի մասին և թագավորի պալատից յոթ սպասուհիների նշանակեց, որ ծառայեն նրան: Հեգեն Եսթերին ու նրա սպասուհիներին տեղափոխեց հարեմի ամենալավ տեղը: 10 Եսթերը ոչ ոքի ոչինչ չասաց իր ժողովրդի+ և ազգականների մասին, քանի որ Մուրթքեն+ այդպես էր պատվիրել:+ 11 Ամեն օր Մուրթքեն գնում-գալիս էր հարեմի նախամուտքի առջևով, որ իմանա, թե ինչպես է Եսթերը, ինչ տեղեկություն կա նրա մասին:
12 Նշանակված 12-ամսյա խնամքը ստանալուց հետո յուրաքանչյուր աղջիկ սահմանված հերթակարգով ներկայանում էր Ասուերոս թագավորին: Նրանց գեղեցկության խնամքը ներառում էր վեցամսյա մերսումներ զմուռսի յուղով+ ու վեցամսյա մերսումներ բալասանի յուղով+ և այլ քսուքներով: 13 Այդ ամենից հետո երիտասարդ աղջիկը պատրաստ էր ներկայանալու թագավորին: Հարեմից թագավորի պալատ գնալիս նրան տալիս էին, ինչ էլ որ խնդրեր: 14 Երեկոյան նա մտնում էր թագավորի մոտ, իսկ առավոտյան գնում էր երկրորդ հարեմ,* որը գտնվում էր թագավորի ներքինի+ և հարճերի պահապան Սաասգազի հոգածության տակ: Աղջիկն այլևս չէր գնում թագավորի մոտ. կգնար միայն այն դեպքում, եթե արժանանար թագավորի հատուկ համակրանքին, և թագավորը անվանապես կանչեր նրան:+
15 Երբ թագավորին ներկայանալու հերթը հասավ Մուրթքեի հորեղբոր աղջկան՝ Աբիհայիլի դուստր Եսթերին, որին Մուրթքեն որդեգրել էր,+ նա խնդրեց միայն այն, ինչ խորհուրդ էր տվել թագավորի ներքինի և կանանց պահապան Հեգեն: (Այդ ողջ ընթացքում Եսթերը շահել էր բոլոր իրեն տեսնողների համակրանքը): 16 Ասուերոս թագավորի իշխանության յոթերորդ տարվա+ տասներորդ ամիսն էր՝ թեբեթ* ամիսը, երբ Եսթերին տարան թագավորի մոտ՝ պալատ: 17 Թագավորը Եսթերին իր բոլոր կանանցից շատ սիրեց, և Եսթերն արժանացավ նրա համակրանքին ու բարեհաճությանը* առավել, քան մյուս բոլոր կույսերը: Թագավորը նրա գլխին դրեց արքայական գլխադիրը* և նրան թագուհի+ դարձրեց Վաշթիի+ փոխարեն: 18 Դրանից հետո թագավորը Եսթերի պատվին մեծ խնջույք արեց՝ հրավիրելով իր բոլոր իշխաններին ու ծառաներին: Այնուհետև նա համաներում* հայտարարեց բոլոր մարզերում և արքայավայել առատաձեռնությամբ նվերներ բաժանեց:
19 Երբ երկրորդ անգամ կույսերի*+ հավաքեցին, Մուրթքեն նստած էր իր տեղում՝* պալատի դարպասի մոտ: 20 (Եսթերը ոչ ոքի ոչինչ չէր ասում իր ժողովրդի և ազգականների մասին,+ ինչպես որ Մուրթքեն պատվիրել էր: Նա շարունակում էր անել Մուրթքեի ասածները, ինչպես առաջ էր անում, երբ նրա խնամակալության տակ էր):+
21 Այդ օրերին, երբ Մուրթքեն իր տեղում էր՝ պալատի դարպասի մոտ, թագավորի պալատականներից երկուսը՝ դռնապաններ Բիգթանն ու Թարեսը, բարկությամբ լցված, ծրագրեցին սպանել Ասուերոս թագավորին: 22 Բայց Մուրթքեն իմացավ այդ մասին և անմիջապես հայտնեց Եսթեր թագուհուն: Եսթերն էլ Մուրթքեի անունից խոսեց թագավորի հետ: 23 Գործը քննվեց, ու երբ ամեն ինչ հաստատվեց, այդ երկուսին սյունից կախեցին: Այս ամենը թագավորի ներկայությամբ գրի առնվեց այդ ժամանակների պատմության գրքում:+
3 Որոշ ժամանակ անց Ասուերոս թագավորը բարձրացրեց Ագագյան+ Ամադաթայի որդի Համանի+ պաշտոնը և նրան պատվի արժանացրեց՝ մյուս բոլոր իշխանների դիրքից ավելի բարձր դիրք* շնորհելով:+ 2 Թագավորի բոլոր ծառաները, որոնք ծառայում էին պալատի դարպասի մոտ, ծնկի էին գալիս ու մինչև գետին խոնարհվում Համանի առաջ, քանի որ թագավորն այդպես էր հրամայել: Սակայն Մուրթքեն ո՛չ ծնկի էր գալիս, ո՛չ էլ խոնարհվում էր: 3 Ուստի թագավորի ծառաները՝ պալատի դարպասի մոտ ծառայողները, ասացին Մուրթքեին. «Ինչո՞ւ չես ենթարկվում թագավորի հրամանին»: 4 Նրանք ամեն օր նույն բանն էին ասում, բայց Մուրթքեն չէր լսում նրանց՝ ասելով, որ ինքը հրեա է:+ Նրանք այդ մասին տեղեկացրին Համանին, որ պարզեն, թե արդյոք Մուրթքեի պահվածքը հանդուրժելի է:+
5 Տեսնելով, որ Մուրթքեն ծնկի չի գալիս ու չի խոնարհվում իր առաջ՝ Համանը ցասումով լցվեց:+ 6 Նրան ասել էին, թե Մուրթքեն որ ազգից է, ուստի նա համարեց, որ միայն Մուրթքեին սպանելը քիչ է, ու ծրագրեց ոչնչացնել Մուրթքեի ողջ ժողովրդին՝ Ասուերոսի տերության մեջ ապրող բոլոր հրեաներին:
7 Ասուերոս թագավորի իշխանության 12-րդ տարվա+ առաջին ամսում՝ նիսան* ամսում, Համանը պատվիրեց, որ իր առաջ փուր+ (այսինքն՝ վիճակ*) գցվի ամիսն ու օրը որոշելու համար, և այն ընկավ 12-րդ ամսվա՝ ադար* ամսվա վրա:+ 8 Այնուհետև Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Քո տերության բոլոր մարզերի+ ժողովուրդների մեջ ցիրուցան+ եղած մի ժողովուրդ կա, որի օրենքները տարբերվում են մյուս բոլոր ժողովուրդների օրենքներից, և որը չի ենթարկվում թագավորի օրենքներին: Այդ ժողովրդին հանդուրժելը թագավորի շահերից չի բխում: 9 Ուստի եթե թագավորը համաձայն է, թող հրամանագիր արձակվի, որ այդ ժողովուրդը բնաջինջ արվի: Իսկ ես թագավորի պաշտոնյաներին 10 000 տաղանդ* արծաթ կտամ, որ մուծեն թագավորի գանձարան»:*
10 Թագավորը մատից* հանեց իր կնքամատանին+ ու տվեց Ագագյան+ Ամադաթայի որդի Համանին՝+ հրեաների թշնամուն: 11 Ապա ասաց. «Ժողովրդին էլ, արծաթն* էլ քո ձեռքն եմ հանձնում. արա, ինչ ուզում ես»: 12 Եվ այսպես՝ առաջին ամսվա 13-րդ օրը թագավորի գրագիրները*+ կանչվեցին և յուրաքանչյուր մարզի ու ժողովրդի լեզվով ու գրով գրի առան+ Համանի հրամանը՝ ուղղված սատրապներին,* մարզերի կառավարիչներին և տարբեր ժողովուրդների իշխաններին: Այն գրվեց Ասուերոս թագավորի անունից ու կնքվեց թագավորի կնքամատանիով:+
13 Սուրհանդակների միջոցով թագավորի իշխանության տակ եղող բոլոր մարզեր նամակներ ուղարկվեցին, որոնցում գրված էր այդ հրամանը՝ մեկ օրում՝ 12-րդ ամսվա՝ ադար ամսվա 13-րդ օրը,+ սպանել, կոտորել ու բնաջնջել բոլոր հրեաներին՝ թե՛ երիտասարդներին և թե՛ ծերերին, թե՛ կանանց և թե՛ երեխաներին, ու բռնագրավել նրանց ունեցվածքը:+ 14 Նամակներում գրվածը պետք է օրենք դառնար մարզերում ու ազդարարվեր բոլոր ժողովուրդներին, որ բոլորը պատրաստ լինեին այդ օրվան: 15 Թագավորի հրամանով սուրհանդակներն իսկույն ճամփա ընկան:+ Օրենքը հրապարակվեց նաև Շուշանի+ ամրոցում: Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքն իրարանցման մեջ էր:
4 Երբ Մուրթքեն+ իմացավ այդ ամենը,+ պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու իր վրա մոխիր լցրեց: Հետո բարձր ձայնով դառնագին լաց լինելով՝ գնաց քաղաքամեջ: 2 Այդպես նա գնաց մինչև պալատի դարպասը, բայց ներս չմտավ, քանի որ չէր թույլատրվում քուրձ հագած ներս մտնել: 3 Ամեն մարզում,+ որտեղ հայտարարվում էր թագավորի հրամանը, հրեաները մեծ սուգ էին անում, ծոմ էին պահում,+ լացում ու ողբում էին: Շատերը պառկում էին քրձի ու մոխրի վրա:+ 4 Երբ Եսթերի աղախիններն ու ներքինիները եկան և լուր բերեցին նրան, թագուհին խիստ մտահոգվեց: Նա հագուստներ ուղարկեց Մուրթքեին, որ քուրձը հանի և դրանք հագնի, բայց Մուրթքեն հրաժարվեց: 5 Ուստի Եսթերը կանչեց Հաթաքին՝ թագավորի ներքինիներից մեկին, որը նշանակվել էր իրեն ծառայելու, և հրամայեց, որ Մուրթքեից իմանա, թե ինչ է պատահել, և ինչի համար է նա այդպես վարվում:
6 Հաթաքը գնաց Մուրթքեի մոտ՝ քաղաքի հրապարակ, որ պալատի դարպասի դիմաց էր: 7 Մուրթքեն նրան պատմեց ողջ եղելությունը ու նշեց, թե հրեաների ոչնչացման+ համար կոնկրետ որքան փող էր+ Համանը խոստացել մուծել թագավորի գանձարան: 8 Նաև Հաթաքին տվեց հրեաների ոչնչացման հրամանագրի մի օրինակ, որը հրապարակվել էր Շուշանում,+ և ասաց, որ այն ցույց տա Եսթերին, բացատրի ամեն ինչ և ասի նրան,+ որ գնա թագավորի մոտ ու նրանից անձամբ գթասրտություն աղերսի իր ժողովրդի համար:
9 Հաթաքը վերադարձավ ու Եսթերին հաղորդեց Մուրթքեի ասածները: 10 Այդ ժամանակ Եսթերը Հաթաքի միջոցով հետևյալ պատասխանն ուղարկեց Մուրթքեին.+ 11 «Թագավորի ամեն մի ծառա և մարզերի ամեն մի բնակիչ գիտի, որ եթե որևէ տղամարդ կամ կին առանց կանչվելու գնա թագավորի մոտ՝ ներքին բակ,+ ըստ օրենքի՝ նրան ընդամենը մի բան է սպասում՝ մահապատիժ, եթե միայն թագավորը դեպի նա չմեկնի իր ոսկե գավազանը:+ Իսկ ես արդեն 30 օր է՝ չեմ կանչվել թագավորի մոտ»:
12 Երբ Մուրթքեին հայտնեցին Եսթերի խոսքերը, 13 նա այս պատասխանն ուղարկեց Եսթերին. «Մի՛ կարծիր, թե դու մյուս բոլոր հրեաներից ավելի լավ վիճակում ես, ու քեզ կհաջողվի փրկվել, ինչ է թե թագավորի ընտանիքից ես: 14 Եթե հիմա լուռ մնաս, հրեաների օգնությունն ու փրկությունը ուրիշ տեղից կգա,+ իսկ դու և քո հոր տունը կվերանաք: Եվ ո՞վ գիտի, գուցե հենց այսպիսի օրվա համար ես դու թագուհի դարձել»:+
15 Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով. 16 «Գնա, հավաքիր Շուշանում ապրող բոլոր հրեաներին, և ինձ համար ծոմ+ պահեք: Երեք օր+ գիշեր-ցերեկ ոչինչ մի՛ կերեք ու մի՛ խմեք: Ես իմ աղախինների հետ նույնպես ծոմ կպահեմ: Հետո կգնամ թագավորի մոտ, թեև դա դեմ է օրենքին, ու եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ»: 17 Մուրթքեն գնաց և կատարեց Եսթերի բոլոր հրահանգները:
5 Երրորդ օրը+ Եսթերը, թագուհուն վայել կերպով զգեստավորված, կանգնեց պալատի դիմաց՝ ներքին բակում: Այդ ժամանակ թագավորը պալատում նստած էր գահին՝ դեմքով դեպի մուտքը: 2 Տեսնելով բակում կանգնած Եսթեր թագուհուն՝ թագավորը բարյացակամորեն իր ձեռքի ոսկե գավազանը+ մեկնեց դեպի թագուհին: Եսթերը մոտեցավ ու դիպավ գավազանի ծայրին:
3 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, Եսթե՛ր թագուհի, ի՞նչ խնդրանք ունես: Եթե անգամ իմ թագավորության կեսը խնդրես, կտրվի քեզ»: 4 Եսթերը պատասխանեց. «Եթե թագավորին հաճելի է, Համանի+ հետ այսօր համեցեք թագավորի համար իմ կազմակերպած ճաշկերույթին»: 5 Թագավորն էլ իր ծառաներին ասաց. «Համանին ասեք թող շտապ գա, որ կատարվի Եսթերի խնդրանքը»: Այսպիսով՝ թագավորն ու Համանը գնացին Եսթերի կազմակերպած ճաշկերույթին:
6 Որոշ ժամանակ անց՝ գինու մատուցման ժամանակ, թագավորը հարցրեց Եսթերին. «Ի՞նչ է քո խնդրանքը: Ինչ էլ խնդրես, կտրվի քեզ: Ասա՛ ինձ, ի՞նչ ես ցանկանում: Եթե իմ թագավորության կեսն էլ ուզես, կտամ»:+ 7 Եսթերը պատասխանեց. «Ես խնդրում եմ, 8 որ, եթե արժանացել եմ թագավորի բարեհաճությանը, և եթե թագավորը կամենում է կատարել իմ խնդրանքն ու անել իմ ուզածը, վաղն էլ Համանի հետ գաք ձեզ համար իմ կազմակերպած ճաշկերույթին, և վաղը ես թագավորին կհայտնեմ իմ խնդրանքը»:
9 Ճաշկերույթից հետո Համանը ուրախ-զվարթ դուրս եկավ, բայց պալատի դարպասի մոտ տեսնելով Մուրթքեին, որը ո՛չ վեր կացավ նրա առաջ, ո՛չ էլ ահուդողի մեջ ընկավ՝ ցասումով լցվեց:+ 10 Սակայն զսպեց իրեն և տուն գնաց: Հետո մարդ ուղարկեց, որ կանչեն իր ընկերներին ու իր կնոջը՝ Զերեսին:+ 11 Նա սկսեց պարծենալ, որ մեծ հարստություն ունի, շատ որդիներ,+ որ թագավորը բարձրացրել է իր պաշտոնը և մյուս իշխանների և պաշտոնյաների համեմատ ավելի բարձր դիրք է շնորհել իրեն:+
12 Ապա շարունակեց. «Դեռ ավելին՝ Եսթեր թագուհին իր կազմակերպած ճաշկերույթին թագավորի հետ միայն ինձ է կանչել, ուրիշ ոչ ոքի:+ Վաղն էլ եմ հրավիրված ճաշելու թագավորի ու թագուհու հետ:+ 13 Բայց այդ ամենից ոչ մի բավականություն չեմ ստանում, քանի դեռ տեսնում եմ այդ հրեա Մուրթքեին՝ պալատի դարպասի մոտ նստած»: 14 Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր ընկերներն ասացին. «Կարգադրիր, որ 50 կանգուն* բարձրությամբ մի սյուն կանգնեցնեն, և առավոտյան թագավորին խնդրիր, որ Մուրթքեին կախեն դրանից:+ Հետո թագավորի հետ գնա ու վայելիր ճաշկերույթը»: Առաջարկը դուր եկավ Համանին, և նա հրամայեց կանգնեցնել սյունը:
6 Այդ գիշեր թագավորի քունը փախել էր: Նա հրամայեց, որ բերեն այդ ժամանակվա դեպքերի մասին արձանագրությունները+ և կարդան իր համար: 2 Այնտեղ գրված էր, որ Մուրթքեն հայտնել էր թագավորի երկու պալատականների՝ դռնապաններ Բիգթանայի և Թարեսի մասին, որոնք ծրագրել էին սպանել Ասուերոս թագավորին:+ 3 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ պատիվ է տրվել Մուրթքեին, ինչո՞վ է նա պարգևատրվել իր արածի համար»: Թագավորի անձնական սպասավորները պատասխանեցին. «Նրա համար ոչինչ չի արվել»:
4 Որոշ ժամանակ անց թագավորը հարցրեց. «Բակում ո՞վ կա»: Այդ ժամանակ Համանը թագավորի պալատի արտաքին բակում էր:+ Նա եկել էր, որ թագավորի հետ խոսեր իր կանգնեցրած սյունից Մուրթքեին կախելու մասին:+ 5 Սպասավորները պատասխանեցին թագավորին. «Համանն+ է կանգնած բակում»: Թագավորն էլ կարգադրեց. «Ասեք՝ ներս գա»:
6 Երբ Համանը ներս եկավ, թագավորը նրան հարցրեց. «Ի՞նչ պետք է արվի այն մարդու համար, ում թագավորն ուզում է պատվել»: Համանն էլ մտքում ասաց. «Թագավորն, ինձնից բացի, ուրիշ ո՞ւմ պիտի պատվի»:+ 7 Ուստի պատասխանեց. «Եթե թագավորն ուզում է պատվել որևէ մարդու, 8 թող բերել տա արքայական հագուստ,+ որն ինքը թագավորն է հագել, և արքայաշուք գլխանոցով մի ձի, որին թագավորն է հեծնում: 9 Ապա թող թագավորի ամենաանվանի իշխաններից մեկի վերահսկողության ներքո հագուստը հագցնեն այդ մարդուն, ում թագավորն ուզում է պատվել, և նրան նստեցնեն ձիու վրա ու ման տան քաղաքի հրապարակով՝ նրա առջևից բղավելով. «Այսպիսի վերաբերմունքի է արժանանում այն մարդը, որին թագավորն ուզում է պատվել»»:+ 10 Թագավորն էլ անմիջապես ասաց Համանին. «Դե շտապ վերցրու հագուստն ու ձին և ինչ որ ասացիր, արա հրեա Մուրթքեի համար, որը ծառայում է պալատի դարպասի մոտ: Բոլոր ասածներդ կանես, ոչինչ չմոռանաս»:
11 Այսպիսով՝ Համանը տարավ հագուստն ու ձին, Մուրթքեին+ հագցրեց, նստեցրեց ձիու վրա ու ման տվեց քաղաքի հրապարակով՝ նրա առջևից բղավելով. «Այսպիսի վերաբերմունքի է արժանանում այն մարդը, որին թագավորն ուզում է պատվել»: 12 Դրանից հետո Մուրթքեն վերադարձավ պալատի դարպասի մոտ, իսկ Համանն իր տուն շտապեց՝ սրտնեղությունից ու ամոթից գլուխը ծածկած: 13 Նա իր գլխին եկածը պատմեց կնոջը՝ Զերեսին,+ և իր բոլոր ընկերներին՝ խորհրդականներին:* Նրա խորհրդականներն ու կինը ասացին. «Քանի որ Մուրթքեն, որի առաջ սկսել ես ցածրանալ, հրեական ծագում ունի, դու նրա դեմ պայքարում չես հաղթի. քո անկումն անխուսափելի է»:
14 Նրանք դեռ խոսում էին, երբ թագավորի պալատականները եկան և Համանին շտապ տարան Եսթերի կազմակերպած ճաշկերույթին:+
7 Այսպիսով՝ թագավորն ու Համանը+ եկան Եսթեր թագուհու մոտ՝ ճաշկերույթի: 2 Գինին մատուցելու ժամանակ թագավորը կրկին հարցրեց Եսթերին. «Ի՞նչ է քո խնդրանքը, Եսթե՛ր թագուհի: Ինչ էլ խնդրես, կտրվի քեզ: Ասա՛ ինձ, ի՞նչ ես ցանկանում: Եթե իմ թագավորության կեսն էլ ուզես, կտամ»:+ 3 Եսթեր թագուհին պատասխանեց. «Եթե արժանացել եմ քո բարեհաճությանը, ո՛վ թագավոր, և եթե թագավորին հաճելի է, խնդրում եմ, խնայի՛ր կյանքս ու ժողովրդիս:+ 4 Ինձ ու իմ ժողովրդին վաճառել են,+ որ սպանվենք, կոտորվենք և բնաջնջվենք:+ Եթե ստրկության վաճառված լինեինք, կլռեի: Բայց այս աղետը թագավորին էլ վնաս կհասցնի, ուստի չի կարելի նման բան թույլ տալ»:
5 Ասուերոս թագավորը հարցրեց Եսթեր թագուհուն. «Ո՞վ է հանդգնել այդպիսի բան անել, որտե՞ղ է այդ մարդը»: 6 Եսթերը պատասխանեց. «Այդ հակառակորդը, այդ թշնամին այս նենգ Համա՛նն է»:
Թագավորի ու թագուհու խոսքերը լսելով՝ Համանը սարսափահար եղավ: 7 Թագավորը կատաղած դուրս եկավ ու գնաց պալատի պարտեզ: Իսկ Համանը, հասկանալով, որ թագավորը վճռել է պատժել իրեն, սկսեց Եսթեր թագուհուն աղաչել, որ խնայի իր կյանքը: 8 Երբ թագավորը պարտեզից վերադարձավ գինեխումի սրահ, տեսավ, որ Համանն ընկել է Եսթերի թախտին: Թագավորը բղավեց. «Սա հիմա էլ ուզում է թագուհուն բռնաբարե՞լ իմ իսկ տան մեջ»: Հենց որ թագավորի բերանից հնչեցին այս խոսքերը, Համանի երեսը ծածկեցին:* 9 Այդ ժամանակ Արբոնան՝+ թագավորի պալատականներից մեկը, ասաց. «Համանը նաև իր տան մոտ 50 կանգուն* բարձրության մի սյուն է կանգնեցրել Մուրթքեին կախելու համար,+ այն մարդուն, որի հայտնած տեղեկությունը փրկել է թագավորի կյանքը»:+ Թագավորն ասաց. «Հենց իրեն էլ կախե՛ք այդ սյունից»: 10 Համանին կախեցին այն սյունից, որը նա Մուրթքեի համար էր պատրաստել: Եվ այդպես թագավորի ցասումը հանդարտվեց:
8 Այդ օրը Ասուերոս թագավորը հրեաների+ թշնամու՝ Համանի+ ողջ ունեցվածքը տվեց Եսթեր թագուհուն: Հետո Մուրթքեն ներկայացավ թագավորին, քանի որ Եսթերը թագավորին պատմել էր, որ նա իր ազգականն է:+ 2 Թագավորը հանեց իր կնքամատանին,+ որը հետ էր վերցրել Համանից, և տվեց Մուրթքեին: Եսթերն էլ Մուրթքեի վերահսկողությանը հանձնեց Համանի ողջ ունեցվածքը:+
3 Եսթերը կրկին դիմեց թագավորին, նրա ոտքերն ընկավ և լաց լինելով աղերսեց, որ նա չեզոքացնի Ագագյան Համանի պատճառած վնասը և խափանի հրեաների դեմ նրա կազմած ծրագիրը:+ 4 Թագավորը դեպի Եսթերը մեկնեց ոսկե գավազանը,+ և Եսթերը վեր կացավ ու կանգնեց թագավորի առաջ: 5 Ապա ասաց. «Եթե ես արժանացել եմ թագավորի բարեհաճությանը և հաճելի եմ նրա աչքին, եթե թագավորը համաձայն է ու ճիշտ է համարում, թող հրամանագիր արձակվի, որ անվավեր դարձվեն Ագագյան+ Ամադաթայի որդու՝ այդ դավադիր Համանի նամակները,+ որոնք նա գրել էր՝ նպատակ ունենալով բնաջնջել թագավորի տերության բոլոր մարզերում ապրող հրեաներին: 6 Ես չեմ կարող նայել, թե ինչպես է աղետը վրա հասնում իմ ժողովրդին, և ինչպես են կործանվում իմ ազգականները»:
7 Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Հրեաների վրա հարձակում ծրագրելու* համար ես Համանին կախել տվեցի սյունից,+ նրա ունեցվածքն էլ Եսթերին հանձնեցի:+ 8 Քանի որ թագավորի անունից գրված և թագավորի մատանիով կնքված հրամանագիրը անհնար է անվավեր դարձնել, դուք էլ թագավորի անունից հօգուտ հրեաների գրեք այն, ինչ հարկ կհամարեք, և կնքեք թագավորական կնքամատանիով»:+
9 Ուստի երրորդ ամսվա՝ սիվան* ամսվա 23-րդ օրը թագավորի գրագիրները* կանչվեցին ու գրի առան Մուրթքեի հրամանը՝ ուղղված հրեաներին, ինչպես նաև սատրապներին,+ կառավարիչներին ու Հնդկաստանից Եթովպիա ընկած տարածքի 127 մարզերի իշխաններին,+ յուրաքանչյուր մարզին ու ժողովրդին՝ իր լեզվով ու գրով, հրեաներին էլ՝ իրենց լեզվով ու գրով:
10 Հրամանը Մուրթքեն գրել տվեց Ասուերոս թագավորի անունից, կնքեց նրա կնքամատանիով+ և այդ գրավոր փաստաթղթերը ուղարկեց սուրհանդակների միջոցով: Սուրհանդակները դրանք տարան արագընթաց փոստային ձիերով, որոնց բուծում էին արքունական ծառայությունների համար: 11 Այդ փաստաթղթերով թագավորը բոլոր քաղաքներում ապրող հրեաներին թույլ էր տալիս համախմբվել ու պաշտպանել իրենց կյանքը, սպանել, կոտորել և բնաջնջել ամեն ազգի ու մարզի այն բոլոր զինված մարդկանց, որ կհարձակվեին իրենց վրա, անգամ կանանց ու երեխաներին, և բռնագրավել նրանց ունեցվածքը:+ 12 Դա պետք է արվեր Ասուերոս թագավորի բոլոր մարզերում մեկ օրվա մեջ՝ 12-րդ ամսվա՝ ադար* ամսվա 13-րդ օրը:+ 13 Փաստաթղթում գրվածը պետք է օրենք դառնար ու հրապարակվեր բոլոր մարզերում: Այն պետք է ազդարարվեր ի լուր բոլոր ժողովուրդների, որ հրեաները այդ օրը պատրաստ լինեին պաշտպանվելու իրենց թշնամիներից:+ 14 Եվ սուրհանդակները, արքունական ծառայությունների համար օգտագործվող փոստային արագընթաց ձիերը հեծած, թագավորի հրամանով իսկույն ճանապարհ ընկան: Օրենքը հրապարակվեց նաև Շուշանի+ ամրոցում:
15 Մուրթքեն դուրս եկավ թագավորի մոտից՝ կապույտ ու սպիտակ արքունական հագուստով, գլխին՝ ոսկե շքեղ թագ, հագին՝ բարձրորակ բրդյա կտորից պատրաստված մանուշակագույն* թիկնոց:+ Շուշան քաղաքը լցվեց ուրախության բացականչություններով: 16 Հրեաների համար փրկության* և ուրախության օրեր եկան, և նրանք սկսեցին մեծ հարգանք վայելել: 17 Բոլոր մարզերում և բոլոր քաղաքներում, ուր հասնում էր թագավորի հրամանն ու օրենքը, հրեաները ուրախանում ու ցնծում էին, խնջույք էին անում ու տոնում այդ իրադարձությունը: Այդ երկրի ժողովուրդների միջից շատ մարդիկ իրենք իրենց հրեա+ էին հայտարարում, քանի որ հրեաների հանդեպ վախով էին համակվել:
9 Այսպիսով՝ 12-րդ ամսվա՝ ադար*+ ամսվա 13-րդ օրը, երբ հասավ թագավորի հրամանն ու օրենքը կատարելու ժամանակը՝ այն օրը,+ երբ հրեաների թշնամիները հույս ունեին, թե հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ, ճիշտ հակառակը տեղի ունեցավ. հրեաները հաշվեհարդար տեսան իրենց ատողների հետ:+ 2 Ասուերոս+ թագավորի տերության բոլոր մարզերում հրեաները հավաքվեցին, ամենքն՝ իրենց քաղաքներում, որ կռվեն նրանց դեմ, ովքեր ուզում էին վնասել իրենց, և ոչ ոք չկարողացավ դիմակայել հրեաներին, քանի որ նրանց հանդեպ վախը համակել էր բոլոր ժողովուրդներին:+ 3 Մարզերի բոլոր իշխանները, սատրապները,+ կառավարիչներն ու թագավորի գործավարները աջակցում էին հրեաներին, քանի որ վախենում էին Մուրթքեից: 4 Մուրթքեն ազդեցիկ+ մարդ էր դարձել թագավորի պալատում.* նրա համբավը տարածվում էր բոլոր մարզերում, քանի որ նա գնալով ավելի ու ավելի մեծ հեղինակություն էր վայելում:
5 Հրեաները սրի էին քաշում իրենց բոլոր թշնամիներին, սպանում էին, ոչնչացնում և իրենց ուզածի պես հաշվեհարդար տեսնում իրենց ատողների հետ:+ 6 Շուշանի+ ամրոցում նրանք կոտորեցին 500 մարդու: 7 Սպանեցին նաև Փարսանդաթային, Դալփոնին, Ասփաթային, 8 Փորաթային, Ադալիային, Արիդաթային, 9 Փարմասթային, Արիսային, Արիդային, Վայեզաթային՝ 10 Ամադաթայի որդի Համանի՝ հրեաների+ թշնամու տասը որդիներին: Սակայն այդ բոլոր սպանվածների ունեցվածքը ավար չվերցրին:+
11 Նույն օրը թագավորին զեկուցեցին Շուշանի ամրոցում սպանվածների թիվը:
12 Թագավորն ասաց Եսթեր թագուհուն. «Շուշանի ամրոցում հրեաները սպանել են 500 մարդու և Համանի տասը որդիներին: Ուրեմն մյուս մարզերո՞ւմ ինչքան մարդ սպանած կլինեն:+ Հիմա ասա, է՞լ ինչ խնդրանք ունես: Այն կկատարվի: Ուրիշ ի՞նչ ես ուզում: Քո ուզածը կտրվի քեզ»: 13 Եսթերը պատասխանեց. «Եթե թագավորին հաճելի է,+ թող Շուշանում գտնվող հրեաներին թույլ տրվի, որ վաղն էլ գործեն այսօրվա օրենքով,+ իսկ Համանի տասը որդիների մարմինները թող սյունից կախեն»:+ 14 Թագավորը հրամայեց, որ այդպես արվի, և Շուշանում օրենք հրապարակվեց դրա մասին. Համանի տասը որդիների մարմինները սյունից կախեցին:
15 Այսպիսով՝ Շուշանում ապրող հրեաները ադար+ ամսվա 14-րդ օրն էլ հավաքվեցին և սպանեցին 300 մարդու, սակայն նրանց ունեցվածքը ավար չվերցրին:
16 Տերության այլ մարզերում ապրող մյուս հրեաներն էլ հավաքվեցին ու պաշտպանեցին իրենց կյանքը:+ Նրանք հաշվեհարդար տեսան իրենց թշնամիների՝+ իրենց ատողների հետ՝ սպանելով 75 000 մարդու, սակայն նրանց ունեցվածքը ավար չվերցրին: 17 Դա տեղի ունեցավ ադար ամսվա 13-րդ օրը: 14-րդ օրը նրանք հանգիստ առան և այն դարձրին խնջույքի և ուրախության օր:
18 Այսպիսով՝ Շուշանում ապրող հրեաները հավաքվեցին կռվելու 13-րդ+ ու 14-րդ+ օրերին, 15-րդ օրն էլ հանգիստ առան և այն դարձրին խնջույքի և ուրախության օր: 19 Իսկ Շուշանից դուրս այլ քաղաքներում ապրող հրեաները ուրախության, խնջույքի, տոնախմբության+ և միմյանց մթերաբաժիններ ուղարկելու օր դարձրին+ ադար ամսվա 14-րդ օրը:
20 Մուրթքեն+ գրի առավ այս իրադարձությունները և Ասուերոս թագավորի տերության բոլոր մարզերում՝ թե՛ հեռու, թե՛ մոտ ապրող հրեաներին պաշտոնական նամակներ ուղարկեց: 21 Այդ նամակներում նա կարգադրեց ամեն տարի նշել ադար ամսվա 14-րդ և 15-րդ օրերը, 22 քանի որ այդ օրերին հրեաները, ազատվելով իրենց թշնամիներից, անդորր գտան, և այդ ամսում նրանց վիշտը փոխվեց ուրախության, սուգը՝+ տոնախմբության: Նրանք այդ օրերը պետք է նշեին որպես խնջույքի, ուրախության, միմյանց մթերաբաժիններ ուղարկելու և աղքատներին նվերներ տալու օրեր:
23 Հրեաները ընդունեցին Մուրթքեի հրահանգը և համաձայնվեցին ամեն տարի նշել իրենց արած տոնախմբության օրերը: 24 Այդպես նրանք հիշելու էին, որ Ագագյան+ Ամադաթայի որդի Համանը՝+ իրենց թշնամին, ծրագրել էր ոչնչացնել բոլոր հրեաներին+ և իրենց ահաբեկելու և բնաջնջելու նպատակով պատվիրել էր փուր,+ այսինքն՝ վիճակ գցել: 25 Բայց երբ Եսթերը գնացել էր թագավորի մոտ, վերջինս գրավոր հրաման էր տվել,+ որ հրեաների դեմ Համանի ծրագրած չարիքը+ հենց նրա գլխին բերվի, և Համանին ու նրա որդիների մարմինները կախել էին սյունից:+ 26 Այսպիսով՝ այդ տոնը կոչեցին Փուրիմ, որը «փուր»* բառից է ծագում:+ Համաձայն նամակում գրվածի և ի հիշատակ իրենց տեսածի ու իրենց հետ պատահածի՝ 27 հրեաները պարտավորվեցին, որ իրենք, իրենց սերունդները և իրենց միացած բոլոր մարդիկ+ ամեն տարի՝ սահմանված ժամանակ, անվերապահորեն կնշեն այդ երկու օրերը և ամեն բան կանեն գրվածի համաձայն: 28 Այդ օրերը պետք է հիշվեին ու նշվեին բոլոր սերունդներում, բոլոր տոհմերում, բոլոր մարզերում և բոլոր քաղաքներում: Հրեաները միշտ պետք է նշեին Փուրիմը, և նրանց սերունդները երբեք չպետք է մոռանային այդ օրերը:
29 Աբիհայիլի դուստր Եսթեր թագուհին և հրեա Մուրթքեն իրենց տրված լիազորությամբ ևս մեկ նամակ գրեցին հաստատելու համար Փուրիմի վերաբերյալ հրահանգը: 30 Այդ պաշտոնական նամակի օրինակները, որ պարունակում էին ջերմ և անկեղծ ուղերձ,* ուղարկվեցին Ասուերոսի+ տերության 127 մարզերում+ ապրող բոլոր հրեաներին: 31 Դրանցով հաստատվում էր, որ հրեաները պետք է սահմանված ժամանակ նշեն Փուրիմը, ծոմ+ պահեն ու աղոթեն՝+ համաձայն հրեա Մուրթքեի ու Եսթեր թագուհու կարգադրության,+ և այդպիսով պետք է կատարեն այն պարտավորությունը, որ ստանձնել էին իրենց ու իրենց սերունդների համար:+ 32 Եսթերի հրամանով հաստատվեց Փուրիմին+ առնչվող ամեն բան, և այդ մասին գրվեց պատմական արձանագրությունների գրքում:
10 Ասուերոս թագավորը հարկադիր աշխատանքի դրեց իր տերության հպատակներին՝ թե՛ մայրցամաքային մասում, թե՛ կղզիներում ապրողներին:
2 Թագավորի բոլոր մեծամեծ ձեռքբերումների ու հզորության մասին, ինչպես նաև մանրամասն պատմությունն այն մասին, թե ինչպես նա բարձր դիրք շնորհեց+ Մուրթքեին,+ գրված են Մարաստանի ու Պարսկաստանի+ թագավորների պատմության գրքում:+ 3 Հրեա Մուրթքեն իր դիրքով միայն Ասուերոս թագավորին էր զիջում: Նա հրեաների մեջ ազդեցիկ մարդ էր և իր մեծաթիվ եղբայրության հարգանքն էր վայելում: Նա ամեն բան անում էր ի նպաստ իր ժողովրդի և հոգ էր տանում նրանց բոլոր սերունդների բարօրության համար:
Համարվում է, որ Քսերքսես I-ն է՝ Դարեհ Մեծի (Դարեհ Վշտասպի) որդին:
Կամ՝ «Քուշ»:
Կամ՝ «Շոշի», «Սուզայի»:
Կամ՝ «պալատական համալիրում», «բերդում»:
Այսինքն՝ կարող էին խմել, ինչքան իրենք էին ուզում՝ շատ կամ քիչ:
Կամ՝ «գլխափաթթոցը»:
Կամ՝ «ընթացակարգերին»: Բռց.՝ «ժամանակներին»:
Կամ՝ «տերը»:
Բռց.՝ «կանանց տանը»:
Բառարանում տես «Ներքինի»:
Կամ՝ «մերսումներ»:
Կարող է վերաբերել Կիսին կամ Մուրթքեին:
2Թգ 24:8-ում՝ Հովաքին:
Նշանակում է «մրտենի»:
Բռց.՝ «տանը»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «մերսումներ»:
Բռց.՝ «կանանց երկրորդ տուն»:
Տես հավելված Բ15:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «գլխափաթթոցը»:
Սա կարող է վերաբերել հարկերից, զինծառայությունից կամ բանտից ազատելուն կամ էլ այս բոլորին:
Կամ՝ «երիտասարդ աղջիկների»:
Ըստ ամենայնի, որպես պալատական ծառայող:
Բռց.՝ «գահ»:
Տես հավելված Բ15:
Բառարանում տես «Վիճակ»:
Տես հավելված Բ15:
Մոտ 342 տ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «Իսկ ես 10 000 տաղանդ կմուծեմ թագավորի գանձարան այդ գործն իրականացնողների համար»:
Բռց.՝ «ձեռքից»:
Հնարավոր է՝ խոսքը այն արծաթի մասին է, որ Համանը ավար էր վերցնելու հրեաներից:
Կամ՝ «քարտուղարները»:
Բառարանում տես «Սատրապ»:
Մոտ 22,3 մ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «իմաստուններին»:
Այս գործողությունը խայտառակության և գուցե նաև մահապատժի դատապարտվելու նշան էր:
Մոտ 22,3 մ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «ձեռք բարձրացնելու»:
Տես հավելված Բ15:
Կամ՝ «քարտուղարները»:
Տես հավելված Բ15:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Բռց.՝ «լույսի»:
Տես հավելված Բ15:
Բռց.՝ «տանը»:
Նշանակում է «վիճակ»: Հոգնակի ձևը՝ «փուրիմ», հետագայում դարձավ հրեական կրոնական օրացույցի 12-րդ ամսին նշվող հրեական տոնի անվանումը: Տես հավելված Բ15:
Բռց.՝ «Պաշտոնական նամակներ՝ խաղաղության և ճշմարտության խոսքերով»: