Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Հոբ 1 ։ 1–42 ։ 17
  • Հոբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոբ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Հոբ

ՀՈԲ

1 Հուսի երկրում Հոբ*+ անունով անարատ* և ուղղամիտ+ մի մարդ կար: Նա աստվածավախ էր և հեռու էր մնում չարից:+ 2 Հոբը յոթ որդի ու երեք աղջիկ ուներ: 3 Նա ուներ շատ անասուններ՝ 7 000 ոչխար, 3 000 ուղտ, 1 000 գլուխ* խոշոր եղջերավոր անասուն, 500 էշ:* Նաև բազմաթիվ ծառաների տեր էր: Նա դարձել էր ամենաազդեցիկ մարդը արևելցիների մեջ:

4 Հոբի որդիներից յուրաքանչյուրը իր նշանակած օրը* իր տանը խնջույք էր կազմակերպում: Նրանք իրենց երեք քույրերին էլ էին հրավիրում միասին ուտել-խմելու: 5 Երբ խնջույքների այդ շարքն ավարտվում էր, Հոբը կանչում էր իր զավակներին, որ մաքրագործի* նրանց: Հետո վաղ առավոտյան վեր էր կենում ու նրանց բոլորի թվով ողջակեզ էր մատուցում:+ Նա մտածում էր. «Գուցե որդիներս մեղք են գործել և իրենց սրտում անիծել են Աստծուն»: Հոբը միշտ այդպես էր անում:+

6 Եվ ահա այն օրը, երբ ճշմարիտ Աստծու որդիները*+ ներկայացան Եհովայի առաջ,+ Սատանան+ էլ եկավ ու կանգնեց նրանց մեջ:+

7 Եհովան հարցրեց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»: Սատանան պատասխանեց Եհովային. «Ման էի գալիս երկրի վրա, տեղից տեղ գնում»:+ 8 Եհովան հարցրեց Սատանային. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին: Երկրի վրա նրա նման անարատ, ուղղամիտ,+ աստվածավախ և չարից հեռու մնացող մարդ չկա»: 9 Սատանան պատասխանեց Եհովային. «Ի՞նչ է, Հոբը առանց որևէ շահի՞ է աստվածավախ:+ 10 Չէ՞ որ դու ամեն կողմից պատնեշել ես նրան,+ նրա տունն ու ողջ ունեցածը: Նրա ամեն արածը օրհնել ես,+ նրա հոտերն ու նախիրները տարածվել են երկրով մեկ: 11 Բայց հիմա ձեռքդ մեկնիր ու զրկիր նրան իր ողջ ունեցածից, և նա հաստատ կանիծի քեզ հենց քո աչքի* առաջ»: 12 Այդ ժամանակ Եհովան ասաց Սատանային. «Նրա ողջ ունեցածը քո ձեռքն* եմ հանձնում, միայն թե նրա անձին չդիպչես»: Այսպիսով՝ Սատանան հեռացավ Եհովայի մոտից:+

13 Եվ ահա այն օրը, երբ Հոբի որդիներն ու աղջիկները ուտում-խմում էին իրենց ավագ եղբոր տանը,+ 14 Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Անասունները հերկում էին հողը, էշերն էլ մոտակայքում արածում էին: 15 Հանկարծ սաբայեցիները հարձակվեցին ու տարան բոլորին, ծառաներին էլ սրի քաշեցին: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»:

16 Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կողմից ուղարկված կրակ* իջավ երկնքից, հրդեհ բռնկվեց և ոչնչացրեց ոչխարներին ու ծառաներին: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»:

17 Մինչ այս մեկը խոսում էր, ուրիշը եկավ ու ասաց. «Քաղդեացիների+ երեք ավազակախմբեր հարձակվեցին ու տարան ուղտերին, իսկ ծառաներին սրի քաշեցին: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»:

18 Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Որդիներդ ու աղջիկներդ ուտում-խմում էին իրենց ավագ եղբոր տանը: 19 Հանկարծ անապատի կողմից սաստիկ քամի փչեց և ամեն կողմից այնպես ցնցեց տունը, որ այն փուլ եկավ երիտասարդների վրա, ու նրանք մահացան: Մենակ ես փրկվեցի ու եկա, որ պատմեմ քեզ»:

20 Այդ ամենը լսելով՝ Հոբը վեր կացավ, պատռեց իր հագուստը, կտրեց իր գլխի մազերը և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց 21 ու ասաց.

«Մերկ եմ դուրս եկել մորս որովայնից,

Մերկ էլ կհեռանամ այս կյանքից:*+

Եհովան տվեց,+ Եհովան էլ վերցրեց:

Թող Եհովայի անունը շարունակի գովաբանվել»:

22 Չնայած այն ամենին, ինչ պատահեց Հոբին՝ նա մեղք չգործեց և ոչ մի բանում չմեղադրեց Աստծուն:*

2 Այդ դեպքերից հետո՝ այն օրը, երբ ճշմարիտ Աստծու որդիները*+ ներկայացան Եհովայի առաջ,+ Սատանան էլ եկավ ու կանգնեց նրանց մեջ՝ Եհովայի առաջ:+

2 Եհովան հարցրեց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»: Սատանան պատասխանեց Եհովային. «Ման էի գալիս երկրի վրա, տեղից տեղ գնում»:+ 3 Եհովան հարցրեց Սատանային. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին: Երկրի վրա նրա նման անարատ,* ուղղամիտ,+ աստվածավախ և չարից հեռու մնացող մարդ չկա: Նա հաստատակամորեն ինձ նվիրված է մնում,*+ թեև դու հրահրում ես,+ որ առանց պատճառի կործանեմ նրան»: 4 Բայց Սատանան պատասխանեց Եհովային. «Կաշի՝ հանուն կաշվի փրկության:* Մարդն իր ողջ ունեցածը կտա, միայն թե իր կյանքը* պահպանի: 5 Բայց հիմա ձեռքդ մեկնիր և վնաս հասցրու նրա ոսկրերին ու մարմնին, և նա հաստատ կանիծի քեզ հենց քո աչքի* առաջ»:+

6 Այդ ժամանակ Եհովան ասաց Սատանային. «Նրան քո ձեռքն* եմ հանձնում: Միայն թե նրա կյանքը չխլես»: 7 Այսպիսով՝ Սատանան հեռացավ Եհովայի մոտից ու Հոբին ոտքից գլուխ ցավոտ թարախապալարներով պատուհասեց:+ 8 Հոբը նստել էր մոխրի մեջ և կավի մի բեկոր առած՝ ինքն իրեն քերում էր:+

9 Ի վերջո նրա կինն ասաց նրան. «Դեռ հաստատակամորեն նվիրվա՞ծ ես մնում Աստծուն:* Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր»: 10 Բայց նա ասաց. «Անմիտ կնոջ պես ես խոսում: Ի՞նչ է, ճշմարիտ Աստծուց պետք է միայն բարիքն ընդունենք, իսկ չարիքը չընդունե՞նք»:+ Չնայած այս ամենին՝ Հոբն իր խոսքերով մեղք չգործեց:+

11 Հոբի գլխին եկած փորձանքների մասին լսեցին նրա երեք ընկերները՝* թեմանացի Եղիփազը,+ սովեցի+ Բաղդատը+ և նաամացի Սոֆարը:+ Ամեն մեկն իր բնակավայրից ճանապարհ ընկավ, որ գա: Նրանք պայմանավորվեցին հանդիպել իրար ու միասին գնալ Հոբին ցավակցելու և մխիթարելու: 12 Երբ հեռվից տեսան նրան, չճանաչեցին: Նրանք, բարձրաձայն լաց լինելով, պատռեցին իրենց հագուստը և սկսեցին իրենց գլխավերևում հող շաղ տալ:+ 13 Հետո նստեցին գետնին՝ Հոբի կողքին, և յոթ օր ու յոթ գիշեր նստած մնացին: Այդ ընթացքում ոչ մեկը մի խոսք անգամ չասաց նրան, որովհետև նրանք տեսնում էին, թե որքան ուժգին էր նրա ցավը:+

3 Դրանից հետո Հոբը սկսեց խոսել և անիծել իր ծնված օրը:+ 2 Նա ասաց.

 3 «Կորչի այն օրը, երբ ես ծնվեցի,+

Այն գիշերը, երբ ասացին. «Արու զավակ է լույս աշխարհ եկել»:

 4 Թող այդ օրը խավարի,

Աստծու կողմից մոռացվի,

Թող այդ օրը լույսը չծագի:

 5 Թող ամենաթանձր խավարի* մեջ ընկղմվի,

Անձրևաբեր ամպերով պարուրվի,

Թող ահազդու խավարածին բաները մթագնեն այդ օրվա լույսը:

 6 Թող այդ գիշերը մռայլվի,+

Ի տարբերություն տարվա մյուս օրերի՝ ուրախություն չտեսնի,

Ամիսներից և ոչ մեկի մեջ թող տեղ չգտնի:

 7 Թող այդ գիշերը անպտուղ լինի,

Այդ գիշերվա մեջ ուրախության ճիչ թող չլսվի:

 8 Թող անիծողները այն անիծեն՝

Նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես լևիաթանին*+ արթնացնեն:

 9 Թող մթնշաղի աստղերը խավարեն:

Գիշերը թող ապարդյուն սպասի լույսին,

Թող արևածագի շողերը չտեսնի,

10 Որովհետև մորս արգանդի դռները չփակեց,+

Տառապանք տեսնելուց ինձ հետ չպահեց:

11 Ինչո՞ւ ծնվելիս չմահացա,

Ինչո՞ւ արգանդից դուրս գալիս չմեռա:+

12 Ինչո՞ւ մայրս ինձ իր ծնկներին դրեց,

Իր կրծքով կերակրեց:

13 Հիմա ես անվրդով պառկած կլինեի,+

Հանգիստ քնած կլինեի+

14 Երկրի թագավորների ու խորհրդականների հետ,

Ովքեր իրենց համար կառուցել էին շինություններ, որ հիմա ավերակ են,*

15 Իշխանների հետ, որ ոսկի ունեին,

Որոնց տները արծաթով լեփ-լեցուն էին:

16 Ինչո՞ւ ես չմեռա մորս արգանդում

Այն երեխաների պես, որոնք այդպես էլ լույսը չեն տեսնում:

17 Գերեզմանում նույնիսկ անօրենների մոլեգնությունն է հանդարտվում,

Այնտեղ ուժասպառները հանգիստ են առնում:+

18 Անազատության մեջ եղողները բոլորն էլ այնտեղ թեթևացում են գտնում,

Բռնի ուժով իրենց աշխատեցնողի ձայնը նրանք չեն լսում:

19 Մեծամեծ թե աննշան նույնն են այնտեղ,+

Եվ ստրուկն իր տիրոջ իշխանությունից ազատված է:

20 Ինչո՞ւ է նա թողնում, որ տառապյալի համար լույսը բացվի,

Եվ դառնակսկիծ ցավ ունեցողների կյանքը շարունակվի:+

21 Ինչո՞ւ մահը վրա չի հասնում նրանց, ովքեր մահ են տենչում,+

Ովքեր ավելի ջանադրաբար դա են փնտրում, քան թաքցված գանձերը,

22 Ովքեր գերեզման իջնելու մեջ ուրախություն են գտնում,

Դրանից մեծ հրճվանք են ապրում:

23 Ինչո՞ւ է նա թողնում, որ լույսը բացվի նրա համար, ով չի գտնում ոչ մի ելք,

Ում Աստված դրել է փակուղու մեջ:+

24 Հառաչանքս է իմ ուտելիքը,+

Հեկեկանքներս+ հորդում են, ինչպես ջրերը,

25 Քանի որ ինչից սարսափում էի, իմ գլխին եկավ,

Ինչից վախենում էի, ինձ վրա հասավ:

26 Անհոգ, անվրդով ու խաղաղ չի եղել կյանքս,

Եվ հիմա էլ վերջ չունեն արհավիրքներս»:

4 Այդ ժամանակ թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.

 2 «Համբերությունդ կհերիքի՞, եթե քեզ մի խոսք ասվի:

Բայց դե խոսքերը զսպել էլ չի լինի:

 3 Ճիշտ է, դու շատերին ես շտկել,

Թույլ ձեռքերը զորացրել,

 4 Սայթաքողին քո խոսքերով ոտքի ես կանգնեցրել

Եվ դողացող ծնկները ամրացրել,

 5 Բայց հիմա, երբ քեզ է չարիք պատահել, դու թևաթափ ես եղել,*

Այն դիպել է քեզ, և վհատության մեջ ես ընկել:

 6 Ի՞նչ է, Աստծու հանդեպ ակնածանքդ քեզ վստահությամբ չի՞ լցնում,

Քո անարատ+ ընթացքը քեզ հույս չի՞ ներշնչում:

 7 Հիշիր, խնդրեմ, ո՞ր մի անմեղ մարդն է երբևէ կործանվել,

Կամ մի՞թե որևէ ուղղամիտ երբևէ բնաջինջ է եղել:

 8 Ինչքան որ տեսել եմ, չարիք հերկողները*

Եվ դժբախտություն ցանողները հենց իրենք են հնձում այդ նույն բաները:

 9 Աստծու շնչից նրանք ոչնչանում են

Եվ նրա բարկության պոռթկումից կործանվում են:

10 Առյուծը մռնչում է, զորեղ առյուծի մռնչոց է լսվում,

Բայց նույնիսկ ահազդու առյուծների ժանիքներն են կոտրվում:

11 Առյուծը որս չի գտնում ու սատկում է,

Եվ կորյունները ցրվում են:

12 Ինձ գաղտնի մի խոսք ասվեց,

Ականջս շշուկ լսեց:

13 Գիշերը, երբ մարդիկ խոր քուն են մտնում,

Ես տեսիլքներ տեսա, որոնք անհանգիստ մտքեր առաջացրին իմ գլխում:

14 Ինձ սաստիկ դող պատեց,

Սարսափն ինձ* համակեց:

15 Դեմքիս առջևով մի ոգի անցավ,

Մարմնիս մազերը փշաքաղվեցին:

16 Նա կանգ առավ,

Բայց ես չհասկացա, թե նա ինչ տեսք ուներ:

Աչքերիս առաջ ինչ-որ կերպարանք էր:

Լռություն էր, իսկ հետո մի ձայն լսեցի, որ ասում էր.

17 «Մի՞թե մահկանացու մարդը կարող է Աստծուց արդար լինել,

Մի՞թե մարդը կարող է իրեն Ստեղծողից մաքուր լինել»:

18 Նա չի վստահում իրեն ծառայողներին,

Սխալներ է գտնում իր հրեշտակների* մեջ,

19 Էլ ուր մնաց՝ կավեղեն տների բնակիչների մեջ,

Որ պարզապես հող են,+

Որոնց նույնքան հեշտ է ճզմել, որքան ցեցին:

20 Առավոտյան կան, իսկ երեկոյան վերացած են լինում,

Առհավետ կործանվում են, և ոչ ոք չի էլ նկատում:

21 Նրանք ասես վրան լինեն, որ փլուզվում է,

Երբ պարանը քաշվում-հանվում է:

Դեռ իմաստություն ձեռք չբերած՝ նրանք մեռնում-գնում են»:

5 «Օգնության կանչիր, խնդրեմ: Կա՞ մեկը, որ պատասխանի քեզ:

Սուրբ հրեշտակներից* ո՞ր մեկին օգնության կկանչես:

 2 Վրդովմունքը հիմարին կկործանի,

Նախանձը անմիտ մարդուն մահվան կտանի:

 3 Ես տեսել եմ, որ հիմարը արմատներ է գցում,

Բայց մեկ էլ հանկարծակի նրա տան վրա անեծք է թափվում:

 4 Նրա որդիները ամենևին էլ ապահով չեն,

Ոտնահարվում են քաղաքի դարպասի մոտ+ ու փրկող չունեն:

 5 Քաղցածն է ուտում նրա հավաքած բերքը,

Անգամ փշերի մեջ աճածը:

Ուրիշների բաժին է դառնում նրա ընտանիքի ունեցվածքը:

 6 Ախր չարիքը հողից չի ծլում,

Դժբախտությունը գետնից չի բուսնում:

 7 Ինչպես անհնար է, որ դեպի վեր չթռչեն կրակի կայծերը,

Այնպես էլ անհնար է, որ ծնված օրից դժբախտություն չտեսնի մարդ արարածը:

 8 Բայց եթե քո տեղը լինեի, ես Աստծուն կդիմեի

Եվ իմ գործը Աստծուն կներկայացնեի՝

 9 Նրան, ով մեծ ու անըմբռնելի բաներ է անում,

Հիասքանչ բաներ՝ անթիվ-անհաշվելի:

10 Նա անձրև է տալիս երկրին,

Ջուր է հասցնում դաշտերին:

11 Նա վեր է բարձրացնում խեղճերին,

Բարձրացնում ու փրկում է ընկճվածներին:

12 Նա խափանում է խորամանկների ծրագրերը,

Չի թողնում, որ հաջողվի նրանց ձեռնարկածը:

13 Այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը,+

Որ խափանվեն ճարտարամիտների ծրագրերը:

14 Խավարն է նրանց պատում օրը ցերեկով,

Կեսօրին խարխափում են, ասես գիշերով:

15 Նրանց բերանի սրից Աստված մարդկանց փրկում է,

Զորավորների ձեռքից աղքատին ազատում է,

16 Որ խեղճերը հույսով լցվեն,

Իսկ անարդարների բերանները փակվեն:

17 Երջանիկ է այն մարդը, որին Աստված խրատում է:

Այնպես որ մի՛ մերժիր Ամենակարողի խրատը:

18 Թեև նա ցավ է պատճառում, բայց և կապում է վերքը,

Կոտրում է, բայց իր իսկ ձեռքով բուժում է:

19 Թե քեզ մեկը մյուսի հետևից փորձանք պատահի, նա քեզ կփրկի,

Վեցը լինեն, թե յոթը՝ քեզ վնաս չեն պատճառի:

20 Սովի ժամանակ քեզ մահից կփրկի,*

Պատերազմի ժամանակ սրի բերանից կազատի:

21 Քեզ կպաշտպանի մտրակող լեզվի հարվածներից,+

Եվ երբ կործանում գա, չես վախենա դրանից:

22 Դու կծիծաղես՝ նայելով կործանման ու սովի աչքերին,

Չես վախենա վայրի գազաններից:

23 Դաշտերի քարերը քեզ համար խոչընդոտ չեն լինի,

Վայրի գազանները քեզ վրա չեն հարձակվի:

24 Դու կիմանաս, որ ապահով է քո վրանը,

Երբ զննես քո հոտը, կտեսնես, որ պակաս չէ անասուններիցդ ոչ մեկը:

25 Շատ զավակներ կունենաս,

Սերունդներդ երկրի բուսականության պես կշատանան:

26 Ուժդ դեռ տեղը կլինի, երբ իջնես գերեզման,

Ինչպես հասկերը՝ հնձի ժամանակ:

27 Այդ ամենը մենք քննել ենք,

Եվ ամեն բան հենց այդպես է:

Ուստի լսիր և ընդունիր»:

6 Այդ ժամանակ Հոբը պատասխանեց.

 2 «Ա՜խ, եթե միայն իմ ողջ տառապանքը+ կշռվեր,

Դժբախտությանս հետ միասին կշեռքին դրվեր...

 3 Հիմա այն ծովի ավազից էլ ծանր է,

Դրա համար էլ խոսքերս անսանձ* են:+

 4 Ամենակարողի թունավոր նետերն ինձ խոցել են,

Ներսս դրանց թույնով է լցվել:+

Աստծու բերած սարսափները ինձ պաշարել են:

 5 Մի՞թե վայրի էշը+ հուսահատ կզռա, եթե ուտելու խոտ ունենա,

Կամ մի՞թե ցուլը ողբաձայն կբառաչի, եթե կեր ունենա:

 6 Մի՞թե հնարավոր է առանց աղ ուտել անհամ բաները

Կամ հաճույքով համտեսել տուղտի* հյութը:

 7 Այդպիսի բաների դիպչելուց ես հրաժարվում եմ,

Դրանք ասես փչացած ուտելիք լինեն:

 8 Երանի՜ թե խնդրանքս կատարվեր,

Եվ Աստված ցանկությունս իրականացներ:

 9 Երանի՜ թե Աստված կամենար ինձ կործանել,

Իր ձեռքը մեկներ ու կյանքիս վերջ դներ:+

10 Դա արդեն իսկ ինձ համար մխիթարություն կլիներ:

Չնայած տանջալից ցավերին՝ ես ուրախությունից կցատկոտեի,

Քանի որ Սուրբ Աստծու+ ասածները չեմ մերժում երբեք:

11 Մի՞թե ես այդքան ուժ ունեմ, որ շարունակեմ սպասել,+

Մի՞թե որևէ լավ բանի հույս ունեմ, որ շարունակեմ ապրել:

12 Քա՞ր եմ, ի՞նչ է,

Կամ մի՞թե մարմինս երկաթից* է:

13 Մի՞թե կարող եմ ինչ-որ կերպ օգնել ինքս ինձ,

Երբ զրկվել եմ օգնության ամեն միջոցից:

14 Նա, ով հրաժարվում է հավատարիմ սեր դրսևորել դրացու հանդեպ,+

Ի վերջո կկորցնի նաև վախը Ամենակարողի հանդեպ:+

15 Ընկերներս* անհուսալի+ գտնվեցին ձյան հալոցքի ջրերի պես,

Ձյան հալոցքի ջրերի պես, որ ցամաքում են:

16 Դրանք պղտորվում են սառույցի հալոցքից

Եվ վարարում իրենց մեջ լցված հալվող ձներից,

17 Բայց գալիս է ժամանակը, ցամաքում-վերանում են,

Շոգ եղանակին չորանում են:

18 Ոլոր-մոլոր է դրանց ընթացքը,

Հոսում են դեպի անապատ ու չքանում են:

19 Թեմայի+ քարավանները դրանց են փնտրում,

Սաբայից+ եկած ճամփորդները դրանց են սպասում:

20 Դրանց վրա հույս դնելով՝ նրանք ամոթով են մնում,

Գալով այնտեղ՝ միայն հիասթափություն են ապրում:

21 Ինձ համար դուք հենց այդպիսին եղաք,+

Տեսաք՝ ինչ սարսափելի է իմ դժբախտությունը, և վախեցաք:+

22 Մի՞թե ձեզ ասել եմ՝ «Մի բան տվեք ինձ»,

Կամ խնդրել, որ ինձ օգնելու համար ինչ-որ մեկին նվեր տաք ձեր ունեցվածքից:

23 Խնդրե՞լ եմ, որ ազատեք ինձ թշնամու ձեռքից

Ու փրկեք* ինձ հալածողներից:

24 Խրատեք ինձ, ես լուռ կմնամ,+

Օգնեք՝ սխալս հասկանամ:

25 Անկեղծ ու ճիշտ խոսքերը ցավ չեն պատճառում,+

Իսկ ձեր քննադատությունը ի՞նչ օգուտ է բերում:+

26 Կարծում եք՝ տեղի՞ն է քննադատել իմ խոսքերը,

Հուսալքված մարդու խոսքերը,+ որ քամի են:

27 Դուք անգամ որբի վրա վիճակ* կգցեք,+

Ձեր իսկ ընկերոջն էլ կծախեք:+

28 Ուստի հիմա ինձ նայեք,

Ես ձեր երեսին սուտ չեմ ասի երբեք:

29 Խնդրում եմ, մեկ անգամ էլ մտածեք.

Իմ մասին սխալ դատողություններ մի՛ արեք:

Այո՛, մեկ անգամ էլ մտածեք.

Արդարությունս մինչև հիմա անխախտ է:

30 Չէ՞ որ լեզուս սխալ բաներ չի խոսում,

Չէ՞ որ ես գիտեմ՝* ինչ ցավ եմ կրում»:

7 «Երկրի վրա մահկանացու մարդու կյանքը նման է հարկադիր աշխատանքի,

Եվ նրա օրերը՝ վարձու աշխատողի քաշած օրերին:+

 2 Ստրուկի պես նա ստվերի է տենչում,

Վարձու աշխատողի պես իր վարձին է սպասում:+

 3 Ահա ունայն ամիսներ ինձ բաժին ընկան,

Տառապալից գիշերները իմ վարձը եղան:+

 4 Երբ պառկում եմ, ասում եմ. «Ե՞րբ եմ վեր կենալու»:+

Երկար ու ձիգ գիշերը անհանգիստ շուռումուռ եմ գալիս մինչև լուսանալը:

 5 Մարմինս որդերով ու կեղտոտ կոշտուկներով է պատվել,+

Մաշկս կեղևակալել է ու թարախակալել:+

 6 Օրերս մանածագործի մաքոքի* աշխատանքից էլ արագ են անցնում+

Եվ անհույս ավարտվում:+

 7 Ո՜վ Աստված, հիշիր, որ քամի է կյանքս,+

Որ այլևս երբեք երջանկություն* չեն տեսնի աչքերս:

 8 Ինձ այժմ տեսնողը էլ չի տեսնի,

Քո աչքերը կփնտրեն ինձ, բայց ես այլևս չեմ լինի:+

 9 Ինչպես ամպն է ցրվում ու անհետանում,

Այնպես էլ գերեզման* իջնողը չի վերադառնում:+

10 Նա այլևս հետ չի գա իր տուն,

Էլ չի հիշվի իր բնակավայրում:+

11 Ուստի ես չեմ զսպի իմ խոսքերը,

Կարտահայտեմ սրտիս* ցավը,

Դառնությամբ լցված՝ կհայտնեմ իմ բողոքը:+

12 Մի՞թե ես ծով եմ կամ ծովահրեշ,

Որ ինձ վրա հսկողություն ես սահմանել:

13 Ես ասում եմ. «Բազմոցս կլինի իմ սփոփանքը,

Անկողինս կթեթևացնի իմ տառապանքը»:

14 Բայց երբ պառկում եմ քնելու, ինձ մղձավանջներ ես տալիս,

Տեսիլքներով վախեցնում ես ինձ:

15 Այնպես որ գերադասում եմ շնչահեղձ լինել,

Այո՛, նախընտրում եմ մահանալ, քան այսպես ապրել:*+

16 Զզվում եմ կյանքիցս,+ էլ չեմ ուզում ապրել:

Հանգիստ թող ինձ. կյանքս ընդամենը մի շունչ է:+

17 Ի՞նչ է մահկանացու մարդը, որ միտքդ նրանով ես զբաղեցնում,

Ուշադրությունդ նրա վրա ես կենտրոնացնում:+

18 Ինչո՞ւ ես ամեն առավոտ նրան քննում,

Ամեն պահի նրան փորձում:+

19 Ի՞նչ կլինի, հայացքդ թեքիր ինձնից,

Ինձ հանգիստ թող գոնե այնքան, որ հասցնեմ թուքս կուլ տալ:+

20 Եթե մեղք եմ գործել, դրանից քեզ ի՞նչ վնաս,

Քեզ, որ զննում ես մարդկանց:+

Ինչո՞ւ ես ինձ քո թիրախը դարձրել,

Մի՞թե քեզ համար բեռ եմ դարձել:

21 Ինչո՞ւ չես ներում իմ հանցանքը

Եվ չես անտեսում իմ մեղքը:

Չէ՞ որ ես շուտով հողը կմտնեմ,+

Դու ինձ կփնտրես, բայց ես այս կյանքից հեռացած կլինեմ»:

8 Ի պատասխան՝ սովեցի+ Բաղդատն+ ասաց.

 2 «Դեռ ինչքա՞ն պիտի այսպես խոսես:+

Բերանիդ խոսքերը կատաղի քամի են պարզապես:

 3 Մի՞թե Աստված կխեղաթյուրի արդարադատությունը,

Մի՞թե Ամենակարողը կխեղաթյուրի արդարությունը:

 4 Երևի որդիներդ նրա դեմ մեղք են գործել,

Այդ պատճառով էլ նա պատժել է նրանց իրենց ըմբոստության համար:

 5 Բայց եթե պարզապես Աստծուն հուսայիր,+

Ամենակարողի բարեհաճությունն աղերսեիր,

 6 Եթե իսկապես մաքուր և ուղղամիտ+ լինեիր,

Նա քեզ ուշադրություն կդարձներ*

Եվ ինչն իրավամբ քոնն է, կվերականգներ:

 7 Եթե անգամ քո սկիզբն աննշան լիներ,

Դու մեծ ապագա կունենայիր:+

 8 Հարցրու, խնդրեմ, նախորդ սերունդներին,

Իմացիր, թե նրանց հայրերն ինչեր պարզեցին,+

 9 Քանի որ մենք ընդամենը երեկ ենք ծնվել ու ոչինչ չգիտենք,

Մեր օրերը երկրի վրա ստվերի պես անցողիկ են:

10 Մի՞թե նրանք քեզ չեն սովորեցնի

Եվ իրենց իմացածը քեզ չեն պատմի:

11 Եթե ճահճոտ տեղ չլինի, պապիրուսը կաճի՞,

Եթե ջուր չլինի, եղեգը կաճի՞:

12 Դեռ չբողբոջած, դեռ չքաղված՝

Մյուս բոլոր բույսերից էլ շուտ կչորանան:

13 Աստծուն մոռացողի վերջը այսպիսին կլինի,

Աստծուն արհամարհողի* հույսը կմարի:

14 Նրա վստահությունն անհիմն է,

Այն, ինչին նա ապավինում է, սարդոստայնի պես անհուսալի է:

15 Կհենվի այդ ոստայնի վրա, բայց այն կքանդվի,

Կփորձի դրանից բռնվել, բայց այն չի դիմանա:

16 Սկզբում նա ասես արևի շողերի տակ աճող մի բույս լինի հյութեղ,

Որի շիվերը տարածվում են այգով մեկ:+

17 Նրա արմատները քարերի կույտին են փաթաթվում,

Քարերի մեջ նա հանգրվան է փնտրում:

18 Բայց հետո իր տեղից արմատախիլ կարվի,

Այդ տեղը երես կթեքի նրանից ու կասի. «Ես երբեք չեմ տեսել քեզ»:+

19 Ահա այդպես նա կկորչի,+

Եվ ուրիշները կբուսնեն հողից:

20 Ինչ խոսք, անարատ մնացողներին Աստված չի մերժի,

Իսկ չարագործներին չի աջակցի:

21 Նա նորից այնպես կանի, որ բերանդ ծիծաղով լցվի,

Եվ շուրթերիցդ ուրախ բացականչություն լսվի:

22 Ամոթով կմնան քեզ ատողները,

Եվ այլևս չի լինի անօրենների վրանը»:

9 Հոբը պատասխանեց.

 2 «Ես իսկապես գիտեմ, որ դա այդպես է:

Բայց մահկանացու մարդն ինչպե՞ս կարող է ճիշտ լինել,

Երբ դատի մեջ մտնի Աստծու հետ:+

 3 Եթե ցանկանա նրա հետ վիճաբանել,*+

Նրա հազար հարցերից մեկին անգամ չի կարողանա պատասխանել:

 4 Աստված իմաստուն է* և անչափ զորեղ:+

Ո՞վ կարող է նրան ընդդիմանալ ու անվնաս մնալ:+

 5 Նա տեղահան* է անում լեռները առանց որևէ մեկի իմացության,

Տապալում է դրանք իր բարկությամբ:

 6 Տեղից ցնցում է երկիրը,

Այնպես որ դղրդում են դրա հենասյուները:+

 7 Նա հրամայում է, որ չշողա արևը,

Կնիք դնելով՝ փակում է աստղերի լույսը:+

 8 Երկինքը մենակ է տարածում,+

Ծովի բարձր ալիքների վրայով է քայլում:+

 9 Նա ստեղծել է Աշ,* Կեսիլ,* Կիմա* համաստեղությունները+

Եվ հարավի համաստեղությունները:*

10 Նա անում է մեծ ու անըմբռնելի բաներ,+

Սքանչելի բաներ, որ հնարավոր չէ հաշվել:+

11 Նա անցնում է իմ կողքով, բայց ես նրան չեմ տեսնում,

Անցնում-գնում է, բայց ես նրան չեմ ճանաչում:

12 Երբ մի բան է խլում, ո՞վ կարող է նրան դիմադրել:

Ո՞վ կարող է նրան ասել. «Այդ ի՞նչ ես անում»:+

13 Աստված չի զսպի իր զայրույթը:+

Նրա առաջ կխոնարհվեն անգամ ռախաբի*+ աջակիցները:

14 Ուրեմն որքան առավել ե՛ս պետք է զգույշ լինեմ նրան պատասխանելիս,

Զգուշությամբ ընտրեմ խոսքերս նրան առարկելիս:

15 Թե ճիշտ էլ լինեի, չէի պատասխանի,+

Իմ դատավորից* միայն գթություն կաղերսեի:

16 Եթե կանչեմ նրան, մի՞թե նա ինձ կպատասխանի,

Չեմ հավատում, որ իմ ձայնին ականջ կդնի:

17 Նա ինձ հողմակոծում է,

Առանց պատճառի վերքերս ավելացնում է:+

18 Չի թողնում, որ շունչ քաշեմ,

Անընդհատ չարիքներ է գլխիս թափում:

19 Եթե հարցը ուժն է, ապա ուժեղը նա է,+

Իսկ եթե արդարությունն է, ապա նա կասի. «Ո՞վ կարող է ինձնից հաշիվ պահանջել»:

20 Թե ճիշտ էլ լինեի, միևնույն է, իմ բերանով ինձ կդատապարտեի,

Թե անարատ էլ լինեի,* նա ինձ մեղավոր կճանաչեր:

21 Եթե անգամ անարատությունս պահեմ,* վստահ չեմ՝ ինչ է ինձ սպասում,

Այսպիսի կյանք ես չեմ ուզում:

22 Չկա ոչ մի տարբերություն: Դրա համար էլ ասում եմ.

«Անմեղին* էլ, անօրենին էլ նա կործանում է»:

23 Եթե հանկարծահաս ջրհեղեղը մահ բերի,

Նա անմեղների հուսահատության վրա կծիծաղի:

24 Երկիրը հանձնվել է անօրենների ձեռքը,+

Նա փակում է դատավորների աչքերը:

Եթե ոչ նա, ապա էլ ո՞վ:

25 Օրերս վազորդից էլ արագ են սլանում,+

Սրընթաց անցնում-գնում են, և ես բարիք չեմ տեսնում:

26 Եղեգնյա նավակի պես սահում-անցնում են,

Դեպի իր որսը նետվող արծվի պես սուրում են:

27 Եթե ասեմ՝ «Դարդս կմոռանամ,

Դեմքիս արտահայտությունը կփոխեմ, զվարթ կլինեմ»,

28 Միևնույն է, ցավերիս վախը ինձ հանգիստ չի թողնի.+

Ես գիտեմ, որ նա ինձ անմեղ չի համարի:

29 Եթե մեղավոր եմ ճանաչվելու,

Էլ ինչո՞ւ եմ իզուր պայքարում:+

30 Եթե հալվող ձյան ջրով լվացվեի

Եվ ձեռքերս մոխրաջրով* մաքրեի,+

31 Նա ինձ ցեխոտ փոսի մեջ կընկղմեր,

Այնպես որ անգամ հագուստս ինձնից կգարշեր:

32 Նա ինձ պես մարդ չէ, որ պատասխանեմ նրան,

Եվ որ իրար հետ գնանք դատարան:+

33 Չկա մեկը, որ կարողանա մեր միջև դատ տեսնել,*

Որ կարողանա մեր դատավորը լինել:

34 Եթե նա իր հարվածները դադարեցներ

Եվ սարսափելի բաներով ինձ չահաբեկեր,+

35 Այդժամ նրա հետ կխոսեի անվախորեն,

Քանի որ նրա հետ վախով խոսելու պատճառ չունեմ»:

10 «Գարշում եմ կյանքիցս:+

Ես բարձրաձայնելու եմ տրտունջներս,

Արտահայտելու եմ դառնագին ցավերս:

 2 Աստծուն ասելու եմ. «Ինձ մեղավոր մի՛ հայտարարիր,

Ասա ինձ՝ ինչու ես դատ սկսել իմ դեմ:

 3 Քեզ ի՞նչ օգուտ, որ ինձ ճնշում ես,

Քո ձեռքով ստեղծածին+ արհամարհում ես,

Մինչդեռ անօրենների ծրագրերն օրհնում ես:

 4 Մի՞թե մարմնավոր աչքեր ունես,

Մի՞թե նայում ես մահկանացու մարդու պես:

 5 Մի՞թե քո կյանքը մահկանացուների կյանքի պես կարճ է տևում,

Կամ մի՞թե մարդկանց պես ընդամենը մի քանի տարի ես ապրում,+

 6 Որ փորձում ես իմ մեջ սխալ գտնել,

Իմ մեղքերը բացահայտել:+

 7 Ախր դու գիտես, որ ես մեղավոր չեմ:+

Ոչ ոք չի կարող քո ձեռքից ինձ ազատել:+

 8 Քո ձեռքով ես ինձ կազմավորել ու ստեղծել,+

Իսկ այժմ ուզում ես ինձ իսպառ ոչնչացնել:

 9 Խնդրում եմ, հիշիր, որ կերտել ես ինձ կավից,+

Այնինչ հիմա դեպի հողն ես վերադարձնում ինձ:+

10 Չէ՞ որ դու ինձ կաթի պես լցրել

Ու մերել ես պանրի պես:

11 Միս ու մաշկ ես հագցրել,

Ոսկրերով ու ջլերով ինձ հյուսել:+

12 Կյանք ու հավատարիմ սեր ես նվիրել,

Քո հոգատարությամբ կյանքս* պահպանել:+

13 Բայց և թաքուն ինձ համար չարիք ես ծրագրել:

Ես գիտեմ, որ դու ես այս ամենը ինձ վրա բերել:

14 Եթե մեղք գործեի, դու կտեսնեիր+

Եվ իմ սխալի վրա աչք չէիր փակի:

15 Եթե մեղավոր եմ, վա՜յ ինձ:

Եթե անմեղ եմ, միևնույն է, չեմ կարող գլուխս բարձր պահել,+

Քանի որ կյանքս անարգանքով ու տառապանքով է լցվել:+

16 Հենց գլուխս բարձրացնում եմ, դու հետապնդում ես ինձ առյուծի պես+

Եվ զորությունդ ես գործադրում իմ դեմ:

17 Իմ դեմ նոր վկաներ ես բերում,

Իմ հանդեպ ավելի մեծ բարկությամբ ես լցվում,

Եվ դժբախտությունները մեկը մյուսի հետևից ինձ վրա են թափվում:

18 Ուրեմն ինչո՞ւ ինձ հանեցիր մորս արգանդից:+

Երանի՜ մեռած լինեի, որ մի աչք անգամ չտեսներ ինձ:

19 Կվերանայի, ասես երբեք էլ գոյություն չէի ունեցել,

Մորս արգանդից ուղիղ գերեզման կիջնեի»:

20 Չէ՞ որ ինձ քիչ օրեր են մնացել.+ հանգիստ թող ինձ,

Հայացքդ թեքիր ինձնից, որ թեթևանամ* փոքր-ինչ,+

21 Մինչև որ հեռանամ անվերադարձ+

Ու գնամ այնտեղ, ուր տիրում է թանձր խավար,*+

22 Այնտեղ, ուր լիակատար մթություն է,

Անթափանց խավար* է, և ամեն ինչ խառնիխուռն է,

Այնտեղ, ուր լույսն էլ ասես խավար է»:

11 Ի պատասխան՝ նաամացի Սոֆարն+ ասաց.

 2 «Մի՞թե այդ բոլոր խոսքերին պատասխան չի տրվելու:

Թե՞ կարծում ես շատ խոսողն* է ճիշտ դուրս գալու:

 3 Ի՞նչ է, դատարկ խոսքերով մարդկանց լռեցնելո՞ւ ես:

Կարծում ես՝ քո ծաղրալի խոսքերի համար ոչ ոք չի՞ կշտամբելու քեզ:+

 4 Չէ՞ որ դու ասում ես. «Ես ճիշտ բաներ եմ խոսում,*+

Ես մաքուր եմ Աստծու աչքում»:+

 5 Բայց այ եթե Աստված խոսեր

Եվ քեզ մի խոսք ասեր,+

 6 Նա քեզ կհայտներ իմաստության գաղտնիքները,

Չէ՞ որ բազմաբովանդակ է ճշմարիտ իմաստությունը:

Այդժամ կհասկանայիր, որ Աստված պարզապես անտեսում է քո որոշ հանցանքները:

 7 Կարո՞ղ ես Աստծու անհատակ իմաստությունն ըմբռնել,

Կարո՞ղ ես Ամենակարողի մասին ամեն ինչ* իմանալ:

 8 Այն երկնքից էլ բարձր է, ինչպե՞ս կարող ես դրան հասնել,

Գերեզմանից* էլ խորն է, ինչպե՞ս կարող ես ըմբռնել,

 9 Երկրից էլ ահռելի է,

Ծովից էլ լայնարձակ է:

10 Եթե Աստված ինչ-որ մեկին կալանավորի ու դատական նիստ գումարի,

Ո՞վ կարող է նրան դիմակայել.

11 Չէ՞ որ նա լավ է հասկանում, երբ մարդիկ խաբում են:

Մի՞թե աչք կփակի, երբ չարիք տեսնի:

12 Ավելի շուտ վայրի էշը մարդ կծնի,*

Քան դատարկագլուխը հասկացողություն ձեռք կբերի:

13 Եթե մտավիճակդ փոխեիր,

Ձեռքերդ դեպի Աստված տարածեիր

14 Եվ, եթե սխալ բան ես անում, այդ ուղին թողնեիր

Ու թույլ չտայիր, որ քո վրաններում անարդար գործեր արվեին,

15 Այդ ժամանակ առանց ամաչելու գլուխդ բարձր կպահեիր,

Առանց վախի ամուր կկանգնեիր:

16 Կմոռանայիր քո դժբախտությունները,

Մտքումդ չէին մնա, ինչպես անցած-գնացած ջրերը:

17 Կյանքդ կեսօրից ավելի պայծառ կլիներ,

Մռայլ պահերին անգամ առավոտվա պես լույս կլիներ:

18 Վստահությամբ լցված կլինեիր, որովհետև հույս կունենայիր,

Տեսնելով, որ շուրջդ ամեն ինչ լավ է՝ ապահով կքնեիր:

19 Կքնեիր, ու ոչ ոք քեզ չէր վախեցնի:

Շատ-շատերը քո բարեհաճությունը կփնտրեին:

20 Մինչդեռ անօրենների աչքերը կխամրեն,

Նրանք փախչելու տեղ չեն գտնի,

Եվ նրանց միակ հույսը մահը կլինի»:+

12 Հոբն էլ պատասխանեց.

 2 «Դե հա, միայն դուք եք, որ ամեն ինչ գիտեք,*

Եվ իմաստությունը ձեզ հետ գերեզման կտանեք:

 3 Բայց ես էլ հասկացողություն ունեմ,

Ձեզնից ոչնչով պակաս չեմ:

Ո՞վ չգիտի այդ ամենը:

 4 Ես, որ Աստծուն եմ կանչում ու նրանից պատասխան սպասում,+

Ընկերներիս համար ծաղրի առարկա եմ դարձել:+

Այո՛, արդար ու անմեղ մարդը ծաղրի առարկա է դարձել:

 5 Դարդ ու ցավ չունեցողը ծաղրանքով է նայում դժբախտություն կրող մարդուն՝

Կարծելով, թե այն գալիս է միայն նրանց գլխին, ովքեր ամուր կանգնած չեն իրենց տեղում:*

 6 Իրենց վրաններում խաղաղ ապրում են կողոպտիչները,+

Ապահով են Աստծու զայրույթը շարժողները,+

Նրանք, ում ձեռքին իրենց պաշտած աստվածներն են:

 7 Բայց հարցրու, խնդրեմ, կենդանիներին, և նրանք քեզ կսովորեցնեն,

Երկնքի թռչուններին, և նրանք կպատմեն:

 8 Ուշադրություն դարձրու երկրին,* և այն քեզ կուսուցանի,

Ծովի ձկները կասեն քեզ ամեն ինչ:

 9 Այդ բոլորից ո՞ր մեկը չգիտի,

Որ Եհովայի ձեռքն է այս ամենն արել:

10 Նրա ձեռքում է ամեն կենդանի արարածի կյանքը,

Ամեն մարդու շունչը:*+

11 Երբ մեր ականջը մի բան է լսում, մի՞թե ծանրութեթև չենք անում,

Ինչպես որ լեզուն* է ուտելիքը համտեսում:+

12 Տարեցներն իմաստություն ունեն,+

Երկար կյանք ապրածները՝ ըմբռնողականություն:

13 Բայց Աստված է, որ իմաստուն է ու զորեղ,+

Նա ըմբռնողականություն ունի և իրագործում է իր կամքը:+

14 Երբ նա քանդում է, այլևս հնարավոր չէ վերակառուցել,+

Երբ փակում է, ոչ մի մարդ չի կարող բացել:

15 Երբ հետ է պահում ջրերը, ամեն ինչ չորանում է,+

Երբ արձակում է, երկիրը հեղեղվում է:+

16 Նա է զորեղն ու իմաստունը,+

Նրա ձեռքում են թե՛ մոլորվողը, թե՛ մոլորեցնողը:

17 Նա այնպես է անում, որ խորհրդատուները ոտաբոբիկ* ման գան,

Եվ դատավորները հիմար դուրս գան:+

18 Թագավորների դրած կապանքներն արձակում է+

Ու նրանց մեջքին ստրուկի գոտի է կապում:

19 Նա այնպես է անում, որ քահանաները ոտաբոբիկ քայլեն,+

Եվ տապալում է նրանց, ովքեր իրենց իշխանությունն ամրապնդել են:+

20 Նա լռեցնում է վստահություն վայելող խորհրդատուներին,

Առողջ դատողությունից զրկում է ծերերին:*

21 Իշխանավորների վրա իր արհամարհանքն է թափում,+

Զորավորներին թուլացնում:

22 Նա բացահայտում է խորունկ բաները, որ թաքնված են խավարում,+

Թանձր խավարի վրա լույս է սփռում:

23 Նա հզորացնում է ազգերին, իսկ հետո՝ կործանում,

Ընդարձակում է ազգերի տարածքները և հետո՝ նրանց գերության տանում:

24 Ժողովրդի առաջնորդներին զրկում է հասկացողությունից,

Ստիպում է թափառել ճանապարհազուրկ ամայի վայրերում:+

25 Նրանք խարխափում են խավարում՝+ այնտեղ, ուր լույս չկա:

Նա ստիպում է նրանց թափառել հարբած մարդկանց նման»:+

13 «Ահա այս ամենը աչքերս տեսել են,

Ականջս լսել է, և ես հասկացել եմ:

 2 Ինչ դուք գիտեք, ես էլ գիտեմ,

Ձեզնից ոչնչով պակաս չեմ:

 3 Բայց ես կգերադասեի անձամբ Ամենակարողի հետ խոսել,

Կուզեի Աստծու առաջ իմ դատը պաշտպանել:+

 4 Դուք բոլորդ անպետք բժիշկներ եք.+

Ինձ ստերով եք պատում:

 5 Եթե ընդհանրապես ձայն չհանեիք,

Իմաստություն դրսևորած կլինեիք:+

 6 Փաստարկներիս ուշադրություն դարձրեք, խնդրեմ,

Լսեք, թե ի պաշտպանություն ինձ՝ ինչ կասեմ:

 7 Աստծու անունից անարդար մեղադրանքնե՞ր եք հնչեցնելու

Եվ նրա անունից սուտ բանե՞ր եք ասելու:

 8 Ի՞նչ է, նրան պաշտպա՞ն եք կանգնելու,

Փորձելու եք ճշմարիտ Աստծու դա՞տը պաշտպանել:

 9 Իսկ եթե նա ձեզ քններ, ձեր վերջը լավ կլինե՞ր:+

Կարծում եք՝ կկարողանայի՞ք նրան խաբել, ինչպես մահկանացու մարդուն կխաբեիք:

10 Նա, անկասկած, կհանդիմանի ձեզ,

Եթե փորձեք թաքուն կողմնապահություն անել:+

11 Մի՞թե նրա մեծափառությունը ձեզ սարսափ չի ներշնչի,

Եվ նրա հանդեպ ահը ձեզ չի համակի:

12 Ձեր իմաստուն* խոսքերը մոխրի պես անպետք են,*

Ձեր պաշտպանական փաստարկները կավի պես դյուրաբեկ են:

13 Լռե՛ք, ես եմ հիմա խոսելու:

Հետո ինչ լինելու է, թող լինի:

14 Ինչո՞ւ եմ ես պատրաստ ինձ վտանգի ենթարկել*

Եվ կյանքս սպառնալիքի տակ դնել:*

15 Եթե նա ինձ սպանելու էլ լինի, մեկ է, ես նրան կապավինեմ:+

Ես նրա առաջ իմ դատը կպաշտպանեմ:

16 Այդժամ նա ինձ փրկություն կտա,+

Չէ՞ որ Աստծուն արհամարհող* ոչ մի մարդ չի կարող կանգնել նրա առաջ:+

17 Ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում,

Ականջ դրեք, թե ինչ եմ հայտարարում:

18 Տեսեք, ահա դատական գործս պատրաստել եմ

Եվ գիտեմ, որ ես ճիշտ եմ:

19 Ո՞վ դատավեճի մեջ կմտնի ինձ հետ:

Կմեռնեմ, եթե չխոսեմ:*

20 Ո՛վ Աստված, որպեսզի ստիպված չլինեմ թաքնվել քո աչքից,

Միայն երկու բան եմ խնդրում քեզնից.*

21 Ձեռքդ հեռացրու ինձնից,

Եվ մի՛ թող՝ սարսափի մեջ ընկնեմ քո ահից:+

22 Կա՛մ դու խոսիր, ես պատասխանեմ,

Կա՛մ էլ թող ես խոսեմ, և դու պատասխանիր:

23 Ո՞րն է իմ հանցանքն ու մեղքը:

Հայտնիր ինձ իմ մեղքն ու անօրենությունը:

24 Ինչո՞ւ ես երեսդ ծածկում+

Եվ ինձ քո թշնամին համարում:+

25 Մի՞թե կփորձես վախեցնել քամուց քշված մի տերևի

Կամ մի՞թե կհետապնդես չորացած մի ծղոտի:

26 Դու շարունակ ծանր մեղադրանքներ ես արձանագրում իմ դեմ,

Ստիպում ես, որ երիտասարդությանս հանցանքների համար հատուցեմ:

27 Ոտքերս դրել ես ոտնակոճղի մեջ,

Բոլոր ճանապարհներս մանրակրկիտ զննում ես,

Ամեն մի քայլիս հետևում ես:

28 Արդյունքում մարդ* փտած բանի պես քայքայվում է,

Հագուստի պես, որը ցեցն ուտում է»:

14 «Կնոջից ծնված մարդու կյանքը կարճատև է,+

Նեղություններով լի է:+

 2 Ծաղկի պես նա ծլում է, հետո՝ թառամում:*+

Նա ստվերի պես անցնում-գնում է ու անհետանում:+

 3 Այդուհանդերձ, դու հայացքդ նրա վրա ես կենտրոնացրել,

Նրան* տանում ես դատարան, որ դատավեճի բռնվես նրա հետ:+

 4 Մի՞թե անմաքուրից կարող է մաքուր մարդ ծնվել:+

Անշուշտ ո՛չ:

 5 Նրա կյանքի տևողությունը սահմանափակ է,

Եվ նրա ամիսների քանակը քո ձեռքում է:

Դու սահման ես դրել նրա համար, որից չի կարող անցնել:+

 6 Հայացքդ թեքիր նրանից, որ հանգիստ առնի,

Մինչև որ վարձու աշխատողի պես իր օրվա ավարտին հասնի:+

 7 Նույնիսկ ծառի համար հույս կա:

Եթե այն կտրվի, դարձյալ շիվեր կտա,

Եվ դրա ոստերը կշարունակեն աճել-մեծանալ:

 8 Թե հողի տակ դրա արմատը ծերանա,

Թե հողի մեջ դրա բունը չորանա,

 9 Ջրի հոտից անգամ շիվեր կտա

Եվ նորելուկ ծառի պես՝ ճյուղեր կարձակի:

10 Մինչդեռ մարդը մեռնում է, և նրա ուժը հօդս է ցնդում,

Իր շունչը փչում է և այլևս չի լինում:*+

11 Ծովի ջրերն անհետանում են,

Գետը ծանծաղանում և չորանում է:

12 Այդպես էլ մարդիկ պառկում են ու վեր չեն կենում:+

Քանի դեռ երկինքը կա, նրանք չեն արթնանա

Եվ իրենց քնից վեր չեն կենա:+

13 Երանի՜ թե գերեզմանում* ինձ ծածկեիր,+

Մինչև քո բարկության անցնելը ինձ թաքցնեիր,

Ինձ համար ժամանակ սահմանեիր ու նորից հիշեիր:+

14 Եթե մարդը մահանա, կարո՞ղ է կրկին ապրել:+

Իմ ստրկության* բոլոր օրերում կսպասեմ,

Մինչև որ ազատագրվեմ:+

15 Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ,+

Քո ձեռքի գործին դու կկարոտես:

16 Բայց հիմա իմ ամեն մի քայլը դու հաշվում ես,

Միայն մեղք ես փնտրում իմ մեջ:

17 Անօրենությունս պահում ես՝ քսակի մեջ կնքելով,

Հանցանքս պահպանում ես՝ սոսնձով այն փակելով:

18 Ինչպես որ լեռն է տապալվում, փլուզվում,

Եվ ժայռը տեղահան լինում,

19 Ինչպես ջրից քարերն են մաշվում,

Եվ հեղեղներից երկրի հողն է քշվում-տարվում,

Այդպես էլ դու մահկանացու մարդու հույսն ես կործանում:

20 Այնքան ես նրան ճնշում, մինչև որ կորչում է գնում:+

Կերպարանափոխում ես նրան և գերեզման ուղարկում:

21 Նրա որդիները պատվի են արժանանում, բայց նա այդ մասին չի իմանում,

Աննշան մարդիկ են դառնում, բայց նա տեղյակ չի լինում:+

22 Միայն իր կենդանության ժամանակ է ցավ զգում,

Միայն ողջ լինելիս է վիշտ ապրում»:

15 Թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.

 2 «Մի՞թե իմաստուն մարդը փուչ փաստարկներով կպատասխանի,

Մի՞թե իր ներսը սխալ մտքերով կլցնի:*

 3 Անիմաստ խոսքերով խրատ կարդալուց օգուտ չկա,

Դատարկ խոսքերը ոչ մի օգուտ չեն տա:

 4 Աստվածավախությունը դու արժեզրկում ես,

Աստծու մասին ամեն խորհրդածություն նսեմացնում ես:

 5 Քո հանցանքն է պատճառը, որ այդպես ես խոսում,

Բերանիցդ խորամանկություն է թափվում:

 6 Հենց քո բերանն է քեզ դատապարտում, ոչ թե ես,

Քո շուրթերն են վկայություն տալիս ընդդեմ քեզ:+

 7 Ի՞նչ է, դու բոլոր մարդկանցից առաջի՞նն ես ծնվել,

Բլուրների կազմավորումից առա՞ջ ես լույս աշխարհ եկել:

 8 Չլինի՞ Աստծու գաղտնի զրույցներն ես լսում,

Կարծում ես միայն դո՞ւ ես իմաստուն:

 9 Դու ի՞նչ գիտես, որ մենք չգիտենք,+

Ի՞նչ ես հասկանում, որ մենք չենք հասկանում:

10 Մեր մեջ և՛ ալևոր կա, և՛ տարեց՝+

Մարդիկ, որ քո հորից էլ են մեծ:

11 Քեզ բավական չե՞ն Աստծու տված մխիթարությունները,

Մեղմությամբ քեզ ասված խոսքերը:

12 Ինչո՞ւ ես զգացմունքներիդ տրվում,*

Ինչո՞ւ են աչքերդ զայրույթից փայլում:

13 Անձամբ Աստծու դեմ ես դուրս եկել

Եվ հանդգնում ես այդպիսի բաներ խոսել:

14 Մահկանացու մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի,

Կամ կնոջից ծնվածը, որ արդար լինի:+

15 Ահա նա իր հրեշտակներին* էլ չի վստահում,

Եվ երկինքն անգամ մաքուր չէ նրա աչքում,+

16 Էլ ուր մնաց՝ այն մարդը, ով ստոր է ու ապականված,+

Ով անարդար գործերի է ծարավ:

17 Հիմա լսիր ինձ, ես կպատմեմ քեզ:

Կասեմ, թե ինչ եմ տեսել,

18 Այն, ինչը իմաստունները իրենց հայրերից են լսել+

Եվ մեզանից չեն թաքցրել:

19 Իրենց տրված երկրում միայն իրենք էին ապրում,

Եվ նրանց միջով ոչ մի օտար չէր անցնում:

20 Անօրեն մարդը իր կյանքի բոլոր օրերում չարչարանք է կրում,

Բռնակալն իր կյանքի բոլոր տարիներին չարիք է տեսնում:

21 Նրա ականջները միշտ սարսափազդու ձայներ են լսում,+

Անգամ խաղաղ ժամանակ նրա վրա կողոպտիչներ են հարձակվում:

22 Նա չի հավատում, որ կազատվի խավարից,+

Նա ընկնելու է սրից:

23 Նա թափառում է հաց գտնելու համար՝ ասելով. «Ո՞ւր է»:

Նա լավ գիտի, որ խավարի օրը շատ մոտ է:

24 Տագնապն ու տանջանքը սարսափեցնում են նրան,

Ահաբեկում են, ինչպես մի թագավոր, որ պատրաստ է հարձակման,

25 Քանի որ ընդդիմանում է Աստծուն,

Փորձում է մարտահրավեր նետել Ամենակարողին,

26 Իր հաստ, ամուր վահանով համառորեն Աստծու դեմ է դուրս գալիս:

27 Նրա դեմքը ճարպակալած է,

Նրա ազդրերը ճարպից փքված են:

28 Քաղաքները, որտեղ նա բնակվում է, կավերվեն,

Նրա տներում ոչ ոք չի ապրի,

Դրանք քարակույտերի կվերածվեն:

29 Նա չի հարստանա, հարստություն չի կուտակի,

Եվ նրա ունեցվածքը երկրով մեկ չի տարածվի:

30 Նա չի փախչի խավարից,

Կրակը կխանձի նրա շիվերը,*

Նա կոչնչանա Աստծու* շնչից:+

31 Նա չպետք է խաբվի և փուչ բաներին հուսա,

Որովհետև փոխարենը միայն դատարկություն կստանա:

32 Այդ ամենը շատ շուտով կպատահի նրան,

Նրա ճյուղերը երբեք չեն փարթամանա:+

33 Վազի պես պտղաթափ կլինի՝ խաղողը դեռ չհասած,

Ձիթենու պես ծաղկաթափ կլինի:

34 Անպտուղ կլինեն Աստծուն արհամարհողների* գործերը,+

Կրակը կլափի կաշառակերների վրանները:

35 Նրանք չար մտքեր են հղանում ու չարիք ծնում,

Նրանց ներսում* խաբեություն է ձևավորվում»:

16 Հոբը պատասխանեց.

 2 «Նման շատ բաներ առաջ էլ եմ լսել:

Դուք բոլորդ ցավ պատճառող մխիթարիչներ եք:+

 3 Դատարկ խոսքերին վերջ չի՞ լինելու:

Ի՞նչն է դրդում քեզ* այդպես պատասխանելու:

 4 Եթե իմ տեղը դուք լինեիք,

Ես էլ կարող էի ձեզ պես խոսել,

Ես էլ կարող էի ձեր դեմ համոզիչ բաներ ասել

Եվ գլուխս արհամարհանքով շարժել:+

 5 Բայց ես այդպես չէի անի, այլ իմ խոսքերով ձեզ կզորացնեի,

Իմ մխիթարական խոսքերով թեթևացում կբերեի:+

 6 Իսկ հիմա ես խոսում եմ, բայց, մեկ է, ցավս չի թեթևանում,

Լռում եմ, բայց ցավս չի մեղմանում:+

 7 Աստված ինձ ուժասպառ է արել,+

Ողջ տունս ամայի է դարձրել:

 8 Նրա ձեռքն ինձ ճնշում է, և մարդիկ դա տեսնում են,

Հյուծվածությունս վկայում է իմ դեմ:

 9 Բարկությամբ լցված՝ նա պատառոտում է ինձ,

Իմ հանդեպ թշնամանք է տածում:+

Կրճտացնում է իր ատամներն ինձ տեսնելիս:

Իմ ոսոխը կատաղի հայացքով ինձ է նայում:+

10 Մարդիկ լայն բացել են իրենց բերանն ու ինձ ծաղրում են,+

Հեգնանքով ապտակում են,

Մեծ ամբոխով հավաքվում են իմ դեմ:+

11 Աստված թողնում է, որ դեռահաս տղաները նեղեն ինձ,

Անօրենների ձեռքն է ինձ տալիս:+

12 Ես հանգիստ ապրում էի, բայց նա ինձ ջարդուփշուր արեց,+

Վզիցս բռնեց ու ջախջախեց,

Նա ինձ իր թիրախը դարձրեց:

13 Իր նետաձիգներով շրջապատել է ինձ,+

Առանց կարեկցանքի խոցում է երիկամներս,+

Դուրս է թափում լեղիս:

14 Ես ասես պատ լինեմ, որի վրա նա ճեղքեր է բացում,

Ռազմիկի պես ինձ վրա է գրոհում:

15 Քուրձ եմ կարել, որ մարմինս* ծածկեմ,+

Արժանապատվությունս* հողն եմ դրել:+

16 Լացելուց կարմրել է երեսս,+

Եվ մռայլ ստվեր* է իջել աչքերիս:

17 Այնինչ ես երբևէ չեմ գործել բռնություն

Եվ մաքուր սրտով եմ աղոթում:

18 Ո՛վ երկիր, մի՛ ծածկիր արյունս,+

Թող երբևէ չլռի աղաղակս:

19 Բայց հիմա էլ հօգուտ ինձ վկայություն տվող կա երկնքում,

Իմ դատը պաշտպանող կա բարձունքներում:

20 Ընկերներս ծաղրում են ինձ,+

Իսկ ես արտասվելով Աստծուն եմ դիմում:*+

21 Թող ինչ-որ մեկը վճիռ կայացնի Աստծու և մարդու միջև,

Ինչպես որ կկայացներ մարդու և իր դրացու միջև:+

22 Ինձ մնացել է ընդամենը մի քանի տարի,

Եվ ես շուտով կբռնեմ անդառնալի ուղին»:+

17 «Մեջս ուժ չի մնացել, կյանքս ավարտին է մոտենում,

Գերեզմանն ինձ է սպասում:+

 2 Շրջապատված եմ ծաղրողներով,+

Ստիպված եմ նրանց ըմբոստ վարքը տեսնել իմ աչքով:

 3 Խնդրում եմ, ստանձնիր իմ երաշխավորությունը:

Ուրիշ էլ ո՞վ իմ ձեռքը կսեղմի և կդառնա իմ երաշխավորը:+

 4 Հասկացողությունը դու նրանցից թաքուն ես պահել+

Եվ այդպիսով թույլ չես տալիս, որ նրանք հաղթանակեն:

 5 Նրանք իրենց ընկերներին ասում են, թե նրանց հետ կկիսեն իրենց ունեցածը,

Մինչդեռ սովից մթնել են իրենց զավակների աչքերը:

 6 Աստված ինձ ծաղրի առարկա* է դարձրել ազգերի մեջ,+

Ես դարձել եմ մեկը, ում երեսին նրանք թքում են:+

 7 Վշտից աչքերս խամրում են,+

Ձեռքերս ու ոտքերս բարակել ու ստվեր են դարձել:

 8 Ուղղամիտ մարդիկ, սա տեսնելով, ապշահար են լինում,

Անմեղը Աստծուն արհամարհողների* հանդեպ վրդովմունքով է լցվում:

 9 Արդարները իրենց ճանապարհից չեն շեղվում,+

Նա, ում ձեռքերը մաքուր են, ավելի մեծ ուժով է լցվում:+

10 Իսկ դուք բոլորդ կարող եք գալ ու ձեր բանավեճը շարունակել,

Մինչև հիմա ոչ մեկդ իմաստուն բան չեք ասել:+

11 Կյանքիս օրերը ավարտին են մոտեցել,+

Ծրագրերս և իղձերս փշուր-փշուր են եղել:+

12 Նրանք գիշերը որպես ցերեկ են ներկայացնում՝ ասելով՝

«Ուր որ է լույս կլինի», այնինչ ես շրջապատված եմ խավարով:

13 Եթե մի փոքր էլ սպասեմ, գերեզմանը* կդառնա իմ տունը,+

Խավարի մեջ կփռեմ իմ անկողինը:+

14 Ես գերեզմանափոսին+ կասեմ՝ «Իմ հա՛յր»,

Իսկ որդերին կասեմ՝ «Իմ մա՛յր և իմ քո՛ւյր»:

15 Եվ ուրեմն, էլ ի՞նչ հույս կա ինձ համար:+

Ո՞վ է ինձ համար հույսի որևէ շող տեսնում:

16 Հույսս գերեզման* կիջնի,

Երբ ես հողը մտնեմ դրա հետ միասին»:+

18 Սովեցի Բաղդատը+ պատասխանեց.

 2 «Ե՞րբ եք վերջ տալու ձեր* այդ խոսքերին:

Գեթ մի փոքր հասկացողություն դրսևորեք,

Եվ նոր միայն մենք կխոսենք:

 3 Ինչո՞ւ եք մեզ կենդանիների տեղ դնում+

Եվ հիմար* համարում:

 4 Ինչքան էլ զայրույթից տանջվես,*

Մի՞թե հանուն քեզ կամայանա երկիրը,

Կամ իր տեղից կշարժվի ժայռը:

 5 Անօրենի լույսը կմարի,

Եվ նրա կրակի բոցը չի փայլի:+

 6 Նրա վրանի լույսը կխավարի,

Եվ նրան լուսավորող ճրագը կհանգչի:

 7 Նրա աշխույժ և արագ քայլերը կդանդաղեն,

Նրա ծրագրերը իրեն անկման կտանեն:+

 8 Նրա ոտքերը նրան դեպի ցանցը կուղղորդեն,

Նա կխճճվի դրա հանգույցների մեջ:

 9 Նրա կրունկը թակարդի մեջ կբռնվի,

Նա ծուղակը կընկնի:+

10 Նրա համար թաքուն պարան է դրված գետնին,

Թակարդ է լարված նրա ճանապարհին:

11 Ամեն կողմից սարսափները նրան ահաբեկում են+

Եվ կրնկակոխ հետապնդում են:

12 Ուժերը նրան լքում են,

Աղետը+ նրան սասանում է:*

13 Քայքայվում է նրա մաշկը,

Խիստ մահացու հիվանդությունը* մաշեցնում է նրա ձեռքերն ու ոտքերը:

14 Նա իր ապահով վրանից դուրս կհանվի+

Եվ սարսափների թագավորի մոտ* կտարվի:

15 Նրա վրանում օտարները կբնակվեն,

Նրա տան վրա ծծումբ շաղ կտրվի:+

16 Նրա արմատները կչորանան,

Նրա ճյուղերը կթառամեն:

17 Երկրի երեսից կջնջվի նրա հիշատակը,

Փողոցներում չեն իմանա նրա անունը:*

18 Նա լույսից դեպի խավար կքշվի,

Այս աշխարհից կվռնդվի:

19 Իր ժողովրդի մեջ զավակներ ու սերունդներ չի ունենա,

Նրա բնակավայրում ոչ ոք ողջ չի մնա:

20 Երբ գա նրա կործանման օրը, արևմուտքի մարդիկ կսարսափեն,

Արևելքի մարդիկ սարսուռով կհամակվեն:

21 Ահա սա է սպասում հանցավորի վրանին

Եվ Աստծուն չճանաչողի բնակավայրին»:

19 Հոբը պատասխանեց.

 2 «Դեռ ինչքա՞ն եք հոգիս վրդովելու,+

Ինձ խոսքերով ջախջախելու:+

 3 Արդեն տասն անգամ է՝ ինձ կշտամբում* եք,

Եվ չեք էլ ամաչում, որ ինձ հետ այսքան կոպիտ եք վարվում:+

 4 Եթե իսկապես սխալ եմ արել,

Ապա դա միայն իմ գործն է:

 5 Իսկ եթե ինձ վերևից եք նայում

Եվ պնդում եք, թե արդարացիորեն եմ անարգանք կրում,

 6 Ապա իմացեք, որ Աստված է ինձ հետ անարդարացի վարվել*

Եվ ինձ իր որսացանցով բռնել:

 7 Ահա ես աղաղակում եմ՝ «Ինձ վնա՛ս են հասցրել», բայց պատասխանող չկա,+

Օգնություն եմ աղերսում, բայց արդարադատություն չկա:+

 8 Ճանապարհս քարե պատնեշով փակել է նա, ու ես չեմ կարողանում անցնել:

Ուղիներս խավարով է պատել:+

 9 Նա պատվազրկել է ինձ,

Թագը հանել է իմ գլխից:

10 Ամեն կողմից ջախջախում է ինձ, մինչև վերանամ,

Հույսս ծառի պես արմատախիլ է անում:

11 Իմ դեմ բորբոքված բարկությամբ է լցվում,

Ինձ իր ոսոխն է համարում:+

12 Նրա զորքերը հավաքվում են և ինձ պաշարում,

Վրանիս շուրջբոլորը բանակ են դնում:

13 Հարազատ եղբայրներիս ինձնից հեռու է վանել,

Ինձ ճանաչողները ինձնից երես են թեքել:+

14 Մտերիմ ընկերներս* հեռացել են,

Եվ ում լավ եմ ճանաչում, ինձ մոռացել են:+

15 Իմ տան հյուրերը+ և իմ աղախինները ինձ օտար են համարում,

Ես օտարական եմ նրանց աչքում:

16 Կանչում եմ ծառայիս, բայց նա չի պատասխանում,

Իմ բերանով նրանից կարեկցանք եմ աղերսում:

17 Իմ շունչն անգամ նողկանք է պատճառում կնոջս,+

Իմ գարշահոտությունից վանվում են հարազատ եղբայրներս:

18 Անգամ փոքր երեխաներն են ինձ արհամարհում,

Հենց վեր եմ կենում, ինձ ձեռք են առնում:

19 Բոլոր մտերիմներս ինձնից զզվում են,+

Եվ ում սիրում էի, դուրս են եկել իմ դեմ:+

20 Կաշիս ու ոսկորս են մնացել,+

Մահվան եզրին եմ հասել:*

21 Խղճացեք ինձ, իմ ընկերնե՛ր, խղճացեք,

Աստծու ձեռքն է ինձ հարվածել:+

22 Ինչո՞ւ եք հալածում ինձ, ինչպես որ Աստված է անում,+

Անդադար ինձ վրա եք հարձակվում:*+

23 Ա՜խ, եթե միայն խոսքերս գրի առնվեին,

Եթե միայն գրքի մեջ գրվեին,

24 Երկաթե հատիչով ու կապարով ժայռի վրա առհավետ փորագրվեին:

25 Ես լավ գիտեմ, որ ինձ ազատագրողը*+ կենդանի է,

Նա կգա հետագայում ու կկանգնի երկրի* վրա:

26 Եվ երբ մաշկս այսպես քայքայվի,

Բայց ես դեռ ողջ լինեմ, Աստծուն կտեսնեմ:

27 Ես նրան անձամբ կտեսնեմ,

Հենց իմ աչքերը կտեսնեն, ոչ թե ուրիշ մեկինը:+

Այդուհանդերձ, ես խորապես ընկճված եմ:*

28 Դուք ասում եք՝ «Այդ ինչպե՞ս ենք նրան հալածում»,+

Այնինչ խնդրի արմատը իմ մեջ եք տեսնում:

29 Ինքներդ սրից վախեցեք,+

Քանի որ հանցանք գործողները սրով կպատժվեն:

Դատավոր կա. իմացա՛ծ եղեք»:+

20 Նաամացի Սոֆարը+ պատասխանեց.

 2 «Ես խիստ նեղված ու վրդովված եմ,

Դրա համար էլ պետք է խոսեմ:

 3 Իմ լսած կշտամբանքներից վիրավորված եմ,

Դատողությունս ինձ հուշում է, որ պետք է քեզ պատասխանեմ:

 4 Դե իհարկե, դու արդեն գիտես այն, ինչ ասելու եմ քեզ,

Որ երկրի վրա մարդու* ստեղծվելուց ի վեր եղել է այսպես.+

 5 Անօրենների ցնծությունը կարճատև է,

Աստծուն արհամարհողի* ուրախությունը մի ակնթարթ է:+

 6 Թե նրա փառքը երկինք էլ հասնի,

Եվ նրա գլուխը ամպերին դիպչի,

 7 Իր արտաթորանքի պես նա կկորչի հավիտյան:

Ովքեր տեսել էին նրան, կասեն. «Ո՞ւր է նա»:

 8 Երազի պես նա կթռչի կգնա, և նրան չեն գտնի,

Գիշերվա տեսիլքի պես կչքվի:

 9 Մի ժամանակ նրան տեսնող աչքերը այլևս նրան չեն տեսնի,

Նրա տունը էլ երբեք նրան չի տեսնի:+

10 Նրա զավակները բարեհաճություն կաղերսեն աղքատներից,

Նա իր իսկ ձեռքով կվերադարձնի այն ամենը, ինչ վերցրել է ուրիշներից:+

11 Նա երիտասարդական ավյունով է լի,

Բայց նրա հետ այն* հողը կմտնի:

12 Եթե չարն անելը քաղցր մի բան է նրա բերանում,

Եթե նա իր լեզվի տակ է այն պահում,

13 Վայելում է ու հանել չի ուզում,

Այլ շարունակ պահում է իր բերանում,

14 Ապա նրա փորում այն կդառնանա,

Նրա ներսում կոբրայի թույն* կդառնա:

15 Նա հարստություն է կուլ տվել, բայց կփսխի,

Աստված նրա փորից այն դուրս կթափի:

16 Նա կոբրաների թույնը կծծի,

Իժը նրան կխայթի ու կսպանի:

17 Նա երբեք չի տեսնի հորդահոս ջրեր,

Մեղրի ու կարագի հեղեղներ:

18 Իր վերցրածը նա, դեռ չօգտագործած, կվերադարձնի,

Առևտրով կուտակած իր հարստությունը չի վայելի:+

19 Նա ջախջախել է աղքատին, նրան անօգնական է թողել,

Խլել է տունը, որն ինքը չի կառուցել:

20 Նա ներքին խաղաղություն չի վայելի,

Նրա հարստությունը նրան չի փրկի:

21 Էլ բան չի մնացել, որ նա խժռի,

Ուստի նրա բարօրությունը հարատև չի լինի:

22 Երբ նրա բարեկեցությունը իր գագաթնակետին հասնի,

Այդժամ տագնապը նրան կհամակի,

Չարիքը ողջ ուժով նրան կհարվածի:

23 Մինչ նա իր փորն է լցնում,

Աստված* իր բորբոքված բարկությունը նրա վրա կթափի,

Եվ այն անձրևի պես նրա վրա կտեղա, նրա որովայնը կլցվի:

24 Նա կփախչի երկաթե զենքերից,

Բայց այդ ժամանակ կխոցվի պղնձե աղեղից արձակված նետերից:

25 Նա նետ կհանի իր մեջքից,

Փայլուն նետ՝ իր լեղապարկից:

Նա սարսափով կհամակվի:+

26 Նրա գանձերը կկորչեն լիակատար խավարի մեջ,

Նրան կլափի կրակը, որը ոչ ոք չի էլ թեժացրել:

Թե նրա վրանում վերապրող լինի, աղետը նրան վրա կհասնի:

27 Երկինքը նրա հանցանքը կբացահայտի,

Երկիրը նրա դեմ կելնի:

28 Հեղեղը կքշի-կտանի նրա տունը,

Հորդահոս հեղեղ կլինի Աստծու* բարկության օրը:

29 Սա է անօրենի համար Աստծու պահած բաժինը,

Նրա համար Աստծու սահմանած ժառանգությունը»:

21 Հոբը պատասխանեց.

 2 «Ուշադիր լսեք խոսքերս,

Գոնե այդպես ինձ կմխիթարեք:

 3 Համբերատար եղեք, մինչ ես կխոսեմ:

Ասելիքս վերջացնեմ, հետո կարող եք ինձ ծաղրել:+

 4 Չէ՞ որ մարդուն չէ ուղղված գանգատս:

Եթե այդպես լիներ, մի՞թե կորցրած չէի լինի համբերությունս:

 5 Ինձ նայեք ու ապշեք,

Ձեր բերանները փակեք:

 6 Երբ մտածում եմ, նեղսրտում եմ,

Ամբողջ մարմինս սարսռում է:

 7 Ինչո՞ւ են անօրեններն ապրում,+

Հասնում ծերության ու հարստանում:*+

 8 Իրենց զավակները միշտ իրենց կողքին են,

Եվ նրանք անգամ իրենց զավակների սերունդներին են տեսնում:

 9 Նրանք ապահով ապրում են իրենց տներում և չեն վախենում:+

Աստված իր գավազանով նրանց չի պատժում:

10 Նրանց ցլերը հաջողությամբ են զուգավորվում,

Եվ նրանց կովերը ծնում են, չեն վիժում:

11 Հոտերի պես դուրս են վազում նրանց տղաները,

Ուրախ ցատկոտում են նրանց երեխաները:

12 Նրանք դափի ու քնարի նվագակցությամբ երգում են,

Սրնգի հնչյունների տակ ուրախանում են:+

13 Գոհ ու երջանիկ են ապրում

Եվ խաղաղությամբ* են գերեզման* իջնում:

14 Նրանք ճշմարիտ Աստծուն ասում են. «Մեզ հետ գործ չունես:

Ճանապարհներիդ մասին սովորելու ցանկություն չունենք:+

15 Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք,+

Մեզ ի՞նչ օգուտ, որ նրան ճանաչենք»:+

16 Սակայն ես գիտեմ, որ նրանց բարեկեցիկ կյանքն իրենց ձեռքում չէ:+

Անօրենների մտածելակերպը* ինձ համար խորթ է:+

17 Բայց քանի՞ անգամ է անօրենների ճրագը հանգել,+

Քանի՞ անգամ է նրանց վրա աղետ եկել,

Քանի՞ անգամ է Աստված, բարկությամբ լցված, նրանց կործանել:

18 Երբևէ քամուց քշվե՞լ են ծղոտի պես

Կամ հողմի բերանն ընկած մղեղի* պես:

19 Աստված անօրենի հանցանքի պատիժը պահում է նրա որդիների համար:

Բայց թող որ անօրենն ինքը Աստծուց հատուցում ստանա, որ իմանա:+

20 Թող իր աչքով տեսնի իր կործանումը

Եվ անձամբ խմի Ամենակարողի ցասման բաժակը:+

21 Եթե նա վաղաժամ մեռնի,*+

Նրա ի՞նչ պետքն է, թե իրենից հետո իր սերունդներին ինչ կլինի:

22 Ո՞վ կարող է որևէ բան սովորեցնել Աստծուն,+

Չէ՞ որ անգամ ամենաբարձր դիրք ունեցողներին Նա է դատում:+

23 Մեկը կյանքից հեռանում է՝ լի ավյունով,+

Բացարձակապես խաղաղ ու անհոգ,+

24 Ազդրերը պատված ճարպով,

Ոսկորներն ամուր:*

25 Իսկ մյուսը մեռնում է՝ խորապես ընկճված,

Երբեք բարիք չճաշակած:

26 Նրանք երկուսն էլ հողում կպառկեն+

Ու որդերով կծածկվեն:+

27 Ես շատ լավ գիտեմ՝ ինչ եք մտածում,

Գիտեմ ձեր դավերը, որոնցով ինձ չարիք պատճառել եք ուզում:+

28 Դուք ասում եք. «Ո՞ւր է նշանավոր մարդու տունը,

Ո՞ւր է այն վրանը, որտեղ ապրում էր անօրենը»:+

29 Ի՞նչ է, չե՞ք հարցրել ճամփորդներին,

Մի՞թե մանրակրկիտ չեք քննել նրանց ասածները,

30 Որ աղետի ժամանակ չար մարդը խնայվում է,

Ցասման օրը նա փրկվում է:

31 Ո՞վ նրան բացեիբաց կհանդիմանի իր գործերի համար,

Ո՞վ կհատուցի նրան իր արածների համար:

32 Նրան գերեզմանոցում կթաղեն

Եվ նրա գերեզմանի վրա պահապան կդնեն:

33 Նա խաղաղ կհանգչի հողում:*+

Ողջ մարդկությունը նրա հետևից է գնում*+

Այն անթիվ-անհամար մարդկանց նման, որ նրանից առաջ անցել են նույն ուղով:

34 Ուրեմն ինչի՞ս է պետք ձեր անիմաստ մխիթարությունը,+

Ձեր ասածները միայն խաբեություն են»:

22 Թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.

 2 «Կարո՞ղ է արդյոք մարդն Աստծուն պիտանի լինել:

Եթե անգամ մարդն իմաստուն է, Աստծուն ի՞նչ օգուտ կարող է բերել:+

 3 Ամենակարողին ի՞նչ,* որ դու արդար ես,

Կամ մի՞թե նա շահ ունի քո անարատ ընթացքից:+

 4 Մի՞թե աստվածավախ լինելուդ համար նա քեզ կպատժեր

Կամ քեզ հետ դատավեճի մեջ կմտներ:

 5 Չէ՞ որ պատժվելուդ պատճառն այն է, որ շատ մեծ է քո անօրենությունը,

Եվ վերջ չունեն քո հանցանքները:+

 6 Դու տեղի-անտեղի քո եղբայրներից գրավ ես վերցնում,

Մարդկանց հագուստները հանում ես ու նրանց մերկ թողնում:+

 7 Ջուր չես տալիս հոգնածին,

Ուտելիք չես տալիս քաղցածին:+

 8 Զորավոր մարդն է երկրին տիրում,+

Առանձնաշնորհյալն է այնտեղ բնակվում:

 9 Իսկ այրիներին դու դատարկաձեռն ճամփու ես դրել

Եվ որբերին վնաս ես պատճառել:*

10 Դրա համար էլ ծուղակներով* շրջապատված ես,+

Եվ հանկարծահաս սարսափները ահաբեկում են քեզ:

11 Այնպիսի խավարի մեջ ես, որ չես կարողանում տեսնել,

Հեղեղը ծածկում է քեզ:

12 Աստված երկնքի բարձունքներում է, չէ՞:

Նայիր, թե որքան բարձր են բոլոր աստղերը:

13 Իսկ դու ասում ես. «Աստված ի՞նչ գիտի:

Նա ի՞նչ կարող է տեսնել թանձր մշուշի միջից, որ դատի:

14 Երբ նա շրջում է երկնակամարով,

Ամպերը փակում են նրա տեսադաշտը, և նա ոչինչ չի տեսնում»:

15 Մի՞թե գնալու ես այն ճանապարհով,

Որով հնում գնացել են անօրենները՝

16 Մարդիկ, որոնք վաղաժամ մահացել են,

Որոնց հեղեղը քշել-տարել է:*+

17 Նրանք ճշմարիտ Աստծուն ասում էին՝ «Մեզ հետ գործ չունես»,

Նաև ասում էին՝ «Ամենակարողն ի՞նչ կարող է անել մեզ»:

18 Այնինչ նրանց տները նա էր բարիքներով լցրել

(Անօրենների այս մտածելակերպն ինձ խորթ է):

19 Արդարները կտեսնեն նրանց կործանումը և կհրճվեն,

Անմեղները նրանց կծաղրեն ու կասեն.

20 «Մեր թշնամիները կործանվեցին,

Ինչ էլ մնաց նրանցից, կրակը կլափի»:

21 Ճանաչիր Աստծուն և խաղաղություն կվայելես,

Այդժամ բարիք կճաշակես:

22 Ընդունիր նրա բերանից դուրս եկած օրենքը,

Սրտիդ մեջ պահիր նրա խոսքերը:+

23 Եթե վերադառնաս դեպի Ամենակարողը, կրկին կբարգավաճես:+

Եթե անարդարությունը քո վրանից հեռացնես,

24 Եթե քո ոսկին* հողը դնես,

Օֆիրի+ ոսկին ժայռոտ կիրճերը գցես,

25 Այդ ժամանակ Ամենակարո՛ղը կդառնա քո ոսկին,

Քո ամենաընտիր արծաթը նա՛ կլինի:

26 Ամենակարողը քո ուրախության աղբյուրը կլինի,

Դու վստահությամբ Աստծուն կդիմես:*

27 Կաղաչես նրան, ու նա կլսի քեզ,

Եվ դու երդումներդ կկատարես:

28 Ինչ էլ մտադրես, կհաջողվի,

Ճանապարհներիդ վրա լույս կփայլի:

29 Եթե մեծամտաբար խոսես, կստորացվես,

Մինչդեռ խոնարհին Աստված կփրկի:

30 Նա կազատի նրանց, ովքեր անմեղ են,

Այնպես որ, եթե ձեռքերդ մաքուր լինեն, անկասկած կփրկվես»:

23 Հոբը պատասխանեց.

 2 «Այսօր էլ կշարունակեմ համառորեն բողոքել,+

Այնքան եմ հառաչել, որ ուժասպառ եմ եղել:

 3 Երանի՜ թե իմանայի՝ որտեղ կարող եմ գտնել Աստծուն,+

Կգնայի այնտեղ, որտեղ նա է բնակվում:+

 4 Դատս նրան կներկայացնեի,

Հօգուտ ինձ՝ շատ փաստարկներ կբերեի:

 5 Կտեսնեի, թե նա ինչ կպատասխանի,

Նրա ասածներին ուշադրություն կդարձնեի:

 6 Մի՞թե ինձ հետ դատավեճում նա իր մեծ զորությունը գործի կդներ:

Ո՛չ: Նա, անկասկած, իմ ասելիքը կլսեր:+

 7 Այդպես ուղղամիտը նրա հետ իր խնդիրը կհարթեր,

Իմ Դատավորն ինձ մեկընդմիշտ կարդարացներ:

 8 Բայց ահա արևելք եմ գնում, նա այնտեղ չէ,

Հետ եմ գալիս, նրան չեմ կարողանում գտնել:

 9 Երբ նա հյուսիսում է գործում, ես նրան չեմ նշմարում:

Հետո դեպի հարավ է գնում, բայց, միևնույն է, նրան չեմ տեսնում:

10 Այդուհանդերձ, նա լավ գիտի իմ բռնած ճամփան:+

Երբ ինձ փորձի, զտված ոսկու պես մաքուր դուրս կգամ:+

11 Ես անշեղորեն նրա քայլերին եմ հետևել,

Նրա ճանապարհին եմ մնացել ու դրանից չեմ հեռացել:+

12 Նրա շուրթերից հնչած պատվիրաններից ես չեմ հեռացել,

Նրա ասածները թանկ եմ համարել,+ պահանջվածից էլ ավելին եմ արել:

13 Եթե նա մի բան է որոշել, ո՞վ կարող է նրան հակառակվել:+

Երբ ուզում է մի բան անել, այդպես էլ անում է:+

14 Ինչ որոշել է ինձ համար, լիովին կիրագործի,

Նման բաներ նա իր մտքում դեռ շատ ունի:

15 Դրա համար էլ նա ինձ տագնապ է ներշնչում,

Երբ մտածում եմ նրա մասին, ավելի մեծ վախով եմ համակվում:

16 Աստված իմ սիրտը ահուդողով է լցրել,

Ամենակարողը ինձ սարսափահար է արել:

17 Ու թեև դեմքս թաղված է մթության մեջ,

Խավարը դեռ ինձ չի լռեցրել»:

24 «Ինչո՞ւ Ամենակարողը դատաստանի օր չի սահմանում,+

Եվ ինչո՞ւ նրան ճանաչողները այդ օրը չեն տեսնում:

 2 Մարդիկ տեղաշարժում են հողատարածքի սահմանանշանները,+

Հափշտակում են ուրիշի ոչխարներն ու տանում իրենց արոտավայրերը:

 3 Որբերի* էշերը քշում են տանում,

Այրու ցուլը պարտքի դիմաց գրավ են վերցնում:+

 4 Աղքատներին ճանապարհից վռնդում են,

Անօգնականները ստիպված նրանցից թաքնվում են:+

 5 Աղքատները սնունդ են որոնում, ինչպես վայրի էշերը՝+ ամայի վայրում,

Իրենց երեխաների համար ուտելիք են փնտրում անապատում:

 6 Նրանք ստիպված են ուրիշի արտի բերքը հավաքել,*

Անօրենի այգու խաղողի մնացորդներից օգտվել:

 7 Գիշերում են մերկ, առանց հագուստի,+

Ծածկոց չունեն, որ պաշտպանվեն ցրտից:

 8 Անձրևից թրջվում են լեռներում,

Պատսպարան չունենալով՝ ժայռերին են սեղմվում:

 9 Չարագործները անհայր մանկանը խլում են մոր կրծքից ու տանում,+

Աղքատների հագուստը պարտքի դիմաց գրավ են վերցնում:+

10 Եվ նրանք ստիպված են լինում առանց հագուստի մերկ շրջել,

Քաղցած վիճակում հասկերի խրձեր կրել:

11 Օրվա տապին քրտնաջան աշխատում են* քարերով պատնեշված դարավանդներում,*

Հնձաններում խաղող են տրորում, բայց ծարավ են մնում:+

12 Մեռնողների հեծեծանքն է շարունակ լսվում քաղաքում,

Մահացու վիրավորները օգնության են կանչում,+

Բայց Աստծուն այդ ամենը չի մտահոգում:*

13 Անօրենները մերժում են լույսը,+

Լույսի ճանապարհներն իմանալ չեն ուզում,

Դրա արահետներով չեն գնում:

14 Մարդասպանը լուսաբացին վեր է կենում,

Անօգնականին ու խեղճին սպանում,+

Գիշերն էլ գողությամբ է զբաղվում:

15 Կողակցին դավաճանողը* սպասում է, որ իջնի մթնշաղը:+

Նա ասում է՝ «Ոչ ոք ինձ չի տեսնի»,+ ու ծածկում է երեսը:

16 Մութ ժամանակ անօրենները ներխուժում են տները,

Իսկ ցերեկը փակվում են ներսում:

Նրանց համար խորթ է լույսը:+

17 Նրանք վախենում են լուսաբացից, ինչպես մյուս մարդիկ՝ թանձր խավարից:

Իսկ թանձր խավարի սարսափները սովորական բան են նրանց համար:

18 Բայց ջրերը նրանց սրընթաց քշում-տանում են:

Անիծյալ կլինի նրանց բաժին հողատարածքը:+

Նրանք չեն վերադառնա իրենց խաղողի այգիները:

19 Ինչպես երաշտն ու տապն են կուլ տալիս հալված ձյունը,

Այնպես էլ գերեզմանն* է կուլ տալիս մեղք գործածներին:+

20 Սեփական մայրը* նրանց կմոռանա, որդերը հաճույքով նրանց կխժռեն,

Եվ նրանք այլևս չեն հիշվի:+

Անարդարները ծառի պես կկտրվեն:

21 Ամուլ կնոջը նրանք շահագործում են,

Վատ են վարվում այրու հետ:

22 Իր զորությամբ Աստված* զորեղների վերջը կտա,

Թե նրանք վեր էլ բարձրանան, կյանքի հեռանկար չեն ունենա:

23 Աստված* թողնում է, որ նրանք վստահությամբ լցվեն ու ապահով զգան,+

Բայց իր աչքը պահում է նրանց ճանապարհների վրա:+

24 Մի կարճ ժամանակ վեր են բարձրանում, բայց հետո այլևս չկան:+

Հացահատիկի հասկերի պես կտրվում են ու հավաքվում,

Ցած են ընկնում+ ու բոլորի պես մեռնում:

25 Հիմա ո՞վ ինձ սուտ կհանի

Կամ խոսքերս կհերքի»:

25 Սովեցի Բաղդատը+ պատասխանեց.

 2 «Աստծունն է իշխանությունն ու ահարկու ուժը,

Նա խաղաղություն է հաստատում երկնքում:

 3 Մի՞թե հնարավոր է հաշվել նրա զորքերը,

Մի՞թե նա չէ բոլորի լույսի աղբյուրը:

 4 Ուրեմն ինչպե՞ս կարող է մահկանացու մարդը Աստծու առաջ արդար լինել,+

Ինչպե՞ս կարող է կնոջից ծնվածը անմեղ* լինել:+

 5 Մինչև անգամ լուսինը լուսավոր չէ նրա աչքին,

Եվ աստղերը մաքուր չեն:

 6 Էլ ուր մնաց՝ մահկանացու մարդը, որ մի որդ է,

Եվ մարդու որդին, որ մի ճիճու է»:

26 Հոբը պատասխանեց.

 2 «Վա՜յ, այս ինչքա՜ն օգնեցիր անզորին,

Ինչպե՜ս փրկեցիր ուժ չունեցողին:+

 3 Ի՜նչ հրաշալի խորհուրդ տվեցիր իմաստություն չունեցողին,+

Իմաստությունդ* լիուլի ցույց տվեցիր:

 4 Այդ ո՞ւմ ես ուզում ինչ-որ բան ասել,

Ո՞վ է քեզ դրդել, որ այդպիսի խոսքեր ասես:*

 5 Աստծու առաջ սարսռում են անզոր մեռելները,

Նրանք ավելի ցածր են, քան ջրերն ու դրանցում բնակվողները:

 6 Աստծու* առաջ գերեզմանը* բաց է,+

Փտության այդ վայրը* ոչնչով ծածկված չէ:

 7 Նա հյուսիսային երկինքը* դատարկ տարածության* վրա է փռել,+

Երկիրը կախել է ոչնչից:*

 8 Նա ջրերն ամպերի մեջ է ծրարում,+

Բայց ամպերը դրանց ծանրությունից չեն պատռվում:

 9 Տեսադաշտից ծածկում է իր գահը՝

Ամպը տարածելով դրա շուրջբոլորը:+

10 Ջրերի երեսին հորիզոնն* է գծագրում,+

Լույսի ու խավարի միջև սահման է դնում:

11 Երկնքի սյուները ցնցվում են,

Նրա սաստումից դողում են:

12 Իր զորությամբ նա փոթորկում է ծովը+

Եվ ջախջախում է ծովահրեշին՝*+ գործի դնելով իր հասկացողությունը:

13 Իր շնչով* երկինքը պարզկա է դարձնում,

Ճարպիկ օձին իր ձեռքով խոցում:

14 Ահա սրանք լոկ եզրերն են նրա ճանապարհների,+

Նրա մասին մեր լսածը թույլ շշուկ է ընդամենը:

Ո՞վ կարող է ըմբռնել նրա որոտի հզորությունը»:+

27 Հոբը շարունակեց իր խոսքը.*

 2 «Երդվում եմ Աստծու գոյությամբ, ով իմ առաջ փակել է արդարադատության դուռը,+

Ամենակարողի գոյությամբ, ով դառնացրել է իմ սիրտը,+

 3 Որ քանի դեռ շնչում եմ,

Եվ Աստծու տված շունչը* քթանցքերիս մեջ է,+

 4 Շուրթերիցս անարդար բան դուրս չի գա,

Լեզուս ստեր չի մրմնջա:

 5 Ես երբեք ճիշտ չեմ համարի ձեր ասածները,

Նվիրված կմնամ Աստծուն* մինչև իմ վերջին շունչը:+

 6 Ես կպնդեմ, որ արդար եմ, և արդար ընթացքս երբեք չեմ թողնի:+

Քանի դեռ ողջ եմ,* սիրտս* ինձ չի դատապարտի:

 7 Թող իմ թշնամուն վիճակվի նույնը, ինչ անօրենին,

Ինձ վրա հարձակվողներին թող նույն պատիժը տրվի, ինչ անարդարներին:

 8 Աստծուն արհամարհողը* էլ ի՞նչ հույս կարող է ունենալ, երբ կործանվի,+

Երբ Աստված նրա կյանքին վերջ դնի:

 9 Մի՞թե Աստված կլսի նրա աղաղակը,

Երբ նրան վրա հասնի չարիքը:+

10 Մի՞թե Ամենակարողը նրա համար ուրախության աղբյուր կլինի,

Մի՞թե ամեն ժամանակ նա Աստծուն կաղոթի:

11 Ես կսովորեցնեմ ձեզ Աստծու զորության մասին,*

Ամենակարողի վերաբերյալ ոչինչ չեմ թաքցնի:

12 Եթե դուք բոլորդ տեսիլքներ եք տեսել,

Ուրեմն ինչո՞ւ են ձեր խոսքերը բացարձակապես անիմաստ:

13 Ահա թե Աստծուց ինչ բաժին կստանա անօրենը,+

Ամենակարողից ինչ ժառանգություն կստանա բռնավորը.

14 Թե նրա որդիները շատանան էլ, սրով կընկնեն,+

Եվ նրա սերունդները բավարար սնունդ չեն ունենա:

15 Նրանից հետո ողջ մնացած նրա որդիներին պատուհասը գերեզման կիջեցնի,

Եվ նրանց այրիները նրանց համար չեն լացի:

16 Նույնիսկ եթե նա փոշու պես շատ արծաթ դիզի

Եվ կավի պես առատ ընտիր հագուստ հավաքի,

17 Նրա հավաքածը արդարները կհագնեն,+

Եվ նրա արծաթը անմեղներն իրենց մեջ կբաժանեն:

18 Նրա կառուցած տունը անկայուն է ցեցի բոժոժի պես,

Ժամապահի շինած տաղավարի+ պես:

19 Նա կպառկի որպես հարուստ մարդ, բայց նրա հարստությունից ոչինչ չի մնա:*

Երբ աչքերը բացի, այլևս ոչինչ չի լինի:

20 Սարսափը հեղեղի պես նրան վրա կհասնի,

Փոթորիկը գիշերով նրան կհափշտակի:+

21 Արևելյան քամին կքշի նրան, ու նա կչքվի,

Նրան իր բնակավայրից կսրբի-կտանի:+

22 Երբ նա հուսահատորեն փորձի փախչել դրա ուժգին պոռթկումից,+

Այն անխնա կհարվածի նրան:+

23 Քամին* նրան ծաղրանքով կծափահարի,

Նրա հետևից կսուլի»:+

28 «Կա հանք, որտեղից արծաթ են հանում,

Եվ կա հանք, որտեղից ոսկի են հանում, որը հետո զտում են:+

 2 Երկաթը հանվում է գետնից,

Եվ պղինձը հալեցվելով հանվում է հանքաքարից:+

 3 Մարդը հաղթահարում է մթությունը,

Արժեքավոր հանքանյութ* փնտրելու համար հասնում է մինչև խավարի խորքերը:

 4 Նա հանքահոր է փորում՝ հեռու մարդկանց բնակավայրերից,

Մոռացված վայրերում՝ հեռու մարդկանց անցուդարձից:

Նրանք պարաններով իջնում են և օդում կախված՝ աշխատում:

 5 Երկրի մակերևույթին ուտելիք է աճում,

Իսկ ընդերքում ամեն բան տակնուվրա է լինում, ասես հրդեհվում:*

 6 Այնտեղ քարերի մեջ շափյուղա կա,

Հողի մեջ ոսկի կա:

 7 Ոչ մի գիշատիչ թռչուն չգիտի այնտեղ տանող ճանապարհը,

Այն չի տեսել նաև սև ցինի աչքը:

 8 Հուժկու գազաններն այնտեղ ոտք չեն դրել,

Առյուծն այնտեղով չի անցել:

 9 Մարդը ջարդում է կայծքարային ժայռերը,

Հիմքից փլուզում է լեռները:

10 Ապառաժների մեջ ջրային ուղիներ է փորում,+

Եվ ամեն թանկարժեք բան նրա աչքին տեսանելի է դառնում:

11 Գետերի ակունքներին պատնեշ է դնում

Եվ թաքցված գանձերը լույս աշխարհ հանում:

12 Մինչդեռ իմաստություն... Որտե՞ղ այն կարելի է գտնել:+

Հասկացողության աղբյուրը որտե՞ղ է:+

13 Ոչ մի մարդ դրա արժեքը չի գիտակցում,+

Եվ այն հնարավոր չէ գտնել այս աշխարհում:

14 Խոր ջրերն ասում են. «Այն մեր մեջ չէ»:

Ծովն ասում է. «Այն ինձ մոտ չէ»:+

15 Այն հնարավոր չէ գնել մաքուր ոսկով,

Որքան էլ արծաթ կշռես, դրա հետ այն փոխանակել չես կարող:+

16 Այն հնարավոր չէ գնել Օֆիրի ոսկով,+

Ոչ էլ հազվագյուտ եղնգնաքարով* ու շափյուղայով:

17 Ոսկին և ապակին չեն կարող դրա հետ համեմատվել,

Այն հնարավոր չէ ընտիր* ոսկուց պատրաստված անոթով փոխանակել:+

18 Մարջանի ու բյուրեղի մասին չարժե անգամ նշել,+

Քանի որ իմաստությունը* մի պարկ մարգարիտից էլ թանկ է:

19 Քուշի տպազիոնը+ չի կարող դրա հետ համեմատվել,

Անգամ մաքուր ոսկով այն հնարավոր չէ գնել:

20 Ուրեմն որտեղի՞ց է գալիս իմաստությունը,

Որտե՞ղ է հասկացողության աղբյուրը:+

21 Այն թաքցված է բոլոր կենդանի արարածների աչքից,+

Թաքցված է երկնքի թռչուններից:

22 Կործանումն ու մահն ասում են.

«Մեր ականջներին միայն լուրեր են հասել դրա մասին»:

23 Այն գտնելու ճանապարհը Աստված գիտի,

Միայն նա գիտի, թե որտեղ է այն:+

24 Նա տեսնում է մինչև երկրի ծայրերն անգամ,

Նրա աչքի առաջ է երկնքի տակ եղած ամեն բան:+

25 Երբ նա քամուն զորությամբ* օժտեց+

Եվ ջրերը բաշխեց,+

26 Երբ անձրևի համար կարգուկանոն սահմանեց+

Եվ ամպրոպաբեր ամպերի համար ուղի որոշեց,+

27 Այդժամ իր գործերի մեջ իմաստություն տեսավ և ցույց տվեց՝ ինչ է այն,

Նա հաստատեց ու ստուգեց այն:

28 Ապա ասաց մարդուն.

«Իմաստությունը Եհովայի հանդեպ վախն է,+

Հասկացողությունը չար բաներից հեռանալն է»»:+

29 Հոբը շարունակեց իր խոսքը.*

 2 «Ա՜խ, երանի՜ հետ գային առաջվա ժամանակները,

Այն օրերը, երբ Աստված պահպանում էր ինձ,

 3 Երբ նրա ճրագը փայլում էր իմ գլխավերևում,

Երբ խավարի մեջ նա իր լույսով իմ ճանապարհն էր լուսավորում,+

 4 Երբ կյանքիս ծաղկուն շրջանն էր,

Երբ Աստծու հետ իմ մտերմությունը տունս ջերմացնում էր,+

 5 Երբ Ամենակարողը դեռ ինձ հետ էր,

Երբ բոլոր զավակներս* իմ շուրջն էին,

 6 Երբ կարագի մեջ էին իմ ոտքերը,

Եվ ինձ համար յուղ էին բխեցնում ժայռերը:+

 7 Այդ ժամանակ, երբ քաղաքի դարպասի մոտ էի գնում+

Եվ քաղաքի հրապարակում նստում,+

 8 Երիտասարդներն ինձ տեսնելիս ճանապարհ էին տալիս,*

Նույնիսկ տարեցներն էին ոտքի ելնում ու կանգնած մնում:+

 9 Իշխանները լռում էին,

Ձեռքները դնում էին բերաններին:

10 Անվանի մարդիկ ձայնները կտրում էին,

Նրանց լեզուն կպչում էր իրենց քիմքին:

11 Ինձ լսողները իմ մասին լավն էին խոսում,

Ինձ տեսնողները իմ մասին լավ բաներ էին վկայում,

12 Քանի որ ես փրկում էի խեղճին, ով օգնության էր կանչում,+

Ինչպես նաև որբին* և օգնական չունեցող մարդուն:+

13 Կործանման եզրին հասած մարդն ինձ օրհնում էր,+

Այրու սիրտն ուրախացնում էի:+

14 Արդարությունն իմ հագուստն էր,

Արդարադատությունը իմ վերնահագուստն ու գլխափաթթոցն էր:

15 Ես աչք էի կույրի համար

Եվ ոտք՝ կաղի համար:

16 Հայր էի աղքատների համար,+

Քննում էի անծանոթի գործը, որ նրա դատը լինի արդար:+

17 Հանցավորի ծնոտը կոտրում էի+

Եվ նրա ատամներից զոհին ազատում էի:

18 Ես ասում էի. «Իմ սեփական տանը կմեռնեմ,+

Օրերս ավազահատիկների չափ շատ կլինեն:

19 Իմ արմատները կտարածվեն մինչև ջրերը,

Եվ ճյուղերիս վրա ցող կլինի ողջ գիշերը:

20 Իմ փառքը երբեք չի խամրի,

Ձեռքիս աղեղը անվերջ կնետահարի»:

21 Մարդիկ մեծ ակնկալիքով լսում էին ինձ՝

Լուռ սպասելով խորհրդիս:+

22 Իմ խոսքից հետո նրանք ասելիք չէին ունենում,

Ասածներս հաճույքով էին ընդունում:

23 Փափագով սպասում էին ինձ, ինչպես անձրևին,

Ծարավ էին իմ խոսքերին, ինչպես հողը՝ գարնանային անձրևին:+

24 Երբ նրանց ժպտում էի, նրանց հավատը չէր գալիս,

Իմ հավանության պայծառ ժպիտը նրանց թև էր տալիս:*

25 Ես նրանց ուղղություն էի տալիս որպես նրանց գլխավոր,

Ապրում էի ինչպես մի թագավոր՝ իր զորքերի մեջ,+

Ինչպես սգավորներին մխիթարող»:+

30 «Իսկ հիմա նրանք ինձ վրա ծիծաղում են՝+

Մարդիկ, որ ինձնից երիտասարդ են,

Ում հայրերին ես անգամ չէի թողնի,

Որ իմ հոտը հսկող շների հետ պահապանություն անեն:

 2 Նրանց ձեռքերի ուժն ինձ ի՞նչ օգուտ է տվել:

Նրանց ավյունը մարել է:

 3 Չքավորությունից և սովածությունից հալումաշ են եղել,

Կրծում են այն, ինչ գտնում են չոր ու ցամաք հողում՝

Ավերված ու ամայացած երկրում:

 4 Նրանք թփուտներից աղաբույս* են հավաքում,

Օրոճների* արմատներով են սնվում:

 5 Նրանց դուրս են վռնդում հասարակությունից,+

Մարդիկ նրանց վրա բղավում են, ինչպես գող բռնելիս:

 6 Նրանք ապրում են կիրճերում,

Քարանձավներում ու ժայռերում:

 7 Հեծեծում են թփուտների մեջ,

Իրար գլխի հավաքված՝ կուչ են գալիս եղինջների մեջ:

 8 Լինելով անմիտ և անանուն մարդկանց որդիներ՝

Նրանք երկրից վռնդվել են:*

 9 Իսկ հիմա այդ մարդիկ ինձ ծաղրում են իրենց երգերում անգամ,+

Ես նրանց համար դարձել եմ ծաղրուծանակի առարկա:*+

10 Նրանք գարշանք են զգում իմ հանդեպ ու հեռու մնում ինձնից,+

Չեն վարանում թքել երեսիս:+

11 Աստված ինձ զինաթափ է արել և խոնարհեցրել,

Դրա համար էլ նրանք իմ ներկայությամբ ամեն չափ ու սահման անցնում են:*

12 Ասես մի խառնամբոխ, աջ կողմից իմ դեմ են դուրս գալիս,

Փախուստի են մատնում ինձ,

Ինձ կործանելու համար խոչընդոտ են դնում ճամփիս:

13 Նրանք քանդում են ճանապարհներս,

Ավելի են ծանրացնում թշվառ վիճակս,+

Չկա մեկը, որ կանգնեցնի նրանց:*

14 Ներխուժում են, ինչպես պարսպի ճեղքից,

Գրոհի են ենթարկում առանց այդ էլ ավերվածին:

15 Սարսափը համակել է ինձ,

Արժանապատվությունս հօդս է ցնդել, ասես քամուց քշվել է,

Փրկության հույսս ամպի պես չքացել է:

16 Մարում է կյանքս,+

Սև օրեր+ են եկել գլխիս:

17 Ուժգին ցավը խոցոտում է ոսկորներս,+

Չեն հանդարտվում մղկտացնող ցավերս:+

18 Իմ դեմ գործադրված մեծ ուժից հանդերձս* այլանդակվել է,*

Ձիգ օձիքի պես ինձ խեղդում է:

19 Ո՛վ Աստված, ինձ ցեխի մեջ ես գցել,

Ես հող ու մոխիր եմ դարձել:

20 Քեզ օգնության եմ կանչում, բայց դու պատասխան չես տալիս,+

Կանգնում եմ քո առաջ, բայց դու պարզապես նայում ես:

21 Դու դաժանաբար իմ դեմ ես դուրս եկել,+

Բազկիդ ողջ ուժով ինձ վրա ես հարձակվել:

22 Ինձ առնում-տանում ես քամով,

Այս ու այն կողմ ես նետում մրրիկով:*

23 Ես գիտեմ, որ ինձ կհասցնես մահվան դուռը,

Այն տունը, որտեղ ի վերջո կգնան բոլոր ապրողները:

24 Բայց ախր կոտրված մարդուն չեն խփում,+

Երբ իր նեղության մեջ նա օգնության է կանչում:

25 Մի՞թե ես լաց չեմ եղել նեղության մեջ հայտնված մարդու համար,

Մի՞թե ցավ չեմ ապրել աղքատի համար:+

26 Մինչդեռ իմ սպասած բարիքի փոխարեն ինձ վրա չարիք եկավ,

Լույսի փոխարեն խավար եկավ:

27 Չի դադարում ներսիս ալեկոծությունը,

Ինձ վրա են հասել դժբախտության օրերը:

28 Ես քայլում եմ մռայլ,+ լույսի որևէ շող չեմ տեսնում,

Ժողովի մեջ վեր եմ կենում և օգնության կանչում:

29 Դարձել եմ շնագայլերի եղբայրը,

Ջայլամների ընկերը:+

30 Մաշկս սևացել ու թափվել է իմ վրայից,+

Ոսկորներս այրվում են ջերմությունից:*

31 Քնարս միայն սգի համար է նվագում,

Եվ սրինգս միայն լացին է նվագակցում»:

31 «Աչքերիս հետ ուխտ եմ կապել,+

Ուստի ինչպե՞ս կարող էի կույսին անպատշաճ ուշադրություն դարձնել:+

 2 Եթե այդպես վարվեի, ի՞նչ բաժին կունենայի Աստծուց, ով երկնքում է,

Ի՞նչ ժառանգություն կստանայի Ամենակարողից, ով բարձունքներում է:

 3 Չէ՞ որ հանցավորին աղետ է սպասում,

Եվ վնասաբեր բան անողին՝ դժբախտություն:+

 4 Մի՞թե նա չի տեսնում իմ ընթացքը,+

Մի՞թե չի հաշվում իմ բոլոր քայլերը:

 5 Մի՞թե երբևէ ստության ուղիներով եմ քայլել,*

Մի՞թե ոտքերս դեպի խաբեություն են շտապել:+

 6 Թող Աստված կշռի ինձ ճշգրիտ կշեռքով,+

Այդ ժամանակ նա կտեսնի, որ ես անարատ եմ:*+

 7 Եթե քայլերս ճիշտ ճանապարհից շեղվել են,+

Եթե սիրտս աչքերիս է հետևել,+

Եթե ձեռքերս պղծվել են,

 8 Ապա թող իմ ցանածը ուրիշը ուտի,+

Թող իմ տնկածը արմատախիլ լինի:*

 9 Եթե սիրտս հրապուրվել է որևէ կնոջով,+

Եվ թաքուն հարմար առիթի եմ սպասել+ դրացուս դռան մոտ,

10 Ապա թող իմ կինը ուրիշ մարդու համար հացահատիկ աղա,

Եվ թող ուրիշ մարդիկ նրա հետ հարաբերություն ունենան:+

11 Եթե այդպես վարվեի, դա ամոթալի վարք կլիներ,

Մի հանցանք, որի համար դատավորներն ինձ պատժի կարժանացնեին:+

12 Դա կլիներ ամեն ինչ կլանող ու կործանարար մի հրդեհ,+

Որն իմ ստացած ողջ արդյունքը արմատներով հանդերձ կսպառեր:

13 Եթե ես հրաժարվել եմ ծառայիս կամ աղախնիս համար արդարություն գործադրել,

Երբ նրանք իմ դեմ բողոք* են ունեցել,

14 Ապա ի՞նչ կանեմ, երբ Աստված դեմ առ դեմ պատասխանատվության կանչի,

Ի՞նչ պատասխան կտամ, երբ նա հաշիվ պահանջի:+

15 Մի՞թե արգանդում ինձ Կազմավորողը նրանց էլ չի կազմավորել,+

Մի՞թե բոլորիս Ստեղծողն* էլ նույնը չէ:+

16 Եթե աղքատին չեմ տվել իր խնդրածը,+

Տխրությամբ եմ լցրել այրու աչքերը,+

17 Եթե իմ պատառը մենակ եմ կերել

Եվ որբերին բաժին չեմ հանել+

18 (Դե ես դեռ երիտասարդ տարիներիցս որբի* համար հայր եմ եղել, նա ինձ մոտ է մեծացել,

Դեռ փոքրուց* ես այրուն* օգնության ձեռք եմ մեկնել),

19 Եթե տեսել եմ առանց շորի, ցրտից կործանվող մարդու,

Աղքատի, որ ծածկվելու բան չունի,+

20 Եվ եթե նրան չեմ տվել իմ ոչխարների բուրդը,

Որ նա տաքանա և ինձ օրհնի,+

21 Եթե որբի վրա բռունցք եմ թափ տվել՝+

Տեսնելով հանդերձ, որ քաղաքի դարպասի մոտ նա իմ աջակցության կարիքն ունի,*+

22 Թող իմ թևը* ուսիցս պոկվի,

Թող արմունկիցս* կոտրվի:

23 Չէ՞ որ ես սարսափում էի Աստծու պատուհասից,

Նրա մեծափառության առաջ կանգնել չէի համարձակվի:

24 Եթե ոսկուն ապավինած լինեի,

Զտված ոսկուն ասեի՝ «Դու իմ ապահովությունն ես»,+

25 Եթե ուրախությանս աղբյուրը լիներ իմ մեծ հարստությունը,+

Իմ ձեռք բերած շատ ունեցվածքը,+

26 Եթե շողացող արևը* և իր ողջ վեհությամբ անցնող լուսինը տեսնելիս+

27 Սիրտս գաղտնաբար հրապուրված լիներ,

Եվ ի նշան պաշտամունքի՝ նրանց համբույրներ ուղարկած լինեի,*+

28 Դա կլիներ մի հանցանք, որի համար դատավորներն ինձ պատժի կարժանացնեին,

Քանի որ բարձունքներում բնակվող ճշմարիտ Աստծուն ուրացած կլինեի:

29 Մի՞թե երբևէ ուրախացել եմ թշնամուս կործանման համար+

Կամ չարախնդացել նրա վրա եկած չարիքի համար:

30 Երբեք նրան չեմ անիծել՝ նրա համար մահ չեմ խնդրել,+

Այդպիսի մեղք ես չեմ գործել:

31 Մի՞թե իմ տնեցիները չեն ասել.

«Նրա հացով* ո՞ր մեկը չի կշտացել»:+

32 Ոչ մի անծանոթ* ստիպված չէր դրսում գիշերել,+

Ճամփորդի առաջ բաց էին դռներս:

33 Մի՞թե երբևէ ուրիշների պես փորձել եմ քողարկել հանցանքներս,+

Իմ ծոցում թաքցնել սխալներս:

34 Մի՞թե երբևէ վախեցել եմ բազմության արձագանքից

Կամ սարսափել այլ գերդաստանների արհամարհանքից,

Որ բերանս փակեի ու տանը մնայի:

35 Ա՜խ, երանի՜ մեկը ինձ լսեր:+

Բոլոր ասածներիս տակ ես կստորագրեի:

Թող Ամենակարողն ինձ պատասխանի:+

Եթե միայն ինձ մեղադրողը իր մեղադրանքները մի փաստաթղթում գրի առներ,

36 Ես այն կկրեի ուսիս,

Պսակի պես կդնեի գլխիս:

37 Իմ արած ամեն մի քայլի համար նրան հաշիվ կտայի,

Իշխանի պես վստահությամբ նրան կմոտենայի:

38 Եթե իմ հողակտորն իմ դեմ բողոքի աղաղակ բարձրացնի,

Եվ դրա բոլոր ակոսները միասին արտասվեն,

39 Եթե առանց փողը վճարելու եմ կերել դրա պտղից,+

Եթե այն խլել եմ՝ հուսահատեցնելով դրա օրինական տերերին,+

40 Ապա ցորենի փոխարեն թող փշեր աճեն,

Գարու փոխարեն՝ գարշահոտ մոլախոտեր»:

Հոբի խոսքերն այստեղ ավարտվում են:

32 Այսպիսով՝ այդ երեք մարդիկ այլևս չփորձեցին պատասխան տալ Հոբին, քանի որ նա համոզված էր, որ արդար է:+ 2 Սակայն Ռամի տոհմից Բուզյան+ Բարաքիելի որդի Եղիուսը խիստ զայրացած էր: Նա բարկությամբ էր լցվել Հոբի դեմ, քանի որ վերջինս փորձում էր ապացուցել, թե ինքն է ճիշտ, ոչ թե Աստված:+ 3 Եղիուսը նաև շատ բարկացած էր Հոբի երեք ընկերների վրա, որովհետև նրանք չէին կարողացել ճիշտ պատասխան տալ և Աստծուն սխալ լույսի ներքո էին ներկայացրել:+ 4 Ու քանի որ նրանք իրենից մեծ էին, Եղիուսը սպասել էր՝ ավարտեին իրենց խոսքը, որ նոր միայն պատասխաներ Հոբին:+ 5 Երբ Եղիուսը տեսավ, որ այդ երեք մարդիկ պատասխան չունեն, նրա բարկությունը բորբոքվեց: 6 Եվ այսպես՝ Բուզյան Բարաքիելի որդի Եղիուսը սկսեց խոսել.

«Ես երիտասարդ եմ,

Իսկ դուք՝ տարիքն առած:+

Ուստի հարգանքից մղված՝ լռում էի+

Եվ չէի համարձակվում իմ իմացածն ասել:

 7 Մտածում էի. «Թող տարեցները* խոսեն,

Թող շատ տարիներ ապրածները իմաստություն սովորեցնեն»:

 8 Բայց Ամենակարողի շունչն է, որ մարդկանց տալիս է հասկացողություն,

Աստծու ոգին, որ գործում է նրանց ներսում:+

 9 Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում,

Եվ միայն տարեցները չէ, որ հասկանում են, թե ինչն է ճիշտ:+

10 Ուստի ասում եմ. «Լսիր խոսքերս,

Ես նույնպես կասեմ իմացածս»:

11 Ահա ես սպասում էի, որ ձեր ասելիքն ասեք,

Ձեր դատողություններն էի լսում,+

Սպասում էի, մինչ դուք ձեր մտքում պատասխան էիք փնտրում:+

12 Ես ուշադիր լսում էի ձեզ,

Բայց ոչ մեկդ չկարողացաք փաստել, որ Հոբը սխալ է,*

Ոչ էլ կարողացաք նրա փաստարկներին պատասխանել:

13 Այնպես որ մի՛ ասեք՝ «Մենք իմաստուն ենք»,

Ոչ էլ ասեք՝ «Աստված է նրան ուղղում, ոչ թե մարդը»:

14 Հոբի ասածները իմ դեմ ուղղված չէին,

Դրա համար էլ իմ պատասխանը նման չի լինի ձեր խոսքերին:

15 Այս մարդիկ* շվարել են, չգիտեն՝ ինչ պատասխանեն,

Նրանք այլևս ասելիք չունեն:

16 Ես սպասեցի, բայց նրանք այլևս չեն խոսում,

Լուռումունջ կանգնել են, ոչինչ չեն պատասխանում:

17 Ուստի որոշեցի ես էլ խոսել

Եվ ասել այն, ինչ գիտեմ:

18 Այնքա՜ն ասելիք ունեմ,

Ոգին ներսից ստիպում է ինձ խոսել:

19 Սիրտս* եռում է, ինչպես պինդ փակված խմորվող գինի,

Գինու նոր տիկերի պես այն ուր որ է կպայթի:+

20 Թույլ տվեք խոսեմ, որ հանգստանամ:

Բերանս կբացեմ և պատասխան կտամ:

21 Ես ոչ մեկի հանդեպ կողմնապահություն չեմ անի+

Եվ ոչ մի մարդու չեմ շողոքորթի:*

22 Ես շողոքորթել չգիտեմ,

Այլապես ինձ Ստեղծողը իսկույն ինձ կվերացներ»:

33 «Հիմա, ո՛վ Հոբ, խնդրում եմ, լսիր ինձ,

Ականջ դիր բոլոր ասածներիս:

 2 Խնդրում եմ, լսիր, բերանիցս խոսք պետք է բխի,

Լեզուս* պետք է խոսի:

 3 Խոսքերիս մեջ կերևա իմ սրտի մաքրությունը,+

Շուրթերս անկեղծորեն կասեն իմ իմացածը:

 4 Աստված է իր ոգով ինձ ստեղծել,+

Ամենակարողն է իր շնչով ինձ կյանք տվել:+

 5 Պատրաստվիր պատասխանել ինձ, եթե կկարողանաս,

Իմ առաջ քո փաստարկները ներկայացնել, քո դիրքորոշումը պաշտպանել:

 6 Ես քեզ նման մարդ եմ ճշմարիտ Աստծու առաջ,

Քեզ պես ես էլ կավից եմ ստեղծված:+

 7 Պետք չէ ինձնից երկյուղել,

Ես չեմ պատրաստվում քեզ ճնշել:

 8 Բայց ես լսել եմ քո ասածները,

Լսել եմ քո խոսքերը, որ ասացիր.

 9 «Ես անարատ եմ, հանցանք չունեմ,+

Ես մաքուր եմ, սխալ չեմ գործել,+

10 Մինչդեռ Աստված ինձ ճնշելու պատճառներ է գտնում,

Նա ինձ իր թշնամին է համարում,+

11 Իմ ոտքերը ոտնակոճղի մեջ է դնում,

Բոլոր ճանապարհներս մանրակրկիտ զննում»:+

12 Բայց այստեղ դու ճիշտ չես, ուստի քեզ այսպես կպատասխանեմ.

Աստված մահկանացու մարդուց անհամեմատ գերազանց է:+

13 Ինչո՞ւ ես նրանից բողոքում:+

Պատճառն այն է, որ նա քո ասածներին չի՞ պատասխանում:+

14 Աստված խոսում է կրկին ու կրկին,

Բայց ուշադրություն չեն դարձնում մարդիկ:

15 Երազներով, գիշերվա տեսիլքներով է խոսում,+

Երբ մարդկանց վրա խոր քուն է իջնում,

Մինչ նրանք ննջած են իրենց անկողնում:

16 Այդ ժամանակ նա բացում է նրանց ականջը+

Եվ նրանց մտքում դաջում* է իր պատվերները,

17 Որ մարդուն հետ պահի սխալ ճանապարհից,+

Որ նրան պաշտպանի հպարտությունից:+

18 Աստված փրկում է նրան* մահից,*+

Նրա կյանքը պաշտպանում է սրից:

19 Մարդուն իր ցավն էլ է ուղղում, որից նա տանջվում է իր անկողնում,

Որից նրա ոսկրերն անդադար մղկտում են:

20 Նրա ցավն այնքան ուժգին է, որ հացը նրա համար զզվելի է դառնում,

Եվ անգամ իր սիրելի կերակուրից է նա հրաժարվում:+

21 Աչքիդ առաջ նրա մարմինն այնպես է հյուծվում,

Որ նրա ոսկրերը, որ առաջ չէին երևում, այժմ դուրս են ցցվում:*

22 Նա մահվան դուռն* է հասնում,

Եվ նրա կյանքը ընկնում է նրանց ձեռքը, ովքեր մահ են սփռում:

23 Եթե հազարավոր պատգամաբերների մեջ գտնվի մեկը,*

Որ պատրաստ լինի այդ մարդուն օգնության հասնել,

Որ նրան սովորեցնի՝ ինչպես արդար լինել,

24 Ապա Աստված բարեհաճ կլինի նրա հանդեպ ու կասի.

«Խնայիր նրան, թող նա չիջնի գերեզման,*+

Ես փրկագին եմ գտել նրա համար:+

25 Թող նրա մարմինը ավելի թարմ* լինի, քան երիտասարդության ժամանակ էր,+

Թող նրան վերադառնա այն նույն ավյունը, որ երիտասարդ օրերին ուներ»:+

26 Նա կաղաչի Աստծուն+ և նրա կողմից կընդունվի,

Նա ցնծությամբ Աստծու երեսին կնայի:

Աստված մահկանացու մարդուն կրկին արդար կհամարի:

27 Այդ մարդը, ի լուր բոլորի, կասի.

«Ես մեղք եմ գործել+ և ճիշտը չեմ արել,

Բայց չեմ ստացել այն, ինչին արժանի էի:*

28 Նա փրկագնեց ինձ և չթողեց գերեզման իջնեմ,+

Ես կշարունակեմ ապրել և լույսը տեսնել»:

29 Իսկապես, Աստված անում է այս ամենը մարդու համար

Եվ անում է ոչ մեկ անգամ,

30 Որ նրան գերեզմանից փրկի,

Եվ նա կյանքի լույսը վայելի:+

31 Լսիր ինձ, ո՛վ Հոբ, ուշադրություն դարձրու խոսքերիս,

Լուռ մնա, և ես կշարունակեմ ասելիքս:

32 Պատասխանիր ինձ, եթե ասելու բան ունես,

Խոսիր, քանի որ ես ուզում եմ հաստատել, որ դու ճիշտ ես:

33 Բայց եթե ասելիք չունես, ուրեմն ինձ լսիր,

Լուռ մնա, և ես իմաստություն կսովորեցնեմ քեզ»:

34 Եղիուսը շարունակեց իր ասելիքը.

 2 «Դուք, որ իմաստուն եք, ականջ դրեք խոսքերիս,

Դուք, որ այդքան բան գիտեք, լսեք ինձ:

 3 Չէ՞ որ երբ մեր ականջը մի բան է լսում, ծանրութեթև ենք անում,

Ինչպես որ լեզուն* է ուտելիքը համտեսում:

 4 Ուրեմն եկեք կշռադատենք, թե ինչն է ճիշտ,

Միասին հասկանանք՝ ինչն է բարի:

 5 Հոբն ասում է. «Ես ճիշտ եմ,+

Բայց Աստված իմ առաջ փակել է արդարադատության դուռը:+

 6 Ի՞նչ է, ստո՞ւմ եմ, երբ ասում եմ, թե ինչպիսին պետք է լինի իմ դատավճիռը:

Թեև հանցանք չեմ գործել, բայց անբուժելի է իմ վերքը»:+

 7 Ուրիշ ո՞վ կա Հոբի պես,

Որ ծաղրանք է խմում ջրի պես:

 8 Նա շուտով չարագործների շարքերը կանցնի,

Անօրեն մարդկանց կընկերակցի,+

 9 Քանի որ ասում է. «Ոչ մի օգուտ էլ չի լինում,

Երբ մարդ փորձում է հաճեցնել Աստծուն»:+

10 Ուստի լսեք ինձ, ո՛վ հասկացող մարդիկ.

Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված անարդարացի բան անի,+

Ամենակարողը սխալ վարվի:+

11 Նա մարդուն կհատուցի ըստ նրա գործերի+

Եվ կթողնի, որ նա իր արածների հետևանքները կրի:

12 Հստակ է, որ Աստված անարդարացի չի վարվում,+

Ամենակարողը արդարությունը չի խեղաթյուրում:+

13 Այդ ո՞վ է, որ նրա իշխանությանն է հանձնել երկիրը,

Որ նրան նշանակել է ղեկավարելու ողջ աշխարհը:

14 Եթե նա իր ուշադրությունը սևեռի մարդկանց գործերին,

Եթե նրանց կենսատու ուժն* ու շունչը վերցնի,+

15 Ապա բոլորն էլ կվերանան,

Մարդկությունը դեպի հողը հետ կդառնա:+

16 Ուրեմն եթե հասկացողություն ունես,* խոսքերիս ականջ դիր,

Այն, ինչ ասում եմ, ուշադիր լսիր:

17 Մի՞թե կարծում ես, թե արդարությունն ատող մեկն է իշխում,

Մի՞թե դատապարտում ես հզորին, ով արդար է վարվում:

18 Ի՞նչ է, թագավորին կասեի՞ր՝ «Դու անպիտան ես»,

Մեծամեծներին կասեի՞ր՝ «Դուք անօրեն եք»:+

19 Աստված իշխանավորների հանդեպ կողմնակալ վերաբերմունք չի դրսևորում,

Հարուստին աղքատից* վեր չի դասում,+

Որովհետև բոլորին էլ իր ձեռքով է արարել:+

20 Նրանք գուցե մեռնեն հանկարծակի՝+ գիշերվա կեսին:+

Նրանք ահուդողի մեջ են ընկնում ու հեռանում կյանքից,

Անգամ զորեղներն են վերանում, բայց ոչ մարդու ձեռքով:+

21 Չէ՞ որ մարդու ճանապարհներին են ուղղված Աստծու աչքերը,+

Եվ նա տեսնում է նրա բոլոր քայլերը:

22 Չկա մի այնպիսի խավար, այնպիսի թանձր ստվեր,

Որ չարագործները կարողանան թաքնվել այնտեղ:+

23 Աստված ժամանակ չի սահմանում որևէ մարդու համար,

Որ նա կանգնի իր առաջ՝ դատաքննության:

24 Աստված դատաքննություն անելու կարիք չունի,

Որ նոր միայն հզորներին ջախջախի

Եվ նրանց տեղը ուրիշներին կանգնեցնի:+

25 Չէ՞ որ նա գիտի, թե ինչեր են նրանք անում,+

Գիշերով նրանց տապալում է, ու նրանք բնաջինջ են լինում:+

26 Բոլորի աչքի առաջ պատուհասում է նրանց իրենց անօրենության համար,+

27 Որովհետև շեղվել են ճանապարհից ու իրեն չեն հետևում,+

Նրա պատվիրաններից և ոչ մեկին ուշադրություն չեն դարձնում:+

28 Նրանց պատճառով խեղճերն իրեն օգնության են կանչում,

Եվ անօգնականների աղաղակը իր ականջին է հասնում:+

29 Բայց եթե Աստված լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել:

Եթե ծածկի իր երեսը, ո՞վ կարող է նրան տեսնել:

Անկախ նրանից՝ այդպես կվարվի ազգի հանդեպ, թե մարդու, արդյունքը նույնն է:

30 Նա չի թողնի, որ աստվածանարգ* մարդը ղեկավարի+

Եվ մարդկանց համար ծուղակներ լարի:

31 Ուրեմն մի՞թե որևէ մեկը կարող է Աստծուն ասել.

«Ես պատժվել եմ, թեև ոչ մի հանցանք չեմ արել:+

32 Իսկ եթե արել եմ ու չեմ նկատել, հայտնիր ինձ այդ մասին,

Եվ ես այլևս այդ սխալը չեմ անի»:

33 Մի՞թե նա կվարձատրի քեզ քո ուզածի պես,

Եթե դու նրա դատավճիռը մերժես:

Ասա ինձ, եթե ամեն ինչ այդքան լավ գիտես:

34 Հասկացող մարդիկ ինձ կասեն

(Ցանկացած իմաստուն մարդ, ով ինձ լսում է).

35 «Հոբը չգիտի՝ ինչ է ասում,+

Նրա խոսքերում չի երևում խորաթափանցություն»:

36 Թող Հոբը փորձվի* մինչև վերջ,

Քանի որ պատասխանում է անօրենների պես:

37 Իր մեղքի վրա նա ըմբոստություն է ավելացնում,+

Մեր առաջ հեգնանքով ծափահարում է

Եվ շատ բաներ ասում ընդդեմ ճշմարիտ Աստծու»:+

35 Եղիուսը շարունակեց.

 2 «Մի՞թե ճիշտ լինելուդ մեջ այնքան համոզված ես, որ ասում ես.

«Աստծուց արդար եմ ես»:+

 3 Դու ասում ես. «Քեզ* համար ի՞նչ նշանակություն ունի, որ ճիշտ եմ վարվում:

Մեղք չգործելով՝ մի՞թե ավելի լավ վիճակում եմ»:+

 4 Ես կպատասխանեմ քեզ,

Քեզ ու քո ընկերներին:+

 5 Երկինք նայիր ու տես,

Ուշադրություն դարձրու բարձր ամպերին,+ որ քո գլխավերևում են:

 6 Եթե մեղք ես գործում, Աստծուն ինչո՞վ ես վնասում,+

Եվ եթե ավելի ու ավելի շատ ես հանցանք գործում, դրանով նրան ի՞նչ վնաս ես պատճառում:+

 7 Կամ եթե արդար ես, դրանով նրան ի՞նչ ես տալիս,

Ի՞նչ է նա ստանում քեզանից:+

 8 Անօրենությունդ անդրադառնում է միայն քեզ նման մարդ արարածի վրա,

Եվ արդարությունդ՝ մարդու որդու վրա:

 9 Ուժգին ճնշումների ենթարկվելիս մարդիկ օգնության են կանչում,

Զորեղների տիրապետությունից* ազատագրում են աղերսում:+

10 Բայց ոչ ոք չի ասում. «Ո՞ւր է Աստված՝ իմ Մեծն Ստեղծողը,+

Ում մարդիկ գովերգում են գիշերը»:+

11 Նա մեզ ուսուցանում է,+ և մենք երկրի կենդանիներից խելացի ենք լինում:+

Նա մեզ երկնքի թռչուններից իմաստուն է դարձնում:

12 Մարդիկ աղաղակում են, բայց Աստված չի պատասխանում,+

Քանի որ նրանք հպարտ են և չարիք են գործում:+

13 Դե իհարկե, ունայն աղաղակները* Աստված չի լսում,+

Ամենակարողը դրանց ուշադրություն չի դարձնում:

14 Առավել ևս քեզ չի լսի, քանի որ բողոքում ես, թե անտեսում է քեզ:+

Դատական գործդ նրա առաջ է, ուստի պետք է անձկագին նրան սպասես,+

15 Քանի որ նա չի բարկացել քեզ վրա ու քեզնից հաշիվ չի պահանջել,

Քո ծայրաստիճան անխոհեմությանը ուշադրություն չի դարձրել:+

16 Այո՛, Հոբը դատարկաբանում է,

Անգիտությամբ շատ է խոսում»:+

36 Եղիուսը շարունակեց իր խոսքը.

 2 «Մի փոքր էլ համբերիր, մինչև ամեն ինչ պարզաբանեմ,

Աստծու անունից ես դեռ ասելու բան ունեմ:

 3 Մանրամասնորեն կասեմ այն, ինչ գիտեմ,

Եվ ցույց կտամ, որ ինձ Ստեղծողն արդար է:+

 4 Սխալ բան չկա խոսքերիս մեջ,

Քանի որ դրանց աղբյուրը Նա է, ով ամեն ինչ գիտի կատարելապես:+

 5 Իսկապես որ, Աստված հզոր+ է և ոչ մեկից երես չի թեքում,

Նա ունի անսահման հասկացողություն:

 6 Անօրենների կյանքը նա չի պահպանի,+

Մինչդեռ տառապյալների համար արդարություն կգործադրի:+

 7 Իր աչքերը նա արդարների վրա է պահում,+

Թագավորների պես նրանց նստեցնում է գահին*+ և առհավետ պատվի արժանացնում:

 8 Բայց եթե մեղքի պատճառով նրանք շղթայակապ են լինում

Եվ տառապանքի կապանքներում հայտնվում,

 9 Նա ցույց է տալիս նրանց, թե ինչ սխալ են արել,

Հպարտության պատճառով ինչ հանցանքներ են գործել:

10 Նա բացում է նրանց ականջը, որ խրատ լսեն,

Նրանց հորդորում է, որ սխալ ընթացքից հետ կանգնեն:+

11 Եթե նրան հնազանդվեն ու ծառայեն,

Մինչև իրենց կյանքի վերջ բարօրության մեջ կապրեն,

Եվ իրենց տարիները ուրախությամբ լեցուն կլինեն:+

12 Իսկ եթե չհնազանդվեն, ապա սրի բերան կընկնեն+

Եվ անգիտության մեջ կմեռնեն:

13 Իրենց սրտում Աստծուն արհամարհողները* դառնությամբ են լցվում

Եվ, անգամ երբ Աստված նրանց կապանքների մեջ է գցում, օգնություն չեն աղերսում:

14 Նրանք իրենց կյանքն անցկացնում* են տաճարային մարմնավաճառների*+ շրջապատում

Եվ ջահել-ջահել մահանում:+

15 Բայց տառապյալներին Աստված* փրկում է նեղությունից

Ու, երբ նրանք կեղեքվում են, բացում է նրանց ականջը, որ լսեն իրեն:

16 Նա քեզ ազատում է տառապանքի ճանկերից,+

Տանում է լայնարձակ տեղ՝ կապանքներից զերծ,+

Սեղանդ ընտիր ուտելիքով է լցնում, որ մխիթարի քեզ:+

17 Դու գոհ կլինես, երբ անօրենի դեմ վճիռ կայացվի,+

Երբ դատ իրականացվի, և արդարություն հաստատվի:

18 Բայց զգույշ եղիր, որ չչարանաս* զայրույթից,+

Եվ մի՛ թող, որ խոշոր կաշառքը շեղի քեզ ճանապարհից:

19 Հակառակ դեպքում մի՞թե տառապանքից կխուսափես,

Ինչքան էլ օգնություն աղերսես ու եռանդագին ջանք թափես:+

20 Մի՛ փափագիր, որ գիշերը իջնի,

Երբ մարդիկ մահանում են հանկարծակի:

21 Զգուշացիր, որ սխալ ընթացք չբռնես,

Որ դա տառապանքից չգերադասես:+

22 Աստված փառավոր է իր զորությամբ,

Ո՞ր մի ուսուցիչն է նրա նման:

23 Ո՞վ է նրան ուղղություն տվել,*+

Ո՞վ է նրան ասել. «Քո արածը սխալ է»:+

24 Հիշիր, որ դու պետք է փառաբանես նրա գործերը,+

Որոնց մասին մարդիկ երգեր են երգել:+

25 Ողջ մարդկությունը տեսել է դրանք,

Մահկանացու մարդը հեռվից է նայում դրանց:

26 Այո՛, Աստված շատ ավելի մեծափառ է, քան կարող ենք պատկերացնել,+

Նրա տարիների թիվը մեր հասկացողությունից վեր է:*+

27 Նա ջրի կաթիլները վեր է բարձրացնում,+

Դրանք խտանում են և գոլորշուց անձրևի են վերածվում,

28 Հետո այն ամպերից ցած է թափվում:+

Մարդկանց վրա անձրև է տեղում:

29 Իրոք որ, ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպես են երկնքում սփռվում ամպերը,

Թե ինչպես է նրա վրանից թնդում որոտը:+

30 Տես՝ ինչպես է նա տարածում իր կայծակի+ շիթերը դրա վերևում,

Ինչպես է ծովի հատակը ջրով ծածկում:

31 Այս ամենի միջոցով նա բարիքներով է ապահովում ժողովուրդներին,*

Նրանց առատորեն սնունդ է տալիս:+

32 Նա կայծակը իր ձեռքերի մեջ է առնում

Եվ այն իր ուզած նշանակետին ուղղում:+

33 Որոտն ազդարարում է նրա գալստյան մասին,

Անգամ կենդանիներն են իմաց տալիս, թե ով* է գալիս»:

37 «Երբ մտածում եմ այդ մասին, սիրտս բաբախում է ուժգին,

Քիչ է մնում՝ տեղից դուրս թռչի:

 2 Ուշադիր լսեք, թե ինչպես է Աստծու ձայնը դղրդում,

Նրա բերանից որոտ հնչում:

 3 Նա թնդացնում է այն ողջ երկնքով մեկ,

Իր կայծակներն+ արձակում է մինչև երկրի ծայրերը:

 4 Կայծակից հետո մի դղրդոց է լսվում.

Նրա փառահեղ ձայնն է որոտում,+

Եվ մինչ նրա ձայնը հնչում է, նրա կայծակները չեն դադարում:

 5 Աստված իր որոտալի ձայնով+ ակնածանք է ներշնչում,

Մեր հասկացողությունից վեր մեծամեծ բաներ է անում:+

 6 Ձյանն ասում է՝ «Թափվի՛ր երկրի վրա»,+

Հորդառատ անձրևին ասում է՝ «Ուժգին տեղա՛»:+

 7 Դադարեցնում է մարդկանց բոլոր գործերը,*

Որ ամեն մահկանացու մարդ իմանա նրա արածները:

 8 Վայրի կենդանիները իրենց բույնն են մտնում,

Իրենց որջերում են մնում:

 9 Հողմամրրիկը փչում է իր օթևանից,+

Հյուսիսային քամիների հետ սառնամանիք է գալիս:+

10 Աստծու շնչից սառույց է գոյանում,+

Լայնարձակ ջրերը սառցակալում են:+

11 Ամպերը նա ջրի կաթիլներով է լցնում,

Ամպերի մեջ իր կայծակի+ շիթերն է ցիրուցան անում:

12 Դրանք պտտվելով գնում են այնտեղ, ուր նա ուղղորդում է,

Երկրի երեսին կատարում են նրա հրահանգները:+

13 Աստված սա անում է, որ կա՛մ պատուհասի,+ կա՛մ օգուտ բերի երկրին,

Կա՛մ էլ հավատարիմ սեր դրսևորի:+

14 Ո՛վ Հոբ, ականջ դիր այս ամենին,

Կանգ առ և խորությամբ մտածիր Աստծու զարմանահրաշ գործերի մասին:+

15 Գիտե՞ս, թե Աստված ինչպես է ամպերը կառավարում,*

Ինչպես է իր ամպերից կայծակի շիթեր արձակում:

16 Գիտե՞ս, թե ինչպես են ամպերը սահում:+

Սրանք հիասքանչ գործերն են Նրա, ով կատարելապես ամեն ինչ գիտի:+

17 Գիտե՞ս՝ ինչու են հագուստներդ հարավային քամուց տաքանում,+

Երբ այն երկրի վրա հանդարտություն է բերում:

18 Կարո՞ղ ես նրա պես տարածել* երկինքը,+

Որն ասես մետաղյա կարծր հայելի լինի:

19 Հայտնիր մեզ, թե նրան ինչ ասենք,

Մենք խավարամիտ ենք, պատասխան չունենք:

20 Մի՞թե կարող եմ նրան ասել, թե ուզում եմ նրա հետ խոսել,

Մի՞թե որևէ մեկը այնքան կարևոր բան է ասել, որ անհրաժեշտ է նրան հաղորդել:+

21 Մարդիկ չեն կարողանում անգամ տեսնել երկնքում շողացող պայծառ լույսը,*

Մինչև որ չի փչում քամին ու չի ցրում ամպերը:

22 Հյուսիսից ճառագում է ոսկեփայլ պայծառություն,

Աստծու մեծափառությունը+ ակնածանք է ներշնչում:

23 Ամենակարողի մասին ամեն ինչ ըմբռնելը մեր կարողությունից վեր է.+

Նա մեծ զորության տեր է,+

Նա երբեք իր արդարադատությանը դեմ չի գնում,

Իր բացառիկ արդարությունը չի ոտնահարում:+

24 Ուստի մարդիկ պետք է վախ ունենան նրա հանդեպ,+

Քանի որ իրենց իմաստուն կարծողները նրա հավանությունը չունեն»:+

38 Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց Հոբին.+

 2 «Այդ ո՞վ է, որ հարցականի տակ է դնում իմ գործելակերպը

Եվ անգիտությամբ խոսում:+

 3 Խնդրում եմ, տղամարդու պես գոտեպնդվիր,

Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր:

 4 Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքն էի գցում,+

Ասա ինձ, եթե կարծում ես, թե ունես հասկացողություն:

 5 Եթե գիտես, ասա՝ ով է դրա չափերը սահմանել,

Կամ ով է դրա վրայով չափման լար ձգել:

 6 Ինչի՞ մեջ են խրված դրա հիմնախարիսխները,

Ո՞վ է դրել դրա անկյունաքարը:+

 7 Այդ ժամանակ միասին ուրախ բացականչում էին առավոտյան աստղերը,+

Եվ բարձրագոչ ձայնով գովաբանություն էին անում Աստծու բոլոր որդիները:*+

 8 Ո՞վ ծովը դարպասներով արգելափակեց,+

Երբ արգանդից այն դուրս ժայթքեց:

 9 Որտե՞ղ էիր, երբ ես ծովն ամպերով պարուրեցի,

Այն թանձր մշուշով պատեցի,*

10 Երբ դրա համար սահման դրեցի,

Փականք ու դարպասներ տեղադրեցի+

11 Եվ ասացի. «Մինչև այստեղ կհասնես ու չես գնա ավելի հեռու,

Հպարտ ալիքներդ այստեղ կանգ են առնելու»:+

12 Երբևէ հրաման տվե՞լ ես առավոտին,

Արշալույսին ասե՞լ ես, թե որտեղ ծագի,+

13 Որ մինչև երկրի ծայրերը լույս սփռի

Եվ չարագործներին ցիրուցան անի:+

14 Լույսի տակ կերպարանափոխվում է երկիրը, ինչպես կնիքի տակ՝ կավը,

Եվ հստակ երևում են դրա բոլոր մանրամասները, ինչպես հագուստի ձևն ու նախշերը:

15 Բայց չարագործները լույսից զրկվում են,

Եվ նրանց բարձրացրած ձեռքը կոտրվում է:

16 Երբևէ իջե՞լ ես մինչև ծովի ակունքները,

Ուսումնասիրե՞լ ես խոր ջրերը:+

17 Քեզ ցույց տրվե՞լ են+ մահվան դռները,

Տեսե՞լ ես թանձր խավարի* դարպասները:+

18 Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ընդարձակ է երկիրը:+

Ասա ինձ, եթե գիտես այս ամենը:

19 Որտե՞ղ է բնակվում լույսը,+

Որտե՞ղ է խավարի բնակավայրը:

20 Կարո՞ղ ես նրանց տանել իրենց օրրանը,

Գիտե՞ս նրանց տուն տանող ճանապարհը:

21 Ի՞նչ է, արդեն ծնվա՞ծ էիր այդ ժամանակ,

Տարիներիդ թիվն այդքան մե՞ծ է, որ այդ ամենն իմանաս:

22 Երբևէ մտե՞լ ես ձյան շտեմարանները,+

Տեսե՞լ ես կարկուտի ամբարները,+

23 Որոնք պահում եմ աղետի օրվա համար,

Կռվի ու պատերազմի օրվա համար:+

24 Ի՞նչ ուղով է լույսը* տարածվում,

Որտեղի՞ց է երկրի վրա արևելյան քամի փչում:+

25 Ո՞վ է հորդառատ անձրևի համար երկնքում ջրուղիներ բացել,

Ամպրոպաբեր ամպերի համար ճանապարհ սահմանել,+

26 Որ անձրև բերի այնտեղ, որտեղ մարդ չի ապրում,

Ամայի վայրերում, որտեղ ոչ ոք չի բնակվում,+

27 Որպեսզի հողմից ավերված հողերը ջրով հագեցնի

Եվ խոտ աճեցնի:+

28 Հայր ունի՞ արդյոք անձրևը,+

Ո՞վ է ցողակաթիլների հայրը:+

29 Ո՞ւմ արգանդից է դուրս եկել սառույցը,

Ո՞վ է ծնել օդում գոյացող եղյամը:+

30 Ո՞վ է ջրերը քարի պես կարծր շերտով ծածկում,

Խոր ջրերի մակերևույթը պինդ սառույցով պատում:+

31 Կարո՞ղ ես կապել Կիմա համաստեղության* պարանները

Կամ արձակել Կեսիլ համաստեղության* կապերը:+

32 Կարո՞ղ ես դուրս բերել որևէ համաստեղություն* իր ժամանակին

Կամ առաջնորդել Աշ համաստեղությունը* իր զավակների հետ միասին:

33 Գիտե՞ս արդյոք երկնային մարմինները* ղեկավարող օրենքները,+

Կարո՞ղ ես երկրի վրա տարածել դրանց* իշխանությունը:

34 Կարո՞ղ ես ամպերին հրամայել,*

Որ քեզ վրա հորդառատ անձրև թափեն:+

35 Կարո՞ղ ես կայծակի շիթեր արձակել,

Եվ մի՞թե դրանք քեզ մոտ կվերադառնան ու կասեն. «Ահա՛ մենք»:

36 Ո՞վ է ամպերի* մեջ իմաստություն դրել+

Կամ երկնային երևույթներին*+ հասկացողությամբ օժտել:

37 Ո՞վ է այնքան իմաստուն, որ հաշվի ամպերի թիվը,

Կամ ո՞վ կարող է շուռ տալ ջրով լի երկնային սափորները,+

38 Որ հողը ցեխի վերածվի,

Հողի կոշտուկները կպչեն մեկը մյուսին:

39 Կարո՞ղ ես որս բռնել առյուծի համար,

Կարո՞ղ ես հագեցնել առույգ առյուծների ախորժակը անհագ,+

40 Որոնք նստում են իրենց որջերում,

Դարան են մտնում իրենց թաքստոցներում:

41 Ո՞վ է ագռավի համար կեր պատրաստում,+

Երբ նրա ձագերը Աստծուն օգնության են կանչում

Եվ ուտելիք չունենալով՝ այս ու այն կողմ թափառում»:

39 «Գիտե՞ս արդյոք լեռնայծերի ծնելու ժամանակը,+

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են ձագ հանում եղնիկները:+

 2 Հաշվե՞լ ես նրանց հղիության ամիսները,

Գիտե՞ս՝ երբ է նրանց ծնելու ժամանակը:

 3 Նրանք ծնկները ծալում ու ծնում են,

Եվ նրանց ցավերը վերջանում են:

 4 Նրանց ձագերն ամրանում են և մեծանում բաց դաշտերում,

Հեռանում են և էլ նրանց մոտ չեն վերադառնում:

 5 Ո՞վ է վայրի էշին* ազատ արձակել,+

Ո՞վ է վայրի էշի* կապերը քանդել:

 6 Ես նրան որպես տուն տվել եմ անապատային հարթավայրը

Եվ որպես բնակավայր՝ աղուտը:

 7 Քաղաքի իրարանցմանը նա արհամարհանքով է նայում,

Նախրապանի բղավոցները չի լսում:

 8 Թափառում է բլուրներում, արոտավայր է փնտրում,

Ամեն կանաչ բույս գտնել է փորձում:

 9 Մի՞թե վայրի ցուլը քեզ ծառայել կուզի+

Կամ մի՞թե քո ախոռում կգիշերի:

10 Կարո՞ղ ես վայրի ցլին պարանով կապել, որ ակոս փորի,

Քո հետևից կգա՞, որ հովտում վար անի:*

11 Նրա մեծ ուժին կվստահե՞ս,

Քո ծանր գործը նրան կհանձնե՞ս:

12 Վստահ կլինե՞ս, որ նա քո բերքը քեզ կհասցնի,

Մի՞թե այն քո կալատեղում* կհավաքի:

13 Ջայլամը թափահարում է թևերն աշխուժորեն,

Բայց մի՞թե կարող է իր թևերով ու փետրածածկով համեմատվել արագիլի հետ:+

14 Ջայլամն իր ձվերը գետնի վրա է թողնում

Եվ ավազի մեջ դրանք տաք պահում:

15 Նա մոռանում է, որ ինչ-որ մեկը կարող է ոտք դնել դրանց վրա ու ջարդել,

Կամ որ վայրի կենդանիները կարող են դրանք կոխկրտել:

16 Իր ձագերի հետ անգթորեն է վարվում, կարծես իրենը չեն.+

Չի վախենում, որ իր թափած ջանքերը զուր կլինեն,

17 Որովհետև Աստված նրան իմաստություն չի տվել,

Հասկացողությունից նրան բաժին չի հանել:

18 Բայց երբ նա ոտքի է ելնում ու թևերը թափահարում է,

Ձիու և ձիավորի վրա ծիծաղում է:

19 Մի՞թե դու ես ձիուն ուժով օժտել,+

Նրա պարանոցը ծածանվող բաշով զարդարել:

20 Կարո՞ղ ես նրան ցատկել տալ մորեխի պես:

Ահ է ներշնչում նրա փռնչոցը զորեղ:+

21 Նա սմբակով դոփում է հովտում, ողջ ուժով ծառս է լինում+

Ու դեպի մարտը սլանում:+

22 Վախը նրա համար ծիծաղելի է, նա ոչնչից չի սարսափում,+

Սրի առաջ չի նահանջում:

23 Նրան խփվելով՝ շխկշխկում է կապարճը,

Նրա գլխավերևում փայլատակում են նիզակն ու տեգը:*

24 Ոգևորությունից դողալով՝ նա առաջ է նետվում:*

Երբ լսում է եղջերափողի ձայնը, հանդարտ կանգնել չի կարողանում:*

25 Եղջերափողի ձայնը լսելիս վրնջում է,

Կարծես ասում է. «Առա՛ջ»:

Հեռվից զգում է ճակատամարտի հոտը

Եվ լսում է զորագլուխների աղաղակն ու մարտակոչը:+

26 Մի՞թե քո իմաստության շնորհիվ է բազեն ճախրում,

Թևերը տարածած՝ դեպի հարավ թռչում:

27 Կամ քո հրամանո՞վ է արծիվը վեր սլանում,+

Իր բույնը բարձր տեղում շինում,+

28 Ժայռի վրա գիշերում,

Ապառաժի անառիկ մասերում* ապրում:

29 Այնտեղից նա ուտելիք է փնտրում,+

Նրա աչքերը հեռուներն են տեսնում:

30 Նրա ձագերը արյուն են խմում,

Եվ որտեղ որ սպանվածներ կան, այնտեղ է նա լինում»:+

40 Եհովան շարունակեց Հոբին ուղղված իր խոսքը.

 2 «Մի՞թե մարդը Ամենակարողի մեջ սխալ կգտնի ու նրա հետ կվիճի:+

Թող նա, ով քննադատում է Աստծուն, պատասխանի»:+

 3 Հոբը պատասխանեց Եհովային.

 4 «Ես չնչին մեկն եմ:+

Ի՞նչ կարող եմ պատասխանել քեզ,

Ձեռքս դնում եմ բերանիս:+

 5 Խոսել եմ մեկ-երկու անգամ, բայց էլ չեմ խոսի,

Այլևս ոչինչ չեմ ասի»:

 6 Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց նրան.+

 7 «Խնդրում եմ, տղամարդու պես գոտեպնդվիր,

Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր:+

 8 Մի՞թե իմ արդարությունը կասկածի տակ կդնես,*

Մի՞թե ինձ կդատապարտես, որ դու ճիշտ լինես:+

 9 Կամ մի՞թե իմ՝ ճշմարիտ Աստծու բազկի պես զորավոր բազուկ ունես,+

Մի՞թե ձայնդ որոտում է իմ ձայնի պես:+

10 Ցույց տուր,* խնդրեմ, քո փառահեղությունն ու զորությունը,

Ցույց տուր* քո մեծապատվությունն ու վայելչությունը:

11 Կատաղի բարկությանդ ազատություն տուր,

Ուշադրություն դարձրու բոլոր մեծամիտներին ու նրանց ցածրացրու:

12 Ուշադրություն դարձրու բոլոր մեծամիտներին ու նրանց խոնարհեցրու,

Անօրեններին կոխկրտիր տեղում:

13 Նրանց բոլորին թաքցրու հողում,

Փակիր նրանց* խավար տեղում:

14 Այդժամ նույնիսկ ես կընդունեմ,*

Որ դու քո աջով կարող ես քեզ փրկել:

15 Նայիր գետաձիուն,* որին ստեղծել եմ, ինչպես և քեզ:

Նա խոտ է ուտում ցլի պես:

16 Տես՝ ինչ ուժեղ են նրա ոտքերը,

Ինչ հզոր են նրա որովայնի մկանները:

17 Նրա պոչը մայրու պես պինդ է,

Նրա ազդրերի ջլերը միահյուսված են:

18 Նրա ոսկորները պղնձե խողովակներ են,

Ոտքերը կռած երկաթից ձողեր են:

19 Իր տեսակի մեջ նա առաջինն է* Աստծու ստեղծածների շարքում,

Միայն նրա Ստեղծողը կարող է նրան մոտենալ սրով:

20 Նրան սնունդով են ապահովում լեռները,

Որտեղ վազվզում են բոլոր վայրի կենդանիները:

21 Նա թփերի* տակ է պառկում,

Ճահճուտի եղեգների ստվերում:

22 Թփերը ստվեր են գցում նրա վրա,

Հովտի բարդիները շրջապատում են նրան:

23 Երբ գետը վարարում է, նա խուճապի չի մատնվում,

Նա հանդարտ է մնում, ինչքան էլ Հորդանանի+ հորձանքը նրա բերանին է զարնվում:

24 Երբ նա արթուն է, մի՞թե որևէ մեկը կարող է նրան բռնել

Կամ նրա քթին կեռ անցկացնել»:

41 «Կարո՞ղ ես լևիաթանին*+ բռնել կարթով

Կամ նրա բերանը* սանձել պարանով:

 2 Կարո՞ղ ես պարան* անցկացնել նրա քթանցքերի մեջ

Կամ նրա ծնոտին կեռ* անցկացնել:

 3 Մի՞թե նա քեզ աղաչանքներ կուղղի, որ կարեկցես,

Կամ մի՞թե մեղմորեն կխոսի քեզ հետ:

 4 Մի՞թե նա ուխտ կկապի քեզ հետ,

Որ նրան ընդմիշտ ստրուկդ դարձնես:

 5 Մի՞թե կխաղաս նրա հետ, ինչպես թռչնի հետ,

Կամ կկապե՞ս նրան, որ քո փոքրիկ աղջիկներին զվարճացնես:

 6 Մի՞թե որս անողները նրանով առևտուր կանեն,

Մի՞թե նրան կբաժանեն վաճառականների մեջ:

 7 Մի՞թե կարող ես նրա կաշվի մեջ որսատեգեր խրել+

Կամ նրա գլուխը ձկնորսական նիզակներով խոցել:

 8 Փորձիր նրա վրա դնել քո ձեռքը

Ու էլ երբեք չես մոռանա նրա հետ պայքարը,

Էլ երբեք չես անի այդ բանը:

 9 Նրան ենթարկեցնելու ցանկացած հույս զուր է,

Նրա տեսքն արդեն իսկ սարսափազդու է:*

10 Ոչ ոք չի համարձակվի նրան վրդովեցնել:

Ուրեմն առավել ևս ինձ ո՞վ կարող է դիմակայել:+

11 Ո՞վ է երբևէ* ինձ մի բան տվել, որ ես էլ փոխհատուցեմ:+

Երկնքի տակ ինչ որ կա իմն է:+

12 Ավելին կասեմ այդ արարածի մասին՝

Նրա վերջույթների, ուժի և վայելչակազմ մարմնի մասին:

13 Ո՞վ կարող է հանել նրան ծածկող վերնահագուստը,

Ո՞վ կմտնի նրա բաց ծնոտների արանքը:

14 Ո՞վ կարող է բացել նրա երախի դռները,

Ահազդու են ամեն կողմից դուրս ցցված նրա ատամները:

15 Նրա մեջքը պատված է շարք-շարք դասավորված եղջերային վահանիկներով,*

Որոնք պինդ ամրացված են իրար, ասես կնիքով:

16 Այնքան սեղմ են հպված մեկը մյուսին,

Որ դրանց միջով նույնիսկ օդ չի անցնի:

17 Դրանք ամուր սեղմված են,

Կպած են մեկը մյուսին, այնպես որ իրարից անջատել անհնար է:

18 Նրա փռնչոցից լույս է առկայծում,

Նրա աչքերը արշալույսի շողեր են հիշեցնում:

19 Նրա բերանից կայծակի շանթեր են դուրս թռչում,

Հրե կայծեր են ժայթքում:

20 Նրա քթանցքերից ծուխ է դուրս գալիս,

Ինչպես կնյունով բոցավառված հնոցից:

21 Ածուխները թեժանում են նրա շնչից,

Բոց է ցայտում նրա երախից:

22 Ահռելի ուժ կա նրա պարանոցում,

Նա իր առջևից ահ ու սարսափ է տարածում:

23 Նրա մաշկի շերտերը սերտ միահյուսված են,

Ասես ձուլված լինեն նրա վրա, ամուր և անշարժելի են:

24 Նրա սիրտը քարի պես պինդ է,

Այո՛, ստորին աղացքարի պես պինդ:

25 Երբ նա վեր է կենում, անգամ զորեղներն են սարսափում,

Երբ ուժգին թափ է տալիս իր մարմինը, խուճապ է տարածում:

26 Նրան չի հաղթի սուրը,

Ոչ էլ նիզակը, տեգը կամ նետը:+

27 Երկաթը նրա համար ասես ծղոտ լինի,

Պղինձը՝ փտած փայտ:

28 Նետը փախուստի չի մատնում նրան,

Նրա վրա թափվող պարսատիկի քարերը ասես հարդ լինեն նրա համար:

29 Մահակը նրա համար մի ծղոտ է,

Տեգի շաչյունի վրա նա ծիծաղում է:

30 Ասես կավի սրածայր բեկորներով պատված լինի նրա փորատակը,

Նա ցեխի մեջ շարժվելիս այնպիսի հետք է թողնում, ինչպիսին կամնը:*+

31 Նրա շարժումից խոր ջրերն այնպես են բլթբլթում, ինչպես եռացող կաթսայում,

Ծովն ալեկոծվում է, ինչպես եռացող քսուքը՝ տարայում:

32 Իր հետևից նա փայլփլուն ջրահետք է թողնում,

Թվում է, թե խոր ջրերը ճերմակահեր են դառնում:

33 Երկրի վրա նրա նմանը չկա,

Նա այնպես է ստեղծված, որ վախ չիմանա:

34 Նա համարձակ նայում է ամեն գոռոզ արարածի,

Նա թագավորն է բոլոր հուժկու գազանների»:

42 Հոբը պատասխանեց Եհովային.

 2 «Հիմա ես գիտեմ, որ դու կարող ես ամեն ինչ անել,

Եվ չկա մի բան, որ մտադրես ու չկարողանաս այն իրագործել:+

 3 Դու ասացիր. «Այդ ո՞վ է, որ իր անգիտությամբ իմ գործելակերպը հարցականի տակ է դնում»:+

Այո՛, ես խոսում էի, բայց չէի հասկանում,

Խոսում էի այնպիսի բաների մասին, որոնք չգիտեի,

Որոնք ինձ համար անչափ զարմանալի են:+

 4 Դու ասացիր. «Ես կխոսեմ, իսկ դու, խնդրում եմ, լսիր:

Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր»:+

 5 Առաջ պարզապես լսել էի քո մասին իմ ականջով,

Բայց հիմա տեսնում եմ քեզ իմ աչքերով:

 6 Դրա համար էլ խոսքերս հետ եմ վերցնում+

Եվ հողի ու մոխրի մեջ զղջում»:+

7 Հոբին այս ամենն ասելուց հետո Եհովան իր խոսքն ուղղեց թեմանացի Եղիփազին: Եհովան ասաց.

«Մեծ բարկությամբ եմ լցվել քո և քո երկու ընկերների դեմ,+ քանի որ ի տարբերություն իմ ծառա Հոբի՝ ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին:+ 8 Հիմա վերցրեք յոթ ցուլ ու յոթ արու ոչխար, գնացեք իմ ծառա Հոբի մոտ և ձեզ համար ողջակեզներ մատուցեք: Իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար:+ Նրա խնդրանքը ես անշուշտ կընդունեմ և ձեզ չեմ պատժի ձեր հիմարության համար, այն բանի համար, որ ի տարբերություն իմ ծառա Հոբի՝ ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին»:

9 Ուստի թեմանացի Եղիփազը, սովեցի Բաղդատը և նաամացի Սոֆարը գնացին ու արեցին Եհովայի ասածը: Եվ Եհովան ընդունեց Հոբի աղոթքը:

10 Երբ Հոբը աղոթեց իր ընկերների համար,+ Եհովան վերջ դրեց նրա նեղություններին+ և վերականգնեց նրա բարեկեցիկ կյանքը:* Եհովան Հոբին տվեց նրա նախկին ունեցածի կրկնակին:+ 11 Հոբի բոլոր եղբայրները, քույրերը և բոլոր նախկին ընկերները+ եկան նրա մոտ ու նրա տանը հաց կերան նրա հետ: Նրանք ցավակցեցին ու մխիթարեցին նրան այն բոլոր չարիքներից հետո, որ Եհովան թույլ էր տվել՝ գային նրա վրա: Նրանցից յուրաքանչյուրը մի կտոր արծաթ ու մի ոսկե մատանի տվեց նրան:

12 Այսպիսով՝ Եհովան Հոբի կյանքի վերջին տարիները նրա սկզբի տարիներից էլ շատ օրհնեց:+ Հոբը մեծ ունեցվածքի տեր դարձավ՝ 14 000 ոչխար, 6 000 ուղտ, 1 000 զույգ խոշոր եղջերավոր անասուն և 1 000 էգ էշ:+ 13 Նա յոթ որդի ու երեք աղջիկ ունեցավ:+ 14 Առաջին աղջկա անունը Եմիմա դրեց, երկրորդի անունը՝ Կասիա, իսկ երրորդինը՝ Կերեն-Հափուք: 15 Ողջ երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ աղջիկներ չկային: Հայրը նրանց էլ ժառանգություն տվեց, ինչպես նրանց եղբայրներին:

16 Այս ամենից հետո Հոբը ապրեց 140 տարի և տեսավ իր զավակներին ու նրանց զավակներին՝ մինչև չորրորդ սերունդը: 17 Երկար ու գոհացուցիչ կյանք ապրելուց հետո* Հոբը մահացավ:

Հնարավոր է՝ նշանակում է «թշնամանքի առարկա»:

Կամ՝ «Աստծուն նվիրված»:

Բռց.՝ «500 զույգ»:

Բռց.՝ «էգ էշ»:

Կամ՝ «հերթով»:

Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:

Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:

Բռց.՝ «քո երեսի»:

Կամ՝ «տնօրինությանը»:

Կամ՝ «կայծակ»:

Բռց.՝ «կվերադառնամ այնտեղ»:

Կամ՝ «ոչ մի սխալ բան չվերագրեց Աստծուն»:

Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:

Կամ՝ «Աստծուն նվիրված»:

Կամ՝ «անարատ է մնում»:

Բռց.՝ «Կաշվի համար կաշի»:

Կամ՝ «հոգին»:

Բռց.՝ «երեսի»:

Կամ՝ «տնօրինությանը»:

Կամ՝ «անարա՞տ ես մնում»:

Կամ՝ «ծանոթները»:

Կամ՝ «խավարի ու մահվան ստվերի»:

Համարվում է, որ խոսքը կոկորդիլոսի կամ մեկ այլ խոշոր և մեծ ուժի տեր ջրային կենդանու մասին է:

Կամ հնարավոր է՝ «կառուցել էին ամայի վայրեր»:

Բռց.՝ «ուժասպառ ես լինում»:

Կամ՝ «հնարողները»:

Բռց.՝ «ոսկորներս»:

Կամ՝ «պատգամաբերների»:

Բռց.՝ «Սրբերից»:

Բռց.՝ «կփրկագնի»:

Կամ՝ «անխոհեմ», «անմտածված»:

Բույսի տեսակ, որը պարունակում է անհամ լորձանյութ:

Բռց.՝ «պղնձից»:

Բռց.՝ «Եղբայրներս»:

Բռց.՝ «փրկագնեք»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «քիմքս զանազանում է»:

Ջուլհակահաստոցի աշխատանքային գործիք, որը նախատեսված է միջնաթելի անցկացման համար:

Բռց.՝ «բարիք»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «ոգուս»:

Բռց.՝ «մահը, քան իմ ոսկորները»:

Կամ՝ «հանուն քեզ գործի կանցներ»:

Կամ՝ «Հավատուրացի»:

Կամ՝ «նրան դատարան տանել»:

Բռց.՝ «սրտով իմաստուն է»:

Կամ՝ «տեղաշարժ»:

Հնարավոր է՝ Մեծ արջ համաստեղությունն է:

Հնարավոր է՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է:

Հնարավոր է՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում:

Բռց.՝ «հարավի ներքին սենյակները»:

Հնարավոր է՝ խոսքը ահռելի ծովային արարածի մասին է:

Կամ հնարավոր է՝ «Դատական գործում իմ հակառակորդից»:

Կամ՝ «Թե անմեղ էլ լինեի»:

Կամ՝ «անմեղ լինեմ»:

Կամ՝ «Անարատին»:

Կամ՝ «պոտաշով»: Փայտամոխրից ստացվող նյութ, որն օգտագործվում էր լվացվելու և լվացքի համար:

Կամ՝ «միջնորդ լինել»:

Կամ՝ «ոգիս», «շունչս»:

Կամ՝ «զվարթանամ»:

Կամ՝ «Ու գնամ խավարի և մահվան ստվերի երկիր»:

Բռց.՝ «Խոր ստվեր»:

Կամ՝ «պարծենկոտը»:

Կամ՝ «Իմ սովորեցրածը մաքուր է»:

Կամ՝ «Ամենակարողի մեծության սահմանը»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «կծնվի»:

Բռց.՝ «դուք եք մարդ»:

Կամ՝ «ում ոտքերը սայթաքում են»:

Կամ հնարավոր է՝ «Խոսիր երկրի հետ»:

Կամ՝ «ոգին»:

Բռց.՝ «քիմքը»:

Կամ՝ «ամեն ինչից զրկված»:

Կամ՝ «երեցներին»:

Կամ՝ «անմոռանալի»:

Բռց.՝ «մոխրե առակներ են»:

Բռց.՝ «մարմինս ատամներով պահում»:

Բռց.՝ «ափիս մեջ դնել»:

Կամ՝ «հավատուրաց»:

Կամ հնարավոր է՝ «Եթե ինչ-որ մեկը կարողանա, ես կլռեմ ու կմեռնեմ»:

Բռց.՝ «Միայն երկու բան ինձ մի՛ արա»:

Բռց.՝ «նա»: Հավանաբար Հոբը:

Կամ հնարավոր է՝ «կտրվում»:

Բռց.՝ «Ինձ»:

Բռց.՝ «և ո՞ւր է նա»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «հարկադիր աշխատանքի»: Այլաբանական ակնարկ է մահվան ստրուկը դառնալուն:

Բռց.՝ «որովայնը արևելյան քամով կլցնի»:

Բռց.՝ «Ինչո՞ւ է սիրտդ քեզ տանում»:

Բռց.՝ «սրբերին»:

Այսինքն՝ վերականգնման հույսը:

Բռց.՝ «նրա»:

Կամ՝ «հավատուրացների»:

Բռց.՝ «որովայնում»:

Այսինքն՝ Եղիփազին:

Բռց.՝ «մաշկս»:

Կամ՝ «Ուժս»: Բռց.՝ «Եղջյուրս»:

Կամ՝ «մահվան ստվեր»:

Կամ հնարավոր է՝ «աչքերս անքուն նայում են Աստծուն»:

Բռց.՝ «առակ», «առած»:

Կամ՝ «հավատուրացների»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «դեպի գերեզմանի նիգերը»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Հնարավոր է՝ նկատի ունի Հոբին և բոլոր այն մարդկանց, ովքեր Հոբի պես են մտածում կամ կարեկցում են նրան:

Կամ հնարավոր է՝ «անմաքուր»:

Կամ՝ «հոգիդ ծվատես»:

Կամ՝ «ստիպում է կաղալ»:

Բռց.՝ «Մահվան առաջնեկը»:

Կամ՝ «սարսափելի մահվան»:

Բռց.՝ «նա անուն չի ունենա»:

Կամ՝ «վիրավորում»:

Կամ՝ «ինձ մոլորեցրել»:

Կամ՝ «Հարազատներս»:

Բռց.՝ «Ատամներիս կաշվով եմ փրկվում»:

Բռց.՝ «Իմ մարմնով չեք կշտանում»:

Բռց.՝ «փրկագնողը»:

Բռց.՝ «հողի»:

Կամ՝ «Երիկամներս չեն գործում»:

Կամ՝ «մարդկության», «Ադամի»:

Կամ՝ «Հավատուրացի»:

Այսինքն՝ նրա ավյունը:

Կամ՝ «լեղի»:

Բռց.՝ «Նա»:

Բռց.՝ «նրա»:

Կամ՝ «զորանում»:

Կամ՝ «մի ակնթարթում»: Այսինքն՝ արագ և անցավ մահով են մեռնում:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «խորհուրդները», «նենգ ծրագրերը»:

Այսինքն՝ հացահատիկի թեփի:

Կամ՝ «Եթե նրա ամիսների թիվը երկու անգամ կրճատվի»:

Բռց.՝ «Ոսկրածուծը հյութեղ»:

Բռց.՝ «Նրա համար քաղցր կլինեն հովտի հողակոշտերը»:

Բռց.՝ «Իր հետևից նա կքաշի ողջ մարդկությանը»:

Կամ՝ «Ամենակարողին ուրախացնո՞ւմ է»:

Կամ՝ «անհայր երեխաների թևերը ջարդել ես»:

Բռց.՝ «թռչնի թակարդներով»:

Կամ՝ «Որոնց հիմքը հեղեղը քշել-տարել է»:

Կամ՝ «ոսկու բնակտորները»:

Բռց.՝ «երեսդ դեպի Աստված կբարձրացնես»:

Կամ՝ «Անհայր երեխաների»:

Կամ հնարավոր է՝ «արտում անասնակեր հավաքել»:

Կամ հնարավոր է՝ «ձեթ են քամում»:

Այսինքն՝ աստիճանաձև դասավորված հողահարթակներում:

Կամ հնարավոր է՝ «Աստված դրա համար ոչ ոքի չի մեղադրում»:

Եբր. բառը կարող է վերաբերել այն տղամարդուն, որը սեռական հարաբերություն է ունենում ամուսնացած կնոջ հետ:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «Արգանդը»:

Բռց.՝ «Նա»:

Բռց.՝ «Նա»:

Կամ՝ «մաքուր»:

Կամ՝ «Առողջ դատողությունդ»:

Բռց.՝ «Ո՞ւմ շունչն (ոգին) է դուրս եկել քեզնից»:

Բռց.՝ «Նրա»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «Կործանման վայրը», «Աբադոնը»:

Բռց.՝ «հյուսիսը»:

Բռց.՝ «դատարկության»:

Բռց.՝ «ոչնչի վրա»:

Բռց.՝ «շրջան»:

Բռց.՝ «ռախաբին»:

Կամ՝ «քամով»:

Բռց.՝ «առակը»:

Կամ՝ «ոգին»:

Կամ՝ «Չեմ թողնի իմ անարատությունը», «Կպնդեմ, որ անարատ եմ»:

Կամ՝ «Իմ ապրած ոչ մի օրվա համար»:

Կամ՝ «խիղճս»:

Կամ՝ «Հավատուրացը»:

Կամ հնարավոր է՝ «Աստծու ձեռքով»:

Բռց.՝ «բայց ոչինչ չի հավաքի (բերքահավաքի ժամանակ)»:

Կամ հնարավոր է՝ «Նրանք»:

Բռց.՝ «քար»:

Ըստ երևույթին, խոսքը հանքահանության մասին է:

Կամ՝ «օնիքսով»:

Կամ՝ «զտված»:

Բռց.՝ «մի պարկ իմաստությունը»:

Բռց.՝ «ծանրությամբ»:

Բռց.՝ «առակը»:

Կամ՝ «սպասավորներս»:

Բռց.՝ «թաքնվում էին»:

Կամ՝ «անհայր երեխային»:

Կամ հնարավոր է՝ «Նրանք չէին մթագնում իմ երեսի լույսը»:

Ըստ ամենայնի, խոսքը թալ կոչվող ցեղի բուսատեսակի մասին է (Atriplex halimus):

Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ:

Կամ՝ «մտրակով վռնդվել են»:

Բռց.՝ «առակ», «առած»:

Կամ՝ «դեն են գցում սանձը»:

Կամ հնարավոր է՝ «Չկա մեկը, որ օգնի նրանց»:

Հնարավոր է՝ խոսքը նրա մաշկի մասին է:

Կամ հնարավոր է՝ «Ինձ վրա եկած պատուհասի ուժգնությունից ես այլանդակվել եմ»:

Կամ հնարավոր է՝ «Տարրալուծում ես ինձ որոտաձայն մրրիկով»:

Կամ հնարավոր է՝ «տենդից»:

Կամ հնարավոր է՝ «ստախոս մարդկանց հետ եմ քայլել»:

Կամ՝ «նվիրված եմ իրեն»:

Կամ՝ «Թող իմ սերունդները արմատախիլ լինեն»:

Կամ՝ «դատական գործ»:

Բռց.՝ «արգանդում պատրաստողը»:

Բռց.՝ «նրա»:

Բռց.՝ «մորս արգանդից»:

Բռց.՝ «նրան»:

Կամ հնարավոր է՝ «որ քաղաքի դարպասի մոտ աջակցություն ունեմ»:

Կամ՝ «թիակը»:

Կամ՝ «իր հոդախորշից», «իր վերևի ոսկորից»:

Բռց.՝ «լույսը»:

Կամ՝ «բերանս համբուրած լիներ ձեռքս»:

Բռց.՝ «մսով»:

Կամ՝ «օտարական»:

Բռց.՝ «օրերը»:

Կամ՝ «ուղղել Հոբին»:

Ակներևաբար, այստեղ Եղիուսը իր խոսքն ուղղում է Հոբին:

Բռց.՝ «Ներսս»:

Կամ՝ «չեմ շնորհի պատվավոր տիտղոս»:

Բռց.՝ «Լեզուս ու քիմքս»:

Բռց.՝ «կնքում»:

Կամ՝ «նրա հոգին», «նրա կյանքը»:

Բռց.՝ «փոսից»:

Կամ՝ «մերկանում են»:

Բռց.՝ «փոսը»:

Կամ՝ «մի հրեշտակ»:

Բռց.՝ «փոսը»:

Կամ՝ «առողջ»:

Կամ հնարավոր է՝ «Եվ դա օգուտ չի բերել ինձ»:

Բռց.՝ «քիմքը»:

Կամ՝ «ոգին»:

Ակներևաբար, այստեղ Եղիուսը իր խոսքն ուղղում է Հոբին:

Կամ՝ «Մեծամեծին աննշանից»:

Կամ՝ «հավատուրաց»:

Կամ հնարավոր է՝ «Հա՛յր իմ, թող Հոբը փորձվի»:

Ըստ ամենայնի, խոսքը Աստծու մասին է:

Բռց.՝ «բազկից»:

Կամ՝ «ստերը»:

Կամ հնարավոր է՝ «Թագավորներին նստեցնում է գահին»:

Կամ՝ «հավատուրացները»:

Կամ հնարավոր է՝ «ավարտում»:

Այստեղ խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:

Բռց.՝ «Նա»:

Կամ՝ «չարակամորեն ու արհամարհանքով ծափ չտաս»:

Կամ հնարավոր է՝ «քննադատել», «նրանից հաշիվ պահանջել»:

Կամ՝ «անքննելի է»:

Կամ հնարավոր է՝ «պաշտպանում է ժողովուրդների դատը»:

Կամ հնարավոր է՝ «ինչ»:

Բռց.՝ «Կնիք է դնում ամեն մարդու ձեռքի վրա»:

Կամ՝ «հրամայում ամպերին»:

Կամ՝ «ծեծելով հղկել»:

Այսինքն՝ արևի լույսը:

Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:

Կամ՝ «բարուրեցի»:

Կամ՝ «մահվան ստվերի»:

Կամ հնարավոր է՝ «կայծակը»:

Հնարավոր է՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում:

Հնարավոր է՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է:

Բռց.՝ «Մազզարոթ»: 2Թգ 23:5-ում այս բառի հետ ծագումնաբանական կապ ունեցող հոգնակի թվով գործածված բառը վերաբերում է կենդանակերպի համաստեղություններին:

Հնարավոր է՝ Մեծ արջ համաստեղությունն է:

Բռց.՝ «երկինքները»:

Կամ հնարավոր է՝ «Աստծու»:

Բռց.՝ «ձայնդ մինչև ամպերը բարձրացնել»:

Կամ հնարավոր է՝ «մարդու»:

Կամ հնարավոր է՝ «Կամ միտքը»:

Կամ՝ «օնագրին»: Սա վայրի էշի տեսակ է, թեև ոմանք կարծում են, որ խոսքը զեբրի մասին է:

Այս համարում գործածված է եբր. երկու բառ, որ մատնանշում են վայրի էշի երկու տարբեր տեսակներ:

Կամ՝ «տափանի»:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Կարճ նիզակ:

Բռց.՝ «կուլ է տալիս հողը»:

Կամ հնարավոր է՝ «չի հավատում»:

Բռց.՝ «ժանիքի վրա»:

Կամ՝ «անվավեր կդարձնես»:

Բռց.՝ «Զարդարվիր»:

Բռց.՝ «Հագիր»:

Բռց.՝ «Կապիր նրանց երեսները»:

Կամ՝ «կգովեմ քեզ»:

Եբր.՝ բեհեմոթ:

Բռց.՝ «սկիզբն է»:

Եբր. բառը վերաբերում է դժնիկազգիների ընտանիքին պատկանող տերևախիտ թփի կամ ցածրոտ ծառի (Zizyphus lotus):

Հնարավոր է՝ խոսքը կոկորդիլոսի մասին է:

Բռց.՝ «լեզուն»:

Բռց.՝ «կնյուն»: Խոսքը այդ բույսից պատրաստված պարանի մասին է:

Բռց.՝ «փուշ»:

Կամ՝ «քեզ գետին կտապալի»:

Բռց.՝ «առաջինը»:

Կամ հնարավոր է՝ «Նրա հպարտությունը շարք-շարք դասավորված իր եղջերային վահանիկներն են»:

Հացահատիկը մանրելու գործիք:

Բռց.՝ «Եհովան հետ դարձրեց Հոբին իր գերությունից»:

Բռց.՝ «Ծերացած և օրերից կշտացած»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը