Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Նաում 1 ։ 1–3 ։ 19
  • Նաում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նաում
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Նաում

ՆԱՈՒՄ

1 Դատավճիռ՝ Նինվեի դեմ:+ Ելկեսացի Նաումի* տեսիլքի գիրքը:

 2 Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է+ և վրեժխնդիր է լինում իր թշնամիներից:

Եհովան վրեժ է առնում և պատրաստ է թափելու իր ցասումը:+

Իր հակառակորդներից Եհովան վրեժ է առնում,

Նա բարկությամբ է լցված իր թշնամիների հանդեպ:

 3 Եհովան համբերատար է*+ և մեծ զորության տեր,+

Բայց Եհովան մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չի թողնի:+

Երբ նա քայլում է, ավերիչ քամի ու փոթորիկ է լինում,

Եվ ամպերը փոշու պես բարձրանում են նրա ոտքերի տակից:+

 4 Նա սաստում է ծովին+ ու ցամաքեցնում այն,

Չորացնում է բոլոր գետերը:+

Բասանն ու Կարմեղոսը չորանում են,+

Եվ թառամում են Լիբանանի ծաղիկները:

 5 Նրա ներկայությունից լեռները ցնցվում են,

Եվ բլուրները՝ հալչում:+

Նրա երեսի առաջ դողում են երկիրը,

Աշխարհը և դրա բոլոր բնակիչները:+

 6 Ո՞վ կարող է կանգնել Նրա ցասման առաջ,+

Նրա բորբոքված բարկությանը ո՞վ կարող է դիմանալ:+

Նրա զայրույթը կրակի պես կբռնկվի,

Եվ նա ժայռերը փուլ կտա:

 7 Եհովան բարի է,+ ամրոց է նեղության օրը:+

Նա ուշադիր է նրանց հանդեպ,* ովքեր ապաստան են փնտրում իր մոտ:+

 8 Կատաղի հեղեղով նա ամբողջովին կջնջի Նինվեի տեղը,*

Եվ խավարը կհետապնդի Նրա թշնամիներին:

 9 Ի՞նչ կարող եք ծրագրել Եհովայի դեմ:

Նա հիմնովին կործանելու է ձեզ,

Եվ կարիք չի լինի, որ երկրորդ անգամ կործանում բերի:+

10 Նինվեի ժողովուրդը խճճված փշերի պես է

Եվ նման է գարեջրից հարբածների.

Նրանք կայրվեն, ինչպես չոր ծղոտը:

11 Քեզնից* դուրս կգա Եհովայի դեմ չարիք ծրագրողը,

Անօգուտ խորհուրդ տվողը:

12 Սա է ասում Եհովան.

«Թեև նրանք շատ ուժեղ են ու բազմաթիվ,

Սակայն բնաջինջ կլինեն ու կվերանան:

Ես ցավ եմ պատճառել քեզ,* բայց այլևս ցավ չեմ պատճառելու:

13 Ես կկոտրեմ քեզ վրա դրված թշնամու լուծը+

Եվ կկտրեմ կապանքներդ:

14 Քո* վերաբերյալ ես՝ Եհովաս, սա եմ հրամայել.

«Քո անունը կրող սերունդ այլևս չի լինի:

Քո աստվածների տնից կվերացնեմ քանդակված կուռքերն ու ձուլածո արձանները,

Քեզ համար գերեզման կպատրաստեմ, որովհետև դու ոչնչություն ես»:

15 Ահա լեռների վրա են նրա ոտքերը,

Ով բարի լուր է բերում և խաղաղություն հռչակում:+

Ո՛վ Հուդա, նշի՛ր տոներդ,+ կատարի՛ր երդումներդ,

Որովհետև անպիտան մարդն* այլևս չի ներխուժի քո երկիր.

Նա իսպառ բնաջինջ կլինի»:

2 Ցիրուցան անողը քո* դեմ է դուրս եկել:+

Հսկի՛ր պարիսպները,

Ուշադի՛ր նայիր ճանապարհին,

Կազմ-պատրա՛ստ եղիր* և լարի՛ր ուժերդ:

 2 Եհովան վերականգնելու է Հակոբի վեհությունը,*

Ինչպես նաև Իսրայելի վեհությունը,

Քանի որ թշնամին ավերել է նրանց* երկիրը+

Եվ փչացրել նրանց շիվերը:

 3 Նրա զորեղ մարդկանց վահանները կարմիր են ներկված,

Նրա ռազմիկները մուգ կարմիր են հագել:

Պատերազմի պատրաստվելու օրը

Նրա մարտակառքերի երկաթյա հարդարանքը կրակի պես փայլում է,

Ճոճվում են գիհու փայտից պատրաստված նիզակները:

 4 Մարտակառքերը մոլեգնած սուրում են փողոցներով,

Մեծ արագությամբ անցնում-դառնում են հրապարակներով,

Փայլում են վառվող ջահերի նման, կայծակի պես սլանում են:

 5 Նա* կհավաքի իր հզոր ռազմիկներին:

Առաջ շարժվելիս նրանք կսայթաքեն:

Նրանք կշտապեն դեպի քաղաքի պարիսպը

Եվ պատնեշ կկանգնեցնեն:

 6 Գետերի դարպասները կբացվեն,

Ու պալատը փուլ կգա:*

 7 Վճիռը կայացվել է.

Նա մերկացվել է, գերության է տարվել:

Նրա աղախինները կուրծք են ծեծում,

Հեծեծում են, աղավնիների պես՝ մնչում:

 8 Իր գոյության օրերից ի վեր Նինվեն+ ջրերի ավազանի պես էր,

Բայց հիմա մարդիկ փախչում են:

Նրանց ձայն են տալիս՝ «Կանգնե՛ք, կանգնե՛ք»,

Բայց ոչ ոք չի շրջվում:+

 9 Արծա՛թ թալանեք, ոսկի՛ թալանեք:

Գանձերն անսպառ են,

Ամեն տեսակ թանկարժեք բաների լիություն է:

10 Քաղաքը դատարկվել, ամայացել ու անմարդաբնակ է դարձել:+

Վախից նրանց սրտերը նվաղել են, ծնկները ծալվում են, մեջքները՝ դողում:

Բոլորի երեսները տագնապից գունատվել են:

11 Ո՞ւր է առյուծների* որջը,+ որտեղ կերակրվում էին երիտասարդ առյուծները,

Որտեղից առյուծը դուրս էր գալիս իր կորյունի հետ,

Եվ նրանց վախեցնող չկար:

12 Առյուծը բավականաչափ որս էր պատառոտում իր ձագերի համար

Ու խեղդում իր էգ առյուծների համար:

Իր որջը նա լցնում էր որսով,

Իր բույնը՝ պատառոտված կենդանիներով:

13 «Ես քո դեմ եմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,+–

Ամբողջությամբ կայրեմ* քո մարտակառքերը,+

Եվ սուրը կխժռի քո երիտասարդ առյուծներին:

Դու այլևս որս չես անի երկրի վրա,*

Եվ պատգամաբերներիդ ձայնը այլևս չի լսվի»:+

3 Վա՜յ արյունահեղ քաղաքին:

Նա լի է խաբեությամբ ու թալանով,

Երբեք առանց որսի չի մնում:

 2 Լսվում է մտրակի հարվածի ձայնը, անիվների դղրդյունը:

Սուրում է նժույգը, և կառքը կատաղի առաջ է ընթանում:

 3 Ձիավորներ, փայլատակող սրեր, շողշողուն նիզակներ,

Բազմաթիվ սպանվածներ, դիակների կույտեր...

Անթիվ են դիակները:

Մեռածների մարմիններին դեմ առնելով՝ մարդիկ ընկնում են դրանց վրա:

 4 Այս ամենի պատճառն այն է, որ այդ մարմնավաճառի մարմնավաճառությունը սահման չունի:

Նա գրավիչ է ու հմայիչ, կախարդությունների տիրուհի է.

Նա իր մարմնավաճառությամբ որոգայթն է գցում ազգերին և իր կախարդությամբ՝ տոհմերին:

 5 «Այժմ լսիր. ես քո* դեմ եմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,+–

Հագուստիդ փեշերը մինչև երեսդ կբարձրացնեմ

Ու այնպես կանեմ, որ ազգերը տեսնեն քո մերկությունը,

Եվ թագավորությունները՝ քո խայտառակությունը:

 6 Ես կեղտ կշպրտեմ քեզ վրա,

Քեզ արհամարհելի կդարձնեմ և ի ցույց կդնեմ:+

 7 Ով որ տեսնի քեզ, կփախչի+ ու կասի.

«Նինվեն ավերվե՜լ է: Ո՞վ կկարեկցի նրան»:

Որտեղի՞ց քեզ մխիթարողներ գտնեմ:

 8 Մի՞թե դու Նով-Ամոնից* լավն ես,+ որը բազմել էր Նեղոսի ջրանցքների մոտ:+

Նա շրջապատված էր ջրերով.

Ծովը նրա հարստությունն էր, պարիսպ էր նրա համար:

 9 Եթովպիան նրա անսահման զորության աղբյուրն էր, ինչպես և Եգիպտոսը:

Փութն+ ու լիբիացիները նրա* օգնականներն էին:+

10 Բայց նույնիսկ նա արտաքսվեց, գերության տարվեց:+

Նրա երեխաները դաժանորեն սպանվեցին ամեն մի փողոցի անկյունում:

Նրա պատվավոր մարդկանց համար վիճակ* գցեցին,

Եվ նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին:

11 Դու* նույնպես կհարբես+ ու կթաքնվես:

Քո թշնամուց պաշտպանվելու համար ապաստարան կփնտրես:

12 Քո բոլոր ամրությունները նման են վաղահաս պտուղներով թզենիների,

Որոնք եթե թափ տրվեն, թզերը կընկնեն խժռողների բերանը:

13 Նայիր քո զորքերի՛ն. նրանք կանանց պես են:

Երկրիդ դարպասները լայն կբացվեն թշնամիներիդ առաջ,

Կրակը կլափի քո դարպասների նիգերը:*

14 Ջուր հանիր քեզ համար և պատրաստվիր պաշարմանը,+

Անառիկ դարձրու քո ամրությունները,

Մտիր ցեխը, տրորիր կավը

Եվ պատրաստ պահիր աղյուսի կաղապարը:

15 Բայց, միևնույն է, կրակը կլափի քեզ,

Սուրը բնաջինջ կանի,+

Դրանք կխժռեն քեզ, ինչպես մորեխի թրթուրները:+

Մորեխի թրթուրների պես շատացիր,

Այո՛, մորեխների պես բազմաքանակ դարձիր:

16 Քո առևտրականներին երկնքի աստղերից էլ շատ ես դարձրել:

Մորեխի թրթուրները պատռում են իրենց մաշկը և թռչում:

17 Քո պահապանները մորեխի նման են,

Եվ քո զորապետները՝ մորեխի երամի:

Ցուրտ օրը նրանք ճամբար են դնում քարե փարախների պատերի ծերպերում,

Բայց հենց որ արևը շողում է, թռչում գնում են,

Եվ ոչ ոք չի իմանում նրանց տեղը:

18 Հովիվներդ նիրհում են, ո՛վ Ասորեստանի թագավոր,

Ազնվականներդ անհոգ մնում են իրենց բնակատեղերում:

Ժողովուրդդ ցիրուցան է եղել լեռների վրա,

Եվ մեկը չկա, որ հավաքի նրանց:+

19 Քո աղետալի վիճակին թեթևացում չկա, քո վերքն անբուժելի է:

Բոլոր նրանք, ովքեր կլսեն քո մասին, ծափ կտան,+

Որովհետև մի՞թե կա մեկը, որ չի տառապել քո անվերջանալի դաժանությունից»:+

Նշանակում է «մխիթարիչ»:

Կամ՝ «չի շտապում բարկանալ»:

Կամ՝ «հոգ է տանում նրանց»: Բռց.՝ «ճանաչում է նրանց»:

Բռց.՝ «դրա տեղը»:

Այսինքն՝ Նինվեից:

Այսինքն՝ Հուդային:

Այսինքն՝ Ասորեստանի:

Այսինքն՝ ասորեստանցին:

Այսինքն՝ Նինվեի:

Կամ՝ «Ամրացրո՛ւ մեջքդ»:

Կամ՝ «հպարտությունը»:

Այսինքն՝ Իսրայելի:

Հավանաբար, խոսքը Ասորեստանի թագավորի մասին է:

Կամ՝ «կհալչի»:

Առյուծը Նինվեի ազգային խորհրդանիշներից մեկն էր:

Բռց.՝ «Ծխի մեջ կայրեմ»:

Բռց.՝ «Երկրի վրայից կկտրեմ քո որսը»:

Այսինքն՝ Նինվեի:

Այսինքն՝ Թեբեից (հին եգիպտական քաղաք):

Բռց.՝ «քո»:

Բառարանում տես «Վիճակ»:

Այսինքն՝ Նինվեն:

Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը