Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Զաքարիա 1 ։ 1–14 ։ 21
  • Զաքարիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զաքարիա
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Զաքարիա

ԶԱՔԱՐԻԱ

1 Դարեհի իշխանության երկրորդ տարվա+ ութերորդ ամսում Եհովան իր խոսքը հաղորդեց Զաքարիա* մարգարեին՝+ Ադդովի որդի Բարաքիայի որդուն.

2 – Ես՝ Եհովաս, խիստ բարկացել էի ձեր հայրերի վրա:+

3 Իսկ հիմա ասա ժողովրդին. «Սա է Զորքերի տեր Եհովայի խոսքը. «Վերադարձեք ինձ մոտ,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և ես կվերադառնամ ձեզ մոտ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–

4 Մի՛ եղեք ձեր հայրերի պես: Այն ժամանակվա մարգարեները ազդարարում էին նրանց. «Զորքերի տեր Եհովան ասում է. «Խնդրում եմ, հետ դարձեք ձեր չար ճանապարհներից և թողեք ձեր չար գործերը»»:+

Բայց նրանք չէին լսում ինձ և ուշադրություն չէին դարձնում իմ խոսքերին,+– ասում է Եհովան:–

5 Հիմա որտե՞ղ են ձեր հայրերը: Իսկ մարգարենե՞րը: Ճիշտ է, մարգարեներն էլ հավիտյան չապրեցին, 6 բայց չէ՞ որ ձեր հայրերը տեսան, թե ինչպես կատարվեցին իմ խոսքերն ու վճիռները, որ ազդարարել էի իմ ծառաների՝ մարգարեների միջոցով:+ Եվ նրանք վերադարձան ինձ մոտ ու ասացին. «Զորքերի տեր Եհովան մեզ վրա բերեց այն, ինչին արժանի էինք մեր բռնած ճանապարհների ու մեր գործերի համար: Նա արեց այն, ինչ վճռել էր»»»:+

7 Դարեհի իշխանության երկրորդ տարում՝+ 11-րդ ամսվա, այսինքն՝ սեբաթ* ամսվա 24-րդ օրը, Եհովան տեսիլք տվեց* Զաքարիա մարգարեին՝ Ադդովի որդի Բարաքիայի որդուն: 8 Զաքարիան ասում է.

– Գիշերը տեսիլքում ես տեսա կարմիր ձի հեծած մի մարդու, որը կանգ էր առել ձորում՝ մրտենիների մեջ, իսկ նրա հետևում ուրիշ ձիավորներ կային՝ կարմիր, դարչնակարմրավուն ու սպիտակ ձիեր հեծած:

9 Ես հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Ովքե՞ր են սրանք, տե՛ր իմ»:

Հրեշտակը պատասխանեց. «Ես քեզ կհայտնեմ, թե ովքեր են»:

10 Իսկ ձի հեծած մարդը, որ կանգ էր առել մրտենիների մեջ, ասաց. «Այս ձիավորները նրանք են, ում Եհովան ուղարկել է երկրով մեկ շրջելու»: 11 Ապա ձիավորներն ասացին Եհովայի այդ հրեշտակին, որը կանգ էր առել մրտենիների մեջ. «Մենք շրջեցինք երկրով մեկ ու տեսանք, որ ամբողջ երկիրը խաղաղ է ու անխռով»:+

12 Եհովայի հրեշտակն* ասաց. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, դեռ ինչքա՞ն չես գթալու Երուսաղեմին ու Հուդայի քաղաքներին,+ որոնց վրա 70 տարի բարկացած ես եղել»:+

13 Եհովան ինձ հետ խոսող հրեշտակին պատասխանեց բարի ու մխիթարական խոսքերով: 14 Ապա ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Բացականչի՛ր. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես նախանձախնդրությամբ կգործեմ հօգուտ Երուսաղեմի և Սիոնի, այո՛, մեծ նախանձախնդրությամբ:+ 15 Ես շատ զայրացած եմ ազգերի վրա, որոնք իրենց համար անհոգ ապրում են.+ ես մի փոքր էի բարկացել ժողովրդիս վրա,+ բայց ազգերը չափազանց խիստ վարվեցին նրա հետ»:+

16 Եվ հիմա Եհովան ասում է. «Ես կրկին գթասրտությամբ կվարվեմ Երուսաղեմի հետ:+ Այնտեղ կկառուցվի իմ տունը,+– ասում է Զորքերի տեր Եհովան,– և շինարարները չափման լար կձգեն Երուսաղեմով մեկ»»:+

17 Դարձյալ բացականչի՛ր. «Զորքերի տեր Եհովան ասում է. «Իմ քաղաքները նորից բարիքներով կլցվեն: Ես՝ Եհովաս, կրկին կմխիթարեմ Սիոնին,+ և Երուսաղեմը առաջվա պես իմ ընտրյալ քաղաքը կլինի»»»:+

18 Հետո ես վեր նայեցի ու չորս եղջյուր տեսա:+ 19 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Ի՞նչ եղջյուրներ են սրանք»: Նա էլ պատասխանեց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցիրուցան արեցին Հուդայի,+ Իսրայելի+ ու Երուսաղեմի ժողովրդին»:+

20 Այնուհետև Եհովան ինձ ցույց տվեց չորս արհեստավորների: 21 Ես հարցրի. «Նրանք ի՞նչ են անելու»:

Ինձ ասվեց. «Եղջյուրները այնպես ցիրուցան արեցին Հուդայի ժողովրդին, որ ոչ մեկը չկարողացավ գլուխ բարձրացնել: Բայց արհեստավորները գալու են, որ սարսափի մեջ գցեն ազգերին, կոտրեն ազգերի եղջյուրները, որոնք իրենց եղջյուրներով հարվածեցին Հուդայի ժողովրդին և ցիրուցան արեցին նրան»:

2 Ես վեր նայեցի ու տեսա մի մարդու, որն իր ձեռքում չափման լար+ ուներ: 2 Ես հարցրի նրան. «Ո՞ւր ես գնում»:

Նա էլ պատասխանեց. «Գնում եմ Երուսաղեմը չափելու, որպեսզի իմանամ նրա լայնությունն ու երկարությունը»:+

3 Ինձ հետ խոսող հրեշտակը գնաց, և նրան ընդառաջ դուրս եկավ մի ուրիշ հրեշտակ, 4 որն ասաց. «Վազիր և այդ երիտասարդին ասա. «Երուսաղեմը կբնակեցվի+ բազմաթիվ մարդկանցով ու անասուններով, ինչպես ընդարձակ մի բնակավայր:*+ 5 Նրա շուրջբոլորը ես հրե պարիսպ կդառնամ,– ասում է Եհովան,+– և իմ ողջ փառքով այնտեղ կլինեմ»:+

6 «Եկե՜ք, եկե՜ք, փախե՜ք հյուսիսի երկրից,+– ասում է Եհովան:–

Եկե՜ք դուք, ում ցիրուցան եմ արել երկնքի չորս քամիների ուղղությամբ»,+– ասում է Եհովան:

7 Ե՛կ, ո՛վ Սիոն, փախի՛ր, ո՛վ Բաբելոնի դստեր* մոտ բնակվող:+ 8 Զորքերի տեր Եհովան, ով փառավորվեց և ապա* ուղարկեց ինձ* այն ազգերի մոտ, որ կողոպտում էին ձեզ, ասում է.+ «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում:+ 9 Ուստի հիմա ես նրանց դեմ բռունցք թափ կտամ, և նրանք իրենց իսկ ստրուկների համար ավար կդառնան»:+ Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել:

10 «Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր,*+ որովհետև ես գալիս եմ,+ որ բնակվեմ քեզ հետ,+– ասում է Եհովան:– 11 Այդ օրը շատ ազգեր ինձ՝ Եհովայիս կմիանան+ և իմ ժողովուրդը կդառնան, ու ես քեզ հետ կբնակվեմ»: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: 12 Եհովան իրենը կդարձնի Հուդան, որ այն իր բաժինը լինի սուրբ հողի վրա, ու Երուսաղեմը առաջվա պես իմ ընտրյալ քաղաքը կլինի:+ 13 Համա՛յն մարդկություն,* լռի՛ր Եհովայի առաջ, որովհետև նա իր սուրբ բնակավայրից գործի է անցել»:

3 Ապա ինձ ցույց տրվեց հետևյալը. Հեսու+ քահանայապետը կանգնած էր Եհովայի հրեշտակի առջև, իսկ Սատանան+ Հեսուի աջ կողմում էր կանգնել, որ հակառակվեր նրան: 2 Այդ ժամանակ Եհովայի հրեշտակն ասաց Սատանային. «Թող Եհովան սաստի քեզ, ո՛վ Սատանա,+ այո՛, թող Եհովան՝ Երուսաղեմն ընտրողը,+ սաստի քեզ: Չէ՞ որ այս մարդը կրակի բերանից հանված ու դեռևս այրվող փայտ է»:

3 Հեսուն կեղտոտ հագուստով կանգնած էր հրեշտակի առաջ: 4 Հրեշտակն ասաց իր առաջ կանգնածներին.* «Հանե՛ք նրա կեղտոտ հագուստը»: Իսկ Հեսուին ասաց. «Տե՛ս, քեզնից հեռացրի քո մեղքը,* և այժմ դու պերճաշուք հագուստ կհագնես»:+

5 Այդ ժամանակ ես ասացի. «Թող նրա գլխին մաքուր գլխափաթթոց դնեն»:+ Եվ նրանք մաքուր գլխափաթթոց դրեցին նրա գլխին ու հագուստ հագցրին: Իսկ Եհովայի հրեշտակը կանգնած էր նրանց մոտ: 6 Ապա Եհովայի հրեշտակը, դիմելով Հեսուին, հայտարարեց. 7 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ առաջ քո ունեցած պարտականությունները կատարես, այդ դեպքում իմ տան մեջ դատավոր կլինես+ ու իմ գավիթները* կպահպանես:* Նաև թույլ կտամ, որ ազատ ելումուտ ունենաս ինձ մոտ, ինչպես որ այստեղ կանգնածները:*

8 Լսիր, խնդրում եմ, ո՛վ քահանայապետ Հեսու, թող լսեն նաև քո առջև նստող ծառայակիցներդ, քանի որ դուք գալիք բաների նախանշան եք: Ես ասպարեզ եմ բերում իմ ծառային,+ որի անունը Ընձյուղ է:+ 9 Ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ: Այդ քարի վրա յոթ աչք կա:* Դրա վրա ես արձանագրություն կփորագրեմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և մեկ օրում կջնջեմ այս երկրի մեղքը:+

10 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ամեն մեկդ կկանչեք ձեր հարևանին, որ միասին նստեք ձեր խաղողի վազի ու թզենու տակ»»:+

4 Հրեշտակը, որը խոսում էր ինձ հետ, վերադարձավ ու արթնացրեց ինձ, ինչպես քնած մարդուն են արթնացնում: 2 Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում»:

Ես ասացի. «Մի ճրագակալ եմ տեսնում՝ ամբողջովին պատրաստված ոսկուց,+ իսկ դրա վերևում՝ մի թաս: Ճրագակալի վրա յոթ ճրագներ կան,+ այո՛, յոթն են, և այդ ճրագները յոթ խողովակներ ունեն:* 3 Ճրագակալի մոտ երկու ձիթենիներ կան,+ մեկը՝ թասից դեպի աջ, մյուսը՝ դեպի ձախ»:

4 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են նշանակում, տե՛ր իմ»: 5 Հրեշտակն էլ ասաց. «Չգիտե՞ս՝ ինչ են նշանակում»:

Ես պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»:

6 Այդ ժամանակ նա ասաց ինձ. «Սա է Եհովայի խոսքը՝ ուղղված Զորաբաբելին. «Ոչ թե զորքով, ոչ թե մարդկային ուժով,+ այլ իմ ոգով կլինի այս ամենը,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 7 Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ: Դու հարթ դաշտ*+ կդառնաս Զորաբաբելի+ առաջ: Նա կբերի գլխաքարը* ուրախ բացականչությունների ներքո. «Հիասքա՜նչ է, հիասքա՜նչ»»:

8 Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց ինձ. 9 «Զորաբաբելն իր ձեռքերով դրեց այս տան հիմքը+ և իր ձեռքերով էլ կավարտի այն:+ Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: 10 Ինչո՞ւ եք արհամարհում համեստ սկիզբը:+ Կգա ժամանակ, երբ Զորաբաբելի ձեռքին ուղղալար* կտեսնեք* ու կուրախանաք: Դա կտեսնեն նաև այն յոթը և կուրախանան. այն յոթը Եհովայի աչքերն են, որոնք զննում են ամբողջ երկիրը»»:+

11 Ապա ես հարցրի հրեշտակին. «Ի՞նչ են նշանակում ճրագակալի աջ ու ձախ կողմերում գտնվող այս երկու ձիթենիները»:+ 12 Նաև հարցրի. «Ի՞նչ են նշանակում երկու ձիթենիների ճյուղերը,* որոնցից դուրս եկող ոսկեգույն հեղուկը երկու ոսկե խողովակներով լցվում է թասի մեջ»:

13 Նա էլ ասաց ինձ. «Չգիտե՞ս՝ ինչ են նշանակում դրանք»:

Ես պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»:

14 Նա ասաց. «Դրանք երկու օծյալներն են, որոնք կանգնած են ողջ երկրի Տիրոջ կողքին»:+

5 Դարձյալ վեր նայեցի ու տեսա մի թռչող գլանաձև ձեռագիր: 2 Հրեշտակը հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»:

Ես ասացի. «Մի թռչող գլանաձև ձեռագիր եմ տեսնում, որի երկարությունը 20 կանգուն է, իսկ լայնությունը՝ 10 կանգուն»:*

3 Եվ նա ասաց ինձ. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրով մեկ, քանի որ անպատիժ են մնացել բոլոր գողություն անողները,+ որոնց դեմ անեծք է գրված ձեռագրի մի կողմում, և բոլոր սուտ երդում տվողները,+ որոնց դեմ անեծք է գրված ձեռագրի մյուս կողմում: 4 «Ես ուղարկել եմ այդ անեծքը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և այն կմտնի գողերի տուն ու իմ անունով սուտ երդում անողների տուն, կմնա այդ տներում և կոչնչացնի դրանք, կոչնչացնի դրանց գերաններն ու քարերը»»:

5 Հետո ինձ հետ խոսող հրեշտակը առաջ եկավ ու ասաց. «Վեր նայիր, խնդրեմ, ու տես, թե ինչ է մոտենում»:

6 Ես էլ հարցրի. «Դա ի՞նչ է»:

Նա պատասխանեց. «Արդուի տարա է»:* Ապա շարունակեց. «Սա ողջ երկրի վրա ապրող անիրավ մարդկանց պատկերն է»: 7 Եվ ահա կապարե կլոր կափարիչը բարձրացվեց, ու ես տեսա, որ արդուի տարայի մեջ մի կին է նստած: 8 Հրեշտակն ասաց. «Սա Անիրավությունն է»: Եվ այդ կնոջը հետ հրեց արդուի տարայի մեջ ու տարայի բերանը փակեց կապարե ծանր կափարիչով:

9 Հետո ես վեր նայեցի ու տեսա, որ երկու կին են մոտենում՝ ճախրելով քամու հետ: Այդ կանայք արագիլի թևերի նման թևեր ունեին: Նրանք արդուի տարան օդ բարձրացրին:* 10 Ես հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Ո՞ւր են տանում արդուի տարան»:

11 Նա էլ պատասխանեց. «Տանում են Սենաար երկիր,*+ որ այնտեղ կնոջ համար տուն շինեն: Եվ երբ այն պատրաստ լինի, նրան այնտեղ կտեղավորեն. դա է նրա տեղը»:

6 Դարձյալ վեր նայեցի ու տեսա չորս կառք, որոնք դուրս էին գալիս երկու լեռների արանքից. լեռները պղնձից էին: 2 Առաջին կառքին կարմիր ձիեր էին լծված, երկրորդին՝ սև ձիեր,+ 3 երրորդ կառքին լծված էին սպիտակ ձիեր, իսկ չորրորդին՝ պուտավոր ու խայտաբղետ:+

4 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են նշանակում, տե՛ր իմ»:

5 Հրեշտակը պատասխանեց. «Սրանք երկնքի չորս ոգեղեն արարածներն են,+ որոնք գործի են անցնում ամբողջ երկրի Տիրոջ առաջ ներկայանալուց հետո:+ 6 Այն կառքը, որին սև ձիեր են լծված, գնում է դեպի հյուսիսի երկիր,+ սպիտակ ձիերը գնում են ծովից այն կողմ, իսկ պուտավոր ձիերը՝ դեպի հարավի երկիր: 7 Խայտաբղետ ձիերը փափագում են գնալ ու հսկել երկրի մնացած մասը»: Ուստի հրեշտակն ասաց. «Գնացե՛ք ու հսկե՛ք երկիրը»: Եվ նրանք գնացին այն հսկելու:

8 Նա ձայն տվեց ինձ ու ասաց. «Տե՛ս: Նրանք, ովքեր գնացել են հյուսիսի երկիր, հանդարտեցրել են Եհովայի զայրույթը* հյուսիսի երկրի դեմ»:

9 Եհովան դարձյալ իր խոսքը հաղորդեց ինձ. 10 «Վերցրու Բաբելոնում գտնվող ժողովրդի ուղարկած նվիրաբերությունները, որ բերել են Հելդան, Տուբիան ու Հեդայիան, և նույն օրը այդ մարդկանց հետ գնա Սոփոնիայի որդի Հովսիայի տուն: 11 Արծաթից ու ոսկուց մի թագ* պատրաստիր: Այն դիր Հովսեդեկի որդի Հեսու+ քահանայապետի գլխին 12 և ասա նրան.

«Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Սա է այն մարդը, որի անունը Ընձյուղ է:+ Նա ընձյուղ կտա իր իսկ տեղից ու կկառուցի Եհովայի տաճարը:+ 13 Նա է, որ կկառուցի Եհովայի տաճարը և փառքով կպսակվի: Նա կնստի իր գահին ու կիշխի, նա թագավոր ու քահանա կլինի+ և ներդաշնակորեն* կկատարի այս երկու դերերը: 14 Թագը* կմնա Եհովայի տաճարում ի հիշատակ Հելեմի,* Տուբիայի, Հեդայիայի+ և Հենի՝* Սոփոնիայի որդու:* 15 Նրանք, ովքեր հեռու են, կգան ու կմասնակցեն Եհովայի տաճարի կառուցմանը»: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: Այս բաները կկատարվեն, եթե դուք ականջ դնեք ձեր Աստված Եհովայի ձայնին»»:

7 Դարեհ թագավորի իշխանության չորրորդ տարում՝ իններորդ ամսվա, այսինքն՝ քասղև* ամսվա չորրորդ օրը, Եհովան իր խոսքը հաղորդեց Զաքարիային:+ 2 Բեթելի բնակիչները Սարասարին, Ռեգեմմելեքին ու նրա մարդկանց ուղարկել էին, որ Եհովայի բարեհաճությունը խնդրեն* 3 և մարգարեներին ու Զորքերի տեր Եհովայի տանը* ծառայող քահանաներին հարցնեն. «Պե՞տք է արդյոք լաց լինենք և ուտելիքից հրաժարվենք* հինգերորդ ամսում,+ ինչպես որ արել ենք* այսքան տարի»:

4 Զորքերի տեր Եհովան իր խոսքը հաղորդեց ինձ. 5 «Ասա երկրի ողջ ժողովրդին ու քահանաներին. «Երբ դուք 70 տարի+ շարունակ հինգերորդ և յոթերորդ ամիսներին+ ծոմ էիք պահում ու ողբում, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում: 6 Իսկ երբ ուտում էիք ու խմում, մի՞թե ձեզ համար չէիք ուտում ու խմում: 7 Չէ՞ որ դուք պետք է հնազանդվեիք իմ՝ Եհովայիս խոսքերին, որոնք ես ասում էի առաջվա մարգարեների միջոցով,+ երբ Երուսաղեմն ու նրա շրջակա քաղաքները դեռ բնակեցված էին ու խաղաղություն էին վայելում, երբ Նեգևում ու Շեֆելայում դեռ բնակչություն կար»»:

8 Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց Զաքարիային. 9 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ճշմարիտ արդարությամբ դատեք,+ իրար հետ հավատարիմ սիրով+ ու գթասրտությամբ վարվեք: 10 Մի՛ խաբեք այրուն ու որբին,*+ պանդուխտին+ ու աղքատին+ և ձեր սրտերում չարիք մի՛ ծրագրեք միմյանց դեմ»:+ 11 Բայց ձեր հայրերը անուշադրության էին մատնում այս խոսքերը,+ համառորեն թիկունք էին դարձնում+ ու փակում իրենց ականջները, որ չլսեն:+ 12 Նրանք իրենց սիրտը քարի* պես կարծր էին դարձրել+ և չէին հնազանդվում այն օրենքներին* ու խոսքերին, որ Զորքերի տեր Եհովան իր ոգով հաղորդում էր առաջվա մարգարեների միջոցով:+ Ուստի Զորքերի տեր Եհովան իր մեծ բարկությունը թափեց նրանց վրա:+

13 «Ինչպես որ նրանք չէին լսում, երբ ես* էի կանչում,+ այնպես էլ ես չէի լսում, երբ նրանք էին կանչում,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 14 Եվ ես, փոթորիկ բերելով, նրանց ցրիվ տվեցի բոլոր ազգերի մեջ, այն ազգերի, որոնց նրանք չէին ճանաչում:+ Եվ երկիրը ամայացավ, ու այլևս անցուդարձ անող չկար:+ Նրանց պատճառով այդ ցանկալի երկիրը զարհուրելի տեսարան դարձավ»»:

8 Զորքերի տեր Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց ինձ. 2 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես մեծ նախանձախնդրությամբ կգործեմ հօգուտ Սիոնի+ և մեծ ցասումով լցված՝ եռանդագին կպաշտպանեմ նրան»:

3 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես կվերադառնամ Սիոն+ ու կբնակվեմ Երուսաղեմում:+ Երուսաղեմը կկոչվի ճշմարտության* քաղաք,+ և Զորքերի տեր Եհովայի լեռը՝ սուրբ լեռ»:+

4 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երուսաղեմի հրապարակներում, ցուպը ձեռքներին, նորից կնստեն երկար կյանք ապրած ծերունիներն ու տարեց կանայք:*+ 5 Քաղաքի հրապարակները կլցվեն տղաներով ու աղջիկներով, որոնք կխաղան այնտեղ»:+

6 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Թեև այդ օրերում դա գուցե անհնարին թվա այս ժողովրդից կենդանի մնացածներին, մի՞թե ինձ համար էլ անհնարին կլինի»,– ասում է Զորքերի տեր Եհովան:

7 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես կազատեմ իմ ժողովրդին արևելքի ու արևմուտքի երկրներից:*+ 8 Նրանց կբերեմ Երուսաղեմ, և այնտեղ կբնակվեն:+ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը,+ ով ճշմարտախոս* է ու արդար»:

9 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Թող զորանան ձեր բազուկները,*+ ո՛վ դուք, որ այժմ լսում եք մարգարեների բերանից հնչող այս խոսքերը,+ նույն խոսքերը, որ ասվեցին այն օրը, երբ Զորքերի տեր Եհովայի տան՝ տաճարի հիմքն էր դրվում: 10 Դրանից առաջ ո՛չ մարդու, ո՛չ էլ անասունի աշխատանքի դիմաց վարձատրություն չկար:+ Ելումուտ անելն անվտանգ չէր հակառակորդների պատճառով, քանի որ բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել:

11 Բայց հիմա այս ժողովրդից կենդանի մնացածների հետ ես չեմ վարվի այնպես, ինչպես այն ժամանակ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 12 Խաղաղության սերմ կցանվի, խաղողի վազը պտուղ կբերի, երկիրն իր բերքը կտա,+ և երկինքը՝ իր ցողը: Ես այնպես կանեմ, որ այս ժողովրդից կենդանի մնացածները ժառանգեն այս ամենը:+ 13 Ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, եթե ազգերը անեծք ասելիս էին ձեզ հիշատակում որպես օրինակ,+ ապա երբ փրկեմ ձեզ, օրհնելիս կհիշատակեն:+ Մի՛ վախեցեք:+ Թող զորանան ձեր բազուկները»:*+

14 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ինչպես որ հաստատ որոշել էի աղետ բերել ձեզ վրա այն բանի համար, որ ձեր հայրերը բարկացրին ինձ, և միտքս չփոխեցի,*– ասում է Զորքերի տեր Եհովան,+– 15 այնպես էլ հիմա հաստատ որոշել եմ բարիք բերել Երուսաղեմին և Հուդայի տանը:+ Մի՛ վախեցեք:+

16 Ահա թե ինչ պետք է անեք. ճիշտն ասեք իրար,+ ձեր քաղաքների դարպասների մոտ կայացված դատավճիռներով ճշմարտությունը պաշտպանեք ու խաղաղություն հաստատեք:+ 17 Ձեր սրտերում չարիք մի՛ ծրագրեք միմյանց դեմ+ և մի՛ սիրեք սուտ երդում տալը,+ որովհետև ես ատում եմ այդ ամենը»,+– ասում է Եհովան»:

18 Զորքերի տեր Եհովան նորից իր խոսքը հաղորդեց ինձ. 19 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այն ծոմերը, որ պահում եք չորրորդ,+ հինգերորդ,+ յոթերորդ+ և տասներորդ ամիսներին,+ Հուդայի տան համար կդառնան ուրախության և ցնծության առիթներ՝ ուրախ տոներ:+ Ուստի ճշմարտություն ու խաղաղություն սիրեք»:

20 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Դեռ կգա ժամանակ, երբ բազում ժողովուրդներից, շատ քաղաքներից մարդիկ կգան այստեղ: 21 Մի քաղաքի բնակիչները մյուսի բնակիչների մոտ կգնան ու կասեն. «Եկե՛ք, եկեք գնանք ու Եհովայի բարեհաճությունը խնդրենք,* Զորքերի տեր Եհովային ծառայենք: Մենք նույնպես կգանք ձեզ հետ»:+ 22 Եվ շատ ժողովուրդներից ու հզոր ազգերից մարդիկ կգան Երուսաղեմ,+ որ ծառայեն ինձ՝ Զորքերի տեր Եհովային, ու խնդրեն Եհովայի բարեհաճությունը»:*

23 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այդ օրերին բոլոր լեզուներից ու ազգերից+ տասը մարդ կբռնեն հրեայի* փեշից, ամուր կբռնեն ու կասեն. «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ,+ որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»:+

9 Ազդարարություն.

Եհովայի խոսքը Հադրաք երկրի դեմ է,

Այն ուղղված է Դամասկոսի դեմ*+

(Եհովայի աչքը մարդկության վրա է+

Եվ Իսրայելի բոլոր ցեղերի վրա):

 2 Այն նաև ուղղված է հարևան Եմաթի+ դեմ,

Տյուրոսի+ և Սիդոնի+ դեմ, որոնք իրենց այդքան իմաստուն են համարում:+

 3 Տյուրոսն իր համար բերդապարիսպ* է կառուցել:

Փոշու պես շատ արծաթ է կուտակել

Եվ փողոցի ցեխի պես առատ ոսկի դիզել:+

 4 Սակայն Եհովան կզրկի նրան ունեցվածքից,

Ծովում կջախջախի նրա զորքերը,+

Եվ կրակը կլափի նրան:+

 5 Ասկաղոնը կտեսնի դա ու կվախենա,

Գազան տանջալից ցավ կզգա:

Ակկարոնն էլ մեծ ցավ կզգա,

Քանի որ իր ապավենը ամոթով կմնա:

Գազայում այլևս թագավոր չի լինի,

Ասկաղոնը անբնակ կդառնա:+

 6 «Ազոտոսում օտարը* կբնակվի,– ասում է Աստված,–

Եվ ես կկոտրեմ փղշտացիների հպարտությունը:+

 7 Ես կհեռացնեմ արյունոտ բաները նրանց բերանից

Եվ գարշելի բաները՝ նրանց ատամների միջից»:

Նրանցից ողջ մնացածները մեր Աստծուն կպատկանեն.

Նրանք ցեղապետի պես կլինեն Հուդայում,+

Ակկարոնցիներն էլ՝ հեբուսացիների պես:+

 8 «Ես իմ տան առաջ բանակ կդնեմ ինչպես պահապան զորք,+

Եվ ոչ ոք չի կարողանա ներխուժել ու հետ քաշվել,– ասում է Աստված:–

Այլևս ոչ մի կեղեքիչ* չի մտնի երկիր,+

Քանի որ իմ աչքով եմ տեսնում, թե ինչ է կատարվում:*

 9 Ողջ սրտով ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:*

Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Երուսաղեմի դուստր:

Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս:+

Նա արդար է և փրկություն է բերում,*

Խոնարհ է+ և գալիս է՝ ավանակ հեծած,

Քուռակ՝* ավանակի ձագ հեծած:+

10 Ես կվերացնեմ մարտակառքը Եփրեմի երկրից

Եվ ձին՝ Երուսաղեմից:

Մարտական աղեղը կհեռացվի,

Եվ քո թագավորը ազգերին խաղաղություն կազդարարի:+

Նրա իշխանությունը կտարածվի ծովից ծով,

Եփրատից* մինչև երկրի ծայրերը:+

11 Ո՛վ կին,* քեզ հետ կապած ուխտի* միջոցով, որ արյամբ է հաստատված,

Ես կազատեմ քո գերիներին անջուր փոսից:+

12 Վերադարձեք ամրոց, ո՛վ գերիներ, որ հույս ունեք:+

Ո՛վ կին, այսօր քեզ ասում եմ.

«Ես կրկնակի բաժին կտամ քեզ:+

13 Հուդային կճկեմ* իբրև իմ աղեղ,

Եփրեմին նետի պես կդնեմ աղեղի վրա:

Քո որդիներին, ո՛վ Սիոն,

Ոտքի կհանեմ Հունաստանի որդիների դեմ

Եվ քեզ, ո՛վ Սիոն, ռազմիկի սուր կդարձնեմ»»:

14 Մարդիկ կտեսնեն, որ Եհովան իր ժողովրդի հետ է,

Եվ նրա նետը կսլանա կայծակի պես:

Գերիշխան Տեր Եհովան եղջերափող կհնչեցնի+

Ու կգրոհի հարավային մրրիկների պես:

15 Զորքերի տեր Եհովան կպաշտպանի իր ժողովրդին:

Նրանք ատամներով կփշրեն թշնամու պարսաքարերը, ոտնատակ կանեն դրանք:+

Նրանք կխմեն և ուրախ կաղմկեն՝ ասես գինովցած:

Կլիանան լեփ-լեցուն գավաթի պես,

Զոհասեղանի անկյունների պես, որ արյունով են ողողված:+

16 Այդ օրը նրանց Աստված Եհովան կփրկի իր ժողովրդին՝ որպես իր հոտի:+

Թագը զարդարող թանկարժեք քարերի պես նրանք կպսպղան նրա հողի վրա:+

17 Եվ կտեսնեն, թե որքան մեծ է նրա բարությունը,*+

Որքան վսեմ է նրա վայելչությունը:

Ցորենը կառույգացնի պատանիներին,

Եվ մաճարը՝ կույսերին:+

10 Եհովային խնդրեք, որ անձրև տա ձեզ,

Երբ գա գարնանային անձրևների ժամանակը:

Եհովան է ստեղծում ամպրոպաբեր ամպերը,

Հորդառատ անձրև տալիս մարդկանց,+

Աճեցնում դաշտի բուսականությունը բոլորի համար:

 2 Իսկ թերափները* մոլորեցուցիչ* բաներ են ասում,

Գուշակություն անողները սուտ տեսիլքներ են տեսնում,

Սուտուփուչ երազներից են խոսում,

Փորձում են մխիթարել, բայց ապարդյուն:

Ուստի ժողովուրդը թափառում է մոլորված ոչխարների պես

Եվ հովիվ չունենալով՝ տանջվում է:

 3 «Ես սաստիկ բարկությամբ եմ լցված հովիվների դեմ,– ասում է Աստված,–

Հաշիվ եմ պահանջելու բռնակալ առաջնորդներից»:*

Չէ՞ որ Զորքերի տեր Եհովան իր հոգածության տակ է առել իր հոտը՝+ Հուդայի տունը,

Եվ իր մարտական նժույգի պես փառահեղ է դարձրել նրան:

 4 Հուդայից է դուրս գալիս գլխավորը,*

Թիկունք կանգնող ղեկավարը,*

Նրանից է դուրս գալիս մարտական աղեղը,

Նաև ամեն վերակացու.*

Բոլորը նրանից են դուրս գալիս:

 5 Հուդայի տան մարդիկ կլինեն ինչպես ռազմիկներ,

Որոնք մարտնչելիս ոտնատակ են տալիս ճանապարհների ցեխը:

Նրանք կպատերազմեն, որովհետև Եհովան նրանց հետ է,+

Եվ թշնամու ձիավորները ամոթով կմնան:+

 6 «Ես հաղթող կդարձնեմ Հուդայի տունը

Եվ Հովսեփի տունը կփրկեմ,– ասում է Աստված:+–

Նրանց կգթամ և կրկին կբնակեցնեմ իրենց երկրում:+

Կլինի այնպես, ասես երբեք չեմ մերժել նրանց,+

Որովհետև ես նրանց Աստվածն եմ՝ Եհովան.

Ես կլսեմ նրանց խնդրանքները»:

 7 Եփրեմի ժողովուրդը հզոր ռազմիկի պես զորավոր կդառնա:

Նրանց սիրտը ուրախ կլինի, ասես գինուց:+

Նրանց զավակները կտեսնեն դա ու կցնծան,

Եվ նրանց սիրտը կուրախանա Եհովայով:+

 8 «Ես կսուլեմ ու կհավաքեմ իմ ժողովրդին.

Փրկագնով կազատեմ նրանց:+

Նրանք կշատանան և այդուհետ մեծաթիվ կլինեն:

 9 Թեև սերմերի պես նրանց ցրիվ կտամ ժողովուրդների մեջ,

Բայց հեռավոր վայրերում նրանք կհիշեն ինձ:

Նրանք և իրենց զավակները կյանքով կլցվեն ու կվերադառնան:

10 Եգիպտոսից հետ կբերեմ նրանց

Եվ կհավաքեմ Ասորեստանից,+

Կբերեմ Գաղաադ+ ու Լիբանան,

Եվ տեղը բավական չի լինի նրանց համար:+

11 Եթե ծովը փակի նրանց ճանապարհը,

Ես կանցնեմ դրա միջով ու կալեկոծեմ այն,

Կհարվածեմ ալիքներին:+

Եթե Նեղոսը արգելք դառնա նրանց համար,

Ես կցամաքեցնեմ դրա խոր ջրերը:

Կկոտրեմ Ասորեստանի հպարտությունը

Եվ Եգիպտոսից կվերցնեմ իշխանության գավազանը:+

12 Ես՝ Եհովաս, կզորացնեմ նրանց,+

Եվ նրանք իմ անունով կընթանան»,*+– ասում է Եհովան:

11 Բա՛ց արա դռներդ, ո՛վ Լիբանան,

Որ կրակը լափի քո մայրիները:

 2 Ողբա՛, գիհի՛, որովհետև մայրին ընկել է,

Վեհաշուք ծառերը տապալվել են:

Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ,

Որովհետև խիտ անտառը ոչնչացել է:

 3 Լսե՛ք, հովիվները ողբում են,

Որովհետև նրանց փառքը վերացել է:

Լսե՛ք, առյուծները մռնչում են,

Որովհետև Հորդանանի խիտ մացառուտները ոչնչացել են:

4 Ահա թե ինչ է ասում իմ Աստված Եհովան. «Հովվիր մորթվելու դատապարտված ոչխարներին,+ 5 որոնց գնողները մորթում են նրանց+ և մեղավոր չեն համարվում: Իսկ ովքեր վաճառում են նրանց,+ ասում են. «Փա՜ռք Եհովային, ես կհարստանամ»: Նրանց չեն կարեկցում իրենց իսկ հովիվները»:+

6 «Ես այլևս չեմ կարեկցի այս երկրի բնակիչներին,– ասում է Եհովան:– Այնպես կանեմ, որ ամեն մարդ իր դրացու և իր թագավորի ձեռքն ընկնի: Նրանք կջախջախեն այս երկիրը, և ես ոչ մեկին չեմ ազատի նրանց ձեռքից»:

7 Ես սկսեցի հովվել մորթվելու դատապարտված հոտը.+ դա արեցի հանուն ձեզ, հոտի կեղեքվա՛ծ ոչխարներ: Երկու ցուպ վերցրի, մեկը կոչեցի Բարեհաճություն, մյուսը՝ Միություն+ և սկսեցի հովվել հոտը: 8 Մեկ ամսում հեռացրի երեք հովիվների, քանի որ նրանք լցրին իմ համբերության բաժակը: Ես էլ նրանց համար ատելի դարձա: 9 Ի վերջո ասացի. «Այլևս չեմ հովվելու ձեզ: Մեռնողը թող մեռնի, և կործանվողը թող կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»: 10 Ուստի վերցրի Բարեհաճություն+ կոչվող ցուպս և կոտրեցի այն՝ քանդելով ողջ ժողովրդի հետ կապած ուխտս: 11 Այդ օրը ուխտը քանդվեց, և հոտի կեղեքված ոչխարները, որ նայում էին ինձ, հասկացան, որ այդպես անելով՝ Եհովայի խոսքն եմ հաղորդում:

12 Ես ասացի ժողովրդին. «Եթե կուզեք, տվեք իմ վարձը, եթե ոչ, մի՛ տվեք»: Եվ նրանք վճարեցին* իմ վարձը՝ 30 կտոր արծաթ:+

13 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Գանձարանի մեջ շպրտիր դրանք. շա՜տ թանկ են գնահատել իմ արժեքը»:+ Ուստի ես վերցրի 30 կտոր արծաթն ու շպրտեցի Եհովայի տան գանձարանի մեջ:+

14 Հետո կոտրեցի իմ երկրորդ ցուպը, որ Միություն էր կոչվում,+ և այդպես վերջ տվեցի Իսրայելի ու Հուդայի եղբայրությանը:+

15 Եհովան ասաց ինձ. «Վերցրու անհրաժեշտ հովվական պիտույքները և ներկայացիր ինչպես մի անպիտան հովիվ,+ 16 քանի որ ես թույլ կտամ, որ մի հովիվ ի հայտ գա այս երկրում, որը չի խնամի կործանվող ոչխարներին,+ չի փնտրի մոլորված ձագերին, չի բուժի վիրավորներին,+ չի կերակրի առողջներին: Կուտի գեր ոչխարների միսը+ և կպոկի նրանց կճղակները:+

17 Վա՜յ անարժան հովվին,+ որ լքում է հոտը:+

Սրի հարված կիջնի նրա բազկին և աջ աչքին:

Նրա բազուկը իսպառ կչորանա,

Նրա աջ աչքը լիովին կկուրանա»:*

12 Ազդարարություն:

«Սա է Եհովայի խոսքը Իսրայելի մասին,–

Ասում է Եհովան, ով տարածել է երկինքը,+

Դրել է երկրի հիմքը+

Եվ շունչ* է տվել մարդուն:–

2 Երուսաղեմը գավաթ կդարձնեմ, որից խմելով՝ շրջակա բոլոր ժողովուրդները կհարբեն ու կերերան: Հուդան ու Երուսաղեմը կպաշարվեն:+ 3 Այդ օրը ես Երուսաղեմը ծանր քար կդարձնեմ բոլոր ժողովուրդների համար: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բարձրացնել այն, անշուշտ, խիստ կվնասվեն:+ Եվ երկրի բոլոր ազգերը նրա դեմ կհավաքվեն:+ 4 Այդ օրը,– ասում է Եհովան,– ես խուճապի կմատնեմ բոլոր ձիերին և կցնորեցնեմ նրանց հեծյալներին: Աչքս Հուդայի տան վրա կպահեմ, իսկ ժողովուրդների բոլոր ձիերին կկուրացնեմ: 5 Հուդայի ցեղապետները կասեն իրենց սրտում. «Երուսաղեմի բնակիչները մեր զորությունն են, քանի որ Զորքերի տեր Եհովան է նրանց Աստվածը»:+ 6 Այդ օրը Հուդայի ցեղապետներին բոցավառ կրակաման կդարձնեմ փայտերի մեջ, այրվող ջահ՝ հնձած ցորենի խրձերում,+ և նրանք աջ ու ձախ կլափեն շրջակա բոլոր ժողովուրդներին:+ Իսկ երուսաղեմցիները կշարունակեն ապրել իրենց քաղաքում՝* Երուսաղեմում:+

7 Եհովան նախ Հուդայի վրանները կփրկի, որ Դավթի տունն ու Երուսաղեմի բնակիչները ավելի մեծ պատվի չարժանանան,* քան Հուդայի մյուս բնակիչները: 8 Այդ օրը Եհովան ամեն կողմից կպաշտպանի Երուսաղեմի բնակիչներին:+ Նրանցից ով անհաստատ է կանգնած ոտքերի վրա,* Դավթի պես զորավոր կդառնա այդ օրը, և Դավթի տունը նրանց կառաջնորդի Աստծու պես, Եհովայի հրեշտակի պես, որ գնում է ժողովրդի առջևից:+ 9 Այդ օրը ես անպատճառ բնաջինջ կանեմ Երուսաղեմի դեմ դուրս եկող բոլոր ազգերին:+

10 Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների վրա ես կթափեմ իմ ոգին. նրանք իմ բարեհաճությունը կունենան և աղաչանքներ կուղղեն ինձ:* Այդ ժամանակ նրանք իրենց աչքերը կհառեն նրան, ում խոցեցին,+ և նրա վրա կողբան, ինչպես մինուճար որդու վրա են ողբում: Դառնագին սուգ կանեն նրա համար, ինչպես առաջնեկ որդու համար: 11 Այդ օրը Երուսաղեմում մեծ ողբ կլինի, ինչպիսին որ Ադադ-Ռեմոնում էր՝ Մեգիդոյի+ հարթավայրում: 12 Երկիրը կսգա, կողբան բոլոր տոհմերը մեկ առ մեկ: Կողբա Դավթի տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, Նաթանի+ տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, 13 Ղևիի տոհմը,+ տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, Սեմեիյանների+ տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին: 14 Կողբա նաև մյուս բոլոր տոհմերից յուրաքանչյուրը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին»:

13 «Այդ օրը Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների համար մի ջրհոր կբացվի, որ նրանք մաքրվեն մեղքից ու անմաքրությունից:+

2 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ես կջնջեմ կուռքերի անունները երկրից,+ և դրանք այլևս չեն հիշվի: Երկիրը կմաքրեմ մարգարեներից+ ու անմաքրության ոգուց: 3 Եվ եթե որևէ մեկը կրկին մարգարեանա, նրա հայրն ու մայրը, որ լույս աշխարհ են բերել իրեն, կասեն. «Դու չպետք է ապրես, որովհետև Եհովայի անունից ստեր խոսեցիր»: Նրան ծնունդ տված հայրն ու մայրը կխոցեն նրան մարգարեանալու համար:+

4 Այդ օրը ամեն մարգարե կամաչի իր պատմած մարգարեական տեսիլքից: Նրանք այլևս մարգարեի մազե հագուստ չեն հագնի,+ որ խաբեն մարդկանց: 5 Նրանցից ամեն մեկը կասի. «Ես մարգարե չեմ: Ես հողագործ եմ. երբ դեռ պատանի էի, մի մարդ գնեց ինձ որպես ստրուկ»: 6 Եվ եթե հարցնեն՝ «Այս ի՞նչ վերքեր են մարմնիդ վրա»,* նա կպատասխանի. «Այս վերքերը մտերիմներիս* տանն եմ ստացել»:

 7 Ո՛վ սուր, վեր կաց իմ հովվի դեմ՝+

Այն մարդու դեմ, ով իմ մտերիմն է,– ասում է Զորքերի տեր Եհովան:–

Հարվածիր հովվին,+ և թող հոտը ցրվի:*+

Ապա ես կխրատեմ* նրանց, ովքեր աննշան են:

 8 Ամբողջ երկրում,– ասում է Եհովան,–

Ժողովրդի երկու երրորդ մասը կվերանա, բնաջինջ կլինի,

Իսկ մեկ երրորդը ողջ կմնա:

 9 Այդ մեկ երրորդ մասը ես կրակի միջով կանցկացնեմ

Ու կզտեմ, ինչպես արծաթն են զտում,+

Կստուգեմ, ինչպես ոսկին են ստուգում:

Նրանք կկանչեն իմ անունը,

Եվ ես կպատասխանեմ նրանց:

Ես կասեմ՝ «Սա իմ ժողովուրդն է»,+

Նրանք էլ կասեն՝ «Եհովան մեր Աստվածն է»»:

14 «Ահա գալիս է օրը՝ Եհովայի օրը, երբ քեզնից* վերցված ավարը իրար մեջ կբաժանեն՝ դեռ քո սահմաններից դուրս չեկած: 2 Ես բոլոր ազգերին կհավաքեմ Երուսաղեմի դեմ պատերազմի: Քաղաքը կգրավեն, տները կթալանեն և կանանց կբռնաբարեն: Քաղաքում ապրողների կեսը գերի կտարվի, բայց մնացած ժողովուրդը չի արտաքսվի քաղաքից:

3 Ես՝ Եհովաս, դուրս կգամ ու կմարտնչեմ այդ ազգերի դեմ,+ ինչպես անցյալում եմ մարտնչել թշնամիների դեմ:+ 4 Այդ օրը ես ոտքերս կդնեմ Ձիթենյաց լեռան վրա,+ որը Երուսաղեմի դիմացն է՝ արևելյան կողմում: Եվ Ձիթենյաց լեռը մեջտեղից կճեղքվի՝ արևելքից* մինչև արևմուտք.* լեռան կեսը կշարժվի դեպի հյուսիս, իսկ մյուս կեսը՝ դեպի հարավ, ու մի մեծ հովիտ կառաջանա: 5 Եվ դուք կփախչեք իմ լեռների միջև գտնվող հովիտը. այդ հովիտը կհասնի մինչև Եսել: Դուք կփախչեք, ինչպես երկրաշարժից փախաք Հուդայի Օզիա թագավորի օրերում:+ Եվ ես՝ ձեր Աստված Եհովաս, կգամ, ու իմ բոլոր սրբերը կգան ինձ հետ:+

6 Այդ օրը պայծառ լույս չի լինի,+ և ամեն ինչ կքարանա:* 7 Դա կլինի այնպիսի մի օր, որը հայտնի կդառնա որպես Եհովայի օր:+ Այդ ժամանակ ցերեկ ու գիշեր չի լինի, և անգամ երեկոյան լուսավոր կլինի: 8 Այդ օրը Երուսաղեմից կենսատու ջրեր+ կհոսեն,+ կեսը՝ դեպի արևելյան ծովը,*+ կեսը՝ արևմտյան ծովը:*+ Ամառ թե ձմեռ այդպես կլինի: 9 Եվ ես՝ Եհովաս, կթագավորեմ ամբողջ երկրի վրա:+ Այդ օրը Եհովան կլինի միակը,+ որին կպաշտեն, և միայն իմ անունը կփառաբանեն:+

10 Ամբողջ երկիրը՝ Գեբայից+ մինչև Ռեմոն,+ որը Երուսաղեմից հարավ է գտնվում, Արաբայի+ պես ցածրադիր կդառնա: Իսկ Երուսաղեմը վեր կխոյանա իր տեղում և բնակեցված կլինի+ Բենիամինի դարպասից+ ընդհուպ մինչև Առաջին դարպասի տարածքը և մինչև Անկյան դարպասը, Անանայելի աշտարակից+ ընդհուպ մինչև թագավորի գինու հնձանները: 11 Մարդիկ կբնակվեն այնտեղ, և այն այլևս չի դատապարտվի կործանման:+ Երուսաղեմի ժողովուրդը ապահով կբնակվի:+

12 Ահա թե ինչ պատուհաս կբերեմ ես՝ Եհովաս, այն բոլոր ժողովուրդների վրա, որոնք պատերազմում են Երուսաղեմի դեմ.+ նրանք դեռ ոտքի վրա կանգնած կլինեն, բայց իրենց միսը կփտի, աչքերը կփտեն խոռոչներում, և լեզուն կփտի բերանում:

13 Այդ օրը ես՝ Եհովաս, խուճապ կտարածեմ նրանց մեջ: Ամեն ոք կբռնի իր ընկերոջը և ձեռք կբարձրացնի նրա վրա:*+ 14 Հուդան նույնպես կմասնակցի Երուսաղեմում մղվող պատերազմին: Եվ նրանք կհավաքեն շրջակա բոլոր ազգերի հարստությունը՝ ոսկի, արծաթ և մեծ քանակությամբ հագուստ:+

15 Այդ պատուհասի պես պատուհաս կգա նաև ձիերի, ջորիների, ուղտերի, էշերի և թշնամու բանակներում եղող բոլոր անասունների վրա:

16 Երուսաղեմի վրա հարձակված ազգերից բոլոր նրանք, ովքեր ողջ կմնան, տարեցտարի կգան+ Երուսաղեմ, որ խոնարհվեն Թագավորի՝ Զորքերի տեր Եհովայի առաջ*+ և նշեն Տաղավարների* տոնը:+ 17 Իսկ երկրի ազգերից նրանք, ովքեր չեն գա Երուսաղեմ և չեն խոնարհվի Թագավորի՝ Զորքերի տեր Եհովայի առաջ, անձրև չեն տեսնի:+ 18 Եթե Եգիպտոսի ժողովուրդը չելնի ու չգա, նրանք էլ անձրև չեն տեսնի: Եվ ես՝ Եհովաս, նրանց վրա կբերեմ նույն պատուհասը, որ բերում եմ այն ազգերի վրա, որոնք չեն գալիս Տաղավարների տոնը նշելու: 19 Ահա այսպիսի պատիժ կգա Եգիպտոսի և մյուս բոլոր ազգերի վրա իրենց այն մեղքի համար, որ չեն գալիս Տաղավարների տոնը նշելու:

20 Այդ օրը «Սրբությունը Եհովայինն է»+ խոսքերը գրված կլինեն անգամ ձիերի զանգակների վրա: Եվ Եհովայի տան կաթսաները*+ նույնքան սուրբ կլինեն, որքան զոհասեղանի առաջ գործածվող թասերը:+ 21 Երուսաղեմում և Հուդայում ամեն կաթսա* սուրբ կլինի ու կպատկանի ինձ՝ Զորքերի տեր Եհովայիս: Բոլոր նրանք, ովքեր կգան զոհ մատուցելու, դրանց մեջ կեփեն միսը: Այդ օրը Զորքերի տեր Եհովայի տանը այլևս քանանացի* չի լինի»:+

Նշանակում է «Յահը հիշել է»:

Տես հավելված Բ15:

Բռց.՝ «Եհովայի խոսքը եկավ»:

Հավանաբար, Զաքարիայի հետ խոսող հրեշտակն է:

Այսինքն՝ պարիսպ չունեցող գյուղական բաց տարածք:

Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է Բաբելոն քաղաքին կամ դրա բնակիչներին:

Բռց.՝ «[ով] փառքից հետո»:

Հնարավոր է՝ վերաբերում է հրեշտակին:

Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:

Բռց.՝ «Ամե՛ն մարմին»:

Ըստ երևույթին, վերաբերում է հրեշտակներին:

Կամ՝ «սխալը»:

Այսինքն՝ ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:

Կամ՝ «իմ գավիթները քո հոգածության տակ կլինեն»:

Ըստ երևույթին, վերաբերում է հրեշտակներին:

Հնարավոր է՝ նշանակում է, որ այդ քարին յոթ աչք է նայում:

Ակներևաբար, յոթ խողովակները միանում են թասին:

Կամ՝ «հարթավայր»:

Կամ՝ «փականաքարը», «հանգուցաքարը»:

Ծայրին ծանրություն կախած լար, որով ստուգում են կողմնային մակերեսների ուղղաձիգ լինելը: Բռց.՝ «քար», «անագ»:

Հավանաբար վերաբերում է տաճարի շինարարության ավարտին:

Այսինքն՝ պտուղներով բեռնավորված ճյուղերը:

Ձեռագրի չափսերը՝ մոտ 8,9 × 4,5 մ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «Արդու է»: Խոսքը տարայի կամ զամբյուղի մասին է, որով չափում էին արդուն: 1 արդուն մոտ 22 լ է: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «բարձրացրին երկնքի ու երկրի միջև»:

Այսինքն՝ Բաբելոնիա:

Բռց.՝ «Եհովայի ոգին»:

Կամ՝ «վեհաշուք թագ»: Բռց.՝ «թագեր»: Ըստ ամենայնի, հոգնակի թիվը ցույց է տալիս վեհություն:

Կամ՝ «խաղաղությանը նպաստելով»:

Կամ՝ «Վեհաշուք թագը»: Բռց.՝ «Թագերը»: Ըստ ամենայնի, հոգնակի թիվը ցույց է տալիս վեհություն:

Սա 10-րդ համարի Հելդան է:

Հնարավոր է՝ սա 10-րդ համարի Հովսիան է:

Կամ՝ «որ հիշեցնի Հելեմի, Տուբիայի, Հեդայիայի և Հենի՝ Սոփոնիայի որդու արածների մասին»:

Տես հավելված Բ15:

Բռց.՝ «երեսը փափկացնեն»:

Կամ՝ «տաճարում»:

Բռց.՝ «լաց լինեմ և ուտելիքից հրաժարվեմ»:

Բռց.՝ «արել եմ»:

Կամ՝ «անհայր երեխային»:

Եբր. բառը կարող է վերաբերել ադամանդին, զմռնիտին (հղկաքար) կամ այլ կարծր քարի:

Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:

Բռց.՝ «նա»:

Կամ՝ «հավատարմության»:

Բռց.՝ «ամեն մեկը՝ ցուպն իր ձեռքին՝ օրերի շատության պատճառով»:

Կամ՝ «արևածագի երկրից ու արևամուտի երկրից»:

Կամ՝ «հավատարիմ»:

Կամ՝ «Քա՛ջ եղեք»:

Կամ՝ «Քա՛ջ եղեք»:

Կամ՝ «չափսոսացի»:

Բռց.՝ «երեսը փափկացնենք»:

Բռց.՝ «Եհովայի երեսը փափկացնեն»:

Բռց.՝ «հրեա մարդու»:

Բռց.՝ «Դամասկոսը դրա հանգստի տեղն է»:

Կամ՝ «ամրոց»:

Բռց.՝ «ապօրինածին որդին»:

Կամ՝ «վերահսկիչ» (որը մյուսներին ստիպում է աշխատել):

Ըստ երևույթին, խոսքը Աստծու ժողովրդի կեղեքման մասին է:

«Սիոնի դուստր» և «Երուսաղեմի դուստր» արտահայտությունները պոետիկ են և վերաբերում են Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:

Կամ՝ «հաղթանակած է», «փրկված է»:

Կամ՝ «Արու էշ»:

Բռց.՝ «Գետից»:

Խոսքը Սիոնի՝ Երուսաղեմի մասին է:

Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «ոտքս կդնեմ»: Եբր. բայը վերաբերում է լարն անցկացնելու համար ոտքը աղեղի վրա դնելուն:

Բառարանում տես «Բարեսիրություն»:

Կամ՝ «ընտանեկան աստվածները», «կուռքերը»:

Կամ՝ «մոգական», «խորհրդավոր»:

Բռց.՝ «արու այծերից»:

Բռց.՝ «անկյունային աշտարակը»: Գործածվում է առանցքային դեր ունեցող, կարևոր մարդու կամ առաջնորդի նկարագրելու համար:

Բռց.՝ «սեպը»: Գործածվում է նկարագրելու համար մեկին, ով ղեկավար է, ով աջակցում է մարդկանց:

Կամ՝ «հանձնարարատու»:

Կամ՝ «կվարվեն այնպես, որ պատիվ բերեն իմ անվանը»:

Բռց.՝ «կշռեցին»:

Բռց.՝ «կպղտորվի»:

Կամ՝ «ոգի»:

Կամ՝ «իրավամբ իրենց պատկանող վայրում»:

Կամ՝ «ավելի վայելչագեղ չլինեն»:

Կամ՝ «ամենատկարը»: Բռց.՝ «սայթաքողը»:

Բռց.՝ «կթափեմ բարեհաճության և աղերսանքի ոգի»:

Բռց.՝ «ձեռքերիդ միջև»: Այսինքն՝ կրծքավանդակին կամ մեջքին:

Կամ՝ «ինձ սիրողների»:

Կամ՝ «ոչխարները ցրվեն»:

Բռց.՝ «իմ ձեռքը կուղղեմ ընդդեմ»:

Խոսքը 2-րդ համարում հիշատակված քաղաքի մասին է:

Կամ՝ «արևածագից»:

Բռց.՝ «ծովը»:

Կամ՝ «կանշարժանա»՝ ասես ցրտից փայտացած:

Այսինքն՝ Մեռյալ ծովը:

Այսինքն՝ Միջերկրական ծովը:

Կամ՝ «և նրանք կհարձակվեն իրար վրա»:

Կամ՝ «պաշտեն Թագավորին՝ Զորքերի տեր Եհովային»:

Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:

Կամ՝ «լայնաբերան կաթսաները»:

Կամ՝ «լայնաբերան կաթսա»:

Կամ հնարավոր է՝ «առևտրական»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը