5 օգոստոսի, երեքշաբթի
Ամպերին նայողը չի հնձի (Ժող. 11։4)։
Ինքնատիրապետումն օգնում է վերահսկել մեր զգացմունքներն ու գործերը։ Մեր նպատակներին հասնելու համար ինքնատիրապետում է պետք, հատկապես, երբ մեր նպատակին հասնելը բարդ է, կամ տվյալ բանն անելու ցանկություն չունենք։ Հիշենք նաև, որ ինքնատիրապետումը սուրբ ոգու պտղի հատկություններից է։ Ուստի Եհովայից խնդրիր իր ոգին, որ կարողանաս զարգացնել այդ կարևոր հատկությունը (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։ Մի՛ սպասիր կատարյալ հանգամանքների։ Այս աշխարհում մենք երբեք իդեալական հանգամանքներ չենք ունենա։ Եթե այդպիսի հանգամանքների սպասենք, երբեք չենք հասնի մեր նպատակին։ Հնարավոր է՝ մղիչ ուժ չունենք, քանի որ կարծում ենք, թե մեր նպատակին հասնելը շատ բարդ է։ Եթե քո պարագայում էլ է այդպես, միջանկյալ նպատակներ դիր։ Օրինակ՝ եթե ձգտում ես որևէ հատկություն զարգացնել, փորձիր դրսևորել այն փոքր հարցերում։ Իսկ եթե ցանկանում ես ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը, փորձիր քչից սկսել։ w23.05, էջ 29-30, պրբ. 11-13
6 օգոստոսի, չորեքշաբթի
Արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է, որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում (Առակ. 4։18)։
Այս վերջին օրերում Եհովան իր կազմակերպության միջոցով մեզ առատ հոգևոր կերակուր է տալիս, որպեսզի օգնի՝ մնանք «Սրբության ճանապարհին» (Ես. 35։8; 48։17; 60։17)։ Կարող ենք ասել, որ Աստվածաշնչի ուսումնասիրության հրավերն ընդունելով՝ անհատը հնարավորություն է ստանում ոտք դնել «Սրբության ճանապարհի» վրա։ Ոմանք կարճ տարածություն անցնելուց հետո դուրս են գալիս այդ ճանապարհից, մյուսները վճռական են շարունակելու ճանապարհը մինչև հասնեն նպատակակետին։ Իսկ ո՞րն է այն։ Երկնային հույս ունեցողներին «Սրբության ճանապարհը» տանում է «Աստծու դրախտ», որը երկնքում է (Հայտն. 2։7)։ Իսկ երկրային հույս ունեցողների նպատակակետը Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում կատարելության հասնելն է։ Եթե քայլում ես այդ ճանապարհով, հետ մի՛ նայիր։ Շարունակիր ընթացքդ, մինչև որ հասնես քո նպատակակետին։ w23.05, էջ 17, պրբ. 15; էջ 19, պրբ. 16-18
7 օգոստոսի, հինգշաբթի
Մենք սիրում ենք, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ (1 Հովհ. 4։19)։
Դու սրտանց կորոշես նվիրվել Եհովային, եթե մտածես այն բոլոր լավ բաների մասին, որ նա արել է քեզ համար (Սաղ. 116։12-14)։ Աստվածաշնչում ասվում է, որ «ցանկացած լավ պարգև ու կատարյալ նվեր» Եհովան է տալիս (Հակ. 1։17)։ Նա մեզ համար զոհել է իր Որդուն՝ Հիսուսին, և դա նրա տված մեծագույն նվերն է։ Միայն մտածիր այդ հրաշալի պարգևի մասին։ Հիսուսի զոհի շնորհիվ դու կարող ես մտերիմ լինել Եհովայի հետ և հավիտենական կյանքի հեռանկար ունենալ (1 Հովհ. 4։9, 10)։ Եհովային նվիրվելը լավագույն կերպերից է, որով կարող ես ցույց տալ քո երախտագիտությունը նրա սիրո մեծագույն դրսևորման, ինչպես նաև նրա տված մյուս բոլոր օրհնությունների համար (2 Օրենք 16։17; 2 Կորնթ. 5։15)։ w24.03, էջ 5, պրբ. 8