2 սեպտեմբերի, երեքշաբթի
Ոգին բացահայտում է ամեն բան, նույնիսկ Աստծու խորունկ մտքերը (1 Կորնթ. 2։10)։
Եթե մեծ ժողովում ես և զգում ես, որ քո ձեռքը հաճախ չի նկատվում, գուցե գայթակղություն առաջանա այլևս ձեռք չբարձրացնելու։ Բայց լավ կլինի՝ շարունակես ձգտել մեկնաբանություն տալ։ Յուրաքանչյուր հանդիպման համար մի քանի մեկնաբանություն պատրաստիր։ Այդ դեպքում, եթե քննարկման սկզբում քեզ չհարցնեն, ընթացքում դու դեռ հնարավորություն կունենաս պատասխանելու։ «Դիտարանի» ուսումնասիրությանը պատրաստվելիս մտածիր, թե յուրաքանչյուր պարբերություն ինչպես է կապված հոդվածի թեմայի հետ։ Այդպիսով քննարկման ընթացքում միշտ պատրաստ կլինես մեկնաբանելու։ Բացի այդ՝ կարող ես ձեռք բարձրացնել այն պարբերությունների ժամանակ, որոնցում աստվածաշնչյան այնպիսի խոր ճշմարտություններ են ընդգրկված, որոնց բացատրություններն ավելի բարդ են։ Նման հարցերին պատասխանելու համար հավանաբար քչերը ձեռք կբարձրացնեն։ Իսկ եթե մի քանի հանդիպում շարունակ քեզ չեն հարցնում, հանդիպումից առաջ կարող ես անցկացնողին ասել, թե որ պարբերության հարցին ես ուզում պատասխանել։ w23.04, էջ 21-22, պրբ. 9-10
3 սեպտեմբերի, չորեքշաբթի
Հովսեփը վարվեց այնպես, ինչպես պատվիրել էր Եհովայի հրեշտակը, և իր կնոջը իր տուն տարավ (Մատթ. 1։24)։
Հովսեփը հետևում էր Եհովայի տված առաջնորդությանը։ Դա նպաստում էր, որ նա ավելի լավ ամուսին լիներ։ Եհովան առնվազն երեք անգամ ընտանիքին առնչվող հարցերում հրահանգներ է տվել Հովսեփին։ Յուրաքանչյուր դեպքում էլ Հովսեփն անմիջապես հնազանդվել է, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվար է եղել (Մատթ. 1։20; 2։13-15, 19-21)։ Աստծու առաջնորդությանը հետևելով՝ Հովսեփը պաշտպանել է Մարիամին, աջակցել է նրան և հոգ տարել նրա մասին։ Միայն պատկերացրու, թե այդ ամենը տեսնելով՝ Մարիամը որքան շատ էր սիրում ու հարգում Հովսեփին։ Սիրելի՛ ամուսիններ, դուք Հովսեփին ընդօրինակած կլինեք, եթե հետևեք ընտանիքին հոգ տանելու վերաբերյալ Աստվածաշնչում տեղ գտած խորհուրդներին։ Երբ կիրառեք այդ խորհուրդները, անգամ եթե այդպես վարվելը դժվար լինի, սեր դրսևորած կլինեք ձեր կնոջ հանդեպ և կամրացնեք ձեր ամուսնությունը։ Մի քույր, ով ավելի քան 20 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Երբ ամուսինս փնտրում է Եհովայի առաջնորդությունը և հետևում դրան, ես նրան ավելի շատ եմ հարգում։ Ես ինձ ապահով եմ զգում և վստահում եմ նրա կայացրած որոշումներին»։ w23.05, էջ 21, պրբ. 5
4 սեպտեմբերի, հինգշաբթի
Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի, մի ուղի, որը Սրբության ճանապարհ կկոչվի (Ես. 35։8)։
Բաբելոնից Իսրայել վերադարձած հրեաները պետք է «սուրբ ժողովուրդ» դառնային իրենց Աստծու համար (2 Օրենք 7։6)։ Իհարկե, դա չէր նշանակում, որ նրանք Եհովային հաճեցնելու համար փոփոխություններ անելու կարիք չունեին։ Բաբելոնում ծնված հրեաների մեծ մասը որդեգրել էր բաբելոնացիների մտածելակերպն ու արժեքները։ Իսրայել վերադառնալուց անգամ տասնամյակներ անց Կառավարիչ Նեեմիան ապշեց, որ Իսրայելում ծնված երեխաները չէին կարողանում խոսել հրեաների լեզվով (2 Օրենք 6։6, 7; Նեեմ. 13։23, 24)։ Ինչպե՞ս կարող էին այդ երեխաները սովորել սիրել Եհովային և պաշտել նրան, եթե չգիտեին եբրայերեն, այն հիմնական լեզուն, որով գրվել էր Աստծու Խոսքը (Եզր. 10։3, 44)։ Հստակ է, որ Բաբելոնից դուրս եկած հրեաները պետք է մեծ փոփոխություններ անեին։ Նրանց համար ավելի հեշտ կլիներ անել այդ փոփոխությունները, քանի որ արդեն ապրում էին Իսրայելում, որտեղ մաքուր երկրպագությունը աստիճանաբար վերականգնվում էր (Նեեմ. 8։8, 9)։ w23.05, էջ 15, պրբ. 6-7