5 սեպտեմբերի, ուրբաթ
Եհովան աջակցում է բոլոր նրանց, ովքեր ուր որ է կընկնեն, վեր է բարձրացնում բոլոր նրանց, ովքեր վհատությունից կռացած են (Սաղ. 145։14)։
Ցավոք, մեր նպատակներին հասնելու ճանապարհին մենք խոչընդոտների կբախվենք, նույնիսկ եթե կազմակերպված ենք և մեծ ցանկություն ունենք հասնելու դրանց։ Օրինակ՝ հնարավոր է՝ անսպասելի բաներ լինեն, որոնք կխլեն այն ժամանակը, որ կարող էինք տրամադրել մեր նպատակներին հասնելուն (Ժող. 9։11)։ Կամ էլ գուցե այնպիսի դժվարության բախվենք, որը մեզ կվհատեցնի և ուժասպառ կանի (Առակ. 24։10)։ Բացի այդ՝ անկատարության պատճառով գուցե այնպիսի սխալներ անենք, որոնք կհեռացնեն մեզ մեր նպատակներից (Հռոմ. 7։23)։ Խոչընդոտներից մեկն էլ կարող է լինել հոգնածությունը (Մատթ. 26։43)։ Խոչընդոտի բախվել դեռ չի նշանակում ձախողվել։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք պարբերաբար խնդիրներ և դժվարություններ ենք ունենալու։ Բայց այնտեղ նաև նշվում է, որ մենք կարող ենք հաղթահարել դրանք։ Երբ, չնայած խոչընդոտների, առաջ ենք շարժվում, փաստում ենք, որ ուզում ենք հաճեցնել Եհովային։ Անկասկած, նա շատ է ուրախանում, երբ տեսնում է, որ շարունակ ջանքեր ենք թափում մեր նպատակին հասնելու համար։ w23.05, էջ 30, պրբ. 14-15
6 սեպտեմբերի, շաբաթ
Հոտին օրինակ [եղեք] (1 Պետ. 5։3)։
Ռահվիրայությունը օգնում է երիտասարդ եղբայրներին արդյունավետորեն համագործակցել տարբեր մարդկանց հետ։ Այն սովորեցնում է նաև ողջամիտ բյուջե կազմել և հետևել դրան (Փիլիպ. 4։11-13)։ Լիաժամ ծառայությանը պատրաստվելու համար կարող ես ծառայել որպես ենթառահվիրա։ Իսկ ռահվիրայությունը կարող է լիաժամ ծառայության այլ դռներ բացել քո առաջ։ Օրինակ՝ գուցե հրավիրվես ծառայելու շինարարական որևէ նախագծում կամ Բեթելում։ Եղբայրները պետք է փորձեն համապատասխանել երեց ծառայելու սուրբգրային պահանջներին, ինչով էլ կկարողանան ծառայել իրենց հավատակիցներին։ Աստվածաշունչն ասում է, որ այդպիսի նպատակ ունեցող անհատը «լավ գործի է ձգտում» (1 Տիմոթ. 3։1)։ Նախ եղբայրը պետք է համապատասխանի ծառայող օգնական դառնալու չափանիշներին։ Ծառայող օգնականները աջակցում են երեցներին ժողովին առնչվող տարբեր հարցերում։ Թե՛ երեցները, թե՛ ծառայող օգնականները խոնարհաբար ծառայում են իրենց եղբայրներին ու քույրերին և եռանդորեն մասնակցում են քարոզչական գործին։ w23.12, էջ 28, պրբ. 14-16
7 սեպտեմբերի, կիրակի
Երբ դեռ պատանի էր, նա սկսեց ծառայել իր նախահայր Դավթի Աստծուն (2 Տար. 34։3)։
Հովսիան պատանի էր, երբ սկսեց ծառայել Եհովային։ Նա ցանկանում էր սովորել Եհովայի մասին և կատարել նրա կամքը։ Բայց այս երիտասարդ թագավորը բազմաթիվ դժվարությունների էր բախվում։ Ապրելով այնպիսի հասարակության մեջ, որտեղ մարդկանց մեծ մասը կեղծ աստվածների էր պաշտում՝ Հովսիան պետք է մաքուր երկրպագության կողմը բռներ, և նա քաջաբար արեց դա։ Հովսիան 20 տարեկան էլ չկար, երբ սկսեց երկիրը մաքրել կեղծ երկրպագությունից (2 Տար. 34։1, 2)։ Նույնիսկ եթե պատանի ես, կարող ես վճռել ընդօրինակել Հովսիային՝ փնտրելով Եհովային և սովորելով նրա հրաշալի հատկությունների մասին։ Այդպես վարվելը կնպաստի, որ անձդ Եհովային նվիրես։ Իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա քո կյանքի վրա։ Լյուկ անունով մի եղբայր, ով 14 տարեկանում է մկրտվել, իր նվիրման օրը հետևյալն է ասել. «Այսուհետ Եհովային ծառայելը իմ կյանքում առաջին տեղում կլինի, և ես կձգտեմ ուրախացնել նրան» (Մարկ. 12։30)։ Եթե դու էլ որոշես այդպես վարվել, առատորեն կօրհնվես։ w23.09, էջ 11, պրբ. 12-13