1 Սամուել
29 Փղշտացիները+ իրենց բոլոր զորքերը հավաքեցին Աֆեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում+ գտնվող աղբյուրի մոտ: 2 Փղշտացիների կառավարիչները սկսեցին իրենց զինվորներով առաջ շարժվել՝ հարյուր-հարյուր և հազար-հազար, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի+ հետ գնացին նրանց հետևից: 3 Փղշտացիների իշխանները հարցրին. «Ինչո՞ւ են այս եբրայեցիներն այստեղ»: Անքուսը պատասխանեց. «Դավիթն է՝ Իսրայելի թագավոր Սավուղի ծառան: Արդեն մեկ տարի է կամ ավելի, ինչ նա ինձ մոտ է,+ և իմ կողմն անցնելու օրից մինչև այսօր նրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ նկատել»: 4 Փղշտացիների իշխանները վրդովվեցին և ասացին. «Հե՛տ ուղարկիր այդ մարդուն:+ Թող վերադառնա այն քաղաք, որը հատկացրել ես նրան: Թույլ մի՛ տուր՝ մեզ հետ գա պատերազմելու, որ կռվի ժամանակ մեր դեմ դուրս չգա:+ Էլ ինչպե՞ս նա պետք է արժանանա իր տիրոջ բարեհաճությանը, եթե ոչ մեր մարդկանց գլուխները նրան ներկայացնելով: 5 Սա այն Դավիթը չէ՞, որի մասին պարելով երգում էին.
«Սավուղը հազարավորների կոտորեց,
Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»:+
6 Անքուսը+ կանչեց Դավթին ու ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. դու ազնիվ մարդ ես, ու ես կուզեի, որ իմ զորքի հետ մասնակցեիր այս ռազմարշավին,+ որովհետև ինձ մոտ գալուդ օրից մինչև այսօր քո մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել:+ Բայց կառավարիչները քեզ չեն վստահում:+ 7 Ուստի վերադարձիր խաղաղությամբ և չանես մի բան, որը դուր չի գա փղշտացիների կառավարիչներին»: 8 Սակայն Դավիթն ասաց Անքուսին. «Բայց ի՞նչ եմ արել, քեզ մոտ գալուս օրից մինչև այսօր ի՞նչ վատ բան ես տեսել ծառայիդ մեջ: Ինչո՞ւ չպետք է իմ տեր թագավորի հետ գամ ու կռվեմ նրա թշնամիների դեմ»: 9 Անքուսն էլ պատասխանեց Դավթին. «Դու ինձ համար Աստծու հրեշտակի պես լավն ես,+ բայց փղշտացիների իշխաններն ասացին, որ թույլ չտամ՝ մեզ հետ գաս պատերազմի: 10 Ուստի դու և քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, վաղ առավոտյան՝ լույսը բացվելուն պես, վեր կացեք ու գնացեք»:
11 Այսպիսով՝ Դավիթն ու իր մարդիկ առավոտ շուտ վեր կացան, որ վերադառնան փղշտացիների երկիր, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել:+