Հոբ
5 «Օգնության կանչիր, խնդրեմ: Կա՞ մեկը, որ պատասխանի քեզ:
Սուրբ հրեշտակներից* ո՞ր մեկին օգնության կկանչես:
2 Վրդովմունքը հիմարին կկործանի,
Նախանձը անմիտ մարդուն մահվան կտանի:
3 Ես տեսել եմ, որ հիմարը արմատներ է գցում,
Բայց մեկ էլ հանկարծակի նրա տան վրա անեծք է թափվում:
4 Նրա որդիները ամենևին էլ ապահով չեն,
Ոտնահարվում են քաղաքի դարպասի մոտ+ ու փրկող չունեն:
5 Քաղցածն է ուտում նրա հավաքած բերքը,
Անգամ փշերի մեջ աճածը:
Ուրիշների բաժին է դառնում նրա ընտանիքի ունեցվածքը:
6 Ախր չարիքը հողից չի ծլում,
Դժբախտությունը գետնից չի բուսնում:
7 Ինչպես անհնար է, որ դեպի վեր չթռչեն կրակի կայծերը,
Այնպես էլ անհնար է, որ ծնված օրից դժբախտություն չտեսնի մարդ արարածը:
8 Բայց եթե քո տեղը լինեի, ես Աստծուն կդիմեի
Եվ իմ գործը Աստծուն կներկայացնեի՝
9 Նրան, ով մեծ ու անըմբռնելի բաներ է անում,
Հիասքանչ բաներ՝ անթիվ-անհաշվելի:
10 Նա անձրև է տալիս երկրին,
Ջուր է հասցնում դաշտերին:
11 Նա վեր է բարձրացնում խեղճերին,
Բարձրացնում ու փրկում է ընկճվածներին:
12 Նա խափանում է խորամանկների ծրագրերը,
Չի թողնում, որ հաջողվի նրանց ձեռնարկածը:
13 Այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը,+
Որ խափանվեն ճարտարամիտների ծրագրերը:
14 Խավարն է նրանց պատում օրը ցերեկով,
Կեսօրին խարխափում են, ասես գիշերով:
15 Նրանց բերանի սրից Աստված մարդկանց փրկում է,
Զորավորների ձեռքից աղքատին ազատում է,
16 Որ խեղճերը հույսով լցվեն,
Իսկ անարդարների բերանները փակվեն:
17 Երջանիկ է այն մարդը, որին Աստված խրատում է:
Այնպես որ մի՛ մերժիր Ամենակարողի խրատը:
18 Թեև նա ցավ է պատճառում, բայց և կապում է վերքը,
Կոտրում է, բայց իր իսկ ձեռքով բուժում է:
19 Թե քեզ մեկը մյուսի հետևից փորձանք պատահի, նա քեզ կփրկի,
Վեցը լինեն, թե յոթը՝ քեզ վնաս չեն պատճառի:
20 Սովի ժամանակ քեզ մահից կփրկի,*
Պատերազմի ժամանակ սրի բերանից կազատի:
21 Քեզ կպաշտպանի մտրակող լեզվի հարվածներից,+
Եվ երբ կործանում գա, չես վախենա դրանից:
22 Դու կծիծաղես՝ նայելով կործանման ու սովի աչքերին,
Չես վախենա վայրի գազաններից:
23 Դաշտերի քարերը քեզ համար խոչընդոտ չեն լինի,
Վայրի գազանները քեզ վրա չեն հարձակվի:
24 Դու կիմանաս, որ ապահով է քո վրանը,
Երբ զննես քո հոտը, կտեսնես, որ պակաս չէ անասուններիցդ ոչ մեկը:
25 Շատ զավակներ կունենաս,
Սերունդներդ երկրի բուսականության պես կշատանան:
26 Ուժդ դեռ տեղը կլինի, երբ իջնես գերեզման,
Ինչպես հասկերը՝ հնձի ժամանակ:
27 Այդ ամենը մենք քննել ենք,
Եվ ամեն բան հենց այդպես է:
Ուստի լսիր և ընդունիր»: