Եսայիա
Հաւատացեալների մխիթարութիւնը տառապանքում։ Կենդանի Աստուծուն հաւատալու յորդոր։
8 Եւ Տէրն ինձ ասեց. Առ քեզ համար մի մեծ տոմս, եւ գրիր նորա վերայ մարդի գրչով Մահէր– շալալ հաշ–բազի մասին: 2 Եւ ես ինձ համար հաւատարիմ վկաներ եմ բռնելու Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային: 3 Եւ ես մօտեցայ մարգարէուհիին, եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ Տէրն ինձ ասեց. Նորա անունը կոչիր Մահեր–շալալ հաշ–բազ*: 4 Որովհետեւ մանուկը Հայրս ու մայրս կանչելը սովորելուց առաջ վեր կ’առուի Դամասկոսի հարսութիւնը եւ Սամարիայի աւարը կ’տարուի Ասորեստանի թագաւորի առաջը:
5 Եւ Տէրը դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. 6 Որովհետեւ այս ժողովուրդը արհամարհում էՍիլօվայի հանդարտ հոսող ջուրերը, եւ զուարճանում է Ռասինով եւ Ռովմելայի որդիովը, 7 Ուրեմն նորա համար Տէրը նորանց վերայ կ’հանէ Գետի զօրաւոր եւ առատ ջուրերը, այսինքն Ասորեստանի թագաւորին եւ նա վեր կ’բարձրանայ իր բոլոր յատակներիցը, եւ կ’անցնէ իր բոլոր եզերքներիցը: 8 Եւ կ’յորդէ Յուդայի մէջ, կ’ողողէ կ’անցնէ եւ մինչեւ պարանոցը կ’հասնէ. եւ նորա թեւերի տարածութիւնը լցնելու է քո երկրի լայնութիւնը, ով Էմմանուէլ:
9 Չարացէք, ով ազգեր, բայց պիտի սարսափէք. եւ ականջ դրէք, ով երկրի հեռու տեղերը. պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք: 10 Խորհուրդ հնարեցէք, բայց պիտի խափանուի. խօսեցէք խօսք, բայց պիտի չ’հաստատուի. որովհետեւ Աստուած մեզ հետ է: 11 Սորա համար այսպէս ասեց ինձ Տէրը իր ձեռքի զօրութեամբը, եւ ինձ խրատեց չ’գնալ այս ժողովրդի ճանապարհովը, ասելով. 12 Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք: 13 Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը: 14 Եւ նա ձեզ համար սրբարան կ’լինի. իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար: 15 Եւ նորանցում շատերը կ’գլորուեն. եւ վայր կ’ընկնեն եւ կ’փշրուեն, եւ որոգայթը կ’ընկնեն ու կ’բռնուեն: 16 Կապիր վկայութիւնը, կնքիր օրէնքը իմ աշակերտների մէջ:
17 Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը Յակոբի տանիցը, եւ յոյս ունիմ նորան: 18 Ահա ես եւ այն զաւակները, որ Տէրը տուաւ ինձ, որ նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայէլումը Զօրաց Տիրոջ կողմանէ, որ բնակվում է Սիօն սարի վերայ:
19 Եւ երբոր ձեզ ասեն. Հարցրէք մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. կենդանիների համար մեռածների՜ն դիմէ: 20 Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չ’խօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չ’ունին: 21 Եւ անցնում են նորանում վշտացած եւ սոված. եւ երբոր նա սովածանում է՝ բարկանում է, եւ անիծում է իր թագաւորին եւ իր Աստուծուն, եւ դառնում է դէպի վեր, 22 Եւ երկրին է մտիկ տալիս, եւ ահա վիշտ ու խաւար, նեղութեան մէգ, եւ մթութեան մէջ քշուած. որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ: