Հովնան
Յովնանի աղօթքը և ազատուիլը։
2 Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստծուն ձկան փորիցը. 2 Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը: 3 Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. եւ հեղեղներն ինձ պաշարեցին. քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով: 4 Եւ ես ասեցի՝ Ես վռնդուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին: 5 Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ: 6 Ես սարերի հիմանց մօտն իջայ, երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան. բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը*, ով իմ Տէր Աստուած: 7 Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը: 8 Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են:
9 Բայց ես օրհներգութեան ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ. արած խոստմունքս պիտի կատարեմ. Փրկութիւնը Տիրոջն է: 10 Եւ Տէրը հրամայեց ձկանը. եւ նա Յովնանին փսխեց ցամաքը: