Ծննդոց
Յակոբը հասնում է Եգիպտոս։ Իսրայէլի որդիքը։ Յովսէփի ընդունելութիւնը իր հօրը։
46 Եւ Իսրայէլն իր բոլոր ունեցածովը ճանապարհ ելաւ, եւ Բերսաբէէ եկաւ, եւ իր հօր Իսահակի Աստուծոյն զոհեր մատուցրեց: 2 Եւ Աստուած գիշերուայ տեսիլքի մէջ խօսեց Իսրայէլի հետ եւ ասեց. Յակոբ՝ Յակոբ. եւ նա ասեց. Ահա ես: 3 Եւ ասեց. Ես եմ Աստուածը՝ քո հօր Աստուածը, մի՛ վախիր Եգիպտոս իջնելու. որովհետեւ ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու: 4 Ես քեզ հետ Եգիպտոս կ’իջնեմ, նաեւ անպատճառ կ’հանեմ, եւ Յովսէփը կ’դնէ իր ձեռքը քո աչքերի վերայ: 5 Եւ Յակոբն ելաւ Բերսաբէէիցը. եւ Իսրայէլի որդիները տարին իրանց հայր Յակոբին երեխաներին եւ իրանց կանանցը այն կառքերովը, որ Փարաւօնն ուղարկել էր նորան տանելու համար: 6 Եւ առին իրանց անասունները եւ իրանց ստացուածքը որ Քանանի երկրումն ստացել էին, Յակոբը եւ իր բոլոր սերունդը իր հետ: 7 Իր որդիները եւ իր որդկանց որդիները իր հետ, իր աղջկերքը եւ իր որդկանց աղջկերքը եւ իր բոլոր սերունդը իր հետ Եգիպտոս բերաւ:
8 Եւ սորանք են Իսրայէլի որդկանց անունները, որ Եգիպտոս եկան, Յակոբը եւ նորա որդիքը. Յակոբի անդրանիկը Ռուբէն. 9 Եւ Ռուբէնի որդիքը Ենովք, եւ Փաղղուս, եւ Եսրոն եւ Քարմի: 10 Եւ Շմաւոնի որդիքը Յամուէլ, եւ Յամին, եւ Ոհադ, եւ Յաքին, եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին, Սաւուղ: 11 Եւ Ղեւիի որդիքը՝ Գերսոն՝ Կահաթ եւ Մերարի: 12 Եւ Յուդայի որդիքը՝ Էր ու Օնան, եւ Սելոմ, եւ Փարէս եւ Զարա. բայց Էրը եւ Օնանը Քանանի երկրումը մեռան, եւ Փարէսի որդրիքը՝ Եսրոն եւ Համուլ: 13 Եւ Իսաքարի որդիքը՝ Թավղա, եւ Փուա, եւ Յոբ* եւ Սամրօն: 14 Եւ Զաբուղօնի որդիքը՝ Սարէդ եւ Ելօն եւ Յաղել: 15 Սորանք են Լիայի որդիքը, որոնց Միջագետումը ծնեց Յակոբի համար, եւ նորա Դինա աղջիկը. նորա բոլոր որդիները եւ աղջկերքը երեսունեւերեք հոգի էին: 16 Եւ Գադի որդիքը Սափոն, եւ Անգի, Սունի, եւ Եսբօն, Էրի եւ Արօտի եւ Արելի: 17 Եւ Ասերի որդիքը՝ Յեմնա եւ Յեսուա, եւ Յեսուի, եւ Բարիա, եւ նորանց քոյրը՝ Սարա, եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մաղքիէլ: 18 Սորանք են Զեղփայի որդիքը՝ որ Լաբանն իր Լիա աղջկանը տուաւ, եւ նա ծնեց սորանց Յակոբի համար՝ տասնեւվեց հոգի: 19 Յակոբի կին Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին: 20 Եւ Յովսէփի համար Եգիպտոսի երկրումը Մանասէն եւ Եփրեմը ծնուեցան, որոնց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկ՝ Ասանէթը ծնեց նորա համար: 21 Եւ Բենիամինի որդիքը՝ Բաղա եւ Բոքոր, եւ Ասբէլ, Գերա, եւ Նէեման, Էհի, եւ Ռովս, Մուփիմ, եւ Ռոփիմ եւ Արեդ: 22 Սորանք են Ռաքէլի որդիքը՝ որոնք ծնուեցան Յակոբի համար, ամենը տասնեւչորս հոգի: 23 Եւ Դանի որդիքը Հուսիմ: 24 Եւ Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, եւ Գունի, եւ Յասիր եւ Սիլլեմ: 25 Սորանք են Բաղղայի որդիքը, որ Լաբանն իր աղջկանը տուաւ. եւ նա Յակոբի համար ծնեց սորանց, ամենը եօթը հոգի: 26 Յակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ նորա երանքիցն ելած էին բացի Յակոբի որդկանց կանանցից ամենը վաթսունեւվեց հոգի էին: 27 Եւ Յովսէփի որդիքը՝ որ Եգիպտոսի մէջ նորա համար ծնուեցան, երկու հոգի էին. Յակոբի տան բոլոր հոգիները որ Եգիպտոս գնացին, եօթանասուն էին:
28 Եւ Յուդային ուղարկեց իր առաջին Յովսէփի մօտ, որ Գեսեմը ցոյց տայ նորան. եւ նորանք եկան Գեսեմի երկիրը: 29 Եւ Յովսէփն իր կառքը պատրաստեց, եւ ելաւ իր հայր՝ Իսրայէլին դիմաւորելու համար Գեսեմ գնաց. եւ երբոր նորան երեւեցաւ, նորա պարանոցովն ընկաւ, եւ նորա պարանոցի վերայ բաւական լացաւ: 30 Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Հիմա թող մեռնիմ քո երեսը տեսնելուցս յետոյ. որովհետեւ տակաւին կենդանի ես: 31 Եւ Յովսէփն իր եղբայրներին եւ իր հօր տանն ասեց. Վեր գնամ, եւ Փարաւօնին պատմեմ, եւ ասեմ նորան. Իմ եղբայրներն եւ իմ հօր ընտանիքը, որ Քանանի երկրումն էին, ինձ մօտ եկան: 32 Եւ այն մարդիկը հովիւներ են, որովհետեւ խաշանց տէր են, եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները եւ իրանց բոլոր ունեցածը բերել են: 33 Եւ կ’լինի որ, երբ Փարաւօնը ձեզ կանչէ, եւ ասէ. թէ Ի՞նչ է ձեր արհեստը, ասեցէք. 34 Ծառաներդ մեր մանկութիւնից մինչեւ հիմա՝ մենք էլ, մեր հայրերն էլ, խաշանց տէր ենք. որ Գեսեմի երկրումը բնակուիք. որովհետեւ ամեն հովիւ Եգիպտացների առաջին գարշելի է: