ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ
ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ
(կամ՝ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ)
1 Դավիթ թագավորը ծերացել էր+ ու տարիքն առել: Նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում: 2 Դավթի ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորը թույլ տա՝ իր համար մի կույս աղջիկ փնտրենք, որ սպասավորություն անի թագավորին ու խնամի նրան: Նա քո կողքը կպառկի, որ դու, ո՛վ տեր թագավոր, տաքանաս»: 3 Ուստի Իսրայելի ողջ տարածքում նրանք սկսեցին գեղեցիկ աղջիկ փնտրել: Ի վերջո գտան Աբիսակ+ անունով սունամացի+ մի աղջկա ու բերեցին թագավորի մոտ: 4 Աղջիկն անչափ գեղեցիկ էր: Նա սկսեց խնամել թագավորին և սպասավորություն անել նրան, բայց թագավորը հարաբերություն չունեցավ նրա հետ:
5 Այդ ընթացքում Ադոնիան՝+ Ագգիթի որդին, մեծամտորեն ասում էր. «Ե՛ս եմ թագավոր լինելու»: Նա մի կառք ձեռք բերեց և ծառայության վերցրեց ձիավորների, ինչպես նաև 50 մարդու, որոնք պետք է վազեին իր առջևից:+ 6 Բայց նրա հայրը ոչ մի անգամ չսաստեց նրան* ու չասաց. «Ինչո՞ւ ես այդպիսի բան արել»: Ադոնիայի մայրը նրան ծնել էր Աբիսողոմից հետո, և նա էլ էր շատ գեղեցիկ: 7 Ադոնիան խորհրդակցեց Հովաբի՝ Շարուհեայի որդու և Աբիաթար+ քահանայի հետ, և նրանք իրենց օգնությունն ու աջակցությունը առաջարկեցին Ադոնիային:+ 8 Բայց Սադոկ+ քահանան, Բանեան՝+ Հովիադայի որդին, Նաթան+ մարգարեն, Սեմեին,+ Ռեին և Դավթի զորեղ ռազմիկները+ չաջակցեցին Ադոնիային:
9 Մի օր Ադոնիան ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ և այլ ճարպոտ անասուններ զոհաբերեց+ Զոոլեթ քարի մոտ, որը Ենռոգելի մոտակայքում է, ու հրավիրեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց՝ թագավորի ծառաներին: 10 Սակայն Նաթան մարգարեին, Բանեային, Դավթի զորեղ ռազմիկներին և իր եղբորը՝ Սողոմոնին, չհրավիրեց: 11 Նաթանն+ ասաց Բերսաբեին՝+ Սողոմոնի մորը.+ «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝+ Ագգիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, ոչինչ չգիտի այդ մասին: 12 Եկ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և որդուդ՝ Սողոմոնի կյանքը:+ 13 Մտիր Դավիթ թագավորի մոտ ու ասա նրան. «Տե՛ր իմ թագավոր, չէ՞ որ դու երդվել ես քո աղախնին՝ ասելով. «Քո որդին՝ Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, և նա է նստելու իմ գահին»:+ Այդ դեպքում ինչո՞ւ է Ադոնիան թագավոր դարձել»: 14 Եվ երբ դու թագավորի հետ դեռ խոսելիս լինես, ես կգամ ու կհաստատեմ քո խոսքերը»:
15 Այսպիսով՝ Բերսաբեն մտավ թագավորի ննջասենյակ: Թագավորը շատ ծեր էր, և սունամացի Աբիսակը+ ծառայում էր նրան: 16 Բերսաբեն ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ: Թագավորը հարցրեց. «Ի՞նչ խնդրանքով ես եկել»: 17 Նա էլ պատասխանեց. «Տե՛ր իմ, դու քո Աստված Եհովայով երդվել ես աղախնիդ՝ ասելով. «Քո որդին՝ Սողոմոնն է թագավոր դառնալու ինձնից հետո, և նա է նստելու իմ գահին»:+ 18 Բայց Ադոնիան է թագավոր դարձել, իսկ իմ տեր թագավորը ոչինչ չգիտի այդ մասին:+ 19 Նա մեծ քանակությամբ ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ և այլ ճարպոտ անասուններ է զոհաբերել ու հրավիրել է թագավորի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զորագլուխ Հովաբին,+ բայց քո ծառա Սողոմոնին չի հրավիրել:+ 20 Եվ հիմա, ո՛վ իմ տեր թագավոր, ողջ Իսրայելի աչքերը քեզ են ուղղված. բոլորը սպասում են, որ հայտնես, թե քեզնից հետո ով է նստելու իմ տեր թագավորի գահին: 21 Այլապես, երբ իմ տեր թագավորը հանգչի իր նախահայրերի հետ, ես ու որդիս՝ Սողոմոնը, դավաճան կհամարվենք»:
22 Երբ Բերսաբեն դեռ խոսում էր թագավորի հետ, Նաթան մարգարեն ներս մտավ:+ 23 Թագավորին իսկույն տեղեկացրին. «Նաթան մարգարեն է եկել»: Նա մոտեցավ թագավորին ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 24 Նաթանն ասաց. «Տե՛ր իմ թագավոր, դու ասե՞լ ես, թե Ադոնիան է թագավորելու քեզնից հետո, և նա է նստելու քո գահին:+ 25 Այսօր նա գնացել է, որ մեծ քանակությամբ ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ և այլ ճարպոտ անասուններ զոհաբերի,+ ու հրավիրել է թագավորի բոլոր որդիներին, զորագլուխներին և Աբիաթար քահանային:+ Հիմա նրանք ուտում-խմում են նրա հետ ու բացականչում են. «Կեցցե՛ Ադոնիա թագավորը»: 26 Բայց ո՛չ ինձ՝ քո ծառային, ո՛չ Սադոկ քահանային, ո՛չ Բանեային՝+ Հովիադայի որդուն, ո՛չ էլ քո ծառա Սողոմոնին նա չի հրավիրել: 27 Ո՛վ տեր իմ թագավոր, դու այդպիսի բան անելու իրավունք տվե՞լ ես՝ առանց ինձ՝ ծառայիդ, հայտնելու, թե քեզնից հետո ով է նստելու իմ տեր թագավորի գահին»:
28 Դավիթ թագավորն ասաց. «Բերսաբեին ինձ մո՛տ կանչեք»: Նա էլ ներս մտավ ու կանգնեց թագավորի առաջ: 29 Թագավորը երդվեց ու ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով փրկել է ինձ բոլոր նեղություններից.+ 30 այսօր ես կանեմ այն, ինչ Իսրայելի Աստված Եհովայով երդվել եմ քեզ՝ ասելով. «Քո որդին՝ Սողոմոնն է ինձանից հետո թագավոր լինելու, և նա է իմ փոխարեն նստելու գահիս»»: 31 Այդ ժամանակ Բերսաբեն, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ և ասաց. «Թող իմ տեր Դավիթ թագավորը հավիտյան ողջ լինի»:
32 Դավիթ թագավորն անմիջապես հրամայեց. «Ինձ մո՛տ կանչեք Սադոկ քահանային, Նաթան մարգարեին և Բանեային՝+ Հովիադայի որդուն»: Եվ երբ նրանք եկան թագավորի մոտ,+ 33 նա ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրեք ծառաներիս, իմ ջորու վրա նստեցրեք որդուս՝ Սողոմոնին,+ ու նրան ուղեկցեք Գեհոն:+ 34 Սադոկ քահանան և Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր կօծեն:+ Ապա եղջերափող կհնչեցնեք ու կբացականչեք. «Կեցցե՛ Սողոմոն թագավորը»:+ 35 Հետո նա ձեր ուղեկցությամբ հետ կգա, կնստի իմ գահին և իմ փոխարեն թագավոր կլինի: Ես նրան Իսրայելի և Հուդայի առաջնորդ կնշանակեմ»: 36 Այդ ժամանակ Բանեան՝ Հովիադայի որդին, ասաց թագավորին. «Ամեն: Թող Եհովա Աստված հաստատի իմ տեր թագավորի խոսքերը: 37 Ինչպես որ Եհովան իմ տեր թագավորի հետ է եղել, այնպես էլ թող Սողոմոնի հետ լինի,+ և թող նրա գահը իմ տիրոջ՝ Դավիթ թագավորի գահից ավելի փառավոր դարձնի»:+
38 Այսպիսով՝ Սադոկ քահանան, Նաթան մարգարեն, Բանեան՝+ Հովիադայի որդին, քերեթցիներն ու փելեթցիները+ գնացին, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա+ ու տարան Գեհոն:+ 39 Սադոկ քահանան վրանից*+ վերցրեց յուղով լի եղջյուրն+ ու օծեց Սողոմոնին:+ Այնուհետև եղջերափող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը սկսեց բացականչել. «Կեցցե՛ Սողոմոն թագավորը»: 40 Դրանից հետո ժողովուրդը նրա հետևից գնաց: Մարդիկ սրինգ էին նվագում և մեծ ցնծությամբ ուրախանում էին, այնպես որ երկիրը ցնցվում* էր նրանց ձայներից:+
41 Ադոնիան և նրա բոլոր հյուրերը նոր էին վերջացրել ուտելը,+ երբ լսեցին այդ աղմուկը: Եղջերափողի ձայնը լսելով՝ Հովաբը հարցրեց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»: 42 Մինչ նա խոսում էր, եկավ Հովնաթանը՝+ Աբիաթար քահանայի որդին: Ադոնիան ասաց. «Նե՛րս մտիր, քանի որ դու լավ* մարդ ես ու լավ լուր բերած կլինես»: 43 «Ո՛չ,– պատասխանեց Հովնաթանը:– Մեր տեր Դավիթ թագավորը Սողոմոնին է թագավոր դարձրել: 44 Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարեին, Բանեային՝ Հովիադայի որդուն, քերեթցիներին ու փելեթցիներին ուղարկեց Սողոմոնի հետ. նրանք նստեցրին նրան թագավորի ջորու վրա ու գնացին:+ 45 Հետո Սադոկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում: Այնտեղից բոլորը ուրախանալով վերադարձան, ու քաղաքում իրարանցում սկսվեց: Հենց այդ աղմուկն է, որ լսում եք: 46 Եվ ասեմ, որ Սողոմոնն արդեն թագավորական գահին է: 47 Թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր Դավիթ թագավորին շնորհավորելու և ասացին. «Թող քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից ավելի փառավորի ու թող նրա գահը քո գահից ավելի փառավոր դարձնի»: Եվ թագավորը իր անկողնում խոնարհվեց Աստծու առաջ: 48 Ապա ասաց. «Փա՛ռք Իսրայելի Աստված Եհովային, ով այսօր այնպես արեց, որ իմ գահին նստող լինի, և թույլ տվեց, որ աչքերս տեսնեն դա»»:
49 Ադոնիայի բոլոր հյուրերը սարսափահար եղան: Նրանք վեր կացան, ու ամեն մեկը գնաց իր ճանապարհով: 50 Ադոնիան նույնպես վախեցավ Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից:+ 51 Սողոմոնին տեղեկացրին. «Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից: Նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից և ասում է. «Թող Սողոմոն թագավորը նախ երդվի ինձ, որ իր ծառային սրի չի քաշի»»: 52 Դա լսելով՝ Սողոմոնն ասաց. «Եթե նա արժանավայել կերպով վարվի, նրա գլխից մի մազ անգամ չի պակասի:+ Բայց եթե մի վատ բան անի, կմեռնի»: 53 Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց Ադոնիայի հետևից, և նրան իջեցրին զոհասեղանի մոտից: Ադոնիան եկավ ու խոնարհվեց Սողոմոն թագավորի առաջ, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»:
2 Երբ մոտեցավ Դավթի մահվան ժամը, նա այս հրահանգները տվեց իր որդուն՝ Սողոմոնին. 2 «Շուտով ես մահանալու եմ,* ուստի ուժե՛ղ ու քա՛ջ+ եղիր:+ 3 Կատարի՛ր քո Աստված Եհովայի հանդեպ ունեցած պարտավորություններդ. գնա՛ նրա ճանապարհներով, մի՛ անտեսիր նրա հիշեցումները և պահի՛ր նրա կանոնները, պատվիրաններն ու օրենքները այնպես, ինչպես որ դրանք գրված են Մովսեսի օրենքում:+ Այդ ժամանակ ինչ էլ որ անես և ուր էլ որ գնաս, հաջողության կհասնես:* 4 Եվ Եհովան կկատարի ինձ տված այս խոստումը. «Եթե քո որդիները ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և ողջ սրտով ու ողջ հոգով* հավատարմորեն ընթանան իմ ուղիներով,+ քո սերնդից միշտ կլինի մեկը,* ով կնստի Իսրայելի գահին»:+
5 Դու լավ գիտես, թե Շարուհեայի որդի Հովաբը ինչ արեց ինձ՝ ինչպես վարվեց Իսրայելի երկու զորագլուխների՝ Աբեների՝+ Ների որդու և Ամեսայի՝+ Հեթերի որդու հետ: Նա սպանեց նրանց ու խաղաղ ժամանակ արյուն թափեց,+ ինչպես պատերազմում, և նրա մեջքի գոտին ու ոտքերի սանդալները արյունով ներկվեցին: 6 Իմաստությա՛մբ վարվիր և թույլ մի՛ տուր, որ նա իր մահով մեռնի:*+
7 Բայց գաղաադցի Բերզելիի+ որդիների հանդեպ հավատարիմ սեր դրսևորիր, և թող նրանք տեղ ունենան քեզ հետ սեղան նստողների մեջ, քանի որ աջակցեցին ինձ,+ երբ ես փախչում էի քո եղբորից՝ Աբիսողոմից:+
8 Ասեմ նաև Բենիամինյաններից Գերայի որդու՝ բահուրիմցի Սեմեիի մասին, որն ապրում է քեզնից ոչ հեռու: Նա ինձ սարսափելի անեծքներով անիծեց+ այն օրը, երբ Մանայիմ+ էի գնում: Բայց երբ նա եկավ Հորդանանի մոտ՝ ինձ դիմավորելու, ես Եհովայով երդվեցի, որ սրի չեմ քաշի նրան:+ 9 Մի՛ թող, որ նա անպատիժ մնա:+ Դու իմաստուն մարդ ես և լավ գիտես, թե նրան ինչ անես. թույլ մի՛ տուր, որ նա իր մահով մեռնի»:*+
10 Դրանից հետո Դավիթը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ 11 Դավիթը Իսրայելի վրա թագավորեց 40 տարի. նա Քեբրոնում+ թագավորեց 7 տարի, իսկ Երուսաղեմում՝ 33 տարի:+
12 Այսպիսով՝ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին, և նրա թագավորական իշխանությունը աստիճանաբար հաստատուն դարձավ:+
13 Որոշ ժամանակ անց Ադոնիան՝ Ագգիթի որդին, գնաց Բերսաբեի՝ Սողոմոնի մոր մոտ: Բերսաբեն հարցրեց նրան. «Խաղաղությա՞մբ ես եկել»: «Խաղաղությամբ,– պատասխանեց նա 14 և ավելացրեց,– մի բան ունեմ քեզ ասելու»: Բերսաբեն էլ ասաց. «Խոսի՛ր»: 15 Ադոնիան ասաց. «Դու լավ գիտես, որ թագավորությունը իմն էր լինելու, և ողջ Իսրայելը ակնկալում էր,* որ ես էի թագավոր դառնալու:+ Սակայն ես գահ չբարձրացա, ու թագավորական իշխանությունն անցավ իմ եղբորը, որովհետև Եհովան այդպես էր կամենում:+ 16 Եվ հիմա միայն մի բան եմ խնդրում քեզանից: Մի՛ մերժիր ինձ»: Նա էլ պատասխանեց. «Խոսի՛ր»: 17 Ադոնիան ասաց. «Խնդրում եմ, Սողոմոն թագավորին ասա, որ սունամացի Աբիսակին+ ինձ կնության տա. նա քեզ չի մերժի»: 18 Բերսաբեն պատասխանեց. «Շատ լավ, ես կխոսեմ այդ մասին թագավորի հետ»:
19 Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ, որպեսզի խոսի նրա հետ Ադոնիայի մասին: Թագավորը անմիջապես ոտքի ելավ, որ դիմավորի նրան, ու խոնարհվեց նրա առաջ: Հետո նստեց գահին և կարգադրեց, որ իր մոր համար էլ գահ բերեն, որպեսզի իր աջ կողմը նստի: 20 Բերսաբեն ասաց նրան. «Ես փոքր խնդրանք ունեմ: Ինձ մի՛ մերժիր»: Թագավորն ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, քեզ չեմ մերժի»: 21 Նա էլ ասաց. «Թույլ տուր, որ սունամացի Աբիսակը կնության տրվի եղբորդ՝ Ադոնիային»: 22 Սողոմոն թագավորը պատասխանեց իր մորը. «Ինչո՞ւ ես Ադոնիայի համար սունամացի Աբիսակին խնդրում: Միանգամից թագավորությունը խնդրիր նրա համար.+ չէ՞ որ նա իմ ավագ եղբայրն է:+ Աբիաթար քահանան ու Հովաբն+ էլ՝ Շարուհեայի որդին, նրա աջակիցներն են»:+
23 Եվ Սողոմոն թագավորը երդվեց Եհովայով. «Թող Աստված խստորեն պատժի ինձ,* եթե Ադոնիան իր կյանքով չվճարի այս խնդրանքի համար: 24 Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով հաստատեց իմ իշխանությունը,+ ով նստեցրեց ինձ իմ հայր Դավթի գահին և տուն* հիմնեց ինձ համար,+ ինչպես որ խոստացել էր. այսօր ևեթ Ադոնիան կմեռնի»:+ 25 Սողոմոն թագավորը անմիջապես հրաման տվեց Բանեային՝+ Հովիադայի որդուն, որ գնա ու սպանի Ադոնիային: Այսպիսով՝ Ադոնիան մեռավ:
26 Իսկ Աբիաթար+ քահանային թագավորն ասաց. «Գնա՛ Անաթոթ՝+ քո կալվածք:* Դու մահվան ես արժանի, բայց այսօր ես չեմ սպանի քեզ, քանի որ իմ հոր՝ Դավթի առջևից Գերիշխան Տեր Եհովայի տապանակն ես տարել,+ և դու էլ իմ հոր հետ նույն նեղություններն ես կրել»:+ 27 Եվ Սողոմոնը Աբիաթար քահանային արգելեց ծառայել Եհովային որպես քահանա: Այսպես կատարվեց Հեղիի տան վերաբերյալ Սելովում+ Եհովայի ասած խոսքը:+
28 Երբ լուրը հասավ Հովաբին (Հովաբը թեև Աբիսողոմին չէր աջակցել,+ սակայն աջակցել էր Ադոնիային),+ նա փախավ մտավ Եհովայի վրանը+ ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից: 29 Սողոմոն թագավորին տեղեկացրին. «Հովաբը փախել մտել է Եհովայի վրանը և հիմա զոհասեղանի մոտ է»: Ուստի Սողոմոնը հրամայեց Բանեային՝ Հովիադայի որդուն. «Գնա՛ ու սպանի՛ր նրան»: 30 Բանեան Եհովայի վրանը մտավ ու ասաց Հովաբին. «Թագավորն ասում է. «Դո՛ւրս արի»»: Բայց նա պատասխանեց. «Ո՛չ, ես այստե՛ղ կմեռնեմ»: Բանեան վերադարձավ և նրա պատասխանը հաղորդեց թագավորին: 31 Այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Նրա ասածի պես արա՝ այնտե՛ղ սպանիր նրան, ապա թաղիր: Այդպիսով ինձ ու իմ հոր տունը կմաքրես Հովաբի՝ անարդարացիորեն թափած արյունից:+ 32 Եհովան նրանից հաշիվ կպահանջի իր թափած արյան համար,* որովհետև նա, առանց իմ հոր՝ Դավթի իմացության, իրենից արդար ու իրենից լավ երկու մարդ է սպանել՝ Իսրայելի զորքի հրամանատար+ Աբեներին՝+ Ների որդուն, և Հուդայի զորքի հրամանատար+ Ամեսային՝+ Հեթերի որդուն: 33 Հովաբն ու նրա սերունդը հավիտյան պատասխանատու կլինեն նրանց արյան համար,*+ իսկ Դավթին, նրա սերնդին, նրա տանն ու նրա գահին թող Եհովան հավիտյան խաղաղություն տա»: 34 Դրանից հետո Բանեան՝ Հովիադայի որդին, գնաց ու սպանեց Հովաբին և թաղեց անապատում գտնվող նրա տան մոտ: 35 Թագավորը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար նշանակեց Բանեային՝+ Հովիադայի որդուն, իսկ Սադոկ+ քահանան փոխարինեց Աբիաթարին:
36 Հետո թագավորը կանչել տվեց Սեմեիին+ ու ասաց. «Քեզ համար տուն կառուցիր և ապրիր այստեղ՝ Երուսաղեմում: Չհեռանաս քաղաքից: 37 Եթե հեռանաս ու անցնես Կեդրոնի հովիտը,+ հաստատ իմացիր, որ կմեռնես, և քո մահվան համար դո՛ւ պատասխանատու կլինես»:* 38 Սեմեին պատասխանեց թագավորին. «Ինչ որ ասացիր, արդարացի է: Ծառադ կանի այնպես, ինչպես ասաց իմ տեր թագավորը»: Եվ Սեմեին երկար ժամանակ ապրեց Երուսաղեմում:
39 Սակայն երեք տարի անց Սեմեիի ծառաներից երկուսը փախան Գեթի թագավոր Անքուսի+ մոտ, որը Մաաքայի որդին էր: Սեմեիին ասացին. «Ծառաներդ Գեթում են»: 40 Նա իսկույն թամբեց իր էշը և գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ նրանց փնտրելու: Երբ նա իր ծառաների հետ Գեթից վերադարձավ, 41 Սողոմոնին տեղեկացրին. «Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ ու վերադարձել»: 42 Թագավորը կանչել տվեց Սեմեիին և ասաց. «Մի՞թե քեզ Եհովայով երդվել չտվեցի ու չզգուշացրի՝ ասելով. «Այն օրը, երբ հեռանաս այստեղից և ուրիշ տեղ գնաս, հաստատ իմացիր, որ կմեռնես»: Դու էլ ինձ ասացիր, որ խոսքերս արդարացի են, և որ կհնազանդվես:+ 43 Ուրեմն ինչո՞ւ չպահեցիր Եհովայի առաջ տվածդ երդումն ու չենթարկվեցիր իմ հրամանին»: 44 Ապա թագավորն ասաց Սեմեիին. «Դու քո սրտում գիտես, թե ինչ չարիք ես գործել իմ հոր՝ Դավթի դեմ:+ Բայց Եհովան կհատուցի քեզ արածդ չարիքի դիմաց:+ 45 Իսկ Սողոմոն թագավորին Եհովան կօրհնի+ և Դավթի գահը հավիտենապես հաստատուն կդարձնի»: 46 Հետո թագավորը հրամայեց Բանեային՝ Հովիադայի որդուն, սպանել Սեմեիին, և նա դուրս եկավ ու սպանեց նրան:+
Այսպիսով՝ թագավորությունը հաստատուն դարձավ Սողոմոնի ձեռքում:+
3 Սողոմոնը բարեկամացավ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի հետ: Նա կնության առավ նրա դստերը+ ու բերեց Դավթի քաղաք:+ Փարավոնի դուստրն այնտեղ ապրեց, մինչև որ Սողոմոնը ավարտեց իր տան,+ Եհովայի տան+ ու Երուսաղեմը շրջապատող պարսպի շինարարությունը:+ 2 Սակայն ժողովուրդը շարունակում էր սրբավայրերում զոհեր մատուցել,+ որովհետև Եհովայի անվան համար դեռևս տուն չէր կառուցվել:+ 3 Սողոմոնը սիրում էր Եհովային և հնազանդվում էր իր հոր՝ Դավթի կանոններին, բայց սրբավայրերում էր զոհեր մատուցում ու դրանք այնտեղ էր այրում:+
4 Մի անգամ թագավորը զոհ մատուցելու համար գնաց Գաբաոն, որտեղ գլխավոր* սրբավայրն էր:+ Սողոմոնը զոհասեղանի վրա 1 000 ողջակեզ մատուցեց:+ 5 Գաբաոնում Եհովան գիշերով երազում հայտնվեց Սողոմոնին: Աստված ասաց նրան. «Խնդրիր ինձնից, ինչ ուզում ես»:+ 6 Սողոմոնն էլ ասաց. «Դու նվիրվածություն ու մեծ սեր* ես դրսևորել քո ծառա Դավթի՝ իմ հոր հանդեպ, որովհետև նա հավատարմությամբ, արդարությամբ ու մաքուր սրտով է ծառայել քեզ: Եվ դու մինչ օրս շարունակում ես առատորեն հավատարիմ սեր ցուցաբերել նրա հանդեպ. նրան մի որդի ես տվել, որը նստել է նրա գահին:+ 7 Ո՛վ իմ Աստված Եհովա, հիմա դու քո ծառային թագավոր ես դարձրել իմ հոր՝ Դավթի փոխարեն, թեև ես դեռ շատ երիտասարդ* եմ ու անփորձ:*+ 8 Ծառադ իշխում է քո ընտրյալ ժողովրդի+ վրա՝ մի բազմամարդ ժողովրդի, որին հնարավոր չէ հաշվել: 9 Ուստի հնազանդ սիրտ տուր ծառայիդ՝ քո ժողովրդին դատելու+ և բարին ու չարը տարբերելու համար,+ հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ դատել այս բազմաքանակ* ժողովրդին»:
10 Եհովային դուր եկավ, որ Սողոմոնը հենց այդ բանը խնդրեց:+ 11 Ուստի Աստված ասաց նրան. «Քանի որ դու չխնդրեցիր երկար կյանք,* հարստություն կամ թշնամիներիդ մահը, այլ խնդրեցիր հասկացողություն, որ արդարությամբ դատես,*+ 12 ես կկատարեմ քո խնդրանքը.+ իմաստուն ու հասկացող սիրտ կտամ քեզ,+ որ այնպիսի մարդ լինես, որի նմանը երբեք չի եղել ու չի լինի:+ 13 Քեզ կտամ նաև այն, ինչ չխնդրեցիր՝+ հարստություն ու փառք,+ և կյանքիդ ընթացքում* քեզ պես թագավոր չի լինի:+ 14 Եթե գնաս իմ ճանապարհներով՝ պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես որ քո հայր Դավիթն արեց,+ ես քեզ նաև երկար կյանք կտամ»:*+
15 Երբ Սողոմոնը զարթնեց, հասկացավ, որ դա երազ էր: Նա գնաց Երուսաղեմ, կանգնեց Եհովայի ուխտի տապանակի առաջ, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց+ և իր բոլոր ծառաների համար խնջույք արեց:
16 Մի անգամ երկու անբարո կանայք եկան ու կանգնեցին թագավորի առաջ: 17 Կանանցից մեկն ասաց. «Տե՛ր իմ, խնդրում եմ, լսիր ինձ: Ես ու այս կինը մի տան մեջ ենք ապրում: Ես որդի ծնեցի. այդ ժամանակ նա տանն էր: 18 Իմ ծննդաբերելուց հետո երրորդ օրը այս կինն էլ որդի ծնեց: Մենք միասին էինք. երկուսիցս բացի՝ տանը ոչ ոք չկար: 19 Գիշերը այս կինը քնած ժամանակ պառկել է իր որդու վրա, և երեխան մահացել է: 20 Կեսգիշերին, երբ քո աղախինը քնած է եղել, նա վեր է կացել, որդուս մոտիցս վերցրել ու իր ծոցն է դրել, իսկ իր մահացած որդուն իմ ծոցն է դրել: 21 Առավոտյան, երբ արթնացա, որ կերակրեմ որդուս, տեսա, որ նա մահացած է: Ուշադիր նայելուց հետո հասկացա, որ դա իմ ծնած որդին չէ»: 22 Բայց մյուս կինն ասաց. «Ո՛չ, ողջը ի՛մ որդին է, քոնը մեռածն է»: Սակայն առաջինն ասում էր. «Ո՛չ, մեռածը քո՛ որդին է, իմը ողջն է»: Եվ այսպես նրանք վիճում էին թագավորի առաջ:
23 Ի վերջո թագավորն ասաց. «Մեկն ասում է՝ «Ողջը ի՛մ որդին է, իսկ մեռածը՝ քո՛», մյուսն ասում է. «Ո՛չ, մեռածը քո՛ որդին է, իսկ ողջը՝ ի՛մ»»: 24 Եվ նա կարգադրեց. «Ինձ մի սո՛ւր տվեք»: Երբ թագավորի համար սուր բերեցին, 25 նա հրամայեց. «Երեխային երկու կե՛ս արեք: Կեսը տվեք մի կնոջը, կեսն էլ՝ մյուս»: 26 Այդ ժամանակ երեխայի մոր սիրտը ճմլվեց, և նա իսկույն սկսեց աղերսել թագավորին. «Խնդրում եմ, տե՛ր իմ, կենդանի մանկանը նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք»: Բայց մյուս կինն ասում էր. «Թող ո՛չ իմը լինի, ո՛չ էլ քոնը: Թող կիսե՛ն նրան»: 27 Այդ ժամանակ թագավորն ասաց. «Երեխային մի՛ սպանեք: Նրան առաջին կնո՛ջը տվեք, քանի որ նա է նրա մայրը»:
28 Բոլոր իսրայելացիները լսեցին թագավորի կայացրած դատավճռի մասին և ակնածանքով* լցվեցին թագավորի հանդեպ,+ քանի որ տեսան, որ Աստված իմաստություն է տվել նրան, որ արդարությամբ դատի:+
4 Սողոմոն թագավորը իշխում էր ամբողջ Իսրայելի վրա:+ 2 Նրա բարձրաստիճան պաշտոնյաներն* էին Ազարիան՝ Սադոկի+ որդին, որը քահանա* էր, 3 Ելիքորեփն ու Աքիան՝ Սիսայի որդիները, որոնք քարտուղարներ էին,+ Հովսափատը՝+ Աքիլուդի որդին, որը տարեգիրն էր, 4 Բանեան՝+ Հովիադայի որդին, որը զորքի հրամանատարն էր, Սադոկն ու Աբիաթարը,+ որոնք քահանաներ էին, 5 Ազարիան՝ Նաթանի+ որդին, որը փոխկառավարիչների վերակացուն էր, Զաբուդը՝ Նաթանի որդին, որը քահանա էր և թագավորի ընկերն էր,+ 6 Աքիսարը, որը պալատի վերակացուն էր, և Ադոնիրամը՝+ Աբդայի որդին, որը հարկադիր աշխատանք կատարողների վերակացուն էր:+
7 Սողոմոնը ամբողջ Իսրայելում 12 փոխկառավարիչ ուներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտելիք էր մատակարարում թագավորին ու արքունիքին:+ 8 Այդ փոխկառավարիչներն էին Հուրի որդին՝ նշանակված Եփրեմի լեռնային շրջանում, 9 Դակարի որդին՝ Մաքասում, Սալաբիմում,+ Բեթսամյուսում ու Ելոն-Բեթանանում, 10 Եսեդի որդին՝ Արաբոթում (նրա վերահսկողության տակ էին Սոքովն ու Օֆերի ամբողջ շրջանը), 11 Աբինադաբի որդին՝ Դորի ողջ բարձրավանդակում (Սողոմոնի դուստրը՝ Տաֆաթը, դարձավ նրա կինը), 12 Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մեգիդոյում+ և ամբողջ Բեթ-Սեանում,+ որը Սարթանի կողքին է՝ Հեզրայելից ներքև, Բեթ-Սեանից մինչև Աբել-Մաուլա և Հեկմամի+ շրջանը, 13 Գաբերի որդին՝ Ռամոթ-Գաղաադում+ (նրա վերահսկողության տակ էին Մանասեի որդու՝ Հայիրի+ վրանաշեն ավանները, որոնք Գաղաադում են.+ նա վերահսկում էր նաև Բասանում+ գտնվող Արգոբի շրջանը՝+ պարսպապատ 60 մեծ քաղաքներ՝ պղնձե նիգերով* կողպվող դարպասներով), 14 Ադդովի որդի Աքինադաբը՝ Մանայիմում,+ 15 Աքիմաասը՝ Նեփթաղիմում (նա կնության առավ Սողոմոնի դուստր Բասեմաթին), 16 Քուսի որդի Բաանան՝ Ասերում ու Բաալոթում, 17 Փարուայի որդի Հովսափատը՝ Իսաքարում, 18 Էլայի որդի Սեմեին՝+ Բենիամինում,+ 19 Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադում՝+ ամորհացիների Սեհոն+ թագավորի և Բասանի Օգ+ թագավորի երկրում: Երկրի այս բոլոր փոխկառավարիչներին վերահսկում էր մեկ այլ փոխկառավարիչ:
20 Հուդայի և Իսրայելի ժողովուրդը ծովեզերքի ավազահատիկների չափ մեծաթիվ էր.+ նրանք ուտում, խմում և ուրախանում էին:+
21 Սողոմոնը իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատից*+ մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը: Դրանք տուրք էին վճարում* Սողոմոնին և ծառայում էին նրան իր ողջ կյանքի ընթացքում:+
22 Յուրաքանչյուր օրվա համար Սողոմոնին մատակարարվում էր 30 քոռ* մանր աղացած* և 60 քոռ* սովորական ալյուր, 23 ախոռում կերակրված 10 խոշոր եղջերավոր անասուն, արոտավայրում արածած 20 խոշոր եղջերավոր անասուն, 100 ոչխար՝ չհաշված եղջերուները, այծեղջերուները, այծյամները և գիրացված կկուները: 24 Սողոմոնը իշխում էր Եփրատի*+ այս կողմում* գտնվող ողջ տարածքի վրա՝ Թափսայից մինչև Գազա:+ Նրան էին ենթարկվում գետի այս կողմում իշխող բոլոր թագավորները: Նա շրջակա բոլոր ազգերի հետ խաղաղ հարաբերություններ ուներ:+ 25 Սողոմոնի թագավորության ընթացքում Հուդայի և Իսրայելի բնակիչները Դանից մինչև Բերսաբեե ապահով էին ապրում. ամեն մեկը նստում էր իր խաղողի վազի և իր թզենու տակ:
26 Սողոմոնը 4 000* ախոռ ուներ, որոնք նախատեսված էին իր կառքերին լծվող ձիերի համար, ինչպես նաև 12 000 ձի:*+
27 Փոխկառավարիչներից յուրաքանչյուրն իր ամսին ուտելիք էր մատակարարում Սողոմոն թագավորին ու բոլոր նրանց, ովքեր հաց էին ուտում նրա սեղանից, և հոգ էր տանում, որ ոչ մի բանի պակասություն չլինի:+ 28 Նաև կառքերին լծվող ձիերի և մյուս ձիերի համար նրանք գարի ու հարդ* էին տանում այնտեղ, որտեղ կարիք կար. ամեն մեկը տանում էր իրեն հանձնարարվածի չափով:
29 Աստված Սողոմոնին հասկացող սիրտ* և ծովեզերքի ավազահատիկների չափ շատ իմաստություն ու խորաթափանցություն տվեց:+ 30 Սողոմոնի իմաստությունը գերազանցում էր բոլոր արևելցիների ու եգիպտացիների ողջ իմաստությունը:+ 31 Նա մյուս բոլոր մարդկանցից ավելի իմաստուն էր: Ավելի իմաստուն էր, քան Մավուլի որդիները՝ Եզրահյան Եթանը,+ Եմանը,+ Քալքոլը+ և Դարդան: Նրա համբավը տարածվեց շրջակա բոլոր ազգերի մեջ:+ 32 Սողոմոնը 3 000 առակ+ և 1 005 երգ հորինեց:+ 33 Նա խոսեց բույսերի* մասին՝ սկսած Լիբանանի մայրուց մինչև պատի վրա աճող զոպան,*+ խոսեց կենդանիների,+ թռչունների,*+ զեռունների*+ ու ձկների մասին: 34 Բոլոր ազգերից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի իմաստությունը, այդ թվում՝ երկրի բոլոր թագավորները, որոնք լսել էին նրա իմաստության մասին:+
5 Երբ Տյուրոսի+ թագավոր Քիրամը լսեց, որ Սողոմոնը հորից հետո թագավոր է օծվել, իր ծառաներին նրա մոտ ուղարկեց, որովհետև միշտ Դավթի ընկերն էր եղել:*+ 2 Սողոմոնն էլ այս խոսքը ուղարկեց Քիրամին.+ 3 «Դու գիտես, որ իմ հայրը՝ Դավիթը, չէր կարող տուն կառուցել իր Աստված Եհովայի անվան համար, քանի որ պատերազմներ էր մղում թշնամիների դեմ, որոնք հարձակվում էին ամեն կողմից, մինչև որ Եհովան նրա ոտքերի տակ դրեց նրանց:+ 4 Եվ հիմա իմ Աստված Եհովան ամեն կողմից ինձ խաղաղություն* է տվել.+ ո՛չ հակառակորդ կա, ո՛չ էլ աղետ է լինում:+ 5 Ուստի ես մտադիր եմ իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել, ինչպես որ Եհովան խոստացել է իմ հորը՝ Դավթին՝ ասելով. «Քո որդին է իմ անվան համար տուն կառուցելու՝ նա, ում քեզնից հետո նստեցնելու եմ գահիդ»:+ 6 Հրամայիր քո մարդկանց, որ ինձ համար Լիբանանի մայրիներ կտրեն:+ Իմ ծառաները կաշխատեն քո ծառաների հետ: Ես ծառաներիդ կվճարեմ քո սահմանած գնի չափով, որովհետև դու լավ գիտես, որ մեր մեջ սիդոնացիների նման ծառ կտրող չկա»:+
7 Լսելով Սողոմոնի խոսքերը՝ Քիրամը շատ ուրախացավ ու ասաց. «Թող այսօր փառաբանվի Եհովան, քանի որ Դավթին իմաստուն որդի է տվել, որպեսզի նա ղեկավարի այս մեծաթիվ* ժողովրդին»:+ 8 Ուստի Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մոտ, որ ասի. «Ինձ հայտնեցին քո խոսքերը: Ամեն ինչ կանեմ քո ուզածի պես՝ քեզ մայրու և գիհու գերաններ կտամ:+ 9 Իմ ծառաները դրանք Լիբանանից ծով կիջեցնեն, և ես դրանցից լաստեր կպատրաստեմ ու ծովով կուղարկեմ, ուր որ ասես: Այնտեղ կքանդեն դրանք, որ վերցնես: Իսկ դու փոխարենը իմ արքունիքը սննդով կապահովես»:+
10 Այսպիսով՝ Քիրամը Սողոմոնին նրա ուզածի չափ մայրու և գիհու գերաններ տվեց: 11 Իսկ Սողոմոնը սկսեց Քիրամի արքունիքն ապահովել սննդով. ամեն տարի նա Քիրամին տալիս էր 20 000 քոռ* ցորեն ու 20 քոռ* ընտիր ձիթապտղի յուղ:*+ 12 Եհովան Սողոմոնին իմաստություն տվեց, ինչպես որ խոստացել էր նրան:+ Քիրամն ու Սողոմոնը խաղաղ հարաբերություններ ունեին, և նրանք իրար հետ դաշինք կնքեցին:
13 Սողոմոն թագավորը ամբողջ Իսրայելից մարդիկ հավաքագրեց, որ հարկադիր աշխատանք կատարեն. աշխատողների թիվը 30 000 կազմեց:+ 14 Նրանց նա հերթով Լիբանան էր ուղարկում, ամեն ամիս՝ 10 000 մարդ: Մեկ ամիս նրանք աշխատում էին Լիբանանում, իսկ երկու ամիս իրենց տներում էին լինում: Հարկադիր աշխատանք կատարողների վերակացուն Ադոնիրամն էր:+ 15 Սողոմոնը 70 000 բանվոր* և 80 000 քարհատ+ ուներ լեռներում՝+ 16 չհաշված 3 300 գործավարներին,+ որոնք վերահսկում էին աշխատանքները: 17 Թագավորը նրանց հրամայեց արժեքավոր մեծ քարեր+ հատել և տաշել դրանք,+ որպեսզի տան հիմքը+ դրանցով գցվի: 18 Ուստի Սողոմոնի ու Քիրամի շինարարները, նաև գեբալացիները+ սկսեցին հատել քարերը և դրանք գերանների հետ պատրաստել տան շինարարության համար:
6 Իսրայելացիների՝* Եգիպտոսից դուրս գալուց հետո+ 480-րդ տարում՝ Իսրայելի վրա Սողոմոնի թագավորելու չորրորդ տարվա զիվ* ամսին,+ այսինքն՝ երկրորդ ամսին, Սողոմոնը սկսեց կառուցել Եհովայի տունը:*+ 2 Տունը,* որ Սողոմոն թագավորը կառուցեց Եհովայի համար, ուներ 60 կանգուն երկարություն, 20 կանգուն լայնություն և 30 կանգուն բարձրություն:*+ 3 Սրբության* առջև գտնվող նախասրահի երկարությունը* 20 կանգուն էր,+ ինչը հավասար էր տան լայնությանը: Իսկ նախասրահի լայնությունը, տան ճակատից հաշված, 10 կանգուն* էր:
4 Տան համար Սողոմոնը պատուհաններ շինեց,+ որոնց խորշերը դեպի դուրս նեղանում էին: 5 Նաև տան պատերին կից՝ ամբողջ տան շուրջը,* մի կողաշենք կառուցեց. այն ձգվում էր Սրբության* և Սրբությունների Սրբության* պատերի շուրջը:+ Կողաշենքի ներսում ողջ երկայնքով նա սենյակներ կառուցեց:+ 6 Կողաշենքի* առաջին հարկի սենյակների լայնությունը հինգ կանգուն* էր, երկրորդ հարկի սենյակներինը՝ վեց կանգուն,* իսկ երրորդ հարկի սենյակներինը՝ յոթ կանգուն.* տան շուրջբոլորը եղող պատերը նա այնպես շարեց, որ դրանք աստիճանաձև բարձրանան վերև, որպեսզի պատերի մեջ ոչինչ չտեղադրվի:+
7 Տունը քարհանքում տաշված քարերից էր կառուցվում,+ ուստի շինարարության ժամանակ ո՛չ մուրճի ձայն էր լսվում, ո՛չ կացնի, ո՛չ էլ որևէ այլ երկաթե գործիքի: 8 Կողաշենքի առաջին հարկի մուտքը տան հարավային* կողմում էր:+ Ոլորապտույտ սանդուղքը երկրորդ հարկ էր տանում, երկրորդից էլ՝ երրորդ հարկ: 9 Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը և ավարտեց այն:+ Նա տանիքը կառուցեց մայրու փայտից պատրաստված չորսուներով* և մայրու տախտակներով:+ 10 Սողոմոնը կողմնային սենյակները կառուցեց տան ողջ երկայնքով,+ յուրաքանչյուրը՝ հինգ կանգուն բարձրությամբ: Դրանք մայրու փայտից պատրաստված չորսուներով միացված էին տանը:
11 Այդ ընթացքում Եհովան ասաց Սողոմոնին. 12 «Եթե հետևես իմ կանոններին, իրագործես իմ դատավճիռները, պահես իմ բոլոր պատվիրաններն ու առաջնորդվես դրանցով,+ ես կկատարեմ քեզ վերաբերող այն խոստումը, որ տվել եմ քո հորը՝ Դավթին՝ կապված այս տան հետ, որը դու կառուցում ես:+ 13 Ես կբնակվեմ իսրայելացիների մեջ+ ու չեմ լքի Իսրայելին՝ իմ ժողովրդին»:+
14 Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը և ավարտեց այն: 15 Տան պատերը հատակից մինչև առաստաղ նա ներսից երեսպատեց մայրու տախտակներով, իսկ տան հատակը՝ գիհու տախտակներով:+ 16 Հետո տան հետևի պատից չափեց 20 կանգուն և այդ հատվածը առանձնացրեց մայրու տախտակներով՝ հատակից մինչև առաստաղ. տան ներսում նա կառուցեց խորքի սենյակը՝+ Սրբությունների Սրբությունը:+ 17 Տան առջևի մասը՝ Սրբությունը,*+ 40 կանգուն* էր: 18 Տան ներսում՝ մայրու փայտերի վրա, փորագրված էին բացված ծաղիկների+ ու վայրի ձմերուկների նախշեր:+ Ամեն ինչ երեսպատված էր մայրու փայտով. ոչ մի քար չէր երևում:
19 Սողոմոնը տան ներսում պատրաստեց խորքի սենյակը,+ որպեսզի Եհովայի ուխտի տապանակն այնտեղ դրվի:+ 20 Այդ սենյակն ուներ 20 կանգուն երկարություն, 20 կանգուն լայնություն և 20 կանգուն բարձրություն:*+ Նա այն պատեց մաքուր ոսկով, իսկ խնկարկության սեղանը՝+ մայրու փայտով: 21 Սողոմոնը տունը ներսից մաքուր ոսկով պատեց+ և ոսկե շղթա անցկացրեց խորքի սենյակի դիմացով.+ այդ սենյակը նույնպես ոսկով էր պատված: 22 Տունը նա ամբողջությամբ ոսկով պատեց, ամբողջությամբ ոսկով պատեց նաև խնկարկության սեղանը,+ որը խորքի սենյակի մոտ էր:
23 Խորքի սենյակում Սողոմոնը սոճու* փայտից երկու քերովբե+ պատրաստեց, յուրաքանչյուրը՝ տասը կանգուն բարձրությամբ:+ 24 Առաջին քերովբեի յուրաքանչյուր թևը հինգ կանգուն էր: Մի թևի ծայրից մյուս թևի ծայրը տասը կանգուն էր: 25 Երկրորդ քերովբեի մի թևի ծայրից մյուս թևի ծայրը ևս տասը կանգուն էր: Երկու քերովբեներն էլ նույն չափն ու ձևն ունեին: 26 Յուրաքանչյուր քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր: 27 Հետո նա քերովբեները+ խորքի սենյակում* դրեց: Քերովբեների թևերը լայն բացված էին, այնպես որ մեկի թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդինը՝ մյուս պատին: Նրանց մյուս թևերը սենյակի մեջտեղում իրար էին դիպչում: 28 Քերովբեները նա ոսկով պատեց:
29 Տան երկու սենյակների բոլոր պատերի վրա Սողոմոնը քերովբեների պատկերներ+ և արմավենիների+ ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց,+ 30 իսկ սենյակների հատակը ոսկով պատեց: 31 Խորքի սենյակի մուտքի համար նա պատրաստեց դռներ, որոնք սոճու փայտից էին, ինչպես նաև կողմնասյուներ և դռների կողափայտեր. մուտքը մեկ հինգերորդ մասն էր:* 32 Սոճու փայտից պատրաստված երկու դռների վրա նա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դռները ոսկով պատեց: Քերովբեների պատկերներն ու արմավենիների նախշերը նա պատեց ոսկու նրբաթիթեղով: 33 Նույն ձևով Սողոմոնը սոճու փայտից կողափայտեր պատրաստեց Սրբության* մուտքի համար, որը մեկ չորրորդ մասն էր:* 34 Նաև գիհու փայտից երկու դուռ պատրաստեց: Յուրաքանչյուր դուռ ուներ երկու փեղկ,+ որոնք պտտվում էին ծխնիների* վրա: 35 Նա դռների վրա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դրանք պատեց ոսկու նրբաթիթեղով:
36 Սողոմոնը ներսի գավիթի*+ պատը կառուցեց երեք շարք տաշված քարերով և մեկ շարք մայրու գերաններով:+
37 Այսպիսով՝ 4-րդ տարվա զիվ* ամսին դրվեց Եհովայի տան հիմքը,+ 38 իսկ 11-րդ տարվա բուլ,* այսինքն՝ 8-րդ ամսին ամբողջ շինարարությունն ավարտվեց. ամեն ինչ մանրամասնորեն արվեց ըստ նախագծի:+ Սողոմոնը տաճարը կառուցեց 7 տարում:
7 Սողոմոնը իր համար էլ տուն* կառուցեց:+ Ողջ շինարարությունը* նա ավարտին հասցրեց 13 տարում:+
2 Սողոմոնը կառուցեց նաև Լիբանանի անտառի տուն կոչվող շինությունը՝+ 100 կանգուն երկարությամբ, 50 կանգուն լայնությամբ և 30 կանգուն բարձրությամբ:* Տունը կառուցված էր չորս շարքով կանգնեցված սյուների վրա, որոնք մայրու փայտից էին պատրաստված, և դրանց վրա մայրու փայտից+ չորսուներ* կային: 3 Սյուների վրա դրված երկայնական հեծանների* վերևի հատվածում տունը երեսպատված էր մայրու տախտակներով. դրանց* թիվը ընդհանուր հաշվով 45 էր, ամեն շարքում՝ 15 տախտակ: 4 Շենքն ուներ շրջանակներով պատուհաններ՝ երեք շարքով: Յուրաքանչյուր պատուհանի հանդիպակաց կողմում մեկ ուրիշ պատուհան կար: 5 Հանդիպակաց եռաշար պատուհանների շրջանակների պես բոլոր մուտքերի դռներն ու կողափայտերը քառանկյուն* էին:
6 Սողոմոնը կառուցեց Սյուների սրահը, որի երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 30 կանգուն:* Այդ սրահի առաջ նախասրահ կար՝ սյուներով և ծածկով:
7 Նա կառուցեց նաև Գահի+ սրահը, այսինքն՝ Ատյանի սրահը, որտեղ դատեր էր վարելու:+ Հատակից մինչև առաստաղի չորսուները սրահը երեսպատեցին մայրու փայտով:
8 Տունը, որտեղ Սողոմոնը պետք է ապրեր, ուրիշ գավիթում էր՝+ Սրահի* հետևում: Այն նույն ձևով էր կառուցված: Այս Սրահի նման նա մի տուն էլ կառուցեց փարավոնի դստեր համար, որին կնության էր առել:+
9 Այս բոլոր շինությունները հիմքից մինչև պատի վերնամասը, ինչպես նաև դրսի մասը ընդհուպ մինչև մեծ գավիթ արժեքավոր քարերից+ էին կառուցված, որոնք կտրված էին ըստ չափի և քարի սղոցով բոլոր կողմերից տաշված էին:+ 10 Հիմքը դրված էր շատ մեծ և արժեքավոր քարերով. որոշ քարեր տասը կանգուն* էին, որոշ քարեր էլ՝ ութ:* 11 Իսկ դրանց վրա ուրիշ արժեքավոր քարեր էին դրված՝ կտրված ըստ չափի: Նաև մայրու փայտ էր օգտագործված: 12 Մեծ գավիթի շուրջբոլորը երեք շարք տաշված քարերով և մեկ շարք մայրու չորսուներով պատ էր շարված, ինչպես որ Եհովայի տան ներսի գավիթի+ ու դրա նախասրահի+ շուրջբոլորն էր:
13 Սողոմոն թագավորը Տյուրոսից կանչել տվեց Քիրամին:+ 14 Նա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր, իսկ նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր:+ Քիրամը հմուտ ու փորձառու վարպետ էր և պղնձի* հետ կապված ամեն տեսակ գործից լավ հասկանում էր:+ Այսպիսով՝ նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա հանձնարարած բոլոր գործերը:
15 Քիրամը պղնձից երկու սյուն ձուլեց:+ Յուրաքանչյուրի բարձրությունը 18 կանգուն էր, իսկ շրջագիծը, լարով չափած, 12 կանգուն:*+ 16 Նա պղնձե երկու խոյակ* ձուլեց սյուների գլխին դնելու համար: Խոյակներից յուրաքանչյուրը հինգ կանգուն* էր: 17 Սյուների խոյակները զարդարված էին ցանցաձև և շղթայաձև հյուսվածքներով.+ յոթը մի խոյակի վրա էին, և յոթը՝ մյուս: 18 Սյունախոյակները զարդարելու համար նա նռներ պատրաստեց ու երկու շարքով շարեց յուրաքանչյուր հյուսվածքի շուրջը: Երկու սյունախոյակներն էլ նա այդպես զարդարեց: 19 Նախասրահի սյուների խոյակների՝ չորս կանգուն* չափով հատվածը շուշանաձև էր: 20 Երկու սյունախոյակների շուշանաձև հատվածը ուռուցիկ մասի վերևում էր՝ այն մասի, որը զարդարված էր ցանցաձև հյուսվածքով, և որի շուրջը շարքերով 200 նուռ կար:+
21 Քիրամը սյուները կանգնեցրեց տաճարի* նախասրահի մոտ:+ Մի սյունը կանգնեցրեց աջ* կողմում և կոչեց Հաքին,* իսկ մյուսը կանգնեցրեց ձախ* կողմում և կոչեց Բոոս:*+ 22 Սյուների վերնամասը շուշանաձև էր: Այսպիսով՝ սյուների հետ կապված աշխատանքներն ավարտվեցին:
23 Հետո նա ձուլածո կլոր ավազան պատրաստեց, որը կոչվում է ծով:+ Դրա մի եզրից մյուսը 10 կանգուն էր, բարձրությունը՝ 5 կանգուն, իսկ շրջագիծը, լարով չափած, 30 կանգուն էր:*+ 24 Եզրից ներքև՝ ծովի շուրջբոլորը, վայրի ձմերուկի նախշեր կային,+ յուրաքանչյուր մեկ կանգուն հատվածում՝ տասը նախշ: Ծովն ու դրա վրա արված երկու շարք նախշերը միաձույլ էին: 25 Այն դրված էր պղնձե 12 ցլերի վրա,+ որոնցից 3-ը նայում էին հյուսիս, 3-ը՝ արևմուտք, 3-ը՝ հարավ, և 3-ը՝ արևելք: Ծովը ցլերի վրա էր, և ցլերի հետնամասերը դեպի կենտրոնն էին ուղղված: 26 Ծովի պատի հաստությունը ձեռքի ափի լայնության* չափ էր, իսկ եզրը գավաթի եզրի պես էր արված՝ շուշան ծաղկի նման: Ծովի տարողությունը 2 000 մար* էր:
27 Հետո նա պղնձե տասը սայլ* պատրաստեց.+ ամեն մի սայլի երկարությունն ու լայնությունը չորս կանգուն էին, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն:* 28 Սայլերն այսպես էին պատրաստված. դրանց կողմնապատերը սալիկներից էին կազմված, և սալիկները շրջանակների մեջ էին առնված: 29 Կողմնապատերի սալիկների վրա առյուծներ,+ ցլեր և քերովբեներ+ էին պատկերված: Նույն բաները պատկերված էին նաև շրջանակների վրա: Իսկ առյուծներից ու ցլերից վերև ու ներքև գեղազարդային ուռուցիկ քանդակներ էին արված: 30 Սայլերից ամեն մեկը պղնձե չորս անիվ ու պղնձե սռնիներ* ուներ, որոնք ամրացված էին անկյունային չորս հենաձողերին: Ավազանի տակի հենաձողերը և դրանք զարդարող գեղազարդային քանդակները միաձույլ էին: 31 Ավազանի բերանը կլոր շրջանակի մեջ էր առնված: Ավազանի հատակից մինչև կլոր շրջանակը մեկ կանգուն* էր: Կլոր շրջանակը հենաձողերի հետ մեկուկես կանգուն* բարձրություն ուներ և ծառայում էր որպես հենակալ: Այդ շրջանակի վրա քանդակներ կային: Սալիկները քառանկյուն էին, ոչ թե կլոր: 32 Չորս անիվները կողմնապատերի տակ էին, իսկ անիվների սռնիները ամրացված էին սայլին: Յուրաքանչյուր անվի տրամագիծը մեկուկես կանգուն էր: 33 Այդ անիվները սովորական կառքի անիվների նման էին սարքված: Դրանց բոլոր կցորդիչները, անվագոտիները, ճաղերն ու անվակունդերը* ձուլածո էին: 34 Ամեն մի սայլի չորս անկյուններում չորս հենաձողեր կային: Այդ հենաձողերը սայլի հետ միաձույլ էին: 35 Սայլի վերնամասում կես կանգուն* լայնությամբ կլոր շրջանակ՝ օղակապ կար, և սայլի վերևի մասում եղող շրջանակներն ու սալիկները սայլի հետ միաձույլ էին: 36 Հետո, հաշվի առնելով առկա տարածությունը, Քիրամը շրջանակների ու սալիկների վրա քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ փորագրեց և շուրջբոլորը գեղազարդային քանդակներ արեց:+ 37 Տասը սայլերը նա այդպես պատրաստեց:+ Բոլորն էլ միևնույն ձուլվածքն ունեին՝+ նույն չափն ու ձևը:
38 Քիրամը նաև տասը պղնձե ավազան պատրաստեց:+ Ամեն մի ավազանի տարողությունը 40 մար* էր, իսկ տրամագիծը չորս կանգուն էր: Տասը սայլերից յուրաքանչյուրի վրա մեկ ավազան կար: 39 Ապա նա հինգ սայլը դրեց տան աջ կողմում, մյուս հինգ սայլը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տան աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք:+
40 Քիրամը+ պատրաստեց նաև տաշտեր, բահեր+ ու թասեր:+
Այսպիսով՝ Քիրամն ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները, որոնք նա անում էր Սողոմոն թագավորի համար:+ 41 Նա պատրաստեց երկու սյուները+ և երկու գավաթաձև խոյակները, որ երկու սյուների վրա էին, երկու գավաթաձև սյունախոյակները զարդարող ցանցաձև հյուսվածքները,+ 42 երկու սյունախոյակների հյուսվածքների վրայի 400 նռները+ (երկու շարք՝ ամեն մի հյուսվածքի վրա. դրանք զարդարում էին երկու գավաթաձև սյունախոյակները), 43 տասը սայլերն+ ու սայլերի վրայի տասը ավազանները,+ 44 ծովը+ և այն պահող 12 ցլերը, 45 նաև դույլերը, բահերը, թասերն ու մյուս բոլոր պիտույքները: Այս ամենը, որ Քիրամը Սողոմոն թագավորի ասածով պատրաստեց Եհովայի տան համար, փայլեցված պղնձից էր: 46 Թագավորը դրանք կավե կաղապարների մեջ ձուլեց Հորդանանի շրջանում,* որը Սոկքոթի և Սարթանի միջև է:
47 Պիտույքներն այնքան շատ էին, որ Սողոմոնը չկշռեց դրանք, ուստի պղնձի կշիռը հայտնի չեղավ:+ 48 Սողոմոնը պատրաստեց Եհովայի տան բոլոր պատկանելիքները՝ խնկարկության ոսկե սեղանը,*+ Նրա առաջ դրվող հացերի ոսկե սեղանը,+ 49 մաքուր ոսկուց ճրագակալները+ (հինգը՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում՝ խորքի սենյակի առաջ), ոսկե ծաղիկներն+ ու ճրագները, այրված պատրույգը հանելու ունելիները,+ 50 մաքուր ոսկուց տարաները, պատրույգի մկրատները,+ թասերը, անոթները,+ այրուքի ամանները*+ և ոսկե փոսիկները, որոնց մեջ հագնում էին ներքին սենյակի,+ այսինքն՝ Սրբությունների Սրբության, ինչպես նաև Սրբության* դռների ծխնիները:+
51 Այսպիսով՝ Սողոմոն թագավորը ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները: Այնուհետև նա իր հայր Դավթի նվիրաբերած* իրերը՝+ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու Եհովայի տան գանձարաններում դրեց:+
8 Այդ ժամանակ Սողոմոն թագավորը իր մոտ հավաքեց+ Իսրայելի երեցներին՝ Իսրայելի ցեղերի բոլոր գլուխներին+ ու գերդաստանների գլուխներին. նրանք եկան Երուսաղեմ՝ Սողոմոն թագավորի մոտ, որպեսզի Եհովայի ուխտի տապանակը Դավթի քաղաքից՝+ Սիոնից+ տեղափոխեն: 2 Իսրայելի բոլոր տղամարդիկ հավաքվեցին Սողոմոն թագավորի մոտ տոնի* ժամանակ՝ անթանի,* այսինքն՝ յոթերորդ ամսին:+ 3 Երբ Իսրայելի բոլոր երեցները եկան, քահանաները բարձրացրին տապանակը:+ 4 Նրանք տարան Եհովայի տապանակը, հանդիպման վրանը+ և վրանում եղող բոլոր սուրբ իրերը. դրանք տեղափոխեցին քահանաներն ու ղևտացիները:* 5 Սողոմոն թագավորն ու նրա մոտ հավաքված բոլոր իսրայելացիները տապանակի առջևում էին և անթիվ-անհամար ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ էին զոհաբերում:+
6 Այսպիսով՝ քահանաները Եհովայի ուխտի տապանակը տարան դրա համար նախատեսված տեղը՝+ տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբություն, և դրեցին քերովբեների թևերի տակ:+
7 Քերովբեների թևերը տարածվում էին այն հատվածի վրա, որտեղ տապանակն էր, և ամպհովանու պես ծածկում էին տապանակն ու դրա ձողերը:+ 8 Ձողերն+ այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին խորքի սենյակի առջևում գտնվող Սրբությունից, բայց դրսից չէին երևում: Դրանք մինչ օրս այնտեղ են: 9 Տապանակի մեջ միմիայն երկու քարե տախտակներն էին,+ որոնք Մովսեսը այնտեղ էր դրել+ Քորեբում, երբ Եհովան ուխտ* էր կապել+ Իսրայելի ժողովրդի հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ:+
10 Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից, Եհովայի տունը+ ամպով լցվեց:+ 11 Քահանաները ամպի պատճառով չկարողացան այնտեղ մնալ և կատարել իրենց ծառայությունը, քանի որ Եհովայի փառքը լցրել էր Եհովայի տունը:+ 12 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Եհո՛վա, դու ասացիր, որ թանձր խավարում ես բնակվելու:+ 13 Ես քեզ համար մի վեհապանծ տուն եմ կառուցել՝ մնայուն տեղ, որ հավիտյան այնտեղ բնակվես»:+
14 Ապա թագավորը շրջվեց և օրհնեց Իսրայելի ժողովին. Իսրայելի ամբողջ ժողովը կանգնած էր:+ 15 Սողոմոնն ասաց. «Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն, ով իր բերանով խոստում տվեց իմ հորը՝ Դավթին, և իր ձեռքով կատարեց խոստացածը: Նա ասել էր. 16 «Այն օրից, երբ իմ ժողովրդին՝ Իսրայելին, Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ իմ անունը պատվելու համար տուն կառուցվի այնտեղ,+ այլ ընտրեցի Դավթին, որ ղեկավարի իմ ժողովրդին՝ Իսրայելին»: 17 Եվ իմ հայր Դավիթը իր ողջ սրտով ցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել:+ 18 Սակայն Եհովան ասաց իմ հայր Դավթին. «Դու քո ողջ սրտով ցանկացար իմ անվան համար տուն կառուցել, և լավ է, որ այդ ցանկությունն ունես քո սրտում, 19 բայց դո՛ւ չես կառուցելու տունը, այլ քո որդին, որին կունենաս,* նա է իմ անվան համար տուն կառուցելու»:+ 20 Եհովան կատարել է իր խոստումը. ես հաջորդել եմ իմ հորը ու նստել Իսրայելի գահին, ճիշտ ինչպես որ Եհովան խոստացել էր: Ես նաև Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն եմ կառուցել+ 21 և այդ տանը տեղ եմ պատրաստել տապանակի համար, որտեղ Եհովայի ուխտի տախտակներն են,+ այն ուխտի, որը նա կապեց մեր նախահայրերի հետ, երբ նրանց հանեց Եգիպտոսից»:
22 Ապա Սողոմոնը կանգնեց Եհովայի զոհասեղանի դիմաց՝ Իսրայելի ողջ ժողովի առաջ, ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց+ 23 ու ասաց. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, քեզ պես Աստված չկա+ ո՛չ վերևում՝ երկնքում, և ո՛չ էլ ներքևում՝ երկրի վրա: Դու պահում ես քո ուխտը և հավատարիմ սեր ես ցուցաբերում+ ծառաներիդ հանդեպ, որոնք ամբողջ սրտով քայլում են քո ճանապարհներով:+ 24 Դու կատարեցիր քո խոստումը, որը տվել էիր ծառայիդ՝ իմ հայր Դավթին: Քո բերանով խոստում տվեցիր և այսօր քո ձեռքով կատարեցիր այն:+ 25 Իսկ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, կատարիր իմ հայր Դավթին տվածդ այս խոստումը. «Քո սերնդից իմ առաջ միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին, եթե միայն որդիներդ ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և ընթանան իմ ուղիներով, ինչպես որ դու ընթացար»:+ 26 Ո՛վ Իսրայելի Աստված, խնդրում եմ, թող քո ծառային՝ իմ հայր Դավթին տվածդ խոստումը իրականություն դառնա:
27 Բայց մի՞թե Աստված երկրի վրա կապրի:+ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարունակել քեզ,+ ուր մնաց թե իմ կառուցած այս տունը:+ 28 Այժմ ուշադրություն դարձրու ծառայիդ աղոթքին ու բարեհաճությունդ ստանալու աղաչանքին, ո՜վ իմ Աստված Եհովա, և լսիր քո ծառայի օգնության աղաղակն ու աղոթքը, որ նա այսօր մատուցում է քո առաջ: 29 Թող քո աչքերը գիշեր ու ցերեկ այս տան վրա լինեն՝ այն տեղի, որի համար ասացիր, թե՝ «Այնտեղ կլինի իմ անունը»,+ որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ նա, շրջվելով դեպի այս վայրը, կմատուցի քեզ:+ 30 Լսիր ծառայիդ աղերսանքը ու ժողովրդիդ՝ Իսրայելի աղաչանքը, երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը: Լսիր քո բնակության վայրից՝ երկնքից,+ լսիր ու ներիր:+
31 Երբ մի մարդ մեղք գործի ինչ-որ մեկի դեմ, ու վերջինս նրան երդում անել տա,* և երդման* պարտավորության տակ եղող մարդը գա ու այս տանը՝ քո զոհասեղանի առաջ կանգնի,+ 32 լսիր երկնքից, միջամտիր ու դատիր քո ծառաներին. անօրենին մեղավոր ճանաչիր և հատուցիր նրան ըստ իր արածի, իսկ արդարին անմեղ ճանաչիր և վարձատրիր նրան ըստ իր արդարության:+
33 Երբ քո ժողովուրդը՝ Իսրայելը, քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով իր թշնամուց պարտություն կրի,+ բայց վերադառնա քեզ մոտ ու փառաբանի քո անունը,+ աղոթի ու քո բարեհաճությունն աղերսի այս տանը,+ 34 լսիր երկնքից ու ներիր քո ժողովրդի՝ իսրայելացիների մեղքը, վերադարձրու նրանց այն երկիր, որը տվել ես նրանց նախահայրերին:+
35 Երբ նրանք քո դեմ շարունակ մեղք գործեն,+ ու այդ պատճառով երկինքը փակվի ու անձրև չգա,+ և երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը, փառաբանեն քո անունը և դադարեն մեղք գործելուց, քանի որ դու խոնարհեցրած* կլինես նրանց,+ 36 լսիր երկնքից ու ներիր քո ծառաների՝ իսրայելացիների մեղքը: Սովորեցրու նրանց ճիշտ ճանապարհը,+ որով պետք է ընթանան, և անձրև բեր քո երկրի վրա,+ որը իբրև ժառանգություն տվել ես քո ժողովրդին:
37 Եթե երկրում սով լինի+ կամ համաճարակ, տոթակեզ քամի, ալրացող,*+ թևավոր մորեխներ կամ անկուշտ մորեխներ* լինեն, եթե թշնամին պաշարի նրանց իրենց քաղաքներից մեկում, և ինչ տեսակ պատուհաս կամ հիվանդություն էլ որ լինի,+ 38 և որևէ մեկը կամ քո ամբողջ ժողովուրդը՝ Իսրայելը, քեզ աղոթի կամ քո բարեհաճությունը աղերսի+ (ամեն մեկն ինքը գիտի իր սրտի ցավը)+ և իր ձեռքերը դեպի այս տունը տարածի, 39 լսիր երկնքից՝ քո բնակության վայրից,+ ներիր,+ միջամտիր ու ամեն մեկին իր ճանապարհների համաձայն վարձատրիր+ (քանի որ դու գիտես նրանց սիրտը, այո՛, միայն դու իսկապես գիտես յուրաքանչյուր մարդու սիրտը),+ 40 որպեսզի նրանք վախենան* քեզանից այն ողջ ժամանակ, որ ապրում են մեր նախահայրերին տվածդ երկրում:
41 Եթե մի օտարազգի, որ քո ժողովրդից՝ Իսրայելից չէ, լսելով քո անվան* մասին, գա հեռու երկրից+ 42 (որովհետև օտարազգիները կլսեն քո մեծ անվան,+ քո զորավոր ձեռքի ու հզոր* բազկի մասին) ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթի, 43 դու լսիր երկնքից՝ քո բնակության վայրից,+ և արա այն ամենը, ինչ օտարազգին կխնդրի քեզ, որպեսզի երկրի բոլոր ժողովուրդները իմանան քո անունը,* վախենան քեզանից,+ ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և որպեսզի իմանան, որ քո անունով է կոչվում իմ կառուցած այս տունը:
44 Եթե քո ժողովրդին պատերազմի ուղարկես իր թշնամու դեմ՝+ անկախ նրանից, թե ուր, և ժողովուրդդ, ո՛վ Եհովա, շրջվելով դեպի քո ընտրած քաղաքը+ և դեպի այս տունը, որ կառուցել եմ քո անվան համար,+ աղոթի քեզ,+ 45 լսիր երկնքից նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ:
46 Եթե նրանք մեղք գործեն քո դեմ (քանի որ չկա մի մարդ, որ մեղք չգործի),+ և դու բարկանաս նրանց վրա ու թշնամու ձեռքը մատնես, և թշնամին գերեվարի նրանց իր երկիր՝ հեռու թե մոտիկ,+ 47 ու եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվել,+ և քեզ մոտ վերադառնալով՝+ բարեհաճությունդ աղերսեն ու ասեն իրենց գերության երկրում՝+ «Մենք մեղք ենք գործել, սխալվել ենք ու չարիք ենք արել»,+ 48 եթե իրենց գերեվարած թշնամիների երկրում նրանք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով վերադառնան քեզ մոտ+ և աղոթեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց նախահայրերին, դեպի այն քաղաքը, որը ընտրել ես, և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար,+ 49 երկնքից՝ քո բնակության վայրից,+ լսիր նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ, 50 ներիր ժողովրդիդ, որը մեղք է գործել քո դեմ: Ներիր քո հանդեպ գործած նրա բոլոր հանցանքները: Դու գութ կարթնացնես քո ժողովրդին գերեվարածների սրտում, և նրանք կխղճան նրան+ 51 (քանի որ նա քո ժողովուրդն է և քո սեփականությունը,*+ որին դուրս բերեցիր Եգիպտոսից՝+ այդ թեժ հնոցից):*+ 52 Ուշադրություն դարձրու* ծառայիդ աղերսանքին,+ նաև ժողովրդիդ՝ Իսրայելի աղերսանքին: Լսիր, երբ էլ որ նրանք խնդրելիս լինեն քեզ:*+ 53 Չէ՞ որ դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, երկրի բոլոր ժողովուրդներից առանձնացրիր նրանց,+ որ քո սեփականությունը դառնան, ինչպես որ հայտնեցիր քո ծառա Մովսեսի միջոցով, երբ մեր նախահայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»:
54 Երբ Սողոմոնն ավարտեց Եհովային ուղղած այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը, վեր կացավ Եհովայի զոհասեղանի մոտից, որի առջև ծնկի էր եկել և ձեռքերը դեպի երկինք տարածել,+ 55 կանգնեց ու բարձրաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովին՝ ասելով. 56 «Փա՛ռք Եհովային, ով հանգրվան տվեց իր ժողովրդին՝ Իսրայելին, ինչպես որ խոստացել էր:+ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով իր տված լավ խոստումներից մի բառ անգամ առանց կատարվելու չմնաց:+ 57 Թող մեր Աստվածը՝ Եհովան, մեզ հետ լինի, ինչպես որ մեր նախահայրերի հետ էր:+ Թող մեզ չլքի ու չթողնի:+ 58 Թող նա մեր սիրտը դեպի իրեն դարձնի,+ որպեսզի գնանք իր բոլոր ճանապարհներով ու պահենք իր պատվիրանները, կանոններն ու օրենքները, որոնք նա տվեց մեր նախահայրերին: 59 Եվ թող մեր Աստված Եհովան գիշեր ու ցերեկ հիշի աղաչանքի իմ այս խոսքերը, որ մատուցեցի իրեն՝ Եհովային, որպեսզի ամեն օր, որքան որ պետք լինի, իր ծառայի ու իր ժողովրդի՝ Իսրայելի հանդեպ արդարադատություն իրագործի, 60 և որպեսզի երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը.+ ուրիշը չկա:+ 61 Ուստի ձեր ողջ սրտով+ նվիրված եղեք մեր Աստված Եհովային. նրա կանոնների համաձայն ապրեք ու պահեք նրա պատվիրանները, ինչպես որ այսօր անում եք»:
62 Հետո թագավորը, նրա հետ նաև ողջ Իսրայելը Եհովայի առաջ մեծ թվով զոհեր մատուցեցին:+ 63 Սողոմոնը Եհովային խաղաղության զոհեր մատուցեց՝+ 22 000 խոշոր եղջերավոր անասուն և 120 000 ոչխար: Այսպիսով՝ թագավորն ու բոլոր իսրայելացիները արեցին Եհովայի տան հանդիսավոր բացումը:+ 64 Այդ օրը թագավորը սրբագործեց* գավիթի մեջտեղի մասը, որ Եհովայի տան դիմացն է, որպեսզի այնտեղ մատուցի ողջակեզները, հացի ընծաները ու խաղաղության զոհերի ճարպը, քանի որ Եհովայի առաջ գտնվող պղնձե զոհասեղանը+ չափազանց փոքր էր և չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու խաղաղության զոհերի ճարպը:+ 65 Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ նաև ամբողջ Իսրայելը՝ մի բազմաքանակ ժողովուրդ,* որ եկել էր Եմաթից* մինչև Եգիպտոսի հեղեղատն* ընկած վայրերից,+ մեր Աստված Եհովայի առաջ 7 օր ու հետո ևս 7 օր, այսինքն՝ 14 օր, նշեցին տոնը:+ 66 Հաջորդ* օրը Սողոմոնը մարդկանց ուղարկեց իրենց տները: Նրանք օրհնեցին թագավորին ու զվարթ սրտով գնացին՝ ուրախանալով բոլոր այն բարիքների համար,+ որ Եհովան արել էր իր ծառային՝ Դավթին, ու իր ժողովրդին՝ Իսրայելին:
9 Երբ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան ու թագավորի պալատի շինարարությունը+ և այն ամենը, ինչ ուզում էր կառուցել,+ 2 Եհովան երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես որ երևացել էր նրան Գաբաոնում:+ 3 Եհովան ասաց. «Լսեցի իմ առջև արած քո աղոթքն ու աղաչանքը, որով իմ բարեհաճությունը խնդրեցիր: Ես սրբագործեցի* քո կառուցած այս տունը, և իմ անունն առհավետ այնտեղ կլինի:*+ Իմ աչքերն ու իմ սիրտը միշտ այնտեղ կլինեն:+ 4 Եվ եթե դու քո հայր Դավթի նման անարատ սրտով+ և ուղղամտությամբ+ քայլես իմ առաջ՝+ կատարելով այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ,+ եթե հնազանդվես իմ կանոններին ու կարգադրություններին,+ 5 ես էլ քո թագավորական գահը Իսրայելի վրա հավիտենապես կհաստատեմ, ինչպես որ խոստացել եմ քո հորը՝ Դավթին՝ ասելով. «Քո սերնդից միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին»:+ 6 Բայց եթե դուք և ձեր որդիները դադարեք ինձ երկրպագելուց, չպահեք իմ տված պատվիրաններն ու կանոնները, գնաք ծառայեք ուրիշ աստվածների ու նրանց առաջ խոնարհվեք,+ 7 ես կվերացնեմ ձեզ՝ իսրայելացիներիդ, այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ,+ ու կմերժեմ+ այս տունը, որ սրբագործել* եմ իմ անվան համար, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մեջ արհամարհանքի* ու ծաղրի առարկա կդառնա,+ 8 իսկ այս տունը՝ ավերակների կույտ:+ Ամեն անցնող զարմանքով կնայի, կսուլի ու կհարցնի. «Ինչո՞ւ Եհովան այսպես վարվեց այս երկրի ու այս տան հետ»:+ 9 Եվ նրան կպատասխանեն. «Նրանք թողեցին իրենց Աստված Եհովային, ով իրենց նախահայրերին դուրս էր բերել Եգիպտոսից, և ուրիշ աստվածների ընտրեցին, խոնարհվեցին նրանց առաջ ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Եհովան այս աղետը բերեց նրանց վրա»»:+
10 Սողոմոնը այդ երկու տները՝ Եհովայի տունը և թագավորի պալատը, կառուցեց 20 տարվա ընթացքում:+ 11 (Տյուրոսի Քիրամ+ թագավորը Սողոմոնին տվել էր մայրու և գիհու գերաններ, ինչպես նաև այնքան ոսկի, որքան նա ցանկացել էր):+ Իսկ Սողոմոն թագավորը Քիրամին 20 քաղաք տվեց Գալիլեայում: 12 Քիրամը Տյուրոսից գնաց, որ տեսնի Սողոմոնի տված քաղաքները, բայց դրանք դուր չեկան նրան: 13 Նա ասաց. «Եղբա՛յրս, այս ի՞նչ քաղաքներ ես ինձ տվել»: Այդ պատճառով էլ դրանք մինչև այսօր կոչվում են Քաբոլ երկիր:* 14 Քիրամը թագավորին 120 տաղանդ* ոսկի ուղարկեց:+
15 Սողոմոն թագավորը հավաքագրեց հարկադիր աշխատանք կատարողների,+ որ կառուցեն Եհովայի տունը,+ իր պալատը, Թումբը,*+ Երուսաղեմի պարիսպը, Հասորը,+ Մեգիդոն+ և Գազերը:+ 16 (Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, նվաճել էր Գազերը և հրի էր մատնել այն, իսկ քաղաքում ապրող քանանացիներին+ սպանել էր: Նա այն որպես օժիտ տվեց իր դստերը՝+ Սողոմոնի կնոջը): 17 Սողոմոնը վերակառուցեց* Գազերը, Ստորին Բեթ-Օրոնը,+ 18 Բաալեթը,+ Թամարը, որը անապատում է՝ իր երկրում, 19 որպես պահեստավայր ծառայող բոլոր քաղաքները, որոնք իրեն էին պատկանում, կառքերի և հեծյալների համար նախատեսված քաղաքները:+ Նա կառուցեց նաև այն ամենը, ինչ ցանկացել էր կառուցել Երուսաղեմում, Լիբանանում և իր տիրապետության տակ գտնվող ամբողջ երկրում: 20 Սողոմոնը ամորհացիների, քետացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ ողջ մնացած սերունդներին, որոնք Իսրայելի ժողովրդից չէին,+ 21 այսինքն՝ նրանց, ովքեր այդ երկրում էին ապրում, և ում իսրայելացիները չէին կարողացել բնաջնջել, հարկադիր ստրկական աշխատանքի դրեց. մինչ օրս դա այդպես է:+ 22 Բայց Սողոմոնը իսրայելացիներից ոչ մեկին ստրուկ չդարձրեց.+ նրանք իր ռազմիկներն էին, իր ծառաները, իշխաններն ու զորավարները, ինչպես նաև իր կառապանների ու ձիավորների վերակացուները: 23 Սողոմոնն ուներ 550 գլխավոր փոխկառավարիչներ, որոնք ղեկավարում էին իր հրամանով կատարվող աշխատանքները և վերահսկում աշխատողների գործը:+
24 Փարավոնի դուստրը+ Դավթի քաղաքից+ տեղափոխվեց իր տուն, որը Սողոմոնը կառուցել էր նրա համար: Այդ ժամանակ Սողոմոնը կառուցեց նաև Թումբը:*+
25 Տարին երեք անգամ+ Սողոմոնը ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Եհովայի համար կառուցած զոհասեղանի վրա,+ և զոհերի ծուխը վեր էր բարձրանում զոհասեղանի վրա, որը Եհովայի առջև էր: Այսպիսով՝ նա ավարտեց տան շինարարությունը:+
26 Սողոմոն թագավորը նաև նավեր կառուցեց Եսիոն-Գաբերում,+ որ Ելաթի մոտ է՝ Եդոմի երկրում՝ Կարմիր ծովի ափին:+ 27 Քիրամը ուղարկում էր իր ծառաներին՝ փորձառու նավաստիների,+ որ այդ նավերով Սողոմոնի ծառաների հետ նավարկեին: 28 Նրանք գնում էին Օֆիր+ ու այնտեղից 420 տաղանդ* ոսկի էին բերում Սողոմոն թագավորին:
10 Սաբայի թագուհին լսեց Սողոմոնի համբավի մասին, որը նա ձեռք էր բերել Եհովայի անվան շնորհիվ,+ և եկավ, որ բարդ հարցերով* ստուգի նրան:+ 2 Թագուհին Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով,+ ինչպես նաև ուղտերով, որոնք բեռնավորված էին բալասանի յուղով,+ մեծ քանակությամբ ոսկով ու թանկարժեք քարերով: Գալով Սողոմոնի մոտ՝ նա հարցրեց նրան այն ամենի մասին, ինչ ուզում էր իմանալ: 3 Սողոմոնն էլ պատասխանեց թագուհու բոլոր հարցերին: Չկար մի հարց, որին թագավորը չկարողանար պատասխանել:
4 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ողջ իմաստությունը,+ նրա կառուցած տունը,+ 5 նրա սեղանի կերակուրները,+ պալատականների նստելը, ծառաների սեղան սպասարկելն ու նրանց հագուկապը, նրա գինեմատույցներին* և այն ողջակեզները, որ Սողոմոնը կանոնավորաբար մատուցում էր Եհովայի տանը, հիացմունքից ապշեց:* 6 Ուստի ասաց թագավորին. «Այն, ինչ իմ երկրում լսել էի քո ձեռքբերումների* և իմաստության մասին, ճիշտ է: 7 Ես չէի հավատում իմ լսածներին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքով չտեսա: Պարզվում է՝ ինձ կեսն էլ չեն պատմել: Քո իմաստությունն ու հարստությունը շատ ավելին են, քան ես լսել էի: 8 Ի՜նչ երջանիկ է քո ժողովուրդը, և ի՜նչ երջանիկ են քո առաջ կանգնող ծառաները, որ քո իմաստությունն են լսում:+ 9 Թող փառաբանվի քո Աստված Եհովան,+ ով հավանել է քեզ և Իսրայելի գահին է նստեցրել: Քանի որ Իսրայելի հանդեպ Եհովայի սերը հավիտենական է, նա քեզ թագավոր է նշանակել, որպեսզի արդարություն և արդարադատություն իրագործես»:
10 Ապա նա թագավորին նվիրեց 120 տաղանդ* ոսկի, մեծ քանակությամբ բալասանի յուղ+ և թանկարժեք քարեր:+ Դրանից հետո այլևս ոչ ոք այնքան շատ բալասանի յուղ չբերեց, որքան Սաբայի թագուհին էր բերել Սողոմոն թագավորին:
11 Քիրամի նավերը, որոնք Օֆիրից ոսկի էին բերում,+ Օֆիրից նաև մեծ թվով սանտալի* գերաններ+ ու թանկարժեք քարեր էին բերում:+ 12 Թագավորը սանտալի գերաններից հենարաններ սարքեց Եհովայի տան ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար:+ Սանտալի այդպիսի գերաններ այլևս չբերվեցին, և ոչ ոք մինչ օրս նման գերաններ չի տեսել:
13 Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն, ինչ նա ցանկացավ ու խնդրեց՝ չհաշված այն բաները, որ Սողոմոնն իր առատաձեռնությամբ տվեց նրան: Դրանից հետո թագուհին ծառաների հետ վերադարձավ իր երկիր:+
14 Սողոմոնը տարեկան 666 տաղանդ* ոսկի էր ստանում:+ 15 Դրան գումարվում էր այն եկամուտը, որ գալիս էր շրջիկ առևտրականներից, վաճառականներից, Արաբիայի բոլոր թագավորներից և երկրի կառավարիչներից:
16 Սողոմոն թագավորը ոսկու համաձուլվածքից պատրաստեց 200 մեծ վահան+ (յուրաքանչյուր վահանի համար 600 սիկղ* ոսկի ծախսվեց)+ 17 և 300 փոքր վահան* (յուրաքանչյուր վահանի համար երեք մնաս* ոսկի ծախսվեց): Ապա նա դրանք դրեց Լիբանանի անտառի տուն կոչվող շինությունում:+
18 Թագավորը նաև փղոսկրե մի մեծ գահ պատրաստեց+ և այն զտված ոսկով պատեց:+ 19 Դեպի գահը տանող վեց աստիճաններ կային, իսկ գահն իր վերևում շրջանաձև ամպհովանի ուներ: Նստատեղի երկու կողմերում արմնկակալներ կային, որոնց կողքերին երկու առյուծներ էին կանգնեցված:+ 20 Վեց աստիճանների երկու կողմերում ընդհանուր հաշվով 12 առյուծներ կային: Ոչ մի թագավորության մեջ նման գահ երբևէ չէր պատրաստվել:
21 Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկուց էին, և Լիբանանի անտառի տան+ ողջ սպասքը՝ մաքուր ոսկուց: Արծաթից ոչինչ չկար, քանի որ Սողոմոնի օրերում արծաթը արժեք չուներ:+ 22 Ծովում թագավորը թարսիսյան նավեր ուներ, որոնք նավարկում էին Քիրամի նավերի հետ: Երեք տարին մեկ թարսիսյան+ նավերը ոսկի, արծաթ, փղոսկր,+ կապիկներ ու սիրամարգեր էին բերում:
23 Սողոմոն թագավորն իր հարստությամբ+ ու իմաստությամբ գերազանցում էր աշխարհի բոլոր թագավորներին:+ 24 Ողջ աշխարհի մարդիկ փափագում էին տեսնել Սողոմոնին, որպեսզի լսեին նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում:+ 25 Թագավորին այցելող յուրաքանչյուր մարդ նվեր էր բերում՝ արծաթյա և ոսկյա իրեր, հագուստ, զենք, բալասանի յուղ, ձիեր, ջորիներ, և այդպես՝ ամեն տարի:
26 Սողոմոնի կառքերի ու ձիերի* թիվը գնալով ավելանում էր. նա ձեռք բերեց 1 400 կառք ու 12 000 ձի:*+ Դրանք նա պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում և իր մոտ՝ Երուսաղեմում:+
27 Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց, իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի ժանտաթզենիների պես առատ:+
28 Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականները ձիերի յուրաքանչյուր երամակն առնում էին հաստատված գնով:*+ 29 Եգիպտոսից ձեռք բերված յուրաքանչյուր կառքի արժեքը 600 կտոր արծաթ էր, իսկ յուրաքանչյուր ձիունը՝ 150 կտոր արծաթ: Թագավորի վաճառականները դրանք վաճառում էին քետացիներին+ ու Ասորիքի թագավորներին:
11 Սողոմոն թագավորը, բացի փարավոնի աղջկանից,+ օտարազգի ուրիշ շատ կանանց էլ սիրեց՝+ մովաբացի,+ ամմոնացի,+ եդոմացի, սիդոնացի+ և քետացի+ կանանց: 2 Այդ կանայք այն ազգերից էին, որոնց մասին Եհովան ասել էր իսրայելացիներին. «Նրանց հետ որևէ առնչություն չունենաք,* և նրանք էլ չպետք է առնչվեն ձեզ հետ, այլապես ձեր սիրտը հաստատ կշեղեն, որ իրենց աստվածներին պաշտեք»:+ Բայց Սողոմոնի սիրտը կապվեց նրանց* հետ, ու նա սիրեց նրանց: 3 Նա 700 իշխանազուն կանայք ուներ և 300 հարճ, ու նրա կանայք աստիճանաբար հեռացրին նրա սիրտն Աստծուց:* 4 Երբ Սողոմոնը ծերացավ,+ նրա կանայք շեղեցին նրա սիրտը, որ ուրիշ աստվածների պաշտի,+ և նրա սիրտն այլևս ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես որ իր հոր՝ Դավթի սիրտն էր: 5 Սողոմոնը սիդոնացիների Աստարտե+ աստվածուհուն և ամմոնացիների գարշելի Մեղքոմին պաշտեց:+ 6 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և լիովին չհնազանդվեց Եհովային, ինչպես որ իր հայրը՝ Դավիթն էր հնազանդվում:+
7 Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, սրբավայրեր կառուցեց+ մովաբացիների գարշելի աստծու՝ Քամոսի և ամմոնացիների նողկալի աստծու՝ Մողոքի+ համար:+ 8 Նա նույն բանն արեց նաև իր բոլոր օտարազգի կանանց համար, որոնք զոհեր էին մատուցում իրենց աստվածներին՝ այրելով դրանք:
9 Եհովայի բարկությունը բորբոքվեց Սողոմոնի դեմ, որովհետև նրա սիրտը շեղվել էր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց,+ ով երկու անգամ հայտնվել էր նրան+ 10 և նախազգուշացրել, որ ուրիշ աստվածների չպաշտի:+ Բայց նա չհնազանդվեց Եհովայի պատվիրանին: 11 Ուստի Եհովան ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ ուխտն ու իմ կանոնները, որոնք պատվիրել էի քեզ պահել, թագավորությունը քո ձեռքից կխլեմ* և քո ծառաներից մեկին կտամ:+ 12 Բայց հանուն քո հոր՝ Դավթի՝ քո օրերում չեմ անի դա: Ես որդուդ ձեռքից կխլեմ* այն:+ 13 Սակայն ամբողջ թագավորությունը չեմ խլի,*+ այլ հանուն իմ ծառա Դավթի և հանուն Երուսաղեմի, որն ընտրել եմ,+ մեկ ցեղը քո որդուն կտամ»:+
14 Եհովան Սողոմոնի դեմ հանեց եդոմացի Ադադին,+ որը Եդոմի թագավորական տոհմից էր. նա Սողոմոնի հակառակորդը դարձավ:+ 15 Երբ Դավիթը պարտության էր մատնել Եդոմին,+ զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և փորձել էր կոտորել Եդոմի բոլոր տղամարդկանց:* 16 (Հովաբը իսրայելացի բոլոր տղամարդկանց հետ Եդոմում մնացել էր վեց ամիս, մինչև որ Եդոմի բոլոր տղամարդկանց* բնաջնջել էր): 17 Բայց Ադադը, որն այդ ժամանակ դեռ փոքր երեխա էր, իր հոր եդոմացի ծառաներից մի քանիսի հետ փախել էր Եգիպտոս: 18 Նրանք Մադիանից գնացել էին Փառան: Այնտեղից իրենց հետ մարդիկ էին վերցրել և Փառանից+ գնացել էին փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մոտ, որը նրան տուն էր տվել, նաև ապահովել էր ուտելիքով ու հողատարածք էր հատկացրել: 19 Փարավոնն այնքան էր հավանել Ադադին, որ իր կնոջ՝ Թահփենես թագուհու քրոջը կնության էր տվել նրան: 20 Որոշ ժամանակ անց Թահփենեսի քույրը Ադադի համար որդի էր ծնել՝ Գանեբաթին: Թահփենեսը երեխային մեծացրել* էր փարավոնի պալատում: Գանեբաթը շարունակել էր ապրել փարավոնի պալատում նրա որդիների հետ:
21 Ադադը, Եգիպտոսում լսելով, որ Դավիթը հանգչել է իր նախահայրերի հետ,+ և որ զորագլուխ Հովաբն էլ է մահացել,+ փարավոնին ասել էր. «Թույլ տուր՝ գնամ իմ երկիր»: 22 Սակայն փարավոնը հարցրել էր նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես քո երկիր գնալ»: Նա էլ պատասխանել էր. «Ոչ մի բանի պակաս չունեմ: Բայց խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ»:
23 Աստված Սողոմոնի դեմ հանեց նաև Ելիադայի որդուն՝ Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Զոբայի թագավոր Ադրազարից.+ Ռազոնը Սողոմոնի հակառակորդը դարձավ:+ 24 Երբ Դավիթը պարտության էր մատնել Զոբայի մարդկանց,*+ Ռազոնը մարդիկ էր հավաքել և հրոսակախմբի* գլուխ դարձել: Նրանք գնացել ու բնակություն էին հաստատել Դամասկոսում+ և սկսել էին իշխել այնտեղ: 25 Սողոմոնի իշխանության ողջ ընթացքում Ռազոնը Իսրայելի հակառակորդն էր: Նա ևս վնաս պատճառեց իսրայելացիներին, ինչպես որ Ադադը: Ասորիքում թագավորելու ողջ ընթացքում նա մեծ ատելություն էր տածում Իսրայելի հանդեպ:
26 Սողոմոն թագավորի դեմ ապստամբեց* նաև Նաբատի որդին՝+ Հերոբովամը,+ որը նրա ծառան էր:+ Հերոբովամի ծննդավայրը Սարեդան էր. նա Եփրեմի ցեղից էր: Նրա մոր անունը Սարուա էր, որը մի այրի կին էր: 27 Ահա պատմությունն այն մասին, թե ինչու նա ապստամբեց թագավորի դեմ. Սողոմոնը կառուցել էր Թումբը*+ և փակել իր հոր՝ Դավթի քաղաքի+ պարսպի բաց հատվածը: 28 Հերոբովամն ընդունակ երիտասարդ էր: Նկատելով, որ նա աշխատասեր է՝ Սողոմոնը նրան վերակացու էր նշանակել+ Հովսեփի ցեղից բոլոր նրանց վրա, ովքեր հարկադիր աշխատանք էին կատարում: 29 Մի անգամ, երբ Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, ճանապարհին նրան հանդիպել էր սիլոնացի Աքիա+ մարգարեն, որը նոր հագուստ էր հագել: Նրանցից բացի՝ դաշտում ոչ ոք չէր եղել: 30 Այդ ժամանակ Աքիան իր վրայի նոր հագուստը պատռել էր՝ 12 կտոր անելով, 31 և Հերոբովամին ասել էր.
«Տասը կտորը քեզ վերցրու, որովհետև Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Թագավորությունը խլելու եմ* Սողոմոնի ձեռքից ու քեզ եմ տալու տասը ցեղը:+ 32 Բայց մի ցեղը նրան է մնալու+ հանուն իմ ծառա Դավթի+ և հանուն Երուսաղեմի՝ այն քաղաքի, որն ընտրել եմ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր տարածքներից:+ 33 Սա անելու եմ այն պատճառով, որ իմ ժողովուրդը թողել է ինձ+ և խոնարհվում է սիդոնացիների աստվածուհի Աստարտեի, Մովաբի աստված Քամոսի և ամմոնացիների աստված Մեղքոմի առաջ: Նրանք չգնացին իմ ճանապարհներով, չարեցին այն, ինչը ճիշտ է իմ աչքում, չպահեցին իմ կանոններն ու օրենքները, ինչպես որ Սողոմոնի հայրը՝ Դավիթը պահեց: 34 Բայց ես ամբողջ թագավորությունը չեմ վերցնելու Սողոմոնի ձեռքից և նրան մինչև իր կյանքի վերջը թողնելու եմ որպես ղեկավար՝ հանուն իմ ծառա Դավթի, որին ընտրեցի,+ քանի որ նա հնազանդվեց իմ պատվիրաններին ու իմ կանոններին: 35 Թագավորությունը վերցնելու եմ Սողոմոնի որդո՛ւ ձեռքից և տասը ցեղերը քեզ եմ հանձնելու:+ 36 Իսկ նրա որդուն մեկ ցեղ եմ տալու, որ իմ ծառան՝ Դավիթը, միշտ ճրագ* ունենա իմ առջև Երուսաղեմում՝+ այն քաղաքում, որն ընտրել եմ ինձ համար, որպեսզի իմ անունն այնտեղ լինի: 37 Ես ընտրելու եմ քեզ, և դու թագավորելու ես քո ուզած բոլոր բաների վրա. դու Իսրայելի թագավորն ես դառնալու: 38 Եվ եթե հնազանդվես այն ամենին, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհներով և անես այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ պահելով իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես որ արեց իմ ծառա Դավիթը,+ ես քեզ հետ կլինեմ: Քեզ համար մնայուն տուն* կկառուցեմ, ինչպես որ Դավթի համար կառուցեցի,+ և Իսրայելը քեզ կտամ: 39 Ես կնվաստացնեմ Դավթի սերունդներին նրանց չար արարքների պատճառով,+ բայց ոչ ընդմիշտ»»:+
40 Սողոմոնը փորձեց սպանել Հերոբովամին, բայց Հերոբովամը փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի+ մոտ,+ և այնտեղ մնաց մինչև Սողոմոնի մահը:
41 Սողոմոնի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի և իմաստության մասին գրված է Սողոմոնի կյանքի պատմության գրքում:+ 42 Նա Երուսաղեմում ողջ Իսրայելի վրա թագավորեց 40 տարի: 43 Սողոմոնը հանգչեց իր նախահայրերի հետ: Նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում: Սողոմոնից հետո թագավոր դարձավ նրա որդին՝ Ռոբովամը:+
12 Ռոբովամը գնաց Սյուքեմ,+ որովհետև ողջ Իսրայելը հավաքվել էր այնտեղ, որ նրան թագավոր դարձներ:+ 2 Նաբատի որդի Հերոբովամը լսեց այդ մասին (նա դեռ Եգիպտոսում էր, քանի որ Սողոմոն թագավորի պատճառով փախել ու ապրում էր այնտեղ):+ 3 Նրա հետևից մարդ ուղարկեցին: Հերոբովամն ու Իսրայելի ողջ ժողովը եկան Ռոբովամի մոտ և ասացին. 4 «Հայրդ մեր լուծը ծանրացրել է,+ բայց եթե դու հեշտացնես քո հոր սահմանած դժվարին ծառայությունը ու թեթևացնես մեզ վրա դրված ծանր* լուծը, մենք կծառայենք քեզ»:
5 Նա էլ ասաց նրանց. «Գնացեք ու երեք օր հետո վերադարձեք ինձ մոտ»: Եվ ժողովուրդը գնաց:+ 6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք: Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանեմ ժողովրդին»: 7 Նրանք էլ ասացին. «Եթե այսօր դու ժողովրդի ծառան դառնաս, դրական պատասխան տաս ու կատարես նրա խնդրանքը, նա ընդմիշտ քո ծառան կլինի»:
8 Սակայն Ռոբովամը մերժեց երեցների տված խորհուրդը և խորհրդակցեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների հետ:+ 9 Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանենք ժողովրդին, որն ասաց ինձ. «Թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»: 10 Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Ժողովրդին, որը քեզ ասաց՝ «Հայրդ մեր լուծը ծանրացրել է, բայց դու թեթևացրու այն», ասա. «Իմ ճկույթը հորս մեջքից* հաստ կլինի: 11 Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»»:
12 Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց՝ ասելով, որ երրորդ օրը վերադառնան իր մոտ:+ 13 Բայց թագավորը, մերժելով երեցների խորհուրդը, խստությամբ պատասխանեց ժողովրդին: 14 Նա հետևեց երիտասարդների խորհրդին և ասաց. «Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»: 15 Եվ այսպես՝ թագավորը չլսեց ժողովրդին, քանի որ Եհովան էր դեպքերին այդպիսի ընթացք տվել,+ որպեսզի կատարվի այն խոսքը, որ Եհովան սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին:+
16 Տեսնելով, որ թագավորը չուզեց իրենց լսել՝ իսրայելացիներն ի պատասխան ասացին. «Մենք ի՞նչ առնչություն ունենք Դավթի հետ: Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք: Վերադարձիր քո աստվածների մոտ, ո՛վ Իսրայել: Հիմա դու քո տան* մասին հոգա, ո՛վ Դավիթ»: Եվ իսրայելացիները գնացին իրենց տները:*+ 17 Բայց Ռոբովամը շարունակեց թագավորել Հուդայի քաղաքներում բնակվող իսրայելացիների վրա:+
18 Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատանք կատարողների վերակացու Ադորամին+ հանձնարարությամբ ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց նրանք քարկոծելով սպանեցին նրան: Սակայն Ռոբովամ թագավորը հասցրեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ:+ 19 Այսպիսով՝ իսրայելացիները ապստամբեցին+ Դավթի տան դեմ և մինչ օրս չեն ենթարկվում նրան:
20 Հենց որ իսրայելացիները լսեցին, որ Հերոբովամը վերադարձել է, ժողով գումարեցին, կանչեցին նրան և ողջ Իսրայելի թագավորը դարձրին:+ Հուդայի ցեղից բացի՝ ուրիշ ոչ մեկը հավատարիմ չմնաց Դավթի տանը:+
21 Երբ Ռոբովամը եկավ Երուսաղեմ, անմիջապես հավաքեց Հուդայի ողջ ցեղը և Բենիամինի ցեղը՝ 180 000 լավ պատրաստված* ռազմիկների, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորական իշխանությունը իրեն՝ Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնեն:+ 22 Այդ ժամանակ ճշմարիտ Աստված ասաց Սեմայիային՝+ ճշմարիտ Աստծու մարդուն. 23 «Հուդայի թագավոր Ռոբովամին՝ Սողոմոնի որդուն, Հուդայի ամբողջ ցեղին, Բենիամինի ցեղին և մնացած ժողովրդին ասա. 24 «Եհովան ասում է. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր իսրայելացի եղբայրների դեմ: Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև դա իմ կամքով է եղել»»»:+ Նրանք հնազանդվեցին Եհովայի խոսքին և վերադարձան տուն, ինչպես որ Եհովան պատվիրեց նրանց:
25 Հերոբովամը Եփրեմի լեռնային շրջանում ամրացրեց* Սյուքեմն+ ու բնակվեց այնտեղ: Հետո այնտեղից գնաց և ամրացրեց* Փանուելը:+ 26 Հերոբովամն իր մտքում ասաց. «Հիմա թագավորությունը հետ կդառնա Դավթի տանը:+ 27 Եթե մարդիկ շարունակեն գնալ Երուսաղեմ ու Եհովայի տանը զոհեր մատուցել,+ նրանց սիրտը դեպի իրենց տերը կդառնա՝ Հուդայի թագավոր Ռոբովամը: Նրանք հաստատ կսպանեն ինձ ու կվերադառնան Հուդայի թագավոր Ռոբովամի մոտ»: 28 Խորհրդատուների հետ խորհրդակցելուց հետո թագավորը ոսկե երկու հորթ պատրաստեց+ և ասաց ժողովրդին. «Ձեզ համար դժվար է Երուսաղեմ բարձրանալը: Ո՛վ Իսրայել, ահա՛ քո Աստվածը, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսից»:+ 29 Եվ մեկը դրեց Բեթելում,+ իսկ մյուսը՝ Դանում:+ 30 Այս բանը մարդկանց մեղքի դրդեց.+ նրանք գնում էին Դան՝ հորթին երկրպագելու:
31 Հերոբովամը բարձունքների վրա պաշտամունքի տներ կառուցեց և ժողովրդից քահանաներ նշանակեց, որոնք ղևտացիներ չէին:+ 32 Նա նաև ութերորդ ամսի 15-րդ օրը տոն հաստատեց՝ այն տոնի նման, որը Հուդայում էին նշում:+ Բեթելում իր կառուցած զոհասեղանի վրա+ Հերոբովամը զոհեր մատուցեց իր պատրաստած հորթերին: Այնտեղ նա քահանաներ նշանակեց, որ ծառայեն իր կառուցած սրբավայրերում: 33 Իր ընտրած ամսի՝ ութերորդ ամսի 15-րդ օրը Բեթելում կառուցած զոհասեղանի վրա նա սկսեց զոհեր մատուցել: Հերոբովամը տոն հաստատեց իսրայելացիների համար. նա մոտեցավ զոհասեղանին, որ զոհեր մատուցի՝ այրելով դրանք:
13 Հերոբովամը կանգնած էր զոհասեղանի մոտ,+ որ զոհեր մատուցի՝ այրելով դրանք:* Այդ ժամանակ Եհովայի հրահանգով Հուդայից Աստծու մի մարդ+ եկավ Բեթել: 2 Եհովայի պատվիրածի համաձայն՝ նա դիմեց զոհասեղանին՝ ասելով. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, Եհովան ասում է. «Դավթի սերնդից Հովսիա+ անունով մի որդի կծնվի: Նա քեզ վրա կզոհաբերի սրբավայրերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհեր են մատուցում, և մարդկանց ոսկորներ կայրի քեզ վրա»»:+ 3 Այդ օրը Աստծու մարդը մի նախանշանի մասին հայտնեց՝ ասելով. «Սա է այն նախանշանը, որի մասին Եհովան ասել է. «Զոհասեղանը կճեղքվի, և դրա վրայի մոխիրը* կթափվի»»:
4 Երբ Հերոբովամ թագավորը լսեց ճշմարիտ Աստծու մարդու խոսքերը, որոնք նա ուղղել էր Բեթելում գտնվող զոհասեղանին, ձեռքը զոհասեղանից հեռացնելով՝ մեկնեց նրա կողմն ու ասաց. «Բռնե՛ք նրան»:+ Եվ հենց այդ պահին թագավորի ձեռքը, որ նա մեկնել էր, կռկվեց,* ու նա չկարողացավ այն հետ քաշել:+ 5 Զոհասեղանը ճեղքվեց, և դրա վրայի մոխիրը թափվեց՝ համաձայն այն նախանշանի, որի մասին ճշմարիտ Աստծու մարդը հայտնել էր Եհովայի հրահանգով:
6 Թագավորն ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Խնդրում եմ, աղաչիր քո Աստված Եհովային, որ բարեհաճ լինի իմ հանդեպ,* և աղոթիր ինձ համար, որ ձեռքս բուժվի»:+ Ճշմարիտ Աստծու մարդը աղաչեց Եհովային, և թագավորի ձեռքը բուժվեց ու առաջվա պես դարձավ: 7 Այդ ժամանակ թագավորն ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Արի իմ տուն գնանք. հաց կուտես, և ես քեզ նվեր կտամ»: 8 Սակայն ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Նույնիսկ եթե քո տան կեսն էլ ինձ տաս, չեմ գա քեզ հետ, ոչ էլ այս վայրում հաց կուտեմ ու ջուր կխմեմ, 9 որովհետև Եհովան ինձ պատվիրել է. «Հաց չուտես ու ջուր չխմես և քո գնացած ճանապարհով հետ չդառնաս»»: 10 Ուստի նա ուրիշ ճանապարհով գնաց ու հետ չդարձավ այն ճանապարհով, որով եկել էր Բեթել:
11 Բեթելում մի ծեր մարգարե էր ապրում: Նրա որդիները եկան տուն և պատմեցին այն ամենը, ինչ ճշմարիտ Աստծու մարդն այդ օրը արել էր Բեթելում, ու հայտնեցին այն խոսքերը, որ նա ասել էր թագավորին: Երբ նրանք այդ բոլորը պատմեցին իրենց հորը, 12 հայրը հարցրեց. «Նա ո՞ր ճանապարհով գնաց»: Որդիները ցույց տվեցին այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած ճշմարիտ Աստծու մարդը: 13 Նա ասաց իր որդիներին. «Թամբե՛ք էշս»: Նրանք էլ թամբեցին էշը, և նա հեծավ այն ու գնաց:
14 Մարգարեն գնաց ճշմարիտ Աստծու մարդու հետևից և նրան գտնելով մի մեծ ծառի տակ նստած՝ հարցրեց. «Դո՞ւ ես ճշմարիտ Աստծու մարդը, որ Հուդայից է եկել»:+ Նա էլ պատասխանեց. «Ես եմ»: 15 Մարգարեն ասաց. «Ինձ հետ իմ տուն արի և հաց կեր»: 16 Բայց ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Չեմ կարող ընդունել քո հրավերը ու գալ քեզ հետ, ոչ էլ կարող եմ այս վայրում քեզ հետ հաց ուտել կամ ջուր խմել, 17 որովհետև Եհովան պատվիրել է ինձ. «Հաց չուտես ու ջուր չխմես այնտեղ և քո գնացած ճանապարհով հետ չդառնաս»»: 18 Ծեր մարգարեն ասաց. «Ես էլ քեզ նման մարգարե եմ: Մի հրեշտակ ինձ հայտնեց Եհովայի այս հրահանգը. «Նրան հետ դարձրու և քեզ հետ քո տուն տար, որ հաց ուտի և ջուր խմի»»: (Բայց նա խաբեց նրան): 19 Ուստի ճշմարիտ Աստծու մարդը հետ դարձավ մարգարեի հետ, որ նրա տանը հաց ուտի և ջուր խմի:
20 Երբ նրանք նստած էին սեղանի շուրջ, Եհովան իր խոսքն ասաց այն մարգարեին, որը Հուդայից եկած ճշմարիտ Աստծու մարդուն հետ էր դարձրել, 21 և մարգարեն, դիմելով նրան, բարձրաձայն ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ հակառակվեցիր Եհովայի կարգադրությանը և չպահեցիր այն պատվերը, որ քո Աստված Եհովան տվել էր քեզ, 22 այլ հետ դարձար, որ հաց ուտես և ջուր խմես այն վայրում, որի մասին քեզ ասվել էր՝ «Հաց չուտես ու ջուր չխմես այնտեղ», քո դիակը չի թաղվի նախահայրերիդ գերեզմանում»»:+
23 Այն բանից հետո, երբ ճշմարիտ Աստծու մարդը հաց կերավ և ջուր խմեց, ծեր մարգարեն էշը թամբեց նրա համար,* 24 և նա գնաց: Ճանապարհին նրա դեմ մի առյուծ դուրս եկավ ու սպանեց նրան:+ Նրա դիակը ընկած էր ճանապարհին, իսկ էշն ու առյուծը կանգնած էին նրա կողքին: 25 Անցորդները տեսան ճանապարհին ընկած դիակը և առյուծին՝ կողքին կանգնած: Նրանք գնացին ու իրենց տեսածի մասին պատմեցին այն քաղաքում, որտեղ ապրում էր ծեր մարգարեն:
26 Երբ մարգարեն, որը ճանապարհից հետ էր դարձրել նրան, լսեց այդ մասին, անմիջապես ասաց. «Դա ճշմարիտ Աստծու մարդն է, որը հակառակվեց Եհովայի պատվերին:+ Եհովան էլ առյուծ ուղարկեց, որ նրան պատառոտի ու սպանի՝ համաձայն այն խոսքի, որ Եհովան ասել էր նրան»:+ 27 Ապա իր որդիներին ասաց. «Թամբե՛ք էշս»: Եվ նրանք թամբեցին այն: 28 Հետո նա գնաց ու գտավ դիակը՝ ճանապարհին ընկած. էշն ու առյուծը կանգնած էին դրա կողքին: Առյուծը չէր կերել նրա մարմինը, ոչ էլ էշին էր պատառոտել: 29 Ծեր մարգարեն վերցրեց ճշմարիտ Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա ու հետ բերեց իր քաղաք, որ սուգ անի ու թաղի նրան: 30 Նա դիակը դրեց իր գերեզմանում, և նրա համար ողբացին՝ ասելով. «Վա՜յ, եղբա՜յր իմ»: 31 Նրան թաղելուց հետո մարգարեն իր որդիներին ասաց. «Երբ մահանամ, ինձ թաղեք այն գերեզմանում, որտեղ ճշմարիտ Աստծու մարդն է թաղված: Իմ ոսկորները նրա ոսկորների կողքին դրեք:+ 32 Եհովայի խոսքը, որը նա հայտնեց Բեթելի զոհասեղանի և Սամարիայի քաղաքներում բարձունքների վրա գտնվող պաշտամունքի բոլոր տների մասին,+ անպայման կատարվելու է»:+
33 Նույնիսկ այս դեպքից հետո Հերոբովամը հետ չդարձավ իր սխալ ճանապարհից, այլ շարունակեց ժողովրդի միջից քահանաներ նշանակել, որ ծառայեն սրբավայրերում:+ Նա ամեն ցանկացողի քահանա էր նշանակում* ու ասում. «Թող նա էլ լինի բարձունքների քահանաներից մեկը»:+ 34 Հերոբովամի տան գործած այս մեղքը+ պատճառ եղավ, որ այն կործանվի ու բնաջինջ լինի երկրի երեսից:+
14 Այդ ժամանակ Հերոբովամի որդին՝ Աբիան, հիվանդացավ: 2 Ուստի Հերոբովամն ասաց իր կնոջը. «Խնդրում եմ, վեր կաց, կերպարանափոխվիր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա Սելով: Աքիա մարգարեն այնտեղ է: Նա էր ինձ ասել, որ ես թագավորելու եմ այս ժողովրդի վրա:+ 3 Քեզ հետ վերցրու տասը հաց, բլիթներ,* մի սափոր մեղր ու գնա նրա մոտ: Նա քեզ կասի, թե ինչ է լինելու տղային»:
4 Հերոբովամի կինն այդպես էլ արեց. գնաց Սելով՝+ Աքիայի տուն: Աքիան աչքերը մի կետի էր հառել. նա ծերության պատճառով կորցրել էր տեսողությունը:
5 Բայց Եհովան Աքիային ասել էր. «Հերոբովամի կինը գալիս է իր որդու մասին քեզնից հարցնելու, քանի որ նա հիվանդ է: Ես քեզ կասեմ, թե ինչ ասես նրան:* Երբ նա գա, թաքցնելու է իր ով լինելը»:
6 Երբ կինը ներս էր մտնում, Աքիան լսեց նրա ոտնաձայներն ու ասաց. «Մտիր, Հերոբովամի՛ կին: Ինչո՞ւ ես թաքցնում ինքնությունդ: Ինձ հանձնարարվել է քեզ աղետաբեր լուր հաղորդել: 7 Գնա ու ասա Հերոբովամին. «Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես ընտրեցի քեզ ժողովրդի միջից, որպեսզի իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձնեմ:+ 8 Հետո թագավորությունը խլեցի* Դավթի տնից ու քեզ տվեցի:+ Սակայն դու չեղար իմ ծառա Դավթի նման, որը պահեց իմ պատվիրաններն ու ամբողջ սրտով հնազանդվեց ինձ՝ անելով միայն այն, ինչը ճիշտ է իմ աչքում:+ 9 Դու ավելի վատ վարվեցիր, քան քո բոլոր նախորդները. քեզ համար ուրիշ աստված ու ձուլածո արձաններ պատրաստեցիր, որպեսզի ինձ վիրավորես,+ և թիկունք դարձրիր ինձ:+ 10 Դրա համար էլ ես Հերոբովամի տան վրա աղետ կբերեմ և Իսրայելից կբնաջնջեմ նրա տան բոլոր տղամարդկանց,* նույնիսկ անօգնականին ու թույլին: Կվերացնեմ Հերոբովամի տունը,+ ինչպես որ գոմաղբն են վերացնում, մինչև որ էլ ոչինչ չմնա: 11 Հերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, նրան շները կուտեն, իսկ ով դաշտում մեռնի, նրան երկնքի թռչունները կուտեն, որովհետև Եհովան է ասել»»:
12 Հիմա վեր կաց գնա քո տուն: Երբ ոտք դնես քաղաք, տղան կմահանա: 13 Ամբողջ Իսրայելը նրա համար սուգ կանի ու կթաղի նրան, որովհետև Հերոբովամի ընտանիքից նա միակը կլինի, որ կթաղվի գերեզմանում, քանի որ Իսրայելի Աստված Եհովան Հերոբովամի տնից միայն նրա մեջ է մի բարի բան գտել: 14 Եհովան Իսրայելի համար թագավոր կընտրի, և երբ այդ օրը գա, նա կվերացնի Հերոբովամի տունը.+ այդ օրը մոտ է: 15 Եհովան կհարվածի Իսրայելին, և Իսրայելը կնմանվի ջրի մեջ տարուբերվող եղեգի: Նա արմատախիլ կանի իսրայելացիներին այս լավ երկրից, որը տվել էր նրանց նախահայրերին,+ ու ցիրուցան կանի նրանց Եփրատի* այն կողմում,+ որովհետև իրենց համար սուրբ ձողեր*+ պատրաստեցին և այդպիսով վիրավորեցին Եհովային: 16 Նա կլքի Իսրայելին Հերոբովամի գործած մեղքերի պատճառով, որոնք նա Իսրայելին դրդեց գործել»:+
17 Հերոբովամի կինը վեր կացավ գնաց իր ճանապարհով ու եկավ Թերսա: Հենց որ նա տան շեմից ներս մտավ, տղան մահացավ: 18 Նրան թաղեցին, և ողջ Իսրայելը սուգ արեց նրա համար, ինչպես որ Եհովան ասել էր իր ծառայի՝ Աքիա մարգարեի միջոցով:
19 Հերոբովամի կյանքի մնացած իրադարձությունների մասին, թե նա ինչպես է պատերազմներ վարել+ և թագավորել, գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 20 Հերոբովամը թագավորեց 22 տարի և հանգչեց իր նախահայրերի հետ:+ Նրանից հետո սկսեց թագավորել իր որդին՝ Նադաբը:+
21 Իսկ Հուդայում թագավորում էր Սողոմոնի որդին՝ Ռոբովամը: Նա 41 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 17 տարի իշխեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Եհովան ընտրել էր+ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր տարածքներից, որպեսզի իր անունը այնտեղ լինի:+ Ռոբովամի մոր անունը Նաամա էր. նա ամմոնացի էր:+ 22 Հուդայի ժողովուրդը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում,+ և իր գործած մեղքերով ավելի բարկացրեց նրան, քան իր բոլոր նախահայրերը:+ 23 Հուդայի ժողովուրդը նույնպես սրբավայրեր կառուցեց, սուրբ սյուներ ու սուրբ ձողեր պատրաստեց+ ամեն բարձր բլրի վրա+ և ամեն սաղարթախիտ ծառի տակ:+ 24 Երկրում նաև տաճարային մարմնավաճառներ* կային:+ Ժողովուրդն անում էր այն բոլոր գարշելի գործերը, ինչ մյուս ազգերը, որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:
25 Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ+ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա+ 26 և վերցրեց Եհովայի տան ու թագավորի պալատի գանձերը:+ Նա վերցրեց ամեն բան, այդ թվում՝ Սողոմոնի պատրաստած բոլոր ոսկե վահանները:+ 27 Դրանց փոխարեն Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և դրանք հանձնեց պահակների* պետերի պահպանությանը: Պահակները հսկում էին թագավորի պալատի մուտքը: 28 Երբ թագավորը գնում էր Եհովայի տուն, պահակները, այդ վահանները ձեռքներին, ուղեկցում էին նրան, իսկ հետո դրանք նորից դնում էին պահակասենյակում:
29 Ռոբովամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:+ 30 Ռոբովամն ու Հերոբովամը մշտապես պատերազմում էին իրար դեմ:+ 31 Ռոբովամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում՝+ իր նախահայրերի մոտ: Նրա մոր անունը Նաամա էր. նա ամմոնացի էր:+ Ռոբովամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աբիամը:+
15 Հերոբովամի՝+ Նաբատի որդու իշխանության 18-րդ տարում Հուդայում թագավոր դարձավ Աբիամը+ 2 և երեք տարի թագավորեց Երուսաղեմում: Նրա մայրը, որի անունը Մաաքա էր,+ Աբիսողոմի թոռն էր: 3 Աբիամը գործեց նույն մեղքերը, ինչ նախկինում իր հայրն էր գործել: Նրա սիրտը ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես իր նախահոր՝ Դավթի սիրտն էր: 4 Սակայն հանուն Դավթի՝+ նրա Աստված Եհովան Երուսաղեմում նրան մի ճրագ* տվեց՝+ նրանից հետո գահին նստեցնելով նրա որդուն և պահպանելով Երուսաղեմը, 5 քանի որ Դավիթն արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, ու իր ողջ կյանքում չշեղվեց նրա պատվիրած և ոչ մի բանից՝ չհաշված քետացի Ուրիայի հետ կապված դեպքը:+ 6 Ռոբովամի կենդանության օրոք նրա և Հերոբովամի միջև պատերազմ էր ընթանում:+
7 Աբիամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:+ Պատերազմ էր ընթանում նաև Աբիամի ու Հերոբովամի միջև:+ 8 Աբիամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասան:+
9 Ասան Հուդայի թագավոր դարձավ Իսրայելի թագավոր Հերոբովամի իշխանության 20-րդ տարում 10 և 41 տարի թագավորեց Երուսաղեմում: Նրա տատը, որի անունը Մաաքա էր,+ Աբիսողոմի թոռն էր: 11 Իր նախահոր՝ Դավթի պես Ասան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 12 Նա երկրից վռնդեց տաճարային մարմնավաճառներին*+ և հեռացրեց իր հայրերի պատրաստած բոլոր գարշելի կուռքերը:*+ 13 Նա նույնիսկ իր տատին՝ Մաաքային+ զրկեց մայր թագուհու դիրքից* այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր պատրաստել սուրբ ձողին* պաշտելու համար: Ասան կտրեց նրա զզվելի կուռքը+ և այրեց այն Կեդրոնի հովտում:+ 14 Սակայն նա չվերացրեց սրբավայրերը:+ Այնուամենայնիվ, Ասայի սիրտը իր ողջ կյանքում ամբողջությամբ Եհովայի հետ էր: 15 Նա Եհովայի տուն բերեց իր և իր հոր կողմից սրբագործված* բոլոր բաները՝ արծաթը, ոսկին և տարբեր իրեր:+
16 Ասան և Իսրայելի թագավոր Բաասան+ մշտապես պատերազմում էին իրար դեմ: 17 Իսրայելի թագավոր Բաասան հարձակվեց Հուդայի վրա: Հետո սկսեց ամրացնել* Ռաման,+ որպեսզի ոչ մեկին թույլ չտա ելումուտ անել Հուդայի Ասա թագավորի տարածք:+ 18 Այդ ժամանակ Ասան վերցրեց Եհովայի տան և արքունական տան գանձարաններում մնացած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաներին և նրանց ուղարկեց Էզիոնի որդի Տաբրեմոնի որդու՝ Ասորիքի թագավոր+ Բենադադի մոտ, որը Դամասկոսում էր ապրում: Նա նրանց պատվիրեց ասել. 19 «Իմ ու քո միջև և իմ հոր ու քո հոր միջև դաշինք կա: Ես քեզ արծաթ ու ոսկի եմ որպես նվեր ուղարկում: Խզիր Իսրայելի թագավոր Բաասայի հետ ունեցած քո դաշինքը, որ նա հեռանա իմ երկրից»: 20 Բենադադը լսեց Ասա թագավորին. նա իր զորագլուխներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և նվաճեց Իյոնը,+ Դանը,+ Աբել-Բեթմաաքան, ամբողջ Քեներեթը ու Նեփթաղիմի ողջ տարածքը: 21 Երբ Բաասան լսեց այդ մասին, անմիջապես դադարեցրեց Ռաման ամրացնելը, վերադարձավ Թերսա+ ու մնաց այնտեղ: 22 Իսկ Ասա թագավորը կանչեց Հուդայի բոլոր մարդկանց՝ բոլորին առանց բացառության, և նրանք տարան Ռամայի քարերն ու գերանները, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության մեջ: Ասա թագավորը դրանցով ամրացրեց Գեբան,+ որը Բենիամինի տարածքում է, ու Մասփան:+
23 Ասայի կյանքի մնացած իրադարձությունների մասին, նրա ողջ զորության, նրա բոլոր գործերի և ամրացրած քաղաքների մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: Ծերության տարիներին նա տառապում էր ոտքերի հիվանդությունից:+ 24 Ասան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին նրանց մոտ՝ իր նախահոր՝ Դավթի քաղաքում: Ասայից հետո թագավոր դարձավ նրա որդի Հովսափատը:+
25 Հուդայի թագավոր Ասայի իշխանության երկրորդ տարում Նադաբը՝+ Հերոբովամի որդին, դարձավ Իսրայելի թագավորը և իշխեց երկու տարի: 26 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. գնաց իր հոր հետքերով+ ու գործեց նույն մեղքերը, որոնք իր հայրը Իսրայելին դրդել էր գործել:+ 27 Մի անգամ, երբ Նադաբն ու բոլոր իսրայելացիները պաշարել էին փղշտացիների Գաբաթոն+ քաղաքը, Իսաքարի տնից Բաասան՝ Աքիայի որդին, դավադրություն կազմակերպեց նրա դեմ ու սպանեց նրան Գաբաթոնում: 28 Հուդայի թագավոր Ասայի իշխանության երրորդ տարին էր, երբ Բաասան սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել: 29 Թագավոր դառնալուն պես նա բնաջնջեց Հերոբովամի ամբողջ տունը: Հերոբովամի տնից կենդանի շունչ չթողեց. բոլորին ոչնչացրեց, ինչպես որ Եհովան ասել էր իր ծառայի՝ սիլոնացի Աքիայի միջոցով:+ 30 Դա եղավ այն մեղքերի պատճառով, որոնք Հերոբովամը գործել էր և որոնք նա Իսրայելին դրդել էր գործել, նաև այն պատճառով, որ խիստ վիրավորել էր Եհովային՝ Իսրայելի Աստծուն: 31 Նադաբի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 32 Ասան և Իսրայելի թագավոր Բաասան մշտապես պատերազմում էին իրար դեմ:+
33 Հուդայի թագավոր Ասայի իշխանության երրորդ տարում Բաասան՝ Աքիայի որդին, Թերսայում դարձավ ողջ Իսրայելի թագավորը և իշխեց 24 տարի:+ 34 Բաասան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում.+ գնաց Հերոբովամի հետքերով ու գործեց նույն մեղքերը, որոնք նա Իսրայելին դրդել էր գործել:+
16 Եհովան Հեուի՝+ Հանանիի+ որդու միջոցով հայտնեց Բաասայի դեմ ուղղված այս դատավճիռը. 2 «Ես փոշու միջից բարձրացրի քեզ, որ իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձնեմ,+ բայց դու գնացիր Հերոբովամի հետքերով, իմ ժողովրդին՝ իսրայելացիներին, մեղքի դրդեցիր, և նրանք վիրավորեցին ինձ իրենց մեղքերով:+ 3 Ուստի ես կվերացնեմ Բաասային ու նրա տունը և այն Հերոբովամի՝+ Նաբատի որդու տան պես կդարձնեմ: 4 Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, նրան շները կուտեն, իսկ ով դաշտում մեռնի, նրան երկնքի թռչունները կուտեն»:
5 Բաասայի կյանքի մնացած իրադարձությունների, նրա գործերի և հզորության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 6 Բաասան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Թերսայում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Էլան: 7 Հեու մարգարեի՝ Հանանիի որդու միջոցով Եհովան իր դատավճիռը հայտնել էր Բաասայի ու նրա տան դեմ, քանի որ նա արել էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ վիրավորելով նրան իր արարքներով, ինչպես որ Հերոբովամի տունն էր արել, և քանի որ սպանել էր Նադաբին:+
8 Հուդայի թագավոր Ասայի իշխանության 26-րդ տարում Թերսայում Իսրայելի թագավոր դարձավ Բաասայի որդին՝ Էլան, և իշխեց երկու տարի: 9 Էլայի ծառան՝ Զամրին՝ մարտակառքերի զինվորների կեսի հրամանատարը, դավադրություն կազմակերպեց Էլայի դեմ, երբ նա խմել ու հարբել էր Արզայի տանը, որը Թերսայում գտնվող պալատի վերակացուն էր: 10 Զամրին մտավ տուն, հարձակվեց նրա վրա ու սպանեց նրան:+ Դա տեղի ունեցավ Հուդայի թագավոր Ասայի իշխանության 27-րդ տարում: Էլայի փոխարեն սկսեց թագավորել Զամրին: 11 Թագավոր դառնալուն և գահին նստելուն պես նա կոտորեց Բաասայի ամբողջ տունը՝ չխնայելով նրա ազգականներից* ու ընկերներից ոչ մի տղամարդու:* 12 Այսպիսով՝ Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը, ինչպես որ Եհովան նրա մասին ասել էր Հեու մարգարեի միջոցով:+ 13 Դա եղավ այն բոլոր մեղքերի պատճառով, որ գործեցին Բաասան ու նրա որդին՝ Էլան, նաև այն պատճառով, որ նրանք Իսրայելին մեղքի դրդեցին՝ պաշտելով իրենց փուչ կուռքերին, և այդպիսով վիրավորեցին Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 14 Էլայի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
15 Հուդայի թագավոր Ասայի իշխանության 27-րդ տարում Զամրին յոթ օր թագավորեց Թերսայում: Այդ ընթացքում զորքը բանակ էր դրել փղշտացիների Գաբաթոն+ քաղաքի մոտ, որ պատերազմի դրա դեմ: 16 Բանակատեղիում գտնվող զինվորները լսեցին, որ Զամրին դավադրություն է կազմակերպել թագավորի դեմ ու սպանել է նրան: Եվ հենց այդ օրը բանակատեղիում բոլոր զինվորները* զորագլուխ Ամրիին+ Իսրայելի թագավոր դարձրին: 17 Ամրին և նրա հետ եղող զորքը Գաբաթոնից գնացին ու պաշարեցին Թերսան: 18 Երբ Զամրին տեսավ, որ քաղաքը գրավել են, մտավ արքունական պալատի ամուր աշտարակը, հրի մատնեց պալատը ու ինքն էլ կրակի մեջ մեռավ:+ 19 Դա եղավ այն պատճառով, որ նա մեղքեր գործեց՝ գնաց Հերոբովամի հետքերով և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, ինչպես նաև այն պատճառով, որ նա Իսրայելին մեղքի դրդեց:+ 20 Զամրիի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
21 Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկու մասի բաժանվեց: Մի մասն անցավ Թաբնիի՝ Գինաթի որդու կողմը, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ մյուս մասն անցավ Ամրիի կողմը: 22 Սակայն Ամրիի կողմնակիցները հաղթեցին Թաբնիի՝ Գինաթի որդու կողմնակիցներին: Այսպիսով՝ Թաբնին մեռավ, իսկ Ամրին թագավոր դարձավ:
23 Ամրին Իսրայելի թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ասայի իշխանության 31-րդ տարում և թագավորեց 12 տարի: Թերսայում նա իշխեց վեց տարի: 24 Նա Սամերից երկու տաղանդ* արծաթով գնեց Սամարիա լեռը, մի քաղաք կառուցեց լեռան վրա և այդ քաղաքի անունը լեռան տիրոջ՝ Սամերի անունով Սամարիա* կոչեց:+ 25 Ամրին արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և իր բոլոր նախորդներից ավելի վատ գործեր արեց:+ 26 Նա գնաց Հերոբովամի՝ Նաբատի որդու հետքերով և գործեց նույն մեղքը, որը իսրայելացիները գործել էին նրա դրդմամբ՝ իրենց փուչ կուռքերով վիրավորելով Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 27 Ամրիի կյանքի մնացած իրադարձությունների, նրա արած բաների և զորավոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 28 Ամրին հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աքաաբը:+
29 Աքաաբը՝ Ամրիի որդին, Իսրայելի թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ասայի իշխանության 38-րդ տարում և Սամարիայում+ 22 տարի թագավորեց Իսրայելի վրա: 30 Աքաաբը՝ Ամրիի որդին, Եհովայի աչքում ավելի վատն էր, քան իր բոլոր նախորդները:+ 31 Բավական չէր, որ Աքաաբը գործեց նույն մեղքերը, ինչ Հերոբովամը՝+ Նաբատի որդին էր գործել, նա նաև կնության առավ Հեզաբելին՝+ սիդոնացիների+ թագավոր Եթբահաղի աղջկան, և սկսեց ծառայել Բահաղին+ ու խոնարհվել նրա առաջ: 32 Բացի այդ՝ Սամարիայում իր կառուցած Բահաղի տանը*+ նա մի զոհասեղան կանգնեցրեց Բահաղի համար: 33 Աքաաբը նաև սուրբ ձող*+ պատրաստեց և ավելի մեծ չարիք գործեց՝ վիրավորելով Եհովային՝ Իսրայելի Աստծուն, քան իրեն նախորդած Իսրայելի մյուս բոլոր թագավորները:
34 Նրա օրերում բեթելցի Հիելը վերակառուցեց Երիքովը: Նա իր առաջնեկի՝ Աբիրոնի կյանքի գնով դրեց դրա հիմքը և իր կրտսերի՝ Սեգուբի կյանքի գնով կանգնեցրեց դրա դարպասները, ինչպես որ Եհովան ասել էր Հեսուի՝ Նավեի որդու միջոցով:+
17 Մի օր թեզբացի Եղիան,*+ որն ապրում էր Գաղաադում,+ ասաց Աքաաբին. «Երդվում եմ Իսրայելի Աստված Եհովայի գոյությամբ, նրա, ում ես ծառայում եմ.* այս տարիներին ցող կամ անձրև չի լինի, եթե լինի, ապա միայն իմ խոսքով»:+
2 Եհովան ասաց Եղիային. 3 «Այստեղից գնա և ուղղություն վերցնելով դեպի արևելք՝ թաքնվիր Քերիթի գետահովտում,* որը Հորդանանի արևելյան կողմում է: 4 Դու գետից ջուր կխմես, իսկ ագռավները իմ հրամանով քեզ համար ուտելիք կբերեն»:+ 5 Եղիան անմիջապես արեց այն, ինչ Եհովան ասել էր. գնաց ու բնակվեց Քերիթի գետահովտում, որը Հորդանանի արևելյան կողմում է: 6 Ամեն առավոտ ու երեկո ագռավները նրան հաց ու միս էին բերում, իսկ ջուրը նա գետից էր խմում:+ 7 Բայց որոշ ժամանակ անց գետը ցամաքեց,+ որովհետև երկրում անձրև չէր գալիս:
8 Եհովան ասաց Եղիային. 9 «Վեր կաց գնա Սարեփթա, որը Սիդոնի տարածքում է, ու մնա այնտեղ: Ես այնտեղ ապրող մի այրի կնոջ կպատվիրեմ, որ քեզ ուտելիքով ապահովի»:+ 10 Ուստի Եղիան գնաց Սարեփթա ու երբ եկավ քաղաքի մուտքի մոտ, տեսավ, որ մի այրի կին փայտ է հավաքում: Նա ձայն տվեց նրան՝ ասելով. «Խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր բեր՝ խմեմ»:+ 11 Եվ երբ կինը գնում էր ջուր բերելու, նա նորից ձայն տվեց նրան. «Խնդրում եմ, մի կտոր հաց էլ բեր»: 12 Սակայն կինն ասաց. «Երդվում եմ քո Աստված Եհովայի գոյությամբ. ես հաց չունեմ, այլ միայն մի բուռ ալյուր ունեմ մեծ սափորում ու մի քիչ էլ յուղ՝ փոքր կժի մեջ:+ Եկել եմ՝ մի քանի կտոր փայտ հավաքեմ, որ գնամ ինձ ու տղայիս համար ուտելու բան պատրաստեմ: Կուտենք ու հետո կմեռնենք»:
13 Եղիան ասաց նրան. «Մի՛ վախեցիր: Գնա ու արա այն, ինչ ասացիր: Բայց նախ քո ունեցածով ինձ համար փոքր կլոր հաց պատրաստիր ու բեր, հետո քեզ ու որդուդ համար կպատրաստես, 14 որովհետև Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Սափորի միջի ալյուրը չի վերջանա, և կժի միջի յուղը չի պակասի մինչև այն օրը, երբ Եհովան անձրև տեղա երկրի վրա»»:+ 15 Կինը գնաց ու Եղիայի ասածի պես արեց: Եվ նա, իր ընտանիքը ու Եղիան շատ օրեր բավականաչափ ուտելիք ունեին:+ 16 Սափորի միջի ալյուրը չէր վերջանում, և կժի միջի յուղը չէր պակասում՝ համաձայն Եհովայի խոսքի, որ նա ասել էր Եղիայի միջոցով:
17 Որոշ ժամանակ անց այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ: Հիվանդությունն այնքան ծանր էր, որ նա մահացավ:*+ 18 Ուստի կինն ասաց Եղիային. «Ես քեզ ի՞նչ եմ արել, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ: Դու եկար, որ մեղքիս մասին հիշեցնես ու որդուս սպանե՞ս»:+ 19 Սակայն Եղիան ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ»: Եվ վերցնելով նրան մոր գրկից՝ տարավ վերնասենյակ, որտեղ ինքը մնում էր, և պառկեցրեց իր մահճակալին:+ 20 Ապա բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա,+ մի՞թե ինձ հյուրընկալած այս այրի կնոջ վրա էլ աղետ կբերես՝ թույլ տալով, որ նրա որդին մահանա»: 21 Այնուհետև նա երեք անգամ մեկնվեց երեխայի վրա ու բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան կենդանանա»: 22 Եհովան լսեց Եղիայի խնդրանքը,+ ու երեխան կենդանացավ:+ 23 Եղիան վերցրեց երեխային, վերնասենյակից իջեցրեց տուն և նրան տալով մորը՝ ասաց. «Տե՛ս, որդիդ ողջ է»:+ 24 Կինն ասաց Եղիային. «Հիմա ես գիտեմ, որ դու Աստծու մարդ ես,+ և այն խոսքերը, որ ասում ես Եհովայի անունից, ճշմարիտ են»:
18 Որոշ ժամանակ անց՝ երրորդ տարում,+ Եհովան ասաց Եղիային. «Գնա Աքաաբի մոտ, որովհետև ես անձրև եմ ուղարկելու երկրի վրա»:+ 2 Եղիան էլ գնաց Աքաաբի մոտ: Սամարիայում սաստիկ սով էր:+
3 Աքաաբը կանչեց Աբդիային՝ պալատի վերակացուին: (Աբդիան Եհովայից շատ էր վախենում: 4 Դրա համար էլ, երբ Հեզաբելը+ կոտորում էր Եհովայի մարգարեներին, Աբդիան 100 մարգարեների 50-50 թաքցրեց քարայրերում և նրանց հացով ու ջրով ապահովեց): 5 Աքաաբն ասաց Աբդիային. «Արի անցնենք այս երկրի ջրի բոլոր աղբյուրների մոտով ու գետահովիտներով:* Գուցե բավականաչափ խոտ գտնենք, որ մեր ձիերն ու ջորիները չսատկեն, և մեր բոլոր անասունները չկոտորվեն»: 6 Այսպիսով՝ նրանք բաժանեցին երկիրը՝ որոշելով, թե ով ուր է գնալու: Աքաաբը մի ճանապարհով գնաց, իսկ Աբդիան՝ մեկ ուրիշ:
7 Երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան նրան ընդառաջ գնաց: Աբդիան անմիջապես ճանաչեց նրան և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց ու հարցրեց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ Եղիա»:+ 8 Նա էլ պատասխանեց. «Ե՛ս եմ: Գնա ու քո տիրոջն ասա. «Եղիան այստեղ է»»: 9 Բայց Աբդիան ասաց. «Ես ի՞նչ մեղք եմ գործել, որ ծառայիդ Աքաաբի ձեռքն ես տալիս, որ սպանի նրան: 10 Երդվում եմ քո Աստված Եհովայի գոյությամբ. չկա մի ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի՝ քեզ փնտրելու: Երբ իմ տիրոջն ասում էին՝ «Նա այստեղ չէ», այդ թագավորությանը կամ ազգին նա երդվել էր տալիս, որ իրոք քեզ չեն գտել:+ 11 Իսկ հիմա դու ասում ես, թե՝ «Գնա ու քո տիրոջն ասա՝ Եղիան այստեղ է»: 12 Երբ ես հեռանամ քեզնից, Եհովայի ոգին քեզ կտանի+ մի տեղ, որի մասին չեմ իմանա, ու երբ հայտնեմ Աքաաբին, որ այստեղ ես, և նա քեզ չգտնի, հաստատ կսպանի ինձ, մինչդեռ քո ծառան փոքրուց վախենում է Եհովայից: 13 Մի՞թե քեզ՝ իմ տիրոջը, չեն հայտնել, թե ինչ արեցի, երբ Հեզաբելը սպանում էր Եհովայի մարգարեներին, թե ինչպես Եհովայի մարգարեներից 100-ին 50-50 թաքցրի քարայրերում և նրանց հացով ու ջրով ապահովեցի:+ 14 Իսկ հիմա դու ինձ ասում ես, թե՝ «Գնա ու քո տիրոջն ասա՝ Եղիան այստեղ է»: Նա հաստատ կսպանի ինձ»: 15 Սակայն Եղիան ասաց. «Երդվում եմ Զորքերի տեր Եհովայի գոյությամբ, նրա, ում ծառայում եմ.* այսօր ես կհանդիպեմ նրան»:
16 Ուստի Աբդիան գնաց Աքաաբին տեսնելու. նա ամեն բան հաղորդեց նրան, և Աքաաբը գնաց, որ հանդիպի Եղիային:
17 Եղիային տեսնելուն պես Աքաաբն ասաց. «Այդ դո՞ւ ես, Իսրայելին փորձանքի մեջ գցող»:
18 Եղիան պատասխանեց. «Իսրայելին ե՛ս չեմ գցել փորձանքի մեջ, այլ դու և քո հոր տունը, որովհետև թողել եք Եհովայի պատվիրաններն ու Բահաղներին եք պաշտում:+ 19 Հիմա ողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս+ լեռան վրա հավաքիր, նաև Բահաղի 450 մարգարեներին և սուրբ ձողի*+ 400 մարգարեներին, որոնք Հեզաբելի սեղանից են հաց ուտում»: 20 Ուստի Աքաաբը մարդիկ ուղարկեց ողջ Իսրայելով և մարգարեներին հավաքեց Կարմեղոս լեռան վրա:
21 Եղիան մոտեցավ ժողովրդին ու ասաց. «Մինչև ե՞րբ եք անվճռական լինելու:*+ Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը, նրա՛ն պաշտեք, իսկ եթե Բահաղն է, նրա՛ն պաշտեք»:+ Ժողովուրդը մի բառ անգամ չպատասխանեց նրան: 22 Ապա Եղիան ասաց ժողովրդին. «Եհովայի մարգարեներից միայն ես եմ մնացել,+ իսկ Բահաղի մարգարեները 450 հոգի են: 23 Թող մեզ երկու մատղաշ ցուլ տան, և թող նրանք դրանցից մեկը ընտրեն, կտոր-կտոր անեն ու փայտերի վրա դնեն, բայց կրակ չվառեն: Ես էլ մյուս ցուլը կպատրաստեմ ու կդնեմ փայտերի վրա, բայց կրակ չեմ վառի: 24 Դուք ձե՛ր աստծու անունը կանչեք,+ ես էլ Եհովայի՛ անունը կկանչեմ: Այն Աստվածը, որը կպատասխանի կրակով, նա՛ է ճշմարիտ Աստվածը»:+ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ»:
25 Եղիան Բահաղի մարգարեներին ասաց. «Մի մատղաշ ցուլ ընտրեք և առաջինը դուք այն պատրաստեք, որովհետև շատ եք: Ապա կանչեք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»: 26 Նրանք էլ վերցրին իրենց տրված ցուլը, պատրաստեցին այն և առավոտից մինչև կեսօր Բահաղի անունը կանչեցին՝ ասելով. «Ո՛վ Բահաղ, պատասխանի՛ր մեզ»: Սակայն ձայն չէր լսվում. պատասխան տվող չկար:+ Այդ ողջ ընթացքում նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը: 27 Կեսօրին մոտ Եղիան սկսեց ծաղրել նրանց՝ ասելով. «Ավելի՛ բարձր ձայնով կանչեք, չէ՞ որ նա աստված է:+ Գուցե մտածմունքների մեջ է ընկել կամ գնացել է իր բնական կարիքը հոգալու:* Կամ էլ գուցե քնած է, ու նրան հարկավոր է արթնացնել»: 28 Եվ նրանք ավելի բարձր ձայնով էին կանչում ու սովորության համաձայն՝ իրենց մարմինների վրա դաշույններով ու նիզակներով կտրվածքներ անում, մինչև որ արյունաթաթախ եղան: 29 Կեսօրն անցավ. նրանք շարունակում էին խելացնոր բաներ անել* մինչև երեկոյան հացի ընծան մատուցելու ժամանակը, բայց ձայն չէր լսվում, ոչ ոք չէր պատասխանում. ուշադրություն դարձնող չկար:+
30 Ի վերջո Եղիան ասաց ժողովրդին. «Ի՛նձ մոտեցեք»: Ամբողջ ժողովուրդը մոտեցավ նրան: Ապա նա սկսեց վերականգնել Եհովայի զոհասեղանը, որը քանդված էր:+ 31 Եղիան 12 քար վերցրեց՝ Հակոբի որդիների ցեղերի թվով, Հակոբի, որին Եհովան ասել էր. «Իսրայել է լինելու քո անունը»:+ 32 Այդ քարերով նա Եհովայի անվան պատվին զոհասեղան կառուցեց+ և դրա շուրջը փոս փորեց մի տարածքի չափով, որտեղ կարելի է երկու գրիվ* սերմ ցանել: 33 Դրանից հետո նա փայտերը շարեց, մատղաշ ցուլը կտորների բաժանեց, դրանք դասավորեց փայտերի վրա+ ու ասաց. «Չորս մեծ սափոր ջուր հավաքեք և այն լցրեք ողջակեզի ու փայտերի վրա»: 34 Ապա ասաց. «Նորից արեք»: Եվ նրանք նորից արեցին: «Երրորդ անգամ էլ արեք»,– ասաց նա: Նրանք երրորդ անգամ էլ արեցին: 35 Ջուրը հոսեց զոհասեղանի շուրջբոլորը: Եղիան նաև փոսը ջրով լցրեց:
36 Երբ երեկոյան հացի ընծան մատուցելու ժամանակը եկավ,+ Եղիա մարգարեն մոտեցավ զոհասեղանին ու ասաց. «Ո՛վ Եհովա, Աբրահամի,+ Իսահակի+ ու Իսրայելի Աստված, թող այսօր բոլորը իմանան, որ դո՛ւ ես Իսրայելում Աստված, որ ես քո ծառան եմ, և որ քո խոսքով արեցի այս ամենը:+ 37 Պատասխանի՛ր ինձ, ո՛վ Եհովա, պատասխանի՛ր ինձ, որպեսզի այս մարդիկ իմանան, որ դո՛ւ ես, Եհո՛վա, ճշմարիտ Աստվածը, և դու նրանց սիրտը դեպի քեզ ես դարձնում»:+
38 Այդ պահին Եհովան երկնքից կրակ ուղարկեց, և այն խժռեց ողջակեզը,+ փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ կլանեց:+ 39 Դա տեսնելով՝ ժողովուրդը ծնկի եկավ, մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը: Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը»: 40 Այդ ժամանակ Եղիան ասաց նրանց. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին: Նրանցից մեկի՛ն էլ չթողնեք, որ փախչի»: Եվ մարգարեներին անմիջապես բռնեցին: Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատ*+ և այնտեղ սպանեց:+
41 Եղիան ասաց Աքաաբին. «Գնա, կեր և խմիր, որովհետև տեղատարափ անձրևի ձայն է լսվում»:+ 42 Աքաաբը գնաց ուտելու և խմելու: Իսկ Եղիան բարձրացավ Կարմեղոսի գագաթը, ծնկի եկավ ու երեսը խոնարհեց դեպի ծնկները:+ 43 Հետո իր սպասավորին ասաց. «Խնդրում եմ, բարձրացիր ու նայիր ծովի կողմը»: Նա էլ բարձրացավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»: Եղիան դարձյալ ասաց. «Նորից գնա»: Եվ այդպես յոթ անգամ: 44 Յոթերորդ անգամ սպասավորն ասաց. «Ծովից փոքր ամպ է բարձրանում՝ մարդու ձեռքի չափ»: Եղիան ասաց. «Գնա ու Աքաաբին ասա. «Լծիր կառքդ ու մեկնիր, քանի դեռ տեղատարափ անձրևը չի սկսվել»»: 45 Այդ ժամանակ երկինքը մութ ամպերով ծածկվեց, և քամի ու հորդառատ անձրև սկսվեց:+ Աքաաբը, կառք նստած, գնում էր Հեզրայել:+ 46 Եհովան զորություն տվեց Եղիային.* նա իր հագուստի փեշերը գոտու տակ մտցրեց* և մինչև Հեզրայել ամբողջ ճանապարհը վազեց Աքաաբի առջևից:
19 Աքաաբը+ Հեզաբելին+ պատմեց այն ամենը, ինչ Եղիան արել էր, և թե նա ինչպես էր սրի քաշել բոլոր մարգարեներին:+ 2 Ուստի Հեզաբելը պատգամաբեր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Թող աստվածները խստորեն պատժեն ինձ, եթե վաղը՝ մոտավորապես այս ժամին, ես քեզ նույնը չանեմ, ինչ որ նրանցից ամեն մեկին* եղավ»: 3 Դա լսելով՝ Եղիան վախեցավ, ուստի վեր կացավ ու փախավ, որ փրկի իր կյանքը:+ Նա գնաց Բերսաբեե,+ որ Հուդայում է,+ և իր սպասավորին այնտեղ թողեց: 4 Եղիան մեկ օրվա ճանապարհ անցավ անապատի միջով ու եկավ նստեց մի օրոճի* տակ: Նա սկսեց մահ խնդրել իր համար՝ ասելով. «Բավակա՛ն է: Ո՜վ Եհովա, վերցրու իմ կյանքը,*+ քանի որ ես իմ նախահայրերից ավելի լավը չեմ»:
5 Հետո նա պառկեց օրոճի տակ և քուն մտավ: Հանկարծ մի հրեշտակ դիպավ նրան+ ու ասաց. «Վեր կաց ու կեր»:+ 6 Եղիան նայեց ու տեսավ, որ իր գլխի մոտ՝ շիկացած քարերի վրա, մի կլոր հաց է դրված, իսկ կողքին՝ ջրով լի կուժ: Նա կերավ, խմեց ու նորից պառկեց: 7 Որոշ ժամանակ անց Եհովայի հրեշտակը երկրորդ անգամ եկավ, դիպավ նրան ու ասաց. «Վեր կաց ու կեր, որովհետև ճանապարհդ երկար է լինելու»: 8 Ուստի Եղիան վեր կացավ, կերավ ու խմեց և ուժ ստանալով՝ 40 օր ու 40 գիշեր քայլեց, մինչև որ հասավ Քորեբ՝ ճշմարիտ Աստծու լեռը:+
9 Այնտեղ նա գիշերեց մի քարայրում:+ Եհովան հարցրեց նրան. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»: 10 Եղիան պատասխանեց. «Ես մեծ նախանձախնդրությամբ եմ ծառայել Զորքերի տեր Եհովա Աստծուն,+ բայց իսրայելացիները դրժել են քո ուխտը,+ քանդել են քո զոհասեղանները և սրի են քաշել քո մարգարեներին:+ Միայն ես եմ մնացել, և հիմա նրանք ուզում են խլել իմ կյանքը»:+ 11 Բայց Նա ասաց. «Դուրս գնա ու կանգնիր լեռան վրա՝ Եհովայի առջև»: Երբ Եհովան անցնում էր+ նրա կողքով, սաստիկ քամի բարձրացավ, որը ճեղքեց լեռներն ու կոտրեց ժայռերը Եհովայի առաջ,+ բայց Եհովան քամու մեջ չէր: Քամուց հետո երկրաշարժ եղավ,+ բայց Եհովան երկրաշարժի մեջ չէր: 12 Երկրաշարժից հետո կրակ եղավ,+ բայց Եհովան կրակի մեջ էլ չէր: Իսկ կրակից հետո մի մեղմ, ցածր ձայն լսվեց:+ 13 Հենց որ Եղիան այդ ձայնը լսեց, իր հագուստով* ծածկեց երեսը,+ դուրս գնաց ու կանգնեց քարայրի մուտքի մոտ: Հետո մի ձայն հարցրեց նրան. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»: 14 Նա էլ պատասխանեց. «Ես մեծ նախանձախնդրությամբ եմ ծառայել Զորքերի տեր Եհովա Աստծուն, բայց իսրայելացիները դրժել են քո ուխտը,+ քանդել են քո զոհասեղանները և սրի են քաշել քո մարգարեներին: Միայն ես եմ մնացել, և հիմա նրանք ուզում են խլել իմ կյանքը»:+
15 Եհովան ասաց նրան. «Վերադարձիր ու գնա Դամասկոսի մոտ գտնվող անապատը: Երբ հասնես, Ազայելին+ օծիր Ասորիքի թագավոր: 16 Հեուին՝+ Նամեսիի թոռանը, օծիր Իսրայելի թագավոր և Աբել-Մաուլայից Եղիսեին՝* Սաֆատի որդուն, օծիր մարգարե, որ փոխարինի քեզ:+ 17 Ազայելի սրից ազատվածին+ Հեուն կսպանի,+ և Հեուի սրից ազատվածին Եղիսեն կսպանի:+ 18 Իսրայելում դեռ 7 000 մարդ ունեմ,+ որոնք ծնկի չեն եկել Բահաղի առաջ,+ և որոնք չեն համբուրել նրան»:+
19 Եղիան գնաց այնտեղից ու գտավ Եղիսեին՝ Սաֆատի որդուն: Եղիսեն արտն էր հերկում: Նրա առջևից 12 զույգ եզ էր գնում, և նա քայլում էր 12-րդ զույգի հետ: Եղիսեի մոտով անցնելիս Եղիան իր հագուստը*+ գցեց նրա վրա: 20 Եղիսեն թողեց եզները, վազեց Եղիայի հետևից ու ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր՝ համբուրեմ հորս ու մորս, հետո քո հետևից կգամ»: Եղիան պատասխանեց. «Գնա, մի՞թե ես հետ եմ պահում քեզ»: 21 Եղիսեն հետ դարձավ, մի զույգ եզ վերցրեց, մորթեց,* ապա գութանի փայտն ու լուծը որպես վառելանյութ օգտագործելով՝ միսը եփեց, բաժանեց մարդկանց, և նրանք կերան: Հետո վեր կացավ գնաց Եղիայի հետևից ու սկսեց ծառայել նրան:+
20 Ասորիքի+ Բենադադ թագավորը+ հավաքեց իր ողջ զորքը, կանչեց 32 թագավորների իրենց ձիերով ու կառքերով, գնաց պաշարեց+ Սամարիան+ ու կռվեց դրա դեմ: 2 Նա պատգամաբերներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի Աքաաբ+ թագավորի մոտ, որ ասեն նրան. «Ահա թե ինչ է ասում Բենադադը. 3 «Քո արծաթն ու ոսկին իմն են, իմն են նաև քո կանանցից ու որդիներից լավագույնները»»: 4 Իսրայելի թագավորն էլ պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, ինչպես և ասացիր, ես քոնն եմ, և ինչ որ ունեմ, քեզ է պատկանում»:+
5 Պատգամաբերները նորից եկան ու ասացին. «Ահա թե ինչ է ասում Բենադադը. «Ես մարդ էի ուղարկել, որ ասեն քեզ. «Քո արծաթն ու ոսկին, քո կանանց ու որդիներին ինձ ես տալու»: 6 Իսկ վաղը՝ մոտավորապես այս ժամին, իմ ծառաներին քեզ մոտ կուղարկեմ, որ մանրամասն խուզարկեն քո և քո ծառաների տները: Նրանք կվերցնեն ու կտանեն այն ամենը, ինչ թանկ է քեզ համար»»:
7 Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր երեցներին ու ասաց. «Տեսեք, որ այդ մարդը ուզում է չարիք բերել, քանի որ նա արդեն ինձնից պահանջել էր իմ կանանց, որդիներին, իմ արծաթն ու ոսկին, և ես նրան չէի մերժել»: 8 Այդ ժամանակ բոլոր երեցներն ու ողջ ժողովուրդը ասացին. «Մի՛ հնազանդվիր նրան ու մի՛ համաձայնվիր»: 9 Ուստի Իսրայելի թագավորը Բենադադի պատգամաբերներին ասաց. «Իմ տեր թագավորին հայտնեք. «Այն, ինչ առաջին անգամ պահանջեցիր ծառայիցդ, կանեմ, բայց սա չեմ կարող անել»»: Պատգամաբերներն էլ գնացին ու պատասխանը տարան թագավորին:
10 Բենադադը նորից մարդիկ ուղարկեց նրա մոտ, որ ասեն. «Թող աստվածները խստորեն պատժեն ինձ, եթե Սամարիան չկործանեմ: Իմ հետևից եկող զորքն այնքան մեծ է, որ Սամարիայից մնացած փոշին չի բավականացնի զինվորներիցս յուրաքանչյուրի բուռը լցնելու համար»: 11 Իսրայելի թագավորը պատասխանեց. «Ասեք նրան. «Թող սուրը մեջքին կապողը սուրը մեջքից հանողի պես չպարծենա»»:+ 12 Երբ Բենադադը լսեց այս խոսքերը, նա և թագավորները խմում էին վրաններում: Բենադադն անմիջապես հրամայեց իր ծառաներին. «Պատրաստվեք հարձակմա՛ն»: Եվ նրանք պատրաստվեցին քաղաքի դեմ հարձակվելու:
13 Բայց Իսրայելի Աքաաբ+ թագավորին մի մարգարե մոտեցավ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Տեսնո՞ւմ ես մարդկանց այս մեծ բազմությունը: Այսօր նրանց քո ձեռքն եմ տալու, և դու կիմանաս, որ ես Եհովան եմ»»:+ 14 Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»: Նա պատասխանեց. «Եհովան ասում է. «Գավառների իշխանների ծառաների միջոցով»»: Աքաաբը հարցրեց. «Ո՞վ է սկսելու պատերազմը»: Մարգարեն էլ պատասխանեց. «Դու»:
15 Աքաաբը հաշվեց գավառների իշխանների ծառաներին. նրանք 232 հոգի էին: Հետո հաշվեց իսրայելացի բոլոր տղամարդկանց՝ 7 000 հոգի: 16 Նրանք քաղաքից դուրս եկան կեսօրին, երբ Բենադադը և իրեն աջակցող 32 թագավորները վրաններում խմում-հարբում էին: 17 Առաջինը դուրս եկան գավառների իշխանների ծառաները: Ուստի Բենադադը անմիջապես մարդիկ ուղարկեց, որ իմանան, թե ինչ է տեղի ունենում: Նրանք տեղեկացրին նրան. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»: 18 Նա ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, նրանց կենդանի բռնեք, և եթե անգամ պատերազմելու համար են դուրս եկել, միևնույն է, կենդանի բռնեք»: 19 Բայց երբ գավառների իշխանների ծառաները և նրանց հետևից ողջ զորքը քաղաքից դուրս եկան, 20 սկսեցին սպանել իրենց հակառակորդներին: Ասորիները փախուստի դիմեցին:+ Իսրայելացիները հետապնդեցին նրանց, բայց Ասորիքի Բենադադ թագավորը, ձի հեծած, մի քանի ձիավորների հետ փախավ: 21 Իսրայելի թագավորը դուրս եկավ, տապալեց ձիերին, ջախջախեց կառքերը և մեծ հաղթանակ տարավ ասորիների հանդեպ:*
22 Դրանից հետո մարգարեն+ մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց. «Գնա և ամրացրու պաշտպանությունդ: Մտածիր, թե ինչ ես անելու,+ որովհետև եկող տարվա սկզբին* Ասորիքի թագավորը նորից հարձակվելու է քեզ վրա»:+
23 Ասորիքի թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց Աստվածը լեռների Աստված է, այդ պատճառով նրանք հաղթեցին մեզ: Բայց եթե նրանց դեմ կռվի դուրս գանք հարթավայրում, մենք կհաղթենք նրանց: 24 Այս բանն արա. կառավարիչներին նշանակիր, որ թագավորների+ փոխարեն իրենք առաջնորդեն զորքերին: 25 Քո կորցրած զորքի չափով զորք հավաքիր, ձիերի չափով՝ ձիեր և կառքերի չափով՝ կառքեր: Մենք նրանց դեմ կպատերազմենք հարթավայրում ու հաստատ կհաղթենք»: Թագավորը լսեց նրանց խորհուրդը և այդպես էլ արեց:
26 Տարվա սկզբին* Բենադադը հավաքեց ասորիներին ու գնաց Աֆեկ,+ որպեսզի պատերազմի Իսրայելի դեմ: 27 Իսրայելացիներն էլ հավաքվեցին և ստանալով իրենց անհրաժեշտ բաները՝ գնացին ասորիներին ընդառաջ: Իսրայելացիները նրանց դիմաց բանակ դրեցին. նրանք ասես այծերի երկու փոքր հոտ լինեին, մինչդեռ ասորիները զբաղեցրել էին ողջ տարածքը:+ 28 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ ասորիներն ասացին՝ «Եհովան լեռների Աստված է և ոչ թե հարթավայրերի Աստված», մարդկանց այս մեծ բազմությանը քո ձեռքը կմատնեմ,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»:+
29 Նրանք յոթ օր իրար դիմաց բանակ դրած մնացին, և յոթերորդ օրը պատերազմը սկսվեց: Իսրայելացիները մեկ օրում 100 000 ասորական հետևակ կոտորեցին: 30 Իսկ ողջ մնացածները՝ 27 000 հոգի, փախան Աֆեկ,+ բայց քաղաքի պարիսպը փուլ եկավ նրանց վրա: Բենադադն էլ փախավ մտավ քաղաք և թաքնվեց մի տան խորքի սենյակում:
31 Նրա ծառաներն ասացին նրան. «Մենք լսել ենք, որ Իսրայելի թագավորները գթասիրտ թագավորներ են:* Խնդրում ենք, թույլ տուր՝ մեր գոտկատեղին քուրձ կապենք ու մեր գլխին՝ պարաններ, և գնանք Իսրայելի թագավորի մոտ: Գուցե նա խնայի քո կյանքը»:*+ 32 Նրանք իրենց գոտկատեղին քուրձ կապեցին ու գլխին՝ պարաններ, գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. «Խնդրում եմ, խնայիր իմ կյանքը»»: Աքաաբն էլ ասաց. «Նա դեռ ո՞ղջ է: Նա իմ եղբայրն է»: 33 Ծառաները դա լավ նշան համարեցին: Նրանք իսկույն հասկացան, որ նա անկեղծ է, ուստի ասացին. «Բենադադը քո եղբայրն է»: Աքաաբն էլ ասաց. «Գնացեք բերե՛ք նրան»: Երբ Բենադադը եկավ նրա մոտ, նա նրան իր կառք բարձրացրեց:
34 Բենադադն ասաց նրան. «Ես կվերադարձնեմ այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել էր քո հորից: Դու կարող ես շուկաներ հիմնել* Դամասկոսում, ինչպես որ իմ հայրն արեց Սամարիայում»:
Աքաաբն էլ ասաց. «Եթե այս պայմաններով համաձայնագիր կնքենք, կթողնեմ, որ գնաս»:
Եվ նա համաձայնագիր կնքեց նրա հետ ու թողեց, որ գնա:
35 Եհովայի հրահանգով մարգարեների որդիներից*+ մեկն իր ընկերոջը ասաց. «Խփիր ինձ, խնդրում եմ»: Բայց նա չուզեց խփել: 36 Նա էլ ասաց. «Քանի որ չլսեցիր Եհովային, երբ իմ մոտից գնաս, քեզ մի առյուծ կսպանի»: Եվ երբ նա գնաց նրա մոտից, մի առյուծ հարձակվեց նրա վրա ու սպանեց նրան:
37 Նա մի ուրիշ մարդու գտավ ու ասաց. «Խփիր ինձ, խնդրում եմ»: Այդ մարդն էլ խփեց նրան ու վիրավորեց:
38 Հետո մարգարեն գնաց ու կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին և, որպեսզի իրեն չճանաչեն, աչքերը վիրակապով կապեց: 39 Երբ թագավորն անցնում էր, նա բարձր ձայնով ասաց նրան. «Երբ քո ծառան թեժ կռվի մեջ էր, մի զինվոր ինձ մոտ բերեց մեկին ու ասաց. «Հսկի՛ր այս մարդուն: Եթե նա կորչի, նրա կյանքի դիմաց քո կյանքով կհատուցես+ կամ էլ մի տաղանդ* արծաթ կվճարես»: 40 Եվ մինչ քո ծառան զբաղված էր տարբեր գործերով, այդ մարդը փախավ»: Իսրայելի թագավորն ասաց. «Դու ինքդ կայացրիր քո դատավճիռը»: 41 Նա իսկույն հանեց աչքերի վիրակապը, և թագավորը հասկացավ, որ նա մարգարեներից մեկն է:+ 42 Մարգարեն ասաց նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ դու ձեռքիցդ բաց թողեցիր այն մարդուն, որին ես կործանման էի դատապարտել,+ նրա փոխարեն դու կմեռնես,+ և նրա ժողովրդի փոխարեն քո ժողովուրդը կմեռնի»»:+ 43 Եվ Իսրայելի թագավորը տրտմած ու մռայլված գնաց իր տուն՝ Սամարիա:+
21 Որոշ ժամանակ անց այս դեպքը տեղի ունեցավ. Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի կողքին, հեզրայելացի+ Նաբովթը մի խաղողի այգի ուներ: 2 Աքաաբն ասաց Նաբովթին. «Տո՛ւր ինձ քո այգին, որ բանջարանոց դարձնեմ, քանի որ տանս կողքին է: Փոխարենը ես ավելի լավ խաղողի այգի կտամ քեզ: Կամ եթե ուզում ես, դրա արժեքի չափով փող կվճարեմ»: 3 Սակայն Նաբովթն ասաց Աքաաբին. «Անհնար է, որ իմ նախահայրերի ժառանգությունը քեզ տամ, քանի որ Եհովան թույլ չի տալիս դա»:+ 4 Աքաաբը գնաց տուն՝ տրտմած ու մռայլված այն պատասխանի պատճառով, որ հեզրայելացի Նաբովթը տվել էր իրեն՝ ասելով. «Իմ նախահայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»: Նա պառկեց իր մահճակալին, շրջվեց դեպի պատը և հրաժարվեց հաց ուտելուց:
5 Աքաաբի կինը՝ Հեզաբելը,+ եկավ նրա մոտ ու հարցրեց. «Ինչո՞ւ ես* տխուր, ինչո՞ւ հաց չես ուտում»: 6 Նա պատասխանեց. «Ես հեզրայելացի Նաբովթին ասացի. «Քո խաղողի այգին փողով ինձ տուր, կամ եթե ուզում ես, փոխարենը ուրիշ այգի կտամ քեզ»: Բայց նա ասաց. «Իմ այգին քեզ չեմ տա»»: 7 Նրա կինը՝ Հեզաբելը, ասաց. «Մի՞թե դո՛ւ չես Իսրայելի թագավորը: Վեր կաց, մի բան կեր, և թող սիրտդ ուրախ լինի: Ե՛ս քեզ կտամ հեզրայելացի Նաբովթի այգին»:+ 8 Ապա Հեզաբելը նամակներ գրեց Աքաաբի անունից, կնքեց նրա կնիքով+ և ուղարկեց Նաբովթի հետ նույն քաղաքում ապրող երեցներին+ ու իշխանավորներին: 9 Նամակներում նա գրեց. «Ծոմ հայտարարեք և Նաբովթին նստեցրեք ժողովրդի առաջ: 10 Իսկ նրա դիմաց երկու անպիտան մարդ նստեցրեք, և թող նրանք վկայություն տան նրա դեմ՝+ ասելով. «Դու անիծել ես Աստծուն և թագավորին»:+ Հետո դուրս տարեք նրան ու քարկոծեք, որ մեռնի»:+
11 Քաղաքի տղամարդիկ՝ երեցներն ու իշխանավորները, որ Նաբովթի հետ նույն քաղաքում էին ապրում, արեցին այն, ինչ Հեզաբելը գրել էր իր նամակներում: 12 Նրանք ծոմ հայտարարեցին և Նաբովթին նստեցրին ժողովրդի առաջ: 13 Հետո երկու անպիտան մարդիկ եկան, նստեցին Նաբովթի դիմաց ու սկսեցին ժողովրդի առջև վկայություն տալ նրա դեմ՝ ասելով. «Նաբովթը անիծել է Աստծուն և թագավորին»:+ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին, քարկոծեցին, և նա մահացավ:+ 14 Ապա Հեզաբելին այս լուրն ուղարկեցին. «Նաբովթին քարկոծեցին, և նա մահացավ»:+
15 Հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթին քարկոծել են, ու նա մահացել է, Աքաաբին ասաց. «Գնա տիրացիր հեզրայելացի Նաբովթի խաղողի այգուն,+ որը նա հրաժարվեց վաճառել քեզ, որովհետև նա այլևս ողջ չէ, մահացել է»: 16 Լսելով, որ Նաբովթը մահացել է՝ Աքաաբը գնաց հեզրայելացի Նաբովթի այգին, որ տիրանա դրան:
17 Բայց Եհովան թեզբացի Եղիային+ ասաց. 18 «Գնա՛ հանդիպիր Իսրայելի թագավորին, որը Սամարիայում է:+ Նա Նաբովթի խաղողի այգում է. գնացել է այնտեղ, որ տիրանա դրան: 19 Ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մարդ ես սպանել,+ հիմա էլ տիրանում ես նրա ունեցվածքի՞ն»»:+ Նաև ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այն տեղում, որտեղ շները Նաբովթի արյունը լակեցին, քո արյունն էլ են լակելու»»»:+
20 Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ի՛մ թշնամի»:+ Եղիան էլ պատասխանեց. «Գտա քեզ: «Քանի որ համառորեն անում ես այն, ինչը չար է Եհովայի աչքին,*+ 21 քեզ վրա աղետ կբերեմ, կկործանեմ քեզ ու Իսրայելից կբնաջնջեմ քո սերնդի բոլոր տղամարդկանց,*+ նույնիսկ անօգնականին ու թույլին:+ 22 Քո տան հետ կանեմ այն, ինչ արեցի Հերոբովամի՝+ Նաբատի որդու տան հետ և Բաասայի՝+ Աքիայի որդու տան հետ, քանի որ բարկացրիր ինձ և Իսրայելին մեղքի դրդեցիր»: 23 Իսկ Հեզաբելի մասին Եհովան ասել է. «Շները կուտեն Հեզաբելին Հեզրայելի հողակտորում:+ 24 Աքաաբի տնից ով քաղաքում մեռնի, նրան կուտեն շները, իսկ ով դաշտում մեռնի, նրան կուտեն երկնքի թռչունները:+ 25 Երբեք չի եղել մեկը, որ Աքաաբի+ նման համառորեն անի այն, ինչը չար է Եհովայի աչքին:* Նա այդպես է վարվել իր կնոջ՝ Հեզաբելի դրդմամբ:+ 26 Աքաաբն արել է ամենանողկալի բաները. պաշտել է գարշելի կուռքերի, ինչպես որ անում էին ամորհացիները, որոնց Եհովան քշել է իսրայելացիների առաջից»»:+
27 Հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատռեց իր հագուստներն ու մարմնի վրա քուրձ հագավ: Նա ծոմ էր պահում, քուրձը հագին էր պառկում և վհատված ման էր գալիս: 28 Եհովան ասաց թեզբացի Եղիային. 29 «Տեսա՞ր, թե ինչպես Աքաաբը իրեն խոնարհեցրեց իմ առաջ:+ Քանի որ նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, ես աղետ չեմ բերի նրա օրերում: Նրա որդու օրերում աղետ կբերեմ»:+
22 Ասորիքի և Իսրայելի միջև երեք տարի պատերազմ չկար: 2 Երրորդ տարում Հուդայի թագավոր Հովսափատը+ գնաց Իսրայելի թագավորի մոտ:+ 3 Այդ ժամանակ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Ռամոթ-Գաղաադը+ մերն է: Իսկ մենք վարանում ենք այն հետ վերցնել Ասորիքի թագավորից»: 4 Հետո նա հարցրեց Հովսափատին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-Գաղաադ՝ կռվելու»: Հովսափատն էլ պատասխանեց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես: Իմ ժողովուրդը քո ժողովուրդն է, և իմ ձիերը քո ձիերն են»:+
5 Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայից առաջնորդություն խնդրիր»:+ 6 Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ մոտ 400 հոգու, և հարցրեց նրանց. «Գնա՞մ Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նրանք էլ պատասխանեցին. «Գնա, Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»:
7 Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞: Եկեք նրա միջոցով էլ Աստծուց առաջնորդություն խնդրենք»:+ 8 Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարող ենք առաջնորդություն խնդրել Եհովայից:+ Բայց ես ատում եմ նրան,+ որովհետև իմ մասին երբեք լավ բաներ չի մարգարեանում, այլ միայն վատ բաներ է մարգարեանում:+ Նա Ելմայի որդի Միքիան է»: Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը այդպիսի բան թող չասի»:
9 Ուստի Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի ու պատվիրեց. «Իսկույն այստե՛ղ բեր Ելմայի որդի Միքիային»:+ 10 Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը, արքայական հագուստ հագած, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալատեղում,* և բոլոր մարգարեները մարգարեանում էին:*+ 11 Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ սարքեց ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դու սրանցով կխոցես ասորիներին այնքան, մինչև որ բնաջնջես նրանց»»: 12 Մյուս բոլոր մարգարեներն էլ էին նույնը մարգարեանում՝ ասելով. «Գնա Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս: Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքը կմատնի»:
13 Պատգամաբերը, որը գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Բոլոր մարգարեները թագավորի համար միաբերան լավ բաներ են կանխատեսում: Թող քո խոսքն էլ նրանց խոսքի պես լինի, և դու էլ լավ բան ասա»:+ 14 Բայց Միքիան պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. ինչ որ Եհովան ինձ ասի, դա էլ ասելու եմ»: 15 Երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նա էլ պատասխանեց. «Գնացեք և հաջողություն կունենաք: Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքը կմատնի»: 16 Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ, որ Եհովայի անունից միայն ճշմարտությունն ասես ինձ»: 17 Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, որ բոլոր իսրայելացիները հովիվ չունեցող ոչխարների պես ցրված են լեռների վրա:+ Եհովան ասաց. «Նրանք տեր չունեն: Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»:
18 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին լավ բաներ չի մարգարեանա, այլ միայն վատ բաներ կմարգարեանա»:+
19 Այդ ժամանակ Միքիան ասաց. «Ուրեմն լսիր Եհովայի խոսքը. ես տեսա Եհովային՝ իր գահի վրա նստած,+ և երկնքի ողջ զորքը՝ նրա կողքին կանգնած՝ նրա աջ ու ձախ կողմերում:+ 20 Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Աքաաբին, որ նա գնա Ռամոթ-Գաղաադ ու մեռնի այնտեղ»: Մեկը մի բան էր ասում, իսկ մյուսը՝ ուրիշ բան: 21 Ի վերջո մի հրեշտակ*+ եկավ կանգնեց Եհովայի առաջ ու ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»: «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան: 22 Նա էլ պատասխանեց. «Կգնամ ու այնպես կանեմ, որ նրա բոլոր մարգարեները ստեն»:*+ Այդ ժամանակ Աստված ասաց. «Դու կխաբես նրան, և դա քեզ կհաջողվի: Գնա ու այդպես արա»: 23 Եվ հիմա Եհովան այնպես է արել, որ քո բոլոր մարգարեները ստեն,+ բայց Եհովան որոշել է աղետ բերել քեզ վրա»:+
24 Այդ պահին Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ Միքիային, հարվածեց նրա այտին ու ասաց. «Ուզում ես ասել, որ Եհովայի ոգին ինձնից հեռացել է ու հիմա քո՞ միջոցով է խոսում»:+ 25 Միքիան պատասխանեց. «Դու դրանում կհամոզվես այն օրը, երբ թաքնվես տան ամենախորքի սենյակում»: 26 Այդ ժամանակ Իսրայելի թագավորը հրամայեց. «Միքիային տարե՛ք ու հանձնե՛ք քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի ձեռքը: 27 Նրանց ասե՛ք. «Թագավորն ասում է. «Այս մարդուն բանտ գցեք+ և օրաբաժնից քիչ հաց ու ջուր տվեք, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ»»»: 28 Բայց Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն ինձ հետ Եհովան չի խոսել»:+ Ապա ավելացրեց. «Հիշե՛ք սա բոլորդ»:*
29 Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը գնացին Ռամոթ-Գաղաադ:+ 30 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես այլ հագուստով կգնամ կռվելու, իսկ դու արքայական հագուստդ հագիր»: Իսրայելի թագավորը փոխեց իր հագուստն+ ու գնաց ռազմի դաշտ: 31 Ասորիքի թագավորը իր կառքերի ջոկատների 32 հրամանատարներին կարգադրել էր.+ «Ո՛չ զինվորի, ո՛չ էլ զորքի հրամանատարի* դեմ չպատերազմե՛ք, այլ միայն Իսրայելի թագավորի դե՛մ կպատերազմեք»: 32 Տեսնելով Հովսափատին՝ կառքերի ջոկատների հրամանատարները մտածեցին, որ հաստատ նա է Իսրայելի թագավորը: Ուստի շրջվեցին, որ նրա դեմ կռվեն: Հովսափատը սկսեց օգնություն կանչել, 33 և երբ կառքերի ջոկատների հրամանատարները հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, անմիջապես դադարեցին նրան հետապնդելուց:
34 Մի ռազմիկ նետ արձակեց ու պատահաբար հարվածեց Իսրայելի թագավորին. նետը խրվեց զրահի մասերի միացման տեղը: Թագավորն ասաց իր կառապանին. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս բեր ինձ ռազմի դաշտից, քանի որ ծանր վիրավոր եմ»:+ 35 Ողջ օրը թեժ մարտ ընթացավ: Թագավորին օգնում էին, որ կանգնած մնա մարտակառքում՝ դեմքով դեպի ասորիները: Նրա վերքից արյունը հոսում էր մարտակառքի մեջ, և երեկոյան նա մահացավ:+ 36 Արևամուտին բանակով մեկ հրաման արձակվեց. «Ամեն մեկն իր քաղա՛ք, և ամեն մեկն իր երկի՛ր թող վերադառնա»:+ 37 Այսպիսով՝ թագավորը մահացավ: Նրան տարան Սամարիա ու թաղեցին այնտեղ: 38 Երբ մարտակառքը լվանում էին Սամարիայի ավազանի մոտ, շները լակում էին նրա արյունը, և մարմնավաճառները լողանում էին այնտեղ,* ինչպես և Եհովան ասել էր:+
39 Աքաաբի կյանքի մնացած իրադարձությունների՝ նրա բոլոր գործերի, նրա կառուցած փղոսկրե+ տան* ու քաղաքների մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 40 Աքաաբը հանգչեց իր նախահայրերի հետ:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Օքոզիան:+
41 Հովսափատը՝+ Ասայի որդին, Հուդայի թագավորն էր դարձել Իսրայելի թագավոր Աքաաբի իշխանության չորրորդ տարում: 42 Նա սկսել էր թագավորել 35 տարեկանում և 25 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ազուբա էր. նա Սալիի դուստրն էր: 43 Հովսափատը գնաց իր հոր՝ Ասայի ճանապարհով+ ու չշեղվեց դրանից. նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ Բայց սրբավայրերը չոչնչացվեցին. ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:+ 44 Հովսափատը խաղաղ հարաբերություններ ուներ Իսրայելի թագավորի հետ:+ 45 Հովսափատի կյանքի մնացած իրադարձությունների, նրա քաջագործությունների և այն մասին, թե նա ինչպես է պատերազմներ վարել, գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 46 Նա երկիրը մաքրեց տաճարային մարմնավաճառներից,*+ որոնք մնացել էին իր հոր՝ Ասայի օրերից:+
47 Այդ ժամանակ Եդոմում+ թագավոր չկար. փոխարենը մի փոխկառավարիչ էր իշխում:+
48 Հովսափատը նաև թարսիսյան նավեր* կառուցեց, որ Օֆիրից ոսկի բերել տա,+ բայց նավերը այդպես էլ տեղ չհասան, քանի որ Եսիոն-Գաբերի+ մոտ խորտակվեցին: 49 Այդ ժամանակ էր, որ Օքոզիան՝ Աքաաբի որդին, ասաց Հովսափատին. «Թող իմ ծառաները քո ծառաների հետ նավերով գնան»: Բայց Հովսափատը չհամաձայնվեց:
50 Հովսափատը հանգչեց իր նախահայրերի հետ,+ և նրան թաղեցին իր նախահայր Դավթի քաղաքում՝ իր նախահայրերի մոտ: Հովսափատից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովրամը:+
51 Օքոզիան՝+ Աքաաբի որդին, Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հուդայի թագավոր Հովսափատի իշխանության 17-րդ տարում և Իսրայելի վրա թագավորեց երկու տարի: 52 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. գնաց իր հոր+ և իր մոր,+ նաև Հերոբովամի՝ Նաբատի որդու հետքերով, որը Իսրայելին մեղքի էր դրդել:+ 53 Նա ծառայեց Բահաղին,+ խոնարհվեց նրա առաջ և վիրավորեց Իսրայելի Աստված Եհովային,+ ինչպես որ իր հայրն էր արել:
Կամ՝ «չվիրավորեց նրա զգացմունքները», «չընդդիմացավ նրան»:
Ակներևաբար, խոսքը տապանակի համար կանգնեցված վրանի մասին է:
Բռց.՝ «ճեղքվում»:
Կամ՝ «արժանավոր»:
Բռց.՝ «Ես ամբողջ երկրի ճանապարհով եմ գնում»: Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «իմաստությամբ կվարվես»:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «քեզնից մարդ չի կտրվի»:
Բռց.՝ «թույլ մի՛ տուր, որ նրա ալևոր մազերը խաղաղությամբ շեոլ իջնեն»: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «նրա ալևոր մազերը արյունով շեոլ իջեցրու»: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «իր երեսը ուղղել էր դեպի ինձ»:
Բռց.՝ «Թող Աստված այսպես և սրանից ավելին անի ինձ»: Սա երդման ձև էր, որով հաստատում էին ասվածը:
Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:
Բռց.՝ «արտերը»:
Բռց.՝ «նրա արյունը իր գլխին հետ կդարձնի»:
Բռց.՝ «Նրանց արյունը հավիտյան հետ կդառնա Հովաբի գլխին ու նրա սերնդի գլխին»:
Բռց.՝ «քո արյունը քո գլխին կլինի»:
Բռց.՝ «մեծ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «փոքր տղա»:
Բռց.՝ «ես դուրս գալ ու ներս մտնել չգիտեմ»:
Կամ հնարավոր է՝ «բարդ»: Բռց.՝ «ծանր»:
Բռց.՝ «շատ օրեր»:
Կամ՝ «լսես դատական գործերը»:
Բռց.՝ «քո բոլոր օրերում»:
Բռց.՝ «ես կերկարացնեմ քո օրերը»:
Այսինքն՝ խոր հարգանքով: Բռց.՝ «վախով»:
Կամ՝ «իշխանները»:
Ըստ ամենայնի, նա քահանայապետն էր:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Բռց.՝ «Գետից»:
Կամ՝ «նվերներ էին բերում»:
Մոտ 6 600 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «բարձրորակ»:
Մոտ 13 200 լ:
Բռց.՝ «Գետի»:
Այսինքն՝ արևմտյան կողմում:
Այս թիվը հանդիպում է որոշ ձեռագրերում և զուգահեռ արձանագրությունում: Այլ ձեռագրերում գրված է 40 000:
Կամ՝ «ձիավոր»:
Հացահատիկի մանրած ցողունները, որ մնում էին կալսելուց հետո և ծառայում էին որպես անասնակեր:
Բռց.՝ «սրտի լայնություն»:
Կամ՝ «ծառերի»:
Բառարանում տես «Զոպա»:
Կամ՝ «թռչող արարածների»:
Եբր. բառը հավանաբար վերաբերում է սողուններին, միջատներին և այլ փոքր կենդանի արարածների:
Կամ՝ «միշտ սիրել էր Դավթին»:
Բռց.՝ «հանգստություն»:
Բռց.՝ «մեծ»:
Մոտ 4,4 մլն լ: Տես հավելված Բ14:
Մոտ 4 400 լ:
Բռց.՝ «ծեծված յուղ»:
Կամ՝ «բեռնակիր»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Տես հավելված Բ15:
Տես հավելված Բ8:
Այստեղ «տուն» բառը վերաբերում է Սրբություն և Սրբությունների Սրբություն հատվածին:
Տաճարի չափսերը՝ մոտ 26,7 × 8,9 × 13,4 մ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «Տան տաճարի»:
Կամ՝ «լայնությունը»:
Մոտ 4,5 մ:
Այսինքն՝ երեք կողմում:
Բռց.՝ «տաճարի»:
Բռց.՝ «խորքի սենյակի»:
Կամ՝ «Կողմնային սենյակների»:
Մոտ 2,2 մ:
Մոտ 2,7 մ:
Մոտ 3,1 մ:
Բռց.՝ «աջ»:
Այսինքն՝ քառակող գերաններով:
Բռց.՝ «տաճարը»:
Մոտ 17,8 մ:
Սրբությունների Սրբության չափսերը՝ մոտ 8,9 × 8,9 × 8,9 մ:
Բռց.՝ «յուղածառի»: Հավանաբար, խոսքը հալեպյան սոճու մասին է:
Բռց.՝ «ներսի տան մեջ»: Այսինքն՝ Սրբությունների Սրբությունում:
Հավանաբար, խոսքը դռան շրջանակի կառուցվածքի կամ դռների չափսի մասին է:
Բռց.՝ «տաճարի»:
Հավանաբար, խոսքը դռան շրջանակի կառուցվածքի կամ դռների չափսի մասին է:
Հնատիպ ծխնին դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ էր, որ ներքևից հագնում էր շեմի փոսիկի մեջ, իսկ վերևից՝ դռան շրջանակի, ինչի շնորհիվ դուռը բացվում էր:
Այսինքն՝ ցանկապատված բակի: Բառարանում տես «Գավիթ»:
Տես հավելված Բ15:
Տես հավելված Բ15:
Կամ՝ «պալատ»:
Խոսքը Սողոմոնի տան և ստորև նշված մյուս շինությունների մասին է:
Շինության չափսերը՝ մոտ 44,5 × 22,3 × 13,4 մ: Տես հավելված Բ14:
Քառակող գերաններ:
Հեծանը գերան է, որ ձգում են երկու հանդիպակաց պատերի վրա որպես հենարան:
Հնարավոր է՝ խոսքը երկայնական հեծանների մասին է:
Կամ՝ «ուղղանկյուն»: Բռց.՝ «քառակուսի»:
Սյուների սրահի չափսերը՝ մոտ 22,3 × 13,4 մ:
Բռց.՝ «Սրահի տան»: Հավանաբար վերաբերում է Գահի սրահին:
Մոտ 4,5 մ:
Մոտ 3,6 մ:
Կամ՝ «բրոնզի» (այստեղ և գլխի մնացած տեղերում):
Սյան չափսերը՝ մոտ 8 × 5,3 մ:
Այսինքն՝ սյունագլուխ:
Մոտ 2,2 մ:
Մոտ 1,8 մ:
Խոսքը Սրբության մասին է:
Կամ՝ «հարավային»:
Նշանակում է «թող նա [Եհովան] ամուր հաստատի»:
Կամ՝ «հյուսիսային»:
Հնարավոր է՝ նշանակում է «զորությամբ»:
Մոտ 4,4 × 2,2 × 13,4 մ:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 44 000 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ջրի ավազանի համար սայլակառք»:
Սայլի չափսերը՝ մոտ 1,8 × 1,8 × 1,3 մ:
Այն ձողը, որի վրա հագցվում և պտտվում են անիվները, ատամնանիվները:
Մոտ 44,5 սմ:
Մոտ 66,8 սմ:
Անվի կենտրոնական մասը, որին ագուցվում են առանցքը և ճաղերը:
Մոտ 22,3 սմ:
Մոտ 880 լ:
Այսինքն՝ այն տարածքում, որն ընդգրկում էր Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանը»:
Այսինքն՝ այրված պատրույգը հանելու համար նախատեսված ամանները:
Բռց.՝ «տաճարի տան»:
Բռց.՝ «սրբագործած»: Բառարանում տես «Սրբագործել»:
Այսինքն՝ Տաղավարների տոնի:
Տես հավելված Բ15:
Կամ՝ «ղևտացի քահանաները»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «որը դուրս կգա քո երանքից»:
Կամ՝ «ու վերջինս նրան անեծքով երդում անել տա»: Սա անեծք ներառող երդում էր: Այդ անեծքը որպես պատիժ կգար սուտ երդում տվողի կամ երդումը խախտողի վրա:
Բռց.՝ «անեծքի»:
Կամ՝ «նեղը գցած»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Կամ՝ «ծղրիդներ»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «համբավի»:
Բռց.՝ «մեկնած»:
Խոսքը ոչ միայն անունը իմանալու մասին է, այլև այդ անունը կրողին ճանաչելու:
Բռց.՝ «ժառանգությունը»:
Կամ՝ «երկաթ հալելու հնոցից»:
Բռց.՝ «Թող քո աչքերը բաց լինեն դեպի»:
Կամ՝ «Լսիր այն ամենը, ինչի մասին որ նրանք խնդրեն քեզ»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «ժողով»:
Կամ՝ «Եմաթի մուտքից»:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Բռց.՝ «Ութերորդ»: Այսինքն՝ երկրորդ յոթնօրյակի հաջորդ օրը:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «իմ անունը ընդմիշտ այնտեղ դնելով»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «առակ»:
Կամ հնարավոր է՝ «Անպետք երկիր»:
Մոտ 4,1 տ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Կամ՝ «ամրացրեց»:
Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Մոտ 14,4 տ:
Կամ՝ «հանելուկներով»:
Այսինքն՝ գինի կամ այլ խմիչքներ մատուցողներին:
Բռց.՝ «նրա մեջ ոգի չմնաց»:
Կամ՝ «խոսքերի»:
Մոտ 4,1 տ: Տես հավելված Բ14:
Եբր.՝ ալմուգգիմ: Ծառի տեսակ:
Մոտ 22,8 տ:
Մոտ 6,8 կգ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ասպար»: Այն հաճախ կրում էին նետաձիգները:
Մոտ 1,7 կգ: Եբր. Գրվածքներում 1 մնասը մոտ 570 գ է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ձիավորների»:
Կամ՝ «ձիավոր»:
Կամ հնարավոր է՝ «բերում էին Եգիպտոսից և Կուեից. թագավորի վաճառականները դրանք գնում էին Կուեից»: «Կուե»-ն թերևս վերաբերում է Կիլիկիային:
Կամ՝ «Նրանց հետ չամուսնանաք»:
Կարող է վերաբերել օտարազգի կանանց կամ կուռքերին:
Կամ՝ «նրա կանայք զորեղ ազդեցություն ունեցան նրա վրա»:
Բռց.՝ «կպատռեմ»:
Բռց.՝ «կպատռեմ»:
Բռց.՝ «պատռի»:
Բռց.՝ «արուներին»: Ակներևաբար, խոսքը նաև տղա երեխաների մասին է:
Բռց.՝ «արուներին»: Ակներևաբար, խոսքը նաև տղա երեխաների մասին է:
Կամ հնարավոր է՝ «կաթից կտրել»:
Բռց.՝ «սպանել էր նրանց»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Բռց.՝ «ձեռք բարձրացրեց»:
Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Բռց.՝ «պատռելու եմ»:
Այսինքն՝ սերունդ:
Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:
Կամ՝ «ճնշող»:
Խոսքը կոնքազդրային հատվածի մասին է:
Այսինքն՝ թագավորական դինաստիայի կամ թագավորության:
Բռց.՝ «վրանները»:
Բռց.՝ «ընտրյալ»:
Կամ՝ «վերակառուցեց»:
Կամ՝ «վերակառուցեց»:
Բնագրում սա կարող է վերաբերել նաև խունկ ծխեցնելուն:
Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:
Կամ՝ «կաթվածահար եղավ»:
Բռց.՝ «փափկացրու քո Աստված Եհովայի երեսը»:
Բռց.՝ «այն մարգարեի համար, որին նա հետ էր դարձրել»:
Բռց.՝ «ձեռքը լցնում էր»:
Հնարավոր է՝ դրանց վրա սերմեր էին շաղ տրված:
Կամ՝ «Նրան այսպես ու այսպես կասես»:
Բռց.՝ «պատռեցի»:
Բռց.՝ «պատին ամեն միզողին»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Բռց.՝ «Գետի»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Այստեղ խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Բռց.՝ «վազողների»:
Այսինքն՝ սերունդ:
Այստեղ խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Կամ՝ «տիկնությունից»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «վերակառուցել»:
Կամ՝ «նրա արյան վրիժառուներից»:
Բռց.՝ «պատին միզողի»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Բռց.՝ «ողջ Իսրայելը»:
Մոտ 68,4 կգ: Տես հավելված Բ14:
Նշանակում է «Սամերի տոհմին պատկանող»:
Կամ՝ «տաճարում»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Նշանակում է «իմ Աստվածը Եհովան է»:
Բռց.՝ «որի առաջ ես կանգնում եմ»:
Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բռց.՝ «որ նրա մեջ շունչ չմնաց»:
Կամ՝ «հեղեղատներով»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բռց.՝ «որի առաջ ես կանգնում եմ»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «կաղալու»:
Կամ հնարավոր է՝ «գնացել է ճամփորդության»:
Կամ՝ «մարգարեի պես պահել»:
Մոտ 14,7 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «գետը»:
Բռց.՝ «Եհովայի ձեռքը Եղիայի վրա էր»:
Բռց.՝ «գոտևորեց իր ազդրերը»:
Կամ՝ «ամեն մեկի հոգուն»:
Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «մարգարեի իր հագուստով»:
Նշանակում է «Աստված փրկություն է»:
Կամ՝ «մարգարեի իր հագուստը»:
Կամ՝ «զոհաբերեց»:
Կամ՝ «և մեծ կոտորածով ջարդեց ասորիներին»:
Այսինքն՝ հաջորդ գարնանը:
Այսինքն՝ գարնանը:
Կամ՝ «թագավորներ են, որոնք հավատարիմ սեր են դրսևորում»:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «փողոցներ ընտրել»:
«Մարգարեների որդիներ» արտահայտությունը թերևս վերաբերում է մի խումբ մարգարեների, որոնք միասին հատուկ կրթություն էին ստանում կամ ծառայում էին:
Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «Ինչո՞ւ է ոգիդ»:
Բռց.՝ «քեզ ծախել ես, որ Եհովայի աչքերում չարն անես»:
Բռց.՝ «պատին ամեն միզողին»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Բռց.՝ «իրեն ծախի, որ Եհովայի աչքերում չարն անի»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Այստեղ խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «ու ստության ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»:
Բռց.՝ «բոլո՛ր ժողովուրդներ»:
Բռց.՝ «Ո՛չ փոքրի, ո՛չ էլ մեծի»:
Կամ հնարավոր է՝ «շները լակում էին նրա արյունը այնտեղ, որտեղ մարմնավաճառները սովորաբար լողանում էին»:
Կամ՝ «պալատի»:
Այստեղ խոսքը այն տղամարդկանց մասին է, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Բառարանում տես «Թարսիսյան նավեր»: