ՀԱԿՈԲՈՍԻ ՆԱՄԱԿԸ
1 Ես՝ Հակոբոսս՝+ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառաս, գրում եմ 12 ցեղերիդ, որ ցրված եք տարբեր վայրերում:
Ողջո՛ւյն:
2 Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք՝+ 3 իմանալով, որ ձեր փորձված հավատը դիմացկունություն է առաջ բերում:+ 4 Եվ թույլ տվեք, որ դիմացկունությունը ավարտին հասցնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ և անարատ լինեք ամեն ինչում՝ առանց որևէ թերության:+
5 Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն,+ և կտրվի իրեն,+ քանի որ նա բոլորին այն տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու:*+ 6 Բայց թող հավատով խնդրի՝+ բոլորովին չկասկածելով,+ որովհետև նա, ով կասկածում է, նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքի: 7 Այդ մարդը թող չկարծի, թե ինչ-որ բան կստանա Եհովայից.* 8 նա անվճռական մարդ է,+ փոփոխամիտ՝ իր բոլոր գործերում:
9 Չունևոր եղբայրը թող ցնծա,* որ Աստված իրեն բարձրացրել է,*+ 10 և ունևորը թող ցնծա, որ Աստված իրեն խոնարհեցրել է,+ քանի որ հարուստը դաշտի ծաղկի նման կորչելու է: 11 Երբ արևը ծագում է և իր կիզիչ ջերմությամբ չորացնում է բույսը, դրա ծաղիկը թափվում է, ու գեղեցկությունը՝ կորչում: Այդպես էլ հարուստ մարդը կկորչի հարստության հետևից ընկնելիս:+
12 Երջանիկ է այն մարդը, ով դիմանում է փորձությանը,+ որովհետև եթե մինչև վերջ դիմանա, հավանության կարժանանա ու կստանա կյանքի պսակը,+ որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին:+ 13 Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստծուն ոչ ոք չի կարող դրդել չար գործերի,* և նա ինքն էլ ոչ մեկին չարով չի փորձում: 14 Իրականում ամեն մեկը փորձվում է իր ցանկություններով տարվելու և հրապուրվելու* պատճառով:+ 15 Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, գործված մեղքն էլ՝ մահ:+
16 Մի՛ մոլորվեք, իմ սիրելի՛ եղբայրներ: 17 Ցանկացած լավ պարգև ու կատարյալ նվեր վերևից է՝+ երկնային լույսերի Հորից,+ ով չի փոխվում փոփոխվող ստվերի պես:+ 18 Նա կամեցել է ծնել մեզ ճշմարտության խոսքով,+ որպեսզի մենք նրա արարածների միջից ընտրված առաջին պտուղները լինենք:+
19 Իմ սիրելի՛ եղբայրներ, հիշեք, որ ամեն մարդ պետք է պատրաստ լինի լսել, չշտապի խոսել+ և չշտապի զայրանալ,+ 20 քանի որ մարդը, զայրույթին տեղի տալով, Աստծու արդարության համաձայն չի գործում:+ 21 Ուստի ազատվեք ամեն կեղտոտ բանից, և չարության հետքն անգամ թող չմնա ձեր մեջ:+ Հեզությամբ ընդունեք սերմանվող խոսքը, որը կարող է փրկել ձեզ:
22 Խոսքը կատարողներ եղեք,+ ոչ թե միայն լսողներ՝ ինքներդ ձեզ սխալ դատողությամբ խաբելով: 23 Եթե մեկը խոսքը լսում է և չի կատարում,+ նման է մի մարդու, ով հայելու մեջ իր դեմքին է նայում, 24 սակայն միայն նայում է ու հեռանում՝ իսկույն մոռանալով, թե ինչպիսին էր: 25 Բայց ով աչքերը հառած նայում է ազատություն տվող կատարյալ օրենքին+ և շարունակում է պահել այն, երջանիկ կլինի, քանի որ ոչ թե մոռացկոտ լսող եղավ, այլ խոսքը կատարող:+
26 Եթե որևէ մեկը կարծում է, թե աստվածապաշտ է, բայց չի սանձում իր լեզուն,+ ինքն իրեն խաբում է, և այդ մարդու երկրպագությունը զուր է: 27 Մեր Աստվածը և Հայրը սա է համարում մաքուր ու անպիղծ երկրպագություն՝* հոգ տանել նեղության մեջ եղող+ որբերին+ ու այրիներին+ և անբիծ մնալ՝ չընկնելով աշխարհի ազդեցության տակ:+
2 Եղբայրնե՛րս, ինչպե՞ս է հնարավոր, որ մեր փառավոր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալով հանդերձ խտրականություն եք դնում մարդկանց միջև:+ 2 Երբ մի մարդ գալիս է ձեր ժողովատեղի՝ ոսկի մատանիները մատներին և շքեղ հագուստը հագին, իսկ մի աղքատ մարդ էլ՝ կեղտոտ հագուստով, 3 արդյո՞ք դուք շքեղ հագուստ հագած մարդուն լավ աչքով եք նայում ու նրան ասում՝ «Այստեղ նստիր՝ այս լավ տեղը», իսկ աղքատին՝ «Դու կանգնած մնա» կամ «Նստիր այդտեղ՝ իմ ոտքերի պատվանդանի մոտ»:+ 4 Եթե այդպես եք վարվում, ապա մի՞թե դասակարգային տարբերություն չեք դնում+ ու չեք դառնում անարդար* որոշումներ կայացնող դատավորներ:+
5 Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ: Չէ՞ որ Աստված ընտրեց հենց նրանց, ում աշխարհը աղքատ է համարում, որպեսզի նրանք հարուստ լինեն հավատի մեջ+ և ժառանգներ լինեն այն Թագավորության, որը նա խոստացել է իրեն սիրողներին:+ 6 Իսկ դուք արհամարհում եք աղքատին: Մինչդեռ հարուստներն են ձեզ ճնշում+ ու դատարաններ քարշ տալիս: 7 Եվ նրանք անարգում են այն բարի անունը, որը դուք կրում եք: 8 Եթե դուք կատարում եք սուրբ գրքերից մեկում գրված թագավորական օրենքը՝ «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»,+ լավ եք անում: 9 Բայց եթե խտրականություն եք դնում,+ ապա մեղք եք գործում, և օրենքը դատապարտում* է ձեզ որպես օրինազանցների:+
10 Եթե մեկը հնազանդվում է ամբողջ Օրենքին, սակայն թերանում է կատարել դրա մի կետը, ողջ Օրենքն է խախտում,+ 11 քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր»,*+ նաև ասաց՝ «Մի՛ սպանիր»:+ Ուրեմն եթե դու շնություն չես անում, բայց սպանում ես, միևնույն է, օրինազանց ես: 12 Խոսեք և վարվեք այն մարդկանց պես, ովքեր ազատ ժողովրդի օրենքով* են դատվելու,+ 13 որովհետև ով գթասրտություն չի ցուցաբերում, առանց գթասրտության էլ կդատվի:+ Գթասրտությունը հաղթանակ է տանում դատաստանի նկատմամբ:
14 Եղբայրնե՛րս, եթե մեկը ասում է, թե հավատ ունի, սակայն գործեր չունի, դրանից ի՞նչ օգուտ:+ Մի՞թե այդ հավատը կարող է փրկել նրան:+ 15 Եթե մի եղբայր կամ քույր հագուստի կարիք ունի* և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի, 16 և ձեզանից մեկն ասում է նրան՝ «Գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր», բայց նրան չի տալիս այն, ինչի կարիքն ունի, դրանից ի՞նչ օգուտ:+ 17 Այդպես էլ հավատն է. առանց գործերի այն մեռած է:+
18 Սակայն մեկը գուցե ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր: Ցույց տուր ինձ քո հավատը՝ առանց գործերի, ես էլ ցույց տամ քեզ իմ հավատը գործերով»: 19 Դու հավատում ես, չէ՞, որ մեկ Աստված կա: Լավ ես անում: Դևերն էլ են հավատում ու սարսռում:+ 20 Ո՛վ փուչ մարդ, քեզ ապացո՞ւյց է պետք, որ հավատն առանց գործերի անօգուտ է: 21 Չէ՞ որ մեր հայր Աբրահամը գործերի հիման վրա արդար հայտարարվեց, երբ իր որդուն՝ Իսահակին, դրեց զոհասեղանի վրա:+ 22 Տեսնո՞ւմ ես, որ նրա հավատը դրսևորվեց գործերի հետ միասին, և գործերով էլ նրա հավատը կատարելագործվեց:+ 23 Այդպիսով կատարվեց սուրբ գրքերից մեկում գրվածը՝ «Աբրահամը հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»,+ և նա Եհովայի ընկերը կոչվեց:+
24 Տեսնո՞ւմ եք, որ մարդը գործերով է արդար հայտարարվում, ոչ թե միայն հավատով: 25 Չէ՞ որ մարմնավաճառ Ռախաբն էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց:+ 26 Իրոք որ, ինչպես մարմինն է առանց կենսատու ուժի* մեռած,+ այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած:+
3 Եղբայրնե՛րս, ոչ բոլորդ պետք է ուսուցիչներ դառնաք՝ իմանալով, որ մենք՝ ուսուցիչներս, ավելի խիստ չափանիշներով ենք դատվելու:+ 2 Բոլորս էլ հաճախ ենք սխալվում:*+ Եթե մեկը խոսելիս չի սխալվում, նա կատարյալ մարդ է, որը կարող է սանձել նաև իր ողջ մարմինը: 3 Երբ ձիերի բերանին սանձ ենք դնում, որ ենթարկվեն մեզ, կառավարում ենք նրանց ամբողջ մարմինը: 4 Կամ օրինակ՝ նավերը. թեև դրանք այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից, սակայն մի փոքրիկ ղեկով ուղղվում են դեպի այն կողմ, ուր ղեկը բռնողն է ցանկանում:
5 Այդպես էլ լեզուն է. մարմնի փոքր անդամ է, բայց մեծ-մեծ բաներ է խոսում: Տեսեք, թե որքան փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի: 6 Այո՛, լեզուն կրակ է,+ մեր մարմնի անդամների մեջ՝ անարդարության մի աշխարհ, քանի որ ապականում է ամբողջ մարմինը+ և այրում է մարդու կյանքը՝ բռնկվելով գեհենից:* 7 Բոլոր գազանները, թռչունները, սողուններն ու ծովային արարածները կարող են սանձահարվել և սանձահարվում են մարդկանց կողմից, 8 բայց լեզուն ոչ մի մարդ չի կարող սանձահարել: Այն անկառավարելի, վնասաբեր բան է՝ լցված մահաբեր թույնով:+ 9 Դրանով մենք օրհնում ենք Եհովային՝* Հորը, դրանով էլ անիծում ենք մարդկանց, ովքեր «Աստծու նմանությամբ» են ստեղծված:+ 10 Նույն բերանից դուրս են գալիս և՛ օրհնություն, և՛ անեծք:
Եղբայրնե՛րս, այդպես չպետք է լինի:+ 11 Մի՞թե նույն աղբյուրից կարող է և՛ քաղցր, և՛ դառը ջուր բխել: 12 Եղբայրնե՛րս, մի՞թե թզենին կարող է ձիթապտուղ տալ, կամ խաղողենին՝ թուզ:+ Նույնպես և աղի աղբյուրից չի կարող քաղցրահամ ջուր բխել:
13 Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ: Թող նա իր լավ վարքով ցույց տա, որ ամեն ինչ հեզությամբ է անում, ինչը բխում է իմաստությունից: 14 Բայց եթե դուք նախանձ ունեք+ ձեր սրտում և կռվասեր եք,*+ մի՛ պարծեցեք ձեր իմաստությամբ, այլապես կաղավաղեք ճշմարտությունը:+ 15 Սա այն իմաստությունը չէ, որ վերևից է տրվում, այլ երկրային է,+ անասնական ու դիվային, 16 որովհետև որտեղ նախանձ ու կռվասիրություն կան, այնտեղ կան անկարգություն և ամեն չար բան:+
17 Սակայն վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է,+ ապա՝ խաղաղարար,+ խոհեմ,*+ հնազանդվելու պատրաստ, գթությամբ և բարի պտուղներով լի,+ անկողմնակալ+ և անկեղծ:+ 18 Երբ արդարության սերմը ցանվում է այնտեղ, որտեղ խաղաղություն է տիրում,+ այն պտուղ է բերում նրանց համար, ովքեր խաղաղարար են:*+
4 Ո՞րն է ձեր վեճերի ու կռիվների պատճառը: Մի՞թե ձեր եսասիրական ցանկությունները չեն, որոնք պայքար են մղում ձեր մեջ:+ 2 Ցանկանում եք, բայց չունեք: Սպանում եք և տենչում ուրիշինը, բայց չեք կարողանում ձեռք բերել: Կռվում եք և թշնամություն անում:+ Չունեք, որովհետև չեք խնդրում: 3 Իսկ եթե խնդրում էլ եք, չեք ստանում, որովհետև սխալ նպատակով եք խնդրում, որպեսզի ձեր եսասիրական ցանկությունները բավարարեք:
4 Անհավատարիմնե՛ր,* չգիտե՞ք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու հետ: Ուստի ով ցանկանում է աշխարհի ընկերը լինել, Աստծու թշնամին է դառնում:+ 5 Թե՞ մտածում եք՝ սուրբ գրվածքներում իզուր է ասվում, որ մեր մեջ բնակվող նախանձի ոգին շարունակ ինչ-որ բան է փափագում:+ 6 Սակայն Աստծու անզուգական բարությունն ավելի զորեղ է: Դրա համար սուրբ գրքերից մեկում ասվում է. «Աստված հակառակվում է գոռոզներին,+ բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում»:+
7 Ուրեմն հպատակվեք Աստծուն,+ հակառակվեք Բանսարկուին,+ և նա կփախչի ձեզանից:+ 8 Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ:+ Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ,+ և մաքրեք ձեր սրտերը,+ ո՛վ անվճռական մարդիկ: 9 Տառապեք, սգացեք ու լաց եղեք:+ Թող ձեր ծիծաղը ողբի վերածվի, և ձեր ուրախությունը՝ վհատության: 10 Խոնարհեցրեք ձեզ Եհովայի* աչքում,+ և նա կբարձրացնի ձեզ:+
11 Վերջ տվեք իրար դեմ խոսելուն, եղբայրնե՛ր:+ Ով խոսում է իր եղբոր դեմ կամ դատում է նրան, օրենքի դեմ է խոսում և օրենքն է դատում: Եթե դու դատում ես օրենքը, ուրեմն դատավոր ես, ոչ թե օրենքը կատարող: 12 Միայն մեկ Օրենսդիր ու Դատավոր կա,+ և միայն նա կարող է փրկել ու կործանել:+ Ո՞վ ես դու, որ դատում ես քո դրացուն:+
13 Իսկ հիմա դո՛ւք լսեք, որ ասում եք՝ «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաք, մի տարի կմնանք այնտեղ, գործ կձեռնարկենք ու եկամուտ կստանանք»,+ 14 մինչդեռ չգիտեք, թե ձեր վաղվա օրն ինչպիսին է լինելու:+ Դուք մշուշ եք, որը կարճ ժամանակով հայտնվում է, ապա անհետանում:+ 15 Փոխարենը պետք է ասեք. «Եթե Եհովան կամենա,+ կապրենք և այս կամ այն բանը կանենք»: 16 Բայց այժմ դուք հպարտանում եք՝ մեծամտորեն պարծենալով: Այսպիսի պարծենկոտությունը չար է: 17 Այսպիսով, եթե որևէ մեկը գիտի, թե որն է ճիշտը, բայց չի անում, մեղք է գործում:+
5 Իսկ հիմա դո՛ւք լսեք, հարուստնե՛ր. լաց եղեք և ողբացեք այն դժբախտությունների համար, որոնք սպասում են ձեզ:+ 2 Ձեր հարստությունը փտել է, ձեր հագուստը ցեցը կերել է:+ 3 Ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր մեղքի ապացույցը կլինի ու կքայքայի ձեր մարմինը: Այն, ինչ կուտակել եք, կրակի նման է լինելու վերջին օրերում:+ 4 Ձեր դաշտերի բերքը հավաքողների վարձը, որը չեք վճարել, աղաղակում է, և Զորքերի տեր Եհովայի* ականջին հասել են հնձվորների օգնության աղաղակները:+ 5 Դուք շքեղության մեջ եք ապրել և տրվել եք այս աշխարհի հաճույքներին: Դուք գիրացրել եք ձեր սրտերը մորթվելու օրվա համար:+ 6 Դուք դատապարտել և սպանել եք արդարին: Մի՞թե նա չի հակառակվում ձեզ:*
7 Եղբայրնե՛ր, համբերատար եղեք մինչև Տիրոջ ներկայությունը:+ Հողագործը սպասում է երկրի թանկագին պտղին այնքան ժամանակ, մինչև որ սկսվում են վաղ և ուշ անձրևները:+ 8 Դուք էլ համբերատար եղեք,+ ամուր եղեք,* որովհետև Տիրոջ ներկայության ժամանակը մոտեցել է:+
9 Մի՛ գանգատվեք* իրարից, եղբայրնե՛ր, որ չդատապարտվեք:+ Ահա Դատավորը կանգնած է դռների առաջ: 10 Եղբայրնե՛ր, տառապանքին դիմանալու+ և համբերատար լինելու հարցում ընդօրինակեք մարգարեներին,+ որոնք Եհովայի անունից խոսեցին:+ 11 Մենք երջանիկ* ենք համարում նրանց, ովքեր դիմացան տառապանքներին:+ Դուք լսել եք, թե Հոբն ինչպես դիմացավ փորձություններին,+ և թե Եհովան ինչպես վարձատրեց նրան,+ ուստի գիտեք, որ Եհովան անչափ գորովալից* է ու գթառատ:+
12 Եղբայրնե՛րս, մի կարևոր բան էլ ասեմ. այլևս մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով և ո՛չ էլ որևէ ուրիշ բանով: Այլ թող ձեր «այո»-ն «այո» լինի, իսկ «ոչ»-ը՝ «ոչ»,+ որպեսզի դատաստանի չարժանանաք:
13 Ձեզնից որևէ մեկը նեղության մե՞ջ է, թող շարունակ աղոթի:+ Որևէ մեկը լավ տրամադրությո՞ւն ունի, թող սաղմոսներ երգի:+ 14 Որևէ մեկը հիվա՞նդ է, թող կանչի ժողովի երեցներին,+ և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով օծեն նրան:+ 15 Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին,* ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան: Եվ եթե նա մեղքեր է գործել, կներվեն:
16 Ուստի միմյանց ազնվորեն խոստովանեք ձեր մեղքերը+ և աղոթեք իրար համար, որպեսզի բուժվեք: Արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի:+ 17 Եղիան մեզ պես մարդ էր,* սակայն երբ թախանձագին աղոթեց, որ անձրև չգա, երեք տարի ու վեց ամիս երկրի վրա անձրև չեկավ:+ 18 Եվ երբ նա դարձյալ աղոթեց, անձրև եկավ, ու երկիրը պտուղ տվեց:+
19 Եղբայրնե՛րս, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտությունից, և մեկ ուրիշը հետ դարձնի նրան, 20 իմացեք, որ մեղավորին սխալ ճանապարհից հետ դարձնողը+ կփրկի նրան* մահից ու կօգնի, որ նրա մեղքերը ներվեն:*+
Կամ՝ «առանց սխալներ փնտրելու»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «պարծենա»:
Կամ՝ «պատվի է արժանացրել»:
Բռց.՝ «Աստված չար բաներով չի կարող փորձվել»:
Կամ՝ «և խայծով բռնվելու»:
Կամ՝ «Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ կրոնը սա է»:
Բռց.՝ «չար»:
Կամ՝ «նախատում»:
Բառարանում տես «Շնություն»:
Բռց.՝ «ազատության օրենքով»:
Բռց.՝ «մերկ է»:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «շնչի», «ոգու»:
Բռց.՝ «սայթաքում»:
Բառարանում տես «Գեհեն»:
Տես հավելված Ա5:
Կամ հնարավոր է՝ «և եսասիրական ձգտում ունեք»:
Բռց.՝ «զիջող»:
Կամ հնարավոր է՝ «Նրանք, ովքեր խաղաղարար են, արդարության պտղի սերմը ցանում են խաղաղ պայմաններում»:
Բռց.՝ «Շնացողնե՛ր»: Բառարանում տես «Շնություն»:
Տես հավելված Ա5:
Տես հավելված Ա5:
Կամ հնարավոր է՝ «Նա չի հակառակվում ձեզ»:
Կամ՝ «ամրացրեք ձեր սրտերը»:
Բռց.՝ «Հոգոց մի՛ հանեք»:
Կամ՝ «օրհնված»:
Կամ՝ «կարեկից»:
Կամ հնարավոր է՝ «հոգնածին»:
Կամ՝ «Եղիան նույն զգացմունքներն ուներ, ինչ մենք ունենք»:
Կամ՝ «նրա հոգին»:
Բռց.՝ «ու կծածկի մեղքերի շատությունը»: