Ազատազրկված՝ հավատի համար — Հարավային Կորեա
2020 թ. հոկտեմբերի 26-ին պատմության մեջ առաջին անգամ Հարավային Կորեայում համոզմունքների հիմնավորմամբ զորակոչից հրաժարվող անձինք հնարավորություն ստացան այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել։ Սակայն մարդու իրավունքների հանձնաժողովը Հարավային Կորեայի այլընտրանքային ծառայության համակարգը որակավորեց որպես պատժիչ և խտրական, ինչպես իր տևողությամբ, այնպես էլ խստությամբ։ Այլընտրանքային ծառայությունը 36 ամիս է տևում, ինչը երկու անգամ ավելի երկար է, քան զինվորական ծառայությունը։ Սա հակասում է միջազգային նորմերին։ Այդ նորմերին համապատասխան այլընտրանքային ծառայությունը չպետք է մեկ ու կես անգամից ավել գերազանցի զինվորական ծառայության տևողությանը, եթե չկան հիմնավոր և օբյեկտիվ պատճառներ։ Հարավկորեացի մի քանի Վկաներ հրաժարվել են ընդունել այլընտրանքային ծառայության այս ծրագիրը։ Ոմանք բողոքներ են ներկայացրել դատարան։ 2024 թ. մայիսի 30-ին Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը ձայների հինգ կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ որոշեց մերժել այլընտրանքային ծառայության վերաբերյալ բոլոր բողոքները։ Չնայած կարծիքների տարբերությանը՝ դատարանը ընդունեց այն փաստը, որ այլընտրանքային ծառայությունը պատժիչ բնույթ ունի. «Նման այլընտրանքային ծառայությունը ոչ այլ ինչ է, քան պատժի մեկ այլ ձև, որը խախտում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների խղճի ազատության իրավունքը»։
Հու-ջին Բյոնը՝ 29-ամյա ամուսնացած մի տղամարդ, Հարավային Կորեայում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող առաջին Վկան է, ով բանտարկվել է այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար։ Նա որոշեց հարգալից կերպով հրաժարվել այլընտրանքային ծառայությունից: Միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց ընդունելու պատժիչ բնույթ չկրող այլընտրանքային ծառայություն, եթե այն հասանելի լինի։ 2024 թ. հուլիսի 24-ին դատարանը նրան դատապարտեց մեկ տարի վեց ամսվա ազատազրկման։ Հուրախություն մեզ՝ 2025 թ. հուլիսի 30-ին Հու-ջին Բյոնին վաղաժամկետ ազատ արձակեցին բանտից։ Երկրորդ Վկան՝ Ջին-սոն Լին, ով հրաժարվել էր այլընտրանքային ծառայությունից, 2025 թ. հունիսի 17-ին կալանավորվեց և արդեն սկսել է կրել իր ազատազրկումը։
Ներկա դրությամբ 14 Վկա երիտասարդներհրաժարվել են ծառայել այլընտրանքային ծառայության համակարգում։ Նրանցից 12-ի դատավարությունը ընթացքի մեջ է։ Կախված իրենց դատավարության արդյունքներից՝ նրանց նույնպես սպառնում է քրեական պատիժ և ազատազրկում։ Սակայն համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների մեծամասնությունը որոշել է կատարել այլընտրանքային ծառայություն՝ չնայած դրա պատժիչ բնույթին։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 17, 2025
Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար բանտում է գտնվում մի Եհովայի վկա։
Հուլիսի 30, 2025
Հու-ջին Բյոնին վաղաժամկետ ազատ արձակեցին բանտից։
Հունիսի 17, 2025
Այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար Ջին-սոն Լին դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման։
Հուլիսի 24, 2024
Այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար Հու-ջին Բյոնը դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման։
Նոյեմբերի 10, 2022
Զորակոչի մասին ծանուցում ստանալուց հետո Հու-ջին Բյոնը նամակ ուղարկեց զինվորական անձնակազմի վարչություն՝ նշելով, որ համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում է զինծառայությունից և այլընտրանքային ծառայությունից։
Հոկտեմբերի 26, 2020
Հարավային Կորեայի կառավարությունը ընդունեց այլընտրանքային ծառայության մասին օրենք համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար։
Նոյեմբերի 1, 2018
Հարավային Կորեայի Գերագույն դատարանը ինը կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ որոշեց, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանցագործություն չէ։
Հունիսի 28, 2018
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական հայտարարեց զինվորական ծառայության օրենքի մի մասը, քանի որ այն այլընտրանքային ծառայություն չի նախատեսում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար։
Հոկտեմբերի 18, 2016
Քվանգջուի վերաքննիչ դատարանը առաջին անգամ բավարարեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երեք Վկաների բողոքները։
Օգոստոսի 30, 2011
Սահմանադրական դատարանը նորից հաստատեց խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժող օրենքը։
Օգոստոսի 26, 2004
Սահմանադրական դատարանը հաստատեց խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժող օրենքի սահմանադրական լինելը։
1975
Կառավարությունը հաստատեց պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը, որը պահանջում է 100 տոկոս մասնակցություն։
1973
Կառավարությունը սկսեց խոշտանգել ազատազրկված Վկաներին, ինչը շարունակվեց մինչև 1990-ականները։
1953
Կառավարության որոշմամբ ազատազրկվեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող առաջին Վկան։