Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/04 էջ 13–15
  • Ինչպե՞ս դուր գամ ուրիշներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս դուր գամ ուրիշներին
  • 2004 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Կատարյալ» մարմին. անիրական ձգտում
  • Ներքին մարդը
  • Ընկերական վերաբերմունք և ոչ թե ֆլիրտ
  • Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ աղջիկները չեն հավանում ինձ
    2009 Արթնացե՛ք
  • Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 2
    2012 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում
    2010 Արթնացե՛ք
Ավելին
2004 Արթնացե՛ք
g 7/04 էջ 13–15

Երիտասարդները հարցնում են...

Ինչպե՞ս դուր գամ ուրիշներին

«Ես ազատ չէի աղջիկների հետ։ Գաղափար չունեի, թե նրանք ինչ են զգում ու մտածում» (Թայլեր)։

ԱՄԵՆԻՑ շատ ո՞ր հատկություններն են աղջիկները սիրում տղաների մեջ։ «Համարձակությունը»,— ասում է Էմիլին։ Ռոբին անունով մեկ ուրիշ աղջիկ գերադասում է ուրախ տղաների։ Իսկ ի՞նչն են տղաները ամենից շատ գնահատում աղջիկների մեջ։ Մի հետազոտություն ցույց տվեց, որ գլխավոր տեղը նրանք հատկացնում են արտաքին գեղեցկությանը։ Իսկ նույն հետաքրքրություններ ու հայացքներ ունենալը վեցերորդ տեղում էր։

Աղջիկների ու տղաների փոխհարաբերությունների մասին հաճախ է խոսվում երիտասարդական պարբերագրերում։ Պարզ է, որ երիտասարդներին հետաքրքրում, նույնիսկ հուզում է այն հարցը, թե ինչ են իրենց մասին մտածում հակառակ սեռի ներկայացուցիչները։ Հնարավոր է, որ դու էլ ես երբեմն նման մտահոգություններ ունենում։ Սա չի նշանակում, թե դու պատրաստ ես հենց հիմա ամուսնանալ։ Պարզապես ոչ ոք չի կամենում անհրապույր և անցանկալի լինել։ Թայլերն ասում է. «Երբ երիտասարդ ես, ուզում ես դուր գալ բոլորին։ Ուզում ես, որ մյուս տղաներն ու աղջիկները ընդունեն քեզ»։ Հնարավոր է նաև, որ ցանկություն ունենաս մի օր գտնել քո կյանքի ընկերոջը։ Եվ երբ այդ անձնավորությանը հանդիպես, բնականաբար կուզենաս դուր գալ նրան։

Սակայն լինելով երիտասարդ քրիստոնյա՝ կարող է այնքան էլ փորձ չունենաս հակառակ սեռի հետ հաղորդակցվելու։ Բացի այդ, հասակակիցների ճնշումը կարող է ֆիզիկապես գրավիչ դառնալու ձգտում առաջացնել քո մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ տեսնելով հեռուստատեսությամբ ու պարբերագրերում անընդհատ գովազդվող թոփ–​մոդելների կազմվածքը և դերասանների տպավորիչ մկանները՝ քեզ անվստահ ու անլիարժեք զգաս։ Իսկ ո՞րն է ուրիշների, այդ թվում նաև հակառակ սեռի ներկայացուցիչների համակրանքին արժանանալու հավասարակշռված և ճիշտ միջոցը։

«Կատարյալ» մարմին. անիրական ձգտում

Կլինիկական հոգեբան Ուիլյամ Փոլաքը գրում է, որ ժամանցի արդյունաբերության ազդեցության տակ շատ երիտասարդներ «օրերով դիետա են պահում, ծանրաքարեր են բարձրացնում, զբաղվում են աերոբիկայով. և այդ ամենը՝ իրենց մարմնի չափն ու ձևը փոխելու համար»։ Ոմանք նույնիսկ ընկնում են վտանգավոր ծայրահեղությունների մեջ և իրենց գրեթե սովամահ են անում «կատարյալ» մարմին ձեռք բերելու նպատակով։ Սակայն, ինչպես հայտնում է Սոցիալական հարցերի հետազոտության կենտրոնը, «կնոջ իդեալը, որ ստեղծվել է մասսայական լրատվական միջոցների կողմից, հազիվ հասանելի է իգական սեռի ներկայացուցիչների 5 տոկոսին, այն էլ միայն քաշի և չափերի առումով։ Ինչ վերաբերում է իդեալական կազմվածք, դիմագծեր և այլ տվյալներ ունենալուն, ապա դրան ամենայն հավանականությամբ կարող է հասնել կանանց միայն 1 տոկոսը»։

Ուստի որքա՜ն գործնական է Հռովմայեցիս 12։2–ում («Phillips») տրվող աստվածաշնչյան խորհուրդը. «Թույլ մի տվեք ձեզ շրջապատող աշխարհին խցկել ձեզ իր շրջանակների մեջ»։ Սա չի նշանակում, թե ընդհանրապես չպետք է հետևես քո արտաքինին։ Միանգամայն տեղին կլինի, որ հոգ տանես քո մարմնի մասին և չափավորություն ցուցաբերելով՝ զբաղվես մարմնամարզությամբ ու հավասարակշռված կերպով որոշակի սննդակարգի հետևես (Հռովմայեցիս 12։1; Ա Տիմոթէոս 4։8)։ Բավականաչափ հանգիստն ու քունը նույնպես կարող են օգնել քեզ լավ տեսք և ինքնազգացողություն ունենալ։ Միևնույն ժամանակ, ուշադրություն դարձրու քո անձնական հիգիենային և հարդարանքին։ Ահա թե ինչ է ասում Դեյվիդ անունով մի բրիտանացի տղա. «Ես մի աղջկա գիտեմ, որը բավական գեղեցիկ է, սակայն նրա վրայից տհաճ հոտ է գալիս։ Այդ պատճառով մարդիկ աշխատում են քիչ շփվել նրա հետ»։ Ուրեմն՝ հաճախ լողացիր։ Մաքուր ձեռքերը, մազերն ու եղունգները կարող են գեղեցկացնել քեզ։

Թեպետ Աստվածաշունչը չի խրախուսում հագուկապին չափից ավելի նշանակություն տալ, բայց քաջալերում է քրիստոնյաներին «վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարե[լ]» (Ա Տիմոթէոս 2։9)։ Ընտրիր այնպիսի հագուստ, որը կգեղեցկացնի քեզ, սակայն չի լինի արտասովոր կամ անհամեստ։a Եթե խոհեմաբար հետևես քո արտաքինին, կամրապնդես քո վստահությունը սեփական անձի հանդեպ։ Այս կապակցությամբ Փոլ անունով մի տղա ասում է. «Հնարավոր է՝ դու չլինես ամենասիրունը, բայց դու կարող ես քեզ սիրունացնել»։

Ներքին մարդը

Թեև հաճելի դիմագծերն ու արտաքինը կարող են գրավել մարդկանց ուշադրությունը, վերջին հաշվով, ‘գեղեցկությունը ունայն է’, կամ, ինչպես ասվում է մեկ ուրիշ թարգմանության մեջ, նման է պղպջակի (Առակաց 31։30)։ Գեղեցիկ արտաքինը անցողիկ է և անշուշտ չի կարող փոխարինել գեղեցիկ բնավորությանը (Առակաց 11։22)։ Հիշիր նաև, որ «մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7)։ Ուստի բարակ մեջք կամ ուժեղ մկաններ ունենալը նպատակակետ դարձնելու փոխարեն՝ ձգտիր, որ քո զարդը լինի «սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է» (Ա Պետրոս 3։3, 4; Եփեսացիս 4։24)։ Ճիշտ է, մեր օրերում երիտասարդները հաճախ այնքան էլ չեն գնահատում գեղեցիկ բնավորությունը և է՛լ ավելի քիչ նշանակություն են տալիս մարդու հոգևոր հատկանիշներին։b Սակայն Աստծո մտածելակերպն ունեցող անհատները գնահատում և գրավիչ են համարում դրանք։

Ուստի հոգևոր տրամադրվածություն ունեցող քրիստոնյա տղամարդու կամ կնոջ համակրանքին արժանանալու լավագույն եղանակը անձամբ հոգևորապես տրամադրված լինելն է։ Ամրացրու քո հոգևորը աղոթքի, Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության և քրիստոնեական հանդիպումներին հաճախելու միջոցով (Սաղմոս 1։1–3)։ Կարող ես զարգացնել ուրիշ օգտակար ունակություններ և հատկություններ ևս։ Այդ բանն անելու համար պարտադիր չէ ժամադրությունների գնալ և ընկերություն անել որևէ աղջկա կամ տղայի հետ։ Դու կարող ես աշխատել այդ հատկությունների վրա առօրյա կյանքում մարդկանց հետ հաղորդակցվելիս։

Հակառակ սեռի ներկայացուցիչների շրջապատում քեզ կաշկանդվա՞ծ ես զգում։ Փոլ անունով մի պատանի խոստովանում է. «Երբեմն ինձ ազատ չեմ զգում, որովհետև նրանք աղջիկ են, իսկ ես աղջիկներին չեմ հասկանում այնպես, ինչպես տղաներին, ու չեմ ուզում ուրիշների վրա վատ տպավորություն գործել»։ Ինչպե՞ս կարող ես ձեռք բերել հանգստություն և հավասարակշռվածություն, ինչի շնորհիվ ուրիշներն էլ իրենց հանգիստ կզգան քեզ հետ։ Օրինակ՝ շփվելով տարբեր մարդկանց հետ. մի բան, որը հնարավոր է քրիստոնեական ժողովում։ Հանդիպումների ժամանակ անհատական ուշադրություն ցույց տուր ուրիշների նկատմամբ՝ ոչ միայն հակառակ սեռի քո հասակակիցների, այլև երեխաների, մեծերի ու տարեցների (Փիլիպպեցիս 2։4)։ Սովորելով հաղորդակցվել տարբեր մարդկանց հետ՝ կկարողանաս վստահություն զարգացնել սեփական ուժերիդ հանդեպ։

Այստեղ, սակայն, զգուշություն է հարկավոր։ Ճիշտ է, Հիսուսն ասել է. «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթէոս 19։19)։c Եթե դրականորեն տրամադրված լինես ինքդ քո հանդեպ, քիչ հավանական է, որ կաշկանդված անձնավորության տպավորություն թողնես ուրիշների վրա։ Այնուամենայնիվ, թեպետ որոշ չափով ինքնահարգանքի զգացում ունենալն անհրաժեշտ է, չարժե ընկնել ծայրահեղությունների մեջ։ «Այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին,— գրեց Պողոս առաքյալը,— դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը» (Հռովմայեցիս 12։3, ԷԹ)։

Նաև մեծ ուշադրություն դարձրու քո վարվելակերպի և պահվածքի վրա։ Լիդիա անունով մի բրիտանացի աղջիկ ասում է. «Մեր դպրոցում կա մի տղա, որին շատ աղջիկներ են համակրում։ Բայց նրան ճանաչելուց հետո աղջիկները հիասթափվում են, քանի որ այդ տղան կոպիտ է և աննրբանկատ»։ Մարդկանց դուր է գալիս այնպիսի անձնավորությունը, որը խոսում է մեղմությամբ ու նրբանկատորեն և ուշադիր է ուրիշների հանդեպ (Եփեսացիս 4։29, 32; 5։3, 4)։ «Լավ վարվելակերպը նման է անցաթղթի, որն օգնում է լինել ազատ և մարդկանց կողմից ընդունելի»,— նշում է դոկտոր Բերի Բրազելթոնը։ Ճիշտ վարվեցողությունը «շատ կարևոր է ուրիշներին ընդունելի լինելու համար»։

Սովորույթներն ու քաղաքավարության կանոնները աշխարհի տարբեր մասերում տարբեր են։ Ուստի հնարավոր է ցանկանաս ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչպես են միմյանց վերաբերվում հասուն քրիստոնյա տղամարդիկ և կանայք։ Օրինակ՝ ձեր երկրում ընդունվա՞ծ է, որ տղամարդը կնոջ համար բացի դուռը։ Եթե այդպես է, ապա տվյալ կանոնին հետևելով՝ կբարձրացնես քո հեղինակությունը և հավասարակշռված ու քաղաքավարի անձնավորության տպավորություն կգործես։

Եվ վերջապես, օգտակար կլինի որոշ չափով հումորի զգացում զարգացնել։ Աստվածաշունչն ասում է, որ կա «ծիծաղելու ժամանակ»։ Բացի այդ, հումորի զգացում ունեցող մարդը հաճախ ավելի հեշտ է ընկերներ գտնում (Ժողովող 3։1, 4)։

Ընկերական վերաբերմունք և ոչ թե ֆլիրտ

Հաջող ժամադրություններ ունենալու մասին մի «ձեռնարկում» ասվում էր, թե հակառակ սեռին գրավելու գաղտնիքը ֆլիրտն է։ Ընթերցողին խորհուրդ էր տրվում ժպտալ, որսալ իրեն հետաքրքրող անձնավորության հայացքը և կատարելագործել ծանոթություն հաստատելու ձևերը։ Նման առաջարկությունները հակառակ են Պողոսի տված խորհրդի ոգուն։ Նա քաջալերեց Տիմոթեոսին հակառակ սեռի ներկայացուցիչների հետ վարվել «բոլոր սրբութիւնով» (Ա Տիմոթէոս 5։2)։

Թեպետ ֆլիրտը կարող է շոյել մարդու ինքնասիրությունը, այն կեղծավորության և անազնվության արտահայտություն է։ Հետաքրքիր զրույց վարելու համար պարտադիր չէ ֆլիրտի դիմել կամ կոտրատվել։ Եվ ոչ էլ հարկավոր է շփոթության մեջ գցող կամ անտեղի հարցեր տալ պարզելու համար, թե ինչ են զգում ու մտածում հակառակ սեռին պատկանող անհատները։ Փոխարենը՝ միշտ խոսիր այն, «ինչ որ արդար [է], ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն»։ Դա ցույց կտա, որ դու իսկապես ձևավորվում ես իբրև հասուն և հոգևորապես տրամադրված կին կամ տղամարդ (Փիլիպպեցիս 4։8)։ Կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները՝ դուր կգաս ոչ միայն հակառակ սեռի ներկայացուցիչներին, այլև Աստծունd (Առակաց 1։7–9)։

[Ծանոթագրություններ]

a Տե՛ս 1999 թ. փետրվարի 8–ի համարում տպագրված «Երիտասարդները հարցնում են... Իսկապե՞ս կարևոր է, թե ինչպես ենք հագնվում» հոդվածը (ռուս.) կամ 1989 թ. հոկտեմբերի 8–ի համարում տպագրված «Երիտասարդները հարցնում են... Ո՞րն է հագուստի ճիշտ ընտրության գաղտնիքը» հոդվածը (անգլ.)։

b Մի մասնագետի խոսքերով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խելացի երիտասարդներին հաճախ ծաղրում են նրանց ընդունակությունների համար։ Այդ պատճառով որոշ երիտասարդներ աշխատում են քողարկել իրենց կարողությունները։

c Եհովայի վկաների կողմից հրատարակված «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 12–րդ գլխում (անգլ., ռուս.) մի շարք օգտակար առաջարկներ են արվում ինքնահարգանք զարգացնելու վերաբերյալ։

d Եթե ամուսնանալու համար դեռ փոքր ես, ապա խելամիտ կլինի հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվել այնպիսի միջավայրում, որտեղ կան տարբեր մարդիկ։ Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2001 թ. հունվարի 22–ում տպագրված «Երիտասարդները հարցնում են... Ի՞նչ անեմ, եթե ծնողներիս կարծիքով՝ դեռ փոքր եմ ժամադրության գնալու համար» հոդվածը, ռուս., անգլ.։

[Նկարներ 15–րդ էջի վրա]

Արտաքինին չափից շատ նշանակություն տալու փոխարեն՝ աշխատիր հոգևոր հատկություններ զարգացնել քո մեջ

Սովորիր ազատորեն հաղորդակցվել տարբեր մարդկանց հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը