Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/04 էջ 16–18
  • Այցելություն ապակու կղզի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն ապակու կղզի
  • 2004 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Ինչո՞ւ է հայտնի
  • Արհեստանոցներ ու ցուցասրահներ
2004 Արթնացե՛ք
g 7/04 էջ 16–18

Այցելություն ապակու կղզի

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԻՏԱԼԻԱՅԻՑ

ԱՊԱԿԻ փչելու խողովակը վարպետը մտցնում է բորբոքված ապակեհալ վառարանի կողամասում գտնվող ոչ մեծ անցքի մեջ։ Այնտեղից նա հանում է հալված ապակու մի գունդ, որը շիկացած է, ինչպես մայր մտնող արևը։ Ձողի ու վառարանի միջև լույսի մի նուրբ բոսորագույն շիթ է հայտնվում, որն անմիջապես մարում է։ Վարպետը հալված ապակեզանգվածը գլորում է մետաղյա սեղանի վրայով, և գունդը գլանի տեսք է ստանում։ Ընդամենը մեկ անգամ թեթևակի փչում է խողովակի մեջ, ու զանգվածը փքվում է։ Այնուհետև վարպետը նորից է գլորում այն, բարձրացնում է, զննում և կրկին մտցնում կրակի մեջ։

Մենք Մուրանոյում ենք՝ Վենետիկի (Իտալիա) ծոցում գտնվող մի փոքրիկ կղզում, որը հայտնի է իր ապակեղենով։ Ապակի փչելու արհեստով այստեղ զբաղվում են ավելի քան 1 000 տարի։ Օրինակ՝ ծոցի հարևան Տորչելո կղզում գտնվող ապակու գործարանի մնացուկները թվագրվում են մ.թ. յոթերորդ դարով։ Իսկ հենց Վենետիկում ապակեգործության մասին վկայող առաջին ապացույցը մ.թ. 982 թ.–ին վերաբերող մի փաստաթուղթ է, ըստ որի՝ ոմն «Դոմենիկ ապակեգործ» հանդես է գալիս իբրև վկա։

Արդեն 1224 թ.–ին վենետիկցի ապակեգործները կազմավորել էին արհեստավորների միություն։ Իսկ 1291 թ.–ին Վենետիկի Մեծ խորհրդի հրահանգով ապակեհալ վառարանները դուրս բերվեցին քաղաքից՝ հավանաբար անվտանգություն ապահովելու համար։ Շատ ապակեգործներ տեղափոխվեցին ափից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուրանո կղզի, որտեղ և բնակություն հաստատեցին։

Ինչո՞ւ է հայտնի

Եթե հաշվի առնենք, որ ապակու արտադրությամբ զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից աշխարհի շատ վայրերում, կարող է հարց առաջանալ, թե ինչով է Մուրանոյի, կամ՝ Վենետիկի ապակեղենը առանձնահատուկ։ Որոշ տվյալներով՝ տեղի ապակեգործներին հաջողվեց բարձր մակարդակի հասցնել իրենց արտադրանքը շնորհիվ այն բանի, որ Վենետիկը հաճախ էր կապեր հաստատում այնպիսի շրջանների հետ, որտեղ ապակի փչելու արհեստը վաղուց էր զարգացած։ Այդ շրջաններից էին, օրինակ, Եգիպտոսը, Փյունիկիան, Սիրիան ու բյուզանդական Կորնթոսը։ Եվ իրոք, մեզ հայտնի ամենահին վենետիկյան գործարանների արտադրած ապակին շատ բաներով նման է իր արևելյան «ազգակիցներին»։ Մուրանոյում կիրառվող մեթոդների շնորհիվ ապակեգործությունն այստեղ այնպիսի զարգացում ապրեց, որին թերևս երբեք չհասան մյուս եվրոպական կենտրոնները։

13–ից 14–րդ դարերում Վենետիկը Եվրոպայի «միակ ապակեգործական կենտրոնն էր, որ կարողանում էր փչած ապակուց «արվեստի գործեր» արտադրել»,— ասվում է Մուրանոյի ապակեղենի մասին մի գրքում («Glass in Murano»)։ Վենետիկյան արտադրանքները արտահանվում էին հեռավոր վայրեր՝ Միջերկրական ծովի արևելյան շրջաններ և Հյուսիսային Եվրոպա։ 1399 թ.–ին Անգլիայի թագավոր Ռիչարդ II թույլ տվեց, որ վենետիկյան երկու նավեր ապակեղեն վաճառեն Լոնդոնի նավահանգստում։ Նույն ժամանակահատվածում վենետիկյան ապակեղենը սկսեց պահանջարկ վայելել Ֆրանսիայի ազնվականների շրջանում։ Ժամանակի ընթացքում Մուրանոն մեծ համբավ ձեռք բերեց նաև հայելիներով, ջահերով, գունավոր ապակուց պատրաստված առարկաներով, ոսկեզօծ և էմալապատ դեկորացիաներով, բյուրեղապակով, արհեստական զարդաքարերով, հմտությամբ մշակված կոթավոր սկահակներով և նախշազարդ իրերով։

Չցանկանալով տարածել իր գաղտնիքները՝ Վենետիկը ամեն կերպ ջանում էր խոչընդոտել մրցակից ապակեգործական կենտրոնների զարգացումը։ Արդեն 13–րդ դարում ապակեգործներին արգելվեց տեղափոխվել ուրիշ վայրեր։ Հետագայում պաշտպանական այդ միջոցները ավելի խստացան, և միայն լիիրավ քաղաքացիները կարող էին աշխատել որպես ապակեգործներ կամ աշակերտել նրանց մոտ։ Որոշ ժամանակ այդ շրջանից փախչող ապակեգործներին բռնում էին, բարձր տուգանքի ենթարկում ու դատապարտում հինգ տարվա թիապարտության՝ շղթայելով նրանց ոտքերը։

Չնայած այս ամենին՝ որոշ ապակեգործների հաջողվեց գաղտնի տեղափոխվել ուրիշ վայրեր և բնակություն հաստատել Իտալիայի ու Եվրոպայի տարբեր մասերում։ Նրանք սկսեցին մրցել Մուրանոյի հետ՝ արտադրելով նույն ապակեղենը և կիրառելով նույն մեթոդները։ Նրանց արտադրած առարկաները, որ հայտնի դարձան «վենետիկյան ոճ» («à la façon de Venise») անվանումով, շատ դեպքերում անհնար էր տարբերել Մուրանոյում պատրաստվածներից։

Վենետիկյան արվեստն իր գագաթնակետին հասավ 15–16-րդ դարերում։ Փչված բյուրեղապակու գեղարվեստական ձևերով, գունավոր արծնապակիով, անթափանցիկ կաթնապակիով («լատիմո»), ցանցաձև ապակիով («ռետիչելո») և ապակեղենի այլ տեսակներով Մուրանոն գրավեց շուկան։ Վենետիկյան ապակեղենը սկսեց օգտագործվել թագավորական սեղանների վրա։

Ապակեգործության պատմության մի մասնագետի խոսքերով՝ եթե այդ օրերում «հետաքրքրասեր ճանապարհորդը ծովածոց ժամաներ այն ընթացքում, երբ վառարանները գործում էին, ապա բաց չէր թողնի դրանք տեսնելու առիթը»։ Մենք նույնպես չցանկացանք բաց թողնել առիթը, ուստի առավոտյան նստեցինք մոտորային նավակ՝ տեղի «ավտոբուսը», և Մեծ ջրանցքով լողացինք դեպի Մուրանո։ Եկեք միասին կատարենք այս ուղևորությունը։

Արհեստանոցներ ու ցուցասրահներ

Առաջին կանգառը Մուրանոյում է։ Իջնում ենք նավակից, և մարդիկ մեզ ցույց են տալիս ապակու մոտակա գործարանները, որտեղ կարող ենք անվճար դիտել ապակեգործների աշխատանքը։ Մենք նայում ենք, թե ինչպես է մի արհեստավոր փչում հալված ապակու գունդը և ճոճում այն։ Ձողի վերջում գտնվող գունդը երկարավուն տեսք է ստանում։ Այնուհետև հմտորեն գործի դնելով աքցանն ու մկրատը՝ վարպետը ձգում է այն, կտրում, սեղմում՝ անձև զանգվածին տալով գլխի, ոտքերի և պոչի տեսք ու վերածելով ցատկելու պատրաստ նժույգի։

Դուրս ենք գալիս առաջին գործարանից և անշտապ քայլում հանդարտ Ռեո դեի վետռայ ջրանցքի երկայնքով, որը ապակեգործների ջրանցքն է։ Միակ երթևեկությունը, որ իրականացվում է այստեղ, հնարավոր է կամ մայթի վրայով, կամ ջրով, ինչը բնորոշ է Վենետիկին։ Տեսնում ենք, որ Մուրանոն լեցուն է արհեստանոցներով և ցուցասրահներով։ Ոմանք ցուցադրության են հանում նրբաճաշակ, բարձրորակ առարկաներ՝ թեյի սպասքեր, ճրագակալներ և տպավորիչ քանդակներ, որոնք պատրաստելու համար, անկասկած, բավական հմտություն և զգուշություն է հարկավոր։ Ոմանք էլ առաջարկում են ավելի մատչելի ապրանքներ՝ սկսած ուլունքահատիկից և վերջացրած սկահակներով ու բազմագույն պրես–​պապյեով։ Այդ իրերը մեծամասամբ անչափ գեղեցիկ են, և բոլորը՝ ձեռագործ։

Հմայված նայում ենք, թե ինչպես են վարպետները կերտում տարբեր առարկաներ։ Մուրանոյի ապակեղենը, որի 70 տոկոսը պատրաստվում է ավազից, իսկ 30–ը՝ կրածնավորած սոդայից, կրաքարից, ազոտաթթվի աղից և մկնդեղից, հեղուկանում է 1 400 աստիճան Ցելսիուսում և կարծրանում մոտավորապես 500 աստիճանում։ Ճիշտ ջերմաստիճանի ընտրության դեպքում (այս երկուսի միջև) ապակին դառնում է փափուկ և դյուրաթեք։ Հետևաբար ապակեզանգվածը փչելու կամ նրան ձև տալու համար անհրաժեշտ է պարբերաբար այն մտցնել կրակի մեջ՝ ճկունությունը վերականգնելու նպատակով։ Վարպետները նստում են նստարանների վրա՝ հորիզոնական հենարանների միջև, որոնց վրա տեղադրում և պտտեցնում են ապակի փչելու խողովակը։ Մի ձեռքով նրանք շրջում են խողովակը, իսկ մյուսով պահում են որևէ գործիք կամ կաղապար, որոնց օգնությամբ ձև են տալիս ապակեզանգվածին։ Կաղապարը, որ թրջում են ջրում, պատրաստված է ջերմադիմացկուն տանձենուց։

Մենք դիտում ենք, թե ինչպես է մի արհեստավոր ապակին փչում ակոսավոր կաղապարի մեջ, իսկ նրա օգնականը կտրում է ապակու գնդի մի կողմը։ Հետո վարպետը խողովակը պտտեցնում է իր առանցքի շուրջը՝ գնդի մեջ անցք բացելով և բողբոջող ծաղկի տեսք տալով նրան։ Այնուհետև նա նորից է տաքացնում ապակին՝ շարունակելով ձևավորել այն։ Նաև սեղմում է ապակու այդ կտորի եզրերը՝ այն վերածելով շուշանակերպ լամպի, որն օգտագործվելու է ջահի համար։

Որպեսզի անգույն ապակեզանգվածը գույներ ստանա, վարպետը նրա վրա ցանում է դյուրահալ գունավոր փոշի։ Ապակուն ծաղկազարդ տեսք հաղորդելու համար արհեստավորը կիրառում է «մուրինե» մեթոդը. նա ավելացնում է մանրադրամի ձև ունեցող ապակու բարակ կտորներ, որոնց միջով գունավոր գծեր են անցնում։ Գլանաձև ապակեզանգվածը գլորում է այնպես, որ նրա արտաքին մակերևույթը պատվի այդ կտորներով կամ նրանց մասնիկներով։ Վերջիններս զուգահեռաբար շարված են մետաղյա սալիկի վրա։ Երբ ապակին նորից մտցնում են վառարանի մեջ, այդ բազմերանգ, ժանեկազարդ կամ պարուրագիծ կտորները հալվում են և ձուլվում ապակեզանգվածին, որը հետո փչում են ու վերածում սկահակի, լամպի կամ ցանկացած այլ առարկայի։ Իսկ գունավոր կամ անգույն շերտեր ունեցող հաստ ապակի ստանալու համար առարկան մտցնում են տարբեր հալամանների մեջ։

Այո, ապակուց պատրաստված յուրաքանչյուր առարկա ունի իր պատմությունը և իր պատրաստման հատուկ եղանակը։ Իրենց դարավոր ավանդույթների շնորհիվ Վենետիկի այս պատմական կղզու ապակեգործները կրակի օգնությամբ ավազը վերածում են շքեղափայլ ստեղծագործությունների։

[Նկար 16–րդ էջի վրա]

Ռեո դեի վետռայ, Մուրանո, Իտալիա

[Նկարներ 17–րդ էջի վրա]

Բարովիերի գավաթ

Ադամանդանիստ փորագիր սկահակ, 16–րդ դար

[Նկարներ 18–րդ էջի վրա]

1. Վառարանի բերանը

2. Արհեստավորը ձև է տալիս ապակու գնդին

3. Ապակին նորից տաքացվում է ճկունությունը վերագտնելու համար

4. Աքցանների և մկրատների օգնությամբ արհեստավորը կպցնում է ձիու ոտքերը

5. Ավարտուն գործը

[Թույլտվությամբ]

Photos courtesy http://philip.greenspun.com

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը