Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/04 էջ 19–22
  • Անվադողեր. կարող են պահպանել ձեր կյանքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անվադողեր. կարող են պահպանել ձեր կյանքը
  • 2004 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անվադողերի դերը
  • Ռետինի առաջին արտադրողները
  • Ինչպես ընտրել
  • Ինչպես պահպանել
  • «Խելացի» անվադողերը
  • Բովանդակություն
    2004 Արթնացե՛ք
  • Նրանք կանգնեցին, որ օգնեն
    Դեպքեր ծառայությունից
  • Ինչպե՞ս անվտանգ վարել մեքենան
    2009 Արթնացե՛ք
  • «Չթուլանանք»
    2013 Դիտարան
Ավելին
2004 Արթնացե՛ք
g 7/04 էջ 19–22

Անվադողեր. կարող են պահպանել ձեր կյանքը

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, թե պարանով կապված՝ նստած եք պողպատից և ապակուց պատրաստված մի խցիկի մեջ, և ձեր կողքին կան թթուներով ու դյուրավառ հեղուկներով լի բաքեր։ Այդ վտանգավոր կառույցը գտնվում է գետնից ընդամենը մի քանի սանտիմետր բարձրության վրա և շարժվում է 30 մետր/վայրկյան արագությամբ։ Ի հավելումն այս ամենի՝ ձեր շուրջը տարբեր ուղղություններով սլանում են ճիշտ այդպիսի սարքեր։

Ըստ էության, հենց սա է տեղի ունենում ձեզ հետ ամեն անգամ, երբ նստում եք ավտոմեքենա և ընթանում որևէ մայրուղով։ Ի՞նչն է ձեզ օգնում լինել հանգիստ և կառավարել մեքենան։ Գլխավորապես անվադողերը։

Անվադողերի դերը

Անվադողերի դերը կարևոր է և բազմաբնույթ։ Դրանք հենարանի պես պահում են մեքենան։ Բայց սա դեռ ամենը չէ. դողերը մեղմում են դարուփոսերի և այլ անհարթությունների հետևանքով առաջացող ցնցումները։ Իսկ որ ավելի կարևոր է, ապահովում են խիստ անհրաժեշտ կցորդումը ճանապարհի հետ, որպեսզի դուք կարողանաք վարել, արգելակել ու կառավարել մեքենան, ինչպես նաև մեծացնել արագությունը՝ անկախ այն բանից, թե ինչ վիճակում է ճանապարհը։ Մինչդեռ անիվների պտույտի ժամանակ դողերի ընդամենը մի փոքր՝ բացիկի տրամաչափին հավասար հատվածն է հպվում գետնին։

Հաշվի առնելով անվադողերի կարևորությունը՝ գուցե մտածեք, թե ինչ կարելի է անել, որ ձեր մեքենայի դողերը անվտանգություն ապահովեն ու գործեն արդյունավետ կերպով։ Եվ երբ անհրաժեշտություն առաջանա, ինչպե՞ս կարող եք համապատասխան անվադողեր ընտրել ձեր մեքենայի համար։ Այս հարցերին պատասխանելուց առաջ եկեք մի փոքր ծանոթանանք անվադողերի պատմությանը։

Ռետինի առաջին արտադրողները

Թեպետ անիվները գործածության մեջ են արդեն հազարավոր տարիներ, մեքենայի անիվների վրա ռետին հագցնելու գաղափարը համեմատաբար նոր է։ Բնական կաուչուկից պատրաստված ռետինը առաջին անգամ փայտյա և պողպատյա անիվներին հագցվեց 19–րդ դարի սկզբին։ Բայց այն արագ մաշվեց։ Ուստի թվում էր, թե ռետինե թաղանթով անիվների ապագան խոստումնալից չէ։ Եվ դա ճշմարիտ կլիներ, եթե բեմ դուրս չգար Չարլզ Գուդյիրը՝ հաստատակամ ու վճռական մի գյուտարար ԱՄՆ–ի Քոնեկտիկուտ նահանգից։ 1839 թ.–ին Գուդյիրը հայտնաբերեց վուլկանացման մեթոդը. ռետինը ճնշման տակ և բարձր ջերմաստիճանում եռացվում է ծծմբի հետ, ինչի շնորհիվ անհամեմատ ավելի դյուրաթեք ու դիմացկուն է դառնում։ Ամուր ռետինից պատրաստված անվադողերը լայն տարածում գտան, սակայն դրանք կոշտացնում էին անիվների ընթացքը։

1845 թ.–ին շոտլանդացի ինժեներ Ռոբերտ Թոմփսոնը ստացավ առաջին պնևմատիկ, կամ՝ օդով լցված դողերի արտոնագիրը։ Բայց պնևմատիկ դողերը սկսեցին պահանջարկ վայելել միայն այն բանից հետո, երբ Ջոն Բոյդ Դանլոփը՝ մեկ ուրիշ շոտլանդացի, փորձեց կատարելագործել իր որդու հեծանիվի դողերը՝ հեծանիվի ընթացքը ավելի սահուն դարձնելու նպատակով։ 1888 թ.–ին Դանլոփը ձեռք բերեց իր այս նոր դողերի արտոնագիրը և հիմնադրեց իր ընկերությունը։ Սակայն պնևմատիկ անվադողերի ճանապարհին դեռ մեծ փոփոխություններ էին սպասվում։

1891 թ.–ին մի ֆրանսիացի հեծանվորդ, որը չէր կարողանում փչել իր իջած անվադողը, քանի որ այն ամուր կպցրած էր անիվին, դիմեց իր ազգակիցներից մեկի՝ Էդվար Միշելենի օգնությանը։ Վերջինս հայտնի էր որպես ռետինի վուլկանացման հմուտ վարպետ։ Ինը ժամ չարչարվելուց հետո Միշելենը որոշեց ստեղծել այնպիսի պնևմատիկ դողեր, որոնք հնարավոր կլիներ հանել անիվի վրայից՝ նորոգումը հեշտացնելու նպատակով։

Միշելենի դողերը այնպիսի տարածում գտան, որ արդեն մեկ տարի անց դրանք ուրախությամբ օգտագործում էին 10 000 հեծանվորդներ։ Կարճ ժամանակ անց պնևմատիկ դողերը տեղադրվեցին փարիզյան ձիաքարշ կառքերի անիվների վրա՝ ի ուրախություն ֆրանսիացի ուղևորների։ 1895 թ.–ին Էդվարն ու նրա եղբայր Անրին պնևմատիկ անվադողերը հագցրեցին սպորտային ավտոմոբիլներից մեկի անիվներին, որպեսզի ցույց տան, որ դրանք կարելի է օգտագործել նաև շարժիչով աշխատող մեքենաների համար։ Բայց հիշյալ ավտոմոբիլը ամենավերջինը հասավ վերջնագծին։ Այնուամենայնիվ, մեքենայի արտասովոր դողերն այնպես էին զարմացրել մարդկանց, որ նրանք փորձեցին կտրել և բացել դրանք՝ պարզելու համար, թե Միշելեն եղբայրները ինչ են թաքցրել այդ դողերի մեջ։

1930–ական և 1940–ական թվականներին բամբակից ու բնական կաուչուկից պատրաստված համեմատաբար նուրբ մանրաթելերին փոխարինեցին ավելի ամուր մանրաթելերը՝ վիսկոզան, նայլոնը և պոլիէսթերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախադրյալներ ստեղծվեցին այնպիսի դողերի պատրաստման համար, որոնց վրա՝ հենց անիվի մոտ, կային օդը պահող փականներ։ Ուստի այդ դողերը կամերայի կարիք այլևս չունեին։ Հետագայում անվադողերը ենթարկվեցին նաև ուրիշ դրական ձևափոխումների։

Մեր օրերում անվադողերի պատրաստման համար օգտագործվում են 200–ից ավելի նյութեր։ Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ որոշ դողեր պահպանվում են ավելի քան 130 000 կիլոմետր անցնելուց հետո։ Կան նաև այնպիսի դողեր, որոնք դիմանում են մեկ ժամում հարյուրավոր կիլոմետրեր անցնող սպորտային մեքենաների արագությանը։ Բացի այդ, հասարակ գնորդի համար դրանք ավելի մատչելի են դարձել։

Ինչպես ընտրել

Եթե ավտոմեքենա ունեք, հավանաբար բախված կլինեք ոչ այնքան հեշտ մի խնդրի, թե ինչպես ընտրել նոր անվադողեր։ Իսկ ինչպե՞ս եք որոշում՝ հասել է արդյոք դրանք փոխելու ժամանակը։ Դուք կարող եք անել դա՝ դողերը կանոնավորապես ստուգելով, որպեսզի նկատեք մաշվածության կամ վնասվածության նշանները։a Անվադողերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները դողերում տեղադրում են մաշվածության մասին վկայող շերտագիծ նշաններ, որոնց առկայությունը կօգնի ձեզ հասկանալ, որ անվադողերը հասել են իրենց օգտակար կյանքի վախճանին։ Կարծր ռետինե ժապավենների տեսք ունեցող այդ նշանները հայտնվում են դողի պաշտպանաշերտի վրա։ Մաշվածությունը որոշելու համար տեղին կլինի նաև ստուգել, թե արդյոք պաշտպանաշերտը չի անջատվել դողից, մակերեսին լարեր չեն երևում, կողամասերը դեֆորմացված չեն և այլն։ Եթե նկատեք այդ նշաններից գոնե մեկը, մի՛ վարեք մեքենան, քանի դեռ անվադողը չեք նորոգել կամ փոխարինել։ Իսկ եթե վնասված դողը վերջերս եք գնել, ապա վաճառող կողմը հնարավոր է զեղչով փոխի այն, եթե դա նախատեսված է երաշխիքային պայմաններով։

Ճիշտ կլինի դողերը փոխարինել համապատասխան զույգերով՝ հագցնելով դրանք նույն առանցքի վրա։ Եթե անվադողերից միայն մեկն եք փոխարինում նորով, իբրև դրա զույգ ընտրեք այնպիսի դող, որի պաշտպանաշերտը լավագույնս է պահպանվել, որպեսզի արգելակելիս հավասարակշռեք կցորդումը։

Հնարավոր է, որ տարբեր տեսակի, չափերի ու ձևերի անվադողերի մեջ ընտրություն կատարելիս չկարողանաք կողմնորոշվել։ Սակայն ձեր խնդիրը բավական կհեշտանա, եթե հաշվի առնեք մի քանի կարևոր սկզբունքներ։ Նախ՝ վերանայեք ձեր ավտոմեքենան արտադրած հիմնարկության բացատրագիրը։ Ձեր մեքենայի համար գոյություն ունեն որոշակի պահանջներ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել. օրինակ՝ թե ինչպիսին պետք է լինի դողերի ու անիվների չափը, գետնից մեքենայի բարձրությունը, ինչպես նաև բեռնվածությունը։ Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, թե ինչ կառուցվածք ունի ձեր մեքենան։ Հակաշրջափակիչ արգելակներով (ABS), քարշային ճիգի կարգավորման մեխանիզմներով և բոլոր անիվները պտույտի մեջ գցող համակարգով ապահովված ժամանակակից ավտոմեքենաների համար պահանջվում են այնպիսի անվադողեր, որոնք որոշակի առանձնահատկություններ ունեն։ Դրանց մասին սովորաբար կարելի է տեղեկություն ձեռք բերել ավտոմեքենայի ուղեցույցից։

Ուշադրության արժանի մեկ այլ գործոն է ճանապարհը։ Ինչպիսի՞ պայմաններում եք հիմնականում վարելու մեքենան՝ բարեկա՞րգ ճանապարհներով, թե՞ անսարք, անձրևայի՞ն եղանակներին, թե՞ չոր։ Հնարավոր է, որ այն վարելու լինեք տարբեր պայմաններում։ Այդ դեպքում ձեզ պետք կգան բոլոր տեղանքներին և բոլոր եղանակներին դիմացող անվադողեր։

Նաև պետք է հաշվի առնել, թե որքան կծառայի անվադողը, և ինչպիսին է նրա կցորդումը։ Սովորաբար որքան փափուկ լինեն պաշտպանաշերտը կազմող նյութերը, այնքան ավելի մեծ կլինի նրա կցորդումը, սակայն դողը արագ կմաշվի։ Եվ ընդհակառակը՝ որքան ավելի պինդ լինեն այն կազմող նյութերը, այնքան ավելի փոքր կլինի կցորդումը, սակայն դողը, ամենայն հավանականությամբ, երկար կծառայի։ Անվադողերի առանձնահատկությունները սովորաբար ներկայացվում են դրանց մասին տեղեկություններ հայտնող գրքերի մեջ, որոնք կարելի է գտնել դողերի վաճառքի տեղերում։ Հիշեք, որ այդ ցուցանիշները տարբեր են՝ կախված արտադրողից։

Այն բանից հետո, երբ որոշեք, թե ինչպիսի դողեր են ձեզ հարկավոր, վերջնական ընտրությունը կախված կլինի գնից։ Հայտնի ընկերությունները սովորաբար ավելի լավ երաշխիքներ են տալիս թե՛ որակի, թե՛ պայմանների առումով։

Ինչպես պահպանել

Անվադողերը ճիշտ խնամելու համար կա երեք պայման. պահպանել հարկ եղած ճնշումը, կանոնավորապես փոխարինել դողերը, ինչպես նաև հետևել, որ դրանք լինեն հավասարակշռության մեջ և ուղիղ դիրք ունենան։ Հարկ եղած ճնշման պահպանումը չափազանց կարևոր է։ Շատ բարձր ճնշման դեպքում ժամանակից շուտ կմաշվեն պաշտպանաշերտի միջին գոտիները։ Իսկ եթե ճնշումը ցածր լինի, ապա խիստ կմաշվեն կողային գոտիները, և կնվազի վառելիքի օգտագործման արդյունավետությունը։

Դողի ճնշումը կարող է ամեն ամիս իջնել ավելի քան 50 միլիբարով։ Դրա պատճառը ռետինի միջով օդի արտահոսքն է։ Ուստի մի կարծեք, որ, նայելով դողի արտաքին տեսքին, կարող եք որոշել՝ այն բավականաչափ է փչված, թե՝ ոչ։ Ինչպես նշվում է Ռետին արտադրողների միության հաղորդագրություններում, «հնարավոր է, որ անվադողը, օդի ճնշման գրեթե կեսը կորցնելով հանդերձ, պահպանի իր փքված տեսքը»։ Հետևաբար ամիսը առնվազն մեկ անգամ ճնշաչափով ստուգեք անվադողի ճնշումը։ Շատ վարորդներ իրենց ճնշաչափը պահում են էլեկտրասարքերի վահանակի արկղիկում, որպեսզի այն ձեռքի տակ լինի։ Միշտ ստուգեք դողերը շարժիչի յուղը փոխելիս, և միայն այն ժամանակ, երբ դրանք սառած են, այլ կերպ ասած՝ եթե չեն աշխատել առնվազն երեք ժամ, կամ էլ եթե մեքենան մեկուկես կիլոմետրից ավել չեք վարել։ Թե ինչպիսին պետք է լինի դողի ճնշումը, սովորաբար նշվում է բացատրագրի մեջ, վարորդի դռան մոտ գտնվող ցուցատախտակում կամ էլ էլեկտրասարքերի վահանակի արկղիկում։ Եթե ցանկանում եք, որ ավտոմեքենայի ընթացքը սահուն լինի, մի փչեք դողերը այն առավելագույն չափով, որը նշված է կողամասի վրա։

Անվադողերը ավելի երկար կծառայեն և հավասարաչափ կմաշվեն, եթե դրանք կանոնավորապես փոխարինեք համապատասխան զույգերով։ Տեղին կլինի, որ դողերը փոխեք յուրաքանչյուր 10–13 հազար կիլոմետրը անցնելիս, եթե ավտոմեքենայի արտադրողները այլ խորհուրդ չեն տալիս։ Այս հարցում ևս պարզեք, թե ինչ է ասվում ավտոմեքենայի բացատրագրում։

Եվ վերջապես, ամեն տարի ստուգեք դողերի դիրքը։ Դա արեք նաև այն դեպքում, երբ մեքենան վարելիս արտասովոր տատանումներ կամ նման այլ երևույթներ եք նկատում։ Ձեր մեքենայի կախոցների նպատակն է տարբեր ծանրությունների տակ ուղիղ դիրքում պահել անվադողերը։ Այնուամենայնիվ, սովորական մաշվածության ու ճաքի դեպքում անհրաժեշտ է կանոնավորապես ստուգել դողերը և ուղղել դրանց դիրքը։ Այն ավտոմեխանիկները, ովքեր լիազորագիր ունեն կախոցի համակարգը նորոգելու և անիվների դիրքն ուղղելու, սովորաբար կարող են այնպես անել, որ ձեր ավտոմեքենան ուղիղ ընթանա։ Դրա շնորհիվ դողերը ավելի երկար կծառայեն, իսկ մեքենայի շարժումը ավելի սահուն կլինի։

«Խելացի» անվադողերը

Համակարգչային մեխանիզմներով ապահովված որոշ ավտոմեքենաներ «զգուշացնում են» վարորդին այն մասին, որ դողի ճնշումը թույլատրելի սահմանից ցածր է։ Կան դողեր, որոնք կարող են որոշակի փոքրիկ ժամանակահատվածում ապահով գործել առանց օդի ճնշման, կամ ինքնուրույն փակել իրենց մեջ բացված ճեղքը։ Իսկապես, ինժեներները ստեղծում են այնպիսի դողեր, որոնց գործելու հնարավորությունները գնալով ավելի ու ավելի են մեծանում։

Շնորհիվ այն բանի, որ կատարելագործվում են անվադողերի պատրաստման համար կիրառվող նյութերը, պաշտպանաշերտերի կառուցվածքը, ինչպես նաև ժամանակակից ավտոմեքենաների կառավարման, արգելակման ու կախոցի համակարգերը, դողերը ոչ միայն հեշտացնում են մեքենա վարելու ընթացքը, այլև դարձնում են այն ավելի ապահով։

[Ծանոթագրություններ]

a Դողերը ստուգելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ կարելի է գտնել 21–րդ էջի շրջանակում։

[Շրջանակ 21–րդ էջի վրա]

Ինչպես ստուգել դողերը

Նայեք, թե՝

❑ Կողամասերը փքված չե՞ն։

❑ Պաշտպանաշերտի վրա լարեր չե՞ն երևում։

❑ Պաշտպանաշերտի ելուստների բարձրությունը թույլատրելի՞ չափի է, թե՞ երևում են մաշվածության մասին վկայող շերտերը։

Նաև ստուգեք, թե՝

❑ Դողերում եղող ճնշման չափը համապատասխանո՞ւմ է ավտոմեքենայի բացատրագրում նշված չափին։

❑ Ժամանակը չէ՞ տեղադրելու փոխարինող դողերը (հետևեք արտադրողի ցուցումներին այն հարցում, թե որքան ճանապարհ անցնելուց հետո պետք է անել դա և ինչ մեթոդով)։

❑ Եղանակի փոփոխության պատճառով պետք չէ՞ փոխել դողերը։

[Նկար]

Մաշվածությունը ցույց տվող շերտը

[Նկար 22–րդ էջի վրա]

Անվադողի կառուցվածքը

Պաշտպանաշերտը ապահովում է կցորդումը շարժման ընթացքում և թեքվելիս

Փոկերը նպաստում են պաշտպանաշերտի դիմացկունությանն ու ամրությանը

Կողամասը պաշտպանում է դողի կողմնային հատվածը ճանապարհի վնասներից

Հիմնակմախքը ամրություն և առաձգականություն է հաղորդում դողին

Ներքին շերտը նպաստում է դողի ներսում օդի պահպանմանը

Եզրը օգնում է, որ դողը կիպ հագնի անիվին

[Նկար 20–րդ էջի վրա]

Հնում արտադրված հեծանիվ և մեքենա. երկուսն էլ՝ փչված դողերով։ Անվադողերի առաջին գործարաններից մեկի բանվորները

[Թույլտվությամբ]

The Goodyear Tire & Rubber Company

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը