Մարկո Պոլո. «Մետաքսի ճանապարհով դեպի Չինաստան
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԻՏԱԼԻԱՅԻՑ
Վենետիկ ժամանած մի նավից իջան երեք ճանապարհչորդներ։ Ոչ ոք առաջ չվազեց նրանց դիմավորելու։ Այդ տղամարդկանց վերադարձը հայրենի երկիր 24 տարվա բացակայությունից հետո աննկատ կմնար, եթե նրանք արտառոց տեսք չունենային։ Մոնղոլական ոճի իրենց պատառոտված հանդերձներով, որ կարված էին արդեն մաշված, սակայն բարձրորակ մետաքսից, նրանք, ինչպես ասվում է մի աղբյուրում, «մի տեսակ անբացատրելի կերպով հիշեցնում էին թաթարների թե՛ իրենց պահվածքով, թե՛ արտասանությամբ, քանի որ գրեթե բոլորովին մոռացել էին իրենց վենետիկյան լեզուն»։ Այդ ճանապարհորդներն էին Մարկո Պոլոն, նրա հայրը և հորեղբայրը։ 1295 թվականն էր։
ՊՈԼՈՆԵՐԻ պատմությունները հեռավոր Չինաստան կատարած իրենց ուղևորության մասին անիրական էին թվում այն օրերում ապրող մարդկանց։ Մարկոյի հուշերը ամփոփող ժողովածուն, որը սկզբում կոչվեց «Աշխարհի նկարագիր», իսկ ավելի ուշ՝ «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները», պատմում էր անսահմանորեն հարուստ, անհայտ քաղաքակրթությունների մասին։ Մարկոյի խոսքերի համաձայն՝ այդ երկրներն ունեին այնպիսի ապրանքների առատ պաշարներ, որ արևմուտքի վաճառականները փափագում էին գտնել։ Նրա գիրքը վիթխարի ազդեցություն գործեց մարդկանց պատկերացումների վրա։ Մարկոյի վերադարձից 25 տարի անց այդ գրքի ձեռագիր թարգմանությունները արդեն առկա էին ֆրանսերեն, լատիներեն ու, հավանաբար, գերմաներեն լեզուներով, ինչպես նաև ֆրանկո–իտալերեն, տոսկանյան ու Վենետիկի բարբառներով։ Միջնադարի համար սա աննախադեպ հաջողություն էր։ Երկու դար գիրքը արտագրվեց ձեռքով, իսկ 1477 թ.–ից շարունակաբար տպագրվեց բազմաթիվ լեզուներով։ Կարելի է ասել, որ Մարկո Պոլոն «Մետաքսի ճանապարհով» Չինաստան հասած ամենահայտնի եվրոպացին է։ Ինչո՞ւ նա կատարեց այդ ուղևորությունը։ Եվ արժե՞ արդյոք վստահել բոլոր այն բաներին, ինչ նա, իր խոսքերով, տեսել է ու արել։
Վենետիկի վաճառականները
13–րդ դարում վենետիկցի շատ վաճառականներ հաստատվեցին Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ)։ Այնտեղ նրանք մեծ հարստություն ձեռք բերեցին։ Այդ վաճառականների թվում էին Նիկոլո և Մաթեո Պոլոները՝ Մարկոյի հայրն ու հորեղբայրը։ Մոտավորապես 1260 թ.–ին նրանք վաճառեցին իրենց ունեցվածքը, ստացված գումարով ձեռք բերեցին թանկարժեք զարդեր և ճանապարհ ընկան դեպի մոնղոլական տերության արևմտյան մայրաքաղաք Սարայը, որ գտնվում էր Վոլգա գետի ափին։ Պոլոների նախաձեռնած առևտուրը հաջողվեց, և նրանց ունեցվածքը կրկնապատկվեց։ Սակայն պատերազմի պատճառով Պոլո եղբայրները չկարողացան վերադառնալ տուն։ Փոխարենը՝ նրանք, ամենայն հավանականությամբ, ձիերով ուղևորվեցին արևելք՝ դեպի այսօրվա Ուզբեկստանի Բուխարա քաղաքը, որը մեծ առևտրական կենտրոն էր։
Պատերազմական իրադրությունը ստիպեց Պոլո եղբայրներին երեք տարի մնալ Բուխարայում, մինչև որ այդ քաղաք եկան մոնղոլական մեծ խանի՝ Խուբլայի մոտ ուղարկված պատվիրակները (վերջինիս տերությունը ձգվում էր Կորեայից մինչև Լեհաստան)։ Պատվիրակները Նիկոլոյին ու Մաթեոյին հրավիրեցին միանալ իրենց, քանի որ, ինչպես պատմում է Մարկոն, մեծ խանը երբեք չէր տեսել «լատինացիների» (ամենայն հավանականությամբ, Հարավային Եվրոպայի բնակիչների) և ուրախ կլիներ խոսել նրանց հետ։ Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիս–խանի թոռան՝ Խուբլայ խանի նստավայրը հասնելու համար պահանջվեց մեկ տարի։
Մեծ խանը բարյացակամորեն ընդունեց Պոլո եղբայրներին և Արևմուտքի մասին շատ հարցեր տվեց նրանց։ Խուբլայը նրանց ոսկյա հուշատախտակներ նվիրեց, որոնք կապահովեին Պոլոների անվտանգ վերադարձը Եվրոպա։ Բացի այդ, խանը նրանց տվեց Հռոմի պապին ուղղված մի նամակ, որում խնդրում էր իր մոտ ուղարկել «Քրիստոսի օրենքը սովորած և «յոթ արվեստները» իմացող հարյուր մարդ՝ [Խուբլայի] ժողովրդին քարոզելու համար»։
Այդ ընթացքում ծնվեց Մարկոն. իր հորը նա առաջին անգամ տեսավ 15 տարեկան հասակում՝ 1269 թ.–ին։ Վերադառնալով «քրիստոնեական» տիրույթներ՝ Նիկոլոն ու Մաթեոն իմացան, որ Կղեմես IV պապը մահացել է։ Նրանք սպասեցին հաջորդ պապի նշանակմանը, սակայն վերջինս ընտրվեց միայն երեք տարի անց. պատմության մեջ սա ամենաերկար ընդմիջումն էր։ Երկու տարի սպասելուց հետո Պոլո եղբայրները 1271 թ.–ին ճանապարհ ընկան մեծ խանի մոտ՝ այս անգամ իրենց հետ վերցնելով 17–ամյա Մարկոյին։
Մարկոյի ճանապարհորդությունը
Հասնելով Պաղեստինի Ակկա քաղաքը՝ Պոլո եղբայրները հանդիպեցին հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչ Թեոբալդո Վիսկոնտիին, որը նրանց տվեց մեծ խանին ուղղված նամակներ։ Այդ նամակներում բացատրվում էր, թե ինչու Պոլոները չկարողացան կատարել խանի խնդրանքը հարյուր իմաստուններ ուղարկելու վերաբերյալ։ Երբ եղբայրները հասան Փոքր Ասիա, իմացան, որ Վիսկոնտին է ընտրվել որպես պապ, ուստիև վերադարձան Ակկա։ Հարյուր իմաստունի փոխարեն՝ նոր պապը, որն արդեն կոչվում էր Գրիգոր X, ուղարկեց ընդամենը երկու վանականների՝ քահանաներ ու եպիսկոպոսներ կարգելու իրավունք տալով նրանց։ Բացի դրանից, այդ վանականների հետ պապը ուղարկեց լիազորագրեր ու նվերներ խանի համար։ Արշավախումբը նորից ճանապարհ ընկավ։ Կարճ ժամանակ անց, վախենալով այդ շրջանները ավերող պատերազմներից, վանականները ետ վերադարձան։ Սակայն Պոլոները շարունակեցին իրենց ուղին։
Երեք ճանապարհորդներն անցան այն վայրերով, որ այժմ գտնվում են Թուրքիայի ու Իրանի տարածքում, և իջան Պարսից ծոց՝ նպատակ ունենալով իրենց ուղին շարունակել ծովով։ Սակայն տեսնելով, որ այնտեղի նավերը ծովային ուղևորության համար ոչ պիտանի, «խղճուկ կառույցներ են.... ամրացված բարակ թոկով միայն»՝ նրանք որոշեցին ցամաքով շարունակել իրենց ճանապարհը։ Ուղղվելով դեպի հյուսիս–արևելք՝ նրանք անցան Աֆղանստանի ու Պամիրի անծայրածիր և ամայի խոպաններով, տպավորիչ լեռնաշղթաներով, կանաչ սարահարթերով ու հարուստ արոտավայրերով, մինչև հասան Կաշգար, որ գտնվում է ներկայիս Չինաստանի Սինցզյան–Ույղուրյան ինքնավար շրջանում։ Այնուհետև հին քարավանային ուղիներով Պոլոները շարժվեցին դեպի հարավ։ Անցնելով Թարիմ գետի ավազանով և Գոբի անապատով՝ նրանք հասան Համբալըկ (այժմ՝ Բեյջին)։ Ողջ ճանապարհը, որի ընթացքում Պոլոները ստիպված եղան համբերել խստաշունչ եղանակները, ինչպես նաև Մարկոյի անհայտ հիվանդությունը, տևեց երեքուկես տարի։
Իր գրքում Մարկոն պատմում է, թե ինչ հետաքրքիր բաներ է տեսել ճանապարհին։ Խոսում է Հայաստանում գտնվող այն սարի մասին, որի վրա, ըստ ավանդության, կանգնել է Նոյի տապանը, Պարսկաստանում եղող այն գերեզմանի մասին, որտեղ, ըստ ենթադրությունների, թաղված են մանուկ Հիսուսին այցի եկած իմաստունները, ինչպես նաև հեռավոր հյուսիսում տիրող սաստիկ ցրտի ու մշտական խավարի մասին։ Մարկոն առաջինն է, որ արևմտյան գրականության մեջ հիշատակում է նավթը։ Նա հայտնում է, որ «սալամանդրը» ամենևին էլ կրակի մեջ չայրվող կենդանու բուրդ չէ, ինչպես որ ընդունված էր համարել, այլ հանքանյութ է (ասբեստ)՝ հայտնաբերված Սինցզյան Ույղուրյան շրջանում։ Իսկ այրվող սև քարը ածուխն է, և Չինաստանն այնքան հարուստ է նրանով, որ կարելի է ամեն օր տաք լոգանք ընդունել։ Պոլոն պատմում է իր այցելած վայրերում օգտագործվող զարդերի, ճաշատեսակների և խմիչքների մասին, հատկապես հիշատակում է զամբիկի խմորված կաթը, որ խմում էին մոնղոլները։ Նա նկարագրում է այդ վայրերում ապրած ժողովուրդների կրոնական ու մոգական արարողությունները, տեղեկություններ է հայտնում նրանց առևտրի ու վաճառվող ապրանքների մասին։ Պոլոյի համար բոլորովին նոր երևույթ էր թղթադրամը, որ շրջանառության մեջ էր մեծ խանի տիրույթներում։
Մարկոն ընդհանրապես չի խոսում իր զգացմունքների մասին, պարզապես անկողմնապահորեն ներկայացնում է իր տեսածն ու լսածը։ Ուստի կարելի է միայն ենթադրել, թե ինչ ապրեց նա, երբ ենթարկվեց ավազակների հարձակմանը, որոնք գերի տարան իր ուղեկիցներից մի քանիսին, իսկ մյուսներին սպանեցին։
Ծառայում է Խուբլայ խանի՞ն
Մարկոյի խոսքերով՝ Պոլոները 17 տարի ծառայել են Խուբլայ, կամ՝ մեծ խանին։ Այդ ընթացքում խանը Մարկոյին հաճախ ուղարկել է կայսրության հեռավոր վայրերը՝ տեղեկություններ հավաքելու համար։ Վերջինս նույնիսկ ղեկավարել է այն քաղաքը, որն այսօր հայտնի է Յանչժոու անունով (Ցզյանսու պրովինցիա)։
Մինչև օրս էլ վիճաբանություններ են գնում այն հարցի շուրջ, թե արդյոք Պոլոյի բոլոր պատմածներն են ճշմարիտ։ Մոնղոլներն իրոք չեն վստահել չինացիներին և հետագայում հպատակեցրել են նրանց։ Բացի դրանից, նրանք իսկապես վարձել են օտարազգիների՝ իրենց տերությունը ղեկավարելու համար։ Սակայն անհավանական է թվում այն, որ Մարկոն՝ ուսում չստացած մի անձնավորություն, կարող էր դառնալ կառավարիչ։ Հնարավոր է, որ նա չափազանցրել է իր պատմածը՝ ավելի բարձր դիրք վերագրելով իրեն։ Սակայն գիտնականները ընդունում են, որ նա կարող էր լինել մոնղոլական պետությանը «օգտակար որևէ աստիճանավոր»։
Չնայած այս ամենին՝ Մարկոն կարողացավ վառ կերպով նկարագրել անպատմելի հարստություն և հեթանոսական, օտարոտի ավանդույթներ ունեցող այդ աշխարհը, որի մասին արևմուտքը ընդհանրապես տեղեկություն չուներ և ինչ էլ գիտեր, հիմնված էր առասպելների ու ասեկոսեների վրա։ Իսկապե՞ս գոյություն ունեին Եվրոպայից հարուստ և բազմամարդ նման քաղաքակրթություններ։ Դա անհավանական էր թվում։
Մարկոյի խոսքերով՝ մեծ խանի պալատը, «երբևէ եղած ամենահոյակապ պալատն էր»։ Նա պատմում է. «Շինությունը, ամբողջությամբ վերցված, այնքան մեծ է, այնքան շքեղ ու գեղեցիկ, որ երկրի վրա ապրած ոչ մի մարդ չէր կարող ավելի լավ կառույց ստեղծել»։ Պատերը ծածկված էին ոսկով ու արծաթով։ Նրանց վրա քանդակված էին վիշապների, կենդանիների, թռչունների, ասպետների ու կուռքերի ոսկեզօծ պատկերներ։ Պալատի բարձր առաստաղը՝ ալ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ գույներով, փայլում էր բյուրեղի պես։ Իսկ նրա շքեղ այգիները լի էին ամեն տեսակ կենդանիներով։
Ի տարբերություն ոլոր–մոլոր նրբանցքների, որ բնորոշ էին միջնադարյան Եվրոպային՝ Համբալըկի փողոցներն այնքան ուղիղ ու լայն էին, որ քաղաքի մի պարսպից կարելի էր տեսնել մյուսը։ Այնտեղ կային ուրիշ վայրերից «բերված իրեր՝ ավելի թանկարժեք ու հազվագյուտ և ավելի շատ.... քան կարելի էր գտնել աշխարհի մեկ ուրիշ քաղաքում»։ Վենետիկցի ճանապարհորդը նշում է նաև, որ «այնտեղ անցկացրած տարիների ընթացքում չի եղել մի օր, որ քաղաք մտնող սայլերի մեջ միայն մետաքսով բեռնավորվածների թիվը չհասներ 1 000–ի»։
Ապշեցնում էր նաև նավերի քանակը, որ լողում էին աշխարհի ամենաերկար գետերից մեկով՝ Յանցզիով։ Մարկոյի հաշվարկներով՝ Սինջու նավահանգիստը օթևան էր տալիս 15 000 նավերի։
Պոլոն պատմում է նաև, որ մոնղոլների սովորությունների մեջ էր մտնում մահացած երեխաներին ամուսնացնելը։ Եթե որևէ ընտանիքում մահանար չորս տարեկան կամ ավելի մեծ տղա երեխա, իսկ մեկ ուրիշում նույն տարիքի աղջիկ, նրանց հայրերը կարող էին պայմանավորվել իրենց մահացած երեխաներին ամուսնացնելու մասին։ Դրանից հետո ամուսնության պայմանագիր էր կնքվում և մեծ խնջույք կազմակերպվում։ Բացի այդ, նրանք ուտելիք էին մատուցում և ստրուկների, փողի, տանն օգտագործվող իրերի թղթե պատկերներ էին այրում՝ հավատացած լինելով, թե «նորապսակները» վայելելու են դրանք, այսպես կոչված, մյուս աշխարհում։
Մարկոն շատ տպավորված էր մոնղոլների ռազմավարական հմտություններով, կառավարման մեթոդներով և կրոնի հանդեպ հանդուրժողականությամբ։ Հասարակական ու տնտեսական ոլորտում մոնղոլների առաջադեմ քայլերից էին աղքատներին ու հիվանդներին օժանդակելը, հրդեհներից պաշտպանելու և կարգ ու կանոն պահպանելու նպատակով պահակախմբեր պահելը, ջրհեղեղների պատճառած վնասը մեղմելու համար պահեստային հացահատիկի ամբարներ ունենալը, ինչպես նաև արագ հաղորդակցություն ապահովելու նպատակով փոստային համակարգ ստեղծելը։
Մարկոն գիտեր, որ մոնղոլները փորձել են ներխուժել Ճապոնիա։ Սակայն նա ոչինչ չի հայտնում իր այնտեղ եղած լինելու մասին։ Այնուամենայնիվ, Մարկոն նշում է, որ Ճապոնիայում ոսկու առատություն կար։ Նրանց կայսրի պալատը ամբողջությամբ պատված էր ոսկով։ Մինչև 16–րդ դարը Մարկոյի գիրքը Ճապոնիայի մասին պատմող միակ արևմտյան աղբյուրն էր։
Պոլոյի գիրքը դարեր շարունակ և՛ ապշեցրել է մարդկանց, և՛ ծաղրուծանակի առարկա եղել։ Իսկ ժամանակակից գիտնականները, ծանրութեթև անելով գրքում տեղ գտած անճշտությունները, եզրակացրել են, որ այն կարելի է համարել Խուբլայ խանի իշխանության ծաղկման ժամանակաշրջանի «անգերազանցելի նկարագրությունը»։
Վերադարձ Վենետիկ
Պոլոները Չինաստանից հեռացան մոտավորապես 1292 թ.–ին։ Ըստ Մարկոյի՝ իրենց ճանապարհը տևեց 21 ամիս։ Նրանք դուրս եկան Ցյուանչժոու քաղաքից ու անցան Վիետնամի, Մալակկա թերակղզու, Սումատրայի և Շրի Լանկայի միջով, այնուհետև Հնդկաստանի ափով գնացին Պարսկաստան։ Իրենց վերջին կանգառը Կոստանդնուպոլիսն էր, որտեղից նրանք ի վերջո հասան Վենետիկ։ Պոլոները բացակայել էին մոտ 24 տարի։ Ուստի դժվար չէ պատկերացնել, թե ինչու հարազատները հազիվ ճանաչեցին նրանց։ Մարկոն այդ ժամանակ արդեն 41 կամ 42 տարեկան էր։
Թե որքան ճանապարհ է կտրել Մարկո Պոլոն, դժվար է ասել։ Մի գրող վերջերս փորձեց կրկնել նրա ուղևորությունը։ Միայն Իրանից Չինաստան հասնելու համար նա անցավ ավելի քան 10 000 կիլոմետր։ Ժամանակակից փոխադրամիջոցներով անգամ դա դժվարություններով լի սխրագործություն էր։
Ասում են, որ Մարկոյի գիրքը գրի է առնվել Ջենովայի բանտերից մեկում նստած ոմն Ռուստիչանոյի կողմից 1298 թ.–ին։ Համաձայն ավանդության՝ Մարկոն, որ վենետիկյան մի նավի հրամանատար էր, ծովամարտի ժամանակ գերի է ընկնում ջենովացիների ձեռքը։ Ջենովան այն ժամանակ պատերազմում էր Վենետիկի դեմ։ Նրա հետ նույն բանտում գտնվող Ռուստիչանոն, որն արդեն որոշ փորձ ուներ ֆրանսերեն և ֆրանկո–իտալերեն լեզուներով արձակ երկեր գրելու մեջ, գրի է առել Մարկոյի պատմածները՝ ըստ երևույթին, ոգեշնչված լինելով նրա ընկերակցությունից։
Ամենայն հավանականությամբ, Մարկոն ազատություն ստացավ 1299 թ.–ին, երբ Վենետիկն ու Ջենովան հաշտություն կնքեցին։ Նա վերադարձավ Վենետիկ, ամուսնացավ և ունեցավ երեք դուստր։ Մարկոն մահացավ հայրենի քաղաքում 1324 թ.–ին՝ 69 տարեկան հասակում։
Ոմանք մինչև օրս էլ այն կարծիքին են, որ Մարկո Պոլոյի պատմածները ոչ թե սեփական աչքով տեսած դեպքեր են, այլ ուրիշ ճանապարհորդներից լսած հեքիաթներ։ Սակայն ինչպիսին էլ լինեն նրա «Աշխարհի նկարագրի» աղբյուրները, գիտնականները այն արժանահավատ են համարում։ Ինչպես նշում է մի պատմաբան, «դրանից առաջ և դրանից հետո ոչ ոք աշխարհագրական այդքան նոր տեղեկություններ չհաղորդեց Արևմուտքին»։ Մարկո Պոլոյի գիրքը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ճանապարհորդությունները, նոր վայրերն ու հեռավոր երկրները բորբոքում են մարդ արարածի հետաքրքրությունը։
[Քարտեզ 24–րդ էջի վրա]
Մարկոյի ճանապարհը դեպի Չինաստան
Չինաստանում եղած ժամանակ
տուն վերադառնալիս
ԻՏԱԼԻԱ
Ջենովա
Վենետիկ
ԹՈՒՐՔԻԱ
Ստամբուլ (Կոստանդնուպոլիս)
Տրապիզոն
Ակկո (Ակկա)
(Սարայ)
ՎՐԱՍՏԱՆ
Արարատ
ԻՐԱՆ (ՊԱՐՍԿԱՍՏԱՆ)
Պարսից ծոց
ԱՖՂԱՆՍՏԱՆ
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
Բուխարա
ՊԱՄԻՐ
Կաշգար
ԹԱՐԻՄԻ ԱՎԱԶԱՆ
ԳՈԲԻ ԱՆԱՊԱՏ
ՄՈՆՂՈԼԻԱ
(ԿՈՐԵԱ)
ՉԻՆԱՍՏԱՆ
Բեյջին (Համբալըկ)
Յանչժոու
Յանցզի գետ
Ցյուանչժոու
ՄՅԱՆՄԱ
ՎԻԵՏՆԱՄ
ՄԱԼԱԿԿԱ ԹԵՐԱԿԶԻ
ՍՈՒՄԱՏՐԱ
ՇՐԻ ԼԱՆԿԱ
ՀՆԴԿԱՍՏԱՆ
[Թույլտվությամբ]
Map: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[Նկարներ 24–րդ էջի վրա]
Վենետիկ
Արարատ
[Թույլտվությամբ]
Robert Azzi/Saudi Aramco World/PADIA
Մոնղոլուհի
[Թույլտվությամբ]
C.Ursillo/Robertstock.com
Նավակավար, Մյանմա
[Նկարներ 25–րդ էջի վրա]
Չինական մեծ պարիսպ
Բեյջին
Հնդկական համեմունքներ
[Նկար 26–րդ էջի վրա]
Չինացի հեծյալներ, Խուբլայ խանը, Յանցզի գետը
[Թույլտվությամբ]
Horsemen: Tor Eigeland/Saudi Aramco World/PADIA; Kublai Khan: Collection of the National Palace Museum, Taiwan; Yangtze River:©Chris Stowers/Panos Pictures
[Նկար. թույլտվությամբ 23-րդ էջի վրա]
©Michael S. Yamashita/CORBIS
[Նկար. թույլտվությամբ 27-րդ էջի վրա]
©1996Visual Language