Հարբեցողություն. չարիք հասարակության համար
ՈԳԵԼԻՑ խմիչքները կարող են երկու արդյունք բերել՝ ուրախալի և տխուր։ Եթե դրանք չափավորությամբ օգտագործվեն, ապա, ինչպես ասում է Աստվածաշունչը, կուրախացնեն մարդու սիրտը (Սաղմոս 104։15)։ Բայց Աստվածաշունչը նաև զգուշացնում է, որ ալկոհոլի չարաշահումը նման է թունավոր օձի խայթի և կարող է վնասել, անգամ սպանել մարդուն (Առակաց 23։31, 32)։ Տեսնենք, թե ոգելից խմիչքների ոչ ճիշտ օգտագործումը սարսափելի ինչ վնաս է հասցնում հասարակությանը։
«Շաբաթ օրը մի հարբած վարորդ վրաերթի է ենթարկել 25–ամյա կնոջ ու նրա երկու տարեկան որդուն։ .... Երիտասարդ մայրը, որ վեցամսյա հղիություն էր տանում, կիրակի օրը մահացավ։ Նրա որդին, որը գլխի լուրջ վնասվածքներ է ստացել, ծանր վիճակում է»,— հայտնում է «Մոնդ» օրաթերթը (ֆրանս.)։ Ցավոք, նման լուրերը հազվադեպ չեն։ Միգուցե դուք անձամբ եք ճանաչում այնպիսի մարդու, որի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել ալկոհոլի չարաշահման հետևանքով։ Ամեն տարի այդ պատճառով ավտովթարներից զոհվում կամ մարմնական վնասվածքներ են ստանում հազարավոր մարդիկ։
Մահաբեր խայթոց
Ողջ աշխարհում հարբեցողությունը անթիվ–անհամար կյանքեր է խլում։ Օրինակ՝ Ֆրանսիայում ալկոհոլի չարաշահումը մահացության երրորդ պատճառն է քաղցկեղից և սրտի պսակային անոթների հիվանդությունից հետո։ Ամեն տարի, անմիջապես թե ժամանակի ընթացքում, այն սպանում է մոտ 50 000 հոգու։ Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ «նույնքան մարդ կզոհվեր, եթե ամեն շաբաթ կործանվեր 2–3 հսկայական օդանավ»։
Ալկոհոլից մահացողների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի հաղորդագրության համաձայն, որ տպագրվել էր 2001 թ.–ին՝ Եվրոպայում ալկոհոլը 15–29 տարեկան տղամարդկանց մահվան գլխավոր պատճառն է։ Որոշ գնահատականներով՝ մոտ ապագայում արևելաեվրոպական երկրներից մի քանիսում ալկոհոլի չարաշահումը կխլի յուրաքանչյուր երրորդ երիտասարդի կյանքը։
Բռնություն և սեռական ոտնձգություններ
Ալկոհոլը նպաստում է բռնությանը։ Հարբած մարդը կարող է կորցնել զսպվածությունն ու ինքնատիրապետումը և սխալ մեկնաբանել ուրիշների գործողությունները։ Արդյունքում մեծանում է այն բանի հավանականությունը, որ նա կդիմի բռնության։
Ալկոհոլը ընտանիքի անդամների հանդեպ բռնության և սեռական ոտնձգությունների գլխավոր պատճառներից մեկն է։ Ֆրանսիայում բանտարկյալների շրջանում անցկացված մի հետազոտությունից պարզ դարձավ, որ բռնաբարության դեպքերի և անբարո արարքների երկու երրորդը կատարվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Հարցումները նաև ցույց են տվել, որ Լեհաստանում բռնի վերաբերմունքի է արժանացել այն կանանց 75 տոկոսը, որոնց ամուսինները ալկոհոլիկ են («Polityka»)։ Մեկ ուրիշ ուսումնասիրության արդյունքում մասնագետները հաշվարկել են, որ «ալկոհոլը գրեթե երկու անգամ մեծացնում է սպանվելու վտանգը տարիքային բոլոր խմբերում, և որ այդ վտանգը մեծ է նույնիսկ ոգելից խմիչքներ չօգտագործող այն մարդկանց շրջանում, ովքեր ապրում են ալկոհոլիկի ընտանիքում» (American Medical Association, Council on Scientific Affairs)։
Ահռելի վնաս
Երբ հաշվարկվում են բուժման, ապահովագրման, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության նվազման հետ կապված ծախսերը, որոնք առաջ են գալիս դժբախտ պատահարների, հիվանդությունների կամ վաղաժամ մահվան հետևանքով, ակնհայտ է դառնում, որ հասարակությունը ահռելի վնաս է կրում։ Որոշ տվյալներով՝ ալկոհոլի չարաշահումը չորս միլիոն բնակչություն ունեցող Իռլանդիային տարեկան առնվազն մեկ միլիարդ դոլարի կորուստ է պատճառում։ Իռլանդական պարբերաթերթերից մեկում ասվում էր, որ ըստ մի աղբյուրի՝ այդ գումարը բավարար կլիներ, որպեսզի «ամեն տարի կառուցվեր նոր հիվանդանոց և մարզադաշտ, ինչպես նաև յուրաքանչյուր նախարարի համար ձեռք բերվեր մեկական ինքնաթիռ» («The Irish Times»)։ 1998 թ.–ին ճապոնական մի պարբերաթերթում նշվում էր, որ հարբեցողությունը «տարեկան ավելի քան 6 տրիլիոն իենի [55 միլիարդ դոլար]» վնաս է հասցնում Ճապոնիայի տնտեսությանը («Mainichi Daily News»)։ Իսկ ԱՄՆ–ի Կոնգրեսին ուղղված մի հաշվետվության մեջ ասվում էր. «Միայն 1998 թ.–ին ալկոհոլի չարաշահումը հարյուր ութսուն չորս միլիարդ վեց միլիոն դոլարի վնաս է պատճառել տնտեսությանը, կամ՝ մոտավորապես 638 դոլարի վնաս՝ յուրաքանչյուր տղամարդուն, կնոջը ու երեխային, որ այդ տարի ապրել են Միացյալ Նահանգներում»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն հոգեբանական վնասների մասին, որ կրում են ալկոհոլիկների դժբախտացած ընտանիքները, կամ կիսատ թողնված կրթության և կարիերայի մասին։
Այնքան էլ դժվար չէ տեսնել, որ ալկոհոլի չարաշահումը ահռելի վնաս է հասցնում հասարակությանը։ Իսկ արդյո՞ք ձեր սովորությունները ոգելից խմիչքների օգտագործման հարցում չեն վտանգում ձեր, ինչպես նաև ուրիշ մարդկանց առողջությունը։ Այս հարցի պատասխանը կգտնեք հաջորդ հոդվածում։