Հեռուստացույց ժամանակի գո՞ղ
ԵԹԵ ինչ–որ մեկը ձեզ մեկ միլիոն դոլար առաջարկեր այն պայմանով, որ մինչև ձեր կյանքի վերջ հեռուստացույց չդիտեիք, կհամաձայնվեի՞ք։ Այս հարցը մի քանի տարի առաջ տրվել էր ամերիկացիներին, և յուրաքանչյուր չորրորդը պատասխանել էր՝ ոչ։ Մեկ ուրիշ հարցման ժամանակ տղամարդկանց հարցրել էին, թե ամենից շատ ինչ են ուզում։ Մեծամասամբ նրանք պատասխանել էին՝ խաղաղություն և երջանկություն։ Սակայն դա նրանց երկրորդ ցանկությունն էր։ Առաջին հերթին նրանք ցանկանում էին ունենալ մեծ էկրանով հեռուստացույց։
Ամբողջ աշխարհում հեռուստացույցը մեծ տարածում է գտել։ 1931 թ.–ին, երբ հեռուստատեսությունը դեռ նոր էր զարգանում, Ամերիկայի ռադիոկայանի («Radio Corporation of America») տնօրենն ասաց. «Ողջամտորեն կարելի է ակնկալել, որ երբ հեռուստատեսությունը լիովին զարգանա, երկրագնդի բոլոր բնակիչները պոտենցիալ հեռուստադիտողներ կդառնան»։ Այս խոսքերը միգուցե չափազանցված թվային այդ ժամանակ, սակայն դրանք այսօր իրականություն են։ Ամբողջ աշխարհում հեռուստացույցների թիվը հասնում է 1,5 միլիարդի, իսկ հեռուստադիտողների թիվը շատ ավելին է կազմում։ Անկախ նրանից՝ սիրում են մարդիկ հեռուստացույց, թե ոչ՝ այն մեծ դեր է խաղում նրանց կյանքում։
Ապշեցուցիչ է այն, թե որքան ժամանակ են շատերն անցկացնում հեռուստացույցի առջև։ Վերջերս ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական երեք ժամ հեռուստացույց են դիտում։ Հյուսիսային Ամերիկայի բնակիչները հեռուստացույց են դիտում օրական չորս ու կես ժամ, մինչդեռ ամենաշատ ժամանակը հեռուստացույցի առջև անցկացնում են ճապոնացիները՝ օրական հինգ ժամ։ Եվ այդ ժամերի քանակն անընդհատ աճում է։ Եթե օրական չորս ժամ հեռուստացույց դիտենք, 60 տարեկանում մենք տաս տարի անցկացրած կլինենք էկրանի առջև։ Իհարկե, մեզանից ոչ ոք չէր ցանկանա, որ իր գերեզմանաքարի վրա փորագրված լինեին հետևյալ խոսքերը. «Այստեղ է թաղված մեր սիրելի ընկերը, որն իր կյանքի մեկ վեցերորդ մասը նվիրել է հեռուստացույց դիտելուն»։
Արդյո՞ ք մարդիկ հեռուստացույց են դիտում, քանի որ հաճույք են ստանում դրանից։ Միշտ չէ, որ դա է պատճառը։ Շատերն ընդունում են, որ իրենք չափազանց երկար ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև և մեղավոր են զգում իրենց, որ ժամանակն ավելի արդյունավետորեն չեն օգտագործում։ Ոմանք ասում են, որ իրենք «մոլի հեռուստացույց դիտող են»։ Իհարկե, մոլի հեռուստացույց դիտող լինելը նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան։ Թմրամոլները շատ ժամանակ են վատնում թմրադեղերի վրա։ Չնայած նրանք ցանկանում են կրճատել այդ ժամանակը կամ վերջ տալ իրենց վատ սովորությանը, սակայն չեն կարողանում։ Թմրադեղեր օգտագործելու համար նրանք զոհում են հասարակական և ընտանեկան կարևոր գործերը, իսկ երբ դադարում են թմրադեղեր ընդունելուց, տառապում են այդ սովորությունը թողնելու հետևանքով առաջ եկած ախտանշաններից։ Այս բոլոր նշանները կարող են առաջանալ նաև այն մարդկանց մոտ, ովքեր շատ են դիտում հեռուստացույց։
Իմաստուն Սողոմոն թագավորն ասաց. «Շատ մեղր ուտելը լաւ չէ» (Առակաց 25։27)։ Միևնույն սկզբունքը կիրառվում է նաև հեռուստացույց դիտելու պարագայում։ Թեև հեռուստացույցը բազմաթիվ հաղորդումներ է առաջարկում, որոնք արժե դիտել, սակայն շատ դիտելը կարող է հանգեցնել նրան, որ անհատն իր ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնի, երեխաները գրքեր չկարդան, և նվազի նրանց առաջադիմությունը։ Այն նաև կարող է նպաստել գիրության։ Եթե դուք շատ ժամանակ եք տրամադրում հեռուստացույց դիտելուն, խոհեմ կլինի մտածել, թե ինչ է այն տալիս ձեզ իր հերթին։ Մեր ժամանակը չափազանց թանկ է այն վատնելու համար։ Խելամիտ կլինի մտածել նաև այն մասին, թե ինչ ենք դիտում։ Այդ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։