Հեռուստացույց «խորամանկ ուսուցիչ»
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ կարող է լինել ուսուցողական հզոր գործիք։ Դրա միջոցով մենք տեղեկություններ ենք ձեռք բերում այն երկրների մասին, որոնք գուցե երբեք չայցելենք, և ծանոթանում այնպիսի մարդկանց, որոնց գուցե երբեք չհանդիպենք։ Մենք «ճանապարհորդում ենք» դեպի արևադարձային ջունգլիները և բևեռային սառույցները, բարձրանում ենք լեռների գագաթները և սուզվում օվկիանոսի խորքերը։ Մենք թափանցում ենք ատոմների և աստղերի զարմանալի աշխարհը։ Դիտում ենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում երկրագնդի մյուս ծայրում։ Տեղեկանում ենք քաղաքականությանը, պատմությանը, ընթացիկ նորություններին և մշակույթին։ Հեռուստացույցով տեսնում ենք, թե մարդկանց ինչպիսի ողբերգություններ են պատահում, ու թե ինչպիսի հաջողություններ են նրանք ունենում։ Հեռուստացույցը մեզ զվարճացնում է, կրթում և նույնիսկ ոգեշնչում։
Սակայն ծրագրերի մեծ մասը ո՛չ օգտակար է, ո՛չ էլ ուսուցողական։ Հեռուստացույցը մեծամասամբ քննադատում են այն մարդիկ, որոնց տհաճություն են պատճառում բռնության ու սեքսի բազմաթիվ տեսարանները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում կատարված մի հետազոտություն ցույց տվեց, որ հեռուստատեսային 3 ծրագրերից 2–ը պարունակում են բռնության տեսարաններ. միջին հաշվով ժամում վեց այդպիսի տեսարան է ցուցադրվում։ Մինչև չափահաս դառնալը անհատը դիտում է բռնության և սպանության հազարավոր տեսարաններ։ Շատ են ցուցադրվում նաև սեքսի տեսարաններ։ Հեռուստատեսային ծրագրերի և ֆիլմերի երկու երրորդում խոսվում է սեքսի մասին, և դրանց 35 տոկոսը պարունակում է սեռական հարաբերությունների տեսարաններ, որոնք սովորաբար ներկայացվում են որպես անվտանգ, բնական երևույթ, որով զբաղվում են չամուսնացած զույգերը։a
Սեքսի և բռնության մասին հաղորդումները մեծ պահանջարկ են վայելում ողջ աշխարհում։ Սեքս և բռնություն պարունակող ամերիկյան մարտաֆիլմերը, որոնք ի վերջո հայտնվում են էկրանի վրա, արագորեն հայտնվում են օտարերկրյա շուկաներում։ Այդ ֆիլմերի սյուժեն հեշտ է հասկանալ և անհրաժեշտ չէ, որ դրանցում լինեն լավ դերասանական խաղ ու հետաքրքիր սցենար։ Մարդկանց ուշադրությունը գրավելու համար կարևոր է, որ ֆիլմում լինեն կռիվներ, սպանություններ, հատուկ էֆեկտներ և սեքս։ Սակայն որպեսզի նրանց ուշադրությունը երկար ժամանակ բևեռված լինի էկրանին, փոփոխություններ են պահանջվում։ Դիտողները արագ են հոգնում միևնույն բաներից, իսկ ցնցող տեսարանները սովորական են դառնում։ Նրանց հետաքրքրությունը վառ պահելու համար, պրոդյուսերները ավելի մեծ ծայրահեղությունների են հասնում. նրանք ցնցում և գրգռում են դիտողին՝ շատացնելով բռնության տեսարանները և ֆիլմի բովանդակությունը դարձնելով ավելի պատկերավոր, ավելի սեքսուալ և ավելի սադիստական։
Վիճաբանություններ հեռուստացույցի ազդեցության վերաբերյալ
Ինչպե՞ս են հեռուստադիտողի վրա ազդում կանոնավորաբար ցուցադրվող բռնությունն ու սեքսը։ Քննադատները պնդում են, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնությունը մղում է մարդկանց ագրեսիվ վարք դրսևորել և իրական կյանքում չլինել կարեկից բռնության զոհերի հանդեպ։ Նրանք նաև պնդում են, որ սեքսի բացահայտ ցուցադրումը մղում է մարդկանց սեռական այլասերվածության և քայքայում է բարոյական չափանիշները։
Իրո՞ք հեռուստացույցը հանգեցնում է այդ ամենին։ Այս հարցը տասնամյակներ շարունակ թեժ վիճաբանությունների առարկա է եղել։ Հարյուրավոր ուսումնասիրություններ են կատարվել և հազարավոր գրքեր ու հոդվածներ են տպագրվել այդ հարցի վերաբերյալ։ Դժվար է ապացուցել պատճառահետևանքային կապը. օրինակ այն, որ վաղ տարիքում հեռուստացույցով բռնություն դիտելը հանգեցնում է ֆիզիկական ագրեսիայի ավելի մեծ տարիքում։ Պարզաբանենք. ենթադրենք՝ առաջին անգամ մի դեղ եք խմում, և ձեր մաշկի վրա ցան է առաջանում։ Այդ դեպքում հեշտ է եզրակացնել, որ ալերգիայի պատճառը տվյալ դեղն է։ Սակայն երբեմն ալերգիան աստիճանաբար է առաջանում։ Այդ դեպքում այն ինչ–որ դեղի վերագրելը շատ ավելի դժվար է, քանի որ ալերգիան կարող է տարբեր պատճառներով առաջանալ։
Նմանապես, դժվար է ապացուցել, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնությունը հանգեցնում է հանցագործության և հակահասարակական վարքի։ Սակայն բազմաթիվ ուսումնասիրություններ ենթադրում են, որ այդ իրողությունների մեջ կապ կա։ Ավելին, շատ հանցագործներ ասում են, որ իրենց վերաբերմունքն ու բռնի վարքը ձևավորվել են հեռուստացույցի ազդեցության ներքո։ Սակայն մարդկանց կյանքի վրա շատ բան կարող է ազդեցություն ունենալ։ Ագրեսիվ վարքին կարող են նպաստել համակարգչային բռնի խաղերը, ընկերների և ընտանիքի արժեքներն ու ընդհանուր կենսամակարդակը։
Ուստի զարմանալի չէ, որ հակառակ տեսակետներ գոյություն ունեն։ Կանադացի մի հոգեբան գրել է. «Գիտական ապացույցները հստակ ցույց չեն տալիս, որ բռնություն դիտելը կա՛մ բռնություն է առաջ բերում մարդկանց մեջ, կա՛մ նրանց անզգա է դարձնում դրա հանդեպ»։ Սակայն լրատվության և հասարակության գործերով զբաղվող հոգեբանների ամերիկյան ընկերության կոմիտեն նշում է. «Ոչ մի կասկած չկա, որ մարդիկ որքան շատ են հեռուստատեսությամբ դիտում բռնություն, այնքան ավելի հանդուրժողական են դառնում ագրեսիվ վերաբերմունքի և վարքի հանդեպ»։
Հեռուստացույցի ազդեցությունը
Հիշեք, որ մասնագետները վիճում են ապացույցի վերաբերյալ, թե արդյոք կարելի է ապացուցել, որ ագրեսիա դիտելը հանգեցնում է ագրեսիայի։ Սակայն շատերը համաձայն են, որ հեռուստատեսությունն ազդում է մեր մտածելակերպի և վարքի վրա։ Մտածեք հետևյալ բանի շուրջ. մեկ լուսանկարը կարող է մղել մեզ բարկանալ, արտասվել և ուրախանալ։ Երաժշտությունը խոր ազդեցություն է թողնում մեր զգացմունքների վրա։ Տպագրված բառերը նույնպես մեր մեջ զգացմունքներ են առաջացնում, մղում են մեզ մտածելու և ինչ–որ գործեր անելու։ Իսկ որքա՜ն խոր ազդեցություն կարող են թողնել այն շարժվող նկարները, երաժշտությունն ու բառերը, որոնք վարպետորեն իրար են կապակցված։ Զարմանալի չէ, որ հեռուստացույցը գրավում է մարդկանց, ընդ որում այն շատ մատչելի է։ Մի գրող ասում է. «Սկսած այն ժամանակից, երբ մարդը սովորեց իր մտքերը հանձնել թղթին՝ .... ինֆորմացիայի փոխանցման ոչ մի այլ միջոց այդքան մեծ ազդեցություն չի ունեցել քաղաքակրթության վրա»։
Բիզնեսով զբաղվողներն ամեն տարի միլիարդավոր դոլարներ են ծախսում գովազդների վրա, քանի որ գիտեն, որ մարդու վրա ազդեցություն է թողնում այն, ինչ նա տեսնում և լսում է։ Նրանք չեն ծախսում այդ գումարը՝ մտածելով, որ գովազդը գուցե ազդեցություն ունենա. նրանք համոզված են, որ այն ազդում է մարդու վրա։ Դրա միջոցով գործարար մարդիկ վաճառում են իրենց արտադրանքը։ Օրինակ՝ 2004 թ.–ին «Կոկա–կոլա» ընկերությունը 2, 2 միլիարդ դոլար ծախսեց՝ գովազդելու համար այդ ըմպելիքը ամբողջ աշխարհում մամուլով, ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Արդյո՞ք այս ներդրումն արդարացրեց իրեն։ Այդ տարի ընկերությունը մոտ 22 միլիարդ դոլար շահույթ ստացավ։ Գովազդագետները գիտակցում են, որ մեկ գովազդը չի ազդի անհատի վրա, սակայն տարիներ շարունակ հեռարձակվող գովազդը կազդի։
Եթե 30 վայրկյան տևող գովազդը ազդում է մեր տեսակետների և վարքագծի վրա, կարող ենք վստահ լինել, որ ժամեր շարունակ հեռուստացույց դիտելը նույնպես կազդի։ «Հեռուստացույց. համաշխարհային պատմություն» գրքի հեղինակն ասում է. «Ամենասովորական և մակերեսային զվարճության միջոցով [հեռուստացույցը] աննկատ ձևով կրթում է մեզ» («Television—An International History»)։ «Հեռուստատեսության պատկերազարդ պատմությունը» գրքում գրված է. «Հեռուստացույցը փոխում է մեր մտածելակերպը» («A Pictorial History of Television»)։ Ուստի մենք պետք է հարց տանք. «Արդյոք այն, ինչ ես դիտում եմ, փոխո՞ւմ է իմ մտածելակերպը իմ ուզած ձևով»։
Այս հարցը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ծառայում են Աստծուն։ Հեռուստատեսային հաղորդումների և ֆիլմերի մեծ մասի բովանդակությունը հակառակ է այն սկզբունքներին և բարոյական չափանիշներին, որոնք ուսուցանում է Աստվածաշունչը։ Գրություններում դատապարտվող ապրելակերպն ու գործերը ներկայացվում են որպես ընդունելի, նորմալ և նույնիսկ գերժամանակակից։ Միևնույն ժամանակ անտեսվում են քրիստոնեական արժեքները, իսկ այդ արժեքները կիրառող մարդիկ արհամարհվում են և ծաղրի ենթարկվում։ Մի հեղինակ գանգատվում է. «Բավական չէ այն, որ սխալ վարքագիծը ներկայացվում է որպես ճիշտ վարքագիծ, ճիշտ վարքագիծը համարվում է սխալ»։ Այս «խորամանկ ուսուցիչը» գնալով ավելի հաճախ է «չարին ասում .... բարի, եւ բարիին՝ չար» (Եսայիա 5։20)։
Մենք պետք է զգույշ լինենք այն հարցում, թե ինչ ենք դիտում, քանի որ դա կազդի մեր մտածելակերպի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Աստվածաշնչագետ Ադամ Քլարկը ասում է. «Անհատի հետ քայլելը ներառում է սեր և կապվածություն ու անհնար է չընդօրինակել նրանց, ում մենք սիրում ենք։ Իսկ մենք ասում ենք. «Ասա ինձ, թե ով է ընկերդ, և ես կասեմ, թե ով ես դու»։ Այսինքն՝ ասա, թե ովքեր են քո ընկերները, և ես հեշտությամբ կկռահեմ, թե ինչ բարոյական չափանիշներ ունես դու»։ Ինչպես տեսնում ենք, մարդկանց մեծ մասը շատ ժամանակ է անցկացնում հեռուստատեսության այն հերոսների հետ, որոնք բոլորովին էլ իմաստուն չեն։ Նրանք այնպիսի մարդիկ են, որոնց անկեղծ քրիստոնյան երբեք չէր մտածի հրավիրել իր տուն։
Եթե բժիշկը ուժեղ ազդեցություն ունեցող դեղ նշանակեր ձեզ, դուք, հավանաբար, հաշվի կառնեիք դրա օգուտներն ու վնասները։ Սխալ դեղորայք ընդունելը կամ սխալ քանակությամբ ճիշտ դեղորայք ընդունելը կարող է վնաս տալ ձեր առողջությանը։ Նույնը կարելի է ասել հեռուստացույց դիտելու մասին։ Ուստի իմաստուն կլինի լրջորեն մտածել այն մասին, թե ինչ ենք դիտում։
Պողոս առաքյալը ներշնչման ներքո քաջալերեց քրիստոնյաներին մտածել այն բաների մասին, որոնք ճշմարիտ են, արժանի են լուրջ ուշադրության, արդար են, մաքուր, մղում են սիրո, խորհել այն բաների շուրջ, որոնց մասին մարդիկ լավն են խոսում, ինչը որ առաքինի և գովելի է (Փիլիպպեցիս 4։6–8)։ Կհետևե՞ք այս խորհրդին։ Եթե այդպես վարվեք, երջանիկ կլինեք։
[Ծանոթագրություն]
a Միացյալ Նահանգների տվյալները նույնն են ամենուրեք, քանի որ ամերիկյան հաղորդումներն ու ֆիլմերը ցուցադրվում են ողջ աշխարհում։
[Մեջբերում 5–րդ էջի վրա]
«Հեռուստացույցը մի հայտնագործություն է, որի շնորհիվ ձեր իսկ սենյակում ձեզ զվարճացնում են այն մարդիկ, որոնց դուք երբեք չէիք հրավիրի ձեր տուն»
—Դեյվիդ Ֆրոստ, բրիտանացի հաղորդավար
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ ՍԵՔՍ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի՞նչ տարբերություն կա հեռուստացույցով ցուցադրվող բռնության և սեքսի ու Աստվածաշնչում նկարագրված բռնության և սեքսի միջև։ Աստվածաշունչը սեքսի և բռնության մասին խոսում է ոչ թե զվարճացնելու, այլ ուսուցանելու նպատակով (Հռովմայեցիս 15։4)։ Աստծու Խոսքում արձանագրված են պատմական փաստեր։ Աստվածաշունչն օգնում է մեզ հասկանալ Աստծու տեսակետը այդ հարցերի վերաբերյալ և սովորել ուրիշների սխալներից։
Բազմաթիվ երկրներում հեռուստատեսային գովազդներում սեքսի և բռնության տեսարաններ են ցուցադրվում ոչ թե ուսուցանելու, այլ շահույթ ստանալու նպատակով։ Գովազդագետների նպատակը որքան հնարավոր է շատ մարդկանց ուշադրությունը գրավելն է, իսկ սեքսն ու բռնությունը օգնում են այդ հարցում։ Հետևա՞նքը։ Մարդիկ դիտում են գովազդները և գնում գովազդվող իրը։ Իսկ լուրերի հաղորդավարները կիրառում են հետևյալ սկզբունքը. «Արյունահեղությունը գրավում է»։ Պարզ ասած՝ հանցագործությունների, աղետների և պատերազմների վերաբերյալ ցնցող պատմություններն առաջնային տեղ են գրավում նորություններում։
Թեև Աստվածաշունչը պարունակում է բռնի արարքների նկարագրություններ, սակայն այն քաջալերում է մարդկանց ապրել խաղաղ կյանքով, այսինքն՝ չլինել վրիժառու, այլ խնդիրները լուծել խաղաղությամբ։ Այն անդադար քաջալերում է բարոյական կյանք վարել։ Իսկ հեռուստացույցը չի խրախուսում նման բաներ (Եսայիա 2։2–4; Ա Կորնթացիս 13։4–8; Եփեսացիս 4։32)։
[Շրջանակ 7–րդ էջի վրա]
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ և ԵՐԵԽԱՆԵՐԸ
«Տարբեր երկրներում մի քանի տասնամյակ շարունակ կատարված հետազոտությունների հիման վրա գիտնականները և առողջապահության բնագավառի աշխատողները մեծամասամբ գալիս են այն եզրակացության, որ բռնություն դիտելը շատ վտանգավոր է երեխաների համար» (Հենրի Կայզերի անվան ընտանեկան հիմնադրամ)։
«[Մենք համաձայն ենք] Ամերիկայի Մանկաբույժների Ակադեմիայի [հետ], որ երկու տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաները «ընդհանրապես չպետք է [հեռուստացույց դիտեն]»։ Այս երեխաները, որոնց ուղեղը արագորեն զարգանում է, կարիք ունեն խաղալու և իրական մարդկանց հետ շփվելու, որ ֆիզիկապես զարգանան և սովորեն իրենց դրսևորել հասարակության մեջ» (Լրատվական և ընտանեկան հարցերով զբաղվող Ազգային ինստիտուտ)։
[Նկար 7–րդ էջի վրա]
Արդյոք այն, ինչ ես դիտում եմ, փոխո՞ւմ է իմ մտածելակերպը իմ ուզած ձևով