Ինչպես վերահսկենք ինքներս մեզ
«ԵՐԲ մենք միացնում էինք հեռուստացույցը, մեկը մյուսի ետևից դիտում էինք ինչ պատահեր և մինչև քնելը այն չէինք անջատում»,— պատմում է Կլոդինը։ Ոմանք ասում են. «Ես ուղղակի չեմ կարողանում աչքերս հեռացնել դրանից», «ես չեմ ցանկանում այդքան շատ հեռուստացույց դիտել, բայց ոչինչ չեմ կարող անել»։ Դուք նո՞ւյնպես չափազանց շատ եք դիտում հեռուստացույց։ Մտահոգվո՞ւմ եք նրանով, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հեռուստացույցը ձեր ընտանիքի վրա։ Ահա որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ վերահսկել հեռուստացույց դիտելը։
1. ՊԱՐԶԵՔ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵՔ ԴԻՏՈՒՄ։ «Խորագէտը քննում է իր քայլերը»,— ասվում է Առակաց 14։15–ում։ Իմաստուն կլինի պարզել, թե սովորաբար որքան եք հեռուստացույց դիտում, որպեսզի տեսնեք, թե կա արդյոք փոփոխությունների կարիք։ Մոտավորապես մեկ շաբաթ գրի առեք, թե ինչքան ժամանակ եք անցկացնում հեռուստացույցի առջև։ Միգուցե ցանկանաք գրի առնել նաև այն ծրագրերը, որոնք դիտել եք։ Նշեք, թե ինչ եք սովորել դրանցից և թե որքանով է ձեզ դուր եկել ձեր տեսածը։ Գլխավորը՝ հաշվեք հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը։ Միգուցե զարմանաք, երբ տեսնեք, թե ինչքան ժամանակ եք ծախսել դրա վրա։ Այս բանի գիտակցումը կարող է մղել ձեզ փոփոխություններ կատարել։
2. ԿՐՃԱՏԵՔ ԴԻՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ։ Փորձեք շաբաթվա մեջ մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս չդիտել հեռուստացույց։ Կամ միգուցե ցանկանաք սահմանափակել օրական հեռուստացույց դիտելու ժամանակը։ Եթե օրական կես ժամով կրճատեք հեռուստացույց դիտելը, ամսվա մեջ հավելյալ 15 ժամ ժամանակ կունենաք։ Օգտագործեք այդ ժամանակը՝ կատարելու համար իմաստալից գործեր, ինչպիսիք են հոգևոր գործունեությունը, գրքեր կարդալը կամ ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր քիչ են դիտում հեռուստացույց, ավելի շատ հաճույք են ստանում դրանից, քան նրանք, ովքեր շատ են դիտում։ Հեռուստացույց դիտելու ժամանակը կարելի է նաև կրճատել, եթե ննջասենյակից հանենք այն։ Իրենց սենյակում հեռուստացույց ունեցող երեխաները մոտավորապես մեկ ու կես ժամ ավելի են անցկացնում դրա առջև, քան նրանք, ովքեր չունեն հեռուստացույց իրենց սենյակում։ Բացի այդ, երբ հեռուստացույցը դրված է երեխայի սենյակում, ծնողները չգիտեն, թե ինչ է նա դիտում։ Ծնողները և զույգերը կտեսնեն, որ ավելի շատ ժամանակ են ունենում իրար համար, եթե իրենց ննջասենյակից նույնպես հանեն հեռուստացույցը։ Իսկ ոմանք որոշել են ընդհանրապես չունենալ հեռուստացույց։
3. ԾՐԱԳՐԵՔ, ԹԵ ԻՆՉ ԵՔ ԴԻՏԵԼՈՒ։ Իհարկե, կան բազմաթիվ լավ ծրագրեր, որոնք կարելի է դիտել։ Սակայն փոխանակ ալիքներն անընդհատ փոխելու կամ ցանկացած բան դիտելու՝ նախապես ծրագրում նշեք, թե որ հաղորդումներն եք ցանկանում դիտել։ Միացրեք հեռուստացույցը, երբ սկսվում է ձեր ընտրած հաղորդումը և անջատեք այն, երբ հաղորդումը վերջանում է։ Կամ ծրագիրը դիտելու փոխարեն՝ գուցե ցանկանաք ձայնագրել այն և հետո դիտել։ Այդպիսով հնարավոր կլինի նայել այն ավելի հարմար ժամի և բաց թողնել գովազդները։
4. ԵՂԵՔ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ։ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ մեր ժամանակներում «մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ [և] աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր»։ Հավանաբար կհամաձայնեք, որ հեռուստատեսության հերոսներից շատերը հենց այդպիսին են։ Աստվածաշունչը հորդորում է. «Նորանցից էլ ետ քաշուիր» (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Այն նաև մեզ զգուշացնում է. «Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33)։ Ընտրողական լինելու համար պետք է ինքնատիրապետում ունենալ։ Պատահե՞լ է, որ մի քանի րոպե որևէ ֆիլմ կամ դրամա եք դիտել և, տեսնելով հանդերձ, որ այն անընդունելի է, շարունակել եք նայել մինչև վերջ՝ պարզելու համար, թե ինչպես այն կվերջանա։ Շատերն այդպես են վարվում։ Բայց եթե կամքի ուժ ունեք անջատելու հեռուստացույցը, որպեսզի մեկ ուրիշ բանով զբաղվեք, կտեսնեք, որ ձեզ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչպես ավարտվեց ֆիլմը։
Հեռուստացույցի հայտնագործումից դեռ շատ առաջ սաղմոսերգուն գրեց. «Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ» (Սաղմոս 101։3)։ Որքա՜ն լավ կլինի, եթե մեր մտքում պահենք այս խոսքերը, երբ ընտրում ենք, թե ինչ ենք դիտելու։ Ոմանք Կլավդիայի նման որոշել են ազատվել հեռուստացույցից։ Նա ասում է. «Ես երբեք չեմ գիտակցել, թե որքան է հեռուստացույցը բթացրել իմ զգացումները։ Այժմ, երբ հնարավորություն եմ ունենում հեռուստացույց դիտել, ցնցվում եմ այն բաներից, որոնք նախկինում ինձ չէին անհանգստացնում։ Ես կարծում էի, թե ընտրողաբար եմ դիտում ծրագրերը, սակայն այժմ հասկանում եմ, որ դա այդպես չէր։ Երբ ես լավ հաղորդումներ եմ դիտում, ավելի մեծ բավականություն եմ ստանում»։
[Նկար 8–րդ էջի վրա]
Գրի առեք, թե որքան ժամանակ եք տրամադրում հեռուստացույց դիտելուն
[Նկար 8–րդ էջի վրա]
Հեռուստացույց դիտելը փոխարինեք ավելի բովանդակալից գործունեությամբ
[Նկար 9–րդ էջի վրա]
Մի վարանեք անջատել հեռուստացույցը