«Միասին ճաշելը մեզ ավելի է մտերմացնում»
ՁԵՐ ընտանիքը ճաշո՞ւմ է միասին օրը գոնե մեկ անգամ։ Ցավոք, այսօր կյանքի ռիթմը այնպիսին է, որ շատ ընտանիքներ ժամանակ չեն ունենում միասին ճաշելու։ Սակայն միասին ճաշելը չի բավարարում միայն ֆիզիկական կարիքները, այն նաև նպաստում է ջերմ հաղորդակցության և ընտանեկան կապերի ամրապնդման։
Ալգիրդասը, Ռիման և նրանց երեք դուստրերը ապրում են Լիտվայում։ «Թեև ես աշխատում եմ, իսկ աղջիկներս դպրոց են հաճախում,— ասում է Ալգիրդասը,— մենք մեր գրաֆիկը ծրագրում ենք այնպես, որ միասին ընթրենք։ Ճաշելու ժամանակ բոլորս էլ առանց կաշկանդվելու զրուցում ենք օրվա իրադարձությունների, մեր խնդիրների, մտքերի, ծրագրերի, ինչպես նաև այն մասին, թե ինչ ենք սիրում և ինչ չենք սիրում։ Այդ ժամանակ մենք նաև հոգևոր մտքեր ենք քննարկում։ Անշուշտ, միասին ճաշելը մեզ ավելի է մտերմացնում իրար հետ»։
Ռիման ավելացնում է. «Աղջիկների հետ կերակուր պատրաստելը հնարավորություն է տալիս մտերմիկ զրույցներ ունենալ։ Նրանց դուր է գալիս խոհանոցում միասին աշխատել։ Միևնույն ժամանակ նրանք արժեքավոր հմտություններ են ձեռք բերում։ Այդպիսով մենք կարողանում ենք աշխատել և միաժամանակ բավականություն ստանալ»։
Ալգիրդասը, Ռիման և նրանց երեխաները շատ օգուտներ են քաղում, քանի որ ժամանակ են տրամադրում միասին ճաշելուն։ Եթե դուք դեռ այդպես չեք վարվում, ապա կարող եք ծրագրել օրվա մեջ գոնե մեկ անգամ ընտանիքով ճաշել, նույնիսկ եթե միայնակ ծնող եք։ Օգուտները շատ ավելին կլինեն, քան այն զոհողությունները, որոնց կգնաք։