Երիտասարդները հարցնում են...
Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել այս սովորությունը
«Ես ձեռնաշարժությամբ սկսեցի զբաղվել ութ տարեկանում։ Հետագայում իմացա, թե որն է այդ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը։ Ամեն անգամ, երբ կրկին ընկնում էի այդ փորձության մեջ, ես ինձ շատ վատ էի զգում։ «Ինչպե՞ս կարող է Աստված սիրել ինձ նման մեկին»,— հարցնում էի ինքս ինձ։ Ես վստահ էի, որ Աստծու նոր աշխարհ չեմ մտնի» (Լուիզ)։a
ՀԱՎԱՆԱԲԱՐ դու նույնպես Լուիզի նման գերի ես դարձել այս սովորությանը։ Դու գիտես, որ Եհովային կհաճեցնես, եթե դիմադրես այդ ցանկությանը և ինքնատիրապետում զարգացնես, որը Աստծու սուրբ ոգու պտուղն է (Գաղատացիս 5։22, 23; Բ Պետրոս 1։5, 6)։ Սակայն ժամանակ առ ժամանակ դու սայթաքում ես։ Ամեն անգամ եզրակացնում ես, որ չես կարող փոխել ոչինչ, ու չես կարող ապրել Աստծու արդար չափանիշներով։
Պատանի Պեդրոն հենց այդպիսի զգացումներ ուներ։ Նա ասում է. «Ես ինձ շատ վատ էի զգում, երբ հերթական անգամ սայթաքում էի։ Մտածում էի, որ այլևս չեմ կարող սխալս ուղղել։ Դժվարանում էի աղոթել։ Ես ասում էի. «Եհովա, ես չգիտեմ, դու կլսես իմ աղոթքը, թե՝ ոչ, բայց...»»։ Անդրե անունով մի պատանի նույնպես ուներ նման զգացումներ։ Նա պատմում է. «Կարծես երկերեսանի լինեի։ Ինձ համար մեծ պայքար էր առավոտյան անկողնուց վեր կենալ և օրվա գործերով զբաղվել։ Դժվար էր հաճախել ժողովի հանդիպումներին կամ մասնակցել ծառայությանը»։
Եթե դու նույն զգացումներն ունես, ինչպիսին որ ունեին Լուիզը, Պեդրոն, և Անդրեն, ապա մի վհատվիր։ Դու մենակ չես, և քո իրավիճակը անհույս չէ։ Շատ պատանիներ և ավելի մեծ տարիքի մարդիկ պայքարել են ձեռնաշարժության (մաստուրբացիայի) դեմ և կարողացել են հաղթահարել այդ սովորությունը։ Դու նույնպես կարող ես։b
Մեղավոր լինելու զգացումը
Ինչպես արդեն նշվեց, նրանք, ովքեր ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ունեն, տանջվում են՝ մտածելով, որ իրենք մեղք են գործում։ Իհարկե, «Աստուծոյ ուզած կերպով տրտմե[լը]» կարող է մղել քեզ հաղթահարելու այդ սովորությունը (Բ Կորնթացիս 7։11)։ Սակայն չափից շատ քեզ մեղադրելը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Դա կարող է քեզ այնքան վհատեցնել, որ դու պարզապես ցանկանաս հանձնվել այդ պայքարում (Առակաց 24։10)։
Ուստի ձգտիր հարցին հավասարակշռված ձևով նայել։ Ձեռնաշարժությունը անմաքրության մի ձև է։ Այն կարող է «ցանկութիւնների եւ կերպ կերպ անառակութիւնների ծառայողներ» դարձնել (Տիտոս 3։3)։ Այնուհանդերձ, դա չի համարվում ծայրաստիճան սեռական անբարոյության ձև, ինչպես պոռնկությունը (Եփեսացիս 4։19)։ Ուստի եթե դու ձեռնաշարժությամբ զբաղվելու խնդիր ունես, մի եզրակացրու, թե աններելի մեղք ես գործել։ Գլխավորը՝ դիմադրել այդ ցանկությանը և երբեք չհանձնվել պայքարում։
Երբեմն հեշտ է ընկճվել հերթական անհաջողությունից հետո։ Եթե նման բան է տեղի ունենում, հիշիր Առակաց 24։16 համարի խոսքերը. «Եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կ’կործանուին»։ Ժամանակավոր անհաջողությունը քեզ վատ անձնավորություն չի դարձնում։ Ուստի մի հանձնվիր, այլ վերլուծիր, թե ինչու դա կրկնվեց, և փորձիր նույն բանը նորից չանել։
Շարունակ ինքդ քեզ կշտամբելու փոխարեն՝ ժամանակ հատկացրու խորհելու Աստծու սիրո և գթառատության մասին։ Սաղմոսերգու Դավիթը, որը նույնպես տկարություններ ուներ, գրեց. «Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։ Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։13, 14)։ Այո, Եհովան հաշվի է առնում մեր անկատարությունը և «ներող» է, երբ սխալ ենք գործում (Սաղմոս 86։5)։ Սակայն նա ուզում է, որ մենք շարունակենք ջանքեր թափել ուղղվելու համար։
Ի՞նչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել, որպեսզի ազատվես այդ սովորությունից և չսայթաքես։
Վստահիր ուրիշներին
Թեև շատ երկրներում սեքսի մասին բացահայտ է խոսվում, սակայն բազմաթիվ մարդիկ դեռևս դժվարանում են լրջորեն և արժանապատվությամբ խոսել այդ թեմայի շուրջ։ Ամաչելու պատճառով միգուցե դժվարանաս նույնիսկ վստահելի անհատի հետ զրուցել այդ մասին։ Մի քրիստոնյա, որը տարիներ շարունակ պայքարել է ձեռնաշարժության դեմ, ասաց. «Որքա՜ն կցանկանայի պատանեկության տարիներին քաջություն ունենալ զրուցելու ինչ–որ մեկի հետ։ Մեղավորության զգացումը երկար տարիներ տանջել է ինձ և ազդել ուրիշների և որ ամենակարևորն է, Եհովայի հետ իմ ունեցած փոխհարաբերությունների վրա»։
Ո՞ւմ հետ կարելի է զրուցել։ Այնպիսի անհատի հետ, որը հոգևորապես հասուն է, նախընտրելի է, որ այդ անձնավորությունը լինի քո ծնողը։ Գուցե այսպես սկսես. «Կարո՞ղ եմ քեզ հետ խոսել մի խնդրի մասին, որն ինձ շատ է անհանգստացնում»։
Մարիոն որոշեց զրուցել իր հոր հետ, որը կարեկցանքով և հասկացողությամբ մոտեցավ նրա խնդրին։ Նա նույնիսկ խոստովանեց Մարիոյին, որ երիտասարդ տարիքում ինքն էլ է պայքարել այդ սովորության դեմ։ Մարիոն ասում է. «Հորս ազնվությունն ու անկեղծությունը մեծապես քաջալերեցին ինձ։ Մտածեցի, որ եթե նա կարողացել է հաղթահարել այդ ցանկությունը, ես նույնպես կարող եմ։ Ես այնքան տպավորված էի հորս վերաբերմունքից, որ չկարողացա զսպել ինձ և արտասվեցի»։
Անդրեն համարձակություն ունեցավ զրուցելու քրիստոնյա երեցի հետ, և նա ուրախ է, որ այդպես վարվեց։c Նա պատմում է. «Երբ երեցը լսում էր ինձ, նրա աչքերն արցունքներով լցվեցին։ Խոսակցության վերջում նա վստահեցրեց ինձ Եհովայի սիրո մեջ ու ասաց, որ շատերն ունեն այդ նույն խնդիրը։ Նա խոստացավ, որ կհետաքրքրվի իմ առաջադիմությամբ և աստվածաշնչյան հրատարակություններից ավելի շատ տեղեկություններ ձեռք կբերի ինձ համար։ Նրա հետ զրուցելուց հետո ես որոշեցի շարունակել իմ պայքարը, նույնիսկ եթե նորից սայթաքեմ»։
Մարիոյի և Անդրեի նման՝ դու նույնպես կարող ես օգնություն ստանալ պայքարելու ձեռնաշարժության սովորության դեմ։ Հետևիր «Պայքարի՛ր այդ սովորության դեմ» շրջանակում տրված խորհուրդներին։ Համոզված եղիր, որ դու կարո՛ղ ես հաղթանակած դուրս գալ այդ պայքարից։
«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում
[Ծանոթագրություններ]
a Այս հոդվածում անունները փոխված են։
b Չնայած այս հոդվածում նշված անհատները արական սեռի ներկայացուցիչներ են, սակայն շատ կանայք նույնպես պայքարում են ձեռնաշարժության դեմ։ Հետևաբար խորհուրդները վերաբերում են երկու սեռի ներկայացուցիչներին։ Ուշադրություն դարձրու նաև, որ այս հոդվածում քննարկվում է այն մասին, որ անհատը ինքն է զբաղվում ձեռնաշարժությամբ։ Ամուսնությունից դուրս մեկ ուրիշի հետ նման բանով զբաղվելը, ըստ Աստվածաշնչի, համարվում է պոռնկություն, որը շատ լուրջ մեղք է Աստծու աչքում։ Տե՛ս «Երիտասարդները հարցնում են... Ի՞նչ սխալ բան կա մինչամուսնական սեռական հարաբերությունների մեջ» հոդվածը, 2004 թ. հուլիսի 22–ի համարում, էջ 12–14 (ռուս.)։
c Երիտասարդ աղջիկը միգուցե ցանկանա զրուցել իր մոր կամ ժողովի հոգևոր հասուն քույրերից մեկի հետ։
ՄՏԱԾԻՐ
◼ Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Եհովան «ներող» է (Սաղմոս 86։5)։
◼ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկես ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորությունը հաղթահարելու համար։
◼ Ինչո՞ւ չպետք է ամաչել օգնության դիմել։
◼ Ինչպե՞ս կարող ես միտքդ կենտրոնացած պահել մաքուր բաների վրա։
[Շրջանակ 11–րդ էջի վրա]
Սայթաքել չի՛ նշանակում պարտվել
Որքան հեշտ է մտածել. «Ես սայթաքեցի, ուրեմն չեմ կարող հաջողության հասնել»։ Պայքարիր նման մտածելակերպի դեմ։ Թույլ մի տուր, որ ժամանակավոր անհաջողությունը, նույնիսկ մի քանի անհաջողությունները հուսալքեն քեզ։
Քննարկենք մի օրինակ. եթե աստիճաններով բարձրանալիս մեկ կամ երկու աստիճան սայթաքես, կմտածե՞ս արդյոք, որ պետք է իջնել և առաջին աստիճանից նորից բարձրանալ։ Իհարկե ո՛չ։ Այդ դեպքում ինչո՞ւ այդպես մտածել վատ սովորությունների դեմ պայքարելիս։
Անհաջողությանը հաճախ հաջորդում է մեղավորության զգացումը։ Գուցե ծայրահեղության հասնես՝ եզրակացնելով, որ դու վատն ես, կամքի ուժ չունես և արժանի չես որևէ լավ բանի։ Անձնատուր մի եղիր այդպիսի չափազանցված մեղավորության զգացումին։ Այն կխլի քո ողջ ուժերը, որ անհրաժեշտ են պայքարը շարունակելու համար։ Եվ հիշիր հետևյալը. երբևէ ապրած մեծագույն մարդը՝ Հիսուս Քրիստոսը, եկավ փրկելու մեղավոր և ոչ թե կատարյալ մարդկանց։ Ուստի այսօր մեզանից ոչ մեկը չի կարող որևէ բան կատարելապես անել (Արթնացե՛ք, 1991 թ., մայիսի 8–ի համարից, էջ 15, ռուս.)։
[Շրջանակ 12–րդ էջի վրա]
Պայքարի՛ր այդ սովորության դեմ
◼ Միտքդ կենտրոնացրու ուրիշ բաների վրա (Փիլիպպեցիս 4։8)։
◼ Խուսափիր նայել այնպիսի բաներ, որոնք ոչ պատշաճ ցանկություններ կառաջացնեն քո մեջ (Սաղմոս 119։37)։
◼ Աղոթիր «զօրութեան գերազանցութիւնը» ստանալու համար (Բ Կորնթացիս 4։7)։
◼ Զբաղված եղիր քրիստոնեական գործունեությամբ (Ա Կորնթացիս 15։58)։
[Շրջանակ 12–րդ էջի վրա]
Լրացուցիչ օգնություն
Հավելյալ տեղեկություն ձեռք բերելու համար այն մասին, թե ինչպես հաղթահարել ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորությունը, տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 25 և 26 գլուխները (ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։