«Դիտում ենք աշխարհը»
◼ Ամեն օր ամբողջ աշխարհում Ինտերնետից օգտվող մարդկանց խաբելու 5,7 միլիոն փորձ է կատարվում։— MAGAZINE, ԻՍՊԱՆԻԱ
◼ «Ճապոնիայում արդեն ութ տարի է (2005 թ.), ինչ ինքնասպանություն կատարողների թիվը անցնում է 30 000–ից»։ Ճապոնիան աշխարհի այն երկրներից մեկն է, որտեղ ինքնասպանության նման բարձր թիվ է գրանցվում։—MAINICHI DAILY NEWS, ՃԱՊՈՆԻԱ
◼ «Անցյալ 500 տարիների ընթացքում մարդու գործունեության հետևանքով ոչնչացվել են կենդանիների և բույսերի 844 տեսակներ»։—IUCN, WORLD CONSERVATION UNION, ՇՎԵՅՑԱՐԻԱ
◼ Կառավարության հաշվարկների համաձայն Մեծ Բրիտանիայի տղամարդկանց և կանանց 6 տոկոսը համասեռամոլ է։ 2005 թ.–ին ընդունված օրենսդրությունը «թույլ է տալիս միևնույն սեռի անհատներին «ամուսնանալ»» և նրանց տալիս է այնպիսի իրավունքներ, ինչպիսիք որ սովորաբար ունեն ամուսնական զույգերը։—ԴԵՅԼԻ ԹԵԼԵԳՐԱՖ, ԱՆԳԼԻԱ
Սառցաբեկորները ավելի արագ են տեղաշարժվում
«Գրենլանդիայի սառցե վահանից պոկված որոշ մեծ սառցադաշտեր ավելի արագ են տեղաշարժվում»,— ասվում է մի պարբերագրում (Science)։ Արբանյակից ստացված տվյալները ցույց են տալիս, որ վերջին հինգ տարիներին գրենլանդական սառցադաշտերի տեղաշարժման արագությունը կրկնապատկվել է՝ հասնելով տարեկան ավելի քան 12 կիլոմետրի։ Վերջին տասը տարիներին սառույցի հալոցքը տարեկան 90 խորանարդ մետրից հասել է 220 խորանարդ մետրի։ Գիտնականները ենթադրում են, որ «ծովի մակարդակը շատ ավելի կբարձրանա, քան մենք պատկերացնում ենք»։
Եկեղեցիները պատվում են Դարվինին
Միացյալ Նահանգներում գտնվող մոտ 450 «քրիստոնեական» եկեղեցիներ 2006 թ. փետրվարին տոնեցին Չարլզ Դարվինի ծննդյան 197–ամյակը։ Այդ առթիվ կազմակերպվել էին «ծրագրեր և քարոզներ, որոնց նպատակն էր շեշտել այն, որ էվոլյուցիոն տեսությունը համատեղելի է հավատի հետ, և որ քրիստոնյաները կարիք չունեն ընտրություն կատարելու կրոնի և գիտության միջև»։ Ըստ «Չիկագո տրիբյուն» օրաթերթի՝ կենսաբան և Վիսկոնսին–Օշկոշ համալսարանին կից գիտության ու գրականության քոլեջի դեկան Մայքլ Զիմերմանը, որը կազմակերպել էր այդ տոնակատարությունները, ասել է. «Ընտրություն կատարելու կարիք չկա։ Դուք կարող եք երկուսին էլ հավատալ»։
Կոպտությունն աշխատանքի վայրում
«Աշխատանքի վայրում կոպտության պատճառով կազմակերպությունը կարող է կորցնել ժամանակ, ջանքեր և տաղանդավոր մարդկանց»,— ասվում է «Ուոլ սթրիթ ջորնլ»–ում։ 3 000 մարդկանց հետ անցկացված հարցումը ցույց է տալիս, որ նրանց ավելի քան 90 տոկոսը «անքաղաքավարի վերաբերմունքի» է արժանացել աշխատանքի վայրում։ Նրանց 50 տոկոսը ասել է, որ «աշխատանքի ժամանակը վատնել են՝ անհանգստանալով տեղի ունեցածի շուրջ», «25 տոկոսը սկսել է ավելի քիչ արդյունավետությամբ աշխատել», իսկ 8 աշխատողից 1–ը հեռացել է աշխատանքից։ Ըստ Քրիստին Պորաթի՝ Կալիֆորնիայի հարավում գործող մի համալսարանի մենեջմենթի պրոֆեսորի՝ «աշխատանքում քիչ ջանքեր գործադրելը, աշխատանքից բացակայելը և նույնիսկ գողություն կատարելը կարող են լինել այն բանի նշանը, որ տվյալ կազմակերպությունում կոպտությունը խնդիր է»,— ասվում է այդ թերթում։
Հսկայական քանակությամբ աղբ՝ օվկիանոսում
Մի թերթում ասվում է, որ 2006 թ. սկզբին «Հավայան կղզիների ափերին հսկայական քանակությամբ օվկիանոսային աղբ է կուտակվել, որի մեջ եղել են ձկնորսական պիտույքներ և պլաստմասսայե մնացուկներ» (The Honolulu Advertiser)։ Չնայած ջրի հոսանքը աղբի մեծ մասը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասից տանում է օվկիանոսի բաց տարածություններ, սակայն մթնոլորտային որոշակի պայմանների դեպքում աղբը լողում է դեպի Հավայան կղզիներ։ 2005 թ.–ին «աղբի ավելի քան 2 000 մնացուկներ են գտնվել», ինչպես նաև 100 ուռկաններ։ Աղբը կործանարար է անդրադառնում ծովային կյանքի վրա։ «Ալգալիտա ծովային հետազոտությունների հիմնադրամի» հիմնադիր Չարլզ Մուրն ասում է. «Օվկիանոսներում այլևս չկան բնական ձևով սնվող ձկներ։ Բոլորն էլ սնվում են աղբով»։