Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/08 էջ 23–27
  • Բայկալ. աշխարհի ամենախոր լիճը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բայկալ. աշխարհի ամենախոր լիճը
  • 2008 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մայրցամաքների բախում
  • Լճի խորքերում
  • Եղանակները
  • Լանդշաֆտների բազմազանություն
  • «Օ՜, Աստծու հարստության և իմաստության խորություն»
  • Ի՞նչ է կրակի լիճը։ Արդյո՞ք դա նույն դժոխքն է կամ գեհենը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Կենտրոնական Ամերիկայի գանձերը՝ ամենամեծ լիճը
    2009 Դիտարան
  • Երբ գետը հետ է հոսում
    2009 Արթնացե՛ք
2008 Արթնացե՛ք
g 4/08 էջ 23–27

Բայկալ. աշխարհի ամենախոր լիճը

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

ԴԱՐԵՐ շարունակ մոնղոլական ցեղերը, որ ապրել են հեռավոր Սիբիրի հարավում, խոր ակնածանք են տածել այս լճի նկատմամբ։ Թեև աշխարհում ավելի մեծ մակերես ունեցող լճեր կան, սակայն խորությամբ և հատկապես ջրի ծավալով ոչ մի քաղցրահամ լիճ չի կարող համեմատվել Բայկալի հետ։ Լճի անվանումներից մեկը, որը պահպանվել է մինչև հիմա, «Բայկալն» է, և ոմանց կարծիքով՝ այն նշանակում է «հարուստ լիճ» կամ «ծով»։ Քանի որ լիճն այդքան «մեծ է և փոփոխական», նավարկելու դուրս եկող բնակիչները երբեմն ասում են, որ «գնում են ծով»։

Բայկալի մասին հիշատակումը ջերմ զգացմունքներ է արթնացնում ռուս մարդկանց սրտում։ Մոսկվացի մի գիտնական լիճն անվանում է «թովիչ մեղեդի, որին յուրաքանչյուր մարդ ծանոթ է դեռ մանկուց»։ Այդ մեղեդու «նոտաները» շատ են. հրաշագեղ ափեր, աներևակայելի մաքուր ջուր և արտասովոր կենդանիներ, որոնց ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։

Տիեզերքից Բայկալ լիճը նման է կիսաբաց կապույտ աչքի։ Նրա երկարությունը մոտ 636 կիլոմետր է, իսկ առավելագույն լայնությունը՝ 80 կիլոմետր։ Այստեղ կուտակված է ամբողջ աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ հինգերորդ մասը, որը ավելի շատ է, քան հյուսիսային Ամերիկայի հինգ Մեծ լճերի ջրերը՝ միասին։ Բայկալ լճի առավելագույն խորությունը անցնում է 1 600 մետրից։ Եթե հնարավոր լիներ լիճը լիովին դատարկել, այն նորից լցնելու համար անհրաժեշտ կլիներ, որ աշխարհի բոլոր գետերը մեկ տարի անընդմեջ լցվեին այնտեղ։

Մայրցամաքների բախում

Երկրաբանները կարծիք են հայտնում, որ երկրագնդի հեռավոր անցյալում ինչ–որ ենթացամաք շարժվել է դեպի հյուսիս և բախվել Ասիային։ Հարվածից ցամաքի խոշոր հատվածներ ալյումինե նրբաթիթեղի պես ծալքավորվել են, ինչի արդյունքում առաջացել է Հիմալայան լեռնաշղթան։ Ենթադրվում է, որ այդ բախումից Սիբիրում առաջացել են մի քանի խոր խզվածքներ (բեկվածքներ), որոնք այսօր կոչվում են Բայկալյան ծալքավորություն։ Այդ խզվածքներից մեկը ժամանակի ընթացքում լցվել է շրջակա լեռներից հոսող նստվածքային ապարներով, որի հետևանքով կազմավորվել է 7 կիլոմետր հաստությամբ շերտ։ Ջուրը, լցվելով մինչև եզրը, կազմավորել է Բայկալ լիճը։ Այժմ ավելի քան 300 գետեր և վտակներ թափվում են լիճը, բայց միայն մեկ գետ՝ Անգարան է սկիզբ առնում նրանից։

Ի տարբերություն աշխարհի հին լճերի մեծ մասի՝ Բայկալը չի լցվել տիղմով և չի վերածվել ճահճի։ Ըստ գիտնականների՝ պատճառն այն է, որ լճի տակ գործող տեկտոնական շերտերը մինչև օրս շարունակում են հեռանալ իրարից՝ լայնացնելով բեկվածքը։ Ուստի, ժամանակի ընթացքում լցվելու փոխարեն, լիճը ամեն տարի ավելի ու ավելի է խորանում։ Ակտիվ շերտերի պատճառով լճի հատակից դուրս են ցայտում տաք ջրի աղբյուրներ։

Լճի խորքերում

Բայկալ լճի ջուրը օդի պես թափանցիկ է և այնքան մաքուր, որ հնարավոր է մինչև 50 մետր խորության վրա ամեն ինչ պարզորոշ տեսնել։ Ուստի զարմանալի չէ, որ ոմանք վախենում են նավարկել լճի վրայով։ Լճում բնակվող խեցգետնակերպերի մի տեսակ, որը կոչվում է էպիշուրա, զտում է ջուրը՝ մաքրելով այն ջրիմուռներից և բակտերիաներից։ Նրանց այս գործում օգնում են նաև խեցգետնի բազմաթիվ տեսակները։ Նրանք, թափառելով լճում, ուտում են օրգանական թափոնները, որոնք այլ կերպ կքայքայվեին և կաղտոտեին լիճը։ Ջուրն այնքան մաքուր է, որ մոտ քսան տարի առաջ, երբ լաբորատոր փորձի համար ջուր վերցվեց Բայկալից, այն աղտոտվեց փորձարկման անոթի պատճառով։

Բայկալի ջուրը հայտնի է ոչ միայն իր թափանցիկությամբ, այլև ջրի մեջ թթվածնի արտասովոր շատությամբ։ Մի քանի խոր լճերում որոշակի խորության վրա թթվածնի քանակը սկսում է նվազել, ինչի պատճառով ջրային կյանքը ակտիվ է համեմատաբար ծանծաղ ջրերում։ Սակայն Բայկալում այլ կերպ է։ Ուղղահայաց և հորիզոնական հոսանքները թթվածինը հասցնում են լճի ամենախոր մասերը։ Արդյունքում ամբողջ լիճը վխտում է կյանքով։

Սառը, մաքուր ջրերում փարթամ բուսականություն է աճում։ Կանաչ սպունգները ճյուղավորվում են բուստերի պես և պաշտպանում բազմաթիվ մանր ջրային արարածներին։ Շատ ջերմասեր օրգանիզմներ կուտակվում են լճի տաք աղբյուրների մոտ։ Բայկալում ապրող մոտ 2 000 ջրային տեսակներից 1 500–ը էնդեմիկ են, այսինքն՝ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այլևս չեն հանդիպում։

Բայկալը հայտնի է իր օմուլ ձկով։ Ձկնորսները շատ են հավանում այս համեղ սպիտակ ձուկը։ Այս լճում կան անսովոր, նույնիսկ տարօրինակ արարածներ։ Օրինակ՝ տափակ որդի մի տեսակի երկարությունը հասնում է 30 սանտիմետրի, և այդ որդերը սնվում են ձկով։ Կան նույնիսկ միաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ավազահատիկների արանքում։ Բացի այդ, միայն Բայկալում է հանդիպում գոլոմյանկա ձուկը, որը թերևս լճի ամենատարօրինակ բնակիչն է։

Փոքրիկ գոլոմյանկան կիսաթափանցիկ է ու ծիածանափայլ։ Այն ապրում է լճի հատակին մոտ։ Նա ոչ թե ձկնկիթ է դնում, այլ միանգամից ձագ է ծնում։ Նրա մարմնի մեկ երրորդը բաղկացած է ճարպից, որը հարուստ է վիտամին A–ով։ Գոլոմյանկան դիմանում է ջրի ահռելի ճնշմանը 200–450 մետր խորության վրա։ Բայց արևի տակ նրա մարմինը հալվում է, և մնում են միայն փշերն ու ճարպը։ Գոլոմյանկան համեղ կերակուր է Բայկալ լճի թերևս ամենահռչակավոր բնակչի՝ բայկալյան փոկի համար։ Սա միակ փոկն է, որը բացառապես ապրում է քաղցրահամ ջրերում։

Եղանակները

Տարվա ընթացքում մոտ հինգ ամիս Բայկալ լիճը ծածկված է սառույցով։ Հունվարին սառույցի հաստությունը մեկ մետրից ավելի է։ Ունենալով բազմաթիվ «կարատեղեր»՝ սառույցը նման է խճանկարի, որը արևի շողերի ներքո փայլփլում է։ Սառույցը այնքան թափանցիկ է, որ առաջին հայացքից բարակ է թվում, և նրա վրայով քայլող մարդիկ կարող են տեսնել ստորջրյա ժայռերը։ Իրականում այն շատ ամուր է։ Հարյուր տարի առաջ ձմռանը, երբ ընթանում էր Ռուս–ճապոնական պատերազմը, ռուսական բանակը երկաթգիծ անցկացրեց լճի վրայով և հաջողությամբ տեղափոխեց 65 ջերմաքարշ։

Սկսած ապրիլի վերջից մինչև հունիս՝ սառույցը ջարդվում է որոտաձայն, խլացուցիչ ճայթյունով։ Տեղացիներին լավ ծանոթ է լճի «սառցային երաժշտությունը»։ Բնագետ Ջերալդ Դուրելը գրել է, որ սառույցի ճարճատյունը նման է «բարակ ծնծղաների և զամբյուղում մլավող կատուների ձայներին»։ Շուտով, երբ եղանակը տաքանում է, քամին և ալիքները սառույցի կտորները քշում են ափ, որտեղ նրանք կիտվում են իրար վրա։

Հենց որ ջրերը սկսում են երևալ, թռչունները վերադառնում են։ Բայկալի թռչուններից մի քանիսը, օրինակ՝ ջրարտույտը, ամբողջ ձմեռ անցկացնում է Անգարա գետի ակունքի մոտ, որը լճի միակ չսառչող տեղն է։ Գարնանը նրանց են միանում ջրլող այլ թռչուններ՝ բադեր, սագեր, ճչան կարապներ և տառեղներ։

Լիճ այցելող զբոսաշրջիկները հունիսին կարող են տեսնել արջերի խմբերի, որոնք գնում են դեպի ափ՝ թրթուր ճաշակելու. տարվա այդ ժամանակին քարերի արանքները լցված են թրթուրներով։ Արջերը երանությամբ լեզվով հավաքում են միջատներին՝ ուշադրություն չդարձնելով շրջապատի բզզոցին։ Շատ կենդանիներ և թռչուններ նույնպես գալիս են ափ՝ մասնակցելու այդ «ճոխ խնջույքին»։

Վաղ գարնանը և ամռանը կարճ ժամանակով լճում ծաղկում են ջրիմուռները, որոնք ջրին կանաչ երանգ են տալիս, և որոնցով սնվում են խեցգետինները։ Սովորաբար, սակայն, Բայկալի ջրերը փիրուզագույն են, իսկ ափից հեռու մասերում, որտեղ խորությունը շատ ավելի մեծ է, ջրի գույնը օվկիանոսի պես մուգ կապույտ է։

Ափերը եզրագծվում են ավազաթմբերով և զմայլելի ժայռաբեկորներով։ Բայկալն ունի բազմաթիվ գեղատեսիլ ծովախորշեր և հրվանդաններ, որոնք սքանչելի տեսարաններ են բացում նայողի առջև։ Մի գրող ջրի ու երկնքի այդ բազմազան համադրությունները անվանեց «նուրբ մարգարտյա գունախաղ»։

Տարվա վերջում լիճը դառնում է անհանգիստ։ Աշունը իր հետ բերում է քամիներ, որոնք երբեմն լճի վրա իջնում են ինչպես փոթորիկ։ Նրանք կարող են խաղաղ ջրերը արագորեն վերածել կատաղի ալիքների, որոնց բարձրությունը հասնում է 4–6 մետրի։ Հայտնի են փաստեր, որ նույնիսկ տարվա մյուս եղանակներին քամիները խորտակել են մեծ մարդատար և ձկնորսական նավեր։

Լանդշաֆտների բազմազանություն

Խստաշունչ Սիբիրի պատճառով կարող է թվալ, որ Բայկալ լիճը նման է սառը, մենակյաց հսկայի։ Սակայն իրականում այն կենդանական և բուսական հարուստ աշխարհ ունի։ Լիճը շրջապատում են չորս վեհապանծ լեռնաշղթաներ, որտեղ ապրում են հյուսիսային եղջերուները, ինչպես նաև անհետացման սպառնալիքի տակ գտնվող սիբիրյան լեռնային այծերը։

Ավելի ցածր բարձրություններում տարածվում են տափաստանները։ Դրանցից մի քանիսը կարելի է անվանել Սիբիրի ծաղկաստաններ, քանի որ այնտեղ աճում են ամենատարբեր տեսակի ծաղիկներ։ Տափաստաններում կան նաև հազվագյուտ թռչուններ, որոնցից են գեղանի կռունկը և արոսը՝ Ասիայի ամենամեծ թռչունը։

Բայկալ լճի համար կարևոր դեր ունի տայգան, այսինքն՝ դժվարանցանելի փշատերև անտառները։ Տայգան երկու անգամ մեծ է Ամազոն գետի ավազանի (Բրազիլիա) խոնավ անտառներից։ Սրանց նման՝ տայգան վճռական դեր է խաղում երկրագնդի բնության պահպանման և կլիմայի կայունության մեջ։ Այստեղ ապրում են թռչունների շատ տեսակներ, որոնցից է խլահավը։ Այս թռչունը հայտնի է իր կտղուցականչով ու երգեցողությամբ։ Լճի վրա հաճախակի է հայտնվում նաև նրբագեղ բայկալյան մրտիմը, որի նկարը կարող եք տեսնել 17–րդ էջում։

Կաթնասուններից առավել հայտնի է բարգուզինյան սամույրը։ Մի ժամանակ այս կենդանիներին մեծ քանակությամբ որսացել են նրանց փայլուն մորթու համար, ինչի պատճառով նրանց քանակը խիստ նվազեց։ Բայց այժմ սամույրների պոպուլյացիան մեծանում է բնության պահպանության ակտիվիստների շնորհիվ։ Այս գեղեցիկ արարածին ոչնչացումից փրկելու նպատակով 1916 թ.–ին ստեղծվեց Բարգուզինյան արգելանոցը։ Ներկայումս երեք արգելանոցներ են շրջապատում լճին։ Կան նաև երեք ազգային պարկեր, որոնք բաց են այցելուների համար։

«Օ՜, Աստծու հարստության և իմաստության խորություն»

Բայկալ լիճը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Զբոսաշրջիկները սիրում են այցելել այստեղ։ Ամեն տարի աշխարհի տարբեր վայրերից Բայկալ են գալիս ավելի քան 300 000 մարդ։ «Բայկալն այսօր բնագետների դրախտն է և իդեալական վայր է հանգստանալու համար,— ասվում է մի ուղեցույցում։— Հրաշալի լողափեր, լեռներով զբոսնելու հիանալի հնարավորություններ, անմոռանալի նավարկություններ, զմայլելի թռչուններ. այս ամենը Բայկալին դարձնում են Ասիայի ամենահրապուրիչ տեսարժան վայրերից մեկը»։

Բայկալ լիճը մղում է մեզ խորհրդածելու Աստծու գերազանց իմաստության և նրա արարչագործության վսեմության մասին։ Ո՞վ, եթե ոչ Աստված կարող էր ստեղծել և շարժման մեջ դնել այնպիսի անզուգական բնական գործընթացներ, որոնք պահպանում են այս սքանչելի լճում ապրող անհամար արարածների կյանքը։ Կանգնելով լճի ափին՝ ակամա ուզում ես կրկնել Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերը. «Օ՜, Աստծու հարստության, իմաստության և գիտության խորություն» (Հռոմեացիներ 11։33)։

[Շրջանակ 24–րդ էջի վրա]

ՓՈԿ, ՈՐ ԱՊՐՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐՈՒՄ

Բայկալ լճում բնակվում են տասնյակ հազարավոր փոկեր, որոնք ամբողջ տարին սնվում են խորջրյա ձկներով։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես են փոկերը հայտնվել այստեղ՝ Սիբիրի խորքերում։ Բայկալյան փոկին ոչ մի այլ տեղ չես գտնի։ Նրանց ամենամոտ «ազգականները» ապրում են մոտ 3 220 կիլոմետր հեռավորության վրա։

Բայկալյան փոկն ունի շատ մեծ, իրար մոտ աչքեր, որոնք գտնվում են տափակ երեսի վրա։ Այս փոկերը, որոնց երկարությունը հասնում է մինչև 1,4 մետրի, իրենց տեսակի մեջ ամենափոքրն են աշխարհում։ Նրանց հաճախ կարելի է տեսնել խմբերով՝ արևի տակ ժայռաբեկորների վրա պառկած։ Նրանք իրար չեն կծում կամ հրմշտում, ինչը հատուկ է փոկերի շատ տեսակների։ Բայկալյան այս փոկը, կարելի է ասել, ամենաբարեհամբույրն է աշխարհում։

Մի կենսաբան, որն ուսումնասիրում է փոկերին, նշում է, որ բայկալյան փոկը «շատ ավելի խաղաղասեր է, քան օղակավոր փոկը։ Նա չի կծում, երբ իրեն բռնում են ցանցերով՝ հետազոտություններ կատարելու նպատակով»։ Մի աշխատության մեջ նշվում է, որ սուզակները կարողանում են մոտենալ ջրի մեջ քնած փոկերին։ Նրանք ասում են, որ փոկը չի արթնանում, երբ դիպչում և անգամ շրջում են նրան։

[Թույլտվությամբ]

Dr. Konstantin Mikhailov/Naturfoto-Online

[Շրջանակ 26–րդ էջի վրա]

ԱՔՍՈՐԱՎԱՅՐ

1951–1965 թթ.-ին շատ Եհովայի վկաներ աքսորվեցին Բայկալ լճի կողմերը, քանի որ նրանք հրաժարվում էին զիջումների գնալ իրենց կրոնական համոզմունքների հարցում։ 1951 թ.–ին Պրասկովյա Վոլոսյանկոյին տարան Օլխոն՝ Բայկալի ամենամեծ կղզի։ Մյուս Վկա աքսորյալների հետ նա ցանցով ձուկ էր բռնում, որպեսզի պահպանի իր գոյությունը։ Բայց նա կարողանում էր մեկ ուրիշ «ձկնորսությամբ» էլ զբաղվել. Աստվածաշունչը ձեռքին՝ Պրասկովյան Աստծու Թագավորության բարի լուրը պատմում էր Օլխոնի բնակիչներին։

1953–ին Պրասկովյան և ուրիշ վեց Վկաներ ձերբակալվեցին իրենց քարոզչական գործունեության համար։ Նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման։ Բանտից ազատվելուց հետո նա մինչև մահ հավատարմորեն ծառայեց Իրկուտսկի մարզի Ուսոլյե Սիբիրսկոյե քաղաքի քրիստոնեական ժողովում։ Նա մահացավ 2005 թ.–ին։ Այսօր Բայկալ լճի շրջանում և Իրկուտսկ քաղաքում ծաղկում են Եհովայի վկաների մոտ 30 ժողովներ։

[Նկար 23–րդ էջի վրա]

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Բայկալ լիճ

[Նկար 25–րդ էջի վրա]

Բայկալ լիճը և Սայանյան լեռները

[Թույլտվությամբ]

© Eric Baccega/age fotostock

[Նկար 25–րդ էջի վրա]

Բայկալյան մրտիմ

[Թույլտվությամբ]

Dr. Erhard Nerger/Naturfoto-Online

[Նկար/թույլտվությամբ 23–րդ էջի վրա]

Dr. Konstantin Mikhailov/Naturfoto-Online

[Նկար/թույլտվությամբ 26–րդ էջի վրա]

© Eric Baccega/age fotostock; Boyd Norton/Evergreen Photo Alliance

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը