Աբորտ հեշտ լուծո՞ւմ
ԲԻԼԸ միշտ այն կարծիքին է եղել, որ աբորտը լուրջ մեղք է և հավասար է սպանության։ Սակայն 1975 թ.–ին նա իր կարծիքը փոխեց, երբ իմացավ, որ իր ընկերուհին՝ Վիկտորիան, հղի է։ Բիլը խուսափում էր ամուսնու և ծնողի պարտականություններից։ Նա ասում է. «Ես անմիջապես հեշտ լուծում առաջարկեցի Վիկտորիային. ասացի, որ պետք է աբորտ անի»։
Այժմ արդեն Բիլը սովորական բան էր համարում չծրագրված ու անցանկալի հղիությունն ընդհատելը։ Այսօր այդ կարծիքին են շատերը։ 2007 թ.–ին արված մի ուսումնասիրության համաձայն՝ 2003 թ.–ին ամբողջ աշխարհում կատարվել է 42 միլիոն արհեստական վիժում։ Կանայք, որոնք դիմել են այդ քայլին, եղել են տարբեր ազգերից, սոցիալական տարբեր խավերից, պատկանել են տարբեր կրոնների, ունեցել են կրթության տարբեր աստիճաններ և եղել են տարբեր տարիքի։ Ինչո՞ւ են շատերը դիմում այդ քայլին։ Իսկ դու ինչպե՞ս կվարվես, եթե անսպասելիորեն հղիանաս, բայց չցանկանաս լույս աշխարհ բերել մանկիկին։
«Ուրիշ ելք չկար»
35–ամյա մի կին պատմում է. «Ես ծանր տարա հղիությունս և դժվարությամբ ծննդաբերեցի։ Բացի այդ, ունեի ֆինանսական և ընտանեկան բազում խնդիրներ։ Ծննդաբերելուց վեց շաբաթ հետո նորից հղիացա։ Որոշեցինք աբորտ անել։ Հասկանում էի, որ սխալ եմ վարվում, բայց ուրիշ ելք չկար»։
Կանայք տարբեր պատճառներով են դիմում այս քայլին։ Օրինակ՝ չեն ունենում ֆինանսական միջոցներ, չեն ցանկանում շարունակել իրենց փոխհարաբերություններն այդ տղամարդու հետ, կամ էլ կնոջ կամ ամուսինների ծրագրերի մեջ չի մտնում երեխա ունենալը։
Երբեմն էլ կանայք աբորտ են անում իրենց ընտանիքի հեղինակությունը չարատավորելու համար։ Այսպիսի մի դեպք է պատմում դոկտոր Սյուզան Վիկլենդը իր գրքում։ Նրա հիվանդներից մեկը, որը ցանկացել էր աբորտ անել, խոստովանել էր. «Ծնողներս շատ կրոնասեր են .... Եթե ես ապօրինի երեխա ունենամ, մեր ընտանիքի պատիվը կընկնի։ Շրջապատում բոլորը կիմանան, որ ես մեղք եմ գործել» (This Common Secret—My Journey as an Abortion Doctor)։
Դոկտոր Վիկլենդը հարցրել էր. «Եթե ծնողներդ մեղք կհամարեն քո արարքը, այդ դեպքում ինչպե՞ս կվերաբերվեն աբորտին»։ Աղջիկը պատասխանել էր. «Ճիշտ է, աբորտը աններելի մեղք է։ Բայց ավելի լավ է աբորտ անեմ, քանի որ դա գաղտնի կմնա, և ծնողներիս կրոնասեր ծանոթները ոչ մի բան չեն իմանա»։
Ամեն դեպքում, հղիությունը կանխամտածված կերպով ընդհատելը հեշտ որոշում չէ։ Հաճախ անհատը այդպիսի որոշում կայացնելուց առաջ ծանր ապրումներ է ունենում։ Սակայն մի՞թե դա հեշտ լուծում է։
Հաշվի առեք հետևանքները
2004 թ.–ին մի հետազոտություն անցկացվեց, որին մասնակցեցին 331 ռուս և 217 ամերիկացի կին։ Պարզվեց, որ երկու խմբերի կանանց գրեթե կեսը աբորտից հետո էմոցիոնալ խնդիրներ է ունեցել։ Ռուս կանանց մոտ 50 և ամերիկուհիների մոտ 80 տոկոսը մեղավորության զգացում է ունեցել աբորտից հետո։ Ամերիկուհիների ավելի քան 60 տոկոսը չէր կարողացել ներել իրեն։ Ինչո՞ւ են կանայք շարունակում դիմել այդ քայլին, եթե նրանցից շատերը, անգամ նրանք, ովքեր իրենց կրոնասեր չեն համարում, աբորտից հետո մեղավորության զգացում են ունենում։
Հաճախ կանանց ստիպում են դիմել այդ քայլին։ Ծնողները, ամուսինը կամ լավ միտումներ ունեցող ընկերները հորդորում են աբորտ անել։ Այդ պատճառով անհատը կարող է հապճեպորեն այդպիսի որոշում կայացնել՝ առանց բավականաչափ տեղեկություն ունենալու։ Դոկտոր Փրիսիլա Քոլմենը, որը ուսումնասիրում է աբորտի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները, բացատրում է. «Կինը լարված վիճակում աբորտ անելու որոշում է կայացնում, սակայն հետո, երբ այլևս ճնշման տակ չէ, սկսում է ավելի սթափ դատել։ Այդ ժամանակ նրան տանջում է մեղավորության զգացումը, և նա զղջում է իր արարքի համար»։
Հաճախ նրանք զղջում են, քանի որ մտածում են. «Արդյոք աբորտը վերջ դրեց մի կյանքի՞, որն արդեն գոյություն ուներ»։ Հարավային Դակոտայում (ԱՄՆ) կատարված մի ուսումնասիրության համաձայն՝ հղի շատ կանայք, ովքեր աբորտ են արել, «սխալմամբ կարծել են, թե իրենց միջից հեռացրել են պարզապես մսի գունդ, և ասել են, որ այդպիսի բան չէին անի, եթե ճիշտն իմանային»։
Ամփոփելով 1 940 կանանց «դառնագին խոսքերը»՝ ուսումնասիրության մեջ նշվում էր հետևյալը. «Այս կանանցից շատերը մեծ վիշտ են ապրում։ Իսկ իրենց ասվել էր, թե ոչ մի երեխա էլ չեն կորցրել, դա միայն մսի գունդ է եղել»։ Նաև ասվում էր. «Այն միտքը, որ սպանել են իրենց երեխային, ընկճում և հոգեկան մեծ ցավ է պատճառում նրանց»։
Բայց ճի՞շտ է արդյոք մտածել, որ աբորտի ժամանակ հղի կնոջ միջից մսագունդ է հեռացվում։ Արդյոք մոր արգանդում գտնվող երեխային կարելի՞ է կենդանի էակ համարել։
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2006 թ.–ին անցկացված մի հետազոտության ժամանակ ուսումնասիրվել էր այն կանանց կյանքը, ովքեր հղիացել էին պատանեկան տարիներին։ Նրանց մի մասը ծննդաբերել էր, իսկ մյուս մասը աբորտ էր արել։ Մասնագետները եկել էին հետևյալ եզրահանգման. «Ի տարբերություն աբորտ անող կանանց՝ հավանականությունը քիչ է, որ ծննդաբերող կանայք կունենան հոգեբանի օգնության կարիք, քնի խանգարումներ և թմրանյութեր օգտագործելու ցանկություն» (Journal of Youth and Adolescence)։
Մեկ ուրիշ հաղորդագրության մեջ նշվում էին չորս մեծամասշտաբ ուսումնասիրությունների արդյունքները. «Կանայք, ովքեր աբորտ են արել, ունեցել են տարբեր հոգեբանական խնդիրներ, ինչը չենք կարող ասել ծննդաբերած կանանց մասին» (Report of the South Dakota Task Force to Study Abortion—2005)։