Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/09 էջ 3–6
  • Երիտասարդների խնդիրներն այսօր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երիտասարդների խնդիրներն այսօր
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լավատես լինելու հիմք
  • Բարոյական արժեքներ սերմանիր երեխաներիդ մեջ
    2011 Դիտարան
  • Որտե՞ղ գտնել օգնություն
    2009 Արթնացե՛ք
  • Երիտասարդնե՛ր, Եհովային արժանի կերպով ընթացեք
    2003 Դիտարան
2009 Արթնացե՛ք
g 10/09 էջ 3–6

Երիտասարդների խնդիրներն այսօր

Ի՞նչ ես կարծում, այսօրվա երիտասարդների խնդիրներն ավելի բարդ են, քան նախկին սերունդներինը։ Թե՞ ընդհակառակը՝ ըստ քեզ՝ նրանք մարդկության պատմության ամենաերջանիկ սերունդն են։

Շատ երկրներում բժիշկները բուժում են այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում երիտասարդներին դարձրել են հաշմանդամ կամ խլել են նրանց կյանքը։ Զարգացած տեխնիկայի շնորհիվ արտադրվել են էլեկտրոնային սարքեր և խաղեր, որոնց մասին նախորդ սերունդները կարող էին միայն երազել։ Տնտեսական զարգացումը շատ ընտանիքների օգնել է դուրս գալու աղքատությունից։ Այժմ բազմաթիվ ծնողներ տքնաջան աշխատում են, որ իրենց երեխաներին ապահովեն անհրաժեշտ բաներով։ Նրանք ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները կրթություն ստանան, ինչի հնարավորությունը իրենք չեն ունեցել։

Անկասկած, այսօրվա երիտասարդները շատ առավելություններ ունեն։ Սակայն, նրանք ունեն նաև շատ դժվարություններ։ Պատճառներից մեկն այն է, որ այսօր մարդկությունն ապրում է մի ժամանակաշրջանում, որն Աստվածաշունչը կոչում է «իրերի համակարգի վախճան» (Մատթեոս 24։3)։ Հիսուս Քրիստոսը ճշգրտորեն կանխագուշակել էր, որ այս դարաշրջանը պետք է աչքի ընկնի մեծ իրադարձություններով (Մատթեոս 24։ 7, 8)։ Աստծու Խոսքը նաև այս ժամանակաշրջանը կոչում է «վերջին օրեր», իսկ սոցիալական վիճակի մասին ասում է, որ կլինեն «չափազանց դժվար ժամանակներ» (2 Տիմոթեոս 3։1)։ Տեսնենք, թե ինչ բարդ խնդիրների են բախվում երիտասարդներն այսօր։

Խնդիր 1

Մեկուսացում

Ֆիլմերում, հեռուստաշոուներում և թերթերում երիտասարդներին պատկերում են շրջապատված այն ընկերներով, որոնց հետ սովորել են դպրոցում և տարիներ անց դեռ շարունակում են մնալ մտերիմ ընկերներ։ Սակայն պատանիների մեծամասնության պարագայում իրականությունը բոլորովին այլ է։

Հետազոտողներ Բարբարա Շնիդերը և Դեյվիդ Սթիվենսոնը հազարավոր երիտասարդների հետ ունեցած հարցազրույցները վերլուծելուց հետո (ԱՄՆ) եկան այն եզրահանգման, որ «համեմատաբար քիչ ուսանողներ ունեն մտերիմ ընկեր կամ ընկերներ, որոնց հետ շփվում են ազատ ժամանակ»։ Նրանք ասում են, որ շատ երիտասարդներ «դժվարանում են շփվել մարդկանց հետ և քիչ ընկերներ ունեն, որոնց հետ նրանք կարող են անկաշկանդ խոսել իրենց խնդիրների կամ մտահղացումների մասին»։

Իսկ այն պատանիները, որոնք ընկերներ ունեն, քիչ ժամանակ են տրամադրում նրանց։ Միացյալ Նահանգներում անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ շատ պատանիներ իրենց ընկերների հետ անցկացնում են իրենց ժամանակի 10 տոկոսը։ Իսկ օրվա ընթացքում անցկացրած ժամանակի 20 և ավելի տոկոսը նրանք մենակ են լինում. ճաշում են մենակ, ճամփորդում են մենակ, զվարճանում են մենակ։ Դա շատ է՝ համեմատած այն ժամանակի հետ, որն անցկացնում են ընտանիքի կամ ընկերների հետ։

Էլեկտրոնային սարքավորումների արագ տարածումը նույնպես նպաստում է, որ պատանիները մեկուսանան։ Օրինակ՝ 2006 թ.–ին «Թայմ» թերթում նշվում էր, որ 8–18 տարեկան բոլոր երեխաները միջին հաշվով օրական վեց ու կես ժամ անցկացնում են հեռուստացույցի կամ համակարգչի առաջ, երաժշտություն են լսում ականջակալներով, էլեկտրոնային խաղեր են խաղումa։

Իհարկե, միայն այսօրվա սերունդը չէ, որ սիրում է երաժշտություն լսել և խաղեր խաղալ (Մատթեոս 11։16, 17)։ Սակայն վնասակար կարող է լինել այն, որ նրանք իրենց ժամանակը ընտանիքի հետ անցկացնելու փոխարեն՝ զբաղվում են էլեկտրոնային սարքավորումներով։ Շնիդերը և Սթիվենսոնը նշում են. «Այդ երիտասարդները ունենում են թերարժեքության զգացում, երջանիկ չեն, ավելի քիչ են հաճույք ստանում իրենց արածից և երբ մենակ են, ակտիվ գործերով չեն զբաղվում»։

Խնդիր 2

Դպրոցական երեխաները և սեքսը

Հասակակիցների ճնշման պատճառով պատանիները, անգամ երեխաները հաճախ սեքսով զբաղվելու գայթակղության առաջ են կանգնում։ Նաթանը, որը ապրում է Ավստրալիայում, ասում է. «Մեր դպրոցում երեխաների մեծ մասը, ում ճանաչում եմ, սկսել են սեռական հարաբերություններ ունենալ 12–15 տարեկանից»։ Մեքսիկայում ապրող Վինբա անունով մի աղջիկ պատմում է, որ իրենց դպրոցում առանց էմոցիոնալ կապվածության սեռական հարաբերություն ունենալը սովորական բան էր։ Նա նշում է. «Ով սեքսով չէր զբաղվում, նրան համարում էին տարօրինակ»։ Բրազիլիայում ապրող 15–ամյա Անը ասում է. «Սեռական հարաբերություններ ունենալն այնքան տարածված էր իմ հասակակիցների շրջանում, որ անօգուտ էր միայն մեկ անգամ մերժելը։ Դու անընդհա՛տ պետք է մերժեիր այդ առաջարկները»։

Միացյալ Թագավորությունում հարցում անցկացրին 12–19 տարեկան հազար պատանիների շրջանում, որոնք տարբեր ծագում ունեին։ Արդյունքում պարզվեց, որ մոտ 50 տոկոսը կանոնավորաբար որևէ ձևով սեռային հարաբերություններ է ունեցել։ Նրանց 20 տոկոսը ընդամենը 12 տարեկան էր։ Հոգեբույժ Դիլան Գրիֆիթսը, որն անցկացնում էր այդ ուսումնասիրությունը, ասաց. «Այն հսկողությունը, որ ավանդաբար իրականացվում էր ընտանիքի, եկեղեցու և այլ հաստատությունների կողմից, այժմ վերացել է, և դա է պատճառը, որ երեխաները դառնում են զոհ»։

Իսկ մի՞թե սեռական կյանքով ապրող երիտասարդները «զոհ» են։ 2003 թ.–ին հրատարակված մի տեղեկագրության մեջ հետազոտողներ Ռեկտորը, Նոյզը և Ջոնսոնը նշում են, որ ուղղակի կապ գոյություն ունի սեռական կյանքի, դեպրեսիայի և ինքնասպանություն գործելու փորձերի միջև։ Նրանք հարցազրույցներ են ունեցել 6 500 պատանիների հետ և եկել են այն եզրահանգման, որ «ակտիվ սեռական կյանքով ապրող աղջիկները երեք անգամ ավելի շատ են հակված դեպրեսիայի մեջ ընկնելու, քան այն աղջիկները, ովքեր այդպիսի կյանքով չեն ապրում»։ Իսկ տղաների մասին նշվում է, որ «ակտիվ սեռական կյանքով ապրողները երկու անգամ ավելի շատ են հակված դեպրեսիայի մեջ ընկնելու, քան նրանք, ովքեր այդպիսի կյանքով չեն ապրում»։

Խնդիր 3

Քայքայված ընտանիքներ

Միացյալ Նահանգներում ընտանեկան կառույցը քայքայվում է, և ընդունված արժեքները անընդհատ փոխվում են։ Պատանիների մասին մի գրքում նշվում է. «Վերջին տասնամյակներում հասարակության մեջ տեղի ունեցած զգալի փոփոխությունները մեծ ազդեցություն ունեցան պատանիների վրա։ Ընտանիքները ավելի փոքրացան, ու հիմա պատանիները շատ եղբայրներ կամ քույրեր չունեն։ Բացի այդ, ամուսնալուծությունների թիվը գնալով ավելանում է, և ավելի շատ երեխաներ իրենց մանկությունը անցկացնում են մեկ ծնողի հետ։ Մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող մայրերի մեծ մասն էլ աշխատում է, ուստի հավանականությունը շատ քիչ է, որ երեխայի հետ տանը մեծ կարող է լինել» (The Ambitious Generation—America’s Teenagers, Motivated but Directionless)։

Անկախ այն բանից՝ երեխաներն ապրում են երկու ծնողների հետ, թե մեկ ծնողի, նրանցից շատերը զգում են, որ մտերիմ չեն ծնողների հետ, թեև հատկապես դժվար պահերին շատ են զգում նրանց օգնության կարիքը։ Անհանգստացնող են մի քանի տարի շարունակ 7 000 պատանիների հետ անցկացրած ուսումնասիրության արդյունքները։ Ըստ պատանիների մեծ մասի՝ ծնողները սիրում են նրանց և շատ բաներ են թույլ տալիս, որ անեն։ Սակայն «ընդամենը մեկ երրորդ մասն ասաց, որ ծնողները հատուկ ուշադրություն են դարձնում իրենց և օգնում են, երբ խնդիրներ են ունենում»։ Ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ «շատ պատանիների համար իրավիճակը այն ժամանակ է դժվար, երբ գիտեն, որ ծնողները չեն միջամտի և չեն փորձի օգնել»։

Օրինակ՝ Ճապոնիայում ամուր ընտանեկան կապերը քայքայվում են ֆինանսական հաջողությունների հասնելու ցանկության պատճառով։ Սոցիոլոգիայի պրոֆեսոր Յուկո Կաուանիշին ասում է. «Այսօրվա պատանիների ծնողների մեծ մասը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մի քանի տասնամյակ անց և մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ մեծ շեշտ էր դրվում ֆինանսական հաջողությունների և հարստության վրա»։ Ի՞նչ արժեքներ են այս ծնողները սերմանում իրենց երեխաների մեջ։ «Շատ ծնողներ այսօր նախևառաջ մտածում են այն մասին, որ իրենց երեխաները լավ կրթություն ստանան։ Իսկ քանի դեռ երեխաները սովորում են, մյուս բոլոր բաները երկրորդ պլանում են, կամ էլ պարզապես անկարևոր են»,— ասում է պրոֆեսորը։

Իսկ ինչպե՞ս է երիտասարդների վրա անդրադառնում նյութական բաների և կրթության վերաբերյալ այսպիսի անհավասարակշռված տեսակետը։ Ճապոնիայի լրատվական միջոցները հաճախ խոսում են «կիրերու»–ի մասին։ Դա այն վիճակն է, երբ երիտասարդը ասես դուրս է գալիս ափերից, որովհետև զգում է, որ իր վրա ճնշում են բանեցնում։ Պրոֆեսոր Կաուանիշին ասում է. «Երբ երեխաները իրենց խելագարի պես են պահում, պատճառը կարող է լինել այն, որ չեն ուզում թույլ տալ, որ ընտանիքը ինչ–որ ձևով ազդեցություն ունենա իրենց վարքի վրա»։

Լավատես լինելու հիմք

Ինչ խոսք, մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Սակայն Աստվածաշունչը չի խոսում միայն այն մեծ խնդիրների մասին, որ պիտի լինեին մեր օրերի հասարակության մեջ։

Աստվածաշնչում կան օգտակար խորհուրդներ այն մասին, թե երիտասարդները ինչպես կարող են ավելի լավ կյանքով ապրել։ Սուրբ Գրքի հեղինակը՝ Եհովա Աստվածը, ցանկանում է սովորեցնել երիտասարդներին, թե ինչպես կարող են հաղթահարել իրենց դժվարությունները (Առակաց 2։1–6)։ Նա ցանկանում է, որ երիտասարդները իմաստալից կյանքով ապրեն։ Աստծու Խոսքը կարող է «պարզամիտներին խորագիտութիւն տալ, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն» (Առակաց 1։4)։ Տեսնենք, թե ինչպես են օգնում Աստվածաշնչի սկզբունքները։

[Ծանոթագրություն]

a Ճապոնիայում սովորական բան է դարձել այն, որ երեխաները փակվում են իրենց սենյակում։ Նրանց նույնիսկ անուն է տրվել՝ հիկիկոմորի։ Որոշ տվյալների համաձայն՝ Ճապոնիայում կան 500 000–ից մինչև 1 000 000 հիկիկոմորի։

[Մեջբերում 5–րդ էջի վրա]

Մի ուսումնասիրության համաձայն՝ սեքսով զբաղվող աղջիկները երեք անգամ ավելի շատ են հակված դեպրեսիայի մեջ ընկնելու, քան մյուս աղջիկները

[Շրջանակ/Նկար 6–րդ էջի վրա]

Ինքնակործանման տանող վարք

Բրիտանիայի կառավարության 2006 թ. հաշվետվության համաձայն՝ 11–15 տարեկան երեխաների շրջանում մի տարվա ընթացքում կրկնապատկվել է կոկաին օգտագործողների թիվը։ Մոտ 65 000 երիտասարդներ ասում են, որ իրենք թմրանյութեր են փորձել։ Ենթադրվում է, որ Հոլանդիայում 16–24 տարեկան երիտասարդների ավելի քան 20 տոկոսը կախվածություն ունի ալկոհոլից կամ տառապում է ալկոհոլը չարաշահելու պատճառով առաջացած հիվանդությունից։

Շատ երիտասարդներ էլ, ելնելով էմոցիոնալ վատ վիճակից, վնասում են իրենց. կտրում, կծում կամ այրում են իրենց մարմինը։ Լեն Ովսթինը և Ջուլի Կորտումը, որոնք հետազոտություններ են անցկացնում, նշում են. «Հաշվարկների համաձայն՝ 3 միլիոն ամերիկացիներ վնասում են իրենք իրենց։ Իսկ 200 պատանիներից մեկը մշտապես վնասվածքներ է հասցնում իր մարմնին»։

[Նկար 3–րդ էջի վրա]

Շատ պատանիներ չունեն մտերիմ ընկերներ, որոնց կարող են վստահել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը