Գաղտնիք 5 Խոհեմություն
«Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի» (Փիլիպպեցիներ 4։5)
Ի՞նչ է դա նշանակում։ Երջանիկ ընտանիքում ամուսինները հաճախ են ներում իրար (Հռոմեացիներ 3։23)։ Նրանք նաև չափազանց խիստ չեն վարվում երեխաների հետ, ոչ էլ թույլ են տալիս նրանց անելու ինչ որ ուզեն։ Ուստի ծնողները մի շարք խոհեմ կանոններ են հաստատում ընտանիքում։ Իսկ երբ հարկ է լինում խրատելու երեխաներին, «չափավորությամբ» են անում դա (Երեմիա 30։11, ԱԱ)։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Աստվածաշունչն ասում է, որ «վերին իմաստությունը.... խոհեմ» է (Հակոբոս 3։17)։ Եթե Աստված մարդկանցից կատարելություն չի ակնկալում, ապա ինչո՞ւ ամուսինները պիտի նման բան ակնկալեն իրարից։ Իրականում, երբ ամուսինները քննադատաբար են վերաբերվում միմյանց, խնդիրները լուծելու փոխարեն՝ միայն վիրավորում են իրար։ Ավելի լավ է ընդունել այն փաստը, որ «բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։
Երջանիկ են այն ծնողները, ովքեր խոհեմություն են դրսևորում իրենց երեխաներին դաստիարակելիս։ Նրանք չափից շատ չեն խրատում նրանց, ուստի երեխաներին «դժվար չէ հաճեցնել» ծնողներին (1 Պետրոս 2։18)։ Եթե երեխաներն արդեն որոշ հարցերի պատասխանատվության զգացումով են վերաբերվել, ապա ծնողները կարող են որոշակի ազատություն տալ նրանց։ Նրանք չպետք է փորձեն ամեն ինչում հսկել երեխաներին։ Մի աշխատության մեջ նշվում է, որ երբ ծնողները ամեն հարցում փորձում են պատանիներին վերահսկել, դա նման է «այն ծիսական ակտիվ պարերին, որոնց նպատակն է աստվածներից անձրև խնդրել։ Թեև այդպես էլ անձրև չի գալիս, բայց արդյունքում պարողները հոգնում են և ուժասպառ լինում»։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե արդյոք խոհեմ ես։
◼ Ե՞րբ եմ վերջին անգամ գովել կողակցիս։
◼ Ե՞րբ եմ վերջին անգամ քննադատել կողակցիս։
Լուրջ որոշում կայացրու։ Եթե դժվարանում ես պատասխանել շրջանակում գտնվող առաջին հարցին, բայց հեշտությամբ պատասխանում ես երկրորդին, ապա մտածիր, թե ինչ նպատակ կարող ես դնել։
Կողակցիդ հետ քննարկիր, թե ինչ փոփոխություններ պետք է անեք ընտանիքում։
Մտածեք, թե որ հարցերում կարող եք որոշակի ազատություն տալ ձեր պատանի երեխային, որն արդեն փաստել է, որ պատասխանատվության զգացում ունի։
Երեխաներիդ հետ քննարկիր որոշ հարցեր, ինչպես օրինակ՝ որ ժամին նրանք պետք է տանը լինեն։
[նկար 7-րդ էջի վրա]
Զգուշավոր վարորդի նման՝ ընտանիքի խոհեմ անդամները պատրաստ են զիջելու իրար