Գաղտնիք 7 Ամուր հիմք
Ի՞նչ է դա նշանակում։ Տունը կարող է տասնամյակներ շարունակ կանգուն մնալ, եթե ամուր հիմք ունի, հակառակ դեպքում այն կփլվի։ Նմանապես, ընտանիքը ամուր կլինի, եթե այն կառուցված լինի վստահելի խորհուրդների հիման վրա։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Ընտանեկան կյանքի մասին բազում խորհուրդներ կարելի է գտնել գրքերում, պարբերագրերում, հեռուստատեսային ծրագրերում։ Որոշ մասնագետներ անհաշտ ամուսիններին հորդորում են շարունակել ապրել միասին, իսկ ոմանք էլ այդ նույն զույգին քաջալերում են ամուսնալուծվել։ Փաստորեն, անգամ մասնագետներն են երբեմն փոխում իրենց կարծիքը։ Օրինակ՝ մի հայտնի թերապևտ, որը մասնագիտացել է պատանեկան խնդիրներին առնչվող հարցերում, 1994 թ.–ին գրեց. «Տարիներ առաջ այն կարծիքին եմ եղել, որ ավելի լավ է երեխաները ապրեն միայնակ ծնողի հետ, որը երջանիկ է, քան երկու ծնողների հետ, որոնք դժբախտ են։ Կարծում էի, թե ամուսնալուծությունը լավ տարբերակ է, քանի որ անիմաստ է պայքարել անհաջող ամուսնությունը պահպանելու համար»։ Սակայն քսան տարի հետո նա փոխեց իր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Այդ կինը ասում է. «Ամուսնալուծությունը քայքայում է երեխաների կյանքը»։
Ամենալավ խորհուրդները, որ երբևէ կարելի է ստանալ, գրված են Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում։ Այս հոդվածներն ընթերցելիս թերևս նկատեցիք, որ 3–8-րդ էջերում տեղ գտած յուրաքանչյուր հոդվածի սկզբում աստվածաշնչյան համար է մեջբերված։ Այդ սկզբունքները շատերին են օգնել երջանիկ ընտանիք ունենալու։ Ճիշտ է, այդ ընտանիքներում էլ են լինում խնդիրներ, միակ տարբերությունն այն է, որ կողակիցները իրենց ընտանիքի ամուր հիմքը գցում են՝ առաջնորդվելով Աստվածաշնչի խորհուրդներով։ Իսկ Աստվածաշնչի Հեղինակը ընտանիքի Հիմնադիր Եհովա Աստված է (2 Տիմոթեոս 3։16, 17)։
Փորձիր հետևյալը։ 3–8-րդ էջերի հոդվածների սկզբում մեջբերված սուրբգրային համարները գրի առ թղթի վրա։ Ավելացրու աստվածաշնչյան այն համարները, որոնք օգնել են քեզ։ Նշումները ձեռքիդ տակ պահիր և հաճախ կարդա դրանք։
Լուրջ որոշում կայացրու։ Վճռիր կիրառել Աստվածաշնչի խորհուրդները քո ընտանիքում։
[նկար 8–րդ և 9-րդ էջերի վրա]
Եթե տունդ կառուցես Աստվածաշնչի հիմքի վրա, ապա ընտանիքդ կդիմանա փոթորիկներին