Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/11 էջ 20–23
  • Գիրք, որին կարող եք վստահել. մաս 1

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիրք, որին կարող եք վստահել. մաս 1
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վստահարժան պատմություն
  • Վստահարժան մարգարեություն
  • Հույս, որին կարող ես հավատալ
  • Հին եգիպտական հարթաքանդակը փաստում է աստվածաշնչյան արձանագրության ճշգրտությունը
    Այլ նյութեր
  • Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 1
    2012 Արթնացե՛ք
  • Ելք Եգիպտոսից
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ոչ աստվածաշնչյան արձանագրություն Իսրայել կոչվող ազգի մասին
    2006 Դիտարան
Ավելին
2011 Արթնացե՛ք
g 1/11 էջ 20–23

Գիրք, որին կարող եք վստահել. մաս 1

Եգիպտոսը աստվածաշնչյան պատմության մեջ

Աստվածաշունչը գրվել է ավելի քան 1600 տարիների ընթացքում։ Նրա պատմությունն ու մարգարեությունները առնչվում են յոթ աշխարհակալ ուժերին՝ Եգիպտոսին, Ասորեստանին, Բաբելոնին, Մարա-Պարսկաստանին, Հունաստանին, Հռոմին և Անգլո-Ամերիկային։ Դրանցից յուրաքանչյուրի մասին կքննարկվի յոթ հոդվածներում։ Ի՞նչ նպատակով։ Ցույց տալու համար, որ Աստվածաշունչը վստահելի է, ներշնչված է Աստծուց և նրա պատգամը հույս է տալիս, որ մարդկային սխալ կառավարման հետևանքով գոյություն ունեցող տառապանքին վերջ է դրվելու։

ԻՐ ԲՈՒՐԳԵՐՈՎ ու Նեղոս գետով հայտնի Եգիպտոսը աստվածաշնչյան պատմության մեջ առաջին աշխարհակալ ուժն էր։ Նրա հովանու ներքո ձևավորվեց Իսրայել ազգը։ Մովսեսը, որը գրի է առել Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, ծնվել ու կրթություն էր ստացել Եգիպտոսում։ Հաստատո՞ւմ են պատմությունն ու հնագիտությունը այս հին երկրի մասին Մովսեսի գրածները։ Քննենք մի քանի օրինակ։

Վստահարժան պատմություն

Տիտղոսներ ու տերմիններ։ Պատմությունը ճշգրիտ է դառնում շնորհիվ մանրամասների, որոնք վերաբերում են սովորություններին, նիստուկացին, անուններին, պաշտոնյաների տիտղոսներին և այլնին։ Արդյոք Աստվածաշնչի առաջին երկու գրքերում՝ «Ծննդոցում» ու «Ելքում» ներկայացված մանրամասնությունները ճշգրի՞տ են։ Հակոբ նահապետի որդի Հովսեփի մասին «Ծննդոցի» պատմության, ինչպես նաև «Ելք» գրքի վերաբերյալ Գարո Դունքանը իր գրքում ասում է. «[Աստվածաշունչ գրողը] շատ լավ ծանոթ էր եգիպտերենին, եգիպտական սովորություններին, հավատալիքներին, արքունական կյանքին, նիստուկացին ու կառավարման համակարգին»։ Նա ավելացնում է. «[Գրողը] գործածում է ճիշտ այն տիտղոսը, որն օգտագործվում էր նշված ժամանակահատվածում.... Իրականում, ոչինչ Հին Կտակարանում այդքան համոզիչ կերպով չի ապացուցում այն, որ գրողները վստահելի էին և քաջածանոթ եգիպտական կյանքին, քան այն, որ տարբեր համատեքստերում գործածում էին «փարավոն» բառը»։ Դունքանը նաև նշում է. «[Գրողը] ճիշտ կերպով նկարագրում է արքունական էթիկան և փարավոնի առաջ կանգնող կերպարների խոսելաոճը» (New Light on Hebrew Origins)։

Աղյուսներ պատրաստելը։ Երբ իսրայելացիները ստրուկ էին Եգիպտոսում, աղյուս էին պատրաստում կավի ու ծղոտի խառնուրդից, որն ամրացնող նյութ էր (Ելք 1։14; 5։6–18)a։ Տարիներ առաջ մի գրքում հետևյալ միտքն էր նշվում. «Քիչ վայրեր կային, որոնցում [աղյուս պատրաստելը] այնքան զարգացած էր, որքան Եգիպտոսում։ Արևի տակ չորացած աղյուսները շարունակում են մնալ այդ երկիրը բնորոշող շինանյութը»։ Գրքում նաև խոսվում էր այն մասին, որ «եգիպտացիները սովորություն ունեին աղյուսներ պատրաստելիս ծղոտ օգտագործել», ինչը և հաստատում է Աստծու Խոսքում գրված այդ մանրամասնության ճշգրիտ լինելը (Egyptian Materials and Industries)։

Սափրվելը։ Հնում ապրող եբրայեցի տղամարդիկ մորուք էին պահում։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Հովսեփը սափրվեց նախքան փարավոնի առաջ ներկայանալը (Ծննդոց 41։14)։ Ինչո՞ւ։ Հովսեփը սափրվեց, որպեսզի համապատասխանի եգիպտական սովորություններին ու եգիպտացիների էթիկայի կանոններին, որոնց համաձայն՝ դեմքի մազը անմաքրության նշան էր։ «[Եգիպտացիները] հպարտանում էին, որ իրենք սափրված են»,— ասվում է «Հին Եգիպտոսի առօրյան» գրքում։ Հետաքրքիր է, որ դամբարաններում հայտնաբերվել են սափրվելու պարագաներ՝ ածելիներ, նրբունելիներ (պինցետներ) և հայելիներ՝ իրենց տուփերով։ Պարզ է, ուրեմն, որ Մովսեսը բծախնդիր ժամանակագիր էր։ Նույնը կարելի է ասել աստվածաշնչյան այլ գրողների մասին, ովքեր արձանագրել են հին Եգիպտոսին առնչվող դեպքերը (Everyday Life in Ancient Egypt)։

Առևտուրը։ Երեմիան, որը գրել է «Թագավորներ» գրքերը, յուրահատուկ մանրամասնություններ է նշել այն մասին, թե ինչպես էր Սողոմոն թագավորը եգիպտացիների ու քետացիների հետ ձիերի ու կառքերի առևտուր անում։ Ինչպես ասվում է Աստվածաշնչում, մեկ կառքն արժեր «վեց հարյուր կտոր արծաթ, իսկ մեկ ձին՝ հարյուր հիսուն», կամ՝ մեկ կառքի գնի քառորդ մասը (1 Թագավորներ 10։29)։

Ըստ «Հնագիտությունը և Իսրայելի կրոնը» գրքի՝ թե՛ հույն պատմաբան Հերոդոտոսը և թե՛ հնագիտական հայտնագործությունները հաստատում են, որ Սողոմոնի թագավորության օրոք ձիերի ու կառքերի առևտուրը բարգավաճում էր։ Գրքում նշվում է, որ «սկզբունք էր հաստատվել, համաձայն որի՝ չորս.... ձին համարժեք էր մեկ եգիպտական կառքին», ինչը ապացուցում է Աստվածաշնչում նշված թվերի ճշգրտությունը (Archaeology and the Religion of Israel)։

Պատերազմ։ Երեմիան ու Եզրասը նաև հիշատակում են Սիսակ փարավոնի ներխուժումը Հուդա և առանձնահատուկ կերպով նշում, որ դա տեղի ունեցավ «[Հուդայի թագավոր] Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում», կամ՝ մ.թ.ա. 993թ.-ին (1 Թագավորներ 14։25–28; 2 Տարեգրություն 12։1–12)։ Երկար ժամանակ այս ներխուժման մասին կարելի էր իմանալ միայն Աստվածաշնչից։ Սակայն հետագայում Կառնակում (հին Թեբե) գտնվող եգիպտական մի տաճարում հայտնաբերվեց ցայտաքանդակ։

Ցայտաքանդակը պատկերում է Սիսակին՝ կանգնած Ամոն աստծու առաջ։ Նա բարձրացրել է իր ձեռքը՝ պատրաստ հարվածելու գերիներին։ Նաև վրան փորագրված են Իսրայելի նվաճված քաղաքների անունները, որոնցից շատերը համապատասխանում են աստվածաշնչյան տեղանքներին։ Այն նաև նշում է «Աբրահամի արտի» մասին. սա Աստվածաշնչում հիշատակվող Աբրահամ նահապետի մասին եգիպտական ամենավաղ արձանագրությունն է (Ծննդոց 25։7–10)։

Հստակ է ուրեմն, որ Աստվածաշունչը գրի առնողները հորինված բաներ չեն գրել։ Հասկանալով, որ հաշվետու են Աստծուն՝ նրանք ճշմարտությունն էին ներկայացնում, օրինակ՝ երբ գրում էին Հուդայում Սիսակի տարած հաղթանակների մասին։ Այդ մարդիկ երբեք չէին շեղվում ճշմարտությունից, նույնիսկ եթե այդպես վարվելով՝ պատիվ չէին բերում իրենց։ Այսպիսի անկեղծ նկարագրությունները կտրուկ հակադրվում են հին Եգիպտոսի դպիրների քողարկված, չափազանցված պատմություններին, քանի որ նրանք հրաժարվում էին գրել որևէ բան, ինչը կնվաստացներ իրենց ղեկավարներին ու ժողովրդին։

Վստահարժան մարգարեություն

Միայն Եհովա Աստված՝ Աստվածաշնչի Հեղինակը, կարող է անսխալ կերպով կանխագուշակել ապագան։ Նկատի առեք, օրինակ, թե ինչ մարգարեացավ Երեմիան եգիպտական երկու քաղաքների՝ Մեմփիսի ու Թեբեի մասին։ Մեմփիսը, կամ՝ Նոֆը, մի ժամանակ առևտրական, քաղաքական և կրոնական հայտնի կենտրոն էր։ Այնուհանդերձ, Աստված ասաց. «Նոֆը զարհուրելի տեսարան պիտի դառնա, պիտի այրվի ու առանց բնակչի մնա» (Երեմիա 46։19)։ Այդպես էլ եղավ։ Մի գրքում ասվում է, որ «Մեմփիսի հսկայական ավերակները» կողոպտվել են արաբ նվաճողների կողմից, որոնց շինարարության համար քարեր էին պետք։ Այնտեղ նշվում է նաև, որ այսօր «հին քաղաքի շրջակայքում մի քար անգամ չի երևում սև հողի վրա» (Steps of Moses the Lawgiver)։

Թեբեն, որը նախկինում կոչվում էր Նով-Ամոն կամ պարզապես Նով, իր անզոր աստվածների հետ նույն վախճանը ունեցավ։ Այս քաղաքի մասին, որը մի ժամանակ Եգիպտոսի մայրաքաղաքն էր և Ամոն աստծու երկրպագության գլխավոր կենտրոնը, Եհովան ասաց. «Ես պիտի պատժեմ.... Ամոնին, փարավոնին, Եգիպտոսին, նրա աստվածներին.... Նրանց պիտի մատնեմ.... Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը» (Երեմիա 46։25, 26)։ Ինչպես որ մարգարեացվել էր, Բաբելոնի թագավորը նվաճեց Եգիպտոսը և դրա նշանավոր քաղաք Նով-Ամոնը։ Իսկ այն բանից հետո, երբ պարսից արքա Կամբյուսես II-ը մ.թ.ա. 525թ.-ին ևս մեկ հարված հասցրեց քաղաքին, այն այլևս ուշքի չեկավ և ի վերջո ամբողջովին ավերվեց հռոմեացիների կողմից։ Այո՛, շնորհիվ ճշգրիտ մարգարեությունների Աստվածաշունչը առանձնանում է այլ գրքերից և վստահություն ներշնչում մեզ, որ ապագայի մասին խոսքերը կիրականանան։

Հույս, որին կարող ես հավատալ

Աստվածաշնչի առաջին մարգարեությունը գրել է Մովսեսը այն ժամանակ, երբ Եգիպտոսն էր աշխարհակալ ուժըb։ Ծննդոց 3։15-ում արձանագրված այդ մարգարեությունը նշում է, որ Աստված մի «սերունդ» է առաջ բերելու, որը ջախջախելու է Սատանային ու նրա «սերնդին»՝ նրանց, ովքեր որդեգրել են Սատանայի ամբարիշտ ճանապարհները (Հովհաննես 8։44; 1 Հովհաննես 3։8)։ Աստծու «սերնդի» գլխավոր մասը դարձավ Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը (Ղուկաս 2։9–14)։

Քրիստոսի թագավորությունը կտարածվի երկրով մեկ, և նա կվերացնի ամբարշտությունն ու մարդկային կառավարությունները։ Այլևս «մարդը մարդու վրա [չի իշխի] նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Ավելին, ինչպես որ հին ժամանակներում ապրող Հեսուն առաջնորդեց Իսրայելին Ավետյաց երկիր, այնպես էլ Հիսուսը ապահով կառաջնորդի աստվածավախ մարդկանց «մեծ բազմությանը» ավելի մեծ «Ավետյաց երկիր»՝ մաքրված երկիր, որն ամբողջությամբ կվերածվի դրախտի (Հայտնություն 7։9, 10, 14, 17; Ղուկաս 23։43)։

Այդ թանկագին հույսը մեզ հիշեցնում է մեկ այլ մարգարեություն, որը գրվել է հին Եգիպտոսի ժամանակներում։ Այդ մարգարեությունը, արձանագրված Հոբ 33։24, 25-ում, նշում է, որ Աստված հարության միջոցով կազատագրի մարդկանց նույնիսկ «փոսից»՝ գերեզմանից։ Այո՛, բացի նրանցից, ովքեր կվերապրեն ամբարիշտների գալիք կործանումից, մահվան քնով ննջած միլիոնավոր մարդիկ կյանքի կգան՝ ունենալով դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար (Գործեր 24։15)։ «Աստծու խորանը մարդկանց հետ է,— ասվում է Հայտնություն 21։3, 4-ում։— Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի»։

Վստահարժան պատմություն և մարգարեություն. այս թեման կշարունակվի հոդվածաշարի հաջորդ մասում, որում կխոսվի հին Ասորեստանի՝ Եգիպտոսին հաջորդող մյուս աշխարհակալ ուժի մասին։

[ծանոթագրություններ]

a Եթե չունեք Աստվածաշունչ, կարող եք խնդրել Եհովայի վկաներից՝ գրելով այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեներով։ Նաև www.watchtower.org կայքում ավելի քան 400 լեզուներով մատչելի է աստվածաշնչյան գրականություն։

b Ծննդոց 3։15-ում արձանագրված մարգարեությունը ասվեց Աստծու կողմից Եդեմի պարտեզում, իսկ հետագայում այն գրի առավ Մովսեսը։

[շրջանակ/​նկար 21-րդ էջի վրա]

ՄԵՐԵՆՊԹԻԻ ԿՈԹՈՂԸ

1896թ.-ին եգիպտական դամբարանում հնագետները հայտնաբերեցին այն, ինչ կոչվեց Մերենպթիի կոթող։ Այս գրանիտե սև սյան վրա փորագրված է Եգիպտոսի թագավոր Մերենպթիի նվաճումների մասին, որը, ասում են, թագավորել է մ.թ.ա. 13-րդ դարի վերջերում։ Կոթողի տեղեկությունը գովերգ է, որի մի մասը այսպես է հնչում. «Իսրայելը ավերվել է, նրա սերունդն այլևս չկա»։ Հին եգիպտական տեքստերում սա, բացի Աստվածաշնչից, միակ հայտնի և ամենավաղ հիշատակումն է Իսրայելի մասին։

Կոթողը պատրաստվել է աստվածաշնչյան ժամանակներում ապրած դատավորների օրերում՝ այն դարաշրջանում, որի մասին պատմվում է Աստծու Խոսքի համանուն գրքում։ Սակայն ի տարբերություն այն ժամանակագրության, որում գովաբանվում են փարավոնները՝ «Դատավորներ» գրքում շարադրված են թե՛ Իսրայելի սխրագործությունները, թե՛ ձախողումները։ Այդ անհաջողությունների մասին Դատավորներ 2։11, 12-ում գրված է. «Իսրայելի որդիները սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին. նրանք սկսեցին Բահաղներին [քանանական աստվածներին] ծառայել։ Այսպիսով նրանք թողեցին.... Եհովային, որը դուրս էր բերել նրանց Եգիպտոսից»։ Այսպիսի անկեղծություն կարելի է նկատել ողջ Աստվածաշնչում։

[թույլտվությամբ]

Todd Bolen/Bible Places.com

[նկար 22-րդ էջի վրա]

Արևի տակ չորացած աղյուսները, որոնք պատրաստված են ծղոտից, առ այսօր գործածվում են Եգիպտոսում

[նկար 22-րդ էջի վրա]

Եգիպտացիների սափրվելու պարագաներից՝ ածելի և հայելի

[նկար 22-րդ էջի վրա]

Իսրայելի նվաճված քաղաքների անունները փորագրված են Կառնակում գտնվող այս ցայտաքանդակի վրա

[նկար 22–րդ և 23-րդ էջերի վրա]

Այս ընկած վիթխարի արձանը, որը հայտնաբերվել է Մեմփիսի մոտակայքում, մի ժամանակ կանգնած է եղել իր ողջ բարձրությամբ՝ մոտ 12 մետր

[նկար 20-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Egypt, Pharaoh; and Rome, Nero: Photograph taken by courtesy of the British Museum; Medo-Persia, wall relief: Musée du Louvre, Paris

[նկար 22-րդ էջի վրա]

Shaving kit: © The Metropolitan Museum of Art/Art Resource, NY; Karnak relief: Pictorial Archive (Near Eastern History) Est.; Memphis statue: Courtesy Daniel Mayer/Creative Commons

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը