Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/11 էջ 10–11
  • Ինչպե՞ս խուսափել ավտովթարից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս խուսափել ավտովթարից
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արագության սահմանափակում, ամրագոտիներ, հաղորդագրություններ
  • Ճանապարհի անվտանգություն և մեքենայի տեխնիկական վիճակ
  • Խմել կամ վարել
  • Արժե՞ շարունակել տրանսպորտային միջոց վարել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2011 Արթնացե՛ք
g 7/11 էջ 10–11

Ինչպե՞ս խուսափել ավտովթարից

ԱՆԻՎՆԵՐԻ ճռռոց, մետաղի զմփոց, ապակու շրխկոց, մարդկանց ճիչեր... Այս ձայները հավանաբար ծանոթ են նրանց, ովքեր ավտովթարի են ենթարկվել։ Աշխարհի բնակչության վիճակագրական բյուրոն տեղեկացնում է, որ ամբողջ աշխարհում «ամեն տարի 1,2 միլիոն մարդ մահանում է ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ, իսկ 50 միլիոն մարդ տարբեր մարմնական վնասվածքներ է ստանում» (Population Reference Bureau)։

Սակայն անվտանգությանը ուշադրություն դարձնելը և ողջախոհություն ցուցաբերելը կարող են օգնել խուսափելու շատ վթարներից։ Տեսնենք, թե ինչպես։

Արագության սահմանափակում, ամրագոտիներ, հաղորդագրություններ

Որոշ ճանապարհներին արագությունը սահմանափակող նշանների ցուցանիշը կարող է շատ ցածր թվալ։ Սակայն սահմանված արագությունը գերազանցելով՝ առանձնապես շատ ժամանակ չես շահի։ Օրինակ՝ եթե 50 կմ ճանապարհը 90 կմ/ժ արագությամբ անցնելու փոխարեն անցնես 110 կմ/ժ արագությամբ, ապա կխնայես ընդամենը 6 րոպե։ Մի՞թե արժե այդ մի քանի րոպեի համար ռիսկի ենթարկել կյանքը։

Ամրագոտիները նախատեսված են անվտանգություն ապահովելու համար։ Միացյալ Նահանգներում կառավարությանն առընթեր մի գործակալության համաձայն՝ 2005–2009 թվականների ընթացքում ամրագոտիները փրկել են 72000 մարդու կյանք։ Կարո՞ղ է արդյոք անվտանգության բարձիկը փոխարինել ամրագոտուն։ Ո՛չ, այն պարզապես լրացնում է ամրագոտու պաշտպանիչ դերը։ Բայց եթե ամրագոտի չես կապել, անվտանգության բարձիկը կորցնում է իր նշանակությունը և նույնիսկ կարող է վտանգավոր լինել։ Ուստի ամրագոտի կապելը սովորություն դարձրու և խրախուսիր քո ուղևորներին նույնն անել։ Եվս մեկ զգուշացում. վարելիս երբեք տեքստային հաղորդագրություն մի՛ կարդա և մի՛ գրիր։

Ճանապարհի անվտանգություն և մեքենայի տեխնիկական վիճակ

Երբ ճանապարհը թաց է կամ ծածկված է փոշով, ավազով կամ խճով, մեքենայի անիվների կցորդումը ճանապարհի հետ թույլ է։ Դանդաղ վարելով՝ դու կնվազեցնես արգելակելու դեպքում անիվների սահելու հավանականությունը։ Եթե պարբերաբար մեքենա ես վարում ձյունածածկ կամ սառցապատ ճանապարհով, ապա անհրաժեշտ է ձեռք բերել ձմեռային անվադողեր։ Դրանց պահպանաշերտի նախշանկարի բարձրությունը ավելի մեծ է, ինչն ուժեղացնում է անիվների կցորդումը ճանապարհին։

Խաչմերուկները վտանգավոր են բոլոր վարորդների համար։ Մի մասնագետ խորհուրդ է տալիս խաչմերուկ մտնելուց առաջ մի քիչ սպասել, երբ վառվում է լուսացույցի կանաչ լույսը։ Ընդամենը մի փոքր համբերելով՝ կարող ես խուսափել այն մեքենայի հետ բախվելուց, որը գուցե չի կանգնել կարմիր լույսի տակ։

Մեքենան տեխնիկապես լավ վիճակում պահելը կարևոր դեր ունի վթարից խուսափելու հարցում։ Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե վարելիս արգելակները չաշխատեին։ Տեխնիկական խնդիրներից խուսափելու համար որոշ վարորդներ պարբերաբար իրենց մեքենան տանում են հմուտ արհեստավորի մոտ՝ տեխզննման։ Որոշ վարորդներ էլ նախընտրում են ինքնուրույն կատարել այդ աշխատանքը։ Ամեն դեպքում հարկավոր է համոզված լինել, որ քո մեքենան ենթարկվել է հարկ եղած զննման և վերացվել են բոլոր անսարքությունները։

Խմել կամ վարել

Վարորդները, որոնք թեև մեծ ուշադրություն են դարձնում մեքենայի անվտանգությանը, մեծ ռիսկի են դիմում, երբ ոգելից խմիչք օգտագործելուց հետո են նստում ղեկին։ 2008թ.-ին Միացյալ Նահանգներում ավելի քան 37000 մարդ մահացել է ավտովթարի հետևանքով։ Այդ վթարների մեկ երրորդի դեպքում վարորդները խմած են եղել։ Նույնիսկ շատ չնչին քանակությամբ ալկոհոլը կարող է բացասաբար անդրադառնալ քո վարորդական հմտության վրա։ Որոշ վարորդներ բոլորովին հրաժարվում են ալկոհոլ օգտագործելուց, եթե պետք է մեքենա վարեն։

Երթևեկության կանոններին հետևելով, ամրագոտի կապելով, մեքենան սարքին վիճակում պահելով և մեքենա վարելուց առաջ ալկոհոլ չօգտագործելով՝ կարող ես պաշտպանել թե՛ քո կյանքը, թե՛ ուրիշների։ Այս խորհուրդները կօգնեն քեզ խուսափելու ավտովթարից, եթե միայն հետևես դրանց։

[շրջանակ 11-րդ էջի վրա]

ՄԻ՛ ՆՍՏԻՐ ՂԵԿԻՆ, ԵՐԲ ՔՈՒՆԴ ՏԱՆՈՒՄ Է

«Մարդիկ պետք է հիշեն, որ մեքենա վարելիս քնատ լինելը հավասար է հարբած լինելուն»։ Այս պնդումը, որը ներկայացրել է քունը և դրա հետ կապված խնդիրները ուսումնասիրող մի կազմակերպություն (ԱՄՆ), ընդգծում է, թե որքան վտանգավոր է ընդարմացած վիճակում մեքենա վարել (National Sleep Foundation)։ Եթե քեզ մոտ նկատում ես հետևյալ նշանները, ապա այդպես ղեկին նստելը վտանգավոր կլինիa։

● Դժվարանում ես կենտրոնացնել ուշադրությունդ, հաճախ ես թարթում աչքերդ և զգում ես, որ կոպերդ ծանրացած են։

● Դժվարանում ես գլուխդ բարձր պահել։

● Անընդհատ հորանջում ես։

● Չես կարողանում հիշել անցածդ ճանապարհի վերջին մի քանի կիլոմետրը։

● Չես նկատում ճանապարհային նշանները կամ բաց ես թողնում քո ելքը։

● Շեղվում ես քո երթևեկության գոտուց, առջևիդ մեքենային շատ մոտ ես վարում կամ անիվներդ «հայտնվում» են ճամփեզրի դղրդացնող հատվածի վրա։

Նման դեպքերում խնդրիր մեկ ուրիշին վարել մեքենան կամ կանգնեցրու այն ապահով վայրում ու մի քիչ քնիր։ Ի վերջո, ավելի լավ է՝ մի փոքր ուշանաս, քան վտանգես քո և ուրիշների կյանքը։

[ծանոթագրություն]

a Ցուցակը տրամադրել է վերոնշյալ կազմակերպությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը