Աստվածաշնչի տեսակետը
Ի՞նչ նպատակ պետք է ունենան ծնողները
ՍՏՈՐԵՎ բերված տարբերակները կարդալով՝ ի՞նչ կուզեիք, որ ձեր երեխան դառնար.
Ա. ձեր կրկնօրինակը,
Բ. ըմբոստ, որի նպատակն է ձեր հակապատկերը դառնալ,
Գ. պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն, ով իմաստուն որոշումներ կկայացնի։
Թեպետ որոշ ծնողներ ընտրում են Գ տարբերակը, այնուամենայնիվ փորձում են ստիպել երեխաներին ընդօրինակել իրենց, և ստացվում է այնպես, որ նրանք կողմ են Ա տարբերակին։ Նրանք ուզում են ստիպել երեխաներին ընդունել իրենց արժեքները, օրինակ՝ թելադրելով, թե ինչպիսի կարիերայի ձգտեն։ Արդյունքում, հենց երեխան ինչ-որ չափով ազատություն է ձեռք բերում, վազում է հակառակ ուղղությամբ։ Ցավոք, շատ ծնողներ, ովքեր ցանում են Ա տարբերակը, հնձում են Բ տարբերակը։
Շուրջօրյա վերահսկողությունը անօգուտ է
Ինչ խոսք, դուք ցանկանում եք, որ ձեր երեխան դառնա պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն, ով իմաստուն որոշումներ կկայացնի։ Սակայն ինչպե՞ս կարող եք հասնել այդ նպատակին։ Պատասխանը շուրջօրյա վերահսկողությունը չէ։ Քննենք երկու պատճառ։
1. Շուրջօրյա վերահսկողությունը հակասուրբգրային է։ Եհովա Աստված մարդկանց ազատ կամքով է ստեղծել։ Նա թույլ է տալիս, որ մարդիկ իրենք ընտրեն իրենց կյանքի ուղին՝ ճիշտ կամ սխալ։ Օրինակ՝ երբ Կայենը իր եղբայր Աբելի հանդեպ լցված էր ուժգին ցասումով, Եհովան ասաց նրան. «Եթե բարին անես, մի՞թե չես բարձրանա իմ աչքում։ Բայց եթե բարին չանես, մեղքը մուտքի մոտ դարան մտած սպասում է և քեզ է փափագում. բայց արդյո՞ք դու կիշխես նրա վրա» (Ծննդոց 4։7)։
Ուշադրություն դարձրու, որ Կայենին հստակ խորհուրդ տալիս Եհովան չստիպեց նրան հնազանդվել իր խոսքին։ Կայենը ինքը պետք է ընտրեր՝ զսպել իր բարկությունը, թե ոչ։ Ի՞նչ կարելի է սովորել այս դեպքից։ Եթե Եհովան չի փորձում անընդհատ վերահսկել մարդկանց և ստիպել նրանց հնազանդվել իրեն, ուրեմն դուք էլ չպետք է փորձեք նույն կերպ վարվել ձեր երեխաների հետa։
2. Շուրջօրյա վերահսկողությունը հակառակ արդյունք է տալիս։ Պատկերացրեք, որ վաճառողը պարտադրում է ձեզ գնել ինչ-որ բան։ Որքան շատ է նա ստիպում ձեզ գնել այդ ապրանքը, այնքան ավելի հաստատակամորեն եք մերժում նրան։ Անգամ եթե դուք այդ ապրանքի կարիքը ունեք, չեք ուզում գնել, որովհետև նրա մոտեցումը վանում է ձեզ, և դուք ուզում եք ազատվել նրանից։
Նույն բանն է տեղի ունենում, երբ փորձում եք ստիպել երեխաներին ապրել ձեր արժեքների, համոզմունքների, նպատակների համաձայն։ Ի՞նչ եք կարծում, նրանք «կգնե՞ն ձեր ապրանքը»։ Դժվար թե։ Արդյունքը հակառակը կլինի, և դա պատճառ կդառնա, որ երեխան հակակրանք զարգացնի ձեր չափանիշների հանդեպ։ Շատ հաճախ ծնողների շուրջօրյա վերահսկողությունը անօգուտ է լինում։ Այդ դեպքում ի՞նչ կարող եք անել։
Երեխայի կյանքը ամբողջովին վերահսկելու և ձեր արժեքները նրան պարտադրելու փոխարեն՝ օգնեք հասկանալու, թե որքան իմաստուն է ճիշտ վարվելը։ Եթե քրիստոնյա եք, ցույց տվեք նրան, թե ինչպես Աստծու սկզբունքներով ապրելը ավելի մեծ բավականության զգացում կպատճառի նրան իր ողջ կյանքի ընթացքում (Եսայիա 48։17, 18)։
Նրան կրթելիս օրինակ թողեք։ Եղեք այնպիսին, ինչպիսին կուզեք, որ ձեր երեխան դառնա (1 Կորնթացիներ 11։1)։ Հստակ ցույց տվեք այն արժեքների կարևորությունը, որոնցով որոշել եք ապրել (Առակներ 4։11)։ Եթե երեխան սեր զարգացնի Աստծու և նրա չափանիշների հանդեպ, ապա իմաստուն որոշումներ կկայացնի, անգամ երբ դուք նրա կողքին չլինեք (Սաղմոս 119։97; Փիլիպպեցիներ 2։12)։
Հմտություններ զարգացրեք նրանց մեջ
Ինչպես այս պարբերագրի 2-րդ էջում է նշված, կգա մի օր, և հավանաբար շատ շուտով, երբ երեխան «կթողնի իր հորն ու մորը» (Ծննդոց 2։24)։ Որպես ծնող՝ դուք, անկասկած, ուզում եք համոզված լինել, որ ձեր երեխան ունի այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են չափահաս մարդուն։ Տեսնենք, թե ինչ հմտություններ կարող եք զարգացնել երեխայի մեջ, քանի դեռ նա ձեզ հետ է ապրում։
Լինել կազմակերպված տնային գործերում։ Կարո՞ղ է արդյոք ձեր երեխան ճաշ պատրաստել, լվանալ ու արդուկել իր շորերը, մաքուր ու կոկիկ պահել իր սենյակը, մեքենայի հետ կապված որոշ բաներ վերանորոգել։ Այսպիսի հմտություններ ձեռք բերելը կօգնի ձեր աղջկան կամ տղային ապագայում լինելու լավ կազմակերպված տնային գործերում։ Պողոս առաքյալն ասել է. «Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերը հոգացին իմ և ինձ հետ եղողների կարիքները» (Գործեր 20։34)։
Լավ փոխհարաբերություններ մարդկանց հետ։ (Հակոբոս 3։17) Ձեր երեխան կարողանո՞ւմ է ուրիշների հետ լեզու գտնել։ Կարողանո՞ւմ է խաղաղությամբ հարթել վեճերը։ Սովորեցրե՞լ եք նրան մարդկանց հարգանքով վերաբերվել և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթել (Եփեսացիներ 4։29, 31, 32)։ Աստվածաշունչն ասում է. «Պատվեք ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17)։
Փողը տնօրինելու հմտություն։ (Ղուկաս 14։28) Կարո՞ղ եք օգնել երեխային որևէ արհեստ սովորելու, բյուջե կազմելու, պարտքերից խուսափելու։ Սովորեցրե՞լ եք նրան անհրաժեշտ իրերի համար փող խնայել, խուսափել ցանկացած բան գնելուց ու գոհանալ անհրաժեշտ բաներով (Առակներ 22։7)։ Պողոսը գրեց. «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։
Այն պատանիները, ովքեր սովորում են ապրել ճիշտ արժեքներով և ձեռք են բերում օգտակար հմտություններ, պատրաստ են չափահասության։ Կարելի է ասել, որ նրանց ծնողները հասել են իրենց նպատակին (Առակներ 23։24)։
[ծանոթագրություն]
a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2011թ. փետրվարի 1-ի «Դիտարանը», էջ 18, 19։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Որպես ծնող՝ ի՞նչ նպատակ պետք է ունենաք (Եբրայեցիներ 5։14)։
● Երբ երեխան չափահաս դառնա, կլինի՞ պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն (Հեսու 24։15)։
[նկարներ 25-րդ էջի վրա]
Ի՞նչ կուզեիք, որ ձեր երեխան դառնար
Կրկնօրինակ
Ըմբոստ
Պատասխանատվության զգացում ունեցող