Ինտերնետային խարդախություն. սպառնո՞ւմ է քեզ
Ֆլորիդայում (ԱՄՆ) ապրող Ուիլյամը, որը նախկինում ուսուցիչ է եղել, ստացավ էլեկտրոնային մի նամակ։ Նա մտածեց, որ այդ նամակը ինտերնետային ծառայությունից է։ Այնտեղ ասվում էր, որ իր անձնական տվյալները կորել են։ Ուիլյամը նորից լրացրեց տվյալները և ուղարկեց։ Անտեղյակ լինելով՝ նա իր անձնական տվյալները իրականում ուղարկեց Շիվա անունով մի խարդախ մարդու, որն ապրում է Քուինսում (Նյու Յորք)։ Հաջորդ օրը Շիվան, օգտագործելով Ուիլյամի վարկաքարտի համարը, ինտերնետով գնեց տպագրման մի սարք, որով կարող էր կեղծ փաստաթղթեր պատրաստել։ Այս նամակը, որը ստացավ Ուիլյամը, Շիվայի ուղարկած 100000 նամակներից մեկն էր։ Հետազոտողները նշում են, որ մոտ հարյուր հոգի արձագանքել էր այդ նամակին և ընկել թակարդը։
56-ամյա մի կին, որն ապրում է Քվինսլենդում (Ավստրալիա), ինտերնետով սիրային կապի մեջ մտավ, ինչպես ինքն էր կարծում, Բրիտանիայում ապրող մի ինժեների հետ։ Նա 47000 դոլար ուղարկեց նրան։ Սակայն հետագայում պարզ դարձավ, որ այդ ինժեները Նիգերիայում ապրող 27 տարեկան մի խաբեբա տղա էa։
ՑԱՎՈՔ, ինտերնետային խարդախությունը այսօր շատ տարածված է։ Մի պարբերագրում «2010թ. ինտերնետային ցանցի վիճակը» վերնագրով հոդվածում ասվում էր. «Ինտերնետային վտանգները ավելի ու ավելի են անհանգստացնում, քանի որ ահռելի արագությամբ մեծանում են՝ միլիարդավոր դոլարների կորուստ պատճառելով սպառողներին։ Անցած տարվանից սկսած՝ վիրուսային հարձակումները նկատելիորեն աճել են։ Եվ միայն ԱՄՆ-ում ինտերնետից օգտվողների 40 տոկոսը վնաս է կրել։ Որոշ մարդիկ էլ տեղեկացրել են բազմաթիվ այլ վիրուսների մասին»։ Նախ քննենք, թե ինչ միջոցներով են հանցագործները գործում, հետո կտեսնենք, թե ինչպես կարող ես պաշտպանել քեզ։
Նրանց գործելակերպը
Ինտերնետային շատ խարդախություններ իրականացվում են էլեկտրոնային փոստի միջոցով։ Այն նամակը, որը ստացավ Ուիլյամը, կոչվում է «ֆիշինգ»։ Ինչպես խայծը, այնպես էլ ֆիշինգ նամակները «հրավիրում են» անհատին մուտքագրելու իր ծածկագիրը, վարկաքարտի համարը, բանկային հաշվեհամարի տվյալները իրական թվացող, բայց կեղծ վեբ կայքում։ Խաբեբաները կարող են ձեռք բերել քո էլեկտրոնային փոստի հասցեն՝ օգտագործելով համակարգչային մի ծրագիր, որը կոչվում է «e-mail extractor»։
Այսպիսի ֆիշինգ նամակներից մի քանիսը կարող են հասնել իրենց նպատակին նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես մուտքագրել քո տվյալները։ Նամակդ բացելը արդեն կարող է համակարգչիդ մեջ տեղադրել լրտեսածրագիրը։ Այս ծրագրերը գրանցում են համակարգչի մեջ կատարած քո բոլոր գործողությունները։ Օրինակ՝ դրանցից մի քանիսը գրանցում են քո ստեղնահարվածները՝ ծածկագիրդ և անձնական տվյալներդ գողանալու նպատակով։ Իսկ ուրիշներն էլ կարող են այնպես անել, որ դու հայտնվես իրական թվացող, բայց կեղծ վեբ կայքում։
Ինչ կարող ես անել
Զգույշ եղիր այն էլեկտրոնային նամակներից, որոնք կասկածելի հղումներ ունեն, քանի որ այդ հղումները բացելը երբեմն ներմուծում է մի ծրագիր, որը կոչվում է «Տրոյական ձի»։ Այն կարող է հնարավորություն տալ խաբեբաներին մուտք գործելու համակարգիչ՝ անձնական տվյալներիդ մեջ՝ առանց քո իմացության։ Ֆորումները, պոռնկագրական կայքերը, վեբ կայքերը, որոնք ծրագրեր են առաջարկում տարբեր անհայտ աղբյուրներից և սոցիալական ցանցերից, նույնպես միջավայրեր են, որտեղ խաբեբաները կորզում են անձնական տվյալներ և տեղադրում լրտեսածրագրեր՝ ինֆորմացիա գողանալու նպատակով։ Բացի այդ, զգույշ եղիր և երբեք մի՛ պատասխանիր այն նամակներին, որոնք աստղային թվեր են խոստանում։
Թերևս ստացել ես այսպիսի ազդանշան. «Համակարգիչդ ռիսկի տակ է։ Սեղմիր այստեղ՝ այն պաշտպանելու համար» կամ «Անվճար սկրինսեյվերներ։ Սեղմիր այստեղ»։ Եթե սեղմես, լրտեսածրագիրը կակտիվանա։
Հարկավոր է զգույշ լինել նաև այն դեպքում, երբ ինտերնետով աշխատանք ես փնտրում։ Խաբեբաները օգտագործում են կեղծ կայքեր՝ «գրանցման վճարը» և նույնիսկ քո ֆինանսական տվյալները ձեռք բերելու համար։
Այսօր գողերը այնքան խելացի են, որ կարող են իրենց համակարգչից մուտք գործել ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և գողանալ նրանց տվյալները։ Օրինակ՝ 2007թ. հունվարին հանցագործները մտան Միացյալ Նահանգներում գործող ֆիրմաներից մեկի համակարգչային ցանց և գողացան միլիոնավոր հաճախորդների, ինչպես նաև նրանց վարկաքարտերի տվյալները։ Իսկ Նիգերիայում հանցագործները ներխուժեցին մի քանի բանկերի տվյալների բազա և գողացան 1,5 միլիոն ծածկագիր՝ բանկոմատներից փող կորզելու նպատակով։ Այսօր կա նաև օնլայն սև շուկա, որտեղ անազնիվ աշխատողները ու հակերները վաճառում են գողացած վարկաքարտեր և նույնիսկ մարդկանց անձնական տվյալները։
[ծանոթագրություն]
a «Արթնացե՛ք» պարբերագրում խոսվում է ինտերնետով ժամադրվելու վտանգների մասին։ Տե՛ս 2005թ. ապրիլի 22-ի թողարկումը, էջ 16–18 և 2005թ. մայիսի 22-ի թողարկումը, էջ 12–14 (անգլ., ռուս.)։
[նկար 11-րդ էջի վրա]
Ֆիշինգ նամակներ։ Նամակներ, որոնք «հրավիրում են» քեզ մուտքագրելու քո ծածկագիրը, վարկաքարտի համարը, բանկային հաշվեհամարի տվյալները իրական թվացող, բայց կեղծ վեբ կայքում։
Լրտեսածրագիր։ Ծրագիր, որը հետևում է ցանցում կատարած քո գործողություններին։
Տրոյական ձի։ Ծրագիր, որը նախատեսված է քո համակարգչի անվտանգությունը պաշտպանելու համար, սակայն իրականում վնասակար ֆունկցիա է կատարում։
[շրջանակ/նկարներ 12 և 13-րդ էջերի վրա]
Զոհ մի՛ դարձիր
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ ՉԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԱ
1 Համոզվիր, որ համակարգչիդ արգելապատնեշը (firewall) միշտ միացված է, ինչպես նաև պարբերաբար թարմացվում են օպերացիոն համակարգը, աշխատածրագիրը և հակավիրուսային ծրագիրը։
2 Կանոնավորաբար պահեստավորիր (back up) ֆայլերդ և պահիր դրանց կրկնօրինակները ապահով տեղում։
3 Ողջամիտ եղիր։ Անմիջապես մի՛ վստահիր ինտերնետում տեղ գտած ինֆորմացիային։ Առակներ 14։15-ում գրված է. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը»։
4 Մի՛ եղիր ագահ (Ղուկաս 12։15)։ Զգույշ եղիր «անվճար» առաջարկներից կամ այն վեբ կայքերից, որոնք ապրանքներ են վաճառում չափազանց ցածր գնով։ Դա կարող է ֆիշինգ խայծ լինել։
5 Զգույշ եղիր անծանոթ նամակներից կամ «ակնթարթային» հաղորդագրություններից, հատկապես եթե դրանք ունեն հղումներ կամ «հրավիրում են» քեզ գրանցելու քո անձնական տվյալները, օրինակ՝ ծածկագիրը (Առակներ 11։15)։
6 Ընտրիր այնպիսի ծածկագրեր, որոնք դժվար է միանգամից կռահել։ Պարբերաբար փոխիր ծածկագիրդ և միևնույն ծածկագիրը տարբեր հաշիվների համար մի՛ օգտագործիր։
7 Միայն վստահելի և ապահով վեբ կայքերում գրանցիր քո վարկաքարտի կամ բանկային տվյալները։
8 Համոզվիր, որ ճիշտ ես հավաքում վեբ կայքի հասցեն, հատկապես երբ գործ ունես բանկի հետ։ Մեկ տառասխալի պատճառով կարող ես հայտնվել կեղծ վեբ կայքում։
9 Օգտագործիր պաշտպանված (encrypted) ուղիներ, երբ փոխանցում ես վարկաքարտիդ տվյալները և գործդ ավարտելուց հետո փակիր այդ կայքը։
10 Պարբերաբար ստուգիր վարկաքարտով կատարած ծախսերդ և բանկից ստացած տեղեկագրերը։ Հենց որ տարօրինակ բան նկատես, անմիջապես կապ հաստատիր տվյալ հաստատության հետ։
11 Զգույշ եղիր ոչ ապահով, անլար ցանցերից (Wi-Fi) օգտվելիս, քանի որ խաբեբաները կարող են գողանալ քո տեղեկությունները, ինչի հետևանքով կհայտնվես կեղծ վեբ կայքում։
12 Ասա՝ ո՛չ հետևյալ հարցին. «Հիշե՞լ այս ծածկագիրը»։ Տրոյական ձին կարող է հավաքել քո պահած ծածկագրերը։