Կարո՞ղ են փրկվել ոչնչացումից
ՄԻԱՎՈՐՎԱԾ ազգերի կազմակերպությունը 2002թ.-ին հայտարարեց, որ մինչև տասնամյակի վերջը կենդանիների անհետացող տեսակներին ու էկոհամակարգերին սպառնացող վտանգը կնվազի։ Ուստի 2010թ. համարվելու էր կենսաբազմազանության միջազգային տարի։
Ցավոք, նշված տարում այդ նպատակը այդպես էլ չիրականացավ։ Բի-Բի-Սի ընկերությունը նշել է. «Մարդու գործունեության հետևանքով 1000 անգամ ավելի շատ տեսակներ են անհետանում, քան առանց մարդու միջամտության»։ Իսկ «Նյու Զելանդ Հերալդ» թերթը ավելի կոնկրետ է գրել. «Այսօր ամբողջ աշխարհում հինգ բույսերից մեկը, հինգ կաթնասուններից մեկը, յոթ թռչուններից մեկը, երեք երկկենցաղներից մեկը ոչնչացման վտանգի առաջ են կանգնած»։ Այս խնդիրը ավելի ակնհայտ է դառնում, երբ քննում ենք, թե ինչ է տեղի ունեցել դարերի ընթացքում Նոր Զելանդիայում։
Կենսաբազմազանությունը Նոր Զելանդիայում
Նախքան Նոր Զելանդիայում մարդկանց բնակվելը էկոհամակարգը հիանալի վիճակում էր։ Սակայն վաղ բնակիչները կենդանիների այնպիսի տեսակներ բերեցին երկիր, որոնք ավերիչ ազդեցություն թողեցին կենդանական աշխարհի վրա։ Օրինակ՝ մաորիները, Խաղաղ օվկիանոսն անցնելով, իրենց հետ բերեցին շներ և հավանաբար պոլինեզական առնետներ՝ որպես կերակուր օգտագործելու համար։
Այնուհետև 17 և 18-րդ դարերում եկան եվրոպացիները և բերեցին սև առնետներ, մկներ ու կատուներ։ Կատուները կարճ ժամանակում վայրի դարձան։ Որպես կերակուր՝ նրանք բերեցին նաև այծեր, խոզեր և եղնիկներ։ Իսկ 19-րդ դարի ընթացքում ուտելու և մորթի ունենալու համար օպոսում և ճագար բերեցին՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչ ազդեցություն դրանք կթողնեն թռչունների և բուսականության վրա։
Մինչև 1860թ. ճագարները այնքան էին շատացել, որ դրանց դեմ պայքարելու նպատակով սպիտակ կզաքիս բերեցին։ Սակայն կզաքիսը որսում էր ավելի դանդաղ թռչող և թույլ թռչունների։ Այդ պատճառով ճագարների թիվը շարունակեց աճել։
Նոր Զելանդիայի Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր խախտված էկոհամակարգի հետևանքով վայրի բնության մեջ ծնված դարչնագույն կիվիի 10 ձագերից 9-ը սատկում են մինչև մեկ տարեկան դառնալը։ Բազմաթիվ տեսակներ արդեն ամբողջովին անհետացել են՝ ավելի քան 40 տեսակի թռչուններ, 3 տեսակի գորտեր, 1 տեսակի չղջիկ, առնվազն 3 տեսակի մողես, ինչպես նաև մի շարք միջատների տեսակներ։ Նոր Զելանդիան համարվում է ամենամեծ ռիսկի տակ գտնվող կենդանական աշխարհն ունեցող երկիրը, քանի որ 5819 տեսակի բույսերի ու կենդանիների կեսից ավելին ոչնչացման սպառնալիքի տակ է։
Դրական արդյունքներ
Պետական կազմակերպությունները աչալուրջ են, որպեսզի կանխեն վնասակար ազդեցություն թողնող բույսերի և կենդանիների ներմուծումը երկիր։ Ավելին, Բնապահպանության նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է կազմել վնասատուներին ոչնչացնելու նպատակով, հատկապես կղզիներում։ Այն նաև հիմնել է արգելանոցներ։
Այդ կղզիներից է Տիրիտիրի Մաթանգին, որը գտնվում է Օքլենդի Վանգապարաոա թերակղզուց այն կողմ։ 1993թ.-ին այդ տարածքը մաքրեցին առնետներից և այնտեղ նորից տնկեցին այդ երկրում աճող մոտ 280000 ծառեր։ Այժմ տարածքը վերահսկվող բաց արգելանոց է, որտեղ այցելուները կարող են լսել թռչունների դայլայլը և տեսնել այնպիսի տեսակներ, որոնք կրկին երկիր են բերվել։ Դրանցից են հազվադեպ հանդիպող տիեկե, տակահե, կոկակո, ցախսարեկ և հիհի տեսակի թռչունները։ Այժմ այցելուները հնարավորություն ունեն մոտիկից զմայլվելու այս հիասքանչ ստեղծագործություններով, որոնք բարգավաճում են անվտանգ միջավայրում։
2003թ.-ին հայտարարվեց, որ Անտարկտիկայի հյուսիսային մասում գտնվող Քեմպբել կղզին երկու տարվա պայքարից հետո մաքրվել է առնետներից։ Այդ ժամանակից սկսած՝ տեղի բուսական աշխարհը վերականգնվում է, վերադառնում են նաև ծովային թռչունները։ Նույնիսկ կարելի է տեսնել քեմպբելական մրտիմ, որը բադի հազվագյուտ տեսակ է։
Վերջերս Ռանգիտոտո և Մոտուտապու կղզիներում, ինչպես նաև Օքլենդի Հաուրակի ծոցում գործի դրվեց վերականգնողական մի մեծ ծրագիր։ Այս ծրագրի նպատակն է պաշտպանել աշխարհի ամենամեծ Պոհուտուկավա անտառը և պահպանել վերականգնված կենդանական աշխարհը։ Որոշ վնասատուների, օրինակ՝ ճագարների, սպիտակ կզաքիսների, ոզնիների, վայրի կատուների, մոխրագույն ու սև նորվեգական առնետների և մկների վերացնելուց հետո կղզիներում կրկին ի հայտ եկան մեկ դար կորած համարվող կակարիկ թութակները և թռչուն-ժամհարները։
Այս օրինակները ցույց են տալիս, թե անցյալում շրջակա միջավայրի հետ կապված ինչպիսի անհեռատես սխալներ են թույլ տրվել և ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ոչնչացող տեսակները փրկելու համար։ Բնաշխարհը սիրողները կարող են հատկապես ուշադրություն դարձնել աստվածաշնչյան այն խոստմանը, որ Եհովա Աստված՝ «երկինքն ու երկիրը Ստեղծողը», վերջ կդնի մարդկանց կործանարար գործերին, որոնք վնաս են հասցնում երկրին, այդ թվում նաև կենդանական աշխարհին (Սաղմոս 115։15; Հայտնություն 21։5)։
[մեջբերում 25-րդ էջի վրա]
Այսօր կիվիի 10 ձագերից 9-ը մեկ տարի էլ չի ապրում
[շրջանակ 26-րդ էջի վրա]
ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՕԳՏՎԵԼ ՌԵՍՈՒՍՆԵՐԻՑ
Ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի պահպանման ոլորտի մասնագետները բախվում են հետևյալ խնդրին. ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների ու բույսերի տեսակների թիվը գնալով մեծանում է, սակայն խնդիրը լուծելու համար առկա ռեսուրսները սահմանափակ են։ Խնդրի լուծման մեթոդներից մեկը հայտնի է որպես շրջակա միջավայրի պահպանման «տրիաժ», ինչը հիմնված է տեսակավորման արդեն իսկ հաստատված սկզբունքի վրա, որը ողջ աշխարհում կիրառվում է հիվանդանոցների շտապ օգնության բաժնում։ Հայտնի է նաև էկոլոգիական «տրիաժ» անվանումը։ Այն է՝ ռեսուրսները ճիշտ օգտագործել՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են 1) բնական միջավայրի և տեսակների արժեքը, 2) հաջողության հասնելու շանսերը, 3) ծախսերը։ Թեև ոչ բոլորն են համաձայն այս մոտեցմանը, սակայն կողմնակիցները ասում են, որ եթե մարդկանց ուշադրությունը կենտրոնացվի լավագույն արդյունքներ ստանալու ուղղությամբ, դա կօգնի լավագույնս օգտվելու սահմանափակ ռեսուրսներից։
[քարտեզ 26-րդ էջի վրա]
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
Հաուրակի ծոց
Տիրիտիրի Մաթանգի կղզի
Ռանգիտոտո և Մոտուտապու
Քեմպբել կղզի
[նկար 25-րդ էջի վրա]
Դարչնագույն կիվի
[նկար 27-րդ էջի վրա]
Տակահե թռչունը Տիրիտիրի Մաթանգի կղզում
[նկար 27-րդ էջի վրա]
Քեմպբել կղզին
[նկար 25-րդ էջի վրա. թույլտվությամբ]
© S Sailer/A Sailer/age fotostock
[նկար 27-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Takahe: © FLPA/Terry Whittaker/age fotostock; Campbell Island: © Frans Lanting/CORBIS