Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/12 էջ 10–12
  • Զրահապատ խորտիկ ձեր ճաշի սեղանին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զրահապատ խորտիկ ձեր ճաշի սեղանին
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես որսալ ծովախեցգետին
  • Ձկնորսական գործը Գալիլեայում
    2009 Դիտարան
  • Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. ձկնորսություն
    2012 Դիտարան
  • Ինչու են ցանցերը դատարկ
    2009 Արթնացե՛ք
  • «Ահա՛ մենք, մե՛զ ուղարկեք»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 7/12 էջ 10–12

Զրահապատ խորտիկ ձեր ճաշի սեղանին

Նյու Յորքի ռեստորաններից մեկում մի խումբ քաղցած հաճախորդներ ըմբոշխնում են իրենց ուտելիքը։ Հատուկ գործիքներով նրանք հմտորեն բացում են իրենց առջև դրված կենդանու զրահը։ Անտեսելով շարժական աչքերը, որոնք ափսեից պլշած նայում են, նրանք ախորժակով համտեսում են նրա նուրբ միսը։ Իսկ ի՞նչ են ուտում։ Զրահապատ խորտիկ, որին անվանում են ծովախեցգետին։

ԾՈՎԱԽԵՑԳԵՏՆԻ միսը մի ժամանակ չէր գնահատվում։ 1700-ականներին Ամերիկայի հյուսիս-արևելյան ափերը լեցուն էին ծովախեցգետիններով։ Խեցգետնակերպերի ընտանիքին պատկանող այս կենդանիներին բռնում էին և որպես պարարտանյութ՝ լցնում դաշտերում։ Նրանց օգտագործում էին նաև որպես ձուկ որսալու խայծ։ Բացի այդ, այս կենդանիները բանտարկյալների հիմնական կերակուրն էին։ Ծովախեցգետիններն այնքան սովորական բան էին, որ նույնիսկ այդ տարածքում ապրող մի խումբ վարձու ծառաներ դատ շահեցին, և ըստ դատավճռի՝ նրանց շաբաթը երեք անգամից ավել չէին կերակրելու ծովախեցգետնով։

Ի տարբերություն նրանց՝ հեռավոր քաղաքի բնակիչների համար ծովախեցգետինը հազվադեպ խորտիկ էր։ Ինչո՞ւ։ Քանի որ սատկած վիճակում ծովախեցգետինն արագ հոտում է և հնարավոր չէ նույնիսկ աղով կամ չորացնելով պահել այն։ 1800-ականների կեսերին, սակայն, արտադրողները սկսեցին պահածոյացնել, և ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեցան վայելելու այս նրբահամ միսը։ Իսկ ավելի ուշ երկաթուղային ճանապարհների ստեղծումը հնարավորություն տվեց կենդանի ծովախեցգետիններ առաքելու ողջ Ամերիկայում, ինչի արդյունքում պահանջարկը կտրուկ աճեց։ Այդուհանդերձ, կենդանի ծովախեցգետին առաքելը թանկ էր, հետևաբար այդ թանկ հաճույքից օգտվում էին միայն հարուստները։

Այսօր ձկնորսները աշխարհի տարբեր ափերում բազմազան ծովախեցգետիններ են որսում։ Ամերիկյան ծովախեցգետին կարելի է որսալ Ատլանտյան օվկիանոսում՝ սկսած Նյուֆաունդլենդից մինչև Հյուսիսային Կարոլինա։ Սակայն ծովախեցգետինների հիմնական աղբյուրը Ամերիկայի հյուսիս-արևելքում գտնվող Մեն նահանգն է։ Այստեղից եփած կամ կենդանի ծովախեցգետիններ են արտահանում աշխարհի տարբեր ծայրեր։ Ընդամենը մեկ օդանավով կարելի է փոխադրել մոտ 36000 կիլոգրամ ծովախեցգետին։

Սովորաբար սնունդ արտադրող խոշոր ընկերությունները իրենց ապրանքը արտահանում են աշխարհով մեկ։ Սակայն պարագան նույնը չէ ծովախացգետնի դեպքում։ Մեծ մասամբ ծովախեցգետին որսացողները անհատ ձեռներեցներ են։ Նրանք արհեստականորեն չեն աճեցնում ծովախեցգետին, այլ ուղևորվում են նրա բնակավայր, այս պարագայում Ատլանտյան օվկիանոս։

Ինչպես որսալ ծովախեցգետին

Իսկ ինչպե՞ս են ծովախեցգետին որսում։ Այս հարցին պատասխանելու համար «Արթնացե՛ք»-ը դիմեց Ջեկին, որը ծովախեցգետին որսացողների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նա սկսեց ձկնորսությամբ զբաղվել 17 տարեկանում Բար Հարբորում (Մեն), այն նույն տեղանքում, որտեղ իր պապիկի հայրն էր որսացել։ Ջեկի կինը՝ Անիտան, նույնպես այս բիզնեսի մեջ է։ Նա ասում է. «Ամուսնանալով՝ ես դարձա թե՛ կին, թե՛ ձկնորսուհի։ Երկու տարի Ջեկի աշակերտն էի նրա նավում, իսկ հետո իմ սեփական նավը ձեռք բերեցի»։

Ինչպե՞ս են Ջեկն ու Անիտան ծուղակը գցում ծովախեցգետիններին։ Անիտան բացատրում է. «Մենք վերցնում ենք ծովախացգետնի համար նախատեսված հատուկ մետաղյա մի վանդակ, որը փոքր դռնակ ունի, և դրա մեջ դնում ենք խայծերով, հաճախ ծովատառեխով լեցուն ցանցավոր տոպրակ»։ Որսացողները յուրաքանչյուր վանդակը պարանով ամրացնում են խութանշանին։ «Ամեն մի խութանշանը ներկում ենք տարբեր գույներով՝ դրանք զանազանելու համար»— ավելացնում է Անիտան։

Երբ վանդակը ջուրն են իջեցնում, այն սուզվում է մինչև օվկիանոսի հատակը, իսկ գունավոր խութանշանը ծածանվում է մակերեսի վրա, ինչը հնարավորություն է տալիս ձկնորսներին արագ գտնելու իրենց վանդակի տեղը։ Անիտան պատմում է. «Մենք թողնում ենք, որ վանդակները մի քանի օր մնան ջրի տակ, հետո վերադառնում ենք և նավ բարձրացնում։ Եթե ծովախեցգետին կա ներսում, հանում ենք ու չափում»։ Ջեկի և Անիտայի նման բարեխիղճ ձկնորսները փոքր ծովախեցգետիններին օվկիանոս են վերադարձնում։ Որոշ էգ ծովախեցգետինների նույնպես ազատ են արձակում՝ սերունդ առաջ բերելու համար։

Հետո որսացողները գնում են մոտակա ծովափեր՝ վաճառելու իրենց «բերքը»։ Չնայած ոմանք կոլեկտիվ են աշխատում, այնուամենայնիվ այս աշխատանքը պայմանագրային չէ, ծովափերում հաճախ կարելի է տեսնել տեղի որսացողների, որոնք խեցգետինը վաճառում են տեղի վերավաճառողներին։ Ինչպես արդեն նշվեց, ծովախեցգետին մեծ մասամբ արհեստական ձևով չեն աճեցնում։ Որոշ ծովախեցգետին որսացողներ թույլտվություն ունեն հղի ծովախեցգետիններ բերելու և ձագեր ունենալուց հետո մի կարճ ժամանակ նրանց մեծացնելու և այնուհետև օվկիանոս վերադարձնելու։ Այս մեթոդի շնորհիվ հավանականությունը ավելի մեծ է, որ ծովախեցգետինները կենդանի կմնան։

Գուցե ծովախեցգետին որսալը ամենահեշտ ձևը չէ ապրուստ հայթայթելու համար կամ ամենալավ ձևը չէ հարստանալու, սակայն ձկնորսները միանշանակ կխոսեն այլ օրհնությունների մասին. սեփական փոքր բիզնես ունենալու առավելություն, տեղանքի և ընտանեկան ավանդույթը շարունակելու միջոց և այն բավականության զգացումը, որ գալիս է ծովափին ապրելուց և աշխատելուց։ Բայց ամենակարևորը, նրանք հաճելի զգացում են ունենում այն բանի գիտակցումից, որ իրենց թանկ որսը՝ զրահապատ խորտիկը, ըմբոշխնելու են քաղցած սիրահարները ամբողջ աշխարհում։

[շրջանակ/նկար 12-րդ էջի վրա]

ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԳՈՐԾ Է

Թվում է, թե այս գործը անվտանգ զբաղմունք է։ Բայց իրականում այդպես չէ։ Պրոֆեսիոնալ անվտանգության և առողջության ազգային ինստիտուտը (NIOSH) նշում է, որ «1993–1997թթ.-ին Մենում ծովախեցգետին որսալու արտոնագիր ունեցող 100000 աշխատողներից 14-ը մահացել է հենց գործի ժամանակ. այս թիվը 2,5 անգամ ավելի մեծ է երկրում գործի ժամանակ մահացած բոլոր աշխատողների միջին թվից (100 000 աշխատողներից մահացել է 4,8)»։

Պրոֆեսիոնալ անվտանգության և առողջության ազգային ինստիտուտի տեղեկության համաձայն՝ ԱՄՆ-ի առափնյա պահպանության հետազոտության արդյունքում պարզվեց, որ «ծովախեցգետին որսացողները հաճախ վանդակը իջեցնելիս խճճվում են պարանով և ընկնում են ջուրը ու խեղդվում, քանի որ չեն կարողանում իրենց ազատել պարանից կամ էլ ի վիճակի չեն լինում նորից նավ բարձրանալու»։ 1999–2000թթ.-ին 103 ծովախեցգետին որսացողների հետ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ 4-ից 3-ը ինչ-որ ձևով խճճվում են պարանով, թեպետ միշտ չէ, որ ընկնում են ջուրը։ Այդ պատճառով անվտանգության միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի ծովախեցգետին որսացողները կա՛մ գործիք ունենան իրենց ձեռքին՝ պարանը կտրելու համար, կա՛մ նախապես կանխեն խճճվելու հավանականությունը։

[նկարներ 11 և 12-րդ էջերի վրա]

1. Ջեկը նավ է բարձրացնում վանդակը

2. Անիտան ու Ջեկը վանդակի փոքր դռնակից հանում են ծովախեցգետիններին

3. Հետո ծովախեցգետինը չափում են հատուկ չափիչով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը