Ովքե՞ր են նրանք
Եհովայի Վկաների ցանկությունն է, որ դուք նրանց հետ ավելի լավ ծանոթանաք։ Գուցե նրանցից մեկը ձեր հարևանը լինի կամ գործընկերը, նրանց հետ, թերևս, շփվեք ձեր ամենօրյա գործունեության ընթացքում։ Կամ նրանց, հավանաբար, տեսել եք փողոցում՝ անցորդներին իրենց պարբերագրերն առաջարկելիս։ Կամ էլ նրանց հետ կարճատև զրույց եք ունեցել ձեր դռան մոտ։
Իրականում, Եհովայի Վկաները հետաքրքրվում են ձեզանով և ձեր բարօրությամբ։ Նրանք ցանկանում են ձեր բարեկամները դառնալ և ձեզ ավելին պատմել իրենց, իրենց հավատալիքների և կազմակերպության մասին և հայտնել իրենց կարծիքը մարդկանց ու այս աշխարհի մասին, որտեղ բոլորս ապրում ենք։ Այդ նպատակով էլ նրանք ձեզ համար պատրաստել են սույն բրոշյուրը։
Հիմնականում, Եհովայի Վկաները բոլորի նման են։ Նրանք իրենց տնտեսական, ֆիզիկական, զգացական պրոբլեմներն ունեն։ Երբեմն նրանք սխալներ են գործում, քանի որ կատարյալ չեն, ոչ էլ՝ ներշնչված կամ անթերի։ Սակայն նրանք աշխատում են սեփական փորձից խրատվել և ջանասիրությամբ ուսումնասիրում են Աստվածաշունչը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուղղումներ մտցնեն իրենց կյանքում։ Նրանք իրենց նվիրել են Աստծուն նրա կամքը կատարելու համար և ձգտում են այդ նվիրման համաձայն ապրել։ Իրենց բոլոր գործերում նրանք որոնում են Աստծու Խոսքի և նրա սուրբ հոգու առաջնորդությունը։
Նրանք անհրաժեշտ են համարում, որ իրենց համոզմունքները հիմնվեն ոչ թե սոսկ մարդկային գաղափարների կամ կրոնական դավանանքների վրա, այլ՝ Աստվածաշնչի։ Նրանք համամիտ են Պողոս առաքյալի հետ, որը ներշնչված գրեց. «Թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ» (Հռովմայեցիս 3։4, ԷԹa)։ Այն ուսմունքներին, որոնք ներկայացված են որպես աստվածաշնչային ճշմարտություն, նրանք մոտենում են ճիշտ այնպես, ինչպես մոտենում էին բերիացիները, երբ լսում էին Պողոսի քարոզը. «Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են» (Գործք 17։11)։ Եհովայի Վկաները համոզված են, որ որևէ կրոնական ուսմունք, լինի դա իրենց ներկայացրածը կամ՝ ուրիշի, հարկավոր է ստուգման ենթարկել, արդյոք համաձայնո՞ւմ է այն Սուրբ Գրքին։ Նրանք ձեզ առաջարկում են, նույնիսկ հորդորում այդ անել՝ իրենց հետ զրուցելիս։
Հետևաբար, Եհովայի Վկաները հավատում են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Վերջինիս մեջ մտնող 66 գրքերը նրանք համարում են Աստծո ներշնչմամբ գրված և պատմական տեսակետից ճշգրիտ։ Այսպես կոչված Նոր կտակարանը նրանք անվանում են Քրիստոնեական հունարեն գրություններ, իսկ Հին կտակարանը՝ Եբրայերեն գրություններ։ Նրանք հիմնվում են թե՛ Հունարեն, թե՛ Եբրայերեն գրությունների վրա, որոնք ընդունում են բառացի, բացառությամբ այն տեղերի, որտեղ քննվող արտահայտություններից կամ կոնտեքստից ակներևաբար երևում է դրանց պատկերավոր կամ խորհրդանշանակ իմաստ ունենալը։ Նրանք գիտակցում են, որ Աստվածաշնչի մարգարեություններից շատերը կատարվել են, մի քանիսը կատարվում են, իսկ մյուսներն էլ կատարվելու են։
ՆՐԱՆՑ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Եհովայի Վկանե՞ր։ Այո, այդպես են նրանք իրենց կոչում։ Այդ անվանումը նկարագրական է, այն ցույց է տալիս, որ նրանք վկայում են Եհովայի, նրա աստվածության և նպատակների մասին։ «Աստված», «Տեր» կամ «Արարիչ» բառերը, ինչպես նաև «նախագահ», «թագավոր» կամ «զորավար», ընդամենը տիտղոսներ են, դրանք գործածվում են տարբեր նշանավոր անձեր մատնանշելու համար։ Իսկ «Եհովա»–ն անձնական անուն է, այն մատնացույց է անում ամենակարող Աստծուն՝ տիեզերքի Արարչին։ Սաղմոս 83։18–ում հաստատվում է. «[Թող] իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։
Եհովա անունը (կամ Յահվե, որը նախընտրում են կաթոլիկ «Երուսաղեմի Աստվածաշունչը» [«Jerusalem Bible»] և մի քանի ժամանակակից գիտնականներ) հանդիպում է համարյա 7000 անգամ Եբրայերեն գրությունների բնագրում։ Անունը, որպես այդպիսին, բացակայում է Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններից, քանի որ փոխարինվել է «Տէր» կամ «Աստուած» բառերով։ Սակայն, նույնիսկ այդպիսի թարգմանություններում սովորաբար ճանաչելի են այն տեղերը, որտեղ բնագիրն ունի Եհովա անունը, որովհետև փոխարինող բառերը գրված են մեծատառերով. ՏԷՐ կամ ԱՍՏՈՒԱԾ։ Այնուամենայնիվ, մի քանի նոր թարգմանություններում անունը գործածվում է Եհովա կամ Յահվե ձևով։ Այսպիսով, Աստվածաշնչի անգլերեն «Նոր աշխարհ թարգմանություն»–ում Եսայիա 42։8–ում կարդում ենք. «Ես եմ Եհովան. սա է իմ անունը»։
Իրենց անունը Եհովայի Վկաները վերցրել են Աստվածաշնչի Եսայիա 43–րդ գլխի հաղորդագրությունից։ Այնտեղ համաշխարհային բեմը ներկայացված է որպես դատական նիստ. ազգային աստվածներին առաջարկված է վկաներ հրավիրել իրենց ճշմարիտ լինելը հաստատելու համար, կամ թե Եհովայի կողմնակից վկաներին լսել և ընդունել ճշմարտությունը։ Այդ պահին Եհովան հայտարարում է իր ժողովրդին. «Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. որպէսզի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։ Ես՝ ես եմ Եհովայ. եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ» (Եսայիա 43։10, 11)։
Հիսուսից առաջ, հազարամյակների ընթացքում Եհովա Աստվածը երկրագնդի վրա վկաներ է ունեցել։ Եբրայեցիս 11–րդ գլխում թվարկվում են նրանցից մի քանիսը, ապա 12։1–ում ասվում է. «Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ»։ Հիսուսը Պոնտացի Պիղատոսի առջև հայտարարեց. «Ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ»։ Նա կոչված է «հաւատարիմ եւ ճշմարիտ վկան» (Յովհաննէս 18։37; Յայտնութիւն 3։14)։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։
Ուրեմն, ավելի քան 5000000 մարդ, որոնք մեր օրերում 230–ից ավելի երկրներում ավետում են Հիսուսի գլխավորությամբ Եհովայի Թագավորության մասին ուրախալի լուրը, պատշաճ են համարում իրենց Եհովայի Վկաներ կոչելը։
[Ծանոթագրություններ]
a Եթե նշված չէ, սույն բրոշյուրի Եբրայերեն գրություններից մեջբերումները վերցված են Աստվածաշնչի 1991թ.–ի «Արարատ» վերահրատարակությունից (ԱՏ), իսկ Հունարեն գրությունները՝ Էջմիածնի 1994թ.–ի հրատարակությունից (ԷԹ)։ ՆԱ հապավումը նշանակում է, որ այն թարգմանված է անգլերեն հրատարակված «Սուրբ գրությունների Նոր աշխարհ թարգմանության» մեջբերումներով հրատարակությունից։
[3 էջի վրայի ներդիրը]
Նրանք հետաքրքրվում են ձեզանով
[3 էջի վրայի ներդիրը]
Նրանք իրենց նվիրել են Աստծուն նրա կամքը կատարելու համար
[4 էջի վրայի ներդիրը]
Նրանք հավատում են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է
[4 էջի վրայի ներդիրը]
Աստծու անձնական անունը հին եբրայերենով
[5 էջի վրայի ներդիրը]
Անունը դատական նիստի կապակցությամբ
[5 էջի վրայի ներդիրը]
Ավելի քան 5000000 Վկա 230–ից ավելի երկրներում