Արյունը՝ կյանքի նախապայման
Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը։ Անկասկած, այս հարցը կհետաքրքրի ձեզ. չէ՞ որ արյունը առնչություն ունի ձեր կյանքի հետ։ Այն թթվածին է տարածում ձեր մարմնով մեկ, հեռացնում է ածխաթթու գազը, օգնում է ձեզ հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին և պայքարել հիվանդության դեմ։
Արյան և կյանքի միջև գոյություն ունեցող կապը մարդկանց հայտնի է դարձել դեռևս հնուց՝ շատ ավելի առաջ այն դեպքից, երբ 1628 թ.–ին Ուիլյամ Հարվեյը նկարագրեց արյան շրջանառության համակարգը։ Հիմնական կրոնական ուղղությունները իրենց բարոյական չափանիշների հիմքն են համարում Արարչին՝ մեր Կյանքի Աղբյուրին, որն արտահայտել է իր տեսակետը կյանքի և արյան վերաբերյալ։ Նրա մասին հրեական և քրիստոնեական օրենքի մի մասնագետ ասաց. «Նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։ Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք»։a
Կյանքի այդ Աղբյուրին հավատացող անհատները վստահ են, որ նրա պատվիրանները հարատև օգուտներ են բերում մարդկանց։ Այս առնչությամբ մի եբրայեցի մարգարե ասաց. «[Նա] քեզ սովորեցնում [է] օգտակար եղողը, ....քեզ առաջնորդում [է] քո գնալու ճանապարհումը»։
Եսայիա 48։17–ում արձանագրված այս հավաստիացումը գտնվում է Աստվածաշնչում. մի գիրք, որը հարգանքի է արժանացել իր մեջ ընդգրկված բարոյական այնպիսի սկզբունքների համար, որոնք կարող են օգուտ բերել բոլորիս։ Ի՞նչ է այդ գիրքը հայտնում արյան օգտագործման մասին։ Արդյոք ցույց տալի՞ս է, թե ինչպես կարող է արյունը կյանքեր փրկել։ Իրականում, Աստվածաշունչը պարզ ասում է, որ արյունը լոկ բարդ կենսաբանական հեղուկ չէ։ Գրքում արյունը հիշատակվում է ավելի քան 400 անգամ ու որոշ տեղերում՝ կյանքի փրկության հետ կապված։
Արյան մասին հիշատակող առաջին սուրբգրային համարներից մեկում Արարիչը պատվիրում է. «Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի.... Միայն միսը իր կեանքով այսինքն իր արիւնովը չուտէք»։ Հաջորդ համարներում Աստված շարունակում է իր խոսքը՝ ասելով. «Ձեր արիւնն էլ ձեր կեանքի համար կ’պահանջեմ»։ Դրանից հետո նա դատապարտում է մարդասպանությունը (Ծննդոց 9։3–6)։ Այս խոսքերը Արարիչը ասել էր Նոյին՝ բոլոր մարդկանց նախահորը, որը մեծարվում է թե՛ հրեաների, թե՛ մահմեդականների և թե՛ քրիստոնյաների կողմից։ Ուստի Նոյի միջոցով ողջ մարդկությանը տեղեկացվեց, որ Աստծո համար արյունը կյանք է ներկայացնում։ Այս հրահանգը զուտ սննդակարգին վերաբերող սահմանափակում չէր։ Ակնհայտ է, որ դա բարոյական չափանիշների հետ առնչվող սկզբունք էր։ Մարդու արյունը մեծ կարևորություն ունի և չպետք է սխալ օգտագործվի։ Ավելի ուշ Արարիչը այս պատվիրանին մանրամասներ ավելացրեց, որոնց շնորհիվ մենք հեշտությամբ կարող ենք տեսնել, թե նրա տեսանկյունից՝ բարոյական ինչ սկզբունքների հետ առնչություն ունի այս կենսահեղուկը։
Աստված կրկին հիշատակեց արյունը, երբ հին Իսրայել ազգին տվեց իր օրենքների ժողովածուն։ Թեպետ շատերն են հարգանք տածում այդ Օրենքի հանդեպ նրանում տեղ գտած իմաստության և բարոյական բարձր չափանիշների համար, սակայն քչերին է հայտնի, թե որքան լուրջ պատվիրաններ է այն պարունակում արյան առնչությամբ։ Ահա մի օրինակ. «Եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ինչ եւ իցէ արիւն ուտելու լինի, իմ երեսն այն արիւն ուտող անձի վերայ պիտի դարձնեմ եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը. որովհետեւ մարմնի հոգին [«կենդանութիւնը», ԱԱ] արիւնումն է» (Ղեւտացոց 17։10, 11)։ Հետագա խոսքերում Աստված բացատրում է, թե ինչ պետք է անի որսորդը սպանված կենդանու հետ. «Նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան.... Բնաւ մի մարմնի արիւն պիտի չ’ուտէք, որովհետեւ ամեն մարմնի հոգին [«կենդանութիւնը», ԱԱ] իր արիւնն է. ով որ ուտէ այն՝ պիտի կորչէ» (Ղեւտացոց 17։13, 14)։
Այսօր գիտնականներին հայտնի է, որ հրեական Օրենքը նպաստում էր առողջությանը։ Օրինակ՝ այն պահանջում էր, որ մարդիկ իրենց բնական կարիքը բավարարեին բանակից դուրս, իսկ արտաթորանքները ծածկեին հողով։ Նաև Օրենքը պահանջում էր իսրայելացիներից չուտել այնպիսի միս, որը կմեծացներ որևէ հիվանդությամբ վարակվելու վտանգը (Ղեւտացոց 11։4–8, 13; 17։15; Բ Օրինաց 23։12, 13)։ Թեպետ արյանը վերաբերող օրենքը առնչվում էր առողջության պահպանման հետ, սակայն սոսկ այդ նպատակին չէր ծառայում։ Արյունը խորհրդանշական իմաստ ուներ։ Այն ներկայացնում էր Արարչի կողմից տրված կյանքը։ Հատուկ վերաբերմունք դրսևորելով արյան հանդեպ՝ մարդիկ ցույց էին տալիս, որ իրենց կյանքը կախված է Աստծուց։ Այո, արյունից հրաժարվելու գլխավոր պատճառը առողջության պահպանումը չէր։ Այդ հեղուկը առանձնահատուկ նշանակություն ուներ Աստծո աչքում։
Օրենքում բազմիցս նշվում էր, որ Արարիչը արգելում է արյուն օգտագործել կյանքը պահպանելու համար։ «[Արյուն] չ’ուտես. այլ ջրի պէս գետինը թափես։ Նորան մի ուտիր, որ քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի՝ Եհովայի առաջին ուղիղը անելովդ» (Բ Օրինաց 12։23–25; Ղեւտացոց 7։26, 27; Եզեկիէլ 33։25)։b
Թեպետ մեր ժամանակակիցներից ոմանք այլ կերպ են մտածում, արյան վերաբերյալ Աստծո օրենքը չպետք է անտեսվեր նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում։ Օրինակ՝ մի անգամ, երբ պատերազմի ժամանակ իսրայելացիները հայտնվեցին դժվար կացության մեջ, որոշ զինվորներ սկսեցին սպանել կենդանիների և «արիւնովը» ուտել։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ նրանք գտնվում էին ծայրահեղ իրավիճակում և արյուն էին ուտում իրենց կյանքը փրկելու համար, արդարացրեց նրանց։ Ո՛չ։ Ինչպես նշեց իսրայելացիների հրամանատարը, այդ քայլով զինվորները, միևնույն է, լուրջ մեղք գործեցին (Ա Թագաւորաց 14։31–35)։ Թեև կյանքը թանկ է, սակայն կյանքի Աղբյուրը երբեք չի ասել, որ ծայրահեղ իրավիճակներում կարելի է այն փրկել իր չափանիշները խախտելու գնով։
Արյունը եվ ճշմարիտ քրիստոնյաները
Իսկ ի՞նչ տեսակետ ունեն քրիստոնյաները մարդու կյանքը արյան միջոցով փրկելու վերաբերյալ։
Հիսուսը անարատ անձնավորություն էր, ինչի համար մեծ հարգանք էր վայելում։ Նա գիտեր, որ Արարիչն արգելում էր արյուն ընդունել։ Ուստի մեծ հիմքեր ունենք մտածելու, որ Հիսուսը սատար կկանգներ արյան վերաբերյալ այս պատվիրանին, նույնիսկ եթե նրան ստիպեին հակառակն անել։ Հիսուսը ոչ մի «մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը» (Ա Պետրոս 2։22)։ Այդպիսով նա օրինակ թողեց իր հետևորդներին, և այդ օրինակը ներառում է նաև կյանքի ու արյան հանդեպ հարգանք ցուցաբերելը (հետագայում կքննարկենք, թե ինչ դեր է խաղում հենց Հիսուսի արյունը ձեր կյանքին առնչվող այս կարևոր հարցում)։
Ուշադրություն դարձնենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսի մահից տարիներ անց այսպիսի հարց ծագեց. «Արդյո՞ք քրիստոնյա դարձած որևէ անհատ պարտավոր է կատարել Իսրայել ազգին տրված բոլոր օրենքները»։ Հարցը քննարկման դրվեց քրիստոնյաների կառավարիչ մարմնի կողմից, որի մաս էին կազմում նաև առաքյալները։ Հիսուսի եղբայր Հակոբոսը շեշտեց արյանը վերաբերող այն սկզբունքները, որոնք արտացոլված էին Նոյին և Իսրայել ժողովրդին տրված հրահանգներում։ Արդյո՞ք դրանք պարտադիր էին նաև քրիստոնյաների համար (Գործք 15։1–21)։
Կայացված վճիռը ուղարկվեց բոլոր ժողովներին. հարկ չկար, որ քրիստոնյաները պահեին Մովսեսի միջոցով փոխանցված օրենքները։ Այնուամենայնիվ, նրանք պետք է կատարեին հետևյալ ‘հարկավոր բաները’՝ «հեռու կենա[լ] կուռքի զոհուածից եւ արիւնից՝ եւ խեղդուածից [այնպիսի մսից, որից արյունը չի թափվել] եւ պոռնկութիւնից» (Գործք 15։22–29)։ Առաքյալները որևէ արարողություն կամ ծոմապահություն չներմուծեցին։ Այս վճիռն ընդունելով՝ նրանք հիմնական բարոյական չափանիշներ հաստատեցին, և առաջին քրիստոնյաները ենթարկվեցին դրանց։ Դեպքերից մոտավորապես մեկ տասնամյակ անց նրանք ևս մեկ անգամ նշեցին, որ պետք է շարունակեն «զգուշանա[լ] կուռքի զոհից եւ արիւնից .... եւ պոռնկութիւնից» (Գործք 21։25)։
Եկեղեցի հաճախող միլիոնավոր մարդկանց մեծամասնությունը կհամաձայնվի, որ քրիստոնյան չպետք է կուռք պաշտի կամ զբաղվի պոռնկությամբ։ Ուշագրավ է, որ ըստ առաքյալների՝ արյուն ընդունելը հավասար էր վերոհիշյալ մեղքերը գործելուն։ Նրանց պատվերն ավարտվում էր հետևյալ խոսքերով. «Սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք. ողջ կացէք» (Գործք 15։29)։
Արյան գործածությունը արգելող այս պատվերին հետևում էին երկար ժամանակ։ Եվսեբիոսը, օրինակ, պատմում է երկրորդ դարի վերջում ապրած մի երիտասարդ կնոջ մասին։ Տանջամահ արվելուց առաջ նա ընդգծել էր, որ քրիստոնյաներին «չի թույլատրվում ուտել նույնիսկ անասունների արյունը»։ Կինը նահատակ դառնալու ցանկություն չուներ։ Նա ուզում էր ապրել, բայց մտադիր չէր դավաճանել իր սկզբունքներին։ Չե՞ք հարգում արդյոք այնպիսի մարդկանց, ովքեր սկզբունքները սեփական շահերից բարձր են դասում։
Գիտնական Ջոզեֆ Փրիսլին այսպիսի եզրակացություն է անում. «Ինչպես երևում է, արյուն չուտելու վերաբերյալ պատվերը, որ տրվել էր Նոյին, պարտադիր էր նրա բոլոր սերունդների համար.... Եթե փորձենք մեկնաբանել արյունից հրաժարվելու մասին առաքյալների հրահանգը՝ հաշվի առնելով, թե ինչպես էին վարվում վաղ քրիստոնյաները, որոնք հազիվ թե ճիշտ չհասկանային դրա բնույթն ու ընդգրկումը, կգանք միայն մի եզրակացության՝ այդ հրահանգը բացարձակ էր և անժամկետ. քրիստոնյաները արյուն չէին ուտում դարեր շարունակ»։
Արյունը որպես դեղամիջոց
Արդյո՞ք արյան գործածությունը արգելող աստվածաշնչյան պատվերը վերաբերում է նաև արյունը բժշկության մեջ օգտագործելուն, ինչպես օրինակ՝ փոխներարկմանը, որն անշուշտ հայտնի չէր Նոյի, Մովսեսի և առաքյալների օրերում։
Թեպետ հնում գոյություն չունեին արյան միջոցով կատարվող բուժման ժամանակակից մեթոդները, սակայն բժշկության մեջ արյան կիրառումը նոր երևույթ չէ։ Մոտ 2 000 տարի առաջ Եգիպտոսում, ինչպես նաև այլ երկրներում մարդու «արյունը համարվում էր բորոտությունը բուժող լավագույն միջոց»։ Ահա թե ինչ է հայտնում մի բժիշկ Ասարհադոն թագավորի որդուն նշանակված բուժման մասին, երբ Ասորեստանը գտնվում էր իր գիտական զարգացման գագաթնակետին. «[Արքայորդին] գնալով իրեն ավելի լավ է զգում։ Իմ տեր թագավորը կարող է ուրախ լինել։ Սկսած 22–րդ օրվանից՝ ես (նրան) արյուն եմ տալիս, որ խմի։ Նա (այն) խմելու է 3 օր։ Ես (նրան արյուն) կտամ, և նա կընդունի այն ևս 3 օր»։ Ասարհադոնը առնչություններ էր ունեցել իսրայելացիների հետ։ Բայց քանի որ վերջիններիս տրված էր Աստծո Օրենքը, նրանք երբեք արյուն չէին խմի բուժվելու նպատակով։
Օգտագործվե՞լ է արդյոք արյունը Հռոմի բժիշկների կողմից։ Ինչպես տեղեկացնում են բնագետ Պլինիոսը (առաքյալների ժամանակակից) ու երկրորդ դարի բժիշկ Արետեոսը, մարդու արյունը գործածվում էր էպիլեպսիայի բուժման համար։ Ավելի ուշ Տերտուլիանոսը գրում է. «Տես դրանց, ովքեր անհագ ագահությամբ արենաներում տեղի ունեցող մարտերի ժամանակ վերցնում են չար ոճրագործների թարմ արյունը... և տանում, որպեսզի բուժեն իրենց ընկնավորությունը»։ Նա հակադրում է վերջիններիս քրիստոնյաների հետ, որոնք «[իրենց] սննդի մեջ չեն օգտագործում նույնիսկ կենդանիների արյունը»։ Տերտուլիանոսը ասում է. «Քրիստոնյաներին փորձության ենթարկելիս դուք նրանց առաջարկում եք արյունով լի երշիկներ։ Դուք, իհարկե, լավ գիտեք, որ դա նրանց համար անօրենություն է»։ Փաստորեն, քրիստոնյաները ավելի շուտ պատրաստ էին զոհել իրենց կյանքը, քան թե արյուն ընդունել։
«Արյունը.... դուրս չեկավ գործածությունից թե՛ մոգության և թե՛ բժշկության բնագավառում,— ասվում է մի գրքում։— Ահա մի օրինակ. 1843 թ.–ին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI մահվան շեմին էր։ «Օրեցօր նրա վիճակը վատանում էր։ Դեղերը ոչ մի օգուտ չէին տալիս, չնայած որ արտասովոր դեղեր էին. նա մեծ հույս ուներ բուժվելու մարդու արյամբ, որը վերցնում էր որոշ երեխաների մարմնից»» («Flesh and Blood»)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել արյան փոխներարկման մասին։ Այն կատարելու փորձեր արվել են դեռևս 16–րդ դարի սկզբում։ Ահա թե ինչ առարկություն էր անում Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր, մարդաբան Թոմաս Բարթոլինը (1616–1680 թթ.). «Նրանք, ովքեր հիվանդություններից բուժվելու նպատակով մարդու արյուն են ընդունում, ինչպես երևում է, չարաշահում են դա և լուրջ մեղք են գործում։ Մարդակերները դատապարտության են արժանանում։ Այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք գարշում այն մարդկանցից, ովքեր իրենց կոկորդը պղծում են մարդու արյունով։ Նույնն է պարագան նաև ուրիշի երակից արյուն ընդունելու դեպքում՝ լինի դա բերանով, թե ներարկիչ գործիքներով։ Այս բանի նախաձեռնողները պետք է սարսափեն Աստծո օրենքից, որն արգելում է արյուն ուտելը»։
Փաստորեն, նախորդ դարերում ապրած մտածող մարդիկ հասկանում էին, որ արյան մասին աստվածաշնչյան օրենքը վերաբերում էր ինչպես արյուն ուտելուն, այնպես էլ երակի միջոցով ընդունելուն։ Բարթոլինը հետևյալ եզրակացությունն է անում. «[Արյուն] ընդունելու երկու ձևերն էլ ծառայում են միևնույն նպատակին՝ այդ արյան միջոցով սնուցանել և առողջացնել հիվանդ մարմինը»։
Վերը ներկայացված տեղեկությունները թերևս օգնեն ձեզ հասկանալ, թե ինչու են Եհովայի վկաները անզիջում կրոնական դիրք բռնել այս հարցում։ Նրանք բարձր են գնահատում կյանքը և ձգտում են որակյալ բժշկական օգնություն ստանալ։ Բայց Վկաները վճռել են ոչ մի դեպքում չխախտել Աստծո սկզբունքը, որը միշտ եղել է այսպիսին. նրանք, ովքեր գնահատում և Արարչի կողմից տրված պարգև են համարում կյանքը, չեն փորձում այն փրկել արյան միջոցով։
Բայցևայնպես, տարիներ շարունակ այն կարծիքն է տիրապետել, թե արյունը կյանք է փրկում։ Բժիշկները կարող են դեպքեր պատմել այն մասին, որ շատ արյուն կորցրած անհատը փոխներարկումից հետո արագ ապաքինվել է։ Ուստի հնարավոր է, որ ձեր մեջ հարց առաջանա. «Որքանո՞վ խելամիտ (կամ անխոհեմ) կլինի հրաժարվել արյունից, եթե այն գործածվի բժշկական նպատակներով»։ Հօգուտ արյան փոխներարկման բժշկական ապացույցներ են ներկայացվում։ Ուստի անհրաժեշտ է, որ քննեք փաստերը, որպեսզի կարողանաք իրազեկորեն կատարել ձեր ընտրությունը արյան հարցում։
[ծանոթագրություններ]
a Պողոս, Գործք 17։25, 28
b Արյանը առնչվող նման օրենքներ հետագայում գրվեցին նաև Ղուրանում։
[շրջանակ 4–րդ էջի վրա]
«Այն հրահանգները, որ փաստորեն [ըստ Գործք 15–րդ գլխի] տրվեցին մեթոդաբար ու ճշգրտորեն կատարված ուսումնասիրության հիման վրա, պարտադիր բնույթ ստացան, ինչն անհերքելիորեն ապացուցեց, որ առաքյալների տեսանկյունից՝ դա անցողիկ և ժամանակավոր միջոցառում չէր» (Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Ռեուս)։
[շրջանակ/նկար 5–րդ էջի վրա]
Մարտին Լյութերը, շեշտելով առաքյալների կողմից ընդունված վճիռը, ասաց. «Ուրեմն՝ եթե ցանկանում ենք ունենալ այնպիսի եկեղեցի, որը հպատակվում է այս ժողովի կայացրած որոշմանը.... պետք է սովորեցնենք և պահանջենք, որ այսուհետ ոչ մի իշխան, լորդ, քաղաքացի կամ գյուղացի չուտի արյան մեջ պատրաստված հավի, սագի, ճագարի, եղնիկի, կովի, ոչխարի կամ խոզի միս.... Քաղաքացիներն ու գյուղացիները հատկապես պետք է հրաժարվեն կարմիր և արյունեփ երշիկներից»։
[թույլտվությամբ]
Woodcut by Lucas Cranach
[շրջանակ 6–րդ էջի վրա]
«Աստծո և մարդկանց հայացքները անհամեմատ տարբեր են։ Այն, ինչ կարևոր է մեր աչքում, շատ հաճախ որևէ արժեք չի ներկայացնում անհուն իմաստության Աղբյուրի համար, և այն, ինչ մեր տեսանկյունից աննշան է, Աստված հաճախ համարում է չափազանց կարևոր։ Այսպես է եղել ի սկզբանե» (Ալեքսանդր Պիրի, «An Enquiry Into the Lawfulness of Eating Blood», 1787 թ.)։
[նկար 3–րդ էջի վրա]
Medicine and the Artist by Carl Zigrosser/Dover Publications
[նկար 4–րդ էջի վրա]
Պատմական մի խորհրդակցության ժամանակ քրիստոնյաների կառավարիչ մարմինը հաստատեց, որ արյուն չօգտագործելու վերաբերյալ Աստծո օրենքը ուժի մեջ է
[նկար 7–րդ էջի վրա]
Անկախ հետևանքներից՝ առաջին քրիստոնյաները հրաժարվում էին խախտել արյան մասին Աստծո տված օրենքը
[թույլտվությամբ]
Painting by Gérôme, 1883, courtesy of Walters Art Gallery, Baltimore