Հավելված
Եհովայի վկաներ. վիրաբուժական/բարոյական խնդիր
Եհովայի վկա հիվանդների բուժումը առանձնահատուկ դժվարություն է ներկայացնում բժիշկների համար։ Այս հավատի անդամները խոր կրոնական համոզմունքներ ունեն ընդդեմ ուրիշի կամ էլ իրենց սեփական արյունն ընդունելու՝ լինի այն ամբողջական թե էրիթրոցիտների [կարմիր գնդիկներ], լեյկոցիտների [սպիտակ գնդիկներ] կամ թրոմբոցիտների տեսքով։ Նրանցից շատերը համաձայնվում են (այրուն չպարունակող հեղուկներով լցված) արյան արհեստական շրջանառության, հեմոդիալիզի կամ նման սարքավորումների օգտագործմանը, եթե արյան արտամարմնային շրջանառությունը տեղի է ունենում առանց ընդհատման։ Կարիք չկա անհանգստանալ պատասխանատվության առջև կանգնելու համար, քանի որ Վկաները համապատասխան իրավական քայլեր են ձեռնարկում բժշկական անձնակազմին այդ պատասխանատվությունից ազատելու՝ հայտնելով, որ արյունից հրաժարվելը իրազեկորեն կայացված իրենց որոշումն է։ Նրանք ընդունում են արյանը փոխարինող հեղուկներ։ Այս և ուրիշ բարդ մեթոդների միջոցով բժիշկները անում են ամեն տեսակի բարդ վիրահատություններ թե՛ չափահաս, թե՛ անչափահաս Վկաներին։ Նման հիվանդների համար մշակվել են բուժման որոշակի մեթոդներ, որոնք համապատասխանում են «մարդուն ամբողջությամբ բուժելու» սկզբունքին (JAMA 1981; 246։2471-2472)։
Բժիշկները բախվում են շարունակ մեծացող մի լուրջ առողջապահական խնդրի. Միացյալ Նահանգներում ապրող ավելի քանի կես միլիոն Եհովայի վկաներ հրաժարվում են արյան փոխներարկումից։ Վկաների և նրանց հետ հաղորդակցվող մարդկանց թիվը գնալով աճում է։ Թեպետ նախկինում շատ բժիշկներ և հիվանդանոցների ղեկավարներ արյունից հրաժարվելը համարում էին իրավական խնդիր և դիմում էին դատարան, որպեսզի լիազորություն ստանային կատարելու այն, ինչը իրենց համոզմամբ բժշկական տեսանկյունից ճիշտ է, բժշկական վերջին հրատարակությունները ցույց են տալիս, որ նրանց վերաբերմունքը այս հարցի հանդեպ նկատելիորեն փոխվում է։ Ամենայն հավանականությամբ, սա արդյունք է վիրաբուժական ավելի մեծ փորձի կուտակման, որը ձեռք է բերվել հեմոգլոբինի խիստ ցածր մակարդակ ունեցող հիվանդներին բուժելու շնորհիվ։ Այս բանին նպաստել է նաև այն հանգամանքը, որ ավելի շատ տեղեկություններ են ձեռք բերվել իրազեկորեն կայացված որոշմանը վերաբերող իրավական սկզբունքի մասին։
Ներկայումս առանց արյան փոխներարկման մեծ թվով պլանավորված վիրաբուժական և վնասվածքային վիրահատություններ են արվում ինչպես մեծահասակ, այնպես էլ տարիքով փոքր Վկաներին։ Վերջերս Եհովայի վկաների ներկայացուցիչները հանդիպեցին երկրի խոշորագույն բժշկական կենտրոններից մի քանիսի վիրաբուժական և ադմինիստրատիվ անձնակազմերի հետ։ Այս հանդիպումները նպաստեցին երկու կողմերի փոխըմբռնմանը և օգնեցին լուծել արյան պահպանման, փոխպատվաստման, ինչպես նաև բժշկական ու իրավական բախումներից խուսափելու հետ կապված հարցերը։
Վկաների տեսակետը բուժում ստանալու վերաբերյալ
Եհովայի վկաները չեն առարկում բժշկական և վիրաբուժական օգնության դեմ։ Իրողությունն այն է, որ նրանց մեջ կան մեծ թվով բժիշկներ և նույնիսկ վիրաբույժներ։ Միևնույն ժամանակ, Վկաները շատ կրոնասեր մարդիկ են ու համոզված են, որ Աստվածաշունչն արգելում է արյան փոխներարկումը։ Դա նրանք հիմնավորում են այնպիսի սուրբգրային համարներով, ինչպիսիք են՝ «միայն միսը իր կեանքով այսինքն իր արիւնովը չուտէք» (Ծննդոց 9։3, 4), «արիւնը թափէ եւ հողով ծածկէ նորան» (Ղեւտացոց 17։13, 14), «ետ քաշուի[ր].... պոռնկութիւնից. եւ խեղդուածից եւ արիւնից» (Գործք 15։19–21)։1
Թեև աստվածաշնչյան այս խոսքերը գրված չեն բժշկական լեզվով, Եհովայի վկաները համարում են, որ դրանք արգելում են ամբողջական արյան, էրիթրոցիտար զանգվածի ու պլազմայի, ինչպես նաև արյան սպիտակ գնդիկների ու թրոմբոցիտների ներարկումը։ Մյուս կողմից՝ Վկաների կրոնական համոզմունքները ամբողջովին չեն բացառում այնպիսի բաղադրամասերի ընդունումը, ինչպիսիք են՝ ալբումինը, իմունոգլոբուլինը և հեմոֆիլիայով տառապողների համար նախատեսված պատրաստուկները. յուրաքանչյուր Եհովայի վկա անձամբ պետք է որոշի՝ կարող է ընդունել դրանք, թե՝ ոչ։2
Վկաները հավատում են, որ մարմնից դուրս եկած արյունը պետք է թափվի, ուստի նրանք հրաժարվում են նաև իրենց մարմնից նախապես վերցված արյան ներարկումից։ Արյան հավաքումը վիրահատության ժամանակ կամ արյունանոսրացումը (այն դեպքում, երբ արյունը վերցվում է ու պահվում) նույնպես մերժվում է նրանց կողմից։ Սակայն շատ Վկաներ համաձայնվում են հեմոդիալիզի և արհեստական շրջանառության սարքերի օգտագործմանը (եթե դրանք լցված են արյուն չպարունակող հեղուկով), ինչպես նաև վիրահատության ընթացքում արյան պահպանման մեթոդին, եթե արտամարմնային շրջանառությունը տեղի է ունենում առանց ընդհատման։ Հարկավոր է, որ բժիշկը խոսի յուրաքանչյուր հիվանդի հետ՝ պարզելու համար, թե ինչ է թույլատրում նրա խիղճը։2
Վկաների տեսանկյունից՝ Աստվածաշունչը կոնկրետ հրահանգներ չի տալիս օրգանների փոխպատվաստման կապակցությամբ, ուստի եղջերաթաղանթի, երիկամի կամ ուրիշ հյուսվածքի պատվաստման ենթարկվելու որոշումը յուրաքանչյուր Վկա անձամբ է կայացնում։
Բարդ վիրահատություն. հնարավոր է
Թեպետ վիրաբույժները հաճախ են հրաժարվել Եհովայի վկաներին բուժելուց, քանի որ վերջիններս կարծես թե «կապում են բժշկի ձեռքերը» արյան պատրաստուկների գործածման հարցում, այսօր շատ բժիշկներ նախընտրում են դրան նայել սոսկ որպես հերթական բարդ խնդրի, որի լուծումն իրենցից վարպետություն է պահանջում։ Քանի որ Վկաները չեն առարկում արյան փոխարինիչ հանդիսացող կոլոիդ կամ բյուրեղային լուծույթների, ինչպես նաև էլեկտրակաուտերի, հիպոտենզիվ անեսթեզիայի3 ու հիպոթերմիայի դեմ, այս մեթոդները հաջողությամբ գործադրվում են։ Խոստումնալից և կրոնական տեսանկյունից անառարկելի են հիդրօքսիէթիլ օսլայի շարունակական կիրառությունը,4 մեծ քանակությամբ երկաթի դեքստրանի երակային ներարկումը,5,6 ինչպես նաև «անդրաձայնային դանակի»7 օգտագործումը։ Բացի այդ, եթե վերջերս ստացված ֆտորացված փոխարինիչը (Fluosol-DA) անվտանգ և արդյունավետ լինի,8 դրա կիրառությունը չի հակասի Վկաների համոզմունքներին։
1977 թ.–ին Օթն ու Քուլին9 հայտնեցին Եհովայի վկաներին արված 542 անարյուն սիրտ–անոթային վիրահատությունների մասին՝ վերջում նշելով, որ դրանց ռիսկը կարելի է «զգալիորեն նվազեցնել»։ Մեր խնդրանքով Քուլին վերջերս վիճակագրական տվյալներ ներկայացրեց 1 026 վիրահատությունների վերաբերյալ։ Դրանց 22 տոկոսը արվել էր երեխաներին։ Նրա եզրակացությունը հետևյալն էր. «Եհովայի վկա հիվանդներին արված վիրահատությունների ռիսկը էապես բարձր չէ մյուս հիվանդների վիրահատության ռիսկից»։ Նմանապես, բժշկական գիտությունների դոկտոր Մայքլ Դիբաքին հայտնում է, «որ մեծամասամբ [Եհովայի վկաների դեպքում] անարյուն վիրահատության ռիսկը ավելի մեծ չէ, քան այն հիվանդների դեպքում, ում վիրահատությունը կատարվել է արյան փոխներարկման կիրառմամբ» (բանավոր կարծիք, մարտ 1981 թ.)։ Գրականության մեջ խոսվում է նաև բարդ ուրոլոգիական10 և օրթոպեդիկ11 վիրահատությունների մասին։ Դոկտորներ Դին Իվենը և Ռիչարդ Բոուենը գրում են, որ «20 անչափահաս [Վկաների] հաջողությամբ արվել են» սպոնդիլոդեզի վիրահատություններ (չհրատարակված տվյալներ, օգոստոս 1981 թ.)։ Նրանք ավելացնում են. «Վիրաբույժը պետք է ընդունի մի սկզբունք. հարգել հիվանդի՝ արյունից հրաժարվելու իրավունքը, բայց միևնույն ժամանակ վիրահատությունը կատարել այնպես, որ հիվանդի կյանքին վտանգ չսպառնա»։
Հերբսմանը12 հայտնում է հաջողությամբ բուժված այնպիսի հիվանդների մասին (մի քանիսը երեխաներ), որոնք «չափազանց շատ արյուն էին կորցրել»։ Նա ընդունում է հետևյալը. «Վկաները ինչ–որ առումով հայտնվում են անբարենպաստ պայմաններում, երբ արյան փոխներարկման անհրաժեշտություն է առաջանում։ Սակայն միանգամայն պարզ է նաև, որ մենք իսկապես ունենք արյան ներարկմանը փոխարինող մեթոդներ»։ Նշելով, որ շատ վիրաբույժներ, «վախենալով իրավական հետևանքներից», խուսափում են Վկա հիվանդներին բուժելուց՝ նա ցույց է տալիս, որ այդ մտավախություններն անհիմն են։
Դատական գործերն ու անչափահասները
Վկաները պատրաստակամորեն ստորագրում են Ամերիկյան բժշկական ընկերության բլանկը, որը բժիշկներին և հիվանդանոցի անձնակազմին ազատում է պատասխանատվությունից։13 Բացի այդ, նրանց մեծամասնությունը իր հետ կրում է թվագրված և վկաների կողմից ստորագրված բժշկական փաստաթուղթ («Medical Alert»), որը պատրաստվել է բժշկական և իրավաբանական ոլորտի մասնագետների խորհուրդների հիման վրա։ Այս փաստաթղթերը որոշակի պարտավորություններ են դնում հիվանդի (կամ նրա ներկայացուցիչների) վրա և պաշտպանում են բժիշկներին։ Ինչպես նշում է դատավոր Ուորեն Բուրգերը, նման փաստաթղթի ստորագրումից հետո այն խախտելը «հիմնավոր արդարացում չի ունենա»։ Այս կապակցությամբ պարտադիր բուժմանն ու դավանանքի ազատությանը վերաբերող մի վերլուծության մեջ Փարիսը14 հետևյալ կարծիքն է արտահայտում. «Գրականությունը հետազոտած մի մեկնաբան հայտնում է. «Ես չկարողացա գտնել որևէ հիմնավորում այն պնդման համար, թե բժիշկը կկանգնի.... քրեական.... պատասխանատվության առջև, եթե արյունից հրաժարվող հիվանդին չստիպի ենթարկվել փոխներարկման»։ Նման մտավախությունը, ինչպես երևում է, ավելի շուտ հարուստ իրավաբանական երևակայության արդյունք է և որևէ իրական հիմք չունի»։
Անչափահասների խնամքը մտահոգության առիթ տվող ամենամեծ խնդիրն է, որը հաճախ հանգեցնում է ծնողների դեմ դատական գործի հարուցման՝ երեխայի մասին հոգ չտանելու մեղադրանքով։ Սակայն նման քայլերի դեմ են արտահայտվել շատ բժիշկներ ու իրավաբաններ, որոնք ծանոթ են Վկաների հետ կապված գործերին և համոզված են, որ Վկա ծնողները ձգտում են լավ բժշկական օգնություն ապահովել իրենց երեխայի համար։ Չցանկանալով հրաժարվել ծնողական պարտականություններից, ինչպես նաև փոխանցել դրանք դատավորին կամ որևէ երրորդ կողմի՝ Վկաները պահանջում են հաշվի առնել իրենց ընտանիքների կրոնական սկզբունքները։ Կանադական բժշկական ընկերության նախկին քարտուղար դոկտոր Քելին գրում է.15 «Փոքր երեխայի ծնողը, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող հիվանդի հարազատը իրավունք ունի ներկայացնելու նրա կամքը։ .... Ես չեմ ողջունում գիշերվա երկուսին սկսվող «աշակերտական» դատավարությունները, որոնց նպատակն է զրկել երեխային իր ծնողի խնամակալությունից»։
Անվիճելի է, որ ծնողն իրավունք ունի իր կամքն արտահայտել այն կապակցությամբ, թե ինչպես պետք է բուժվի իր երեխան, օրինակ՝ երբ հարցը վերաբերում է բուժման հնարավոր վտանգների և օգուտների որոշմանը, ճառագայթահարմանը կամ քիմիոթերապիային։ Ելնելով բարոյական դրդապատճառներից (որ շատ ավելի կարևոր են, քան փոխներարկման հետ կապված ռիսկը)՝16 Վկա ծնողները խնդրում են, որ կիրառվեն բուժման այնպիսի մեթոդներ, որոնք իրենց կրոնով արգելված չեն։ Սա համապատասխանում է «մարդուն ամբողջությամբ բուժելու» սկզբունքին, երբ անուշադրության չի մատնվում այն հանգամանքը, որ հնարավոր է հարատև սոցիալ–հոգեբանական վնաս հասցնել անհատին՝ ստիպողաբար բուժելով նրան ընտանիքի հիմնական համոզմունքներին հակասող մեթոդով։ Այսօր մեր երկրի խոշոր բժշկական կենտրոնները, որ գործ են ունեցել Վկաների հետ, հաճախ համաձայնվում են իրենց մոտ տեղափոխել Վկա հիվանդին (նույնիսկ եթե նա երեխա է) այն հաստատություններից, որոնք հրաժարվում են բուժել նրան։
Բժշկի խնդիրը
Հասկանալի է, որ Եհովայի վկաների բուժումը առաջին հայացքից կարող է դժվարություն ներկայացնել այն բժիշկների համար, ովքեր անձնվիրաբար ջանում են փրկել մարդու կյանքն ու առողջությունը՝ գործի դնելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները։ Ներկայացնելով Վկաներին արված բարդ վիրահատությունների մասին հոդվածների շարքը՝ Հարվեյը17 իր խմբագրական հոդվածում խոստովանում է. «Աշխատանքիս համար խոչընդոտ հանդիսացող այդ համոզմունքները ինձ իսկապես զայրացնում են»։ Սակայն նա ավելացնում է. «Հավանաբար, մենք շատ արագ ենք մոռանում, որ վիրահատությունը արհեստ է՝ կախված մարդու կատարողական տեխնիկայից։ Իսկ տեխնիկան կարելի է բարելավել»։
Պրոֆեսոր Բոլուկին18 ուշադրություն է հրավիրում անհանգստություն պատճառող մի հաղորդագրության վրա, ըստ որի՝ Դեյդ Քաունթիի (Ֆլորիդա) ամենածանրաբեռնված օրթոպեդիկ հիվանդանոցի «ընդհանուր քաղաքականությունն էր հրաժարվել [Վկաներին] բուժելուց»։ Նա նշում է, որ «այս խմբին պատկանող հիվանդների մեծ մասի վիրահատության ռիսկը սովորականից շատ ավելի փոքր է»։ Պրոֆեսորը նաև ավելացնում է. «Թեև վիրաբույժները գուցե մտածեն, թե զրկվում են մի մեթոդից, որն ընդունված է ժամանակակից բժշկության մեջ.... ես վստահ եմ, որ այս հիվանդներին վիրահատելով՝ նրանք շատ բան կսովորեն»։
Գնալով շատանում է այն բժիշկների թիվը, ովքեր Վկա հիվանդին պրոբլեմ համարելու փոխարեն՝ տվյալ դեպքին վերաբերվում են որպես բարդ բժշկական խնդրի։ Ջանք թափելով լուծել այդ խնդիրը՝ նրանք այս խմբին պատկանող հիվանդների համար մշակել են բուժման որոշակի մեթոդներ, որոնք ընդունվում են մեր երկրի մի շարք բժշկական կենտրոնների կողմից։ Այս բժիշկները, միևնույն ժամանակ, այնպիսի բուժում են կատարում, որը լավագույնս նպաստում է հիվանդի ընդհանուր առողջությանը։ Գարդները, ինչպես նաև ուրիշ մասնագետներ19 այս կապակցությամբ նշում են. «Ո՞վ օգուտ կքաղի, եթե հիվանդի ֆիզիկական ցավը բուժվի, բայց Աստծո հետ ունեցած հոգևոր կյանքը, նրա կարծիքով, տուժի, ինչի հետևանքով կյանքը նրա համար անիմաստ և գուցե մեռնելուց ավելի վատ դառնա»։
Վկաները ընդունում են, որ բժշկական տեսանկյունից՝ իրենց անխախտ համոզմունքը ռիսկը մեծացնող և բուժումը բարդացնող խնդիր է թվում։ Ուստի նրանք սովորաբար խորը երախտագիտություն են արտահայտում այն բուժման համար, որ ստանում են։ Ամուր հավատ և ապրելու մեծ ցանկություն ունենալով՝ նրանք ուրախությամբ համագործակցում են բժիշկների և բուժանձնակազմի հետ։ Այդպիսով՝ թե՛ հիվանդը, թե՛ բժիշկը միասնաբար են լուծում այս յուրօրինակ խնդիրը։
[Աղբյուրներ]
1. Jehovah’s Witnesses and the Question of Blood. Brooklyn, NY, Watchtower Bible and Tract Society, 1977, pp. 1-64.
2. The Watchtower 1978;99 (June 15):29-31.
3. Hypotensive anesthesia facilitates hip surgery, MEDICAL NEWS. JAMA 1978;239:181.
4. Hetastarch (Hespan)—a new plasma expander. Med Lett Drugs Ther 1981;23:16.
5. Hamstra RD, Block MH, Schocket AL:Intravenous iron dextran in clinical medicine. JAMA 1980;243:1726-1731.
6. Lapin R: Major surgery in Jehovah’s Witnesses. Contemp Orthop 1980;2:647-654.
7. Fuerst ML: ‘Sonic scalpel’ spares vessels. Med Trib 1981;22:1,30.
8. Gonzáles ER: The saga of ‘artificial blood’: Fluosol a special boon to Jehovah’s Witnesses. JAMA 1980;243:719-724.
9. Ott DA, Cooley DA: Cardiovascular surgery in Jehovah’s Witnesses. JAMA 1977;238:1256-1258.
10. Roen PR, Velcek F: Extensive urologic surgery without blood transfusion. NY State J Med 1972;72:2524-2527.
11. Nelson CL, Martin K, Lawson N, et al: Total hip replacement without transfusion. Contemp Orthop 1980;2:655-658.
12. Herbsman H: Treating the Jehovah’s Witness. Emerg Med 1980;12:73-76.
13. Medicolegal Forms With Legal Analysis. Chicago, American Medical Association, 1976, p. 83.
14. Paris JJ: Compulsory medical treatment and religious freedom: Whose law shall prevail? Univ San Francisco Law Rev 1975;10:1-35.
15. Kelly AD: Aequanimitas Can Med Assoc J 1967;96:432.
16. Kolins J: Fatalities from blood transfusion. JAMA 1981;245:1120.
17. Harvey JP: A question of craftsmanship. Contemp Orthop 1980;2:629.
18. Bolooki H: Treatment of Jehovah’s Witnesses: Example of good care. Miami Med 1981;51:25-26.
19. Gardner B, Bivona J, Alfonso A, et al: Major surgery in Jehovah’s Witnesses. NY State J Med 1976;76:765-766.