Գլուխ 37
Հիսուսը փարատում է այրի կնոջ վիշտը
ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏԻ ծառային բուժելուց հետո Հիսուսն ուղղվում է դեպի Նային քաղաքը, որը գտնվում է Կափառնայումից ավելի քան 30 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ–արևմուտք։ Նրան ուղեկցում են իր աշակերտները և մեծաթիվ ժողովուրդ։ Հավանաբար երեկոյան կողմ նրանք արդեն մոտենում են Նային քաղաքին և հասնելուն պես հանդիպում են թաղման թափորի. մի երիտասարդի են տանում թաղելու։
Երիտասարդի մայրը ծայրաստիճան անմխիթար վիճակում է, քանի որ այրի է, իսկ այժմ կորցրել է իր մինուճար որդուն։ Երբ մահացավ նրա ամուսինը, նա դեռ կարող էր մխիթարվել այն բանով, որ որդի ունի։ Մոր բոլոր հույսերը, ցանկություններն ու իղձերը ամբողջովին կապված էին որդու ապագայի հետ։ Իսկ այժմ չկա մեկը, որով նա կարող է մխիթարվել. կնոջ վիշտը անչափ մեծ է։ Նրա հետ միասին գերեզման են գնում նաև քաղաքի բնակիչներից շատերը։
Երբ Հիսուսը տեսնում է այս կնոջ տառապանքը, նրա սիրտը մորմոքվում է։ Մեղմ, բայցև վստահություն ներշնչող վճռականությամբ Հիսուսն ասում է կնոջը. «Լաց մի՛ լինիր»։ Նրա մոտեցման ձևն ու վարմունքը գրավում են ժողովրդի ուշադրությունը։ Ուստի երբ նա մոտենում և դիպչում է պատգարակին, որի վրա տանում են երիտասարդի անկենդան մարմինը, տանողները կանգ են առնում։ Բոլորը հետաքըրքրությամբ սպասում են, թե ինչ է անելու Հիսուսը։
Ճիշտ է, Հիսուսի հետ եկած մարդիկ մինչ այդ էլ են տեսել, թե ինչպես է նա հրաշքով շատերի հիվանդությունները բուժել։ Բայց ամենայն հավանականությամբ, նրանք դեռ երբեք չեն տեսել, որ Հիսուսը մահացած որևէ մեկին հարություն տա։ Կարո՞ղ է արդյոք նա այդպիսի բան անել։ Դիմելով մահացածին՝ Հիսուսը պատվիրում է. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Երիտասարդը վեր է կենում և նստում։ Նա սկսում է խոսել, և Հիսուսը նրան տալիս է իր մորը։
Երբ մարդիկ տեսնում են, որ երիտասարդն իսկապես կենդանի է, սկսում են իրար ասել. «Մի մեծ մարգարե է վեր կացել մեր մեջ»։ Ուրիշներն էլ ասում են. «Աստված իր ուշադրությունը իր ժողովրդին է դարձրել»։ Այս զարմանահրաշ դեպքի մասին լուրերն անմիջապես տարածվում են ամբողջ Հրեաստանում ու նրա շրջակայքում։
Հովհաննես Մկրտիչը դեռևս բանտում է գտնվում, և նա ուզում է ավելին իմանալ Հիսուսի գործերի մասին։ Հովհաննեսի աշակերտները պատմում են նրան այս հրաշքների մասին։ Ինչպե՞ս է նա արձագանքում։ Ղուկաս 7։11–18։
▪ Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հիսուսը մոտենում է Նային քաղաքին։
▪ Ինչպե՞ս է Հիսուսի վրա ազդում իր տեսածը, և ի՞նչ է նա անում։
▪ Ժողովուրդն ինչպե՞ս է արձագանքում Հիսուսի կատարած հրաշքին։