Գլուխ 54
«Ճշմարիտ հացը երկնքից»
ՆԱԽՈՐԴ օրը իսկապես իրադարձություններով հարուստ էր։ Հիսուսը հրաշքով կերակրեց մի քանի հազար հոգու և խույս տվեց ժողովրդից, որն ուզում էր իրեն թագավոր դարձնել։ Այդ գիշեր նա քայլեց Գալիլեայի ալեծուփ ծովի վրայով, փրկեց Պետրոսին, որը սկսել էր ընկղմվել, երբ փորձել էր քայլել փոթորկված ջրերի վրայով, ինչպես նաև հանդարտեցրեց փոթորիկը՝ փրկելով աշակերտներին նավաբեկությունից։
Այժմ այն մարդիկ, որոնց Հիսուսը հրաշքով կերակրեց Գալիլեայի ծովի հյուսիսարևելյան մասում, գտնում են նրան Կափառնայումի մոտակայքում և հարցնում. «Ե՞րբ եկար այստեղ»։ Հանդիմանելով նրանց՝ Հիսուսն ասում է, որ նրանք որոնում են իրեն միայն այն բանի համար, որ նորից ձրի հաց ուտեն։ Նա հորդորում է նրանց աշխատել ոչ թե կորչող ուտելիքի համար, այլ այն ուտելիքի, որը մնում է հավիտենական կյանքի համար։ Ուստի մարդիկ հետաքրքրվում են. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը գործենք»։
Հիսուսը հիշատակում է միայն մեկ գործ, որն ամենաարժեքավորն է։ «Սա է Աստծու գործը,— բացատրում է նա,— որ դուք հավատ ընծայեք նրան, որին Նա ուղարկեց»։
Սակայն չնայած Հիսուսի կատարած բազում հրաշքներին՝ ժողովուրդը չի հավատում նրան։ Դժվար է պատկերացնել, բայց նույնիսկ նրա կատարած այդ բոլոր հրաշալի գործերից հետո նրանք հարցնում են. «Այդ դեպքում ի՞նչ նշան ցույց կտաս, որ մենք տեսնենք ու հավատանք քեզ։ Դու ի՞նչ կանես։ Մեր նախահայրերը մանանան կերան անապատում, ինչպես որ գրված է. «Նա երկնքից հաց տվեց նրանց ուտելու»»։
Նշանի համար նրանց խնդրանքին պատասխանելով՝ Հիսուսը պարզաբանում է, թե ով է այդ հրաշքների Աղբյուրը, և ապա ասում. «Մովսեսը չէր, որ այդ հացը երկնքից տվեց ձեզ, այլ իմ Հայրն է, որ ճշմարիտ հացը տալիս է ձեզ երկնքից։ Որովհետև Աստծու հացը նա է, ով իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»։
— Տե՛ր,— ասում են մարդիկ,— մի՛շտ տուր մեզ այդ հացը։
— Ե՛ս եմ կյանքի հացը,— բացատրում է Հիսուսը,— նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա, և նա, ով հավատ է ընծայում ինձ, երբեք չի ծարավի։ Բայց ես ասացի ձեզ. թեև դուք ինձ տեսաք, սակայն չեք հավատում։ Այն ամենը, որ Հայրը ինձ է տալիս, ինձ մոտ կգա, և նա, ով ինձ մոտ է գալիս, ես երբեք նրան դուրս չեմ անի, որովհետև ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ նրա կամքը, ով ուղարկեց ինձ։ Սա է ինձ ուղարկողի կամքը, որ ես ոչինչ չկորցնեմ այն ամենից, որ նա տվել է ինձ, այլ որ հարություն տամ վերջին օրը։ Որովհետև սա է իմ Հոր կամքը, որ ամեն ոք, ով տեսնում է Որդուն և հավատ է ընծայում նրան, հավիտենական կյանք ունենա»։
Այս խոսքերի վրա հրեաները սկսում են տրտնջալ, քանի որ Հիսուսն ասաց, թե՝ «ե՛ս եմ այն հացը, որ երկնքից է իջել»։ Նրանց համար Հիսուսը պարզապես մարդկային ծնողների զավակ է և ոչ ավելին։ Ուստի Նազարեթի բնակիչների նման՝ նրանք էլ են առարկում՝ ասելով. «Սա Հովսեփի որդի Հիսուսը չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Ուրեմն ինչպե՞ս է ասում, թե՝ «ես երկնքից եմ իջել»»։
«Բավակա՛ն է՝ ձեր մեջ տրտնջաք,— ասում է Հիսուսը։— Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Մարգարեներում գրված է. «Եվ նրանք բոլորը ուսուցանված կլինեն Եհովայից»։ Ամեն ոք, ով լսում է Հորից և սովորում է, ինձ մոտ է գալիս։ Ոչ թե որ ինչ–որ մեկը տեսել է Հորը, այլ միայն նա, ով Աստծուց է, նա է տեսել Հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. նա, ով հավատում է, հավիտենական կյանք ունի»։
Շարունակելով իր խոսքը՝ Հիսուսը կրկնում է. «Ես եմ կյանքի հացը։ Ձեր նախահայրերը անապատում կերան մանանան, սակայն մահացան։ Սա է այն հացը, որը երկնքից է իջնում, որ ամեն մեկն ուտի նրանից և չմահանա։ Ես եմ այն կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի»։ Այո, հավատալով Հիսուսին, որին Աստված է ուղարկել, մարդիկ կարող են հավիտենական կյանք ունենալ։ Ո՛չ մանանան և ո՛չ էլ ցանկացած ուրիշ հաց չի կարող հավիտենական կյանք տալ։
Երկնքից իջած հացի մասին այս զրույցը, ըստ երևույթին, սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ գտան Հիսուսին Կափառնայումի մոտ։ Բայց այս քննարկումը դեռ շարունակվում է և իր գագաթնակետին է հասնում, երբ Հիսուսը սովորեցնում է Կափառնայումի ժողովարաններից մեկում։ Հովհաննես 6։25–51, 59; Սաղմոս 78։24; Եսայիա 54։13; Մատթեոս 13։55–57։
▪ Հացի մասին զրույցից առաջ ի՞նչ դեպքեր տեղի ունեցան։
▪ Ինչո՞ւ էր նշան պահանջելը անտեղի, եթե հաշվի առնենք այն, թե ինչ հրաշքներ էր կատարել Հիսուսը կարճ ժամանակ առաջ։
▪ Ինչո՞ւ են հրեաները տրտնջում, երբ Հիսուսն ասում է, որ ինքն է երկնքից իջած ճշմարիտ հացը։
▪ Երկնքից իջած հացի մասին զրույցը որտե՞ղ էր տեղի ունենում։