Գլուխ 56
Ի՞նչն է պղծում մարդուն
ՀԻՍՈՒՍԻ դեմ հակառակությունը է՛լ ավելի է սաստկանում։ Բացի այն, որ աշակերտներից շատերը թողնում են նրան, Հրեաստանի հրեաներն էլ առիթ են փնտրում, որ Հիսուսին սպանեն, ինչպես ցանկանում էին դա անել մ.թ. 31 թ. Պասեքին՝ Երուսաղեմում։
Այժմ 32 թ. Պասեքն է։ Աստծու տված օրենքի համաձայն՝ Հիսուսը հավանաբար Պասեքը տոնելու համար գնում է Երուսաղեմ։ Բայց նա ստիպված է զգույշ լինել, քանի որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Պասեքից հետո նա վերադառնում է Գալիլեա։
Հիսուսն, ըստ երևույթին, գտնվում է Կափառնայումում, երբ փարիսեցիներն ու դպիրները Երուսաղեմից գալիս են նրա մոտ։ Նրանք պատճառ են փնտրում, որպեսզի նրան մեղադրեն կրոնական օրինազանցության մեջ։ «Ինչո՞ւ են քո աշակերտները խախտում նախնիների ավանդույթը,— հարցնում են նրանք։— Ուտելուց առաջ նրանք չեն լվանում իրենց ձեռքերը»։ Աստծու օրենքների մեջ նման պատվեր չկա, սակայն փարիսեցիները լուրջ հանցանք են համարում այս ավանդական արարողությունը չկատարելը, ըստ որի՝ հարկավոր է ձեռքերը մինչև արմունկները լվանալ։
Այս մեղադրանքին պատասխանելու փոխարեն՝ Հիսուսը ցույց է տալիս, որ հենց նրանք են գիտակցորեն խախտում Աստծու Օրենքը։ «Իսկ դուք ինչո՞ւ եք Աստծու պատվիրանը խախտում ձեր ավանդույթի պատճառով,— ուզում է իմանալ նա,— օրինակ՝ Աստված ասաց՝ «պատվի՛ր քո հորը և քո մորը», և՝ «իր հորը կամ մորը չարախոսողը մահով թող մեռնի»։ Բայց դուք ասում եք. «Ով որ իր հորը կամ մորը ասի՝ «այն, ինչ որ ես ունեմ, որից դու կարող էիր օգտվել, Աստծուն նվիրված ընծա է», նա ընդհանրապես պարտավոր չէ պատվել իր հորը»։
Փաստորեն, փարիսեցիները սովորեցնում են, որ եթե դրամը, ունեցվածքը կամ ցանկացած այլ բան նվիրաբերվում է Աստծուն, ապա դա պատկանում է տաճարին, և որևէ ուրիշ նպատակով այն չի կարելի օգտագործել։ Բայց իրականում նվիրաբերված իրը մնում է այն անձնավորությանը, ով նվիրաբերել է։ Այսպիսով՝ երբ որդին պարզապես ասում է, թե իր դրամը կամ ունեցվածքը «կորբան» է, այսինքն՝ Աստծուն կամ տաճարին նվիրված ընծա, դրանով խուսափում է իր տարեց ծնողներին օգնելու պատասխանատվությունից, որոնք գուցե խիստ կարիքի մեջ են։
Իրավացիորեն զայրանալով փարիսեցիների վրա, որոնք չարակամորեն խախտում են Աստծու Օրենքը՝ Հիսուսն ասում է. «Աստծու խոսքը անվավեր եք դարձրել ձեր ավանդույթի պատճառով։ Կեղծավորնե՛ր, Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր մասին, երբ ասաց. «Այս ժողովուրդը իր շուրթերով է ինձ պատվում, մինչդեռ նրա սիրտը հեռացած է ինձանից։ Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանք մարդկանց պատվերները որպես ուսմունքներ են սովորեցնում»»։
Ժողովուրդը հավանաբար մի կողմ է քաշվել, որպեսզի թույլ տա փարիսեցիներին հարցեր տալ Հիսուսին։ Այժմ, երբ փարիսեցիները ոչինչ չեն գտնում պատասխանելու Հիսուսի կտրուկ դատապարտությանը, նա ժողովրդին իր մոտ է կանչում։ «Լսե՛ք և հասկացե՛ք իմաստը,— ասում է նա,— չկա մի բան մարդուց դուրս, որ նրա մեջ մտնելով՝ կարողանա պղծել նրան, այլ ինչ որ դուրս է գալիս մարդուց, ա՛յն է պղծում նրան»։
Ավելի ուշ, երբ նրանք տուն են մտնում, աշակերտները հարցնում են. «Գիտե՞ս, որ փարիսեցիները գայթակղվեցին՝ լսելով քո ասած խոսքերը»։
«Ամեն տունկ, որ իմ երկնային Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի,— պատասխանում է Հիսուսը։— Թողե՛ք նրանց։ Նրանք կույր առաջնորդներ են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։
Երբ Պետրոսը մյուս աշակերտների անունից խնդրում է Հիսուսին, որ ավելի մանրամասն բացատրի, թե ինչն է պղծում մարդուն, վերջինս զարմանում է։ «Մի՞թե մինչև հիմա դուք էլ չեք հասկանում,— պատասխանում է Հիսուսը։— Մի՞թե չգիտեք, որ ամեն ինչ, որ մտնում է բերանը, որովայնն է իջնում և ապա կեղտաջրի առուն գնում։ Մինչդեռ այն բաները, որ դուրս են գալիս բերանից, սրտից են դուրս գալիս, և հենց դրանք են, որ պղծում են մարդուն։ Որովհետև սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները։ Այս բաներն են, որ պղծում են մարդուն, բայց անլվա ձեռքերով հաց ուտելը չի պղծում մարդուն»։
Այս խոսքերով Հիսուսը չի խրախուսում անտեսել հիգիենայի կանոնները։ Նա չի ուզում ասել, թե պետք չէ ուտելուց կամ կերակուր պատրաստելուց առաջ ձեռքերը լվանալ։ Հակառակը՝ նա դատապարտում է կրոնական առաջնորդներին իրենց կեղծավորության համար, որոնք խորամանկորեն փորձում են շրջանցել Աստծու արդար օրենքները՝ պահանջելով ոչ սուրբգրային ավանդույթներ պահել։ Այո՛, չար գործերն են ապականում մարդուն, և Հիսուսը ցույց է տալիս, որ դրանք սկիզբ են առնում մարդու սրտում։ Հովհաննես 7։1; Բ Օրինաց 16։16; Մատթեոս 15։1–20; Մարկոս 7։1–23; Ելից 20։12; 21։17; Եսայիա 29։13։
▪ Ի՞նչ հակառակության է հանդիպում Հիսուսը։
▪ Ինչո՞ւմ են փարիսեցիները մեղադրում Հիսուսին, մինչդեռ համաձայն Հիսուսի խոսքերի՝ ինչպե՞ս են նրանք գիտակցաբար խախտում Աստծու Օրենքը։
▪ Ըստ Հիսուսի՝ ի՞նչն է ապականում մարդուն։