Գլուխ 108
Հիսուսին ծուղակը գցելու փորձը ձախողվում է
ՀԻՍՈՒՍԸ դեռ սովորեցնում է տաճարում և քիչ առաջ իր թշնամիներին երեք առակ պատմելով՝ քողազերծեց նրանց չար լինելը։ Փարիսեցիները բարկությամբ են լցվում և խորհրդակցում են իրար հետ, թե ինչպես նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն, որպեսզի կարողանան ձերբակալել նրան։ Նրանք դավադրություն են ծրագրում և Հերովդեսի կողմնակիցների հետ միասին ուղարկում են իրենց աշակերտներին, որպեսզի փորձեն Հիսուսին խոսքով սայթաքեցնել։
«Ուսուցի՛չ,— ասում են այդ մարդիկ,— գիտենք, որ դու ճշմարտախոս ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես սովորեցնում և ուրիշների կարծիքով չես առաջնորդվում, որովհետև դու մարդկանց արտաքինին չես նայում։ Ուրեմն ասա՛ մեզ. ի՞նչ ես կարծում, օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»։
Իհարկե, Հիսուսը չի խաբվում այդ շողոքորթությամբ։ Նա հասկանում է, որ եթե ասի՝ «ոչ, օրենքով թույլատրելի չէ կամ ճիշտ չէ վճարել այդ հարկը», ապա մեղավոր կլինի Հռոմի դեմ ապստամբություն հրահրելու մեջ։ Իսկ եթե ասի՝ «այո, դուք պետք է վճարեք այս հարկը», ապա հրեաները, որոնք տանել չեն կարողանում հռոմեական լուծը, կատեն նրան։ Ուստի Հիսուսը պատասխանում է. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ Ցո՛ւյց տվեք ինձ գլխահարկի մետաղադրամը»։
Երբ բերում են, նա հարցնում է.
— Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա։
— Կայսրինը,— պատասխանում են նրանք։
— Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն։
Հիսուսի իմաստուն պատասխանը լսելով՝ մարդիկ զարմանում են և, նրան մենակ թողնելով, հեռանում։
Տեսնելով, որ փարիսեցիները չկարողացան ինչ–որ բան գտնել Հիսուսի դեմ՝ սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա, մոտենում են Հիսուսին և հարցնում. «Ուսուցի՛չ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ մահանա առանց երեխա ունենալու, ապա նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»։ Մեզ մոտ յոթ եղբայրներ կային. առաջինը ամուսնացավ և ապա մահացավ ու քանի որ սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։ Նույնը պատահեց նաև երկրորդի, երրորդի ու մնացածի հետ, մինչև յոթերորդը։ Բոլորից հետո կինն էլ մահացավ։ Ուստի հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, քանզի բոլորն էլ նրան առան»։
Հիսուսն էլ պատասխանում է. «Հենց սրա համար չէ՞, որ դուք սխալվում եք, որ ո՛չ Գրությունները գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը։ Քանի որ երբ մահացածների միջից հարություն են առնում, ո՛չ տղամարդիկ են ամուսնանում և ո՛չ էլ կանայք, այլ նրանք երկնքի հրեշտակների նման են։ Իսկ մահացածների համար, որ նրանք հարություն են առնելու, չե՞ք կարդացել Մովսեսի գրքում փշոտ թփի դրվագը, թե ինչպես Աստված ասաց նրան. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի։ Դուք խիստ մոլորված եք»։
Ժողովուրդը դարձյալ զարմանում է Հիսուսի տված պատասխանի վրա։ Նույնիսկ դպիրներից ոմանք ընդունում են. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»։
Երբ փարիսեցիները տեսնում են, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, խմբով նրան են մոտենում։ Դարձյալ ցանկանալով փորձել նրան՝ նրանց միջից մի դպիր հարցնում է. «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»։
Հիսուսը պատասխանում է. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, Եհովան՝ մեր Աստվածը, մե՛կ Եհովա է. սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»։ Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»։ Սրանցից ավելի մեծ ուրիշ ոչ մի պատվիրան չկա»։ Ապա ավելացնում է. «Այս երկու պատվիրանների վրա են հիմնված ամբողջ Օրենքը և Մարգարեները»։
«Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր ու ճշմարիտ, թե՝ «Նա Մեկն է, և Նրանից բացի ուրիշը չկա»,— համաձայնվում է դպիրը,— և նրան ամբողջ սրտով, ամբողջ հասկացողությամբ և ամբողջ ուժով սիրելը, ինչպես և մերձավորին սեփական անձի պես սիրելը շատ ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։
Տեսնելով, որ այդ դպիրը խելացի պատասխան տվեց՝ Հիսուսը նրան ասում է. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից»։
Արդեն երեք օր է (կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի), ինչ Հիսուսը սովորեցնում է տաճարում։ Ժողովուրդը նրան հաճույքով է լսում, մինչդեռ կրոնական առաջնորդները ուզում են սպանել Հիսուսին, սակայն նրանց ջանքերը դեռևս հաջողություն չեն ունենում։ Մատթեոս 22։15–40; Մարկոս 12։13–34; Ղուկաս 20։20–40։
▪ Ի՞նչ դավադրություն են փարիսեցիները ծրագրում Հիսուսին ծուղակը գցելու համար, և ի՞նչ կպատահի, եթե նա պատասխանի «այո» կամ «ոչ»։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը խափանում իրեն ծուղակը գցելու սադուկեցիների ջանքերը։
▪ Ուրիշ ի՞նչ միջոցով են փարիսեցիները փորձում Հիսուսին, և ինչպիսի՞ն է լինում արդյունքը։
▪ Երուսաղեմում իր վերջին ծառայության ժամանակ քանի՞ օր է Հիսուսը սովորեցնում տաճարում, և ի՞նչ արդյունքով։