Գլուխ 126
«Իսկապես որ, սա Աստծու Որդին էր»
ՀԻՍՈՒՍԻՆ ցցի վրա գամելուց հետո կարճ ժամանակ անց՝ կեսօրին, երեք ժամ տևողությամբ մի խորհրդավոր խավար է իջնում։ Դա արևի խավարում չէ, քանի որ արևի խավարումը լինում է միայն նորալուսնի ժամանակ, իսկ այժմ՝ Պասեքին, լիալուսին է։ Բացի այդ, արևի խավարումը տևում է ընդամենը մի քանի րոպե։ Ուրեմն՝ խավարը Աստծուց է։ Հավանաբար, այդ ժամանակ մարդիկ դադարում են Հիսուսին ծաղրել ու վիրավորել։
Եթե այս ահազդու երևույթը տեղի է ունենում այն բանից առաջ, երբ չարագործներից մեկը սաստում է իր ընկերոջը և Հիսուսին խնդրում, որ վերջինս հիշի իրեն, ապա հնարավոր է՝ հենց դա է նպաստում, որ նա զղջա։ Թերևս խավարի ժամանակ է, որ չորս կանայք՝ Հիսուսի մայրը ու նրա քույր Սաղոմեն, Մարիամ Մագդաղենացին և Փոքր Հակոբոս առաքյալի մայր Մարիամը մոտենում են տանջանքի ցցին։ Հովհաննեսը՝ Հիսուսի սիրելի առաքյալը, նույնպես նրանց հետ է։
Որքա՜ն է խոցվում Հիսուսի մոր սիրտը, երբ նայում է, թե ինչպես է իր որդին, որին սնել ու մեծացրել է, տառապում՝ ցցի վրա կախված։ Սակայն Հիսուսը մտածում է ոչ թե իր ցավերի, այլ իր մոր բարօրության մասին։ Ճիգ գործադրելով՝ նա գլխով ցույց է տալիս Հովհաննեսին և իր մորն ասում է. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա գլխով ցույց տալով Մարիամին՝ Հովհաննեսին ասում է. «Ահա՛ քո մայրը»։
Այսպիսով Հիսուսն իր մորը, որն ակներևաբար այժմ այրի է, հանձնում է իր ամենասիրելի առաքյալի խնամակալությանը։ Նա այդպես է վարվում, քանի որ Մարիամի մյուս որդիները դեռևս հավատ չեն ցուցաբերում իր հանդեպ։ Հոգալով իր մոր ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր կարիքները՝ Հիսուսը մեզ համար հրաշալի օրինակ է թողնում։
Մոտավորապես ցերեկվա ժամը երեքին Հիսուսն ասում է. «Ծարա՛վ եմ»։ Նա զգում է, որ Հայրը իր պաշտպանությունը վերցրել է իրենից, որպեսզի իր անարատությունը ամբողջովին փորձվի։ Ուստի բարձր ձայնով աղաղակում է. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»։ Սա լսելով՝ այնտեղ կանգնածներից ոմանք բացականչում են. «Տեսե՛ք, Եղիայի՛ն է կանչում»։ Անմիջապես նրանցից մեկը վազում է, թթված գինու մեջ թաթախված սպունգ է դնում եղեգի ծայրին և տալիս է նրան, որ խմի։ Մյուսներն էլ ասում են. «Թողե՛ք դրան. տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու»։
Թթված գինին ընդունելուց հետո Հիսուսը բարձր ձայնով կանչում է. «Կատարվե՛ց»։ Այո, նա կատարեց ամեն բան, ինչի համար որ Հայրը ուղարկել էր նրան երկիր։ Ուստի Հիսուսն ասում է. «Հա՛յր, քո ձեռքն եմ վստահում իմ ոգին»։ Այնուհետև նա Աստծուն է հանձնում իր ոգին, կամ՝ կյանքի ուժը, համոզված լինելով, որ նա կվերականգնի այն։ Ապա գլուխը խոնարհելով՝ մահանում է։
Այն պահին, երբ Հիսուսը շունչը տալիս է, ուժգին երկրաշարժ է լինում, և ժայռերը ճեղքվում են։ Երկրաշարժն այնքան ուժգին է, որ Երուսաղեմից դուրս գտնվող գերեզմանները բացվում են և դիակները դուրս են թափվում։ Այդտեղով անցնողները, ովքեր տեսնում են մահացածների մարմինները, մտնում են քաղաք ու պատմում իրենց տեսածի մասին։
Բացի այդ, երբ Հիսուսը մահանում է, Աստծու տաճարի հսկայական վարագույրը, որը Սրբությունների Սրբությունը բաժանում է Սրբությունից, վերից վար մեջտեղից պատռվում է։ Ըստ երևույթին, այս գեղեցկազարդ վարագույրը 18 մետր երկարություն ունի և շատ ծանր է։ Ապշեցուցիչ հրաշքը ոչ միայն ցույց է տալիս Աստծու զայրույթը իր Որդուն սպանողների հանդեպ, այլ նաև նշանակում է, որ Հիսուսի մահվան միջոցով բացվում է ճանապարհը դեպի Սրբությունների Սրբություն, այսինքն՝ երկինք։
Երբ ժողովուրդը տեսնում է երկրաշարժը և ամբողջ պատահածը, մեծ վախով է լցվում։ Հարյուրապետը, որի հսկողության տակ է մահապատժի գործադրման վայրը, փառաբանում է Աստծուն։ «Իսկապես որ, սա Աստծու Որդին էր»,— բացականչում է նա։ Հավանաբար, նա ներկա է եղել, երբ Պիղատոսի առաջ Հիսուսի դատավարության ժամանակ քննում էին այն հարցը, թե արդյոք նա Աստծու Որդին է։ Իսկ այժմ նա համոզված է, որ Հիսուսը Աստծու Որդին է, այո՛, նա իսկապես երբևէ ապրած մեծագույն մարդն է։
Մյուսները նույնպես տպավորված են այս արտասովոր դեպքերից։ Նրանք վերադառնում են տուն՝ ամոթից ու վշտից իրենց կուրծքը ծեծելով։ Այնտեղ շատ կանայք կան, որոնք Հիսուսի աշակերտներն են և հեռվում կանգնած՝ դիտում են այս տեսարանը։ Նրանք շատ հուզված են՝ տեսնելով այս նշանակալից իրադարձությունները։ Հովհաննես առաքյալը նույնպես այնտեղ է։ Մատթեոս 27։45–56; Մարկոս 15։33–41; Ղուկաս 23։44–49; 2։34, 35; Հովհաննես 19։25–30։
▪ Ինչո՞ւ երկրի վրա իջած խավարը չի կարող արևի խավարում լինել։
▪ Մահանալուց առաջ Հիսուսը ի՞նչ օրինակ է թողնում բոլոր նրանց համար, ովքեր տարեց ծնողներ ունեն։
▪ Հիսուսը ի՞նչ է ասում մահանալուց առաջ։
▪ Ի՞նչ է պատահում երկրաշարժի հետևանքով, և ի՞նչ է նշանակում տաճարի վարագույրի մեջտեղից պատռվելը։
▪ Ի՞նչ ազդեցություն է թողնում պատահածը հարյուրապետի վրա։