Մաս 1
Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
1, 2. Աստծո հետ կապված՝ ի՞նչ հարց է առաջանում մարդկանց մեջ և ինչո՞ւ։
ԵՐԲԵՎԷ ձեր մեջ հարց չի՞ առաջացել՝ եթե գոյություն ունի հոգատար Աստված, ինչո՞ւ է թույլ տալիս, որ շուրջն այսքան տառապանք լինի։ Մենք բոլորս էլ դառնություն տեսել ենք, կամ առնվազն ճանաչում ենք այնպիսի մի անհատի, որը ճաշակել է այն։
2 Այո՛, պատմության ընթացքում մարդիկ ցավ ու տառապանք են կրել պատերազմի, դաժանության, հանցագործության, անարդարության, չքավորության, հիվանդության և հարազատների մահվան պատճառով։ Միայն 20–րդ դարում պատերազմները խլել են ավելի քան 100 միլիոն մարդկանց կյանք։ Հարյուր միլիոնավոր ուրիշ մարդիկ էլ հաշմանդամ են դարձել, մնացել են անտուն, զրկվել իրենց ունեցվածքից։ Մեր օրերում տեղի ունեցող այս սարսափելի բաները խոր վիշտ, ցավ և հուսահատություն են պատճառում անթիվ–անհամար մարդկանց։
3, 4. Ի՞նչ են մտածում շատերը այն բանի վերաբերյալ, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։
3 Այս ամենից դառնացած՝ շատերը սկսում են մտածել, որ Աստծուն բոլորովին էլ չի հուզում մեր վիճակը, կամ էլ՝ որ նա ընդհանրապես գոյություն չունի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանություն տեսած և իր մտերիմներին ու ընտանիքի անդամներին կորցրած մի մարդ ասաց. «Որտե՞ղ էր Աստված, երբ մենք նրա կարիքն ունեինք»։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների ջարդերից փրկված մի անձնավորություն հետևյալ կերպ արտահայտեց իր սրտի խոր կսկիծը. «Եթե կարողանայիք լիզել իմ սիրտը, կթունավորվեիք»։
4 Փաստորեն՝ շատ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ Աստված, բարի լինելով հանդերձ, թույլատրի չարությունը։ Ուստի նրանց մեջ հարց է առաջանում, թե Աստված արդյոք հոգ տանո՞ւմ է մարդկանց մասին, եթե նա առհասարակ գոյություն ունի։ Շատերին սկսում է թվալ, թե քանի դեռ կա մարդկությունը, տառապանք միշտ էլ լինելու է։