Գլուխ 18
Նախ փնտրում են թագավորությունը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գլխավոր թեման Թագավորության միջոցով Եհովայի անվան սրբացումն է։ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց իր հետևորդներին նախ Թագավորությունը փնտրել՝ այն կյանքում իրենց բոլոր գործերից առաջ դասելով։ Ինչո՞ւ։
«Դիտարանում» հաճախ է բացատրվել, որ Եհովան տիեզերքի Գերիշխանն է, քանի որ նա է ամեն բանի Արարիչը։ Նա արժանի է, որ իր արարածները մեծագույն պատիվը տան իրեն (Հայտն. 4։11)։ Բայց մարդկության պատմության սկզբում Աստծու ոգեղեն որդիներից մեկը ինքն իրեն դարձրեց Բանսարկու Սատանա՝ հանդգնորեն մարտահրավեր նետելով Եհովայի գերիշխանությանը (Ծննդ. 3։1–5)։ Բացի այդ, նա եսասիրական մղումներ վերագրեց Եհովայի բոլոր ծառաներին (Հոբ 1։9–11; 2։4, 5; Հայտն. 12։10)։ Այդպիսով խաթարվեց ողջ տիեզերքի խաղաղությունը։
Տասնամյակներ շարունակ «Դիտարան ընկերության» հրատարակություններում նշվել է, որ Եհովան միջոցներ է ձեռնարկել, որպեսզի այդ հարցերը լուծի այնպես, որ բացահայտ լինի ոչ միայն նրա անգերազանցելի զորությունը, այլև նրա իմաստության, արդարության ու սիրո մեծությունը։ Այդ միջոցների մեջ գլխավոր տեղ է զբաղեցնում Աստծու Մեսիական Թագավորությունը։ Այդ Թագավորության միջոցով մարդկությանը հնարավորություն է տրվում սովորելու նրա արդար ճանապարհների մասին։ Նաև դրա միջոցով Եհովան կկործանի չարերին, կարդարացնի իր գերիշխանությունը և կիրագործի իր նպատակը, այն է՝ երկիրը դրախտի վերածել և բնակեցնել այնպիսի մարդկանցով, որոնք իսկապես սիրում են Աստծուն ու միմյանց, և որոնք ի վերջո կհասնեն կատարելության։
Թագավորության կարևոր դերը հաշվի առնելով՝ Հիսուսը հորդորեց իր հետևորդներին. «Շարունակեք նախ թագավորությունը.... փնտրել» (Մատթ. 6։10, 33)։ Ժամանակակից Եհովայի վկաները բազմիցս փաստել են, որ ջանում են հետևել այդ հորդորին։
Թողնում են ամեն բան հանուն Թագավորության
Դեռևս վաղ ժամանակներում Աստվածաշունչ ուսումնասիրողները փորձել են հասկանալ, թե ինչ է նշանակում նախ Թագավորությունը փնտրել։ Նրանք ուսումնասիրել են Հիսուսի այն առակը, որում նա Թագավորությունը համեմատում է մարգարտի հետ, որն այնքան մեծ արժեք ունի, որ մի մարդ «վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն» (Մատթ. 13։45, 46)։ Նրանք խորհել են այն մասին, թե ինչ է նշանակում Հիսուսի խորհուրդը՝ տրված հարուստ երիտասարդ իշխանին, որ նա վաճառի ամեն բան, տա աղքատներին և դառնա իր հետևորդը (Մարկ. 10։17–30)a։ Նրանք նաև հասկացել էին, որ եթե ցանկանում են արժանի լինել Աստծու Թագավորությանը, ապա Թագավորությունը պետք է իրենց կյանքում գլխավոր տեղում դասեն՝ ուրախությամբ իրենց կյանքը, կարողությունները և բոլոր միջոցները տրամադրելով նրա շահերին։ Մնացած բոլոր բաները պետք է կյանքում երկրորդական տեղ զբաղեցնեին։
Չարլզ Թեյզ Ռասելը անձամբ վարվեց այդ խորհրդի համաձայն։ Նա վաճառեց տղամարդկանց հագուստի բիզնեսը, իսկ հետո իր ողջ ունեցվածքն օգտագործեց մարդկանց հոգևոր օգնություն տրամադրելու համար (համեմատի՛ր Մատթեոս 6։19–21)։ Նա այդ գործը չարեց ընդամենը մի քանի տարի։ Իր ողջ կյանքում Ռասելն օգտագործեց ամեն բան, որ ուներ՝ իր մտային կարողությունները, ուժերը, նյութական միջոցները, որպեսզի մարդկանց պատմի Մեսիական Թագավորության մասին հիանալի լուրը։ Նրա թաղման ժամանակ Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը ասաց. «Չարլզ Թեյզ Ռասելը հավատարիմ էր Աստծուն, հավատարիմ էր Հիսուս Քրիստոսին և հավատարիմ էր Մեսիական Թագավորության գործին»։
1881-ի ապրիլին (այն ժամանակ ընդամենը մի քանի հարյուր հոգի էր ներկա լինում Աստվածաշունչ ուսումնասիրողների հանդիպումներին) «Դիտարանում» տպագրվեց մի հոդված, որի վերնագիրն էր՝ «Պահանջվում է 1000 քարոզիչ»։ Այդ հոդվածում կոչ էր արվում տղամարդկանց և կանանց, որոնք չունեին իրենց հոգածության տակ գտնվող ընտանիքի անդամներ, ծառայել որպես գրքեր տարածող։ Մատթեոս 20։1–16-ում գրված առակի խոսքերի հիման վրա «Դիտարանում» այսպիսի հարց տրվեց. «Ո՞վ է ողջ սրտով ցանկանում գնալ և աշխատել խաղողի այգում, և ո՞վ է աղոթել Տիրոջը, որ իր համար ստեղծի հնարավորություն դա անելու»։ Նրանց, ովքեր կարող էին թեկուզև իրենց ժամանակի կեսը տրամադրել Տիրոջ գործին, կոչ էր արվում սկսել այդ ծառայությունը։ Սկզբնական շրջանում «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը» գրքեր տարածողներին տրամադրում էր տարածելու համար նախատեսված աստվածաշնչյան գրականություն և սահմանել էր համեստ գումար, որը նրանք կարող էին վերցնել որպես նվիրաբերություն՝ առաջարկված գրականության դիմաց։ Հավաքված գումարի մի մասը նրանք կարող էին պահել ճանապարհածախսի, ուտելիքի, հագուստի և կացարանի մասին հոգալու համար։ Արդյոք այդ կոչին արձագանքողներ եղա՞ն։
1885-ին արդեն Ընկերության հետ համագործակցում էր 300 գրքեր տարածող։ 1914-ին այդ թիվը վերջապես անցավ 1000-ից։ Բայց այդ ծառայությունը հեշտ չէր։ Մի գրքեր տարածող, որը չորս փոքր քաղաքներում անցավ բոլոր տները և հանդիպեց ընդամենը երեք կամ չորս հոգու, որոնք ինչ-որ չափով հետաքրքրություն ցույց տվեցին, այսպիսի խոսքեր գրեց. «Պետք է խոստովանեմ, որ այդքան երկար ճանապարհ անցնելով, այդքան շատ մարդկանց հանդիպելով՝ միևնույնն է, շատ միայնակ էի զգում, քանի որ քչերն էին հետաքրքրություն ցույց տալիս Աստծու ծրագրի և Եկեղեցու նկատմամբ։ Օգնեք ինձ ձեր աղոթքներով, որ կարողանամ պատշաճորեն ու անվախորեն քարոզել ճշմարտությունը և չհոգնեմ բարին անելուց»։
Հոժար կամքով տրամադրում են իրենց
Գրքեր տարածողները իսկապես ճանապարհ էին բացում մեծ գործունեության համար։ Նրանք հասնում էին երկրի ամենահեռավոր ու դժվար հասանելի անկյունները այն ժամանակներում, երբ տրանսպորտը այդքան էլ զարգացած չէր, և ճանապարհները հիմնականում սայլակների բացած փոքր արահետներ էին։ Գրքեր տարածողներից մեկը՝ քույր Էրլին, ծառայում էր Նոր Զելանդիայում։ Նա սկսել էր իր ծառայությունը Առաջին համաշխարհային պատերազմից շատ առաջ և 34 տարի ծառայեց լիաժամ մինչև իր մահը՝ 1943 թվականը։ Նա գրեթե ամբողջ երկիրը անցավ հեծանվով։ Նույնիսկ երբ հիվանդացավ հոդաբորբով և չէր կարողանում հեծանիվ վարել, հենվում էր հեծանվի վրա և դրանով տանում էր գրքերը, երբ քարոզում էր Քրայստչերչի գործարար տարածքներում։ Քույր Էրլին կարողանում էր բարձրանալ աստիճաններով, սակայն հիվանդության պատճառով իջնելիս ստիպված էր հետ-հետ գնալ։ Այդուհանդերձ, քանի դեռ նա մի փոքր ուժ ուներ, օգտագործում էր դա Եհովային ծառայելու գործում։
Գրքեր տարածողները այդ ծառայությունը չէին կատարում՝ սեփական ուժերին վստահելով։ Ոմանք էությամբ շատ երկչոտ էին, բայց պատրաստ էին ծառայելու, քանի որ սիրում էին Եհովային։ Այդպիսի մի քույր գործարար տարածքում վկայություն տալուց առաջ խնդրում էր իր տարածքի բոլոր Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ աղոթեն իր համար։ Ժամանակի ընթացքում նա փորձ ձեռք բերեց և ավելի մեծ եռանդով էր մասնակցում ծառայությանը։
1907-ին, երբ Մելինդա Քիֆերը եղբայր Ռասելի հետ զրուցեց լիաժամ ծառայելու իր ցանկության մասին, ասաց, որ իրեն հարկավոր է ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել նախքան այդ ծառայությունը սկսելը։ Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ նա առաջին անգամ կարդացել Աստվածաշունչ ուսումնասիրողների գրականությունը։ Եղբայր Ռասելը ասաց նրան. «Եթե ուզում ես սպասել այնքան, մինչև որ ամեն բան իմանաս, ապա երբեք չես սկսի։ Բայց եթե սկսես, ընթացքում կսովորես»։ Առանց հապաղելու՝ նա սկսեց ծառայել Օհայոյում (Միացյալ Նահանգներ)։ Նա հաճախ էր մտաբերում Սաղմոս 110։3-ը, որտեղ ասվում է. «Քո ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն»։ Հաջորդ 76 տարիների ընթացքում քույր Մելինդան հենց այդպես էլ վարվել էb։ Նա իր ծառայությունը սկսել էր, երբ ամուրի էր։ Հետո 15 տարի ծառայեց ամուսնու հետ, իսկ վերջինիս մահից հետո Եհովայի օգնությամբ շարունակեց իր ծառայությունը։ Իր ապրած տարիներին հետադարձ հայացք նետելով՝ նա ասաց. «Այնքան ուրախ եմ, որ դեռ երիտասարդ տարիքից իմ անձը հոժարակամորեն տրամադրել եմ ռահվիրայական ծառայությանը և միշտ Թագավորության շահերը առաջին տեղում եմ դասել»։
Սկզբնական տարիներին ընդհանուր համաժողովների ժամանակ հատուկ հանդիպումներ էին անցկացվում գրքեր տարածողների համար, որոնց ժամանակ տարբեր հարցերի պատասխաններ էին տրվում, սկսնակներին կրթություն էր տրամադրվում, ինչպես նաև քաջալերական մտքեր էին հնչում։
1919-ից ի վեր գնալով ավելացել է Եհովայի այն ծառաների թիվը, որոնք այնքան բարձր են գնահատել Աստծու Թագավորությունը, որ իրենց կյանքը կառուցել են դրա շուրջ։ Նրանցից ոմանք կարողացել են մի կողմ թողնել աշխարհիկ նպատակները և իրենց լիովին նվիրել են ծառայությանը։
Հոգում են նյութական կարիքները
Ինչպե՞ս էին լիաժամ ծառայողները հոգում իրենց նյութական կարիքները։ Աննա Պիտերսենը (հետագայում՝ Ռյոմեր), որը լիաժամ ծառայություն էր կատարում Դանիայում, պատմում է. «Մեր առօրյա ծախսերը հոգալու համար օգտվում էինք տարածված գրականության դիմաց ստացված միջոցներից, իսկ մեր առօրյա կարիքներն այդքան էլ մեծ չէին։ Եթե ավելի մեծ ծախսեր էին լինում, դրանք միշտ այս կամ այն կերպ ծածկվում էին։ Քույրերը սովորաբար մեզ տալիս էին հագուստ՝ զգեստներ կամ վերարկուներ, և մենք սիրով դրանք կրում էինք, այնպես որ միշտ լավ հագուկապ ունեինք։ Երբեմն ձմռանը երկու կամ երեք ամիս գրասենյակային աշխատանք էի կատարում.... Գնումներ կատարելով այն ժամանակ, երբ որ զեղչեր էին լինում, ես կարողանում էի ձեռք բերել ամբողջ տարվա համար ինձ անհրաժեշտ հագուստը։ Մենք անհրաժեշտ ամեն բան ունեինք և երբեք կարիքի մեջ չէինք լինում»։ Նրանց գլխավոր մտահոգությունը նյութական բաները չէին։ Եհովայի և նրա ճանապարհների հանդեպ սերը նրանց սրտում այրվող կրակի պես էր, և նրանք պարզապես չէին կարող չխոսել դրանց մասին։
Այն տարածքում, որտեղ այցելում էին մարդկանց, նրանք մի համեստ սենյակ էին վարձում։ Նրանցից ոմանք մնում էին շարժական տնակներում, որոնք շատ հասարակ էին և ծառայում էին որպես ուտելու և քնելու տեղ։ Ոմանք էլ մի վայրից մյուսը տեղափոխվելիս քնում էին վրաններում։ Որոշ տարածքներում եղբայրները հիմնում էին «ռահվիրայական ճամբարներ». տեղի Վկաները երբեմն լիաժամ ծառայողներին տուն էին տրամադրում, և մի հոգի նշանակվում էր որպես վերակացու։ Այդ տարածքում ծառայող ռահվիրաները կարող էին մնալ այդ բնակարանում և միասին պետք է հոգային անհրաժեշտ ծախսերը։
Գումար չունենալը պատճառ չէր, որ անկեղծ սրտով մարդիկ չկարողանային աստվածաշնչյան գրականություն ձեռք բերել։ Ռահվիրաները հաճախ գրականությունը փոխանակում էին կարտոֆիլի, կարագի, ձվի, թարմ կամ պահածոյացված մրգերի, հավի, օճառի և ցանկացած այլ բանի հետ։ Դրանով նրանք չէին հարստանում, այլ այդ կերպով օգնում էին անկեղծ մարդկանց լսելու Թագավորության լուրը և ձեռք էին բերում կյանքի համար անհրաժեշտ բաները, որպեսզի կարողանային շարունակել իրենց ծառայությունը։ Նրանք վստահում էին Հիսուսի խոսքերին, որ եթե «շարունակեն նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել», ապա անհրաժեշտ սնունդը և ծածկը կտրվի նրանց (Մատթ. 6։33)։
Պատրաստ են ծառայելու այնտեղ, որտեղ կարիք կա
Ունենալով անկեղծ ցանկություն կատարելու Հիսուսի հանձնարարած գործը՝ լիաժամ ծառայողները գնում էին ծառայելու նորանոր տարածքներում և նույնիսկ ուրիշ երկրներում։ Ֆրենկ Ռայսը արդեն տասը տարի էր, ինչ լիաժամ ծառայություն էր կատարում, երբ 1931-ին նրան խնդրեցին Ավստրալիայից մեկնել Ճավա (այժմ՝ Ինդոնեզիայի մի մասը), որպեսզի այնտեղ սկսի բարի լուրի քարոզչությունը։ Նա պետք է սովորեր նոր լեզու և ծանոթանար տեղի սովորություններին։ Թեև նա կարող էր խանութներում և գրասենյակներում վկայություն տալ անգլախոս մարդկանց, բայց ցանկանում էր ուրիշ մարդկանց էլ քարոզել։ Նա շատ ջանքեր գործադրեց և երեք ամսից արդեն բավականին յուրացրել էր հոլանդերենը, ուստի կարող էր քարոզել տնից տուն։ Իսկ հետո նա սովորեց մալայերեն։
Ֆրենկը ընդամենը 26 տարեկան էր, երբ մեկնեց Ճավա, և վեց տարի շարունակ նա միայնակ ծառայեց հիմնականում Ճավայում և Սումատրայում։ (1931-ի վերջերին Քլեմ Դեյշանը և Բիլ Հանթերը Ավստրալիայից եկան՝ նրան ծառայության մեջ օգնելու։ Մինչ Ֆրենկը ծառայում էր Ճավայի մայրաքաղաքում և դրա շրջակայքում, Բիլը և Քլեմը միասին քարոզում էին կղզու խորքում։ Հետագայում վերջիններս տարբեր տարածքներում ծառայելու նշանակում ստացան։) Ճավայում և Սումատրայում ժողովներ չկային։ Երբեմն Ֆրենկը իրեն շատ միայնակ էր զգում, և քիչ չեն եղել այն դեպքերը, երբ նա մտածել է ամեն ինչ թողնել և Ավստրալիա վերադառնալ։ Բայց նա չհանձնվեց։ Ի՞նչը նրան օգնեց։ Հոգևոր սնունդը, որ նա ստանում էր «Դիտարան» պարբերագրի միջոցով, զորացնում էր նրան։ 1937-ին նա տեղափոխվեց նոր նշանակման վայր՝ Հնդկաչին, որտեղ նա քիչ մնաց կորցներ իր կյանքը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում խռովություններ էին ընթանում։ 1970-ականներին նա շարունակում էր պահպանել պատրաստակամ ոգի, ինչը երևում էր նրա գրած մի նամակից, որում արտահայտում էր իր ուրախությունը այն բանի համար, որ իր ողջ ընտանիքը ծառայում է Եհովային, ինչպես նաև հայտնում էր, որ իր կնոջ հետ պատրաստվում էր տեղափոխվել Ավստրալիայի այնպիսի տարածք, որտեղ ավելի մեծ կարիք կար։
Ամբողջ սրտով Եհովային են ապավինում
Կլոդ Գուդմանը վճռել էր «ամբողջ սրտով Եհովային ապավինել և սեփական հասկացողությանը չվստահել», ուստի նա, բիզնես հիմնելու փոխարեն, սկսեց ծառայել որպես գրքեր տարածող (Առակ. 3։5, 6)։ Ռոնալդ Թիպինի հետ, որն օգնել էր իրեն իմանալ ճշմարտությունը, նա մոտ մեկ տարի ծառայեց Անգլիայում՝ որպես գրքեր տարածող։ Այնուհետև 1929-ին երկուսն էլ ցանկություն հայտնեցին մեկնելու Հնդկաստանc։ Այնտեղ ծառայելը լուրջ դժվարությունների հետ էր կապված։
Հաջորդ տարիների ընթացքում նրանք ճամփորդեցին ոչ միայն ոտքով, մարդատար գնացքով ու ավտոբուսով, այլ նաև բեռնատար գնացքով, սայլով, ուղտով, սամպանով, ռիկշայով և նույնիսկ ինքնաթիռով ու մասնավոր գնացքով։ Երբեմն նրանք գիշերել են երկաթուղային կայարանի սպասասրահում, գոմում, ջունգլիներում՝ խոտերի վրա, կամ որևիցե խրճիթում՝ գոմաղբից պատրաստված հատակին, բայց եղել են դեպքեր, երբ նրանք քնել են շքեղ հյուրանոցներում և ռաջայի պալատում։ Պողոս առաքյալի նման՝ նրանք սովորել են գոհ լինելու գաղտնիքը՝ անկախ նրանից, եղել են առատության մեջ, թե կարիքի (Փիլիպ. 4։12, 13)։ Սովորաբար նրանք շատ քիչ նյութական միջոցներ են ունեցել, բայց երբեք չեն մնացել առանց անհրաժեշտ բաների։ Նրանք անձամբ զգացել են Հիսուսի այն խոսքերի իրականացումը, որ եթե առաջին տեղում դնեն Թագավորությունն ու Աստծու արդարությունը, ապա կյանքի համար անհրաժեշտ նյութական բաները կտրվեն նրանց։
Երբեմն նրանք ծանր հիվանդանում էին, օրինակ՝ դենգեի տենդով, մալարիայով և որովայնային տիֆով, բայց հավատակիցները սիրով հոգ էին տանում նրանց մասին։ Նրանք ծառայում էին աղքատ ու կեղտոտ քաղաքներում, օրինակ՝ Կալկաթայում, և վկայություն էին տալիս թեյի պլանտացիաներում՝ Ցեյլոնի սարերի վրա (այժմ՝ Շրի Լանկա)։ Մարդկանց հոգևոր կարիքները բավարարելու համար նրանք առաջարկում էին գրականություն, ձայնագրություններ էին հնչեցնում տեղի լեզուներով և ելույթներ էին ներկայացնում։ Երբ գործը ընդլայնվեց, եղբայր Կլոդը նաև սովորեց տպագրահաստոց աշխատեցնել և վերահսկել Ընկերության մասնաճյուղերի աշխատանքը։
86 տարեկանում, հետ նայելով իր անցած տարիներին, նա կարող էր ասել, որ հետաքրքիր իրադարձություններով լեցուն կյանքով է ապրել՝ ծառայելով Եհովային Անգլիայում, Հնդկաստանում, Պակիստանում, Ցեյլոնում, Բիրմայում (այժմ՝ Մյանմա), Մալայայում, Թաիլանդում և Ավստրալիայում։ Նա միշտ իր կյանքում Թագավորությունը առաջին տեղում է դրել թե՛ այն ժամանակ, երբ երիտասարդ էր ու ամուրի, թե՛ այն ժամանակ, երբ ամուսին էր ու հայր։ Իր մկրտությունից երկու տարի էլ չէր անցել, երբ նա սկսեց լիաժամ ծառայությունը և որոշեց, որ այդ գործին է նվիրելու իր ողջ կյանքը։
Աստծու զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում
Բեն Բրիքելը եռանդուն Վկա էր։ Նա, ինչպեսև մյուս մարդիկ, ուներ կարիքներ ու տկարություններ։ Սակայն նրա հավատը ամուր էր։ 1930-ին նա սկսեց ծառայել որպես գրքեր տարածող Նոր Զելանդիայում՝ վկայություն տալով այնպիսի տարածքներում, որտեղ նրանից հետո տասնամյակներ շարունակ ոչ ոք չքարոզեց։ Երկու տարի անց Ավստրալիայում նա ձեռնարկեց հնգամսյա ճանապարհորդություն՝ անցնելով ամայի վայրերով, որպեսզի քարոզեր այն տարածքներում, որոնք մինչ այդ չէին քարոզվել։ Նա իր հեծանիվը բարձել էր ծածկոցներով, հագուստով, ուտելիքով և տարածելու համար նախատեսված գրքերով։ Թեև ուրիշ մարդիկ, որ փորձել էին անցնել այս վայրերով, կորցրել էին իրենց կյանքը, բայց նա անվախորեն շարունակում էր իր ճանապարհը՝ վստահելով Եհովային։ Այնուհետև Բենը ծառայեց Մալայզիայում, որտեղ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցավ, բայց չհանձնվեց։ Ապաքինվելուց հետո նա վերսկսեց լիաժամ ծառայությունը Ավստրալիայում։ Մոտ տասը տարի անց նա ծանր հիվանդության պատճառով հիվանդանոց պառկեց, և երբ նրան դուրս էին գրում, բժիշկը ասաց, որ նա կորցրել է իր «աշխատունակության 85 տոկոսը»։ Նա նույնիսկ չէր կարող գնալ ամենամոտ խանութը՝ առանց ժամանակ առ ժամանակ հանգստանալու։
Բայց Բեն Բրիքելը մտադիր էր շարունակել իր ծառայությունը և այդպես էլ արեց։ Ծառայելիս նա հարկ եղած դեպքում կանգ էր առնում՝ հանգստանալու։ Շուտով նա կրկին սկսեց քարոզել Ավստրալիայի հեռավոր ու քիչ բնակեցված գյուղերում։ Նա հնարավորության սահմաններում հոգ էր տանում իր առողջության մասին, բայց Եհովային ծառայելը ամենագլխավոր գործն էր իր կյանքում։ Այդ տրամադրվածությամբ նա ծառայեց 30 տարի մինչև կյանքի վերջ և մահացավ մոտ 65 տարեկանումd։ Բենը գիտակցում էր, որ եթե իր ուժը պակասեր տկարության պատճառով, այն կլրացվեր Եհովայի զորությամբ։ 1969-ին Մելբուրնում կայացած մի համաժողովի ժամանակ նա ծառայում էր ռահվիրայական բաժնում և կոստյումի վրա ուներ մի փոքրիկ ցուցանակ, որի վրա գրված էր. «Եթե քեզ հետաքրքրում է ռահվիրայական ծառայությունը, դիմիր ինձ» (համեմատի՛ր 2 Կորնթացիներ 12։7–10)։
Քարոզում են ջունգլիներում և հանքավայրային բնակատեղիներում
Եհովային ծառայելու հարցում նախանձախնդրությունը ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց էր մղում ծառայելու չքարոզված տարածքներում։ Ֆրիդա Ջոնսոնը օծյալ քրիստոնյա էր։ Այս փոքրամարմին քույրը մոտ 50 տարեկանում միայնակ ծառայում էր Կենտրոնական Ամերիկայի տարբեր մասերում՝ ձիով անցնելով Հոնդուրասի հյուսիսային ափի տարածքներով։ Նրանից մեծ հավատ էր պահանջվում, որ միայնակ քարոզեր տարբեր վայրերում գտնվող բանանի պլանտացիաներում, Լա Սեյբա, Տելա և Տրուխիլիո քաղաքներում, ինչպես նաև հեռավոր կարիբյան գյուղերում։ Նա այդ վայրերում վկայություն տվեց 1930-ին, 1931-ին, 1934-ին, 1940-ին և 1941-ին՝ տարածելով աստվածաշնչյան ճշմարտությունը լուսաբանող գրականության հազարավոր օրինակներ։
Այդ տարիներին մեկ ուրիշ եռանդուն քարոզիչ սկսեց իր լիաժամ ծառայությունը։ Դա Քեթի Պալմն էր, որը ծնվել է Գերմանիայում։ Նա մղվեց ծառայելու լիաժամ, երբ ներկա եղավ 1931-ին Կոլումբուսում (Օհայո) տեղի ունեցած համաժողովին, որի ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողները ընդունեցին Եհովայի վկաներ անունը։ Հենց այդ ժամանակ էր, որ նա վճռեց նախ փնտրել Թագավորությունը և 1992-ին, երբ 89 տարեկան էր, դեռ հավատարիմ էր իր այդ որոշմանը։
Քեթին սկսեց ռահվիրա ծառայել Նյու Յորքում քաղաքում։ Ավելի ուշ Հարավային Դակոտայում նա մի քանի ամիս ծառայեց մի քրոջ հետ, իսկ հետո ծառայությունը շարունակեց մենակ (այդ ընթացքում նա ճամփորդում էր ձիով)։ Երբ նրան հրավիրեցին ծառայելու Կոլումբիայում (Հարավային Ամերիկա), նա պատրաստակամորեն համաձայնեց և 1934-ի վերջերին մեկնեց այնտեղ։ Այս անգամ ևս նա մի որոշ ժամանակ համագործակցեց մի քրոջ հետ, իսկ հետո ծառայեց մենակ։ Բայց դա պատճառ չեղավ, որ նա թողնի իր ծառայությունը։
Մի ամուսնական զույգ նրան հրավիրեց ծառայելու Չիլիում։ Դա մի հսկայական տարածք էր, որը 4265 կմ ձգվում էր Հարավային Ամերիկայի արևմտյան ափի երկայնքով։ Մայրաքաղաքի գործարար տարածքներում քարոզելուց հետո Քեթին ճանապարհ ընկավ դեպի հեռավոր հյուսիս։ Նա, գնալով տնից տուն, քարոզում էր բոլոր հանքավայրային բնակատեղիներում և հիմնարկությունների շուրջ կառուցված քաղաքներում՝ լինեին դրանք մեծ թե փոքր։ Անդերի բարձրադիր շրջաններում աշխատող մարդիկ զարմանում էին՝ տեսնելով, որ միայնակ մի կին այցելում է իրենց։ Քեթին նպատակ ուներ քարոզել իրեն հանձնարարված տարածքի յուրաքանչյուր բնակչի։ Հետագայում նա տեղափոխվեց դեպի հարավ, որտեղ կային մի քանի էստանսիաներ (ոչխարաբուծական ֆերմաներ), որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում էր գրեթե 100000 հեկտար տարածություն։ Մարդիկ այնտեղ շատ ջերմ էին ու հյուրասեր և հաճախ նրան հրավիրում էին ճաշելու։ Այդպես, ինչպես նաև այլ կերպերով Եհովան հոգ էր տանում նրա մասին, որպեսզի նա ունենար իր կյանքի համար անհրաժեշտ միջոցները։
Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելը իմաստալից է դարձրել նրա կյանքըe։ Իր անցած տարիներին հետ նայելով՝ նա ասում է. «Կարծում եմ, որ շատ հարուստ և բովանդակալից կյանքով եմ ապրել։ Ամեն տարի, երբ ներկա եմ լինում Եհովայի ժողովրդի համաժողովներին, սիրտս ջերմանում է և ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ, ում հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել, այժմ իրենք են հռչակում բարի լուրը և օգնում են ուրիշներին գալու դեպի կյանքի ջուրը»։ Նա առանձնաշնորհում է ունեցել տեսնելու, թե ինչպես է Եհովային գովաբանողների թիվը Չիլիում 50-ից հասել 44000-ի։
«Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»
Գերմանիայում Մարտին Փետցինգերը լսեց մի թեմա՝ հիմնված Եսայիա 6։8-ի վրա, որտեղ արձանագրված է Եհովայի հրավերը, որին մարգարեն այսպիսի արձագանք տվեց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»։ Այդ թեմայից անչափ տպավորված՝ նա շուտով մկրտվեց։ Երկու տարի անց՝ 1930-ին, նա սկսեց լիաժամ ծառայել Բավարիայումf։ Կարճ ժամանակ անց պետական իշխանությունները արգելեցին Վկաներին քարոզել, փակվեցին նրանց հանդիպման վայրերը, և գրականությունը բռնագրավվեց։ Նրանց համար վտանգ էր ներկայացնում նաև գեստապոն։ Բայց 1933-ին տեղի ունեցած այդ իրադարձությունները պատճառ չեղան, որ եղբայր Փետցինգերը դադարեցնի իր ծառայությունը։
Նրան հրավիրեցին ծառայելու Բուլղարիայում։ Այնտեղ աստվածաշնչյան գրականություն էին առաջարկում վկայության քարտերի օգնությամբ։ Բայց մարդկանց մեծամասնությունը կարդալ չգիտեր։ Ուստի եղբայր Փետցինգերը սկսեց սովորել տեղի լեզուն, որի հիմքում կիրիլիցա այբուբենն է։ Երբ որևէ ընտանիքի գրականություն էր տալիս, հաճախ երեխաներն էին դրանք կարդում իրենց ծնողների համար։
Առաջին տարին եղբայր Փետցինգերը հիմնականում մենակ էր ծառայում։ Նա գրեց. «Հիշատակի երեկոյի ժամանակ ես ինքս ներկայացրեցի ելույթը, ինքս աղոթեցի և ինքս էլ ավարտեցի հանդիպումը»։ 1934-ին օտարերկրացիներին արտաքսում էին երկրից, ուստի նա գնաց Հունգարիա։ Այստեղ ևս նա պետք է նոր լեզու սովորեր, որպեսզի կարողանար քարոզել բարի լուրը։ Հունգարիայից նա գնաց Չեխոսլովակիա և Հարավսլավիա։
Եղբայր Փետցինգերը ուրախանալու շատ առիթներ է ունեցել։ Օրինակ՝ նա ուրախություն էր ստանում, երբ գրականության կապոցը մեջքին՝ գյուղերում քարոզելիս հանդիպում էր ճշմարտությունը սիրող մարդկանց, երբ զգում էր Եհովայի հոգատարությունը՝ տեսնելով, թե ինչպես են հյուրասեր մարդիկ իրեն ուտելիք և գիշերելու տեղ տրամադրում։ Նաև ուրախանում էր, երբ մինչև ուշ երեկո զրուցում էր այն մարդկանց հետ, ովքեր գալիս էին իր մոտ՝ ավելին իմանալու Թագավորության մխիթարական լուրի մասին։
Բայց նա նաև հավատի ծանր փորձություններ է կրել։ Երբ քարոզում էր հայրենի երկրից դուրս, ծանր հիվանդացավ։ Նա փող չուներ, և ոչ մի բժիշկ չէր ցանկանում բուժել նրան։ Բայց Եհովան հոգ տարավ նրա մասին։ Ինչպե՞ս։ Վերջիվերջո, հաջողվեց խոսել տեղի հիվանդանոցի ավագ խորհրդատուի հետ։ Այդ մարդը մեծ հավատ ուներ Աստվածաշնչի հանդեպ և եղբայր Փետցինգերի մասին հոգ տարավ, ինչպես հոգ կտաներ իր որդու մասին, և ոչինչ չվերցրեց իր արածի դիմաց։ Եղբոր անձնազոհ ոգին, որը դրսևորվում էր նրա կատարած գործում, անչափ տպավորել էր բժշկին, ուստի նա համաձայնեց վերցնել Ընկերության գրքերից մի քանիսը։
Եղբայր Փետցինգերը մեկ ուրիշ ծանր փորձության բախվեց ամուսնությունից չորս ամիս անց։ 1936-ի դեկտեմբերին նրան ձերբակալեցին և ուղարկեցին նախ մի համակենտրոնացման ճամբար, ապա մեկ ուրիշը, իսկ նրա կինը գտնվում էր մեկ այլ ճամբարում։ Նրանք միմյանց չտեսան ինը տարի։ Թեև Եհովան թույլ տվեց այդ դաժան հալածանքը, բայց զորացրեց եղբայր Մարտինին, նրա կնոջը Գերտրուդին և հազարավոր այլ Վկաների, որպեսզի նրանք կարողանան տոկալ այդ փորձությունների ներքո։
Երբ եղբայր Փետցինգերին ու նրա կնոջը ազատ արձակեցին, նա Գերմանիայում երկար տարիներ ծառայեց որպես շրջագայող վերակացու։ Նա ներկա եղավ պատերազմից հետո Նյուրնբերգի նշանակալից համաժողովներին, որոնք անցկացվեցին այն հրապարակում, որտեղ Հիտլերը նախկինում շքերթներ էր կազմակերպել։ Այդ հրապարակը լեփ-լեցուն էր Աստծու Թագավորության հավատարիմ ջատագովների մի մեծ բազմությամբ։ Նա ներկա եղավ նաև Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցած անմոռանալի համաժողովներին։ Եղբայր Փետցինգերը հրավիրվեց սովորելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում և մեծ բավականություն ստացավ այդ դասընթացից։ 1977-ին նա նշանակվեց Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։ Այն տրամադրվածությունը, որ նա պահպանեց ընդհուպ մինչև իր երկրային կյանքի ավարտը՝ 1988-ը, լավագույնս կարելի է նկարագրել հետևյալ խոսքերով. «Ամենակարևոր բանը, որ անում եմ, նախ Թագավորությունը փնտրելն է»։
Ինչ է նշանակում նախ Թագավորությունը փնտրել
Եհովայի վկաները միշտ էլ անձնուրացության ոգի են դրսևորել։ Դեռևս «Հազարամյակի արշալույսի» առաջին հատորում, որը հրատարակվեց 1886-ին, քննարկվեց նվիրման հարցը։ Աստվածաշնչի հիման վրա ասվում էր, որ ճշմարիտ քրիստոնյան պետք է ամեն ինչ «նվիրի» Աստծուն, այդ թվում իր ունակությունները, նյութական միջոցները և կյանքը։ Այդպիսով նա դառնում է տնտեսը այն ամենի, ինչ ինքը «նվիրել» է Աստծուն, և որպես տնտես՝ պետք է հաշիվ տա ոչ թե մարդկանց, այլ Աստծուն։
Գնալով ավելի շատ Աստվածաշունչ ուսումնասիրողներ էին իրենց կյանքը լիովին նվիրում Աստծուն ծառայելու գործին։ Նրանք ամբողջովին օգտագործում էին իրենց ունակությունները, միջոցները և ուժը Աստծու կամքը կատարելու համար։ Մյուս կողմից կային անհատներ, ովքեր մտածում էին, որ ամենակարևոր բանը, այսպես կոչված, քրիստոնեական վարքագիծ զարգացնելն է, որպեսզի նրանք արժանի կլինեն՝ Քրիստոսի հետ Թագավորությունը ժառանգելու։
Թեև եղբայր Ռասելը հաճախ է նշել, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի պատասխանատվությունն է վկայություն տալ ուրիշներին Աստծու Թագավորության մասին, բայց այդ գործի վրա ավելի մեծ շեշտ դրվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Դրա վառ օրինակն է «Դիտարանի» 1926-ի մայիսի 1-ի համարում լույս տեսած հոդվածը, որի վերնագիրն էր՝ «Վարքագի՞ծը, թե՞ ուխտը. ո՞րն է ավելի կարևոր»։ Այնտեղ հստակորեն նշվում էր, թե ինչ բացասական հետևանքներ է իր հետ բերում, այսպես կոչված, «վարքագծի բարելավումը», և ընդգծվում էր, որ ավելի կարևոր է Աստծու առաջ մեր պարտականությունները կատարել գործերով։
Ավելի վաղ «Դիտարանի» 1920-ի հուլիսի 1-ի համարում քննարկվեց Հիսուսի տված մարգարեությունը նրա «ներկայության և աշխարհի վախճանի նշանի» վերաբերյալ (Մատթ. 24։3)։ Այնտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում քարոզչական գործի վրա, որը պետք է իրականացվեր՝ ի կատարումն Մատթեոս 24։14-ի, ինչպես նաև նշվում էր, թե ինչ լուր պետք է հռչակվի։ Պարբերագրում գրված էր. «Այդ համարում նշված բարի լուրը իրերի հին համակարգի վախճանի և Մեսիական Թագավորության հաստատման մասին է»։ «Դիտարանում» նաև բացատրվում էր, որ հաշվի առնելով այն, թե նշանի մյուս երեսակների մեջ Հիսուսը որ տեղում նշեց այդ գործի մասին՝ կարելի է եզրակացնել, որ այն պետք է կատարվեր «Առաջին համաշխարհային պատերազմի և Մատթեոս 24։21, 22-ում Տիրոջ հիշատակած «մեծ նեղության» միջև ընկած ժամանակահատվածում»։ Այդ գործը հրատապ էր։ Իսկ ո՞վ էր կատարելու այն։
Ակնհայտ էր, որ այդ պատասխանատվությունը ընկած էր «եկեղեցու»՝ ճշմարիտ քրիստոնեական ժողովի անդամների վրա։ Սակայն «Դիտարանի» 1932-ի օգոստոսի 1-ի համարում, համաձայն Հայտնություն 22։17-ի, նրանց խորհուրդ էր տրվում քաջալերել «Հովնադաբ դասակարգին» իրենց հետ մասնակցելու այդ գործին։ Հովնադաբ դասակարգը, որի անդամները հույս ունեն հավիտյան ապրել երկրային դրախտում, դրականորեն արձագանքեցին, և նրանցից շատերը սկսեցին նախանձախնդրությամբ կատարել այդ գործը։
Այդ գործի կարևորությունը բազմիցս ընդգծվել է «Դիտարանի» հոդվածներում։ 1921-ին պարբերագրում գրվեց. «Տիրոջը ծառայելու գործին մասնակցելը նույնքան կարևոր է, որքան ժողովի հանդիպումներին հաճախելը»։ 1922-ին մի հոդվածում նշվեց. «Յուրաքանչյուր ոք պետք է քարոզի ավետարանը»։ Իսկ 1949-ին գրվեց հետևյալը. «Եհովան քարոզչությունը համարում է կարևորագույն գործը, որ մենք կարող ենք կատարել այս աշխարհում»։ Նաև հաճախ մեջբերվում էր 1 Կորնթացիներ 9։16-ում գրված Պողոսի հետևյալ խոսքերը. «Ինձ վրա պարտավորություն է դրված։ Եվ վա՛յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը»։ Այս սուրբգրային համարը վերաբերում է Եհովայի վկաներից յուրաքանչյուրին։
Քանի՞սն են քարոզում։ Ի՞նչ չափով։ Ինչո՞ւ
Արդյոք որևէ մեկին պարտադրո՞ւմ էին կատարել այդ գործը։ «Դիտարանի» 1919-ի օգոստոսի 1-ի համարը պատասխանում է. «Ո՛չ։ Ոչ ոքի չեն պարտադրում որևէ բան անել։ Դա բացառապես կամավոր ծառայություն է, որը կատարվում է՝ Տիրոջ ու նրա արդար գործի հանդեպ սիրուց մղված։ Եհովան երբեք ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն»։ «Դիտարանի» 1922-ի սեպտեմբերի 1-ի համարում ավելի մանրամասնորեն գրվեց, թե ինչն է մղում այդպիսի ծառայություն կատարելու. «Եթե անհատն իսկապես իր սրտում ունի երախտագիտության զգացում և գնահատում է այն ամենը, ինչ Աստված արել է իր համար, ապա նա կցանկանա փոխարենը ինչ-որ բան անել, և որքան խորանա նրա գնահատանքը Աստծու բարության հանդեպ, այնքան ավելի կմեծանա նրա սերը, և որքան մեծանա նրա սերը, այնքան ավելի մեծ կլինի Աստծուն ծառայելու ցանկությունը»։ Պարբերագրում նաև նշվում էր, որ Աստծու հանդեպ սերը դրսևորվում է նրա պատվիրանները պահելով և այդ պատվիրաններից մեկը Աստծու Թագավորության ուրախալի լուրը քարոզելն է (Ես. 61։1, 2; 1 Հովհ. 5։3)։
Նրանք, ովքեր սկսել են կատարել այս գործը, փառքի չեն ձգտել։ Նրանց պարզ ասվել է, որ երբ գնան տնից տուն կամ գրականություն առաջարկեն փողոցում, նրանց կհամարեն «հիմար, թույլ, աննշան» և «աշխարհի տեսանկյունից կարևորություն չունեցողներ», և որ նրանք «արհամարհված, հալածված» կլինեն։ Բայց նրանք գիտեին, որ Հիսուսին և նրա առաջին աշակերտներին նույն կերպ են վերաբերվել (Հովհ. 15։18–20; 1 Կորնթ. 1։18–31)։
Արդյոք Եհովայի վկաները մտածո՞ւմ են, որ քարոզելով նրանք կարող են արժանանալ փրկության։ Ամենևի՛ն։ Այդ հարցը քննարկվում էր «Միացած՝ միակ ճշմարիտ Աստծու պաշտամունքի մեջ» գրքում, որը լույս է տեսել 1983-ին և օգնել է ուսումնասիրողներին հասնելու քրիստոնեական հասունության։ Այնտեղ ասվում էր. «Հիսուսի զոհը նաև մեզ հնարավորություն է տվել հավիտենական կյանք ձեռք բերելու.... Դա վարձատրություն չէ, որը ստանում ենք մեր արածի դիմաց։ Որքան էլ շատ ծառայենք Եհովային, երբեք չենք կարող այնքան արժանիքներ ունենալ, որ Աստված պարտավոր լինի մեզ կյանք տալու։ Հավիտենական կյանքը «Աստծու տված պարգևն է.... մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ. 6։23; Եփես. 2։8–10)։ Բայց եթե հավատ ունենք այդ պարգևի հանդեպ և գնահատում ենք այն, թե Աստված ինչպես դա հնարավոր դարձրեց, ապա այդ ամենը ցույց կտանք մեր գործերով։ Եթե հասկանանք, թե Եհովան ինչպես է Հիսուսի միջոցով հիանալի կերպով իրականացնում իր նպատակները, և թե որքան կարևոր է, որ բոլորս սերտորեն հետևենք Հիսուսի հետքերին, ապա քրիստոնեական ծառայությունը ամենակարևոր բանը կլինի մեր կյանքում»։
Կարո՞ղ ենք ասել, որ բոլոր Եհովայի վկաները Աստծու Թագավորությունը հռչակողներ են։ Այո՛։ Եհովայի վկա լինելը հենց դա է նշանակում։ Ավելի քան կես դար առաջ որոշ անհատներ կարծում էին, թե հարկ չկա, որ իրենք մասնակցեն ծառայությանը՝ քարոզելով փողոցում կամ տնից տուն։ Բայց այսօր Եհովայի վկաներից ոչ մեկը չի մտածում, թե ժողովում կամ կազմակերպության մեջ ունեցած իր դիրքի պատճառով կարող է ազատվել քարոզելու պարտականությունից։ Ծառայությանը մասնակցում են բոլորը՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ երիտասարդները և թե՛ տարեցները։ Նրանք դա համարում են անգին առանձնաշնորհում և սուրբ ծառայություն։ Շատերը ծառայում են՝ չնայած իրենց լուրջ տկարություններին։ Իսկ նրանք, ովքեր ֆիզիկապես ի վիճակի չեն գնալ տնից տուն, մարդկանց անձամբ քարոզելու համար այլ մեթոդներ են փնտրում։
Անցյալում երբեմն նոր անհատներին չափազանց շուտ էին ներգրավում ծառայության մեջ։ Բայց վերջին տասնամյակների ընթացքում ավելի շատ է ընդգծվում, որ անհատը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների նախքան ծառայությանը մասնակցելը։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա չի նշանակում, որ նա պետք է կարողանա բացատրել Աստվածաշնչում գրված ամեն բան։ «Կազմակերպված կատարենք մեր ծառայությունը» գրքում նշվում է, որ անհատը պետք է իմանա Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և հավատ դրսևորի դրանց հանդեպ։ Բացի այդ, նա պետք է մաքուր կյանք վարի՝ ապրելով Աստվածաշնչի բարձր չափանիշներով։ Նաև պետք է անկեղծորեն ցանկանա լինել Եհովայի վկա։
Չի ակնկալվում, որ բոլոր Եհովայի վկաները նույն չափով կմասնակցեն քարոզչությանը։ Մարդկանց հանգամանքները տարբեր են։ Ծառայության վրա կարող է ազդել նաև տարիքը, առողջությունը, ընտանեկան պարտականությունները, գնահատանքի խորությունը։ Եհովայի ծառաները միշտ էլ գիտակցել են դա։ Այդ միտքն ընդգծվում էր «Դիտարանի» 1950թ. դեկտեմբերի 1-ի համարում։ Այնտեղ քննարկվում էր Հիսուսի սերմնացանի առակի «լավ հողը», որի մասին գրված է Ղուկաս 8։4–15-ում։ «Թագավորական ծառայության դպրոցի դասընթաց», որը պատրաստվել էր 1972թ. երեցների համար, քննարկվում էր «Եհովային ամբողջ հոգով» սիրելու պահանջը և նշվում էր, որ «կարևոր է ոչ թե այն, թե անհատը որքան է անում՝ համեմատած ուրիշների հետ, այլ թե արդյոք անում է այն, ինչ կարող է» (Մարկ. 14։6–8)։ Այնտեղ խրախուսվում էր ինքնաքննություն անել և նշվում էր, որ այդպիսի սեր դրսևորելու համար պետք է «Աստծուն ծառայելու գործին սիրով նվիրենք մեր ողջ անձը՝ բոլոր կարողությունները, հնարավորությունները և ցանկությունները՝ առանց բացառության»։ Մեր բոլոր ունակությունները, մեր ամբողջ հոգին պետք է ներդնենք Աստծու կամքը կատարելու գործի մեջ։ Այդ ձեռնարկում ընդգծվում էր, որ «Աստված պահանջում է, որ ոչ թե պարզապես մասնակցենք ծառայությանը, այլ ամբողջ հոգով ծառայենք իրեն» (Մարկ. 12։30)։
Ցավոք, անկատար մարդիկ հակում ունեն ծայրահեղությունների մեջ ընկնելու՝ ուշադրությունը կենտրոնացնելով մի բանի վրա և անտեսելով մեկ ուրիշը։ Ուստի դեռևս 1906-ին եղբայր Ռասելը անհրաժեշտ համարեց զգուշացնել, որ անձնազոհ լինել չի նշանակում զոհել ուրիշների շահերը։ Դա չի նշանակում, որ քարոզչական գործին մասնակցելու համար կարելի է հոգ չտանել կնոջ, երեխաների կամ տարեց ծնողների մասին։ Այդ ժամանակվանից ի վեր «Դիտարանի» թողարկումներում երբեմն այդպիսի հիշեցումներ են տրվել։
Աստծու Խոսքի օգնությամբ ողջ կազմակերպությունը աստիճանաբար ձգտել է ձեռք բերել հավասարակշռված տեսակետ, այն է՝ դրսևորել նախանձախնդրություն Աստծուն ծառայելու գործում և միևնույն ժամանակ աչքաթող չանել այն բոլոր բաները, որոնք պետք է անի ճշմարիտ քրիստոնյան։ Թեև «վարքագծի բարելավումը» հիմնված էր սխալ հասկացողության վրա, «Դիտարանում» նշվեց, որ չպետք է նսեմացվի ոգու պտղի և քրիստոնեավայել վարքի կարևորությունը։ 1942-ին «Դիտարանի» թողարկումներից մեկում հստակորեն նշվեց. «Ոմանք անխոհեմաբար եզրակացրել են, որ եթե իրենք մասնակցում են տնից տուն քարոզելու գործին, ապա կարող են, առանց պատժվելու, անել ցանկացած բան, որ ուզում են։ Սակայն այդպիսի անհատները պետք է հիշեն, որ վկայության տալը միակ բանը չէ, որ պահանջվում է» (1 Կորնթ. 9։27)։
Ճիշտ առաջնահերթություններ
Եհովայի վկաները հասկացել են, որ «նախ Թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրելու» համար անհրաժեշտ է ճիշտ առաջնահերթություններ դնել։ Դա նշանակում է, որ պետք է կարևոր տեղ հատկացնել Աստծու Խոսքի անձնական ուսումնասիրությանը և ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելուն ու թույլ չտալ, որ այլ գործեր դրանց տեղը զբաղեցնեն։ Դա նաև նշանակում է, որ անհատը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որոնք ցույց կտան, որ նա իսկապես ցանկանում է համապատասխանել Աստծու Թագավորության ներքո ապրելու պահանջներին, որոնք գրված են Աստվածաշնչում։ Ուստի ընտանեկան կյանքի, ժամանցի, կրթության, աշխատանքի, գործարքային հարցերի և հավատակիցների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ որոշումներ կայացնելիս հարկավոր է առաջնորդվել Աստվածաշնչի սկզբունքներով։
Նախ Թագավորությունը փնտրելը ավելին է, քան ամեն ամիս մարդկանց Աստծու նպատակների մասին պատմելու գործին որոշ չափով մասնակցելը։ Դա նշանակում է ողջ կյանքի ընթացքում Թագավորության շահերը առաջին տեղում դնել և պատշաճորեն կատարել սուրբգրային մյուս պարտականությունները։
Եհովայի նվիրված ծառաները Թագավորության շահերը առաջին տեղում են դնում նաև այլ կերպերով։
Բեթելում ծառայելու առանձնաշնորհումը
Ոմանք ծառայում են որպես Բեթելի համաշխարհային ընտանիքի անդամներ։ Նրանք լիաժամ ծառայողներ են և պատրաստակամություն են հայտնել կատարելու ցանկացած գործ, որը կապված է աստվածաշնչյան գրականությունը պատրաստելու և տպագրելու, գրասենյակային աշխատանքների, ինչպես նաև այլ օժանդակ ծառայությունների հետ։ Դա այնպիսի աշխատանք չէ, որի միջոցով նրանք կարող են բարձր դիրք կամ նյութական միջոցներ ձեռք բերել։ Նրանք ցանկանում են պատվել Եհովային և բավարարվում են այն ամենով, ինչ իրենց տրամադրվում է՝ սնունդ, կացարան և համեստ դրամական օժանդակություն անձնական ծախսերի համար։ Բեթելի ընտանիքի անդամների ապրելակերպը հաշվի առնելով՝ պետական իշխանությունները, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, համարում են նրանց կրոնական օրդենի անդամներ, որոնք աղքատության խոստում են տվել։ Բեթելում ծառայողները ուրախություն են ստանում, քանի որ իրենց կյանքը լիովին նվիրել են Եհովային ծառայելուն և այնպիսի աշխատանք են կատարում, որն օգուտներ է բերում մեծ թվով հավատակիցների և հետաքրքրվողների, երբեմն նույնիսկ նրանց, ովքեր ապրում են ուրիշ երկրներում։ Մյուս Եհովայի վկաների նման՝ նրանք նույնպես կանոնավորաբար մասնակցում են քարոզչությանը։
Առաջին Բեթելի ընտանիքը (կամ՝ «Աստվածաշնչի տան» ընտանիքը, ինչպես կոչվում էր այն ժամանակ) ծառայել է Ալեգեյնիում (Փենսիլվանիա)։ 1896-ին Բեթելի անդամների թիվը 12 էր։ Իսկ 1992-ին 99 երկրներում արդեն ավելի քան 12900 հոգի էր ծառայում որպես Բեթելի ընտանիքի անդամ։ Բացի այդ, Ընկերության բնակելի շենքերում բավականաչափ տեղ չլինելու դեպքում հարյուրավոր կամավորներ ամեն օր գալիս են աշխատելու Բեթելի մասնաշենքերում և տպարաններում։ Այդ ծառայողները առանձնաշնորհում են համարում այդպիսի գործի մասնակցելը։ Երբ կարիք է լինում, հազարավոր այլ Վկաներ պատրաստ են որոշակի ժամանակով թողնել իրենց աշխատանքը և մյուս գործերը, որպեսզի մասնակցեն այն շենքերի շինարարությանը, որոնք Ընկերությունը օգտագործում է Աստծու Թագավորության բարի լուրը ողջ աշխարհում քարոզելու նպատակով։
Բեթելի համաշխարհային ընտանիքի անդամներից շատերը այդ գործին նվիրել են իրենց ողջ կյանքը։ Ֆրեդերիկ Ու. Ֆրանցը, որը 1977-ին նշանակվեց որպես «Դիտարան ընկերության» չորրորդ նախագահ, մինչ այդ արդեն 57 տարի ծառայել էր Նյու Յորքի Բեթելում և դրանից հետո շարունակեց այդ ծառայությունը 15 տարի ևս մինչև իր մահը՝ 1992 թվականը։ Հենրիխ Դվենգերը Բեթելի ծառայությունը սկսել է 1911-ին Գերմանիայում, իսկ հետո խոնարհաբար ծառայել է այնտեղ, որտեղ իրեն նշանակել են։ 1983-ին՝ մինչև իր մահը, նա դեռ շարունակում էր ծառայել որպես Բեթելի ընտանիքի անդամ Շվեյցարիայի Թուն քաղաքում։ Ջորջ Ֆիլիպսը, որը Շոտլանդիայից էր, 1924-ին հրավիրվեց ծառայելու Հարավաֆրիկյան Միության (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն)մասնաճյուղում (այդ ժամանակ այդ մասնաճյուղը վերահսկում էր քարոզչական գործը Քեյպթաունից մինչև Քենիա)։ Եղբայր Ֆիլիպսը շարունակեց ծառայել այդ երկրում մինչև իր մահը՝ 1982 թվականը (այն ժամանակ այդ տարածքում գործում էին յոթ մասնաճյուղեր, և ակտիվորեն քարոզում էին մոտ 160000 Վկաներ)։ Շատ քրիստոնյա քույրեր, օրինակ՝ Քեթրին Բոգարդը, Գրեյս Դեչեկան, Իրմա Ֆրենդը, Ալիս Բերները և Մարի Հանանը, նույնպես Բեթելի ծառայությանն են նվիրել իրենց ողջ կյանքը մինչև մահ։ Բեթելի ընտանիքի ուրիշ շատ անդամներ նույնպես ծառայել են 10, 30, 50, 70 և ավելի տարիներg։
Անձնազոհ շրջագայող վերակացուներ
1992-ին ամբողջ աշխարհում կային մոտ 3900 շրջանային և մարզային վերակացուներ, որոնք իրենց կանանց հետ ծառայում էին այնտեղ, որտեղ կարիք կար (սովորաբար դա լինում էր իրենց երկիրը)։ Այդ ծառայությունը կատարողներից շատերը թողել են իրենց տները և ամեն շաբաթ կամ մի քանի շաբաթը մեկ տեղափոխվում են մի վայրից մյուսը՝ ծառայելով տարբեր ժողովների հետ։ Նրանք աշխատավարձ չեն ստանում, սակայն սիրով ընդունում են սնունդն ու կացարանը, որ իրենց տրամադրում են ժողովները։ Նրանք նաև ստանում համեստ դրամական օժանդակություն անձնական ծախսերի համար։ Միացյալ Նահանգներում 1992-ին ծառայում էին 499 շրջանային և մարզային վերակացուներ, որոնց միջին տարիքը 54 էր, և նրանցից ոմանք այդ ծառայության մեջ անցկացրել էին 30, 40 և նույնիսկ ավելի տարիներ։ Մի շարք երկրներում այս վերակացուները շրջագայում են ավտոմեքենայով։ Իսկ, օրինակ, Խաղաղօվկիանոսյան շրջանում գործող ժողովներ այցելելու համար հաճախ հարկ է լինում օգտվել ինքնաթիռներից և նավերից։ Շատ վայրերում շրջագայող վերակացուները հեռավոր ժողովներ են հասնում ձիով կամ ոտքով։
Ռահվիրաները կարևոր գործ են կատարում
Կառավարիչ մարմինը միջոցներ է ձեռնարկում, որ հատուկ ռահվիրաներ նշանակվեն ծառայելու այնպիսի տարածքներում, որտեղ Վկաներ չկան, կամ որտեղ հատուկ օգնության կարիք կա։ Այս լիաժամ քարոզիչները ամեն ամիս ամենաքիչը 140 ժամ են (1992-ի դրությամբ) տրամադրում ծառայությանը։ Նրանք պատրաստ են ծառայելու այնտեղ, որտեղ կարիք կա՝ լինի դա իրենց երկրում թե հարևան երկրներում։ Հիմնականում իրենց ծառայությամբ զբաղված լինելով՝ նրանք շատ քիչ ժամանակ են ունենում կամ ընդհանրապես ժամանակ չեն ունենում աշխատելու, որպեսզի հոգան իրենց նյութական կարիքները, ուստի համեստ դրամական օժանդակություն են ստանում կացարանի և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ 1992-ին աշխարհի տարբեր մասերում ծառայում էին ավելի քան 14500 հատուկ ռահվիրաներ։
Երբ 1937-ին առաջին հատուկ ռահվիրաները ուղարկվեցին տարբեր տարածքներ, նրանք սկսեցին աստվածաշնչյան ելույթների ձայնագրություններ հնչեցնել դռան շեմին և դրանց օգնությամբ աստվածաշնչյան թեմաներով զրույցներ վարել վերայցելությունների ժամանակ։ Այդ գործն արվում էր մեծ քաղաքներում, որտեղ արդեն ժողովներ կային։ Մի քանի տարի անց հատուկ ռահվիրաները սկսեցին ուղարկվել հատկապես այն տարածքներ, որտեղ ժողովներ չկային, կամ որտեղ ժողովները օգնության կարիք ունեին։ Նրանց եռանդուն ջանքերի շնորհիվ հարյուրավոր նոր ժողովներ են կազմավորվել։
Հատուկ ռահվիրաները մի տարածքում չէին քարոզում մեկ անգամ և հետո անցնում մեկ ուրիշին, այլ պարբերաբար քարոզում էին միևնույն տարածքում, այցելում էին հետաքրքրություն ցույց տված մարդկանց և Աստվածաշնչի ուսումնասիրություններ էին անցկացնում։ Նրանք հետաքրքրվող անհատների համար հանդիպումներ էին կազմակերպում։ Օրինակ՝ Լեսոթոյում (Հարավային Աֆրիկա) մի հատուկ ռահվիրա իր նշանակման առաջին շաբաթվա ընթացքում բոլոր մարդկանց հրավիրում էր գալ և տեսնել, թե ինչպես են Եհովայի վկաներն անցկացնում Աստվածապետական ծառայության դպրոցը։ Նա իր ընտանիքի հետ ներկայացրեց ողջ ծրագիրը։ Ապա բոլորին հրավիրեց «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Երբ սկզբնական հետաքրքրությունը բավարարվեց, «Դիտարանի» ուսումնասիրությանը շարունակում էին հաճախել 30 հոգի, իսկ Դպրոցին ներկա էր լինում միջին հաշվով 20 հոգի։ Այն երկրներում, որտեղ «Գաղաադ» դպրոցում սովորած միսիոներները սկսել էին բարի լուրի քարոզչությունը, հաճախ աճը ավելի արագ էր տեղի ունենում, երբ տեղի Վկաներն էին սկսում ծառայել որպես հատուկ ռահվիրա, քանի որ ավելի արդյունավետ էր լինում, երբ նրանք էին քարոզում տեղի բնակիչներին։
Այս եռանդուն քարոզիչներից բացի, հարյուր-հազարավոր ուրիշ Վկաներ նույնպես նախանձախնդրությամբ առաջ են տանում Թագավորության շահերը։ Նրանց մեջ կան երիտասարդներ ու տարեցներ, տղամարդիկ ու կանայք, ամուսնացած ու ամուրի անհատներ։ Շատերը ծառայում են որպես ընդհանուր ռահվիրա՝ քարոզչական ծառայությանը ամեն ամիս տրամադրելով ամենաքիչը 90 ժամ, իսկ շատերն էլ ծառայում են որպես ենթառահվիրա՝ այդ գործին տրամադրելով առնվազն 60 ժամ (տվյալները՝ 1992-ի դրությամբ)։ Նրանք անձամբ են որոշում, թե որտեղ քարոզեն։ Նրանց մեծ մասը ծառայում է արդեն կազմավորված ժողովներում, իսկ ոմանք տեղափոխվում են հեռավոր տարածքներ։ Այդ ծառայողները հոգում են իրենց նյութական կարիքները՝ որևիցե աշխատանք կատարելով, կամ նրանց օգնում են իրենց ընտանիքի անդամները։ 1992թ. ընթացքում ողջ տարին կամ տարվա մեջ մի քանի ամիս ավելի քան 914500 հոգի ծառայել է որպես ընդհանուր ռահվիրա կամ ենթառահվիրա։
Հատուկ նպատակների ծառայող դպրոցներ
Ծառայության որոշակի ձևերի համար կրթություն տալու նպատակով անցկացվում են հատուկ դպրոցներ։ Օրինակ՝ 1943-ից սկսած՝ «Գաղաադ» դպրոցը միսիոներական ծառայության համար պատրաստել է հազարավոր փորձառու քարոզիչների, որոնք դպրոցն ավարտելուց հետո ուղարկվել են աշխարհի տարբեր անկյուններ։ 1987-ին սկսեց գործել Ծառայության կատարելագործման դպրոցը, որն օգնել է բավարարել տարբեր կարիքներ, այդ թվում հոգ տանել ժողովների մասին և ստանձնել այլ պատասխանատվություններ։ Այս դպրոցն անցկացվում է տարբեր վայրերում, ինչի շնորհիվ հարկ չի լինում երկար ճանապարհ անցնել և այլ լեզու սովորել դպրոցին մասնակցելու նպատակով։ Այդ դասընթացին հրավիրվում են երեցներն ու ծառայող օգնականները, որոնք փաստել են, որ իսկապես նախ Թագավորությունն են փնտրում։ Շատերը պատրաստակամություն են հայտնել ծառայելու այլ երկրներում։ Նրանք դրսևորում են այն նույն ոգին, որն ուներ Եսայիա մարգարեն։ Նա ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։
1977-ից սկսեց գործել Ռահվիրայական ծառայության դպրոցը, որի նպատակն է օգնել այն քարոզիչներին, ովքեր արդեն ծառայում են որպես ընդհանուր և հատուկ ռահվիրաներ, որ ավելի արդյունավետ լինեն ծառայության մեջ։ Հնարավորության դեպքում այդ դպրոցն անցկացվում էր յուրաքանչյուր շրջանում։ Բոլոր ռահվիրաները հրավիրվում էին մասնակցելու այդ դասընթացին, որը տևում էր երկու շաբաթ։ Աստիճանաբար դպրոցին սկսեցին հրավիրել այն ռահվիրաներին, որոնք արդեն մեկ տարի գտնվում էին այդ ծառայության մեջ։ Մինչև 1992 թվականը միայն Միացյալ Նահանգներում 100000 հոգի սովորել էր այդ դպրոցում և ամեն տարի կրթություն էր ստանում մոտ 10000 ռահվիրա։ Ճապոնիայում դպրոցում սովորել էր 55000 հոգի, Մեքսիկայում՝ 38000, Բրազիլիայում՝ 25000 և Իտալիայում՝ 25000։ Բացի այդ, տարին երկու անգամ ռահվիրաները ներկա են լինում շրջանային վերակացուի այցելության ժամանակ անցկացվող հատուկ հանդիպմանը, նաև նրանց համար ամեն տարի շրջանային համաժողովի առիթով կազմակերպվում է հատուկ հանդիպում շրջանային և մարզային վերակացուների հետ։ Այս ամենի շնորհիվ Թագավորությունը հռչակող ռահվիրաների մեծ բանակը ոչ միայն պատրաստակամորեն է ծառայում, այլև հիանալի մարզում է ստանում այդ ծառայությունը կատարելու համար։
Ծառայում են այնտեղ, որտեղ կարիք կա
Հազարավոր Եհովայի վկաներ, որոնցից շատերը ծառայում են որպես ռահվիրա, ցանկություն են հայտնել քարոզելու ոչ միայն իրենց տարածքում, այլև այն վայրերում, որտեղ բարի լուրը հռչակողների մեծ կարիք կա։ Ամեն տարի հազարավորներ իրենց հնարավորության սահմաններում մի քանի շաբաթով կամ մի քանի ամսով գնում են ծառայելու իրենց բնակավայրից հեռու այն տարածքներում, որտեղ Վկաները կանոնավորաբար չեն քարոզում։ Իսկ հազարավոր այլ քարոզիչներ իրենց բնակավայրերից տեղափոխվում են ուրիշ տարածքներ, որպեսզի կարողանան երկար ժամանակով ծառայել այնտեղ։ Նրանցից շատերը ամուսնական զույգեր են կամ երեխաներ ունեցող ընտանիքներ։ Նրանք հաճախ տեղափոխվում են համեմատաբար ոչ հեռու տարածքներ, ոմանք էլ տարիների ընթացքում շատ անգամ տեղափոխվում են մի վայրից մյուսը։ Այս եռանդուն Վկաներից շատերը նույնիսկ մեկնում են ծառայելու օտար երկրներում, ոմանք մի քանի տարով, մյուսները՝ ընդմիշտ։ Իրենց կարիքները հոգալու համար նրանք տարբեր բնույթի աշխատանքներ են կատարում և տեղափոխության ծախսերը իրենք են հոգում։ Նրանց միակ նպատակն է իրենց հանգամանքների սահմաններում լիարժեքորեն քարոզել Թագավորության լուրը։
Երբեմն ընտանիքի գլուխը, որը Վկա չէ, աշխատանքի բերումով ընտանիքի հետ գուցե տեղափոխվի այլ տարածք։ Ընտանիքի Վկա անդամները կարող են դա համարել Թագավորության բարի լուրը տարածելու հնարավորություն։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներից երկու Վկաներ 1970-ականների վերջերին իրենց ընտանիքի հետ տեղափոխվեցին Սուրինամի ջունգլիներում գտնվող շինարարների մի բնակատեղի։ Շաբաթը երկու անգամ նրանք արթնանում էին առավոտյան ժամը 4։00-ին, գյուղ հասնելու համար հիմնարկության ավտոբուսով մեկ ժամ ճանապարհ էին անցնում խորդուբորդ արահետներով և քարոզում էին այնտեղ ամբողջ օրը։ Կարճ ժամանակ անց նրանք արդեն Աստվածաշունչ էին ուսումնասիրում ճշմարտությանը ծարավ 30 անհատների հետ։ Այսօր նախկինում չքարոզված այդ տարածքում ժողով է գործում։
Օգտագործում են վկայություն տալու ամեն հարմար առիթ
Ինչ խոսք, ոչ բոլոր Եհովայի վկաներն են ծառայությունն ընդլայնելու նպատակով տեղափոխվում այլ երկրներ, նույնիսկ այլ քաղաքներ։ Գուցե նրանց հանգամանքները թույլ չտան ռահվիրա ծառայելու։ Այնուամենայնիվ, նրանց բոլորին քաջ հայտնի են Աստվածաշնչի այս հորդորները՝ «ամեն ջանք ներդրեք», ինչպես նաև՝ «միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում» (2 Պետ. 1։5–8; 1 Կորնթ. 15։58)։ Վկաները ցույց են տալիս, որ նախ Թագավորությունն են փնտրում, երբ Թագավորության շահերը իրենց աշխատանքից և հանգստից ավելի կարևոր են համարում։ Նրանք, ովքեր երախտապարտ են Թագավորության համար, կանոնավորաբար մասնակցում են քարոզչական ծառայությանը այնքան, որքան թույլ են տալիս իրենց հանգամանքները, իսկ շատերն էլ փոփոխություններ են անում իրենց կյանքում, որպեսզի կարողանան ավելի շատ մասնակցել այդ գործին։ Նրանք նաև ջանում են օգտագործել յուրաքանչյուր հարմար առիթ մարդկանց Թագավորության մասին պատմելու համար։
Օրինակ՝ Ջոն Ֆուրգալան, որը շինանյութի խանութ ուներ Էկվադորի Գուայաքիլի քաղաքում, իր խանութում տեղ հատկացրեց աստվածաշնչյան գրականությունը ցուցադրելու համար։ Մինչ նրա օգնականը կբերեր հաճախորդի պատվերը, Ջոնը քարոզում էր հաճախորդին։
Նիգերիայում մի եռանդուն Վկա, որը էլեկտրականության հետ կապված ծառայությունների բիզնես ուներ, որոշեց վկայություն տալ այն անհատներին, ում հետ առնչվում էր աշխատանքի բերումով։ Քանի որ բիզնեսը իրենն էր, նա ինքն էր կազմում աշխատանքի գրաֆիկը։ Ամեն առավոտ գործը սկսելուց առաջ նա հավաքում էր իր երեխաներին, կնոջը, աշխատողներին և աշակերտներին ու նրանց հետ քննարկում էր այդ օրվա աստվածաշնչյան համարը, նաև դեպքեր «Եհովայի վկաների տարեգրքից»։ Ամեն տարվա սկզբում նա նաև իր հաճախորդներին տալիս էր «Դիտարան ընկերության» օրացույցի մեկ օրինակ և երկու պարբերագիր։ Արդյունքում նրա աշխատողներից ու հաճախորդներից մի քանիսը նույնպես դարձան Եհովայի երկրպագու։
Բազմաթիվ Եհովայի վկաներ նման ոգի են ցուցաբերում։ Անկախ այն բանից, թե նրանք ինչ են անում, միշտ բարի լուրը մարդկանց պատմելու հարմար առիթներ են փնտրում։
Լիաժամ քարոզիչների մեծ բանակ
Բարի լուրի քարոզչության նկատմամբ Եհովայի վկաների եռանդը տարիների ընթացքում չի մարել։ Թեև շատերը կտրուկ ասում են, որ իրենց չի հետաքրքրում այդ լուրը, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր երախտապարտ են, որ Վկաները օգնում են իրենց հասկանալու Աստվածաշունչը։ Եհովայի վկաները վճռել են շարունակել բարի լուրի քարոզչությունը, մինչև Եհովան ինքը հստակորեն ցույց կտա, որ այդ գործը իր ավարտին է հասել։
Եհովայի վկաների համաշխարհային եղբայրությունը չի թուլացրել իր եռանդը, այլ գնալով ավելի մեծ նախանձախնդրությամբ է կատարում քարոզչական գործը։ 1982-ին համաշխարհային գործի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհում քարոզչական ծառայությանը տրամադրվել է 384856662 ժամ։ Տասը տարի անց (1992-ին) քարոզչական գործին տրամադրվել էր 1024910434 ժամ։ Ինչի՞ շնորհիվ էր տեղի ունեցել այս մեծ աճը։
Ճիշտ է, Եհովայի վկաների թիվն ավելացել էր, սակայն քարոզչական ծառայությանը տրամադրած ժամերի քանակը անհամեմատ ավելի շատ էր ավելացել։ Այդ տարիների ընթացքում Վկաների թիվը աճել էր 80 տոկոսով, իսկ ռահվիրաների թիվը՝ 250 տոկոսով։ Ամեն ամիս ամբողջ աշխարհում միջին հաշվով յոթ Վկայից մեկը մասնակցել էր լիաժամ ծառայության որևէ ձևի։
Ովքե՞ր էին մասնակցում լիաժամ ծառայությանը։ Օրինակ՝ Կորեայի Հանրապետությունում քույրերից շատերը տնային տնտեսուհիներ են։ Ընտանեկան պարտականությունները թերևս ոչ բոլորին են թույլ տալիս կանոնավորաբար մասնակցել լիաժամ ծառայությանը, բայց շատերը կարողանում են ենթառահվիրա ծառայել երկարատև ձմեռային արձակուրդների ժամանակ։ 1990-ի հունվարին Կորեայի Հանրապետությունում Վկաների 53 տոկոսը մասնակցում էր լիաժամ ծառայության որևէ ձևի։
Վաղ տարիներին Ֆիլիպիններում ապրող Վկաների ռահվիրայական եռանդուն ոգու շնորհիվ էր, որ նրանք կարողացան Թագավորության բարի լուրը հասցնել այդ երկրի հարյուրավոր կղզիների բնակիչներին։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց նախանձախնդրությունը գնալով ավելի ակնհայտ է դարձել։ 1992-ին Ֆիլիպիններում ամեն ամիս միջին հաշվով 22205 հոգի ծառայում էր որպես ռահվիրա։ Նրանց թվում կային բազմաթիվ երիտասարդներ, ովքեր որոշել էին «հիշել իրենց Արարչին» և իրենց երիտասարդական կորովն օգտագործել նրան ծառայելու համար (Ժող. 12։1)։ Մի երիտասարդ տասը տարի ռահվիրա ծառայելուց հետո ասաց. «Ես սովորել եմ լինել համբերատար, ապրել պարզ կյանքով, ապավինել Եհովային և լինել խոնարհ։ Ճիշտ է, նաև դժվարություններ եմ կրել ու հիասթափություններ ապրել, բայց այդ բոլորը ոչինչ են՝ համեմատած ռահվիրայության բերած բազում օրհնությունների հետ»։
1989թ. ապրիլ և մայիս ամիսներին «Դիտարան» պարբերագրում տպագրվեցին հոդվածներ, որոնցում մերկացվում էր Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնը՝ ամբողջ աշխարհում գոյություն ունեցող իր բոլոր ձևերով։ Այդ հոդվածները հրատարակվեցին միաժամանակ 39 լեզուներով և լայնորեն տարածվեցին։ Ճապոնիայում, որտեղ հաճախ Վկաների ավելի քան 40 տոկոսը ծառայում էր որպես ռահվիրա, այդ տարի ապրիլին գրանցվեց ենթառահվիրաների նոր բարձրագույն թիվ՝ 41055, և նրանք բոլորը մասնակցեցին «Դիտարանի» այդ թողարկումների տարածման գործին։ Օսակա պրեֆեկտուրայի Տակացուկի քաղաքում գործող «Օցուկա» ժողովում 77 մկրտված քարոզիչներից 73-ը այդ ամիս մասնակցեց ռահվիրայական ծառայության որևէ ձևի։ Ճապոնիայի բոլոր քարոզիչներին կոչ էր արվել, որ ապրիլի 8-ին մասնակցեին այդ կարևոր տեղեկությունը տարածելու գործին, ուստի այդ օրը հարյուրավոր ժողովներ, ինչպես, օրինակ, Յոկոհամա քաղաքի Ուշիոդա ժողովը, հնարավորինս շատ մարդկանց քարոզելու համար ամբողջ օրը՝ առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 8-ը, վկայություն տվեցին փողոցում և տնից տուն։
Ինչպես ամենուրեք, այնպես էլ Մեքսիկայում Եհովայի վկաները աշխատում են, որպեսզի հոգան իրենց նյութական կարիքները։ Այդուհանդերձ 1992-ին այդ երկրում ամեն ամիս միջին հաշվով 50095 Վկա իր գործերն այնպես էր պլանավորում, որ կարողանար ծառայել որպես ռահվիրա՝ օգնելով ճշմարտությանը ծարավ մարդկանց իմանալու Աստծու Թագավորության մասին։ Որոշ դեպքերում ընտանիքի բոլոր անդամները համագործակցում էին միմյանց հետ, որպեսզի ընտանիքում բոլորը կամ գոնե մի քանիսը կարողանային ծառայել որպես ռահվիրա։ Նրանց ծառայությունն իսկապես արդյունավետ էր։ 1992-ին Մեքսիկայում Եհովայի վկաները կանոնավորաբար անցկացնում էին 502017 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ առանձին անհատների և ընտանիքների հետ։
Եհովայի վկաների ժողովներում ծառայող երեցները բազմաթիվ պարտականություններ ունեն։ Նիգերիայում, ինչպեսև շատ այլ երկրներում, երեցների մեծ մասն ունի ընտանիք։ Այդուհանդերձ, նրանցից ոմանք ոչ միայն պատրաստվում են ժողովի հանդիպումներին և հարկ եղած ձևով հովվում են հոտը, այլև ռահվիրա են ծառայում։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։ Կարևոր պայման է ժամանակի ճիշտ պլանավորումը, ինչպես նաև ընտանիքի անդամների աջակցությունը։
Ակնհայտ է, որ Եհովայի վկաներն ամբողջ աշխարհում լրջորեն են վերաբերվում Հիսուսի տված հորդորին՝ «շարունակել նախ թագավորությունը փնտրել» (Մատթ. 6։33)։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս, որ սրտանց սիրում են Եհովային և ընդունում են նրա գերիշխանությունը։ Սաղմոսերգու Դավթի նման՝ նրանք ասում են. «Պիտի մեծարեմ քեզ, ո՛վ իմ Աստված և Թագավոր, պիտի օրհնեմ քո անունը դարեդար, նույնիսկ հավիտյան» (Սաղ. 145։1)։
[ծանոթագրություններ]
a «Դիտարան», 1906, օգոստոսի 15, էջ 267–271։
b Տե՛ս «Դիտարան», 1967, փետրվարի 1, էջ 92–95։
c Տե՛ս «Դիտարան», 1973, դեկտեմբերի 15, էջ 760–765։
d Տե՛ս «Դիտարան», 1972, սեպտեմբերի 1, էջ 533–536։
e «Դիտարան», 1963, դեկտեմբերի 15, էջ 764–766։
f Տե՛ս «Դիտարան», 1969, դեկտեմբերի 1, էջ 729–732, 1988, սեպտեմբերի 15, էջ 31։
g Տե՛ս «Դիտարան» 1987, մայիսի 1, էջ 22–30; 1964, ապրիլի 1, էջ 212–215; 1956, դեկտեմբերի 1, էջ 712–719; 1970, օգոստոսի 15, էջ 507–510; 1960, հոկտեմբերի 1, էջ 601–605; 1968, հունիսի 15, էջ 378–381; 1968, ապրիլի 1, էջ 217–221; 1959, ապրիլի 1, էջ 220–223։
[մեջբերում 292-րդ էջի վրա]
Ավելի մեծ շեշտ է դրվում վկայություն տալու պատասխանատվության վրա
[մեջբերում 293-րդ էջի վրա]
Տնից տուն քարոզելու գործը նրանք համարում են անգին առանձնաշնորհում
[մեջբերում 294-րդ էջի վրա]
Հասկանում են, թե ինչ է նշանակում ծառայել ամբողջ հոգով
[մեջբերում 295-րդ էջի վրա]
Ի՞նչ է իրականում նշանակում «նախ թագավորությունը փնտրել»
[մեջբերում 301-րդ էջի վրա]
Եռանդուն Վկաները Թագավորության շահերը իրենց աշխատանքից և հանգստից ավելի կարևոր են համարում
[շրջանկա/նկար 288-րդ էջի վրա]
«Որտե՞ղ են ինը»
1928թ.-ին Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի բոլոր ներկաներին բաժանեցին «Որտե՞ղ են ինը» վերնագրով թերթիկը։ Թերթիկում քննարկվում էին Ղուկաս 17։11–19 համարները, որոնք Կլոդ Գուդմանի սրտում ցանկություն արթնացրին ծառայելու որպես գրքեր տարածող (այժմ՝ ռահվիրա) և հաստատակամորեն շարունակելու այդ ծառայությունը։
[շրջանակ/նկարներ 296-րդ, 297-րդ էջերի վրա]
Բեթելի ծառայությունը
1992թ.-ին 99 երկրներում ծառայում էին 12974 բեթելցիներ
[նկարներ]
Բեթելի ընտանիքի անդամների համար շատ կարևոր է անձնական ուսումնասիրությունը
Իսպանիա
Բեթելում օրը սկսվում է օրվա խոսքի քննարկումով
Ֆինլանդիա
Ինչպես բոլոր Եհովայի վկաները, Բեթելի ընտանիքի անդամները մասնակցում են քարոզչական գործին
Շվեյցարիա
Յուրաքանչյուր երկուշաբթի երեկոյան Բեթելի ընտանիքը ուսումնասիրում է «Դիտարան» պարբերագիրը
Իտալիա
Կատարվում են տարբեր աշխատանքներ, որոնք նպաստում են Աստծու Թագավորության քարոզչության գործին
Ֆրանսիա
Պապուա Նոր Գվինեա
Միացյալ Նահանգներ
Գերմանիա
Ֆիլիպիններ
Մեքսիկա
Մեծ Բրիտանիա
Նիգերիա
Նիդերլանդներ
Բրազիլիա
Ճապոնիա
Հարավաֆրիկյան Հանրապետություն
[շրջանակ/նկարներ 298-րդ էջի վրա]
Երկար տարիներ ծառայել են Բեթելում
Ֆ. Ու. Ֆրանց (Միացյալ Նահանգներ, 1920–1992)
Հենրիխ Դվենգեր, Գերմանիա (մոտ 15 տարի՝ 1911–1933-ի ընթացքում), Հունգարիա (1933–1935), Չեխոսլովակիա (1936–1939), այնուհետև Շվեյցարիա (1939–1983)
Ջորջ Ֆիլիպս, Հարավաֆրիկյան Հանրապետություն (1924–1966, 1976–1982)
Հարազատ քույրեր (Քեթրին Բոգարդ և Գրեյս Դեչեկա), որոնք Բեթելի ծառայության մեջ անցկացրել են ընդհանուր հաշվով 136 տարի (Միացյալ Նահանգներ)
[գծապատկեր 303-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ռահվիրաների թիվը աճում է
Ռահվիրաներ
Քարոզիչներ
Տոկոսային աճ՝ 1982թ.-ից սկսած
250%
200%
150%
100%
50%
1982 1984 1986 1988 1990 1992
[նկար 284-րդ էջի վրա]
Քույր Էրլին հեծանվով անցավ գրեթե ողջ Նոր Զելանդիան՝ քարոզելով Թագավորության բարի լուրը
[նկար 285-րդ էջի վրա]
Մելինդա Քիֆերը 76 տարի ծառայեց լիաժամ ամուրի ժամանակ, այնուհետև ամուսնու հետ, ապա ամուսնու մահից հետո
[նկարներ 286-րդ էջի վրա]
Առաջին ռահվիրաներից ոմանք մի վայրից մյուսը տեղափոխվելիս բնակվում էին հասարակ շարժական տնակներում
Կանադա
Հնդկաստան
[նկար 287-րդ էջի վրա]
Ֆրենկ Ռայսը (կանգնած՝ աջ կողմում), Քլեմ Դեյշանը (Ֆրենկի առջևում, իսկ Քլեմի կողքին իր կինն է՝ Ջինը) և մի քանի Վկաներ ու հետաքրքրվող անհատներ Ճավայից
[նկարներ 288-րդ էջի վրա]
Կլոդ Գուդմանը՝ որպես լիաժամ քարոզիչ, ծառայեց Հնդկաստանում և յոթ այլ երկրներում
[նկար 289-րդ էջի վրա]
Երբ Բեն Բրիքելն առողջ էր, իր բոլոր ուժերն օգտագործում էր Եհովային ծառայելու համար. հետագա տարիներին առողջական լուրջ խնդիրները պատճառ չեղան, որ նա դադարեցնի իր ծառայությունը
[նկար 290-րդ էջի վրա]
Քեթի Պալմը քարոզել է Չիլիի ամենատարբեր տարածքներում՝ խոշոր քաղաքների գործարար տարածքներում, հանքավայրային բնակատեղիներում ու ոչխարաբուծական ֆերմաներում
[նկար 291-րդ էջի վրա]
Մարտին և Գերտրուդ Փետցինգերների տրամադրվածությունը կարելի է արտահայտել հետևյալ բառերով. «Ամենակարևոր բանը, որ անում եմ, նախ Թագավորությունը փնտրելն է»։
[նկար 300-րդ էջի վրա]
Ռահվիրայական ծառայության դպրոցը հատուկ կրթություն է տվել տասնյակ հազարավոր եռանդուն քարոզիչների (նկարում՝ Ճապոնիան)