Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • pr մաս 6 էջ 22–25
  • Ինչո՞ւ այսքան շատ տառապանք ու անարդարություն կա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ այսքան շատ տառապանք ու անարդարություն կա
  • Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պարզաբանող օրինակ
  • Ի՞նչ պատահեց
  • Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ
  • Աստված շուտով կմիջամտի
  • Աստծո հանդուրժանքը մոտենում է ավարտին
    2001 Դիտարան
  • Տառապանքի վերջը մո՛տ է
    Տառապանքի վերջը մո՛տ է
  • Ըմբոստությունը ինչի՞ հանգեցրեց
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրել տառապանքը
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
Ավելին
Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
pr մաս 6 էջ 22–25

Մաս 6

Ինչո՞ւ այսքան շատ տառապանք ու անարդարություն կա

1, 2. Ինչպիսի՞ հարցեր են ծագում՝ տառապանքի հետ կապված։

1 Եթե Բարձրյալի նպատակն էր, որ կատարյալ մարդիկ հավիտյան ապրեին երկրի վրա դրախտային պայմաններում, և եթե այդ նպատակը չի փոխվել, ապա ինչո՞ւ այսօր երկիրը դրախտ չէ։ Ինչո՞ւ է դարեր շարունակ մարդկությունը տառապանք ու անարդարություն տեսնում։

2 Իսկապես, մարդկային պատմությունը լի է տառապանքով ու թշվառությամբ, որոնց պատճառը եղել են պատերազմները, իմպերիալիստական նվաճումները, շահագործումը, անարդարությունը, աղքատությունը, աղետները, հիվանդություններն ու մահը։ Ինչո՞ւ են բազմաթիվ անմեղ մարդիկ այդպես տառապում։ Եթե Աստված ամենակարող է, ապա ինչո՞ւ է թույլ տվել, որ հազարամյակներ շարունակ մարդիկ այդպիսի տառապանքներ կրեն։ Եթե Աստված այդքան հիանալի կերպով նախագծել է տիեզերքը և կարգ ու կանոն է հաստատել, ապա ինչո՞ւ է թույլ տալիս, որ երկիրը ապականվի ու այսպիսի քաոս տիրի։

Պարզաբանող օրինակ

3-5. ա) Օրինակով պարզաբանիր, թե ինչու է Աստված թույլ տվել, որ երկրի վրա անկարգություն տիրի։ բ) Ո՞ր տարբերակին է համապատասխանում երկրի վրա տիրող իրավիճակը։

3 Եկեք քննենք մի օրինակ՝ պարզաբանելու համար, թե ինչո՞ւ է կարգ ու կանոն հաստատող Աստված թույլ տալիս, որ երկրի վրա անկարգություն տիրի։ Ենթադրենք՝ շրջում եք անտառում և հանկարծ մի տուն եք տեսնում։ Ուշադիր զննելով՝ նկատում եք, որ այն վատ վիճակում է։ Պատուհանները կոտրված են, տանիքն ու փայտյա ծածկապատշգամբը լրջորեն վնասված են, դուռը կախված է մեկ ծխնուց, իսկ ջրատար համակարգը չի գործում։

4 Տունն այդպիսի վիճակում տեսնելով՝ արդյոք կեզրակացնե՞ք, որ այն նախագծող չի ունեցել։ Կմտածե՞ք, թե այն պատահականորեն է առաջացել։ Իսկ եթե ընդունեք, որ ինչ-որ մեկն իսկապես նախագծել և կառուցել է տունը, կմտածե՞ք արդյոք, որ նա այդքան էլ հմուտ ու հոգատար անձնավորություն չէ։

5 Ավելի ուշադիր զննելով տունը՝ կտեսնեք, որ սկզբում այն կառուցված է եղել հիանալի կերպով ու մեծ հոգատարությամբ։ Այժմ այն պարզապես խարխլված է և ասես շուտով փլուզվելու է։ Ինչի՞ մասին են վկայում անսարքություններն ու վնասվածքները։ Դրանք կարող են վկայել այն մասին, որ 1) տանտերը մահացել է, 2) նա հմուտ շինարար է, բայց այլևս հոգ չի տանում տան մասին, կամ 3) նա տունը ժամանակավորապես հանձնել է անփույթ վարձակալների։ Երկրի վրա տիրող իրավիճակը համապատասխանում է վերջին տարբերակին։

Ի՞նչ պատահեց

6, 7. Ի՞նչ եղավ Ադամին ու Եվային, երբ նրանք խախտեցին Աստծու օրենքը։

6 Աստվածաշնչի հենց առաջին էջերից իմանում ենք, որ տառապանքն ու մահը չէին մտնում Արարչի նպատակի մեջ։ Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, մահացան միայն այն պատճառով, որ չհնազանդվեցին նրան («Ծննդոց», գլուխ 2 և 3)։ Աստծուն չհնազանդվելով՝ նրանք այլևս չէին կատարում նրա կամքը և այլևս նրա հոգածության տակ չէին։ Ըստ էության՝ նրանք հեռացան Աստծուց՝ «կյանքի աղբյուրից» (Սաղմոս 36։9)։

7 Ինչպես որ մեքենայի աշխատանքն է դանդաղում էներգիայի աղբյուրից անջատվելուց հետո, և մեքենան կանգ է առնում, այնպես էլ Ադամն ու Եվան, մտային ու ֆիզիկական առումով կորցնելով իրենց կատարելությունը, աստիճանաբար ծերացան և ի վերջո մահացան։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Նրանք վերադարձան այնտեղ, որտեղից առաջացել էին. «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս»։ Աստված նախազգուշացրել էր, որ իր օրենքներին չհնազանդվելու հետևանքը լինելու էր մահը. «Անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։17; 3։19)։

8. Ի՞նչ ազդեցություն ունեցավ մեր նախածնողների մեղքը ողջ մարդկային ընտանիքի վրա։

8 Միայն մեր նախածնողները չէին, որ մահացան։ Նրանք մահը փոխանցեցին նաև իրենց ժառանգներին՝ բոլոր մարդկանց։ Ինչպե՞ս։ Գենետիկայի օրենքների համաձայն՝ երեխաները ժառանգում են ծնողներին բնորոշ հատկանիշները։ Այսպիսով՝ մեր նախածնողների բոլոր երեխաները ժառանգեցին անկատարությունն ու մահը։ Հռոմեացիներ 5։12-ում կարդում ենք. «Մեկ մարդու [Ադամի՝ մարդկության նախահոր] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին [ժառանգելով անկատարություն, այսինքն՝ մեղավոր հակումներ]»։ Եվ քանի որ մարդիկ միշտ տեսել են մեղք, անկատարություն և մահ, ոմանք համարում են, որ դրանք բնական են ու անխուսափելի։ Մինչդեռ առաջին մարդիկ ստեղծվել էին հավիտյան ապրելու կարողությամբ և ցանկությամբ։ Այդ է պատճառը, որ շատերը սարսափում են այն մտքից, թե իրենց կյանքը մի օր վերջ կգտնի։

Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ

9. Ինչո՞ւ է Աստված թույլ տվել, որ տառապանքը այսքան երկար ժամանակ գոյություն ունենա։

9 Ինչո՞ւ է Աստված թույլ տվել, որ մարդիկ այսքան երկար ժամանակ շարունակեն իրենց անկախ ընթացքը։ Ինչո՞ւ է նա թույլ տվել, որ տառապանքը գոյություն ունենա դարեր շարունակ։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մի շատ կարևոր վիճաբանական հարց էր բարձրացվել, այն է՝ ո՞վ իշխելու իրավունք ունի։ Արդյոք Աստվա՞ծ պետք է իշխի մարդկանց վրա, թե՞ նրանք կարող են հաջողությամբ իրենք իրենց կառավարել՝ առանց նրա օգնության։

10. Ինչպիսի՞ ունակությամբ են օժտված մարդիկ, և դա իր հետ ի՞նչ պատասխանատվություն է բերում։

10 Մարդիկ ստեղծվել են ազատ կամքով, այսինքն՝ ընտրություն անելու ունակությամբ։ Նրանք չեն ստեղծվել ռոբոտների նման, ոչ էլ կենդանիների նման, որոնք հիմնականում առաջնորդվում են բնազդով։ Ուստի մարդիկ կարող են որոշել, թե ում են ուզում ծառայել (2 Օրենք 30։19; 2 Կորնթացիներ 3։17)։ Աստծու Խոսքը հորդորում է. «Եղեք ինչպես ազատ մարդիկ, բայց ձեր ազատությունը մի՛ օգտագործեք որպես չարությունը ծածկելու միջոց, այլ ապրեք որպես Աստծու ծառաներ» (1 Պետրոս 2։16)։ Թեև մարդիկ ազատորեն ընտրություն անելու հիանալի պարգև ունեն, սակայն պետք է նաև գիտակցեն, որ քաղելու են իրենց կատարած ընտրության պտուղները։

11. Ո՞րն էր միակ միջոցը պարզելու, թե կարող էր արդյոք Աստծուց անկախ ուղին հաջող լինել։

11 Մեր նախածնողները սխալ ընտրություն կատարեցին։ Նրանք ընտրեցին Աստծուց անկախ լինելու ուղին։ Ճիշտ է, Աստված կարո՛ղ էր առաջին ապստամբ զույգին անմիջապես մահվան մատնել, երբ նրանք իրենց ազատությունը սխալ գործածեցին։ Սակայն այդպես չէր լուծվի այն վիճաբանական հարցը, թե արդյոք Աստված իրավունք ունի իշխելու մարդկանց վրա։ Առաջին մարդկային զույգը ցանկացավ Աստծուց անկախ լինել, ուստի հարց ծագեց՝ կարո՞ղ էր արդյոք այդ ուղին երջանիկ, հաջող կյանքի առաջնորդել։ Այդ հարցին պատասխանելու միակ միջոցն այն էր, որ մեր նախածնողներին ու նրանց ժառանգներին թույլ տրվեր ապրելու անկախ, քանի որ դա նրանց ընտրությունն էր։ Ժամանակը ցույց կտար, թե կարող էին արդյոք մարդիկ հաջողությամբ իրենք իրենց կառավարել՝ լինելով իրենց Արարչից անկախ։

12. Ի՞նչ ասաց Երեմիան մարդկային իշխանության վերաբերյալ, և ինչո՞ւ է դա ճշմարիտ։

12 Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Երեմիան, գիտեր, թե ինչ հետևանքներ կունենար Աստծուց անկախ ընթացքը։ Աստծու սուրբ ոգուց՝ գործուն ուժից մղված՝ նա գրեց. «Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին։ Ուղղի՛ր ինձ, ո՛վ Եհովա» (Երեմիա 10։23, 24)։ Նա գիտեր, որ մարդիկ Աստծու իմաստությամբ առաջնորդվելու կարիք ունեն։ Ինչո՞ւ։ Պարզապես այն պատճառով, որ Աստված մարդկանց այնպես չի ստեղծել, որ առանց իր առաջնորդության, կարողանան հաջողության հասնել։

13. Ի՞նչ է ցույց տվել մարդկային իշխանության հազարամյակների պատմությունը։

13 Մարդկային իշխանության հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ մարդն անկարող է հաջողությամբ ղեկավարել իր գործերը՝ լինելով Աստծուց անկախ։ Այդպիսի ընթացքը աղետալի հետևանքներ է ունեցել, ինչի համար մարդիկ կարող են մեղադրել միմիայն իրենց։ Աստվածաշունչը հստակորեն ասում է. «Նա [Աստված] Վեմ է, նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա։ Նրանք են, որ կործանարար գործեր արեցին, նրա զավակները չեն, իրենցն է արատը» (2 Օրենք 32։4, 5)։

Աստված շուտով կմիջամտի

14. Ինչո՞ւ Աստված այլևս չի սպասի ու կմիջամտի մարդկանց գործերին։

14 Աստված թույլ է տվել, որ մարդիկ դարեր շարունակ իշխեն իրենք իրենց վրա, ինչի շնորհիվ փաստվել է, որ դա հաջողություն չի բերում։ Ուստի այժմ նա կարող է միջամտել մարդկանց գործերին և վերջ դնել տառապանքին, վշտին, հիվանդությանն ու մահին։ Նա մարդկանց հնարավորություն է տվել մեծ նվաճումների հասնելու գիտության, արդյունաբերության, բժշկության և այլ բնագավառներում, ուստի այլևս կարիք չկա հարյուրամյակներ տրամադրել մարդկանց, որ փաստեն, թե կարող են խաղաղ, դրախտային աշխարհ ստեղծել՝ Արարչից անկախ։ Դա նրանց չի հաջողվել և երբեք չի հաջողվի։ Աստծուց անկախ ապրելակերպի հետևանքով ստեղծվել է չարությամբ, ատելությամբ ու մահով լի մի աշխարհ։

15. Աստվածաշնչի ո՞ր հորդորին պետք է ուշադրություն դարձնենք։

15 Թեև եղել են անկեղծ կառավարիչներ, որոնք ցանկացել են օգնել մարդկանց, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Այսօր ակնհայտ է, որ մարդկային իշխանությունը ձախողված է։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը հորդորում է. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա» (Սաղմոս 146։3)։

[նկար 25-րդ էջի վրա]

Նույնիսկ աշխարհի անկեղծ կառավարիչներին չի հաջողվել ստեղծել խաղաղ, դրախտային աշխարհ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը