Դաս 3
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
Ինչո՞ւ է Հիսուսը Աստծո «անդրանիկ» Որդին կոչվում (1)
Ինչո՞ւ է նա «Բանը» կոչվում (1)
Ինչո՞ւ Հիսուսը երկիր եկավ որպես մարդ (2—4)
Ինչո՞ւ էր նա հրաշքներ գործում (5)
Ի՞նչ է կատարելու Հիսուսը մոտ ապագայում (6)
1. Մինչև երկիր գալը Հիսուսն ապրում էր երկնքում որպես ոգեղեն անձնավորություն։ Նա Աստծո առաջին ստեղծագործությունն է։ Այդ պատճառով նա կոչվում է Աստծո «անդրանիկ» Որդի (Կողոսացիս 1։15; Յայտնութիւն 3։14)։ Հիսուսը միակ Որդին է, որին Աստված մենակ է ստեղծել։ Նախքան Հիսուսի իբրև մարդ գոյություն ունենալը, նա՝ որպես «ճարտարապետ», օգնել է Եհովային երկնքում և երկրի վրա մնացած բոլոր բաներն արարելիս (Առակաց 8։22–31; Կողոսացիս 1։16, 17)։ Հիսուսը նաև եղել է Աստծո գլխավոր պատգամավորը։ Այդ իսկ պատճառով է Հիսուսը «Բանը» (Խոսք) կոչվում (Յովհաննէս 1։1–3; Յայտնութիւն 19։13)։
2. Աստված իր Որդուն երկիր ուղարկեց՝ նրա կյանքը փոխադրելով Մարիամի արգանդը։ Այսպիսով՝ Հիսուսը մարդկային հայր չունեցավ։ Ահա՛ թե ինչու նա չժառանգեց որևէ մեղք կամ անկատարություն։ Հիսուսը Աստծո կողմից երկիր ուղարկվեց երեք պատճառով՝ 1) Աստծո մասին ճշմարտությունը մեզ սովորեցնելու համար (Յովհաննէս 18։37), 2) մինչև վերջ իր հավատարմությունը հաստատ պահելու համար, որպեսզի մենք հետևելու օրինակ ունենանք (Ա Պետրոս 2։21), և 3) իր կյանքը զոհաբերելով՝ մեզ մեղքից ու մահից ազատելու համար։ Իսկ ինչո՞ւ էր դա անհրաժեշտ (Մատթէոս 20։28)։
3. Աստծո պատվիրանին չհնազանդվելով՝ առաջին մարդ Ադամը գործեց այն, ինչը Աստվածաշունչը կոչում է «մեղք»։ Հետևաբար, Աստված նրան մահվան դատապարտեց (Ծննդոց 3։17–19)։ Նա այլևս Աստծո չափանիշներին չէր համապատասխանում, ուստի, այլևս կատարյալ չէր։ Աստիճանաբար նա ծերացավ ու մեռավ։ Ադամը փոխանցեց մեղքն իր բոլոր երեխաներին։ Այդ իսկ պատճառով էլ մենք ծերանում, հիվանդանում և մահանում ենք։ Ինչպե՞ս էր հնարավոր ազատել մարդկությունը (Հռովմայեցիս 3։23; 5։12)։
4. Հիսուսը Ադամի պես կատարյալ մարդ էր։ Սակայն այն տարբերությամբ, որ Հիսուսը լիովին հնազանդվեց Աստծուն նույնիսկ ամենածանր փորձության ժամանակ։ Հետևաբար, նա ի վիճակի էր իր կատարյալ մարդկային կյանքը զոհաբերելու՝ Ադամի մեղքի դիմաց վճարելու նպատակով։ Հենց դա էլ Աստվածաշունչն անվանում է «փրկանք»։ Այսպիսով՝ հնարավոր էր դառնում Ադամի երեխաներին մահվան դատավճռից ազատելը։ Բոլոր նրանք, ովքեր հավատ են ընծայում Հիսուսին, կարող են իրենց մեղքերի համար ներում և հավիտենական կյանք ստանալ (Ա Տիմոթէոս 2։5, 6; Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 5։18, 19)։
5. Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը հիվանդներին բժշկեց, քաղցածներին կերակրեց, փոթորիկը հանդարտեցրեց։ Նա նույնիսկ մեռածներին հարություն տվեց։ Ինչո՞ւ էր նա հրաշքներ գործում։ 1) Որովհետև խղճում էր տանջվող մարդկանց և ցանկանում էր օգնել նրանց։ 2) Այդ հրաշքները ապացուցում էին, որ նա Աստծո Որդին է։ 3) Դրանք ցույց էին տալիս, թե ինչեր պիտի նա անի հնազանդ մարդկության համար, երբ թագավորի երկրի վրա (Մատթէոս 14։14; Մարկոս 2։10–12; Յովհաննէս 5։28, 29)։
6. Հիսուսը մահացավ, և Աստված նրան հարություն տվեց որպես ոգեղեն էակի։ Այնուհետև նա վերադարձավ երկինք (Ա Պետրոս 3։18)։ Ավելի ուշ Աստված նրան Թագավոր նշանակեց։ Շուտով Հիսուսն ամբողջ չարությունը և տառապանքը երկրից կվերացնի (Սաղմոս 37։9–11; Առակաց 2։21, 22)։
[Նկարազարդում 7–րդ էջի վրա]
Հիսուսի ծառայության մեջ մտնում էին սովորեցնելը, հրաշքներ գործելը և նույնիսկ իր կյանքը մեզ համար զոհաբերելը